ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 1993 թվականի N 52
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի երկրորդային շուկայի ստեղծման և հետագա զարգացման նպատակով և, հաշվի առնելով 1993 թվականին նախատեսվող սեփականաշնորհման պետական ծրագրերի իրականացման ապահովման համար ներկա փուլում արժեթղթերի զարգացած երկրորդային շուկայի առկայության հույժ կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից հավանություն ստացած` նախաձեռնող խմբի առաջարկությունը Երևանի ֆոնդային բորսայի ստեղծման վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական բարեփոխումների վարչությանը` նախաձեռնող խմբի հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել Երևանի ֆոնդային բորսայի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադիր փաստաթղթերը ներկայացնել պետական գրանցման:
3. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` մեկամսյա ժամկետում լուծել Երևանի ֆոնդային բորսայի գործունեության ապահովման համար համապատասխան տարածքի հատկացման հարցը:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Երևանի ֆոնդային բորսան մտցնել այն կազմակերպությունների ցանկի մեջ, որոնց տեխնիկական վերազինման համար նախատեսվում է արտասահմանյան տեխնիկական օգնություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |