ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2023 թվականի N 1711-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1067-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին» N 1067-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 2-րդ կետում և որոշման 1-ին կետով հաստատված կարգի տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ՝ վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ` կոմիտե)» բառերով, իսկ «վարչություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «կոմիտե» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.
2) որոշման 1-ին կետով հաստատված կարգում՝
ա. կարգի 4-րդ կետը «սուբյեկտներին» բառից հետո լրացնել «(բացառությամբ համայնքների)» բառերով.
բ. կարգի ամբողջ տեքստում «պետական կառավարչական հիմնարկ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,
գ. կարգի 10-րդ կետը «գույքը» բառից հետո լրացնել «(բացառությամբ համայնքների)» բառերով,
դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Պետական գույքն առանց հանրօգուտ ծրագրի և գնահատման տրվում է նվիրաբերությամբ` նվիրաբերության սուբյեկտ համարվող համայնքներին, եթե այն՝
1) օգտագործվելու է տվյալ մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը համապատասխանող ծրագրի իրականացման համար.
2) ապահովելու է տեղական ինքնակառավարման մարմինների սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացումը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
05.10.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հոկտեմբերի 2023 թվական: