ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 1996 թվականի թիվ 126
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվությունների հիմնական սկզբունքների մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 52-րդ հոդվածներն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվությունների հիմնական սկզբունքները (կցվում են):
քաղ. Երևան |
Հաստատված է |
Հ Ի Մ Ն Ա Կ Ա Ն Ս Կ Զ Բ ՈՒ Ն Ք Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եռամսյակային հաշվետվությունների
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականության ընթացքում հրապարակայնությունն ապահովելու, սղաճի նկատմամբ տնտեսավարող սուբյեկտների սպասումներն ավելի կանխատեսելի դարձնելու, դրամական զանգվածի, դրամաշրջանառության, արժութային և վարկային քաղաքականության, ինչպես նաև կառավարության և բանկային համակարգի փոխհարաբերությունների ու ֆինանսական շուկաներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնությունների ծավալներն ու գործադրվող լծակները հասարակության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով պարբերաբար հրապարակվում է եռամսյակային հաշվետվություն` համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 52-րդ հոդվածների պահանջների:
ՀՀ կենտրոնական բանկի եռամսյա հաշվետվությունը կազմվում և ներկայացվում է խորհրդի քննարկմանը եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:
ՀՀ կենտրոնական բանկի եռամսյա հաշվետվությունում տնտեսական, ֆինանսական և բանկային համակարգերի վերաբերյալ վերլուծություններն ամփոփող ժամանակային ամբողջական շարքերը և դրանց դինամիկան համապատասխանեցվում է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությանը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եռամսյա հաշվետվության բովանդակությունն է.
1. Տնտեսական իրավիճակը
Տնտեսական իրավիճակի վերլուծությունը` կապված դրամավարկային քաղաքականության հիմնական ցուցանիշների հետ: Այս բաժնի վերլուծության նպատակը ներքին և արտաքին հաշվեկշռվածության գնահատումն է և առաջացած անհամամասնությունների ի հայտ բերումը: Նշված բաժինն ընդգրկում է նաև մակրոտնտեսական, ֆինանսական և դրամավարկային քաղաքականության նախանշված տարեկան ծրագրի նկատմամբ շեղումները և դրանց վրա ազդող մոնետար և ոչ մոնետար գործոնների գնահատումը, հաջորդ եռամսյակի ընթացքում դրանց բնույթը և կանխատեսումային գնահատականները: Նշված վերլուծությունն ընդգրկում է.
տնտեսության ներքին, արտաքին իրավիճակը բնութագրող համապատասխան մակրոտնտեսական ցուցանիշների, սղաճի և փոխարժեքների դինամիկաների հետ փոխկապակցված հետազոտությունները.
ռեալ սեկտորի և նրա առանձին հատվածների զարգացման միտումները.
փոխհարաբերությունները պետական բյուջեի հետ, կառավարությանը տրամադրված վարկերի դինամիկան, բյուջեի եկամուտների և ծախսերի կառուցվածքը, բյուջեի դեֆիցիտի դինամիկան և ֆինանսավորման աղբյուրները.
վճարային հաշվեկշռի ընթացիկ և կապիտալ հաշիվների վերլուծությունը և արտաքին պարտքի սպասարկումը.
սղաճի գնահատականը` կապված ռեալ սեկտորում տեղի ունեցած տեղաշարժերի հետ:
2. Դրամավարկային քաղաքականությունը
Դրամավարկային քաղաքականության վերլուծությունը և կանխատեսումային գնահատականները: Այս բաժնի հիմնական նպատակն է ծրագրավորված սղաճի մակարդակին համապատասխան կենտրոնական բանկի կողմից դրամական զանգվածի, դրամական բազայի և գործառնական այլ ցուցանիշների ու ֆինանսական շուկայում գործառնությունների ծավալների ու տոկոսադրույքների կարգավորման միջոցով ձեռք բերված արդյունքների վերլուծությունը և կարճաժամկետ կանխատեսումը հաջորդ եռամսյակի համար, որոնք ընդգրկում են հետևյալ հիմնահարցերը.
ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամի առաջարկը պայմանավորող գործոնները, դրամական զանգվածի ձևավորման վրա ազդող գործոնները, կառուցվածքը և կառավարումը, դրամական զանգվածի աճի ներքին և վերին առավելագույն սահմանաչափերը.
դրամական բազայի դինամիկան և կանխատեսվող փոփոխությունները.
ՀՀ կենտրոնական բանկի և բանկային համակարգի զուտ ներքին և արտաքին ակտիվների կառուցվածքը և դինամիկան.
արտաքին տնտեսական հարաբերություններից բխող փոխարժեքների և պահուստային քաղաքականության արդյունքները.
վճարային հաշվեկշռի ուսումնասիրման արդյունքների հիման վրա ՀՀ դրամի փոխարժեքի մակարդակի փոփոխությունների կանխատեսումը:
3. Դրամավարկային քաղաքականության իրագործման լծակները և ֆինանսական շուկայի կարգավորումը
ՀՀ կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման վարկերի (սակարկություններով վարկերի, լոմբարդային վարկերի և այլն) ծավալները և դինամիկան, տոկոսադրույքային քաղաքականությունը.
արժեթղթերի, միջբանկային արժութային, վարկային շուկաների վերլուծությունը, գործառնությունների ծավալները և դինամիկան:
4. Բանկային համակարգի կարգավորումը և զարգացումը
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի թվաքանակը.
բանկերի հիմնական տնտեսական ցուցանիշների (կապիտալ, ակտիվներ, պարտավորություններ, իրացվելիություն, շահույթ, պահուստաֆոնդի ձևավորում, ակտիվների ռիսկայնություն և այլն) դինամիկան.
բանկերի վերահսկողությունը, կարգավորման նորմատիվները և մեխանիզմները.
3-րդ և 4-րդ բաժինների նպատակն է բանկերի, ֆինանսական շուկայի և տնտեսության իրացվելիության կարգավորման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի գործառնությունների ծավալների, գործադրվող գործիքների և իրականացված միջոցառումների արդյունքների գնահատումը և վերլուծությունը, հաջորդ եռամսյակում նախանշվող միջոցառումները և կանխատեսումային գնահատականները:
5. Վճարահաշվարկային հարաբերությունների զարգացումը
Ընդգրկվում են վճարումների համակարգի զարգացման, վճարահաշվարկային հարաբերությունների կանոնակարգման և հաշվարկային նոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ վերլուծությունները:
6. Ֆինանսական հաշվետվությունը
Կազմվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1995 թվականի դեկտեմբերի 25-ի «ՀՀ կենտրոնական բանկում հաշվապահական հաշվառման սկզբունքների մասին» թիվ 220 որոշման համաձայն և ընդգրկում է.
6.1. ՀՀ կենտրոնական բանկի հաշվեկշիռը.
6.2. Հաշվեկշռին կից հավելվածները, որտեղ արտացոլվում են հաշվեկշռի առանձին հոդվածների վերաբերյալ պարզաբանումները.
7. Որոշումները, որոնք եռամսյակի ընթացքում ընդունվել են ՀՀ կենտրոնական բանկի վարչության կողմից:
8. Հավելվածը, ուր արտացոլվում են եռամսյա հաշվետվությունում բերված վերլուծություններն ամփոփող աղյուսակները, ինչպես նաև թվային վերլուծությունների վերաբերյալ էկոնոմետրիկական մոդելների և մոտեցումների պարզաբանումները.
8.1. Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները.
8.2. ՀՀ բանկային համակարգի ամփոփ հաշվեկշիռը և հիմնական ցուցանիշերը
8.3. Դրամավարկային քաղաքականությունը բնութագրող հիմնական ցուցանիշների տոկոսային փոփոխությունները.
8.4. Հանրապետական բյուջեի եկամուտները և ծախսերը.
8.5. Գների մակարդակը բնութագրող ցուցանիշների դինամիկան.
8.6. ՀՀ կենտրոնական բանկի վարկային սակարկությունների դինամիկան.
8.7. Թողարկված պետական պարտատոմսերի շրջանառության պայմաններն ու ժամկետները.
8.8. Ֆինանսական շուկայի ամփոփ տվյալները: