ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2013 թվականի N 562-Ն
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 04.09.14 N 982-Ն)
«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.4-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոններ` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.09.14 N 982-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառվում է 2013 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունիսի 6 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 562-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը խմբ. 04.09.14 N 982-Ն)
1. Սույն կանոններին համապատասխան` պարտադիր դրոշմավորման կամ վերադրոշմավորման ենթակա են «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները (այսուհետ՝ ապրանք):
2. Ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք դրանց դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն՝ համապատասխանաբար իրենց հաշվառման հարկային տեսչությունից կամ հաշվառման մաքսատնից ձեռք բերված դրոշմապիտակներն այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:
3. Ապրանքների վրա փակցված դրոշմապիտակները պետք է համապատասխանեն հարկային և մաքսային վերադաս մարմնի կողմից սահմանված տեխնիկական պահանջներին, ինչպես նաև լինեն չվնասված, ամբողջական և դրոշմավորված ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) համապատասխանող:
4. Դրոշմապիտակը պետք է փակցված լինի ապրանքի (տարայի) վրա առավել տեսանելի տեղում` վերին կամ կողային մակերեսներին, այդ թվում՝ պիտակի վրա:
5. Դրոշմապիտակը պետք է փակցված լինի այնպես, որ ապահովվի ապրանքի անվանման, հայերեն մակնշման և պիտանելիության ժամկետի վերաբերյալ նշումների ընթեռնելիությունը:
6. Ապրանքի վերադրոշմավորման դեպքում նոր դրոշմապիտակը փակցվում է սույն կանոնների 4-րդ և 5-րդ կետերով սահմանված տեղում:
7. Դրոշմավորված ապրանքների վերադրոշմավորումը կատարվում է այդ ապրանքների վրա փակցված նմուշի դրոշմապիտակները կիրառությունից հանվելու դեպքում:
8. Արգելվում է հաստատված նմուշի դրոշմապիտակների վրա կատարել նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ), դրոշմապիտակները կամ դրանց մի մասը ծածկել անթափանց թաղանթներով (բացառությամբ վերադրոշմավորման ժամանակ հերթական նմուշի դրոշմապիտակը փակցնելու դեպքերի): Անթափանց թաղանթներով ամբողջովին կամ մասնակիորեն ծածկված (դրոշմանիշի սերիան, համարը և այլ պաշտպանիչ տարրեր պարունակող մասերը) դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների իրացումը համարվում է չդրոշմավորված ապրանքների իրացում:
9. Վնասված, ոչ ամբողջական և (կամ) դրոշմավորման ենթակա ապրանքի տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) չհամապատասխանող դրոշմապիտակներ փակցված ապրանքների իրացնելը, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետով սահմանված պայմանները չապահովելը համարվում են դրոշմավորման կանոնների խախտում:
(հավելվածը խմբ. 04.09.14 N 982-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2018, N 613-Ն | 23.06.2018, N 562-Ն | |
19.03.2015, N 255-Ն | 05.04.2015, N 562-Ն | |
04.09.2014, N 982-Ն | 11.10.2014, N 562-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|