ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 փետրվարի 2000 թվականի |
թիվ 20 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՏԵՂԵԿԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի ներկայացրած «Միջազգային դրամավարկային համակարգի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդի միջանկյալ կոմիտեում քննարկված հիմնախնդիրների վերաբերյալ» տեղեկանքը (կցվում է):
2. Հաշվի առնելով տեղեկանքում ներկայացված խնդիրների կարևորությունը Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացման հարցում և դրանց կիրառելիության հնարավորությունը` հանձնարարել.
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության և ֆինանսական գործառնությունների դեպարտամենտներին` վեցամսյա ժամկետում պատրաստել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության համագործակցության սկզբունքների, պատասխանատվության շրջանակների, ինչպես նաև փոխհարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի նախագիծ.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության, ֆինանսական գործառնությունների, բանկային վերահսկողության դեպարտամենտներին և վերստուգիչ խմբին, վեցամսյա ժամկետում համագործակցելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, ուսումնասիրել և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի և Հաշվարկների միջազգային բանկի կողմից համատեղ մշակված «Դրամավարկային և ֆինանսական քաղաքականությունների հրապարակայնության լավ պրակտիկայի» սկզբունքների կիրառության վերաբերյալ դիրքորոշում կամ մոտեցումներ.
գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին ներկայացնել ֆինանսական մասի` Արժույթի միջազգային հիմնադրամի «Ընդհանուր տվյալների տարածման համակարգին» (GDDS) միանալու աշխատանքների վերաբերյալ տեղեկանք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Միջանկյալ կոմիտեի 1999 թվականի սեպտեմբերի 26-ի 53-րդ հանդիպման ժամանակ քննարկվել են հետևյալ հարցերը.
1. Համաշխարհային տնտեսության ապագա միտումները և նրա կայուն ու հավասարակշռված զարգացումն ապահովող քաղաքականությունները,
2. Միջազգային դրամավարկային և ֆինանսական համակարգերի ամրապնդման զարգացման ուղղությունները.
- ֆինանսական ճգնաժամերի կանխման և հետևանքների չեզոքացման գործում մասնավոր հատվածի ներգրավում,
- փոխարժեքի ռեժիմների ընտրություն,
- կապիտալի շարժերի ազատականացում,
- միջանկյալ կոմիտեի օրենսդրական դաշտի բարեփոխումներ և վերաձևակերպում:
3. 2000 թվականի համակարգչային խնդիրների լուծման համար ֆինանսավորման ծրագիր.
4. ESAF ծրագրի վերաձևակերպում.
5. Ֆոնդի վերահսկման և ծրագրերի իրականացման ամրապնդման զարգացման վերաբերյալ հաշվետվություն.
- սոցիալական հատվածի խնդիրների ինտեգրացում ֆոնդի կողմից օժանդակվող ծրագրերում,
- ստանդարտների և հրապարակայնության նախաձեռնություններ,
- ֆինանսական հատվածի ռեֆորմներ:
Համաշխարհային տնտեսության ապագա միտումները (օրակարգի 1-ին հարց)
Ներկայիս համաշխարհային տնտեսական և ֆինանսական համակարգերն ամբողջովին տարբերվում են 1980-ական թվականներից և ավելի վաղ ընկած ժամանակահատվածից: Նշված ժամանակահատվածում տեղ գտած փոփոխությունների մեջ, որպես նշանակալից և կարևոր, կարելի է առանձնացնել հետևյալ չորսը.
- վերջին 40 տարիների ընթացքում ինֆլյացիայի տեմպերի բավականին իջեցում և երկրների միջև ինֆլյացիայի տեմպերի դիսպերսիայի նվազեցում,
- ֆինանսական շուկաների արագ ինտեգրացման բարձր տեմպ,
- տնտեսական և ֆինանսական փոխկապվածության ուժեղացում և երկրների միջև քաղաքականությունների փոխանցման մեխանիզմի կոմպլեքսի ձևավորում,
- փոխարժեքի լողացող ռեժիմների լայն կիրառում:
Այժմ ներկայացնենք տնտեսական և ֆինանսական համակարգերի զարգացման առանձնահատկություններն ըստ առանձին երկրների` ուշադրություն դարձնելով հիմնականում անցումային շրջանում գտնվող երկրներին:
Անցումային տնտեսություններում վերջին ժամանակներս տեղի ունեցող ճգնաժամերն ավելի են մեծացրել տարբերությունները ուժեղ և թույլ անցումային տնտեսությունների միջև: Արտահանումը նվազել է ամբողջ տարածաշրջանում, հատկապես այն երկրներում, որոնց առևտրի հիմնական գործընկերն է Ռուսաստանը:
1997 -1998 թթ. ընթացքում Ռուսաստանում գրանցվել է տնտեսական աճ, որը, սակայն, թուլացել է 1998 թ. տնտեսական ճգնաժամի հետևանքով: Ռուսաստանում շարունակվող տնտեսական և քաղաքական անորոշությունը հանգեցրեց կապիտալի թռիչքի և օտարերկրյա ուղղակի ներդրումների անկման: Սակայն տնտեսական զարգացման ներկայիս միտումները ցույց են տալիս, որ տնտեսական անկումը կանխվել է, մասնավորապես, արդյունաբերական արտադրանքը աճել է` գերազանցելով նախորդ տարվա մակարդակը: Սա մասամբ պայմանավորված է ռուբլու արժեզրկման արդյունքում ներմուծման փոխարինիչների արտադրության աճով: Նավթի բարձր գներն ունեցել են դրական ազդեցություն ընթացիկ հաշվի դեֆիցիտի և բյուջեի եկամուտների վրա: Դրամավարկային քաղաքականությունը մնացել է կոշտ` դրամական էքսպանսիայի միջոցով բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման սահմանափակ պայմաններում: Որպես արդյունք` ինֆլյացիայի տեմպն իջեցվել է ամսական 3 և ավելի ցածր, համախառն օտարերկրյա ռեզերվներն աճել են, և ռուբլին ապրիլից սկսած կայուն է:
Հաշվի առնելով ներկա զարգացումները և իրականացվող կայունացման ծրագրերը` ԱՄՀ-ն 1999 թվականի համար ծրագրել է 0 տնտեսական աճ, իսկ 2000 թ.` 2 %: Կարևորվում է նաև ֆինանսական հատվածի բարեփոխումների հարցը` բացվել է բանկերի վերակառուցման գործակալությունը և անվավեր է ճանաչվել Մոսկվայի 18 մեծ բանկերից 6-ի լիցենզիան:
Ռուսաստանի ճգնաժամը հանգեցրեց հարևան երկրներում ծրագրված տնտեսական աճի տեմպերի փոփոխության իրականացման: Այդ տարածաշրջանի շատ երկրներում փոխարժեքն արժեզրկվեց, աճեց ինֆլյացիայի տեմպը, և ֆիսկալ դիրքը խախտվեց: Օրինակ` ՈՒկրաինայում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկվեցին հարկերի հավաքման կատարելագործման, պետական ծախսումների վերահսկման ուղղությամբ. շարունակվում էին կոշտ դրամավարկային քաղաքականությունը, որոշ, հատկապես բանկային համակարգում իրականացվող ռեֆորմները: Ի հակադրություն դրան, Բելառուսում, որտեղ տնտեսությունը հիմնականում մնում է պլանային, և ռեֆորմներ չեն իրականացվում, իրականացվել են վարկային էքսպանսիաներ` տնային տնտեսությունների և գյուղատնտեսության զարգացման համար: Փոխարժեքը շարունակում է ընկնել, իսկ ինֆլյացիայի տեմպը մնալ բարձր:
ԱՄՀ կառավարիչների խորհրդի կողմից կոմիտեին միջազգային դրամավարկային և ֆինանսական համակարգի ամրապնդման զարգացման մասին ներկայացված հաշվետվությունը (ներկայացված են միջազգային ֆինանսական համակարգի ամրապնդման զարգացման ուղղությունները` կապված օրակարգի 3-րդ և 6-րդ հարցերի հետ):
Այս հաշվետվությունը միջազգային ֆինանսական համակարգի ամրապնդման գործում ֆոնդի իրականացրած աշխատանքների ներկայացումն է, որը ներառում է հետևյալ խնդիրները.
- հրապարակայնություն, միջազգային ստանդարտներ և ֆոնդի վերահսկողություն,
- ֆինանսական համակարգի ամրապնդում,
- ճգնաժամերի կանխման և լուծման գործում մասնավոր հատվածի ներգրավում:
1. Հրապարակայնությունը, միջազգային ստանդարտները և ԱՄՀ վերահսկողությունը
- Շատ երկրների կառավարություններ (մոտ 45) հոդված 4-ի փորձագետների հաշվետվության հրապարակման ծրագրին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել: Միևնույն ժամանակ, անդամ երկրների 80%-ից ավելին այժմ համաձայն է հրապարակել իրականացվող ծրագրերի և հոդված 4-ի խորհրդատվությունների գծով կառավարիչների խորհրդի գնահատականների վերաբերյալ փաստաթղթերը:
- Երկրները միջազգային ստանդարտների զարգացման գործում բավականին առաջխաղացում ունեն: Հատուկ տվյալների հրապարակման ստանդարտների (SDDS) համակարգն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում և պետական, և մասնավոր հատվածներում: Բոլոր անդամակից երկրները պետք է կատարեն իրենց պարտականությունները SDDS-ի զարգացման և ամրապնդման գործում և հատկապես սկսեն իրագործել ռեզերվների ստանդարտների ընդունում և ամրապնդում: Հաջորդ քայլը արտաքին պարտքի տվյալների հավաքագրման կատարելագործումն է:
Բացի այդ, երկրները պետք է իրագործեն հարկաբյուջետային, դրամավարկային ու ֆինանսական քաղաքականության հրապարակայնության մասին կոդեքսը:
- Անդամ երկրների պետական մարմինները և միջազգային կազմակերպությունները պետք է ավելի խոր աշխատանքներ իրականացնեն մասնավոր հատվածում միջազգային ստանդարտների զարգացման, ընդունման և իրագործման ուղղությամբ:
- Փորձելով գնահատականներ տալ ԱՄՀ-ի վերահսկողական աշխատանքներին` խորհուրդը նշեց, որ կարիք է զգացվում ավելի խիստ ուշադրություն դարձնել կապիտալ հաշվի և ֆինանսական հատվածի խնդիրներին, փոխարժեքի ռեժիմների կայունությանը, պարտքի և ռեզերվների կառավարման պրակտիկային, խոցելիության վերլուծությանը, երկրի մակրոտնտեսական քաղաքականության միջազգային հայեցակետերին և երկրների միջև ցուցանիշների համեմատությանը:
- Շարունակվում են տվյալների հրապարակման ստանդարտների (SDDS) համակարգին անդամակցման թեկնածու չհանդիսացող երկրներին վերաբերող աշխատանքները: 1999 թ. իրականացվել են սեմինարներ բոլոր այն երկրների մասնակցությամբ, որոնք Ընդհանուր տվյալների հրապարակման համակարգին անդամակցության պոտենցիալ թեկնածուներ են: Այս համակարգը 2000 թ. պետք է մտնի աշխատանքային փուլ:
2. Ֆինանսական համակարգի ամրապնդմանն ուղղված քայլերը
- Ֆինանսական հատվածում ակտիվացել է ֆոնդ-բանկ համագործակցությունը, մասնավորապես անցկացվում են ֆինանսական հատվածի կապի կոմիտեի կանոնավոր հանդիպումներ: Ֆինանսական հատվածի կապի կոմիտեն հիմնվել է 1998 թվականին:
- Ֆոնդի և այլ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ պետական հաստատություններն ինտենսիվացրել են ֆինանսական համակարգերի գնահատման աշխատանքները: Միևնույն ժամանակ, Բազելյան հիմնական սկզբունքների շրջանակներում ձևավորվել է գնահատման նոր մեթոդոլոգիա:
- Ֆինանսական կայունության ֆորումն առաջին անգամ աշխատանքներն սկսեց 1999 թվականի ապրիլին և միջանկյալ կոմիտեին պետք է ներկայացնի ֆինանսական համակարգի զարգացման վերաբերյալ հաշվետվություն:
Կապիտալ հաշվի խնդիրները
Խորհուրդը նշում է, որ կապիտալ հաշվի ազատականացումը բերում է նշանակալից օգուտներ, սակայն միևնույն ժամանակ, այն մեծ ռիսկ է պարունակում և անհրաժեշտ է ուշադիր կառավարում: Կապիտալ հաշվի ազատականացման գործընթացը պետք է օժանդակվի համապատասխան մակրոտնտեսական քաղաքականությամբ, ներառյալ դրամավարկային և փոխարժեքի քաղաքականությունը և օրենսդրական ակտերով, որոնք կամրապնդեն ֆինանսական միջնորդների և ֆինանսական շուկայի այլ մասնակիցների կարողությունը` գնահատելու և կառավարելու ռիսկը, և որոնց նաև կօժանդակեն դրամավարկային և փոխարժեքի քաղաքականությունը:
Խորհուրդը քննարկեց նաև ապագայում կապիտալ սահմանափակումների ձևերը, կարևորեց ներհոսքի և արտահոսքի հսկողության տարանջատումը: Նշվեց նաև այն փաստը, որ ճգնաժամերի դեպքում կապիտալ արտահոսքի վրա հսկողության վերահաստատումը ավելի է վատթարացնում իրավիճակը: Իսկ ինչ վերաբերում է կապիտալի ներհոսքին, ապա ավելի կարևոր համարվեց այն տեսակետը, որ հսկողությունը պետք է օգնի ավելի երկարաժամկետ ներհոսքի ավելացմանը: Սակայն նշվեց, որ ամեն դեպքում հսկողությունը չի կարող փոխարինիչ լինել ավելի ռեալ քաղաքականության իրականացմանը: Խորհուրդը համաձայնեց, որ չկա միանշանակ մոտեցում միջազգային կապիտալ հոսքերից ապահովագրման համար:
ԱՄՀ վերահսկողությունը հիմնականում ուղղված է ֆինանսական համակարգի ամրապնդմանը, որպեսզի հնարավորություն տրվի կապիտալ հաշվի կանոնավոր և կայուն ազատականացմանը:
4. Ճգնաժամերի կանխման և լուծման գործում մասնավոր հատվածի ներգրավումը
Վերջին ժամանակներս բավականին առաջխաղացում կա երկրի ռիսկի ավելացման աղբյուրների բացահայտման և նախապաշտպանական միջոցների ու հետագա կիրառվող միջոցների գործում:
- Նախապաշտպանական միջոցները ֆինանսական ճգնաժամերի կանխման համար հիմնական գործոններն են: Այս բնագավառում աշխատանքն ընդգրկում է մի քանի հատվածներ` հիմնականում ուշադրություն է դարձվում որոշումների կայացման հրապարակայնության վրա, ստանդարտների ընդունման, պահպանման և ֆինանսական համակարգի ամրապնդման վրա:
- Նախապաշտպանական միջոցների կիրառումն ապահովում են ճգնաժամերից խուսափելու առաջին քայլը: Հետագայում կարևորվում են պարտատոմսերի հետ կապված խնդիրները: Կառավարիչները հիմնականում նշեցին, որ ռիսկից խուսափելու համար օգտակար է նոր պարտատոմսերի պայմանագրերում կոլեկտիվ ակտի ապահովում, օրինակ` միջազգային սուվերեն պարտատոմսերի թողարկում վստահության երաշխիքի առկայությամբ:
- Կարևոր է նաև մասնավոր հատվածի ներգրավման սկզբունքների մշակումը, մասնավորապես, ինչպես պետք է իրականացվեն պարտատոմսերի վերաձևակերպումները:
Ներկայացնենք ժամանակակից փորձը մասնավոր հատվածի ներգրավման առումով: Օրինակ` Ռումինիայում պետական մարմինների պարտատոմսերի տերերի հետ անհատական մոտեցում իրականացվեց ցանկալի վերաձևակերպումների համար: Իսկ ՈՒկրաինայում կառավարությունը վարկատու չորս մեծ խմբերի հետ բանակցություններ վարեց կարճաժամկետ պարտավորությունները երկարաժամկետ դարձնելու համար:
5. Համակարգային հարցեր
Փոխարժեքի ռեժիմներ
Հիմնականում նշվեց.
- Չկա փոխարժեքի մեկ ռեժիմ, որը համապատասխանի բոլոր երկրներին, և փոխարժեքի ռեժիմի ընտրությունն արտացոլում է և տնտեսական, և քաղաքական գործոնները:
- Երեք հիմնական արժույթների միջև (դոլար-եվրո-իեն) լողացող փոխարժեքի քաղաքականությունը հավանական է, որ պետք է շարունակվի ներքին կայունությանն ուղղված դրամավարկային քաղաքականության առկայությամբ:
- Փոխարժեքի ֆիքսված ռեժիմը գերադասելի է իրականացնել այն երկրներում, որոնք ունեն փոքր, բաց տնտեսություններ, նաև այն երկրներում, որոնք փորձում են նվազեցնել ինֆլյացիայի բարձ տեմպը:
- Միջին մեծության արդյունաբերական և զարգացող երկրներում կապիտալի հոսքերի առկայությունն ստիպում է երկրներին ընտրել լողացող փոխարժեքի քաղաքականություն կամ այլ կոշտ ռեժիմներ, օրինակ` արժույթի սահմանը:
- Փոխարժեքի լողացող ռեժիմը պետք է զուգորդվի դրամավարկային քաղաքականության հստակ նպատակով, օրինակ` ինֆլյացիայի նպատակով:
Առաջարկվել է միջանկյալ կոմիտեն վերանվանել Միջազգային դրամավարկային և ֆինանսական կոմիտե:
ԱՄՀ ծրագրերի զարգացումը
1999 թ. ապրիլին խորհուրդը կայուն տնտեսական քաղաքականություն իրականացնող երկրների համար ստեղծեց պայմանական վարկային գիծ` որպես նախապատրաստական պաշտպանություն միջազգային ֆինանսական տարբեր իրավիճակների ազդեցությամբ առաջացող վճարային հաշվի խնդիրներից խուսափելու համար: ԱՄՀ-ն սկսել է բանակցություններ վարել այն անդամ-երկրների հետ, որոնք հետաքրքրված են այդ ծրագրով: Սակայն 2000 թ. այս ծրագիրը վերանայվելու է:
ESAF մեխանիզմի փոփոխությունների վերաբերյալ կոմիտեին ներկայացված հաշվետվությունը (վերաբերում է 5-րդ և 6-րդ հարցերին)
Ուսումնասիրելով ESAF ծրագրի հետ կապված վերջին տարիներին ձեռք բերված փորձը, դրա արտաքին և ներքին գնահատումների իրականացումը` նախատեսվել է ESAF ծրագրի վերափոխում մի գործիքի, որն ավելի լավ կօժանդակի արագացնելու կայուն աճը, վերջինս էլ իր հերթին կնպաստի կենսապայմանների լավացմանը և աղքատության նվազեցմանը: Քանի որ ներկայումս միջազգային հանրության կողմից աղքատության իջեցումը համարվում է տնտեսական քաղաքականության հիմնական նպատակ, հետևաբար, այսպիսի պայմաններում ճիշտ ժամանակին էր ծրագրի վերանայումը: Վարկային այս ծրագիրն իրականացնող երկրների կառավարությունները պետք է հստակ ունենան սոցիալական ծրագրեր:
Միևնույն ժամանակ, շատ դոնոր կազմակերպություններ, փոխելով իրենց օգնության ծրագրերի նպատակները, արտահայտում են այս նոր մոտեցումը: Հետևյալ փոփոխությունն է ընկած նաև ծանր պարտքի բեռ ունեցող երկրներում իրականացվող նախաձեռնության (HIPC Initiative) նպատակների վերանայման հիմքում:
ESAF ծրագրի սահմանման մեջ, փաստորեն, կատարվելու է ընդլայնում, ներկայումս այս ծրագիրը կոչվում է «& վճարային հաշվեկշռի դիրքի նկատելի և կայուն լավացում ու տնտեսական աճի տեմպերի արագացում»: Սակայն նոր տարբերակում այն պետք է կարդալ «& վճարային հաշվեկշռի դիրքի նկատելի և կայուն լավացում ու կայուն աճի արագացման միջոցով կենսապայմանների բարելավման և աղքատության նվազեցում»:
Ենթադրվում է նաև փոփոխել ծրագրի անվանումը: ESAF-ը կվերափոխվի GPRF-ի, այսինքն` աճի և աղքատության նվազեցման ծրագիր:
Այսպիսով` 2000 թ. արդեն բանակցություններ են վարվելու ոչ թե ESAF-ի, այլ GPRF-ի գծով:
Պարտքի ծանր բեռով աղքատ երկրների նախաձեռնության (HIPC Initiative) զարգացման ուղղությունների վերաբերյալ հաշվետվություն (վերաբերում է օրակարգի 5-րդ հարցին)
Միջանկյալ կոմիտեն ողջունեց ծանր պարտքի բեռ ունեցող աղքատ երկրներում նախաձեռնության (HIPC Initiative) զարգացումը և այդ նախաձեռնության գծով իրականացված վերանայումները: Կոմիտեն խնդրեց բանկին և ֆոնդին որոշակի քայլեր ձեռնարկել ներկա կառուցվածքը ամրապնդելու և մի քանի նոր սկզբունքներ հաստատելու համար: Բանկի խորհրդի և ֆոնդի միջև խորհրդակցությունների արդյունքում նախաձեռնությունն ընդլայնվեց ավելի արագ, ավելի խոր և ավելի մեծ ծավալներով նվազեցումներ իրականացնելու, ինչպես նաև արտաքին պարտքի նվազեցման և աղքատության մակարդակի իջեցման միջև կապը խստացնելու միջոցով:
Պարտքի ավելի խոր վերաձևակերպումը ենթադրում է`
- Պարտքի ԶՆԱ-ի և արտահանման հարաբերությունը սահմանված 200-250%-ից իջեցնել 150%-ի
- Պարտքի ԶՆԱ և բյուջեի եկամուտներ հարաբերությունը 280-ից իջեցնել 250-ի:
Պարտքի ավելի արագ վերաձևակերպումը ենթադրում է`
- իրականացնել միջանկյալ նվազեցումներ,
- կիրառել լողացող ավարտման ժամկետ:
Պարտքի վերաձևակերպման ընդլայնումը ենթադրում է երկրների քանակի ավելացում, մասնավորապես 26-ից այդ երկրների թիվը հասնելու է 36-ի:
Կոմիտեի հաշվետվությունը դրամավարկային և ֆինանսական քաղաքականությունների հրապարակայնության լավ պրակտիկայի վերաբերյալ օրենքի մասին (վերաբերում է օրակարգի 6-րդ հարցին)
Դրամավարկային և ֆինանսական համակարգերի կառուցվածքների ամրապնդման համար ԱՄՀ-ին առաջարկվեց զարգացնել և ամբողջականացնել դրամավարկային և ֆինանսական քաղաքականությունների հրապարակայնության մասին կոդեքսը: ԱՄՀ-ն համագործակցելով Միջազգային հաշվարկների բանկի և կենտրոնական բանկերի ներկայացուցիչների խմբի հետ` զարգացրել է դրամավարկային և ֆինանսական քաղաքականության հրապարակայնության լավ պրակտիկայի վերաբերյալ կոդեքսը: Նշված կոդեքսը կցված է փաստաթղթին: Համապատասխանաբար ընդունվել և կոմիտեի կողմից 1998 թվականի ապրիլին հաստատվել է հարկաբյուջետային քաղաքականության հրապարակայնության մասին կոդեքսը:
Վերոնշյալ կոդեքսը հատկանշում է կենտրոնական բանկերի հրապարակայնության անհրաժեշտությունը` դրամավարկային և ֆինանսական քաղաքականության իրականացման առումով:
Հրապարակայնությունը հնարավորություն է տալիս դրամավարկային և ֆինանսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը: Այսինքն` քաղաքականությունների նպատակները և գործիքները, դրանց վերաբերյալ թվային տվյալները, դրանց իրագործման տարբերակները պետք է հայտնի լինեն լայն հասարակությանը: Այսպիսով` հրապարակայնության մասին կոդեքսը կարևորում է.
- կենտրոնական բանկերի և ֆինանսական գործակալների դերի, պատասխանատվության և նպատակների հստակ սահմանում,
- կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության և ֆինանսական գործակալների կողմից ֆինանսական քաղաքականության որոշումների ձևավորման և հաշվետվության գործընթաց,
- դրամավարկային և ֆինանսական քաղաքականության վերաբերյալ հասարակությանը տեղեկատվության հասանելիություն:
Ֆոնդի և բանկի միջև համագործակցության սկզբունքները և հիմնախնդիրները
Ֆոնդի և բանկի միջև համագործակցության վերաբերյալ տեղեկանքը գործում է սկսած 1966 թվականից: Մինչև այժմ այն վերանայվել և անցել է կատարելագործման փուլեր: Ներկա համագործակցության մասին տեղեկանքը ներառում է բանկի և ֆոնդի գործունեության հիմնական սկզբունքները: Մասնավորապես ասվում է. «Բանկը պատասխանատու է զարգացման ծրագրերի կառուցվածքի և համապատասխանելիության, իրականացվող ծրագրերի գնահատման համար»: Իսկ ֆոնդը պատասխանատու է «..փոխարժեքի քաղաքականության, վճարային հաշվեկշռի կարճաժամկետ անհավասարակշռության կարգավորման, իրականացվող կայունացման քաղաքականությունների մշակման և ընթացքի գնահատման համար»: Տեղեկանքում նշվում է, որ բացի այս հստակ տարանջատված պատասխանատվությունից, գոյություն ունեն նաև մի շարք խնդիրներ, որոնք երկու հաստատությունների ուշադրության կենտրոնում են: Մասնավորապես այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են` ֆինանսական հաստատությունների կառուցվածքը և գործունեությունը, փողի և կապիտալի շուկաների համապատասխանելիությունը, անդամ-երկրների ներքին խնայողություններ ստեղծելու փաստացի և պոտենցիալ կարողությունները, տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը, արտաքին պարտքի ծավալները և այլն:
Ընդհանրացնելով տվյալ փաստաթղթում գրվածը` կարելի է ասել, որ ֆոնդի նպատակներն են` աճին նպաստող տնտեսական պայմանների ստեղծում, գների կայունություն և վճարային հաշվեկշռի կայունություն, անդամ-երկրներում այս ծրագրերի իրականացման վերահսկում (ինչպես սահմանված է հոդված 4-ում): Ֆոնդը իրականացնում է վճարային հաշվեկշռի կարճաժամկետ խնդիրների լուծման համար ֆինանսավորում: Այսպիսով` ֆոնդը կենտրոնացած է մակրոտնտեսական քաղաքականության և դրան վերաբերող գործիքների, ներառյալ պետական հատվածի ծախսումների և եկամուտների, աշխատավարձի և գների քաղաքականության, դրամավարկային, տոկոսադրույքների և փոխարժեքի քաղաքականության վրա:
Իսկ բանկի նպատակն է` օժանդակել տնտեսական աճը և բարենպաստ պայմաններ ստեղծել ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման համար, որն իրականացվում է ներդրումների վարկավորման միջոցով, հատվածային և կառուցվածքային կարգավորման վարկերի միջոցով: Այսպիսով` բանկը հիմնականում կենտրոնացած է ստրատեգիաների զարգացման, հատվածների և ծրագրերի ֆինանսավորման, կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի, պետական և մասնավոր հատվածներում ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման քաղաքականության, արտադրության, առևտրի և ֆինանսական հատվածներում ղեկավարման համակարգերի, պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման գործընթացի վրա:
Պատասխանատվության վերոնշյալ տիպի բաշխում գոյություն ունեն նաև երկրների ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի միջև:
Համաշխարհային տնտեսության ապագա միտումների առումով եզրակացության մեջ միջանկյալ կոմիտեի անդամները նշեցին հետևյալ հարցերը.
1. Շուկայական տնտեսություններում` ավելի հավասարակշիռ տնտեսական աճի ուղղությամբ քայլերի ձեռնարկում.
2. Անցումային շրջանում գտնվող տնտեսություններում.
- լավագույնը ինչպես կարող են տնտեսական քաղաքականությունները օժանդակել ասիական ճգնաժամից տուժած երկրներին:
- ինչպես է կոմիտեն գնահատում Լատինական Ամերիկայում տնտեսության վերականգնման ծրագիրը և ֆինանսական շուկայի կատարելագործման գործընթացը սկսած հունվարից,
- ինչպես է գնահատում կոմիտեն Ռուսաստանում իրականացվող քաղաքականությունը և ներկայիս իրավիճակը,
- Միջին Ասիայի և Աֆրիկայի նավթային և ոչ նավթային ապրանքների գների վերականգնումն ինչպիսի ազդեցություն ունեցավ տնտեսական իրավիճակի կատարելագործման վրա,
3. Ինֆլյացիայի ցածր տեմպի քաղաքականություն.
- ինչն է կոմիտեն համարում շարունակական մակրոտնտեսական անկայուն իրավիճակների պատճառ ինֆլյացիայի ցածր տեմպի պայմաններում: Կարող է արդյոք ցածր ինֆլյացիան ուժեղացնելով ակտիվների գների տատանումները` ավելացնել տնտեսությունում անկայուն իրավիճակների առաջացման ռիսկը: