ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 1994 թվականի N 495
քաղ. Երևան
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Օգտագործված բնական գազի համար ժամանակին վճարումներն ապահովելու նպատակով սահմանել, որ`
ա) միջպետական փոխկապակցված առաքումներով հանրապետություն ներմուծվող բնական գազի գինը հաստատում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, նյութական ռեսուրսների նախարարությունը, էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` համատեղ.
բ) սպառողներին տրվող բնական գազի տարեկան միջին գինը հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով (անհրաժեշտության դեպքում վերահաշվարկելով ոչ շուտ քան եռամսյակը մեկ անգամ).
գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը բնական գազի ամսական սակագինը հայտարարում է նախորդ ամսվա 25-ին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` նշված օրվա դրությամբ ԱՄՆ-ի դոլարի ու դրամի հաշվարկային կուրսը.
դ) բնական գազի համար կանխավճար է համարվում սակագնի հաստատման պահից մինչև հաշվետու ամսվա ավարտն իրականացված վճարումը: Վճարումը կատարվում է առանց կանխավճարի չափի սահմանափակման` հաշվետու ամսվա համար հայտարարված սակագնով.
ե) մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 5-ը սպառողներին ներկայացվում է փաստացի օգտագործված բնական գազի ծավալների դիմաց ինկասո` հաշվի առնելով կանխավճարը, իսկ փաստացի օգտագործված բնական գազի արժեքի և մուծված կանխավճարի տարբերությունը սպառողը մատակարարին վճարում է տվյալ պահին գործող սակագնով.
զ) բնակչությանն իրացվող բնական գազի սակագները 1994 թվականի դեկտեմբերի 1-ից հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ:
2. 1994 թվականի հոկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների պարտքերի վճարման մասին» N 666 որոշումը` բնական գազին վերաբերող մասով:
3. 1994 թվականի դեկտեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Բնակչությանն իրացվող հացի, ալյուրի մանրածախ գների և հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 468 որոշման հավելվածը` բնական գազին վերաբերող մասով:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Վ. ՉԻՏԵՉՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |