«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 սեպտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 սեպտեմբերի 2001 թվականի N 882
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 812 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 16-ի N 826 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Պատվիրատուն նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագիծը ներկայացնում է փորձաքննության, որն իրականացվում է պատվիրատուի և փորձաքննություն կատարողի միջև կնքվող պայմանագրի համաձայն: Ընդ որում, սահմանված կարգով հաստատված հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում չընդգրկված և օբյեկտի փորձաքննության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին չհակասելու դեպքում` օբյեկտի զրոյական նիշից 10 մետր բարձրությունն ու 500 քառակուսի մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող քաղաքացիական օբյեկտների փորձաքննությունը կարող է փոխարինվել նախագծային աշխատանքների կապալառուի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ գրավոր երաշխավորագրով:
Պարտադիր համալիր փորձաքննության ենթակա են`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների (այդ թվում` վարկային) հաշվին կամ դրանց ներգրավմամբ, պետական նպատակային ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն իրականացվող օբյեկտների նախագծային փաստաթղթերը.
բ) հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների` սահմանված կարգով հաստատված ցանկում ընդգրկված օբյեկտների նախագծային փաստաթղթերը.
գ) փորձարարական, բազային և բազմակի օգտագործման օբյեկտների նախագծային փաստաթղթերը.
դ) հատուկ օբյեկտների և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՄԱՐԳԱՐՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 882 որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտներ են համարվում`
1. Հատուկ նշանակության տարածքներում իրականացվող օբյեկտները`
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, դրանց կազմավորումների և մարմինների, պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում, այդ թվում` զինվորական բնակավայրերում իրականացվող բնակելի, հասարակական, արտադրական, ինչպես նաև այլ նշանակության շենքերը և շինությունները,
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված սահմանային գոտում իրականացվող շենքերը և շինությունները,
օրենքով պաշտպանվող շենքերը և շինությունները:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պետական գաղտնիք պարունակող նախագծային և շինարարական աշխատանքների միջոցով իրականացվող շենքերը և շինությունները:
3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ առանձնացված տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները:
4. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 882 որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐեվՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
1. Հասարակական շենքեր և շինություններ`
ուսումնական և կրթական հաստատություններ, այդ թվում` դպրոցներ, արտադպրոցական կազմակերպություններ, մանկատներ, ուսումնարաններ, ինստիտուտներ և այլն` 300 և ավելի աշակերտով (երեխա, ուսանող),
մանկատներ, ծերանոցներ, հաշմանդամների տուն-ինտերնատներ` 100 և ավելի տեղով,
գիտական, գիտահետազոտական, նախագծային բյուրոներ, բանկեր, գրասենյակներ, վարչական օբյեկտներ և այլն` 300 և ավելի աշխատատեղով,
դատարաններ` 4 և ավելի դատավորներով,
հանրային սննդի օբյեկտներ` ռեստորաններ, սրճարաններ և այլն` 100 և ավելի տեղով,
առևտրի կենտրոններ, հանրախանութներ և տոնավաճառներ` 1000 քառ. մ և ավելի մակերեսով,
առողջապահական օբյեկտներ, հիվանդանոցներ` 200 և ավելի մահճակալով,
առողջարաններ, հանգստի և տուրիզմի օբյեկտներ` 300 և ավելի տեղով,
հյուրանոցներ, մոթելներ և այլն` 300 և ավելի տեղով,
մարզադաշտեր` 5000 և ավելի նստատեղով,
ունիվերսալ մարզադահլիճներ, փակ լողավազաններ,
մշակույթի կենտրոններ, թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ` 300 և ավելի նստատեղով,
թանգարաններ, պատկերասրահներ, ցուցահանդեսային շենքեր` 1000 քառ. մ և ավելի մակերեսով,
գրադարաններ, արխիվներ, ավանդապահոցներ` 1 մլն և ավելի միավոր,
դիվանագիտական ներկայացուցչությունների օբյեկտներ,
երկաթուղային կայարաններ,
ավտոկայաններ` 50 հազ. և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար,
օդանավակայաններ,
բազմահարկ ավտոկանգառներ, այդ թվում` ստորգետնյա` 100 և ավելի ավտոմեքենայի համար,
տրանսպորտային կայանատեղեր` վերանորոգման արհեստանոցներով` 50 և ավելի միավոր,
հրշեջ կայաններ` 3 և ավելի մեքենայով,
հեռուստառադիոկենտրոններ, հեռուստաաշտարակներ,
դիակիզարաններ,
համաքաղաքային հասարակական կենտրոններ, քաղաքաշինական համալիրներ, որոնք իրենց կազմում ունեն սույն ցանկում ընդգրկված օբյեկտներ.
2. Արդյունաբերական, ընդերքօգտագործման, գյուղատնտեսական և այլ արտադրական նշանակության, ինչպես նաև կոմունալ, պահեստային, էներգետիկայի, կապի, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներն ընդունել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» N 193 որոշման.
3. Բազմաբնակարան բնակելի շենքեր, բնակելի շենքերի խմբեր կամ թաղամասեր` 500 և ավելի բնակչով.
4. 5 և ավելի հարկայնության օբյեկտներ.
5. Ելնելով «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի դրույթներից` կարևորագույն օբյեկտներ համարել նաև նշված կոնվենցիայի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված օբյեկտները:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |