ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 15-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
ԲԱԺԻՆ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերից, պատիժների կատարման ու պատժից ազատելու կարգն ու պայմանները կարգավորող օրենքներից, ինչպես նաև իրավական այլ ակտերից:
2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա, որոնք սահմանում են պատիժների կատարման կարգն ու պայմանները, դատապարտյալների հետ վարվեցողության կանոնները, դատապարտյալների իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև դատապարտյալների նկատմամբ կիրառվող քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները։
Հոդված 2. | Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակները և խնդիրները |
1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակներն են դատապարտյալի վերասոցիալականացումը, նրա իրավահպատակ վարքագծի ձևավորումը և նոր հանցագործությունների կանխումը։
2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության խնդիրներն են՝ սահմանել պատիժների կատարման և դատապարտյալի կողմից կրման, քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները, դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման հիմնական միջոցները, պաշտպանել նրա իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը, վերահսկել դատապարտյալի պարտականությունների կատարումը, նախապատրաստել նրանց հասարակությունում վերաինտեգրմանը և պատժից ազատվող անձանց ցուցաբերել սոցիալական աջակցություն։
3. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը սահմանում է պատիժների կատարման ընդհանուր դրույթները և սկզբունքները, պատիժների կատարման կարգն ու պայմանները, քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգը, դրանց նկատմամբ իրականացվող հսկողությունն ու վերահսկողությունը, դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման նպատակով հիմնական միջոցների կիրառումը, դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքները և ազատություններն ապահովելու երաշխիքները, պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեության, պատժից ազատելու և դատապարտյալներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները։
Հոդված 3. | Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի գործողությունը տարածության մեջ և ժամանակի ընթացքում |
1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։
2. Պատիժների կատարումը, դատապարտյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը, ինչպես նաև իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ։
3. Պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն։
Հոդված 4. | Պատիժները կատարելու և քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու հիմքը |
1. Պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման հիմքը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտն է։
Գ Լ ՈՒ Խ 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 5. | Մարդասիրության սկզբունքը |
1. Պատիժների կատարումը և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը չպետք է զուգակցվեն անձի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնությամբ, ինչպես նաև այնպիսի գործողություններով, որոնք կարող են հանգեցնել անձի զարգացման հետընթաց առաջացնող սոցիալ-հոգեբանական փոփոխությունների:
Հոդված 6. | Օրենքի առջև դատապարտյալների հավասարության և խտրականության արգելքի սկզբունքը |
1. Բոլոր դատապարտյալները հավասար են օրենքի առջև և հավասարապես պաշտպանվում են օրենքով:
2. Պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները տարածվում են բոլոր դատապարտյալների վրա՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:
Հոդված 7. | Պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման տարբերակման և անհատականացման սկզբունքը |
1. Պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման ընթացքում դատապարտյալի իրավահպատակ վարքագիծը խթանելու նպատակով դրանց կատարումն ու կիրառումը պետք է լինեն անհատականացված և տարբերակված՝ ելնելով պատժի կատարման կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման ընթացքում դատապարտյալի վարքագծի առանձնահատկություններից, ինչպես նաև օրենքով նախատեսված հնարավորություններից:
Հոդված 8. | Դատապարտյալի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման հիմնական միջոցների կիրառման համարժեքության և պիտանիության սկզբունքը |
1. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման հիմնական միջոցները՝ պատիժների կատարման սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական, հոգեթերապևտիկ և իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և նման այլ զբաղվածությունը, ինչպես նաև հասարակական ներգործությունը, պետք է պիտանի և համարժեք լինեն դրանց կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելու համար։
Գ Լ ՈՒ Խ 3
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Հոդված 9. | Դատապարտյալի իրավական վիճակի հիմքերը |
1. Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, երաշխավորում է պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման օրինականությունը, ինչպես նաև պատիժների կատարման ընթացքում ապահովում է դատապարտյալների անվտանգությունը։
2. Դատապարտյալները չեն ազատվում իրենց քաղաքացիական պարտականությունների կատարումից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
3. Դատապարտյալների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանց սահմանափակումները նախատեսվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով՝ տվյալ պատժատեսակի կատարման կարգին ու պայմաններին համապատասխան։
4. Օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած դատապարտյալների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանց սահմանափակումները նախատեսվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
5. Դատապարտյալի իրավունքներն ու պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտվեն պատիժների կատարման կարգն ու պայմանները, ինչպես նաև այլ անձանց իրավունքները և օրինական շահերը։
Հոդված 10. | Դատապարտյալի հիմնական իրավունքները |
1. Դատապարտյալն իրավունք ունի`
1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով գրավոր և բանավոր տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, պատժի կատարման կարգի և պայմանների, դիմումներ և բողոքներ ներկայացնելու կարգի մասին, ինչպես նաև իր վերաբերյալ մշակված տեղեկության մասին, բացառությամբ օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տվյալների.
2) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի աշխատակիցների կողմից իր նկատմամբ հարգալից վերաբերմունքի.
3) իր անվամբ և ազգանվամբ կոչվելու.
4) մտքի, խղճի և կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության։ Այս իրավունքն իրականացվում է՝ չխախտելով պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի ներքին կանոնակարգը, ինչպես նաև չսահմանափակելով այլ անձանց հիմնական իրավունքներն ու ազատությունները.
5) առողջության պահպանման, այդ թվում՝ ստանալու առողջության համար բավարար սննդային արժեք ունեցող սննդամթերք, բժշկական օգնություն (առաջնային, մասնագիտացված, շտապ և անհետաձգելի), հոգեբանական կամ հոգեթերապևտիկ օգնություն, ինչպես նաև դատապարտյալի ցանկությամբ իր դրամական միջոցների հաշվին զննվելու իր ընտրած բժշկի կողմից.
6) հանգստի, այդ թվում՝ բացօթյա զբոսանքի, մարմնամարզության և ութժամյա գիշերային քնի.
7) անվտանգության ապահովման: Դատապարտյալը բացառիկ դեպքերում կարող է պահվել առանձնացված՝ պաշտպանական նպատակով՝ իր, իսկ կանխարգելիչ նպատակով՝ այլ անձանց կամ քրեակատարողական հիմնարկի անվտանգությանն ու ապահովությանն սպառնացող վտանգի դեպքում.
8) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ (տեսազանգեր), օգտվելու հեռախոսակապից, գրականությունից և զանգվածային լրատվության միջոցներից.
9) սոցիալական ապահովության, այդ թվում՝ ընդհանուր հիմունքներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, կենսաթոշակներ և պետական նպաստներ ստանալու.
10) իրավաբանական օգնություն ստանալու.
11) օրենքով նախատեսված կրթություն ստանալու.
12) քաղաքացիաիրավական գործարքների մասնակցելու.
13) նույնականացման քարտ ստանալու՝ «Նույնականացման քարտերի մասին» օրենքովուղղ. սահմանված կարգով.
14) դրամական փոխանցումներ, հանձնուքներ և ծանրոցներ ստանալու և ուղարկելու.
15) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի աշխատակիցների միջոցով սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու.
16) անձնական ընդունելության խնդրանքով պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի ղեկավարին, այդ հիմնարկի կամ մարմնի գործունեության նկատմամբ վերահսկողություն և հսկողություն իրականացնող մարմիններ դիմելու.
17) իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական կազմակերպություններ և կուսակցություններ, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ դիմելու: Դատապարտյալի դիմումները և բողոքները գրաքննության ենթակա չեն:
2. Դատապարտյալին կարող են վերապահվել օրենքով սահմանված այլ իրավունքներ։
3. Օտարերկրյա քաղաքացի դատապարտյալն իրավունք ունի կապեր հաստատելու և պահպանելու Հայաստանի Հանրապետությունում իր պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հետ։ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ չունեցող պետության քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած դատապարտյալներն իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու համապատասխանաբար իրենց կամ այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հետ, որն ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը, կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ։
Հոդված 11. | Դատապարտյալի հիմնական պարտականությունները |
1. Դատապարտյալը պարտավոր է՝
1) կատարել և պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիների պարտականությունները.
2) կատարել և պահպանել պատժի կրման կարգն ու պայմանները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները.
3) կատարել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի աշխատակիցների օրինական պահանջները.
4) հարգալից վերաբերմունք դրսևորել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի աշխատակիցների, այդ հիմնարկ և մարմին այցելող անձանց, ինչպես նաև այլ դատապարտյալների նկատմամբ.
5) ներկայանալ պատիժ կատարող հիմնարկի ու մարմնի վարչակազմի կանչով.
6) տալ բացատրություններ պատժի կատարման կարգի պահանջները խախտելու վերաբերյալ.
7) պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները.
8) խնամքով վերաբերվել պատիժ կատարող հիմնարկի և մարմնի գույքին։
2. Դատապարտյալի համար օրենքով կարող են սահմանվել այլ պարտականություններ:
3. Դատապարտյալն իր պարտականությունները չկատարելու դեպքում կարող է ենթարկվել օրենքով սահմանված պատասխանատվության։
Հոդված 12. | Դատապարտյալի իրավունքների և պարտականությունների տարբերակումը |
1. Դատապարտյալի՝ սույն օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները կարող են տարբերակվել՝ հիմք ընդունելով եզրափակիչ դատական ակտով նշանակված պատիժը, պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի տեսակը և սահմանված ներքին կանոնակարգը, ինչպես նաև դատապարտյալի նկատմամբ կիրառված խրախուսանքի և տույժի միջոցները:
Գ Լ ՈՒ Խ 4
ՊԱՏԻԺՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԴ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 13. | Պատիժ կատարող հիմնարկները և մարմինները |
1. Տուգանքի, հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ազատության սահմանափակման կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն):
2. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աջակցությամբ:
3. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
4. Կարճաժամկետ ազատազրկման կատարումն ապահովում է քրեակատարողական հիմնարկը: Դատապարտված զինծառայողների նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում գործող կայազորային կարգապահական մեկուսարանը:
5. Կարգապահական գումարտակում պահելու կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում գործող կարգապահական գումարտակը:
6. Ազատազրկման և ցմահ ազատազրկման կատարումն ապահովում է քրեակատարողական հիմնարկը:
7. Լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է հիմնական պատիժ կատարող մարմինը կամ հիմնարկը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 14. | Դատական վերահսկողությունը |
1. Պատիժ կատարող հիմնարկների և մարմինների վարչակազմը եզրափակիչ դատական ակտ կայացրած դատարանին անհապաղ հաղորդում է պատժի կատարման և պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի մասին։
2. Դատարանը վերահսկողություն է իրականացնում պատժի կատարման, քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման, ինչպես նաև պատժից ազատելու նկատմամբ:
3. Դատարանն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քննարկում է դատապարտյալի բողոքները՝ պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշումների դեմ:
Հոդված 15. | Գերատեսչական վերահսկողությունը |
1. Պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեության նկատմամբ վերադաս մարմինները և դրանց պաշտոնատար անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են գերատեսչական վերահսկողություն։
Հոդված 16. | Դատախազական հսկողությունը |
1. Հայաստանի Հանրապետության դատախազությունը պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ «Դատախազության մասին» օրենքով սահմանված կարգով։
2. «Դատախազության մասին» օրենքով սահմանված դեպքերում օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ապա դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու կամ վերացնելու միջնորդագիր ներկայացնելու ակտն ընդունած հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին, իսկ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ՝ Քրեակատարողական ծառայություն) գործող տեղաբաշխման հանձնաժողովի դեպքում՝ Քրեակատարողական ծառայության պետին: Սույն մասով նախատեսված գործողությունը դատախազն իրականացնում է ակտի ստացման պահից մեկ ամսվա ընթացքում: Սույն մասով նախատեսված գործողությունը դատախազն իրականացնում է միայն մեկ անգամ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ ակտը վերանայելու և այն անփոփոխ թողնելու դեպքում գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը կարող է ակտը վերացնելու միջնորդագիր ներկայացնել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության կամ պաշտպանության նախարարին, որը միջնորդագիրն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, վերջնականապես լուծում է հարցը:
Հոդված 17. | Հասարակական կազմակերպությունների մասնակցությունը պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը |
1. Հասարակական կազմակերպությունները կարող են օժանդակել պատիժ կատարող հիմնարկների և մարմինների գործունեությանը, այդ թվում՝ դատապարտյալների վերասոցիալականացմանը և նրանց իրավահպատակ վարքագծի ձևավորմանը։
2. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողությունն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարների հաստատած՝ մրցութային կարգով ընտրված հասարակական դիտորդների խմբի միջոցով։
3. Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է: Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը:
4. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողության իրականացման կարգը, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի կազմը և իրավասությունների շրջանակը համապատասխանաբար սահմանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարները:
Հոդված 18. | Մուտքն ու ելքը պատիժ կատարող հիմնարկներ և մարմիններ |
1. Պատիժ կատարող հիմնարկ և մարմին մուտքի և ելքի կարգը համապատասխանաբար սահմանում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարները:
2. Առանց հատուկ թույլտվության պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարները և նրանց՝ ոլորտը համակարգող տեղակալները.
2) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրավոր որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված կարգով և ծավալով.
3) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.
4) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, որոնք օրենքով սահմանված կարգով քննում են պատժի կատարման հետ կապված հարցերը, այդ թվում՝ դատապարտյալի՝ պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշման դեմ բերված բողոքները.
5) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա՝ ոլորտը համակարգող տեղակալը, ինչպես նաև այն դատախազները, որոնք օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ.
6) փաստաբանները՝ իրենց վստահորդների հետ հանդիպման նպատակով.
7) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք, ինչպես նաև պրոբացիայի ծառայողը՝ իր լիազորությունների իրականացման նպատակով.
8) ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կատարման նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից դատապարտյալների հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենսգրքով սահմանված` դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:
4. Պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին մուտք ու ելք ունեցող անձը, ինչպես նաև նրա իրերը պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմի կողմից ենթարկվում են զննության, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ խուզարկության:
Գ Լ ՈՒ Խ 5
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԴՐԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 19. | Վերասոցիալականացման և դրական վարքագծի ձևավորման նպատակով աշխատանքը դատապարտյալի հետ |
1. Վերասոցիալականացման և դրական վարքագծի ձևավորման նպատակով աշխատանքը դատապարտյալի հետ համագործակցությամբ և նրա ակտիվ մասնակցությամբ իրականացվող գործունեություն է՝ ուղղված դատապարտյալի սոցիալական վերաինտեգրմանը և վերականգնմանը։
2. Դատապարտյալի դրական վարքագծի ձևավորումը մարդու, հասարակության, օրենքի, պետության, համակեցության կանոնների և հասարակությունում ընդունված այլ արժեքների հարգմանը, պաշտպանությանն ու պահպանությանն ուղղված վերաբերմունքի ձևավորմանը, ամրապնդմանը կամ կայունացմանն ուղղված աշխատանքների ամբողջականությունն է, որը պետք է հանգեցնի իրավահպատակ վարքագծի ձևավորմանը:
3. Դրական վարքագծի ձևավորման համար դատապարտյալի վարքի մշտադիտարկումն իրականացնում է պատիժ կատարող մարմինը կամ հիմնարկը:
4. Վերասոցիալականացման և դրական վարքագծի ձևավորման աշխատանքներն սկսվում են պատժի կատարման առաջին օրվանից: Այդ աշխատանքների բովանդակությունը բխում է դատապարտյալի անձնային ու վարքային փոփոխություններից և հիմնվում նրա ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքների վրա:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատումն իրականացվում է՝ հաշվի առնելով պատժի տեսակը, կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, դատապարտյալի անձը, պատժի կատարման ընթացքում դատապարտյալի դրսևորած վարքագծի առանձնահատկությունները, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքին, պատժի ժամկետը, ինչպես նաև պատիժների կատարման և քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման տարբերակման և անհատականացման սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքներ։
Հոդված 20. | Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքների հիմնական մեթոդները, ձևերը և հիմնական միջոցները |
1. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը նպաստող աշխատանքներն իրականացվում են անհատական, խմբային և մասնագիտական միջամտության, այդ թվում՝ հոգեբանության, սոցիալական աշխատանքի, սոցիալական մանկավարժության գիտականորեն և փաստահեն ապացուցված մեթոդներով և ձևերով:
2. Դատապարտյալների վերասոցիալականացման հիմնական միջոցներն են՝
1) պատժի կատարման կարգն ապահովելը.
2) վերականգնողական ծրագրեր իրականացնելը.
3) անչափահասների հետ դաստիարակչական (մանկավարժական) աշխատանքներ իրականացնելը.
4) դատապարտյալներին աշխատանքով ապահովելը.
5) ընդհանուր, մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալը.
6) մասնագիտական պատրաստումը և վերապատրաստումը.
7) արտաքին աշխարհի հետ կապն ապահովելը:
3. Վերասոցիալականացման աշխատանքի կազմակերպման և դատապարտյալի օգտակար զբաղվածության ապահովման համար պատիժ կատարող մարմնում և հիմնարկում նախատեսվում են համապատասխան պայմաններ, այդ թվում՝ լսարանային և կրթական տարածքներ, մարզասրահներ, գրադարաններ, աշխատանքային զբաղվածության գոտիներ և այլ հնարավորություններ:
Հոդված 21. | Դատապարտյալի վերասոցիալականացման և նրա դրական վարքագծի խթանման ծրագրերի և գործընթացի գնահատումը |
1. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքները գնահատելու նպատակով ստեղծվում է հանձնաժողով (այսուհետ՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողով):
2. Դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների գնահատումը դատապարտյալի հետ համատեղ աշխատանքների արդյունքների պարբերական վերլուծությունն է՝ նրա դրական վարքագծի խթանման, փոփոխությունների ամրագրման ու ըստ անհրաժեշտության կիրառվող մեթոդների, ձևերի ու միջոցների վերանայման համար:
3. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի հոգեբանը կամ սոցիալական աշխատողը, ինչպես նաև օպերատիվ և անվտանգության բաժիններից մեկական ծառայող: Ըստ անհրաժեշտության՝ վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովում կարող են ներգրավվել նաև հոգևորական, բժիշկ և այլ մասնագետներ:
4. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում է 3-6 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից:
5. Ըստ անհրաժեշտության՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը կարող է փոփոխել դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների բնույթը, ավելացնել կամ նվազեցնել դրանց ծավալն ու հաճախականությունը: Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունները տրվում են հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետների հիմնավոր կարծիքի հիման վրա և ներկայացվում են պատիժ կատարող հիմնարկի պետի կամ հրամանատարի հաստատմանը: Այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամ հանդիսացող մասնագետն ունի եզրակացությանը չհամապատասխանող հատուկ կարծիք, ապա այն շարադրվում է առանձին՝ կցվելով եզրակացությանը:
6. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովն իր կարծիքն արտահայտում է դատապարտյալի՝ պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, խրախուսանքի կամ տույժի միջոցներ կիրառելու, պատժից ազատելու և վերասոցիալականացման գործընթացն ապահովող ցանկացած այլ գործառույթ իրականացնելիս:
7. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, անհատական կազմը, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդները և չափանիշները համապատասխանաբար հաստատում են Հայաստանի Հանրապետության արդարադատության և պաշտպանության նախարարները:
Հոդված 22. | Պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությունը դատապարտյալների վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը |
1. Պատիժ կատարող հիմնարկներում և մարմիններում պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող են կազմակերպվել աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ միջոցառումներ: Սույն մասով նախատեսված կանոնն արգելք չէ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի նախաձեռնությամբ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար:
2. Պատիժ կատարող մարմին կամ հիմնարկ կարող է հրավիրվել հոգևորական։ Թույլատրվում է կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից և կրոնական գրականությունից։ Քրեակատարողական հիմնարկում և կարգապահական գումարտակում այդ նպատակով կարող է առանձնացվել համապատասխան տարածք:
Հոդված 23. | Քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման առանձնահատկությունները և դատապարտյալների ինքնագործ միավորումները |
1. Քրեակատարողական հիմնարկներում կարող են ստեղծվել դատապարտյալների աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ նպատակային ուղղվածություն ունեցող ինքնագործ միավորումներ, որոնք գործում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողությամբ։ Այդ միավորումները կարող են համագործակցել համապատասխան նպատակային ուղղվածությամբ հասարակական կամ այլ կազմակերպությունների հետ:
2. Դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրներն են՝ զարգացնել դատապարտյալի մտավոր, մասնագիտական, ֆիզիկական կարողությունները և օգտակար նախաձեռնությունը, դրական ազդեցություն ունենալ դատապարտյալի վերասոցիալականացման գործում, մասնակցել դատապարտյալի աշխատանքը, կենցաղը և հանգիստը կազմակերպելուն, համագործակցել քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ կարգապահության հաստատման ու դատապարտյալների միջև առողջ հարաբերությունների ձևավորման գործում, սոցիալական աջակցություն ցուցաբերել դատապարտյալին և նրա ընտանիքին։ Դատապարտյալների ինքնագործ միավորումները կարող են հետապնդել նաև պատժի նպատակներին, կատարման կարգին և պայմաններին չհակասող այլ խնդիրներ:
3. Ինքնագործ միավորումների անդամ դատապարտյալը լրացուցիչ արտոնություններից չի օգտվում:
4. Դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։
ՀԱՏՈՒԿ ՄԱՍ
ԲԱԺԻՆ 2
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 6
ՊԱՏՎԱՎՈՐ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԻՑ, ԿԱՐԳԻՑ, ԱՍՏԻՃԱՆԻՑ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԻՑ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 24. | Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկման կատարումը |
1. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելու մասին եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, հիմնական պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը եզրափակիչ դատական ակտի պատճենն ուղարկում է այդ կոչումը, կարգը, աստիճանը, որակավորման դասը կամ պետական պարգևը շնորհած մարմին կամ պաշտոնատար անձին՝ համապատասխան գործողություններ կատարելու նպատակով:
Հոդված 25. | Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկման կատարման կարգը |
1. Պատվավոր կամ զինվորական կոչում, կարգ, աստիճան, որակավորման դաս կամ պետական պարգև շնորհած մարմինը կամ պաշտոնատար անձը եզրափակիչ դատական ակտի պատճենն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կատարում է համապատասխան գործողություններ դատապարտյալին պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելու նպատակով, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում այդ կոչման, կարգի, աստիճանի, որակավորման դասի կամ պետական պարգևի հետ կապված բոլոր իրավունքներից և արտոնություններից նրան զրկելու ուղղությամբ՝ այդ մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնելով հիմնական պատիժ կատարող հիմնարկին կամ մարմնին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տասնօրյա ժամկետի պահանջը չի գործում, եթե այդ գործողություններն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված են այլ ժամկետներ:
Գ Լ ՈՒ Խ 7
ՏՈՒԳԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 26. | Տուգանքի կատարումը |
1. Տուգանք նշանակելու մասին օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալին պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայություն ներկայանալու և տուգանքի վճարման անդորրագիրը ներկայացնելու վերաբերյալ, ինչպես նաև կազմում է անձնական գործ:
2. Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում դատապարտյալը վերցվում է հաշվառման, լրացվում է հաշվառման քարտ, նրան ստորագրությամբ անհապաղ պարզաբանվում են տուգանքի կատարման կարգն ու պայմանները, իր իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանց չկատարման դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունը։ Այն դեպքում, երբ դատարանը թույլատրել է տուգանքը մաս առ մաս վճարել, կամ տուգանքի վճարման համար սահմանվել է մինչև մեկ տարի ժամկետ, ապա կազմվում է նաև վերահսկողության պլան:
3. Ծանուցվելուց հետո Պրոբացիայի ծառայություն չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել դատապարտյալի բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որոնց մասին կազմում է արձանագրություն։
4. Դատապարտյալին նրա բնակության կամ աշխատանքի վայրում չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում դատապարտյալին հայտնաբերելու ուղղությամբ։
5. Պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու դեպքում սկզբնական պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը, իսկ այն դեպքում, երբ տուգանքը նշանակվել է որպես լրացուցիչ պատիժ, ապա հիմնական պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը դատապարտյալից վերցնում է ստորագրություն հնգօրյա ժամկետում տարածքային մարմին ներկայանալու մասին, որից հետո՝ ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային մարմին է ուղարկում եզրափակիչ դատական ակտի պատճենը և դատապարտյալի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:
6. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է համապատասխան եզրափակիչ դատական ակտը կայացրած դատարանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։
7. Տուգանքի կատարումից հետո անձը հանվում է հաշվառումից, իսկ անձնական գործն արխիվացվում է: Տուգանքի կատարումից հետո` եռօրյա ժամկետում, Պրոբացիայի ծառայությունը դատապարտյալին տալիս է տեղեկանք պատիժը կրած լինելու մասին, և այդ մասին տեղեկացնում է եզրափակիչ դատական ակտը կայացրած դատարանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
Հոդված 27. | Տուգանքը վճարելու անհնարինությունը |
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով նախատեսված դեպքերում դատապարտյալը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան: Դատապարտյալի դիմումի հիման վրա համապատասխան միջնորդությունը կարող է ներկայացնել նաև Պրոբացիայի ծառայությունը։
2. Տուգանքի վճարումը երկարաձգելու, հետաձգելու կամ այն մաս առ մաս վճարելու կամ օրենքով սահմանված դեպքում տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը անհապաղ և ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը կամ տուգանքը նշանակելուց հետո իր նյութական վիճակի այնպիսի վատթարացման հանգամանքը, որը զրկել է նրան տուգանքը վճարելու հնարավորությունից։ Դատապարտյալն իր գույքային դրությունը պարզելու, այդ թվում՝ իր գույքային դրության վատթարացման փաստը հաստատելու նպատակով դատարան պետք է ներկայացնի պարզաբանումներ և համապատասխան փաստաթղթեր:
Հոդված 28. | Տուգանքը վճարելուց խուսափելը |
1. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն և միջնորդություն ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու կամ տուգանքը ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։
2. Տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու մասին դատական ակտն ստանալու դեպքում այն ենթակա է կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով։
3. Եթե Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույք չի հայտնաբերել, կամ հայտնաբերված գույքը բավարար չէ տուգանքը վճարելու համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ տուգանքը վճարելու համար անհրաժեշտ է գույքի բաժանման կամ բաժնեմաս անջատելու պահանջով հայց ներկայացնել, ապա կատարողական վարույթն ավարտելու մասին հարկադիր կատարողի որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված տուգանքը կամ դրա չվճարած մասն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 8
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 29. | Հանրային աշխատանքների կատարումը |
1. Հանրային աշխատանքների կատարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները։
2. Հանրային աշխատանքների դատապարտված անձի նկատմամբ ցանկացած դեպքում Պրոբացիայի ծառայությունը կազմում է վերահսկողության պլան:
3. Հանրային աշխատանքների կատարման ժամկետի սկիզբը հաշվարկվում է դատապարտյալի` հանրային աշխատանքներում փաստացի ներգրավվելու պահից:
4. Դատապարտյալը պարտավոր է հանրային աշխատանքների կատարման ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին կարգապահական կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, դրսևորել բարեխիղճ վերաբերմունք իրեն հանձնարարված աշխատանքի նկատմամբ, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին անհապաղ տեղյակ պահել Պրոբացիայի ծառայությանը:
5. Հանրային աշխատանքների կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:
6. Աշխատանքի հիմնական վայրում դատապարտյալին ամենամյա արձակուրդ տրամադրելը չի կասեցնում հանրային աշխատանքների կատարումը:
7. Հանրային աշխատանքների կատարման ընթացքում դատապարտյալի բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում են, և ստացած վնասվածքների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Եթե հանրային աշխատանքները նշանակելուց հետո անձն անցել է զինվորական ծառայության, կամ տեղի է ունեցել դատապարտյալի առողջական վիճակի այնպիսի վատթարացում, որը, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, զրկել է նրան հանրային աշխատանքների հետագա կատարման հնարավորությունից, ապա անձին պատժի հետագա կրումից ազատելու համար Պրոբացիայի ծառայությունը կամ դատապարտյալը միջնորդություն է ներկայացնում դատարան։
9. Եթե հանրային աշխատանքները նշանակելուց հետո կամ կատարման ընթացքում դատապարտյալը ֆունկցիոնալության սահմանափակման պատճառով չի կարող կատարել նշանակված հանրային աշխատանքները, կամ լրացել է նրա վաթսունհինգ տարին, ապա Պրոբացիայի ծառայությունը կարող է փոխել նշանակված հանրային աշխատանքների բնույթը՝ հաշվի առնելով դատապարտյալի կարգավիճակը:
10. Եթե հանրային աշխատանքները նշանակելուց հետո կամ կատարման ընթացքում պարզվել է, որ դատապարտյալը հղի է, ապա Պրոբացիայի ծառայությունը դիմում է դատարան՝ հանրային աշխատանքների կատարումը հետաձգելու միջնորդությամբ:
11. Դատապարտյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու դեպքում հանրային աշխատանքների ձևով նշանակված պատժի կատարումը կասեցվում է մինչև համապատասխանաբար նշված խափանման միջոցի ժամկետը լրանալը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ նշանակված պատժի կրման ավարտը: Այդ դեպքում հանրային աշխատանքների կատարման կասեցումը վերացնում է Պրոբացիայի ծառայությունը, իսկ պատժի կատարումը շարունակվում է ընդհանուր կարգով:
Հոդված 30. | Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ |
1. Հանրային աշխատանքների կատարման կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պրոբացիայի ծառայությունը:
2. Պրոբացիայի ծառայողն ամիսը առնվազն մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ, այցելում է դատապարտյալի՝ հանրային աշխատանքների կատարման աշխատավայր՝ եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման ընթացքը վերահսկելու և տվյալ աշխատավայրի վարչակազմից (այսուհետ՝ հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմ) պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքով կազմվում է արձանագրություն: Պրոբացիայի ծառայողի առաջին այցելությունը հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմ իրականացվում է հանրային աշխատանքներն սկսելու օրը:
3. Հանրային աշխատանքների ոչ պատշաճ կատարման կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու դեպքերում հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմը պարտավոր է դրա մասին անհապաղ տեղեկացնել Պրոբացիայի ծառայությանը։
4. Դատապարտյալի՝ պատժից ազատվելուց երկու շաբաթ առաջ, ինչպես նաև ազատվելուց անմիջապես հետո Պրոբացիայի ծառայությունը հանրային աշխատանքների աշխատավայրի վարչակազմին տեղեկացնում է հանրային աշխատանքների համապատասխանաբար սպասվելիք կամ փաստացի ավարտի մասին:
5. Հանրային աշխատանքների ցանկը, հանրային աշխատանքի կատարման կազմակերպության կամ մարմնի ընտրության կարգը, հանրային աշխատանքների ներգրավման համար Պրոբացիայի ծառայության, հանրային աշխատանքի կատարման կազմակերպության կամ մարմնի և դատապարտյալի միջև պայմանագրի օրինակելի ձևը, աշխատաժամերի հաշվառման և ժամանակացույցի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 31. | Պատասխանատվությունը հանրային աշխատանքների կատարումից խուսափելու համար |
1. Հանրային աշխատանքների կատարման կարգն ու պայմանները խախտելու դեպքում պրոբացիայի ծառայողը եռօրյա ժամկետում դատապարտյալին ծանուցագրով հրավիրում է Պրոբացիայի ծառայություն, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի կապակցությամբ կազմում է արձանագրություն: Հարգելի պատճառների բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
2. Հանրային աշխատանքներից խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ:
3. Անչափահաս դատապարտյալի կողմից հանրային աշխատանքներից խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով միջնորդություն է ներկայացնում դատարան, եթե հանրային աշխատանքներից խուսափելու հետևանքների մասին նախազգուշացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, անչափահաս դատապարտյալը չի սկսում կամ վերսկսում հանրային աշխատանքների կատարումը։
Գ Լ ՈՒ Խ 9
ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 32. | Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը |
1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները։
2. Եթե դատապարտյալը զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ապա Պրոբացիայի ծառայությունը եզրափակիչ դատական ակտն ստանալուց հետո դրա պատճենն անհապաղ ուղարկում է դատապարտյալի աշխատավայրի վարչակազմ, իսկ եթե զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ այդ իրավունքը տրամադրած մարմին կամ կազմակերպություն:
3. Եթե դատապարտյալը զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ապա Պրոբացիայի ծառայությունը համապատասխան նշում է կատարում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից վարվող տվյալների շտեմարանում, որտեղ պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ ստուգվում են դատապարտյալի կողմից աշխատանքի կատարման կամ գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տվյալները:
4. Որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունք տրամադրելու կամ այն վերացնելու իրավասություն ունեցող մարմինը կամ կազմակերպությունը, ստանալով եզրափակիչ դատական ակտի պատճենը, համապատասխան նշում է կատարում իր կողմից վարվող տվյալների շտեմարանում և դատապարտյալի կողմից որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելուց հետո այդ գործունեությամբ զբաղվելու փաստ հայտնաբերելու դեպքում հայտնում է Պրոբացիայի ծառայությանը։
5. Դատապարտյալի կողմից զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում Պրոբացիայի ծառայությունը զինվորական կոմիսարիատ կամ դատապարտյալի ծառայության վայր է ուղարկում անձնական գործը` ծառայության ընթացքում տվյալ պատժի կատարումը շարունակելու նպատակով: Պատիժը ծառայության վայրում կատարելու անհնարինության դեպքում զինվորական կոմիսարիատը վերադարձնում է անձնական գործը՝ նշելով պատժի կատարման անհնարինության պատճառները։ Անձնական գործը հետ ստանալուց հետո Պրոբացիայի ծառայությունը կայացնում է զինվորական կամ այլընտրանքային ծառայության ժամկետով պատժի կատարումը կասեցնելու մասին որոշում: Զինվորական կամ այլընտրանքային ծառայության ավարտից հետո կասեցումը վերացվում է՝ պատժի կատարումը շարունակելով ընդհանուր կարգով:
6. Դատապարտյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատժի կատարումը կասեցվում է մինչև համապատասխանաբար նշված խափանման միջոցի ժամկետը լրանալը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ նշանակված պատժի կրման ավարտը: Այդ դեպքում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարման կասեցումը վերացնում է Պրոբացիայի ծառայությունը, իսկ պատժի կատարումը շարունակվում է ընդհանուր կարգով:
7. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալի նոր աշխատանքի անցնելու դեպքում իրավասու է դատապարտյալից պահանջելու հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել տեղեկանք զբաղեցրած նոր պաշտոնի մասին:
8. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:
Հոդված 33. | Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի, որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունք տրամադրելու կամ այն վերացնելու իրավասություն ունեցող մարմնի կամ կազմակերպության պարտականությունները և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը |
1. Եզրափակիչ դատական ակտի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալու կամ վերացնելու այն:
2. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը պարտավոր է՝
1) ապահովել եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարումը՝ դրա պատճենը և Պրոբացիայի ծառայության ծանուցումն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել եզրափակիչ դատական ակտով դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին տեղեկացնելով Պրոբացիայի ծառայությանը.
2) Պրոբացիայի ծառայության պահանջով ներկայացնել պատժի կատարման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթեր.
3) դատապարտյալի հետ աշխատանքային պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու դեպքում ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել Պրոբացիայի ծառայությանը:
3. Որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունք տրամադրելու կամ այն վերացնելու իրավասություն ունեցող մարմինը կամ կազմակերպությունը եզրափակիչ դատական ակտի պատճենը և Պրոբացիայի ծառայության ծանուցումն ստանալուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է վերացնել դատապարտյալին արգելված գործունեությամբ զբաղվելու իրավունքի թույլտվությունը կամ սահմանված ժամկետով կասեցնել դրա գործողությունը՝ զրկելով որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ այդ մասին տեղեկացնելով Պրոբացիայի ծառայությանը:
4. Եթե արգելված գործունեությամբ զբաղվելու նախկին թույլտվությունը հավաստված է եզրափակիչ դատական ակտով սահմանվածից տարբեր այնպիսի փաստաթղթով, որը տրված է ավելի երկար ժամկետով կամ պարունակում է գործունեության այլ տեսակով զբաղվելու իրավունք, ապա համապատասխան մարմինը թույլտվությունը հավաստող փաստաթղթում նշում է կատարում համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին՝ հղում կատարելով եզրափակիչ դատական ակտին և նշելով զրկման ժամկետը, իսկ նշում կատարելու անհնարինության դեպքում թույլտվությունը հավաստող փաստաթուղթն անվճար փոխարինում է մեկ այլ ժամանակավոր փաստաթղթով:
5. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալի, դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի կամ իրավասու մարմինների կամ կազմակերպությունների կողմից սույն հոդվածով նախատեսված փաստաթղթեր չներկայացնելու կամ պատժի կատարման պայմանների խախտման վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում այցելում է դատապարտյալի աշխատավայր կամ հարցում է ուղարկում եզրափակիչ դատական ակտի պահանջների կատարման մասին պարզաբանումներ ստանալու նպատակով, որի արդյունքով կազմվում է արձանագրություն:
Հոդված 34. | Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումից խուսափելը |
1. Դատապարտյալի կողմից որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 10
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ՎՏԱՐԵԼՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 35. | Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու կատարումը |
1. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու կատարման նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները։
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասի հաշվառմամբ պրոբացիայի ծառայողն ազատությունից զրկելու հետ չկապված հիմնական պատժի դեպքում՝ պատժի կատարման ժամկետն ավարտվելուց առնվազն հինգ օր առաջ, իսկ ազատությունից զրկելու հետ կապված պատժի դեպքում պատժի կատարման ժամկետն ավարտվելուց առնվազն մեկ ամիս առաջ օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի պատճենն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով։
3. Վտարման ծախսերն օտարերկրյա քաղաքացու ֆինանսական միջոցների բացակայության հիմքով չհոգալու դեպքում կատարվում են համապատասխան պետական լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցների հաշվին։ Օտարերկրյա քաղաքացու վտարման օրը, երթուղին, պետական սահմանի անցման կետը և վտարմանն առնչվող՝ եզրափակիչ դատական ակտով չկարգավորված այլ հարցերը որոշում է Պրոբացիայի ծառայությունը՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այլ պետական մարմինների հետ։
4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով պրոբացիայի ծառայողը ծանուցում է ուղարկում միգրացիայի հարցերով պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում Պրոբացիայի ծառայությանը տեղեկացնելու վերաբերյալ։
5. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև այլ պետական մարմինների՝ վտարման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ:
6. Հիմնական պատժի կատարման ավարտի, հիմնական պատժից ազատվելու կամ այն փոփոխելու մասին Պրոբացիայի ծառայությունը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
Հոդված 36. | Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելու անհնարինությունը |
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված հանգամանքներն ի հայտ գալու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան դատապարտյալին պատժից ազատելու վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 11
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 37. | Զինվորական ծառայության մեջ սահմանափակման կատարումը |
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապահովում է զինվորական ծառայության մեջ սահմանափակման կատարման, ինչպես նաև դատապարտյալի կողմից կրթական կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու լրացուցիչ պարտականության կատարումը, եթե այդպիսին սահմանել է դատարանը:
2. Պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը պատժի կատարումից հետո այդ մասին տեղեկացնում է եզրափակիչ դատական ակտը կայացրած դատարանին և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
Հոդված 38. | Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը դադարեցնելը կամ փոխելը |
1. Զինվորական ծառայության մեջ սահմանափակման կատարման ընթացքում օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից դատապարտյալի ազատվելու դեպքում պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը դադարեցնում է պատժի կատարումը:
2. Զինվորական ծառայությունից դատապարտյալի՝ իր դիմումի համաձայն ազատման դեպքում պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատիժը կամ պատժի չկրած մասը տուգանքով փոխարինելու վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 12
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 39. | Ազատության սահմանափակման կատարումը |
1. Ազատության սահմանափակման կատարման նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները՝ հաշվի առնելով սույն գլխով նախատեսված առանձնահատկությունները։
2. Ազատության սահմանափակման դատապարտված անձի նկատմամբ ցանկացած դեպքում Պրոբացիայի ծառայությունը կազմում է վերահսկողության պլան:
3. Այն դեպքում, երբ դատարանը սահմանել է առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության բնակության վայրը փոխելու արգելք, ապա դատապարտյալը բնակության վայրը փոխելու համար համաձայնություն ստանալու նպատակով դիմում է Պրոբացիայի ծառայություն, որը դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կայացնում է որոշում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Պրոբացիայի ծառայությունը կարող է թույլատրել դատապարտյալին փոխել բնակության վայրը միայն բացառիկ հանգամանքների առկայության դեպքում: Բացառիկ հանգամանքներ են հանդիսանում դատապարտյալի ծանր հիվանդությունը և այլ վայրում բժշկական համապատասխան օգնություն ստանալու անհրաժեշտությունը, մերձավոր ազգականի մահը կամ ծանր հիվանդությունը, արտակարգ իրավիճակը, կրթություն ստանալու կամ այլ վայրում աշխատանքի անցնելու հիմքով բնակության այլ վայր տեղափոխվելու անհրաժեշտությունը կամ այլ հանգամանքներ, որոնք ողջամտորեն անհամատեղելի են տվյալ վայրում պատժի կատարման հետ:
5. Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի այցելելու դատապարտյալի բնակության վայր (բացառիկ դեպքերում՝ դատապարտյալի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ նաև գիշերային ժամերին), նրան կանչելու Պրոբացիայի ծառայություն, ստանալու գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, բնակության, ուսման կամ աշխատանքի վայրից, կրթական հաստատությունից պահանջելու և ստանալու պատժի կատարման համար անհրաժեշտ` դատապարտյալի վարքագծի վերաբերյալ տեղեկություններ:
6. Դատապարտյալի հետ համատեղ բնակվող անձինք պարտավոր են չխոչընդոտել պրոբացիայի ծառայողի գործունեությունը: Վերահսկողություն իրականացնող պրոբացիայի ծառայողը պետք է հնարավորինս խուսափի դատապարտյալի հետ համատեղ բնակվող անձանց անհանգստություն պատճառելուց:
7. Ազատության սահմանափակման կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ։
8. Դատապարտյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու դեպքում ազատության սահմանափակման ձևով նշանակված պատժի կատարումը կասեցվում է մինչև համապատասխանաբար նշված խափանման միջոցի ժամկետը լրանալը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ նշանակված պատժի կրման ավարտը: Այդ դեպքում ազատության սահմանափակման կատարման կասեցումը վերացնում է Պրոբացիայի ծառայությունը, իսկ պատժի կատարումը շարունակվում է ընդհանուր կարգով:
9. Սույն օրենսգրքի իմաստով՝ մերձավոր ազգական է համարվում ամուսինը, ծնողը, այդ թվում՝ խորթ ծնողը, երեխան, այդ թվում՝ խորթ երեխան, եղբայրը, քույրը, պապը, տատը և թոռը:
Հոդված 40. | Ազատության սահմանափակման կատարումից խուսափելը |
1. Ազատության սահմանափակման կատարումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և երեք աշխատանքային օրվա ընթացքում միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված ազատության սահմանափակումն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ:
ԲԱԺԻՆ 3
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 13
ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 41. | Կարճաժամկետ ազատազրկման կատարման վայրը |
1. Դատապարտյալը պատժի ժամկետը, որպես կանոն, կրում է կարճաժամկետ ազատազրկում կատարող նույն քրեակատարողական հիմնարկում:
2. Դատապարտյալը պատժի կատարման մեկ հիմնարկից մյուսը կարող է տեղափոխվել անվտանգության ապահովման նպատակով կամ առողջական վիճակից ելնելով, ինչպես նաև այլ բացառիկ հանգամանքներում, որոնք խոչընդոտում են տվյալ վայրում դատապարտյալի պատժի կատարումը:
Հոդված 42. | Դատապարտյալին պատիժը կրելու ուղարկելը |
1. Կարճաժամկետ ազատազրկումն ի կատար է ածվում եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու և այն կատարելու կարգադրությունը ստանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում։
Հոդված 43. | Կարճաժամկետ ազատազրկման կատարման կարգը և պայմանները |
1. Դատապարտյալը պահվում է խիստ մեկուսացման պայմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները։
2. Դատապարտյալի վրա տարածվում են ազատազրկման կատարման բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող, ազատազրկման դատապարտված անձանց համար սույն օրենսգրքով նախատեսված պատժի կատարման պայմանները՝ հաշվի առնելով սույն գլխով սահմանված առանձնահատկությունները:
3. Զինծառայող դատապարտյալների վրա տարածվում են սույն գլխով նախատեսված պատժի կատարման պայմանները, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ։
4. Սպայական կազմի դատապարտված զինծառայողները (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց) պահվում են շարքային կազմի դատապարտված զինծառայողներից անջատ, իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված ժամկետային դատապարտված զինծառայողները՝ պայմանագրային զինծառայողներից:
5. Դատապարտյալն օգտվում է առնվազն մեկ ժամ, իսկ անչափահաս դատապարտյալը՝ առնվազն երկու ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից:
6. Դատապարտյալի համար մասնագիտական կրթական ծրագրեր չեն իրականացվում, իսկ հանրակրթությունն իրականացվում է միայն անչափահաս դատապարտյալների համար:
Հոդված 44. | Դատապարտյալի կապն արտաքին աշխարհի հետ |
1. Կարճաժամկետ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկում նախատեսվում են տեսակցության սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու համար։
2. Դատապարտյալը պատժի ընթացքում ունի առնվազն մեկ կարճատև՝ մինչև չորս ժամ տևողությամբ տեսակցության իրավունք, որը տրամադրվում է միայն մերձավոր ազգականների հետ։
3. Անչափահաս դատապարտյալին տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն երկու կարճատև տեսակցություն՝ մինչև չորս ժամ տևողությամբ, ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ։
4. Դատապարտյալի խնդրանքով կարճատև տեսակցությունը կարող է փոխարինվել հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելով։
5. Դատապարտյալին տրվում է մեկ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ հեռախոսակապից և մեկ անգամ տեսազանգից օգտվելու իրավունք։
6. Բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարող է տրամադրվել լրացուցիչ կարճատև տեսակցություն կամ հեռախոսակապից օգտվելու հնարավորություն կամ կարճատև մեկնում՝ մինչև երեք օր ժամկետով՝ չհաշված մեկնելու և վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը: Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվարկվում է պատժի ժամկետի մեջ:
7. Դատապարտյալին թույլատրվում է իր հաշվին վարել նամակագրություն, որի գաղտնիությունը երաշխավորում ու պահպանում է քրեակատարողական հիմնարկը: Նամակագրությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով՝ առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով։
8. Տեսակցության տրամադրման, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու, նամակագրության վարման կարգը և պայմանները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։
Հոդված 45. | Դատապարտյալին չվարձատրվող աշխատանքներում ներգրավելը |
1. Կարճաժամկետ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալն իր համաձայնությամբ առանց վարձատրության կարող է ներգրավվել հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման կամ տեխնիկատնտեսական աշխատանքներում օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:
Հոդված 46. | Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները |
1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի համար դատապարտյալի նկատմամբ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.
1) շնորհակալություն.
2) զբոսանքի ժամանակի մեկ ժամով ավելացում՝ մինչև մեկ ամիս ժամկետով.
3) հեռախոսակապից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ ամսական լրացուցիչ մեկ թույլտվությունից ոչ ավելի.
4) տեսազանգից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ ամսական լրացուցիչ մեկ թույլտվությունից ոչ ավելի.
5) կարճատև տեսակցությունից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ պատժի կատարման ընթացքում մեկ թույլտվությունից ոչ ավելի.
6) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խրախուսանքի միջոցները դատապարտված զինծառայողների նկատմամբ կիրառվում են կայազորային կարգապահական մեկուսարանի ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով։
Հոդված 47. | Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները |
1. Պատժի կատարման սահմանված կարգն ու պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) տեսակցության իրավունքի սահմանափակում.
4) հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում.
5) տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում.
6) տեղափոխում պատժախուց՝ մինչև 10 օր ժամկետով։
2. Անչափահաս, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված տույժի միջոցը չի կիրառվում։
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները դատապարտված զինծառայողի նկատմամբ կիրառվում են կայազորային կարգապահական մեկուսարանի ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով։ Կարգապահական կայազորային մեկուսարանի ներքին կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 48. | Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը |
1. Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցները կիրառվում են ազատազրկման դատապարտված անձանց համար նախատեսված՝ սույն օրենսգրքի 103-րդ և 106-րդ հոդվածներով սահմանված կարգով։
Հոդված 49. | Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը |
1. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են ազատազրկման դատապարտված անձի համար՝ սույն օրենսգրքի 79-րդ հոդվածով և 18-րդ գլխով սահմանված կարգով։
2. Կարճաժամկետ ազատազրկման կատարման ժամանակահատվածն ընդհանուր զինվորական ծառայության և հերթական զինվորական կոչում ստանալու համար անհրաժեշտ ծառայության ժամկետի մեջ չի հաշվակցվում։
3. Կարճաժամկետ ազատազրկման կատարման ժամանակ դատապարտված զինծառայողը չի կարող ներկայացվել հերթական զինվորական կոչման, բարձրացվել պաշտոնում, տեղափոխվել ծառայության նոր վայր, ինչպես նաև ազատվել զինվորական ծառայությունից, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքերի։
4. Կարճաժամկետ ազատազրկման դատապարտված զինծառայողների նյութակենցաղային և բժշկական օգնության և սպասարկման ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով։
5. Կարճաժամկետ ազատազրկման դատապարտված և հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող զինծառայողները պահակախմբի հսկողությամբ տեղափոխվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում, իսկ անհնարինության դեպքում զինծառայողների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում։
Գ Լ ՈՒ Խ 14
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 50. | Դատապարտյալին պատիժը կատարելու ուղարկելը |
1. Կարգապահական գումարտակում պահելն ի կատար է ածվում եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու և այն կատարելու կարգադրությունն ստանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում։
Հոդված 51. | Կարգապահական գումարտակում պահելու կարգը և պայմանները |
1. Կարգապահական գումարտակում պատժի կրման կարգն ու պայմանները սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով։
2. Կարգապահական գումարտակի հրամանատարությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի սահմանած հատուկ ծրագրով դատապարտյալի հետ անցկացնում է ֆիզիկական և մարտական պատրաստության դասընթացներ:
3. Դատապարտյալի նկատմամբ, վերասոցիալականացման հիմնական միջոցներից բացի, կարող են կիրառվել նաև զինվորական ծառայությամբ պայմանավորված վերասոցիալականացման այլ միջոցներ:
4. Կարգապահական գումարտակում դատապարտյալին արգելվում է ունենալ կանխիկ դրամ, այդ թվում՝ արտարժույթ, արժեթղթեր, ինչպես նաև կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով արգելված առարկաներ և իրեր: Հայտնաբերված կանխիկ դրամը, այդ թվում՝ արտարժույթը, արժեթղթերը և այլ արժեքավոր իրերը, կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան, առգրավվում և պահվում են մինչև պատժից ազատվելը: Դատապարտյալից առգրավված առարկաները և իրերը կարգապահական գումարտակի հրամանատարի հրամանով հանձնվում են պահպանության կամ ոչնչացվում են՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
5. Դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունապատիկի չափով սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր և այլ գրականություն։ Սննդամթերքի և առաջին անհրաժեշտության առարկաների ցանկն ու դրանք ձեռք բերելու կարգը սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով: Կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 52. | Դատապարտյալի կապն արտաքին աշխարհի հետ |
1. Կարգապահական գումարտակում նախատեսվում են կարճատև տեսակցության սենյակներ, կապի միջոցների հանգույցներ, զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու համար։
2. Դատապարտյալն ունի ամսական առնվազն երկու կարճատև՝ մինչև չորս ժամ տևողությամբ տեսակցության իրավունք: Տեսակցությունները տրամադրվում են մերձավոր ազգականների հետ, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ կարգապահական գումարտակի հրամանատարի թույլտվությամբ, նաև այլ անձանց հետ:
3. Դատապարտյալի խնդրանքով կարճատև տեսակցությունը կարող է փոխարինվել հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելով։
4. Դատապարտյալին տրվում է մեկ ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ հեռախոսակապից և մեկ անգամ տեսազանգից օգտվելու իրավունք։
5. Բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև իր երեխային պետական կամ այլ հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարող է տրամադրվել լրացուցիչ կարճատև տեսակցություն կամ հեռախոսակապից օգտվելու հնարավորություն կամ կարճատև մեկնում՝ մինչև յոթ օր ժամկետով՝ չհաշված մեկնելու և հետ վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը: Կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվարկվում է պատժի ժամկետի մեջ: Կարճատև մեկնում տրամադրվում է ոչ ավելի, քան տարվա ընթացքում երկու անգամ:
6. Դատապարտյալն իրավունք ունի ստանալու և ուղարկելու հանձնուք կամ ծանրոց՝ շաբաթական մինչև 20 կիլոգրամ քաշով, ներառյալ հեղուկ:
7. Դատապարտյալն իրավունք ունի ստանալու և կատարելու դրամական փոխանցումներ, իր հաշվին վարելու նամակագրություն, որի գաղտնիությունը երաշխավորում ու պահպանում է կարգապահական գումարտակը: Նամակագրությունն իրականացվում է կարգապահական գումարտակի հրամանատարության միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, այն ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի անունով՝ տեղափոխման պատճառով նրա բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:
8. Տեսակցության տրամադրման, հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու, հանձնուքներ, փաթեթներ ստանալու և ուղարկելու, դրամական փոխանցումներ ստանալու և ուղարկելու, նամակագրություն վարելու կարգը և պայմանները սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով։
Հոդված 53. | Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները |
1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի համար դատապարտյալի նկատմամբ կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.
1) շնորհակալություն.
2) հեռախոսակապից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ տարեկան լրացուցիչ չորս թույլտվությունից ոչ ավելի.
3) տեսազանգից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ տարեկան լրացուցիչ չորս թույլտվությունից ոչ ավելի.
4) լրացուցիչ կարճատև տեսակցության տրամադրում՝ տարեկան լրացուցիչ երկու տեսակցությունից ոչ ավելի.
5) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խրախուսանքի միջոցներից բացի, կարող են կիրառվել զինվորական կանոնագրքերով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:
Հոդված 54. | Դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները |
1. Պատժի կատարման սահմանված կարգը և պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսակցության իրավունքի սահմանափակում.
4) մինչև մեկ ամիս տևողությամբ՝ հեռախոսակապից օգտվելու իրավունքի սահմանափակում.
5) մինչև մեկ ամիս տևողությամբ՝ տեսազանգից օգտվելու իրավունքի սահմանափակում.
6) մինչև 15 օր ժամկետով կարգապահական կալանք:
2. Կարգապահական կալանքը դատապարտյալը կրում է կարգապահական գումարտակի պատժախցում:
Հոդված 55. | Կարգապահական գումարտակում դատապարտված զինծառայողների նյութակենցաղային ապահովումը և բժշկական օգնությունն ու սպասարկումը |
1. Դատապարտված զինծառայողների նյութակենցաղային և բժշկական օգնության և սպասարկման ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով։
2. Կարգապահական գումարտակում պահվող և հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող դատապարտյալները պահակախմբի հսկողությամբ տեղափոխվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ և պահվում են հատուկ հիվանդասենյակներում, իսկ անհնարինության դեպքում զինծառայողների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկներում:
Գ Լ ՈՒ Խ 15
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՎ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 56. | Ազատազրկման և ցմահ ազատազրկման կատարման վայրերը |
1. Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրում է համապատասխանաբար ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկում:
Հոդված 57. | Ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկները և անվտանգային գոտիների տեսակները |
1. Քրեակատարողական հիմնարկները բաղկացած են անվտանգային գոտիներից: Յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ բաղկացած է մեկից երեք անվտանգային գոտուց:
2. Ըստ անվտանգության աստիճանի՝ չափահաս դատապարտյալների համար ազատազրկում և ցմահ ազատազրկում կատարող քրեակատարողական հիմնարկներում անվտանգային գոտիների տեսակներն են.
1) ցածր անվտանգային գոտի.
2) միջին անվտանգային գոտի.
3) բարձր անվտանգային գոտի։
3. Անչափահաս դատապարտյալները պատիժ են կրում անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում, որտեղ նրանց համար նախատեսվում են պատժի կրման հատուկ վերականգնողական պայմաններ, որոնք ուղղված են անչափահաս դատապարտյալի ֆիզիկական, հոգեկան, հոգևոր, բարոյական և սոցիալական բնականոն զարգացումն ապահովելուն, նրան դաստիարակելուն և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանելուն:
Հոդված 58. | Քրեակատարողական հիմնարկը և համապատասխան անվտանգային գոտին որոշելը |
1. Քրեակատարողական հիմնարկը և համապատասխան անվտանգային գոտին որոշում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը (այսուհետ՝ Տեղաբաշխման հանձնաժողով) սույն օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները։
2. Տեղաբաշխման հանձնաժողովը քրեակատարողական հիմնարկը որոշելիս ընտրում է դատապարտյալի նախկին մշտական կամ մերձավոր ազգականների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ, եթե նման տեղաբաշխումը չի խոչընդոտում անվտանգության ապահովման կամ դատապարտյալների համատեղելիության պահանջները։
3. Տեղաբաշխման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Հոդված 59. | Դատապարտյալների սկզբնական տեղաբաշխումն ըստ անվտանգային գոտու տեսակների |
1. Ցածր անվտանգային գոտում պատիժ են կրում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած դատապարտյալները։
2. Միջին անվտանգային գոտում պատիժ են կրում ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած և 10 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում չկրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում:
3. Բարձր անվտանգային գոտում պատիժ են կրում 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում կրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում։
4. Բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում դատապարտյալը տեղափոխվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանում:
Հոդված 60. | Դատապարտյալին պատժի կատարման ուղարկելու հիմքերը և ժամկետները |
1. Դատապարտյալները պատժի կատարման ուղարկվում են եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու և այն կատարելու կարգադրությունն ստանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում: Այդ ժամկետում դատապարտյալն իրավունք ունի մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ ունենալու կարճատև մեկ տեսակցություն, ինչպես նաև մեկ հեռախոսակապի կամ տեսազանգի հնարավորություն:
Հոդված 61. | Դատապարտյալի փոխադրումը |
1. Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկ կամ մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվում պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին:
2. Դատապարտյալը տեղափոխվում է բավարար լուսավորություն և օդափոխություն ունեցող, իրեն ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ։ Տեղափոխման ընթացքում դատապարտյալը պետք է ապահովված լինի համապատասխան նյութակենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես նաև հնարավորինս պաշտպանված լինի հասարակական հետաքրքրասիրությունից:
3. Դատապարտյալի՝ պահակախմբով փոխադրումն իրականացվում է տղամարդկանց կանանցից, անչափահասներին չափահասներից, միևնույն գործով դատապարտված անձանց միմյանցից և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող դատապարտյալին այլ դատապարտյալներից անջատ:
Հոդված 62. | Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելը |
1. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով։
2. Քրեակատարողական հիմնարկ տեղափոխված դատապարտյալը նախնական բժշկական զննություն անցնելու, քրեակատարողական հիմնարկի պայմաններին հարմարվելու, քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով նախատեսված պատժի կատարման կարգին և պայմաններին իրազեկվելու, ինչպես նաև ինքնասպանության և ինքնավնասման ռիսկը վեր հանելու և գնահատելու, ռիսկերի և կարիքների գնահատման հիման վրա պատժի կատարման անհատական պլանավորման և պայմանների որոշման նպատակով մինչև 15 օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում։ Կարանտինային բաժանմունքում դատապարտյալի գտնվելու առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։
3. Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց անմիջապես հետո դատապարտյալը գրանցվում է համապատասխան մատյաններում և անհատական քարտում։
4. Յուրաքանչյուր դատապարտյալի համար վարվում է անձնական գործ։ Անձնական գործը պետք է ներառի դատապարտյալի անձին և պատժի կատարմանը վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ, այդ թվում՝ դատապարտյալի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցի մասին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկ ընդունելու և պատժից ազատելու ամսաթվերը։ Անձնական գործին կարող են ծանոթանալ դատապարտյալը և նման լիազորություն ունեցող մարմինները կամ անձինք։
5. Կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո դատապարտյալը տեղեկացվում է իր հիմնական իրավունքների և պարտականությունների, քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի, քրեակատարողական հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման կարգի և այլ առանձնահատկությունների մասին, որի վերաբերյալ տեղեկանքը կցվում է դատապարտյալի անձնական գործին։
6. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը երաշխավորում է դատապարտյալի անձնական տվյալների պաշտպանությունը:
Հոդված 63. | Քրեակատարողական հիմնարկի գտնվելու վայրի մասին հայտնելը |
1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է դատապարտյալի՝ քրեակատարողական հիմնարկ ընդունվելու, այդ թվում՝ մեկ այլ հիմնարկից տեղափոխվելու մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան քրեակատարողական հիմնարկ ընդունվելուց հետո՝ երեք ժամվա ընթացքում, տեղեկացնել դատապարտյալի ցանկությամբ նրա մերձավոր ազգականներին կամ դատապարտյալի նշած այլ անձանց։
2. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն իրավունք չունի դատապարտյալի գտնվելու վայրի մասին հայտնելու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց, եթե դատապարտյալը գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին, բացառությամբ անչափահաս դատապարտյալների։
Հոդված 64. | Դատապարտյալներին միմյանցից անջատ պահելը |
1. Քրեակատարողական հիմնարկում, որպես կանոն, միմյանցից անջատ են պահվում՝
1) տղամարդիկ՝ կանանցից.
2) անչափահասները՝ չափահասներից, բացառությամբ սույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի.
3) բարձր ռիսկայնություն ունեցող դատապարտյալները, որոնց անձնական հատկանիշները, քրեական ազդեցությունը, հանցագործության շարժառիթը, պատիժ կատարող մարմնում կամ հիմնարկում անօրինական գործողությունների կամ վարքագծի հետևանքները լուրջ սպառնալիք են ներկայացնում քրեակատարողական հիմնարկի, մյուս դատապարտյալների կամ այլ անձանց անվտանգությանն ու ապահովությանը՝ մյուս դատապարտյալներից.
4) դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության ավագ ենթասպայական և սպայական կազմերի զինծառայող կամ նախկին զինծառայող դատապարտյալները՝ մյուս դատապարտյալներից.
5) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից.
6) օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` մյուս դատապարտյալներից։
2. Քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներում դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները կիրառվում են այնքանով, որքանով հնարավոր է դրանք ապահովել։
3. Դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները կարող են չպահպանվել, եթե դատապարտյալները մասնակցում են իրենց համար կազմակերպված սոցիալական, հոգեբանական, հոգեթերապևտիկ, իրավական աշխատանքների, աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում։
Հոդված 65. | Դատապարտյալի կողմից պատժի ժամկետը մեկ քրեակատարողական հիմնարկում կրելը |
1. Դատապարտյալը պատժի ժամկետը, որպես կանոն, կրում է մեկ քրեակատարողական հիմնարկում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի։
2. Պահպանելով անվտանգային գոտու տեսակը՝ պատժի կատարումը շարունակելու համար դատապարտյալին մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը կարող է թույլատրվել՝
1) դատապարտյալի ռիսկայնությամբ պայմանավորված.
2) դատապարտյալի անվտանգությունն ապահովելու նպատակով.
3) դատապարտյալի հիվանդությամբ պայմանավորված .
4) քրեակատարողական հիմնարկի վերակազմակերպման կամ գործունեության դադարեցման արդյունքով.
5) արտակարգ կամ ռազմական դրության, արտակարգ իրավիճակի, զանգվածային անկարգության, դատապարտյալների զանգվածային անհնազանդության, քրեակատարողական հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի շենքային ենթակառուցվածքների վնասման արդյունքով.
6) դատապարտյալի՝ արտաքին աշխարհի հետ կապն ապահովելու նպատակով.
7) տվյալ քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի հետագա պատիժը կրելը խոչընդոտող այլ բացառիկ հանգամանքների դեպքերում:
Հոդված 66. | Դատապարտյալին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար բարձր անվտանգային գոտի տեղափոխելը կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելը |
1. Դատապարտյալը, որը պատիժը պետք է կրի կամ կրում է միջին անվտանգային գոտում, կարող է տեղափոխվել բարձր անվտանգային գոտի կամ թողնվել կալանավորվածներին պահելու վայրում` տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով:
2. Դատապարտյալը տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար բարձր անվտանգային գոտի է տեղափոխվում կամ կալանավորվածներին պահելու վայրում է թողնվում Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ, դատապարտյալի գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով նրա դրական վարքագիծը։
3. Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար բարձր անվտանգային գոտի տեղափոխված կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնված դատապարտյալը պահվում է միջին անվտանգային գոտու համար` սույն օրենսգրքով և քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով նախատեսված պայմաններում՝ մյուս դատապարտյալներից մեկուսացված և անջատ, չփակվող ընդհանուր խցում և օգտվում է ամենօրյա երկժամյա զբոսանքի իրավունքից։
Հոդված 67. | Քրեական վարույթին մասնակցելու նպատակով դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում թողնելը կամ վարույթն իրականացնող մարմնին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահելը |
1. Այն դեպքում, երբ դատապարտյալը քրեական այլ վարույթի շրջանակներում ունի մեղադրյալի կարգավիճակ, ապա քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ և Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ նա կարող է պահվել նախաքննություն կատարող մարմնի կամ տվյալ դատարանի դատական տարածքին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում՝ պահպանելով անվտանգային գոտու տեսակը, կամ կարող է թողնվել կալանավորվածներին պահելու վայրում։
2. Մեկ այլ անձին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով դատաքննությանը մասնակցելու անհրաժեշտության դեպքում դատապարտյալը, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությամբ և Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ, կարող է պահվել տվյալ դատարանի դատական տարածքին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում՝ պահպանելով անվտանգային գոտու տեսակը։
3. Դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրում կարող է թողնվել մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը: Կալանավորվածներին պահելու վայրում գտնվող դատապարտյալն օգտվում է դատապարտյալի իրավունքներից և կրում է դատապարտյալի պարտականությունները:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հիմքով քրեական վարույթն իրականացնող մարմնին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկում պահվելու ընթացքում, ինչպես նաև այդ հիմքը վերանալու դեպքում դատապարտյալն այլ քրեակատարողական հիմնարկ կարող է տեղափոխվել սույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ պահպանելով անվտանգային գոտու տեսակը:
Հոդված 68. | Անվտանգային գոտու տեսակը փոխելը |
1. Պատժի կատարման ընթացքում, դատապարտյալի վարքագծից ելնելով կամ դատապարտյալին պատժից ազատելու նախապատրաստման նպատակով, անվտանգային գոտու տեսակը կարող է փոխվել։
2. Դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալը պատժի հետագա կատարումը շարունակելու համար կարող է տեղափոխվել անվտանգության ավելի ցածր աստիճան ունեցող անվտանգային գոտի՝ սույն օրենսգրքի 64-րդ և 69-րդ հոդվածներով սահմանված կարգով և պայմաններով։
3. Պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտումների համար դատապարտյալը կարող է տեղափոխվել անվտանգության ավելի բարձր աստիճան ունեցող անվտանգային գոտի՝ ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:
4. Անվտանգային գոտու տեսակը փոխում է Տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով դատապարտյալի դրսևորած վարքագիծը, անվտանգության աստիճանի նպատակահարմարությունը և սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի պահանջները։
Հոդված 69. | Պատժի կատարման համար անվտանգային գոտու տեսակը փոխելու կարգը և պայմանները |
1. Պատժի կատարման համար անվտանգային գոտու տեսակը կարող է փոխվել անվտանգության ավելի ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունն ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագծի վերաբերյալ:
2. Դատապարտյալը կարող է տեղափոխվել՝
1) ցածր անվտանգային գոտի, եթե՝
ա. դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման կամ նախկինում չի կրել ազատազրկում՝ ռեցիդիվի դեպքում, և պատիժը կրում է միջին անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,
բ. դատապարտվել է 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման կամ նախկինում կրել է ազատազրկում՝ ռեցիդիվի դեպքում, և պատիժը կրում է միջին անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո,
գ. դատապարտվել է ցմահ ազատազրկման և պատիժը կրում է միջին անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո.
2) միջին անվտանգային գոտի, եթե՝
ա. դատապարտվել է 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման կամ նախկինում ազատազրկում է կրել՝ ռեցիդիվի դեպքում, և պատիժը կրում է բարձր անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ. դատապարտվել է ցմահ ազատազրկման և պատիժը կրում է բարձր անվտանգային գոտում՝ նշանակված պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո։
3. Պատժի կատարման համար անվտանգային գոտու տեսակը կարող է փոխվել դեպի անվտանգային ավելի բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությունը դատապարտյալի դրսևորած բացասական վարքագծի վերաբերյալ կամ վերջինիս գրավոր դիմումը։ Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կատարելու համար անվտանգային գոտու տեսակը չի կարող փոխվել բարձր անվտանգային գոտու, բացառությամբ ռեցիդիվի դեպքում։
4. Տեղաբաշխման հանձնաժողովը հարցը քննարկում է դատապարտյալի դիմումի հիման վրա քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացրած միջնորդագիրն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում։ Բացառիկ դեպքերում սույն մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, եթե անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ուսումնասիրություն այնպիսի հանգամանքների վերաբերյալ, որոնք անմիջականորեն կարող են ազդել քննարկման արդյունքի վրա։
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջնորդագիրը ներկայացնելուց հետո դատապարտյալի վարքագծում նոր հանգամանք ի հայտ գալու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Տեղաբաշխման հանձնաժողովին:
6. Եթե դատապարտյալը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում իր գրավոր դիմումի համաձայն տեղափոխվել է անվտանգության ավելի բարձր աստիճանի անվտանգային գոտի, ապա տեղափոխումից հետո նրա անվտանգության ավելի ցածր աստիճանի անվտանգային գոտու տեղափոխման հարցը քննարկվում է ընդհանուր կարգով։ Այս դեպքում դատապարտյալը կարող է տեղափոխվել անվտանգության ավելի ցածր աստիճանի անվտանգային գոտի առնվազն երեք ամիս անվտանգության ավելի բարձր աստիճանի անվտանգային գոտում պատիժը կրելուց հետո։
7. Եթե պատժի կատարման համար անվտանգային գոտու տեսակը փոխվել է անվտանգության ավելի ցածր աստիճանի, ապա փոխվելուց հետո անվտանգային գոտու տեսակն անվտանգության ավելի ցածր աստիճանի անվտանգային գոտիով փոխելու հարցը կարող է Տեղաբաշխման հանձնաժողովը կրկին քննարկել տվյալ անվտանգային գոտու տեսակում պատիժն առնվազն մեկ տարի կրելուց հետո, իսկ եթե պատժի մնացած մասը պակաս է մեկ տարուց, ապա՝ պատժի մնացած մասի կեսը կրելուց հետո։
8. Եթե դատապարտյալը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում իր դրսևորած բացասական վարքագծի հիման վրա տեղափոխվել է անվտանգության ավելի բարձր աստիճանի անվտանգային գոտի, ապա անվտանգության ավելի ցածր աստիճանի յուրաքանչյուր հաջորդ անվտանգային գոտի դատապարտյալի տեղափոխման հարցը կարող է քննարկվել ավելի բարձր աստիճանի անվտանգային գոտի տեղափոխման ժամկետի կեսը կրելուց հետո:
9. Տեղաբաշխման հանձնաժողովի կողմից անվտանգային գոտու տեսակն անվտանգության ավելի ցածր աստիճանի փոխելու վերաբերյալ քրեակատարողական հիմնարկի միջնորդագիրը մերժելու մասին որոշում կայացված լինելու դեպքում Տեղաբաշխման հանձնաժողովի քննարկմանը նոր միջնորդագիր կարող է ներկայացվել առնվազն երեք ամիս հետո:
Գ Լ ՈՒ Խ 16
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՅՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 70. | Քրեակատարողական հիմնարկների կանոնակարգը և դրա հիմնական պահանջները |
1. Կանոնակարգը քրեակատարողական հիմնարկներում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ ազատությունից զրկելու հետ կապված պատժի կատարման կարգի և պայմանների ամբողջությունն է։
2. Կանոնակարգն ապահովում է դատապարտյալի պահպանությունը և պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից, մշտական հսկողությունը նրա նկատմամբ, նրա պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, իրավունքների ու օրինական շահերի իրականացումը, դատապարտյալի և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անվտանգությունը, դատապարտյալին պահելու տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից և նրա վարքագծից, անվտանգային գոտու տեսակից, ինչպես նաև պատժի կատարման պայմանների փոփոխումը։
3. Քրեակատարողական հիմնարկներում սահմանված կանոնակարգի նպատակն է՝
1) ապահովել քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի արժանապատիվ պահման պայմանները.
2) հնարավորինս նվազեցնել ազատազրկման և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական տարբերությունները.
3) ապահովել կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ.
4) վերասոցիալականացնել դատապարտյալին և ձևավորել նրա դրական վարքագիծը.
5) աջակցել դատապարտյալին՝ նրանում ձևավորելու և զարգացնելու այնպիսի հմտություններ և ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպել հետագա կյանքը։
Հոդված 71. | Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը |
1. Քրեակատարողական հիմնարկներում սահմանվում է ներքին կանոնակարգ, որը նախատեսում է դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելու կարգը, դատապարտյալի վարքագծի կանոնները, դատապարտյալին արգելված առարկաների և իրերի ցանկը, արգելված առարկաներն առգրավելու, դատապարտյալի և քրեակատարողական հիմնարկում նրա խցի կամ կացարանի խուզարկություն, ինչպես նաև նրա իրերի զննություն կատարելու, տեսակցության, նամակագրության, հանձնուքներն ու ծանրոցները դատապարտյալին փոխանցելու, հեռախոսակապից, այդ թվում՝ տեսազանգից օգտվելու կարգը, օրվա կարգացուցակը և սույն օրենսգրքից, ինչպես նաև իրավական այլ ակտերից բխող այլ հարցեր։
2. Ինքնասպանության, ինքնավնասման կամ ռիսկային այլ խմբին դասվող դատապարտյալների համար ներքին կանոնակարգով կարող են նախատեսվել լրացուցիչ արգելված իրեր և առարկաներ:
3. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է դատապարտյալին հասկանալի լեզվով տեղեկացնել քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի մասին քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքում՝ նրանից ստորագրություն վերցնելով։
4. Դատապարտյալին հնարավորություն է տրվում իր ցանկությամբ լրացուցիչ տեղեկություն ստանալու քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի մասին։ Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգն ամբողջությամբ կամ քաղվածքներով փակցվում է քրեակատարողական հիմնարկի՝ բոլորի համար տեսանելի վայրերում։
5. Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 72. | Էլեկտրոնային հսկողությունը |
1. Դատապարտյալների կամ այլ անձանց անվտանգության ապահովման կամ այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով՝ դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կատարման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցանքները կամ այլ իրավախախտումները կանխելու կամ խափանելու նպատակով քրեակատարողական հիմնարկում և դրան հարող տարածքում կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողություն՝ տեսաձայնագրող միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ։
2. Էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներով։ Էլեկտրոնային հսկողության իրականացումը կարող է դադարեցվել քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ։
3. Էլեկտրոնային հսկողություն իրականացնելու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը տեսանելի վայրում տեղադրում է համապատասխան նախազգուշական նշան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Համապատասխան նախազգուշական նշանը տեղադրվում է այնպես, որ տեսանելի լինի մինչև տեսահսկման տարածք մտնելը: Նշված հսկողության մասին հիմնարկի վարչակազմը պարտավոր է գրավոր տեղեկացնել դատապարտյալներին։
4. Էլեկտրոնային հսկողությունը պետք է իրականացվի այնպիսի պայմաններում, որոնք չեն նվաստացնում դատապարտյալների պատիվն ու արժանապատվությունը:
5. Երկարատև տեսակցությունների համար հատկացված սենյակներում, կացարաններում և խցերում էլեկտրոնային հսկողություն չի իրականացվում։
6. Էլեկտրոնային հսկողության ընթացքում ամրագրմամբ կամ այլ կերպ արձանագրմամբ ստացված տվյալները կարող են պահպանվել, եթե դրանք վերաբերում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքներին, դրանց իրական վտանգին կամ իրավախախտման կատարմանը, իսկ մնացած դեպքերում այդ տվյալները ենթակա են ոչնչացման դրանք արձանագրելու պահից մեկամսյա ժամկետում։
7. Եթե էլեկտրոնային հսկողության ընթացքում հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տեսանյութերը կամ լուսանկարները քրեակատարողական հիմնարկում պահվում են մինչև իրավախախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը կամ լուսանկարները պահվում են մինչև անձի խախտված իրավունքների և օրինական շահերի վերականգնումը, բայց ոչ ավելի, քան վեցամսյա ժամկետով:
8. Այն դատապարտյալը, որի վերաբերյալ էլեկտրոնային հսկողության արդյունքով հավաքվել են տեղեկություններ, նրա պաշտպանը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունեն ծանոթանալու իրականացված էլեկտրոնային հսկողության արդյունքով ստացված տվյալներին՝ քրեակատարողական հիմնարկի պետին ներկայացված գրավոր հարցման հիման վրա։
9. Էլեկտրոնային հսկողության համար քրեակատարողական հիմնարկում առանձնացվում են հատուկ աշխատակիցներ, որոնք էլեկտրոնային հսկողության ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները, տեսաձայնագրությունը, ձայնագրությունները կամ այլ արդյունքներն իրավասու են տրամադրելու միայն քրեակատարողական հիմնարկի պետին կամ նրա տեղակալին՝ հետագա ընթացքը լուծելու համար, իսկ դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման դեպքում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարմնին կամ անձին:
10. Էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, դրա արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպանման և ոչնչացման պայմանները, ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկն ու դրանց կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները կիրառելի չեն քրեակատարողական հիմնարկներում իրականացվող օպերատիվ-հետախուզական և գաղտնի քննչական գործողությունների նկատմամբ:
Հոդված 73. | Օպերատիվ-հետախուզական գործունեությունը և գաղտնի քննչական գործողությունները քրեակատարողական հիմնարկներում |
1. Քրեակատարողական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն՝ քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությունն ապահովելու, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող հանցագործությունները կանխելու և բացահայտելու նպատակով:
2. Քրեական վարույթի շրջանակներում քրեակատարողական հիմնարկներում կարող են իրականացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և գաղտնի քննչական գործողություններ:
3. Քրեակատարողական հիմնարկներում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործունեությունն իրականացնում են քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումները, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում նման լիազորություններով օժտված այլ մարմիններ:
Հոդված 74. | Խուզարկությունը և զննումը քրեակատարողական հիմնարկում |
1. Քրեակատարողական հիմնարկից փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կատարման կարգի խախտումները, անկարգությունները, հանցանքները կամ այլ իրավախախտումներ կանխելու կամ խափանելու նպատակով դատապարտյալը կարող է ենթարկվել զննման, անձնական խուզարկության, նրա իրերը՝ զննման, իսկ քրեակատարողական հիմնարկում նրա կացարանը, մեկուսացված խուցը կամ նրա գտնվելու այլ վայրը՝ խուզարկության։
2. Քրեակատարողական հիմնարկ այցելած անձինք սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նպատակով կարող են ենթարկվել զննման:
3. Քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու, քրեակատարողական հիմնարկից դուրս գալու, խցից կամ կացարանից մեկ այլ խուց կամ կացարան կամ բժշկական ստորաբաժանում տեղափոխվելու դեպքում դատապարտյալը ենթարկվում է զննման:
4. Եթե քրեակատարողական հիմնարկ այցելած անձի կամ դատապարտյալի զննման արդյունքներով առկա է ողջամիտ կասկած, որ անձի մոտ առկա է արգելված իր կամ առարկա կամ այնպիսի իր կամ առարկա, որը կարող է օգտագործվել փախուստ, ինքնավնասում, ինքնասպանություն, հանցանք կամ այլ իրավախախտում, անկարգություն կատարելու համար կամ խախտում է պատժի կատարման կարգը, ապա անձը կարող է ենթարկվել անձնական խուզարկության: Մերկացմամբ զուգորդվող անձնական խուզարկությունը կարող է իրականացնել միայն նույն սեռի աշխատակիցը: Խուզարկությունը պետք է անցկացվի այնպիսի պայմաններում, որոնք չեն նվաստացնում անձի արժանապատվությունը:
5. Խուզարկության և զննության, խուզարկության արդյունքով վերցված իրերի և առարկաների պահման ու տնօրինման կարգը և պայմանները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:
Հոդված 75. | Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, քաղաքացիական և մարտական զենքի կիրառման հիմքերը |
1. Քրեակատարողական ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, քաղաքացիական և մարտական զենք կիրառվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
Հոդված 76. | Կանոնակարգը քրեակատարողական հիմնարկում արտակարգ իրավիճակում |
1. Քրեակատարողական հիմնարկի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպես նաև դատապարտյալների զանգվածային անհնազանդության, քրեակատարողական հիմնարկի վրա հարձակման կամ դրա իրական վտանգի դեպքերում քրեակատարողական հիմնարկում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ։
2. Արտակարգ իրավիճակ հայտարարում և դադարեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ մինչև 30 օր ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում, իսկ դատապարտյալների զանգվածային անկարգության և զանգվածային անհնազանդության դեպքում արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո անհապաղ դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ համապատասխան որոշում ընդունելու համար։ Բացառիկ դեպքերում արտակարգ իրավիճակ հայտարարելու ժամկետը կարող է երկարաձգվել ևս մինչև 30 օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչև դրա անհրաժեշտությունը վերանալը։
3. Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կասեցվել դատապարտյալի՝ սույն օրենսգրքով սահմանված իրավունքների իրականացումը, սահմանվել պահպանության և հսկողության ուժեղացված տարբերակներ, քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու հատուկ կարգ, փոփոխվել օրվա կանոնակարգը, սահմանափակվել արտադրական, նյութակենցաղային, աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ գործունեությունը, կարող են ձեռնարկվել նաև օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ։ Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգն արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
4. Դատապարտյալի, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կամ այլ անձանց կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգի դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների սահմաններում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Քրեակատարողական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, որը ծանուցումն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում արտակարգ իրավիճակի կանոնակարգ սահմանելու կամ այն վերացնելու մասին։
5. Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատապարտյալներին։
Գ Լ ՈՒ Խ 17
ՊԱՏԺԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
Հոդված 77. | Դատապարտյալի պատժի կատարման պայմանները |
1. Ազատազրկման դատապարտված անձը մեկ քրեակատարողական հիմնարկում կարող է գտնվել տվյալ հիմնարկի տեսակով նախատեսված պատժի կատարման անվտանգային գոտու մեղմ և խիստ պայմաններում։
2. Քրեակատարողական հիմնարկում պատժի նախնական կատարման պայմանները որոշում է քրեակատարողական հիմնարկի պետը՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի, 96-րդ հոդվածի 1-ին մասի և 97-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:
3. Պատժի կատարման պայմանների փոփոխումը սույն օրենսգրքի 95-98-րդ հոդվածներով նախատեսված հիմքերով իրականացվում է քրեակատարողական հիմնարկի Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացությամբ՝ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ։
4. Քրեակատարողական հիմնարկում պատժի կատարման խիստ պայմանների տեղափոխման հետ անհամաձայնության դեպքում դատապարտյալն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բողոքարկելու տեղափոխման մասին որոշումը։
5. Պատժի կատարման խիստ պայմաններում դատապարտյալի դրական վարքագծի ձևավորմանը նպաստելու նպատակով դատապարտյալի բացօթյա զբոսանքի, մարմնամարզության, արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ստանալու և ուղարկելու իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել՝ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշման հիման վրա։
Հոդված 78. | Դատապարտյալին առանձին պահելը |
1. Դատապարտյալն իր դիմումի համաձայն կամ քրեակատարողական հիմնարկի պետի նախաձեռնությամբ կարող է պահվել առանձին՝ պաշտպանական նպատակով՝ իր, իսկ կանխարգելիչ նպատակով՝ այլ անձանց կամ քրեակատարողական հիմնարկի անվտանգությանն ու ապահովությանն սպառնացող վտանգի դեպքում:
2. Կանխարգելիչ նպատակով դատապարտյալը պահվում է առանձին, եթե առկա են այնպիսի տվյալներ կամ փաստեր, որոնք ողջամտորեն հիմք են տալիս ենթադրելու, որ դատապարտյալը կարող է՝
1) վտանգ ներկայացնել հիմնարկում աշխատող, այնտեղ պատիժ կրող կամ այցելող անձանց համար.
2) իր միջոցներով կամ արտաքին օժանդակությամբ դիմել փախուստի:
3. Եթե պաշտպանական նպատակով առանձին պահելու համար դատապարտյալը դիմում է քրեակատարողական հիմնարկի պետին, ապա դիմումում պետք է ներկայացնի իր անվտանգությանն ու ապահովությանն սպառնացող վտանգի վերաբերյալ տեղեկություններ: Դիմումն անհապաղ, բայց ոչ ուշ, քան այն ստանալու պահից երկու ժամվա ընթացքում մերժվում կամ բավարարվում է քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ:
4. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը հայտնաբերվելուց հետո՝ անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու ժամվա ընթացքում, քրեակատարողական հիմնարկի պետը կայացնում է դատապարտյալին առանձին պահելու մասին պատճառաբանված որոշում, որը պետք է պարունակի դատապարտյալին պաշտպանական կամ կանխարգելիչ նպատակով առանձին պահելու հիմք հանդիսացող՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգի վերաբերյալ տվյալներ և դատապարտյալի դիրքորոշումը՝ իրեն առանձին պահելու վերաբերյալ: Որոշում կայացնելու պահին դատապարտյալի դիրքորոշումը ճշտելու անհնարինության դեպքում այն արձանագրվում է առաջին հնարավորության դեպքում և կցվում որոշմանը: Դատապարտյալը, ներքին կանոնակարգով սահմանված կարգով, անհապաղ տեղեկացվում է կայացված որոշման մասին:
5. Առանձին պահելու վերաբերյալ դատապարտյալի դիմումն ստանալուց կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը հայտնաբերելուց հետո՝ անհապաղ, քրեակատարողական հիմնարկի վարչակազմն անձին առանձնացնում է տվյալ քրեակատարողական հիմնարկի անվտանգ գոտում մինչև համապատասխան որոշման կայացումը:
6. Առանձին պահվելու դեպքում դատապարտյալը նվազագույնն իրավունք ունի՝
1) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն, հոգեբանական, հոգեթերապևտիկ աջակցություն ստանալու.
2) ամենօրյա մեկ ժամ զբոսանքի և մարմնամարզության.
3) գրականությունից օգտվելու.
4) մարդկային արդյունավետ շփումների, ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի պահպանման:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով չնախատեսված՝ դատապարտյալի մյուս իրավունքները կարող են սահմանափակվել միայն այնքանով, որքանով դրանց սահմանափակումն անմիջականորեն պայմանավորված է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգի չեզոքացմամբ կամ վերացմամբ, և եթե այլ միջոցներով ողջամտորեն հնարավոր չէ չեզոքացնել կամ վերացնել այն: Յուրաքանչյուր սահմանափակում կիրառելիս պատճառաբանված որոշմամբ պետք է հիմնավորվեն պատճառական կապը նշված վտանգի չեզոքացման կամ վերացման և կիրառվող սահմանափակման միջև, ինչպես նաև սահմանափակում կիրառելու բացառիկ անհրաժեշտությունը:
8. Դատապարտյալն առանձին պահվում է այլ դատապարտյալների պահման պայմաններին հավասար պայմաններում: Առանձին պահելը չպետք է ունենա պատժիչ բնույթ, այն պետք է կիրառվի անհրաժեշտ ամենակարճ ժամանակահատվածով և միայն այն դեպքում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ ողջամտորեն չեզոքացնել կամ վերացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը։ Դատապարտյալին առանձին պահելու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դրա համար հիմք հանդիսացող հանգամանքների չեզոքացման կամ վերացման և դատապարտյալի իրավունքների իրականացումն ապահովելու ուղղությամբ:
9. Դատապարտյալին առանձնացնելուց անմիջապես հետո նրան այցելում է քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման բժիշկը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի ներկայացուցիչը՝ այդ մասին գրառում կատարելով անձի ամբուլատոր բժշկական քարտում: Կանխարգելիչ նպատակով առանձին պահվող դատապարտյալին առանձնացնելուց հետո՝ երեք ժամվա ընթացքում, պարբերաբար այցելում է նաև պատասխանատու հերթապահը:
10. Առանձին պահվող դատապարտյալին ամեն օր այցելում են քրեակատարողական հիմնարկի պետը, ինչպես նաև հոգեբանը և քրեակատարողական հիմնարկում տեղակայված բժշկական ստորաբաժանման բժիշկը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի ներկայացուցիչը` այդ մասին գրառում կատարելով անձի համապատասխան անհատական և ամբուլատոր բժշկական քարտերում: Այն դեպքում, երբ բժշկական ստորաբաժանման համապատասխան ներկայացուցիչը գտնում է, որ դատապարտյալին առանձին պահելը լրջորեն սպառնում է վերջինիս առողջությանը, ապա այդ մասին անհապաղ հայտնում է քրեակատարողական հիմնարկի պետին, որը պարտավոր է վերանայել դատապարտյալին առանձին պահելու որոշումը:
11. Պաշտպանական նպատակով առանձին պահելու դեպքում կայացված որոշումը ենթակա է վերանայման պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան առանձնացվելուց հետո՝ յուրաքանչյուր հինգերորդ օրը: Եթե վերանայման արդյունքով հաստատվում է անձին դեռևս առանձին պահելու անհրաժեշտությունը, ապա քրեակատարողական հիմնարկի պետը դրա վերաբերյալ կայացնում է պատճառաբանված որոշում՝ հիմնավորելով անձին առանձին պահելու անհրաժեշտության շարունակականությունը և այլ միջոցներով անձի անվտանգության ապահովման անհնարինությունը:
12. Եթե կանխարգելիչ նպատակով դատապարտյալին անհրաժեշտ է առանձին պահել 24 ժամից ավելի ժամկետով, ապա առանձին պահելու վերաբերյալ կայացված որոշումը ենթակա է վերանայման անձին առանձնացնելուց 24 ժամ հետո: Այն դեպքերում, երբ առանձին պահելու հիմքը չի վերացել, ապա անձը շարունակում է պահվել առանձին՝ քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ: Այս դեպքում անձին առանձին պահելու որոշումը պետք է կրկին վերանայվի սկզբնական որոշման կայացումից մեկ ամիս անց, իսկ հետագայում՝ պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ՝ յուրաքանչյուր դեպքում համապատասխան որոշմամբ հիմնավորելով վտանգի առկայության շարունակականությունը և այն այլ միջոցներով չեզոքացնելու անհնարինությունը:
13. Սույն հոդվածի 11-րդ կամ 12-րդ մասով սահմանված կարգով առանձին պահելը վերանայելու յուրաքանչյուր դեպքում որոշում կայացնելիս հաշվի է առնվում քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների դիրքորոշումը: Կայացվող որոշումը պետք է պարունակի նաև առանձին պահվող դատապարտյալի դիրքորոշումը՝ կայացվող որոշման վերաբերյալ:
14. Քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալին առանձին պահելը դադարեցվում է, եթե վերացել կամ չեզոքացվել է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վտանգը: Որոշումը կայացնելիս հաշվի է առնվում քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների դիրքորոշումը: Որոշումը պետք է պարունակի նաև առանձին պահվող դատապարտյալի դիրքորոշումը՝ կայացվող որոշման վերաբերյալ:
15. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները չեն տարածվում անձին բժշկական անհրաժեշտությունից ելնելով առանձին պահելու դեպքերի վրա:
Հոդված 79. | Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը |
1. Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ չափանիշներին, ինչպես նաև ապահովի նրա առողջության պահպանումը։ Քրեակատարողական հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից։
2. Դատապարտյալին տրամադրվում են քնելու անհատական տեղ և անկողնային պարագաներ։ Դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակին, կլիմայական պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքով։ Դատապարտյալն իր հագուստի վրա կրում է անվանական տարբերանշան: Դատապարտյալի հանդերձանքը չպետք է լինի ճնշող կամ նվաստացնող։
3. Դատապարտյալը պետք է ապահովված լինի իր հիգիենայի պահանջները բավարարելու համար մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններով։ Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։
4. Դատապարտյալը պատժի կատարման ընթացքում ապահովվում է օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդամթերքով։ Սննդամթերքի որակը և սննդարարությունը սահմանված չափաբաժիններից որևէ կերպ պակասեցնելը, այդ թվում՝ որպես տույժի միջոց, արգելվում է։ Անչափահաս, հղի, կերակրող մայր կամ հիվանդ դատապարտյալն ապահովվում է հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով։ Դատապարտյալը պետք է ապահովված լինի խմելու ջրով։ Հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով ապահովման կարիք առաջացնող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալին տրամադրվող հավելյալ կամ դիետիկ սննդամթերքի չափաբաժինները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սույն օրենսգրքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաև գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր և այլ գրականություն։ Սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը, ինչպես նաև այն առարկաների ցանկը, որոնք արգելված է վաճառել դատապարտյալին, սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։
6. Դատապարտյալին տրամադրվում է ամենօրյա ոչ պակաս, քան մեկ ժամ, իսկ հղի, մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ անչափահաս դատապարտյալներին՝ ոչ պակաս, քան երկու ժամ տևողությամբ զբոսանք, որը կազմակերպվում է ցերեկային ժամերին՝ դրա համար նախատեսված բացօթյա տարածքում։ Դատապարտյալի զբոսանքի տևողությունը սահմանվում է սույն օրենսգրքով՝ հաշվի առնելով անվտանգային գոտու տեսակը։ Դատապարտյալների կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնները խախտելու դեպքում զբոսանքը կարող է ժամկետից շուտ դադարեցվել։
7. Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները, սննդամթերքի օրական միջին և մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 80. | Ազատազրկման դատապարտված անձանց տեսակցությունները |
1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ստեղծում է համապատասխան պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու նպատակով։ Այդ նպատակով քրեակատարողական հիմնարկում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ։
2. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի տարածքում տրվում են տեսակցություններ. կարճատև՝ մինչև չորս ժամ տևողությամբ, և երկարատև՝ մինչև երեք օր տևողությամբ։ Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատապարտյալներին կարող Է տրվել հինգ օր տևողությամբ երկարատև տեսակցություն՝ քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով։ Այս տեսակցության անցկացման կարգը սահմանվում է քրեակատարողական հիմնարկի կանոնակարգով՝ ելնելով դատապարտյալի նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից։ Տրամադրվող տեսակցությունների տեսակը և քանակը սահմանվում են սույն օրենսգրքով։
3. Կարճատև տեսակցություններ տրամադրվում են մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ՝ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ։ Երկարատև տեսակցություններ տրամադրվում են միայն մերձավոր ազգականների կամ այն անձանց հետ, ում հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա:
4. Դատապարտյալի ցանկությամբ երկարատև մեկ տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև մեկ տեսակցությամբ, իսկ կարճատև մեկ տեսակցությունը՝ մեկ հեռախոսակապով կամ տեսազանգով։
5. Դատապարտյալին իրավաբանական օգնություն ցույց տալու համար իր գրավոր դիմումի հիման վրա տրվում են տեսակցություններ փաստաբանի հետ՝ առանց քանակի և տևողության սահմանափակման, այդ թվում՝ առցանց տարբերակով։ Փաստաբանի հետ դատապարտյալի տեսակցությունները տեղի են ունենում խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ)։
6. Դատապարտյալը, որի երեխան խնամվում և դաստիարակվում է պետական կամ այլ հաստատությունում, երկու ամիսն առնվազն մեկ կարճատև և վեց ամիսն առնվազն մեկ երկարատև տեսակցության իրավունք ունի իր երեխայի հետ: Այս տեսակցությունների առավելագույն քանակը որոշում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը` հաշվի առնելով դատապարտյալի բնութագիրը, նրա վարքագիծը, կապը երեխայի հետ և ազդեցությունը նրա վրա, ինչպես նաև երեխայի լավագույն շահը:
7. Դատապարտյալի և պետական կամ այլ հաստատություններում խնամվող և դաստիարակվող՝ նրա երեխայի միջև տեսակցություններն իրականացվում են քրեակատարողական հիմնարկի և այն պետական կամ այլ հաստատությունում կամ այլ հաստատության կողմից համատեղ, որտեղ խնամվում և դաստիարակվում է երեխան: Տեսակցության ծախսերը կատարվում են այն քրեակատարողական հիմնարկի հաշվին, որտեղ պատիժ է կրում դատապարտյալը, եթե դատապարտյալի անձնական հաշվին պահանջվող գումարը բացակայում է:
8. Պետական կամ այլ հաստատություններում խնամվող և դաստիարակվող երեխայի հետ տեսակցությունից առաջ, անհրաժեշտության դեպքում, դատապարտյալի և նրա երեխայի հետ իրականացվում է նախապատրաստական աշխատանք սոցիալական աշխատողի, հոգեբանի կամ մանկավարժի կողմից:
Հոդված 81. | Դատապարտյալի՝ հանձնուքներ և ծանրոցներ ստանալը և ուղարկելը |
1. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել հանձնուքներ կամ ծանրոցներ։ Դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչև 20 կիլոգրամ (ներառյալ հեղուկ) հանձնուք և ծանրոց: Ծանրոցի առավելագույն քաշը որոշվում է փոստային կապի գործունեության կանոնակարգով:
2. Հիվանդ, հաշմանդամություն ունեցող, հղի, կերակրող մայր և մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալները կարող են ստանալ լրացուցիչ հանձնուքներ և ծանրոցներ՝ բժշկական ցուցմամբ սահմանված կամ երեխայի կարիքներին համապատասխան քանակով ու տեսականիով։
3. Բժշկական ցուցմամբ դատապարտյալների համար նախատեսված դեղերով և բժշկական արտադրատեսակներով, ինչպես նաև մանկական պարագաներով ու սննդամթերքով հանձնուքներն ու ծանրոցները չեն ընդգրկվում սույն օրենսգրքով նախատեսված հանձնուքների ու ծանրոցների քաշի մեջ։ Դեղերով և բժշկական արտադրատեսակներով հանձնուքներն ու ծանրոցներն ուղարկվում են քրեակատարողական հիմնարկներում տեղակայված բժշկական ստորաբաժանումներ՝ համապատասխան դատապարտյալի բուժման նպատակով։
4. Հանձնուքները և ծանրոցները ենթարկվում են զննության՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով։
Հոդված 82. | Դատապարտյալի նամակագրությունը և դրամական փոխանցումներ կատարելը |
1. Դատապարտյալին թույլատրվում է սեփական միջոցների հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների և հեռագրերի թվի սահմանափակման։
2. Նամակագրությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով: Նամակագրության գաղտնիությունը երաշխավորվում ու պահպանվում է քրեակատարողական հիմնարկի կողմից: Նամակը, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով։ Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր։
3. Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող և միմյանց ազգականներ չհանդիսացող դատապարտյալների միջև նամակագրությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվությամբ։
4. Դատապարտյալներն իրավունք ունեն առանց սահմանափակման ստանալու և կատարելու դրամական փոխանցումներ, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ։
Հոդված 83. | Դատապարտյալի՝ հեռախոսակապից և տեսազանգից օգտվելը |
1. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ պետական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից և տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում այն կարող է երկարաձգվել ևս 10 րոպեով։
2. Դատապարտյալն իր ցանկությամբ հեռախոսակապից և տեսազանգից լրացուցիչ օգտվելու իրավունք կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկ ընդունվելուց հետո, ինչպես նաև բացառիկ հանգամանքների դեպքում։
3. Կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսակապն ու տեսազանգն արգելվում է։
4. Քրեակատարողական հիմնարկում հեռախոսակապը և տեսազանգը կարող են տեղի ունենալ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ՝ բացառելով խոսակցությունը լսելը։
Հոդված 84. | Դատապարտյալի կողմից հեռուստահաղորդումների և ֆիլմերի դիտումը, ռադիոհաղորդումների ունկնդրումը |
1. Դատապարտյալներին, բացառությամբ պատժախցում պահվող դատապարտյալների, թույլատրվում է աշխատանքից ազատ ժամերին դիտել հեռուստահաղորդումներ և ֆիլմեր, բացառությամբ օրվա կանոնակարգով սահմանված գիշերային հանգստի ժամանակի։
2. Դատապարտյալները քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով սեփական միջոցների հաշվին կարող են ձեռք բերել հեռուստացույցներ և ռադիոընդունիչներ կամ ստանալ դրանք մերձավոր ազգականներից և այլ անձանցից։
3. Դատապարտյալներին թույլատրվում է ունկնդրել ռադիոհաղորդումներ, բացի օրվա կանոնակարգով սահմանված գիշերային հանգստի ժամանակից։
Հոդված 85. | Դատապարտյալի կողմից գրականություն և գրենական պիտույքներ ձեռք բերելն ու դրանցից օգտվելը |
1. Դատապարտյալին թույլատրվում է հանձնուքներով և ծանրոցներով ստանալ գրականություն և գրենական պիտույքներ կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջոցով ձեռք բերել դրանք, ինչպես նաև առանց սահմանափակման, սեփական միջոցների հաշվին, բաժանորդագրվել թերթերի ու ամսագրերի։
2. Դատապարտյալին արգելվում է ստանալ, ձեռք բերել, պահել և տարածել պատերազմ, բռնություն կամ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրող կամ քարոզող, պոռնկագրական բնույթի հրատարակություններ կամ այլ նյութեր։
Հոդված 86. | Առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու կարգը և պայմանները |
1. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, կալանավորվածներին պահելու վայրում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով թողնված դատապարտյալին, ելնելով կատարվող աշխատանքի բնույթից, կարող է թույլատրվել առանց պահակախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս։
2. Դատապարտյալին առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տրամադրվում կամ այն վերացվում է քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ։
3. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն կարող է տրամադրվել միայն դրական վարքագիծ դրսևորող դատապարտյալին՝ պատժի ժամկետի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո։
4. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս տեղաշարժվել չի թույլատրվում տվյալ քրեակատարողական հիմնարկում վեց ամսից պակաս ժամկետով պատիժ կրողներին, չհանված կամ չմարված տույժեր ունեցող դատապարտյալներին, անվտանգային գոտու խիստ պայմաններում գտնվողներին, պատժի կատարման ընթացքում դիտավորյալ հանցագործությունների համար դատապարտյալներին, ռեցիդիվի դեպքում, ինչպես նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց։
5. Դատապարտյալին առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվել չի թույլատրվում այն վայրերում, որոնք սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից։
6. Առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու իրավունքից օգտվող դատապարտյալները տեղավորվում են քրեակատարողական հիմնարկների առանձին բնակելի շենքերում։
7. Առանց պահակախմբի կամ ուղեկցորդման քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:
8. Դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կարգապահական կանոնների խախտման կամ կատարվող աշխատանքի բնույթը փոխվելու դեպքում առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման տեղաշարժվելու իրավունքը վերացվում է քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ։
Հոդված 87. | Դատապարտյալի մեկնումները քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս |
1. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, ինչպես նաև կալանավորվածներին պահելու վայրերում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար թողնված դատապարտյալներին կարող է թույլատրվել մեկնումներ քրեակատարողական հիմնարկների սահմաններից դուրս.
1) կարճատև մեկնում՝ մինչև յոթ օր ժամկետով, չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը՝ բացառիկ հանգամանքների դեպքում՝ մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին.
2) կարճատև մեկնում՝ մինչև յոթ օր ժամկետով, չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը՝ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխա ունեցող դատապարտյալին՝ երեխային համապատասխան հաստատությունում կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով.
3) երկարատև մեկնում՝ մինչև 30 օր ժամկետով, չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը՝ սոցիալական վերականգնման նպատակով ցածր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալին, ինչպես նաև ազատվելուց հետո կենցաղային, աշխատանքի և սոցիալական այլ հարցեր նախապես կարգավորելու համար։
2. Քրեակատարողական հիմնարկից դուրս անչափահաս երեխաներ ունեցող դատապարտյալը տարին մեկ անգամ, երեխաներին տեսակցելու նպատակով, ունի մինչև 10 օր ժամկետով կարճատև մեկնման իրավունք՝ չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երկու օրը, եթե տեսակցելու ցանկություն է հայտնել երեխան, և դա չի հակասում նրա լավագույն շահին:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով առանձնապես ծանր հանցանքի համար 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մեկնումներ տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերով առանձնապես ծանր հանցանքի համար 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց մեկնումներ տրամադրվում են պատժի երկու երրորդը կրելուց հետո, իսկ ցմահ դատապարտված անձանց՝ 15 տարի հետո։
4. Միջին կամ բարձր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալին մեկնում տրամադրվում է տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի։
5. Հոգեկան առողջության խնդիր կամ հաշմանդամություն ունեցող դատապարտյալին, որն առողջության պատճառով խնամքի կարիք ունի, ինչպես նաև անչափահաս դատապարտյալին մեկնում կարող է տրամադրվել միայն մերձավոր ազգականի կամ այլ անձի ուղեկցությամբ։
6. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ ունեցող, ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժման կուրսը չանցած, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում հակահամաճարակային միջոցառում անցկացնելու ընթացքում մեկնում կարող է տրամադրվել, եթե համապատասխան բժշկի եզրակացությամբ դատապարտյալը հասարակության կամ իր համար վտանգ չի ներկայացնում, կամ նման վտանգը վերացվում է նրան ուղեկցելու միջոցով, որը պետք է փոխհատուցվի դատապարտյալի դրամական միջոցներով։
7. Բացասական բնութագրվող դատապարտյալին մեկնում կարող է տրամադրվել միայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ուղեկցությամբ։
8. Մեկնում տրամադրվելու դեպքում դատապարտյալը կարող է կրել իր առօրյա կամ այլ հագուստ։
9. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվարկվում է պատժի ժամկետի մեջ:
Հոդված 88. | Դատապարտյալին մեկնումներ տրամադրելու կարգը |
1. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի առաջարկությամբ մեկնումներ տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը պատժի կատարման ընթացքում, կատարած հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, ինչպես նաև պատժի կրման ժամկետը։ Դիմումը կարող է մերժվել քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ։
2. Բացառիկ հանգամանքների կապակցությամբ կարճատև մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում, իսկ երկարատև մեկնմանը՝ եռօրյա ժամկետում։
3. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվվում է պատիժը կատարելու ժամկետի մեջ։
4. Մեկնումների հետ կապված ծախսերը հոգում է դատապարտյալը սեփական միջոցների հաշվին կամ այլ անձ՝ դատապարտյալի համաձայնությամբ:
5. Սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց խուսափող դատապարտյալը ենթակա է ձերբակալման՝ պահակախմբի հսկողությամբ պատիժը կատարելու ուղարկվելու կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար։
6. Անկանխատեսելի հանգամանքների ուժով սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալու անհնարինության դեպքում քրեակատարողական հիմնարկ վերադառնալու ժամկետը քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև հինգ օրով։
7. Դատապարտյալին մեկնումներ տրամադրելու ընթացակարգը սահմանվում է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։
Հոդված 89. | Դատապարտյալների կենսաթոշակի և պետական նպաստի ապահովումը |
1. Դատապարտյալներին կենսաթոշակի և պետական նպաստի նշանակումը, վճարումն ու ստացումն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։
Հոդված 90. | Հղի, կերակրող մայր և երեխա ունեցող դատապարտյալի պատժի կատարման առանձնահատկությունները |
1. Քրեակատարողական հիմնարկում անհրաժեշտության դեպքում ստեղծվում է մանկան տուն՝ երեխաների բնակության և զարգացման պատշաճ պայմաններով։ Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի մանկան տանը կարող է տեղավորել իր մինչև երեք տարեկան երեխային և աշխատանքից ազատ ժամերին շփվել նրա հետ՝ առանց սահմանափակման։ Դատապարտյալին կարող է թույլատրվել երեխայի հետ համատեղ բնակություն։
2. Դատապարտյալի համաձայնությամբ նրա մինչև երեք տարեկան երեխան կարող է հանձնվել ազգականի, ինչպես նաև հոգաբարձության և խնամակալության մարմնի որոշմամբ՝ այլ անձի խնամքին, իսկ երեք տարին լրանալուց հետո դատապարտյալի ընտրությամբ տեղափոխվել պետական կամ այլ հաստատություն կամ ազգականի մոտ։
3. Քրեակատարողական հիմնարկին կից մանկան տանը պահվող երեխայի երեք տարին լրանալուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կարող է մանկան տանը երեխային պահելու ժամկետը երկարաձգել մինչև ծնողի պատժի ժամկետի ավարտը, եթե պատժի ավարտին մնացել է երեք տարուց ոչ ավելի ժամանակ։
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված երկարաձգման դեպքում դատապարտյալը մինչև իր պատժի ավարտն օգտվում է մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի համար նախատեսված իրավունքներից:
Գ Լ ՈՒ Խ 18
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
Հոդված 91. | Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մարմինը և դրա կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման ընդհանուր կարգը |
1. Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում է Քրեակատարողական ծառայությունից անկախ գործող մասնագիտացված կազմակերպությունը:
2. Բժշկական օգնությունը և սպասարկումը մատուցում է մասնագիտացված կազմակերպությունը այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար մասնագիտացված կազմակերպությունն օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար մասնագիտացված կազմակերպությունը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկները:
3. Դատապարտյալների արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնում են մասնագիտացված կազմակերպության՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված՝ համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական ստորաբաժանումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկները:
4. Քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը մասնագիտացված կազմակերպությունն ապահովում է ցանկացած պահի` 24 ժամ և յոթ օր ռեժիմով: Աշխատանքային ժամերին բժշկական օգնությունը և սպասարկումը տրամադրվում է մասնագիտացված կազմակերպության ավագ և միջին բժշկական անձնակազմի, իսկ ոչ աշխատանքային ժամերին և օրերին` հերթապահություն իրականացնող միջին բժշկական անձնակազմի կողմից: Անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն և սպասարկում տրամադրում են շտապօգնության բրիգադները՝ տեղում կամ տեղափոխելով մասնագիտացված կազմակերպության հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական ստորաբաժանում կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ:
5. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը տարածվում է մասնագիտացված կազմակերպության կողմից դատապարտյալների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա այնքանով, որքանով այն կիրառելի է սույն իրավահարաբերությունների նկատմամբ:
6. Դատապարտյալի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաև կոմայի մեջ ընկնելու դեպքում դատապարտյալին առանց իր համաձայնության մասնագիտացված կազմակերպությունը տրամադրում է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում (այդ թվում՝ արհեստական սնուցման ձևով) միայն կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բժշկի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա։
7. Դատապարտյալների բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Քրեակատարողական հիմնարկներում հիվանդության հետևանքով պատժից ազատելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը և կազմը:
Հոդված 92. | Բժշկական օգնության և սպասարկման իրականացումը քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս |
1. Դատապարտյալների բժշկական զննությունն իրականացվում է կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:
2. Քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքում մինչև բժշկական զննություն անցնելը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը դատապարտյալին մայրենի կամ իրեն հասկանալի լեզվով գրավոր և բանավոր իրազեկում է առողջության պահպանման, ներառյալ բժշկական օգնության և սպասարկման իրավունքի, բժշկական օգնության և սպասարկման ծավալների ու տրամադրման, ներառյալ սույն օրենսգրքի 91-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգի մասին: Գրավոր իրազեկումն իրականացվում է դատապարտյալին իրազեկման թերթիկ տրամադրելով, որի օրինակելի ձևը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
3. Կարանտինային բաժանմունքում իրականացվող բժշկական զննությունը դատապարտյալի առողջական վիճակի գնահատումն է՝ դրա վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով, որն օգտագործվում է՝
1) դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում պատշաճ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար.
2) դատապարտյալի մոտ հնարավոր մարմնական վնասվածք հայտնաբերելու, այդ թվում՝ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի արդյունքով ստացված, ինչպես նաև նրա առողջական վիճակի վերաբերյալ գանգատ արձանագրելու նպատակով.
3) վարակիչ հիվանդությունների տարածումը կանխարգելելու համար:
4. Բժշկական զննության արդյունքները գրանցվում են՝
1) դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտում.
2) քրեակատարողական հիմնարկ ընդունված անձանց բժշկական զննության մատյանում.
3) խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության (սույն գլխում այսուհետ՝ արձանագրություն) ձևաթղթի մեջ: Արձանագրության ձևաթղթի ձևը և դրա կազմման ուղեցույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
5. Բժշկական զննությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի՝ բուժաշխատող չհանդիսացող ծառայողների կամ դատապարտյալի տեղափոխումն իրականացնող ծառայողների լսելիության, և եթե բժշկական զննությունն իրականացնող բժիշկը հակառակը չի պահանջում, ապա նաև՝ տեսանելիության սահմաններից դուրս: Դատապարտյալների բժշկական զննությունն իրականացվում է անհատական սկզբունքով՝ առանձին։
Հոդված 93. | Հոգեկան առողջության զննությունը և ռիսկի գնահատումը |
1. Դատապարտյալների հոգեկան առողջության զննությունն իրականացվում է կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:
2. Հոգեկան առողջության զննության արդյունքով հոգեկան խանգարման զգալի ռիսկի հայտնաբերման դեպքում հոգեբույժն իրականացնում է հոգեկան առողջության խորը գնահատում, որի հիման վրա մշակվում է դատապարտյալի նկատմամբ իրականացվող հոգեբանական և հոգեբուժական միջամտությունների պլանը:
Հոդված 94. | Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրումը |
1. Խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության ձևաթուղթը կազմվում է, եթե`
1) առկա է դատապարտյալի գրավոր կամ բանավոր հայտարարությունը՝ մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետևանք լինելու վերաբերյալ.
2) բուժաշխատողը հայտնաբերում է, այդ թվում՝ անցկացրած բժշկական զննության ընթացքում, որ դատապարտյալի մարմնական վնասվածքը կամ առողջական վիճակի վերաբերյալ գանգատը կարող է լինել խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման հետևանք։
2. Ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ դրսևորման յուրաքանչյուր դեպքում բուժաշխատողը պարտավոր է՝
1) իրականացնել պատշաճ բժշկական զննություն և լրացնել արձանագրության ձևաթուղթը.
2) արձանագրության ձևաթուղթն ուղարկել իրավասու քննչական մարմին.
3) դատապարտյալին տեղեկացնել իր միջոցների հաշվին մասնագիտական երկրորդ կամ իր նախընտրած թվով այլ կարծիք ստանալու իր իրավունքի մասին:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զննության արձանագրության հիման վրա խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթարկված դատապարտյալի շփումը քրեակատարողական հիմնարկի՝ խոշտանգում կամ վատ վերաբերմունքի այլ ձևեր ենթադրաբար կիրառած աշխատակցի կամ այլ դատապարտյալների հետ բացառելու նպատակով քրեակատարողական հիմնարկի պետը կազմակերպում է խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի ենթարկված դատապարտյալի պաշտպանությունը:
Գ Լ ՈՒ Խ 19
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ
Հոդված 95. | Ազատազրկման կատարման պայմանները ցածր անվտանգային գոտում |
1. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում ոչ մեծ ծանրության, իսկ խիստ պայմաններում՝ միջին ծանրության հանցանքների համար դատապարտվածները:
2. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև 10 դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։ Նրան թույլատրվում է՝
1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իրենց բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև յոթանասունհինգապատիկի չափով գումար.
2) տարվա ընթացքում ունենալ առնվազն տասներկու կարճատև և տասներկու երկարատև տեսակցություն.
3) տարվա ընթացքում ունենալ առնվազն մեկ՝ մինչև հինգ օր տևողությամբ, երկարատև տեսակցություն՝ քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս բնակվելու իրավունքով։
3. Ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։ Նրան թույլատրվում է՝
1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իրենց բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև յոթանասունապատիկի չափով գումար.
2) տարվա ընթացքում ունենալ 10 կարճատև և 10 երկարատև տեսակցություն։
4. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում, և քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։
5. Ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։
6. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալներին անջատ պահելու` սույն օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված սկզբունքները չեն գործում, և դատապարտյալները պահվում են հասարակական համակեցության կանոններին համապատասխան։
7. Տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան վեց ամիսը ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները տեղափոխվում են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ։
8. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող և պատժի կատարման սահմանված կարգի՝ երկու կամ ավելի խախտումներ թույլ տված դատապարտյալները տեղափոխվում են ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններ։
9. Ցածր անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ կամ մեղմից խիստ պայմաններ կրկնակի տեղափոխություն կատարվում է սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված կարգով։
10. Ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող դատապարտյալները պատժի ժամկետի ավարտից վեց ամիս առաջ կարող են ստանալ քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս ազատ տեղաշարժվելու հնարավորություն՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ։ Այս դեպքում դատապարտյալին թույլատրվում է բնակվել և աշխատել քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հսկողության ներքո։ Դատապարտյալը կարող է համատեղ բնակվել առանց պահակախմբի կամ առանց ուղեկցորդման տեղաշարժվելու իրավունք ունեցող այլ դատապարտյալների հետ։
11. Սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված որոշումը կայացնելիս, ի թիվս այլ հանգամանքների, հաշվի են առնվում դատապարտյալի կապն արտաքին աշխարհի հետ և աշխատանքի առկայությունը:
Հոդված 96. | Ազատազրկման կատարման պայմանները միջին անվտանգային գոտում |
1. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում ծանր հանցանքների համար դատապարտվածները, խիստ պայմաններում` առանձնապես ծանր հանցանքների համար մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, ինչպես նաև նախկինում ազատազրկում չկրածները՝ ռեցիդիվի դեպքում։
2. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։ Նրան թույլատրվում է՝
1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև յոթանասունապատիկի չափով գումար.
2) տարվա ընթացքում ունենալ առնվազն ութ կարճատև և ութ երկարատև տեսակցություն։
3. Միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում։ Նրան թույլատրվում է՝
1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունհինգապատիկի չափով գումար.
2) տարվա ընթացքում ունենալ առնվազն վեց կարճատև և վեց երկարատև տեսակցություն։
4. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։
5. Միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն երեք ժամ ցերեկային որոշակի ժամերի քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։
6. Տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան մեկ երրորդը միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները տեղափոխվում են միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ։
7. Միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող և պատժի կատարման սահմանված կարգի՝ երկու կամ ավելի խախտումներ թույլ տված դատապարտյալները տեղափոխվում են միջին անվտանգային գոտու խիստ պայմաններ։
8. Միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ կամ մեղմից խիստ պայմաններ կրկնակի տեղափոխություն կատարվում է սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված կարգով։
Հոդված 97. | Ազատազրկման կատարման պայմանները բարձր անվտանգային գոտում |
1. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում 10 տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, իսկ խիստ պայմաններում` ցմահ ազատազրկման և նախկինում ազատազրկում կրած դատապարտյալները՝ ռեցիդիվի դեպքում։
2. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում։ Նրան թույլատրվում է՝
1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունհինգապատիկի չափով գումար.
2) տարվա ընթացքում ունենալ առնվազն վեց կարճատև և վեց երկարատև տեսակցություն։
3. Բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալը պահվում է մինչև չորս դատապարտյալի համար նախատեսված մեկուսացված խցում։ Նրան թույլատրվում է՝
1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունապատիկի չափով գումար.
2) տարվա ընթացքում ունենալ առնվազն չորս կարճատև և չորս երկարատև տեսակցություն։
4. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում դատապարտյալն ամենօրյա երկու ժամ տևողությամբ զբոսանքի իրավունք ունի։
5. Բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալն ամենօրյա մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունք ունի։
6. Տույժեր չունենալու և դրական վարքագիծ դրսևորելու դեպքում պատժի ժամկետի ոչ պակաս, քան երեք տարին բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում կրելուց հետո դատապարտյալները տեղափոխվում են բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններ։
7. Բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ կրող և պատժի կատարման սահմանված կարգի խախտումներ թույլ տված դատապարտյալները տեղափոխվում են բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններ։
8. Բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ կամ մեղմից խիստ պայմաններ կրկնակի տեղափոխություն կատարվում է սույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված կարգով։
Հոդված 98. | Ազատազրկման կատարման պայմանների առանձնահատկությունները միջին և բարձր անվտանգության գոտիներում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար |
1. Ցմահ ազատազրկման դատապարտված անձը միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից տեղափոխվում է միջին անվտանգային գոտու մեղմ պայմաններ երեք տարի խիստ պայմաններում պատժի կրումից հետո՝ պատժի կատարման սահմանված կարգի խախտումների համար վերջին մեկ տարում տույժեր չունենալու դեպքում։
2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձը բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններից տեղափոխվում է բարձր անվտանգային գոտու մեղմ պայմաններ ութ տարի խիստ պայմաններում պատժի կրումից հետո՝ պատժի կատարման սահմանված կարգի խախտումների համար վերջին մեկ տարում տույժեր չունենալու դեպքում։
Հոդված 99. | Ազատազրկման կատարման պայմանները քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխվելու դեպքում |
1. Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալը պահվում է առանձնացված հատվածում, կացարանում կամ խցում՝ հնարավորինս ապահովելու կոնկրետ անվտանգային գոտու տեսակի պայմանները, որտեղ տեղաբաշխվել է դատապարտյալը պատիժը կրելու համար։
2. Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։
Հոդված 100. | Հացադուլի իրականացումը և դրա առանձնահատկությունները |
1. Հացադուլը գիտակցաբար և սեփական կամքով ցանկացած տեսակի սննդամթերքից կամ ջրից որոշակի ժամկետով կամ անժամկետ հրաժարվելն է, որի մասին հացադուլ իրականացնող դատապարտյալը բանավոր կամ գրավոր հայտարարություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի վարչակազմին։
2. Հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտարարությունը չներկայացվելու դեպքում այդպիսի տվյալները քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հայտնի դառնալուց հետո անհապաղ հայտնվում են քրեակատարողական հիմնարկի պետին:
3. Հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը կամ այդ մասին սույն հոդվածի 2-րդ մասով հայտնի դարձած տվյալները ենթակա են անհապաղ արձանագրման քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Հացադուլ իրականացնելը չի հանգեցնում պատիժը կատարելու սահմանված կարգի խախտման և հացադուլ իրականացնող դատապարտյալի համար չի կարող առաջացնել անբարենպաստ հետևանքներ։
4. Հացադուլ իրականացնող դատապարտյալի համաձայնության առկայության դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դրա մասին անհապաղ տեղեկացնում է նրա փաստաբանին (եթե հացադուլ իրականացնող դատապարտյալն ունի փաստաբան), նրա մերձավոր ազգականներից մեկին կամ նրա ընտրած անձին։ Հացադուլ իրականացնող անչափահաս դատապարտյալի դեպքում նրա համաձայնությունը չի պահանջվում, և նրա ծնողները կամ օրինական ներկայացուցիչները պարտադիր տեղեկացվում են հացադուլ իրականացնելու մասին։
5. Հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարության մասին քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հայտնելուց հետո իրենց իրավասության շրջանակներում համապատասխան աշխատանքներ են իրականացնում բուժաշխատողը և սոցիալական կամ հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը։
6. Հացադուլ իրականացնող դատապարտյալի համաձայնության առկայության դեպքում նա ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ տեղափոխվում է այդ նպատակով հատուկ առանձնացված խուց՝ հնարավորինս հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները, բացառությամբ ցածր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալների։ Հատուկ առանձնացված խցի պայմանները չպետք է ավելի վատ լինեն, քան քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով սահմանված նվազագույն չափանիշները: Սույն հոդվածի իմաստով՝ հատուկ առանձնացված խուց չի կարող համարվել պատժախուցը:
7. Հացադուլ իրականացնող դատապարտյալի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում հացադուլը դադարեցնելու նպատակով։ Նրան տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները չեն կարող պայմանավորվել հացադուլը դադարեցնելու միտումով։
8. Բժշկական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվեն մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում՝ պահպանելով հացադուլ իրականացնող դատապարտյալի հիմնական իրավունքները և ազատությունները։
9. Հացադուլ իրականացնող դատապարտյալի հարկադիր կերակրումն արգելվում է։
10. Հացադուլ իրականացնող դատապարտյալի փոխադրումն այլ քրեակատարողական հիմնարկ, ապացուցողական գործողությունների կատարման վայր կամ դատարան իրականացվում է ընդհանուր հիմունքներով, անհրաժեշտության դեպքում՝ բուժաշխատողի ուղեկցությամբ։
Հոդված 101. | Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի գործողությունները դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում |
1. Դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է նրա մերձավոր ազգականներին ու պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
2. Մահացած դատապարտյալի դին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունների իրականացումից հետո հանձնվում է նրա մերձավոր ազգականներին կամ համապատասխան դիմում ներկայացնող անձին։ Այդպիսիք չլինելու դեպքում դատապարտյալի հուղարկավորումն իրականացվում է պետական միջոցների հաշվին։
Գ Լ ՈՒ Խ 20
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 102. | Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները |
1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի կամ դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.
1) շնորհակալություն.
2) հեռախոսակապից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ տարեկան լրացուցիչ չորս թույլտվությունից ոչ ավելի.
3) տեսազանգից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ տարեկան լրացուցիչ չորս թույլտվությունից ոչ ավելի.
4) կարճատև կամ երկարատև լրացուցիչ տեսակցության թույլտվություն, տարվա ընթացքում երկու կարճատև կամ երկու երկարատև տեսակցությունից ոչ ավելի.
5) սոցիալական վերականգնման նպատակով լրացուցիչ մեկնում՝ տարեկան լրացուցիչ երկու մեկնումից ոչ ավելի.
6) բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող դատապարտյալի զբոսանքի ժամանակի ավելացում՝ մինչև երկու ժամ, մեկ ամիս ժամկետով.
7) անվտանգային գոտու խիստ պայմաններից տեղափոխում նույն անվտանգային գոտու մեղմ պայմաններ.
8) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում։
2. Դատապարտյալը, որպես խրախուսանքի միջոց, կարող է ներկայացվել տեղափոխման անվտանգային ավելի ցածր աստիճան ունեցող գոտի՝ պատժի կրումը շարունակելու նպատակով։
Հոդված 103. | Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու կարգը |
1. Խրախուսանքի միջոցները կիրառվում են գրավոր՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ։
Հոդված 104. | Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները |
1. Պատժի կատարման սահմանված կարգը խախտելու համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետևյալ միջոցները.
1) նախազգուշացում.
2) նկատողություն.
3) մինչև մեկ ամիս ժամկետով զրկել հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու իրավունքից.
4) մինչև մեկ ամիս ժամկետով զրկել տեսակցության իրավունքից.
5) մինչև 15 օր ժամկետով տեղափոխել պատժախուց:
Հոդված 105. | Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումները |
1. Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումներ են համարվում զանցանքը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, քրեակատարողական հիմնարկներում անհնազանդությունը կամ դրան ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը կամ օգտագործումն արգելված առարկաներ պատրաստելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, միջանձնային ֆիզիկական կամ հոգեկան ներգործությունը։
2. Մեկ տարվա ընթացքում պատժի կատարման սահմանված կարգի եռակի խախտումը կարող է համարվել չարամիտ, եթե այդ խախտումներից յուրաքանչյուրի համար դատապարտյալը ենթարկվել է տույժի, բացառությամբ նախազգուշացման, և տույժը չի հանվել կամ մարվել։
3. Պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման անվտանգային ավելի բարձր աստիճան ունեցող գոտի՝ պատժի կրումը շարունակելու նպատակով։
4. Դատապարտյալը պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտող է ճանաչվում քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ՝ երրորդ տույժը նշանակելու հետ միասին։
Հոդված 106. | Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը |
1. Տույժի միջոցները կիրառվում են գրավոր՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։
2. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը նախքան խախտումը կատարելը։ Նշանակվող տույժը պետք է համապատասխանի դատապարտյալի կատարած խախտման ծանրությանը և բնույթին։ Տույժը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ այն հայտնաբերելուց հետո՝ ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, իսկ եթե խախտման կապակցությամբ կատարվել է ստուգում, ապա դրա ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելու օրվանից մեկ ամիս հետո։ Տույժը, որպես կանոն, կատարվում է անհապաղ, իսկ դրա անհապաղ կատարման անհնարինության դեպքում՝ ոչ ուշ, քան մեկ ամսում՝ այն նշանակելու օրից։ Մեկ խախտման համար արգելվում է նշանակել մեկից ավելի տույժ։
3. Նախազգուշացումը հայտարարվում է բանավոր կամ գրավոր:
4. Դատապարտյալը տեղափոխվում է պատժախուց՝ պարտադիր նշելով այնտեղ պահելու ժամկետը։
5. Անչափահաս, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը չի կարող նշանակվել և կիրառվել:
6. Ստացիոնար պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը, իսկ ամբուլատոր պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված՝ պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգվել բժշկական եզրակացության հիման վրա, եթե դատապարտյալի առողջական վիճակը թույլ չի տալիս վերջինիս տեղափոխել պատժախուց:
7. Դատապարտյալին պատժախցից քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամկետի մեջ։
8. Դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, կամ նախկինում նշանակված տույժը հանվել է։
9. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել պատիժների կատարման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ։
Հոդված 107. | Պատժախցում պահելու պայմանները |
1. Պատժախցում գտնվելու ընթացքում դատապարտյալին կարող են արգելվել՝
1) դրամական փոխանցումներ ստանալը և կատարելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
2) հանձնուքներ կամ ծանրոցներ ստանալը և ուղարկելը, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու դեպքերի.
3) քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը.
4) տեսակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
5) հեռախոսակապից օգտվելը.
6) տեսազանգից օգտվելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Պատժախցում գտնվելու ժամանակ դատապարտյալին արգելվում է աշխատելը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները կիրառվում են տույժի միջոց կիրառելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ։ Պատժախցում գտնվելու ընթացքում կարող է կիրառվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկից ավելի սահմանափակում։
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր սահմանափակումը կիրառելիս քրեակատարողական հիմնարկի պետը պետք է հիմնավորի պատճառական կապը կատարած խախտման և կիրառվող սահմանափակման միջև և սահմանափակման կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը։
5. Պատժախցում դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։
6. Պատժախցում դատապարտյալը գտնվում է բժշկական հսկողության ներքո։
7. Պատժախցում դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժը կարող է վաղաժամկետ դադարեցվել բժշկի եզրակացության հիման վրա։
8. Դատապարտյալը պատժախցում կարող է անընդմեջ պահվել քսան օրից ոչ ավելի:
Գ Լ ՈՒ Խ 21
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 108. | Դատապարտյալին աշխատանքում ներգրավելը |
1. Քրեակատարողական հիմնարկում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության սենյակներ կամ խցեր՝ դատապարտյալներին աշխատանքներում ներգրավելու նպատակով:
2. Դատապարտյալին աշխատանքի ներգրավելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը, ունակությունները և հնարավորինս՝ մասնագիտությունը։ Դատապարտյալի աշխատանքային գործունեությունը չպետք է խոչընդոտի քրեակատարողական հիմնարկի առջև դրված խնդիրներն իրականացնելը:
3. Դատապարտյալն աշխատանքում է ներգրավվում քրեակատարողական հիմնարկում գործող պետական կամ սեփականության այլ ձև ունեցող ձեռնարկությունում, կազմակերպությունում՝ դատապարտյալի պատշաճ պահման և մեկուսացման պահանջներն ապահովելու պայմանով։ Դատապարտյալն իրավունք ունի զբաղվելու անհատական աշխատանքային գործունեությամբ:
4. Աշխատանքով ապահովելու նախապատվությունը տրվում է այն դատապարտյալին, որն ունի գույքային պարտավորություններ կամ գտնվում է նյութական ծանր վիճակում:
5. Դատապարտյալի աշխատանքը չպետք է լինի հարկադիր կամ շահագործող բնույթի և չպետք է ուղղված լինի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի անձնական շահերը բավարարելուն:
Հոդված 109. | Դատապարտյալի աշխատանքի պայմանները |
2. Դատապարտյալներն աշխատանքում ներգրավվում են իրենց ցանկությամբ:
3. Կենսաթոշակային տարիքը լրացած դատապարտյալը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալն աշխատանքում են ներգրավվում՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը և այլ առանձնահատկությունները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
4. Դատապարտյալին արգելված աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Հոդված 110. | Դատապարտյալի աշխատանքի վարձատրությունը |
1. Դատապարտյալը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունի աշխատանքի վարձատրության իրավունք։
2. Աշխատաժամանակի և արտադրանքի չափաբաժիններն ամբողջությամբ կատարելու դեպքում դատապարտյալների ամսական վարձատրությունը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձից։
3. Ոչ լրիվ աշխատանքային օրվա կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթվա դեպքում դատապարտյալի աշխատանքը վարձատրվում է կատարված աշխատաժամանակին կամ թողարկված արտադրանքին համապատասխան։
Հոդված 111. | Դատապարտյալին չվարձատրվող աշխատանքներում ներգրավելը |
1. Քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալն իր գրավոր համաձայնությամբ, առանց վարձատրության, կարող է ներգրավվել քրեակատարողական հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման աշխատանքներում։
2. Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքներում ներգրավվում է ոչ հանգստյան ժամերին՝ օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:
Հոդված 112. | Դատապարտյալի կրթությունը |
1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի ֆորմալ կրթությունը՝ հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն կրթական ծրագրերով (հեռակա, մասնակի բեռնվածության, հեռավար ձևերով), ինչպես նաև ոչ ֆորմալ կրթությունն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպելու ուղղությամբ: Դատապարտյալի կրթությունը կարող է իրականացվել նաև վերջինիս կամ օրենքով չարգելված միջոցների հաշվին:
2. Սովորող դատապարտյալը քննություններ հանձնելու կապակցությամբ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով։
3. Այն դատապարտյալը, որին պատժից ազատելու ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի, կարող է, անկախ տարիքից, օրենքով սահմանված կարգով իրացնել իր կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 113. | Դատապարտյալի մասնագիտական կրթությունը և ոչ ֆորմալ կրթությամբ մասնագիտական պատրաստումը |
1. Քրեակատարողական հիմնարկում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված միջոցների հաշվին կարող է կազմակերպվել մասնագիտություն չունեցող դատապարտյալի նախնական մասնագիտական` արհեստագործական կրթություն կամ մասնագիտական պատրաստում՝ ոչ ֆորմալ կրթությամբ, որում դատապարտյալները ներգրավվում են իրենց ցանկությամբ: Մասնագիտական կրթությունը հնարավորինս պետք է լինի այնպիսին, որ աշխատանքի կատարման ընթացքում պահպանվեն կամ բարելավվեն դատապարտյալի` պատժից ազատվելուց հետո ապրուստի միջոց վաստակելու ունակությունները։
Գ Լ ՈՒ Խ 22
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՎ ՄԻՆՉԵՎ 21 ՏԱՐԵԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հոդված 114. | Անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բնութագիրը |
1. Անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում առաջին անգամ ազատազրկման դատապարտված անչափահասները։
2. Նախկինում ազատազրկում կրած և դատվածություն ունեցող անչափահասները պատիժ են կրում նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում։
3. Նախկինում ազատազրկում կրած և դատվածություն ունեցող անչափահասները քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններից կարող են տեղափոխվել անվտանգային գոտու մեղմ պայմաններ՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո։
Հոդված 115. | Պատժի կատարման պայմաններն անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում |
1. Անվտանգային գոտու մեղմ պայմաններում անչափահաս դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։ Նա իրավունք ունի՝
1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև յոթանասունապատիկի չափով գումար.
2) տարվա ընթացքում ունենալ առնվազն տասներկու կարճատև և տասներկու երկարատև տեսակցություն:
2. Անվտանգային գոտու խիստ պայմաններում անչափահաս դատապարտյալը պահվում է մինչև վեց դատապարտյալի համար նախատեսված՝ աշխատանքից կամ ուսումից ազատ ժամերին փակվող, մեկուսացված բնակելի կացարանում։ Նա իրավունք ունի՝
1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր անձնական հաշիվներից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունհինգապատիկի չափով գումար.
2) տարվա ընթացքում ունենալ առնվազն ութ կարճատև և ութ երկարատև տեսակցություն:
3. Անվտանգային գոտու մեղմ պայմաններում անչափահաս դատապարտյալը կարող է ցերեկային ժամերին տեղաշարժվել քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ՝ քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս։
4. Անվտանգային գոտու խիստ պայմաններում անչափահաս դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։
Հոդված 116. | Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները |
1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի կամ դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար անչափահաս դատապարտյալների նկատմամբ, սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքի միջոցներից բացի, կարող են կիրառվել նաև խրախուսանքի հետևյալ միջոցները.
1) քրեակատարողական հիմնարկի աշխատակցի ուղեկցությամբ հիմնարկի սահմաններից դուրս կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների մասնակցելու թույլտվություն՝ տարեկան չորս թույլտվությունից ոչ ավելի.
2) մերձավոր ազգականների ուղեկցությամբ քրեակատարողական հիմնարկից դուրս գալու թույլտվություն՝ տարեկան երկու թույլտվությունից ոչ ավելի.
3) համակարգչային խաղերից օգտվելու թույլտվություն՝ ամսական երկու թույլտվությունից ոչ ավելի:
2. Խրախուսանքի միջոցները կիրառվում են սույն օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 117. | Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցների կիրառման առանձնահատկությունները |
1. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գալու թույլտվություն ստացած անչափահաս դատապարտյալներին արգելվում է մասնակցել գիշերային ժամերին անցկացվող կրթական, մշակութային, մարզական, կրոնական կամ այլ միջոցառումների։
2. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը սահմանում է տվյալ քրեակատարողական հիմնարկի պետը, բայց ոչ ավելի, քան ութ ժամ։
Հոդված 118. | Քրեակատարողական հիմնարկում անչափահաս դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները |
1. Պատժի կատարման սահմանված կարգի խախտումների համար անչափահաս դատապարտյալների նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները:
2. Անչափահաս դատապարտյալների նկատմամբ տույժի միջոցները կիրառվում են սույն օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 119. | 18 տարին լրացած ազատազրկման դատապարտված անձին անչափահասների քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում թողնելը |
1. 18 տարին լրացած ազատազրկման դատապարտված անձը, որպես կանոն, թողնվում է անչափահասների քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում, սակայն մինչև նրա 21 տարին լրանալը։
2. 18 տարին լրացած և անչափահասների քրեակատարողական հիմնարկում թողնված դատապարտյալների վրա տարածվում են անչափահաս դատապարտյալների համար սահմանված պատժի կատարման պայմանները, սննդամթերքի և նյութակենցաղային ապահովման չափաքանակները։
3. 18 տարին լրացած դատապարտյալներին անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում թողնելը կատարվում է Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ։
4. 18 տարին լրացած դատապարտյալներին անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում թողնելիս նրանք պահվում են անչափահաս դատապարտյալներից անջատ, եթե համատեղ պահելը չի բխում նույն գոտում պատիժ կրող անչափահասների լավագույն շահից։
Հոդված 120. | Դատապարտյալի տեղափոխումն անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկից չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկ |
1. 18 տարին լրացած և բացասական բնութագրվող դատապարտյալն անչափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկից տեղափոխվում է չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտի՝ պատժի կրումը շարունակելու նպատակով։
2. 18 տարին լրացած դատապարտյալին չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտի տեղափոխելու որոշումը կայացնում է Տեղաբաշխման հանձնաժողովը։
3. 21 տարին լրացած դատապարտյալները պատժի կրումը շարունակելու համար Տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ տեղափոխվում են չափահասների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ցածր անվտանգային գոտի:
Գ Լ ՈՒ Խ 23
ՊԱՏԻԺ ԿԱՏԱՐՈՂ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 121. | Պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշումների բողոքարկման իրավունքը |
1. Դատապարտյալը, ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով իրավունք ունի բողոքարկելու պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց (սույն գլխում այսուհետ՝ պաշտոնատար անձինք) գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը՝ վերադասության կարգով կամ պատժի կրման վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (սույն գլխում այսուհետ՝ դատարան):
2. Պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշման դեմ բողոք կարող է ներկայացվել՝
1) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի պետին.
2) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին կամ
3) դատարան:
3. Եթե պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը բողոքարկվել են պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի պետին և այդ հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին միաժամանակ, ապա բողոքը ենթակա է քննության պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմնի կողմից, որի դեպքում պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի պետի նախաձեռնած վարույթը կարճվում է:
4. Եթե պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը բողոքարկվել են դատարան և պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմին միաժամանակ, ապա բողոքը ենթակա է քննության դատական կարգով, որի դեպքում պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վերադաս մարմնի նախաձեռնած վարույթը կարճվում է։
5. Եթե պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը բողոքարկվել են վերադասության կարգով, և դատապարտյալի պահանջը չի բավարարվել, ապա դա արգելք չէ պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը դատական կարգով բողոքարկելու համար։
6. Սույն հոդվածին համապատասխան ներկայացված բողոքը չի կասեցնում համապատասխան որոշումն ի կատար ածելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրա ի կատար ածումը կարող է առարկայազրկել բողոքի քննությունը:
7. Սույն գլխով նախատեսված կարգը տարածվում է Տեղաբաշխման հանձնաժողովի և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպության գործողության, անգործության կամ ընդունած որոշման բողոքարկման վրա այնքանով, որքանով սույն կարգն իր էությամբ կիրառելի է: Սույն գլխով նախատեսված կարգը տարածվում է նաև սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում ընդունած որոշման բողոքարկման վրա այնքանով, որքանով սույն կարգն իր էությամբ կիրառելի է:
Հոդված 122. | Բողոքարկման ժամկետները |
1. Բողոքը կարող է ներկայացվել այն պահից հետո՝ երկու ամսվա ընթացքում, երբ բողոք բերող անձն իմացել էր կամ կարող էր իմանալ պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշման մասին, սակայն ոչ ուշ, քան վիճարկվող ակտի կայացումից մեկ տարի հետո, եթե կոնկրետ բողոքի համար օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ:
2. Բողոք բերողի միջնորդությամբ բողոքարկման ժամկետը կարող է վերականգնվել հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում: Բողոքարկման ժամկետը բաց թողնելը հարգելի է համարվում, և լուծվում է վարույթ նախաձեռնելու հարցը, եթե բողոք բերող անձը բողոքարկման ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ պատճառներով: Բողոքարկման ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելը հիմնավորում է բողոք բերող անձը:
3. Բողոքարկման ժամկետն առանց հարգելի պատճառի բաց թողնելու դեպքում դատապարտյալի բողոքը թողնվում է առանց քննության։
Հոդված 123. | Բողոքին ներկայացվող պահանջները |
1. Բողոքն իրավասու մարմին ներկայացվում է գրավոր։
2. Բողոքը պետք է բովանդակի՝
1) տվյալներ բողոք բերող անձի մասին.
2) այն մարմնի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
3) բողոքարկվող գործողությունը, անգործությունը կամ ընդունած որոշումը.
4) բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
5) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը.
6) բողոք բերող անձի ստորագրությունը:
Բողոքում դատապարտյալը պետք է հիմնավորի այն խախտումները, որոնք թույլ է տվել պաշտոնատար անձը։
Եթե բողոքը ներկայացվել է փաստաբանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով, ապա բողոքն ստորագրում են նրանք, ինչպես նաև բողոքին կցվում են նրանց կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները:
Հոդված 124. | Վերադաս մարմնի որոշումը բողոքի վերաբերյալ |
1. Բողոքի հիման վրա իրականացվող վարույթը նախաձեռնվում է բողոքը վերադաս մարմնում մուտքագրելու օրը:
2. Վերադաս մարմինը բողոքն ընդունելիս պարտավոր է ստուգել բողոքի համապատասխանությունը սույն օրենսգրքի 122-րդ և 123-րդ հոդվածներով սահմանված ժամկետներին և պահանջներին:
3. Բողոքի վերաբերյալ որոշում կայացնելիս բողոքը թողնվում է առանց քննության, եթե այն ներկայացված է սույն օրենսգրքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ժամկետը բաց թողնելը հարգելի չի ճանաչվել: Մնացած դեպքերում վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են դիմումների վերաբերյալ վարչական մարմնի որոշումների համար սահմանված ընդհանուր կանոնները:
4. Վերադաս մարմինը պարտավոր է վարույթ նախաձեռնելուց հետո ստորադաս մարմնից անհապաղ պահանջել վարույթի վերաբերյալ գործը (նյութերը): Ստորադաս մարմինը պարտավոր է այդ պահանջն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, վարչական գործը (նյութերը) ներկայացնել վերադաս մարմին:
Հոդված 125. | Վերադաս մարմնի կողմից բողոքի քննարկման կարգը և արդյունքները |
1. Բողոքը քննվում և որոշումն ընդունվում է հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան բողոքը վերադաս մարմնի կողմից ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում։
2. Դատապարտյալի և ստորադաս մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է՝
1) դատապարտյալը` իր համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.
2) ստորադաս մարմինը` դատապարտյալի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում վերադաս մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես ստորադաս մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է ստորադաս մարմնի վրա, և հակառակը:
4. Բողոքի քննության համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով, եթե այն քննելու համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր՝ այդ մասին պատշաճ ծանուցելով բողոք բերող անձին:
5. Վատ վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ բողոքների քննության ժամանակ յուրաքանչյուր դեպքում վերադաս մարմինը պետք է գնահատի գործողությունների բնույթը, ինտենսիվությունը և առաջացրած ֆիզիկական ցավի կամ հոգեկան տառապանքի հետևանքները, տուժողի տարիքը, սեռը, առողջական վիճակը և վերաբերելի այլ հանգամանքներ:
6. Քննարկելով բողոքը` վերադաս մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու և դատապարտյալի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու պարտականության մասին կամ
2) բողոքը մերժելու մասին:
ԲԱԺԻՆ 4
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 24
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
Հոդված 126. | Իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող տուգանքի կատարումը |
1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված տուգանքի կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը։
2. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված տուգանքի կատարումն իրականացվում է սույն օրենսգրքի 7-րդ գլխով սահմանված կարգով՝ հաշվի առնելով իրավաբանական անձի նկատմամբ կիրառվող տուգանքի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված առանձնահատկությունները:
3. Իրավաբանական անձի սնանկ ճանաչվելու դեպքում Պրոբացիայի ծառայությունը տուգանքի գումարը վճարելու վերաբերյալ պահանջը ներկայացնում է սնանկության դատարան:
4. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան՝ իրավաբանական անձի նկատմամբ նշանակված տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ տուգանքը գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցմամբ փոխարինելու վերաբերյալ:
Հոդված 127. | Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կատարումը |
1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված՝ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը:
2. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցման կիրառման դեպքում իրավաբանական անձը պարտավոր է եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ դադարեցնել համապատասխան գործունեության իրականացումը և ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում հիմնադիր փաստաթղթերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, ներառել փոփոխություններ՝ ուղղված եզրափակիչ դատական ակտով արգելված իրավունքի իրականացման մասով այդ իրավաբանական անձի գործունեության սահմանափակմանը:
3. Գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի ժամանակավոր դադարեցումից խուսափելու դեպքում Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն է ներկայացնում դատարան այն հարկադիր լուծարմամբ փոխարինելու վերաբերյալ:
4. Եթե առկա է իրավաբանական անձի՝ որպես պարտապանի մասնակցությամբ դեռևս չավարտված սնանկության վարույթ, ապա քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգվում է մինչև սնանկության վարույթի ավարտը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում Պրոբացիայի ծառայությունը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան՝ քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգելու կամ արդեն իսկ հետաձգված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը վերացնելու համար:
Հոդված 128. | Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի կատարումը |
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձի նկատմամբ նշանակված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց գործունեությունն իրականացնող օտարերկրյա պետությունում ստեղծված իրավաբանական անձի նկատմամբ նշանակված` Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնելու արգելքի կատարման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտն ստանալուց հետո Պրոբացիայի ծառայությունն անհապաղ դատական ակտի պատճենն ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին՝ կցելով եզրափակիչ դատական ակտի պատճենը համապատասխան գործողություններ կատարելու նպատակով: Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինը, սույն մասում նշված պատճենն ստանալուց հետո գործունեության արգելքի կատարման վերաբերյալ տեղեկացնում է Պրոբացիայի ծառայությանը:
3. Եթե առկա է իրավաբանական անձի՝ որպես պարտապանի մասնակցությամբ դեռևս չավարտված սնանկության վարույթ, ապա քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգվում է մինչև սնանկության վարույթի ավարտը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Պրոբացիայի ծառայությունը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան՝ քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգելու կամ արդեն իսկ հետաձգված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը վերացնելու համար:
Հոդված 129. | Հարկադիր լուծարման կատարումը |
1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված հարկադիր լուծարման կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը:
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պրոբացիայի ծառայությունն այն անհապաղ ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:
3. Իրավաբանական անձի հարկադիր լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-70-րդ հոդվածներով սահմանված կանոններով՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման կարգը, լուծարման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:
5. Հարկադիր լուծարված իրավաբանական անձի գույքը՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, փոխանցվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին, բաժնետերերին կամ փայատերերին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:
6. Դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից իրավաբանական անձի կամավոր լուծարումը կամ վերակազմակերպումն արգելվում է: Այդպիսի իրավաբանական անձի կողմից այնպիսի գործարք կամ կապակցված մի քանի գործարքներ իրականացնելը (բացառությամբ այն գործարքների, որոնց կատարումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պարտադիր է), որը կարող է հանգեցնել տվյալ իրավաբանական անձի հաշվապահական հաշվետվություններում առկա տվյալների հիման վրա որոշված ակտիվների 25 տոկոսից ավելի չափով ուղղակի կամ անուղղակի գույք ձեռք բերելուն կամ այդ չափով գույք օտարելուն, կարող է իրականացվել միայն Պրոբացիայի ծառայության թույլտվությամբ:
7. Եթե առկա է իրավաբանական անձի՝ որպես պարտապանի մասնակցությամբ դեռևս չավարտված սնանկության վարույթ, ապա քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգվում է մինչև սնանկության վարույթի ավարտը:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում Պրոբացիայի ծառայությունը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան՝ քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգելու կամ արդեն իսկ հետաձգված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը վերացնելու համար:
ԲԱԺԻՆ 5
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Գ Լ ՈՒ Խ 25
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 130. | Պատժից ազատելու հիմքերը |
1. Պատժից ազատելու հիմքերն են՝
1) դատարանի դատավճռով նշանակված պատիժն ամբողջությամբ կրելը.
2) բացառիկ վերանայման արդյունքով դատավճռի բեկանումը՝ քրեական հետապնդումը դադարեցնելով.
3) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը.
4) պատժի կատարումը հետաձգելը.
5) պատժից ազատելը կամ պատիժը հետաձգելը հիվանդության հետևանքով.
6) պատիժը կամ դրա չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու անհնարինության դեպքում պատժից ազատելը.
7) պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով.
8) ներումը.
9) համաներումը:
2. Օրենքով կարող են նախատեսվել պատժից ազատելու այլ հիմքեր։
Հոդված 131. | Պատժից ազատելու կարգը |
1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, ազատության սահմանափակման, կարճաժամկետ ազատազրկման, ազատազրկման կրումը դադարեցվում է պատժի ժամկետի վերջին օրը՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են կատարվել պատժի ժամկետի մեջ։
2. Կարճաժամկետ ազատազրկման կամ ազատազրկման դատապարտված անձը պատժից ազատվում է պատժի ժամկետի վերջին օրվա առաջին կեսին։ Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պետք է պատժի ժամկետի վերջին օրվան նախորդող օրը նախապատրաստի դատապարտյալին ազատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Պատժի ժամկետն ամիսներով հաշվելիս այն ավարտվում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը համապատասխան ամսաթիվ չունի, ապա այդ ամսվա վերջին օրը։
3. Բացառիկ վերանայման արդյունքով դատավճիռը բեկանելու հետևանքով քրեական հետապնդումը դադարեցնելով պատժից ազատված անձին Պրոբացիայի ծառայության կամ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարզաբանում է պատիժը կատարելու ընթացքում կասեցված գույքային, աշխատանքային և այլ իրավունքների վերականգնման վերաբերյալ նրա իրավունքները։ Դատավճիռը ռեաբիլիտացնող հիմքերից որևէ մեկով բեկանելու հետևանքով քրեական հետապնդումը դադարեցնելով պատժից ազատվելու վերաբերյալ փաստաթղթերի մեջ պետության անունից պաշտոնապես ներողություն է խնդրվում դատապարտյալից։
4. Դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրը։
5. Պատժից ազատվելիս դատապարտյալին հանձնվում են նրան պատկանող գույքը, անձնական փաստաթղթերը, այդ թվում՝ պատժից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը։
Հոդված 132. | Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները |
1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պայմանների առկայության դեպքում:
2. Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քրեակատարողական հիմնարկը կամ կարգապահական գումարտակը ներկայացնում է սույն օրենսգրքի 133-րդ և 134-րդ հոդվածներին համապատասխան:
Հոդված 133. | Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը |
1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու նպատակով դատապարտյալը պատժի ժամկետի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված մասը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ իրավունք ունի գրավոր դիմում ներկայացնելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ պարտավոր է դատապարտյալին գրավոր ծանուցել դիմում ներկայացնելու կարգի մասին:
2. Դատապարտյալը դիմումով կարող է ներկայացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար համապատասխան հիմնավորումներ:
3. Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ մասին ծանուցում է Պրոբացիայի ծառայությանը զեկույց ներկայացնելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած ժամկետում և կարգով՝ Քրեակատարողական ծառայություն՝ կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
4. Քրեակատարողական ծառայությունը դիմումը, իսկ Պրոբացիայի ծառայությունը ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ՝ զեկույցներ): Դատապարտյալի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը չպահպանվելու դեպքում զեկույցները կազմվում են պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում:
5. Եթե Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների զեկույցները դրական են, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:
6. Եթե Քրեակատարողական կամ Պրոբացիայի ծառայությունների զեկույցներից մեկը բացասական է, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:
7. Եթե Քրեակատարողական կամ Պրոբացիայի ծառայությունների զեկույցներից մեկը բացասական է, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը չի տալիս գրավոր համաձայնություն: Սույն մասով նախատեսված դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին գրավոր ծանուցում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կրկին քննարկելու կարգի մասին:
8. Եթե Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների զեկույցները բացասական են, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Սույն մասով նախատեսված դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին գրավոր ծանուցում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կրկին քննարկելու կարգի, ինչպես նաև պատիժ կատարող հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու իրավունքի մասին: Որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
9. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու կամ չներկայացնելու մասին որոշման և զեկույցների պատճենները, դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով կայացված որոշումն օրենսդրությանը հակասող համարելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը նշված ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը միջնորդագրի քննության արդյունքների մասին տեղեկացնում է միջնորդագրի հեղինակին: Եթե միջնորդագրի քննության ընթացքում պարզվում է, որ դատապարտյալը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում բողոքարկել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը միջնորդագիրը վերադարձնում է հեղինակին:
10. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելիս միջնորդագրին կցվում են զեկույցները, դատապարտյալի անձնական գործը և առկայության դեպքում՝ դատապարտյալի ներկայացրած նյութերը:
11. Դրական զեկույցների դեպքում` մինչև զեկույցները դատարան ներկայացնելը, իսկ զեկույցներից առնվազն մեկի բացասական լինելու դեպքում՝ մինչև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից որոշում ընդունելը, դատապարտյալն իրավունք ունի`
1) իրեն մատչելի ձևով, այդ թվում՝ համապատասխան մասնագետի միջոցով իր վերաբերյալ կազմված նյութերին ծանոթանալու և անվճար դրանց պատճենները ստանալու.
2) բացատրություններ և փաստաթղթեր ներկայացնելու, հայտարարություններով հանդես գալու.
3) իր կարծիքն իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ հայտնելու.
4) իր վերաբերյալ կազմված զեկույցներն ստանալու.
5) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու.
6) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքներ:
12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ երեք ամիս անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
13. Դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
14. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ զեկույցը կազմելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
15. Պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 134. | Կարգապահական գումարտակում պահվող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգի առանձնահատկությունները |
1. Պատժի ժամկետի` օրենքով սահմանված մասը լրանալուց 10 օր առաջ կարգապահական գումարտակի հրամանատարությունը կազմում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույց:
2. Կարգապահական գումարտակի հրամանատարությունը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:
3. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը ներկայացնելիս միջնորդագրին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված զեկույցը, դատապարտյալի անձնական գործը և առկայության դեպքում՝ դատապարտյալի ներկայացրած նյութերը:
4. Դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց:
5. Կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի չկատարումը կարող է բողոքարկվել դատարան:
Հոդված 135. | Հիվանդության հետևանքով պատժից ազատելու մասին միջնորդություն ներկայացնելը |
1. Հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդությունը օրենքով սահմանված դեպքերում դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը՝ բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում։ Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան հանձնաժողովի եզրակացությունը և դատապարտյալի անձնական գործը։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 1-ին մասում նշված սուբյեկտները, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպությունը կարող են դիմել համապատասխան հանձնաժողով՝ եզրակացություն ստանալու նպատակով։
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված մեկից ավելի անձինք հիվանդության հետևանքով պատժից ազատելու միջնորդություն են ներկայացնում դատարան, ապա միջնորդությունները քննվում են այն դատավորի վարույթում, որի վարույթում գտնվում է ժամանակագրական առումով առաջինը ներկայացված միջնորդությունը:
Հոդված 136. | Պատժի կատարումը հետաձգելու կարգը |
1. Մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկման կամ ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված հղի կնոջ կամ խնամքին մինչև վեց տարեկան երեխա ունեցող անձի պատժի կատարումը հետաձգելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը: Միջնորդությանը կցվում են դատապարտյալի բնութագիրը, անձնական գործը, հղիության մասին բժշկական եզրակացությունը կամ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, առկայության դեպքում՝ դատապարտյալին և երեխային ընդունելու, նրանց բնակարան տրամադրելու և ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին ազգականների համաձայնությունը կամ դատապարտյալի՝ բնակարանով և երեխայի հետ ապրելու համար անհրաժեշտ պայմաններով ապահովված լինելու մասին տեղեկանքը:
2. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին ազատելու օրը Պրոբացիայի ծառայություն է ուղարկում պատժի կատարումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը՝ նշելով ազատելու օրը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալից ստորագրություն է վերցնում պատժից ազատվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Պրոբացիայի ծառայությունում հաշվառվելու պարտավորության մասին:
3. Դատապարտյալն իր բնակության վայր է մեկնում սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
4. Պատժի կատարումը հետաձգելու դեպքում անձը դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց խուսափող է համարվում, եթե Պրոբացիայի ծառայության կողմից երկու անգամ արգելված վարքագծի մասին նախազգուշացվելուց հետո դարձյալ չի կատարում սահմանված պարտականությունները:
Հոդված 137. | Արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու կարգը |
1. Եթե առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման կամ ավելի մեղմ պատժի դատապարտված անձի ընտանիքի միակ աշխատունակ անդամի հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի կատարումը նրա կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ապա այդ անձին պատժից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պրոբացիայի ծառայողը կամ քրեակատարողական հիմնարկի պետը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը:
2. Արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդության հետ միաժամանակ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը դատարան է ներկայացնում տեղեկանքներ համապատասխան հանգամանքների վերաբերյալ և դատապարտյալի անձնական գործը:
3. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ազատվելու օրը Պրոբացիայի ծառայություն է ուղարկում պատժից ազատելու մասին դատարանի որոշման պատճենը՝ նշելով ազատելու օրը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալից ստորագրություն է վերցնում պատժից ազատվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Պրոբացիայի ծառայությունում հաշվառվելու պարտավորության մասին:
4. Դատապարտյալն իր բնակության վայր է մեկնում սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:
5. Արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատված անձը դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց խուսափող է համարվում, եթե Պրոբացիայի ծառայության կողմից երկու անգամ արգելված վարքագծի մասին նախազգուշացվելուց հետո դարձյալ չի կատարում սահմանված պարտականությունները:
Հոդված 138. | Պատժից ազատված անձանց իրավական դրությունը |
1. Պատժից ազատված անձինք օգտվում են այն իրավունքներից և կրում են այն պարտականությունները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, բացառությամբ դատվածություն ունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների։
Հոդված 139. | Վերահսկողությունը պատժից ազատված անձանց նկատմամբ |
1. Օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Պրոբացիայի մասին» օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 26
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 140. | Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պարտականությունները պատժից ազատվող դատապարտյալի աշխատանքը և կենցաղը կարգավորելու հարցերում |
1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի սոցիալական վերականգնման հարցերով համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ: Պատժից ազատելու նախապատրաստման նպատակով դատապարտյալի հետ նախապես անցկացվում են համապատասխան աշխատանքներ՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի սահմանած կարգով։
2. Ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը՝
1) դատապարտյալի ընտրած բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնում է դատապարտյալի` պատժից առաջիկա ազատման ժամկետի, նրա աշխատունակության, կրթության, մասնագիտության, ինչպես նաև բնակության վայրի առկայության մասին.
2) դատապարտյալին գրավոր և անհատապես ծանուցում է կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու իրավունքի մասին և ներկայացնում «Զբաղվածության մասին» օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերը, ինչպես նաև նրանց տվյալները փոխանցում է օրենքով սահմանված լիազորված մարմին՝ որպես աշխատանք փնտրող անձ հաշվառելու և զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում նրանց ընդգրկելու նպատակով:
3. Կենսաթոշակային տարիքի հասած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող դատապարտյալի խնդրանքով քրեակատարողական հիմնարկի վարչակազմը նրա տվյալները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն՝ տարեցների կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքն ապահովող սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամք ապահովելու նպատակով։
Հոդված 141. | Պատժից ազատվող դատապարտյալին տրվող աջակցությունը |
1. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ապահովում է պատժից ազատվող դատապարտյալի անվճար տեղափոխումը մինչև նրա բնակության վայր կամ տրամադրում է դրա համար անհրաժեշտ գումար՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխվելու համար: Պատժից ազատվող դատապարտյալին նաև տրամադրվում է տեղափոխման ընթացքում անհրաժեշտ սննդամթերք կամ դրա համար անհրաժեշտ գումար, ինչպես նաև սեզոնային անհրաժեշտ հագուստ։ Դատապարտյալին, հաշվի առնելով գույքային դրությունը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի պատճառաբանված որոշման հիման վրա կարող է տրամադրվել նաև միանվագ դրամական օգնություն, որի տրամադրման չափն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
2. Պատժից ազատվող և առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող, ինչպես նաև անչափահաս դատապարտյալին պատժից ազատելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դրա մասին նախապես հայտնում է դատապարտյալի մերձավոր ազգականներին կամ նրա ընտրած այլ անձանց, իսկ այդպիսիք չունենալու դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն ինքն է ցուցաբերում անհրաժեշտ օգնությունը:
3. Պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալն ապահովվում է ժամանակավոր կացարանով՝ մինչև վեց ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցելով:
4. Պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող սոցիալական աջակցության ձևը, ծավալն ու տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հաշվի առնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ձևերը և ընդհանուր սկզբունքները:
ԲԱԺԻՆ 6
ՔՐԵԱԻՐԱՎԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 27
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 142. | Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը |
1. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժ կրող դատապարտյալը, որի նկատմամբ նշանակվել է հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում, այն կրում է պատիժ կատարող մարմնում կամ հիմնարկում, իսկ ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակի դատապարտյալը՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպություններում:
2. Ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձը, որի նկատմամբ նշանակվել է ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում, այն կրում է պատիժ կատարող մարմնում կամ հիմնարկում, իսկ ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակի դատապարտյալը՝ հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում:
3. Դատապարտյալը, որի նկատմամբ նշանակվել է հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում, այն կրում է հիվանդանոցային հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող հոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում:
4. Ազատությունից զրկելու հետ կապված պատժի կատարման ընթացքում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու անհրաժեշտության դեպքում պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը, դատապարտյալը կամ նրա փաստաբանը համապատասխան հոգեբուժական կազմակերպության հանձնաժողովի եզրակացության հիման վրա միջնորդություն է ներկայացնում դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը որոշելու նպատակով։
Հոդված 143. | Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները փոփոխելը, դրանց կիրառումը շարունակելը և դադարեցնելը |
1. Դատարանը պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմի միջնորդությամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոփոխում կամ կիրառումը դադարեցնում է համապատասխան հոգեբուժական կազմակերպության հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ անձի առողջանալու կամ նրա առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հարկադրանքի միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը վերանում է։ Եթե անձի առողջական վիճակի փոփոխություն չի արձանագրվում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը շարունակվում է:
2. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը շարունակելու, դադարեցնելու կամ դրա տեսակը փոփոխելու հարցը դատարանը քննարկում է նաև այն անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ ներկայացուցչի դիմումի հիման վրա, որի նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը:
Հոդված 144. | Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու ընդհանուր կարգը և պայմանները |
1. Որոշակի վայրեր այցելելու արգելքի կիրառումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը։
2. Որոշակի վայրեր այցելելու արգելքի մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ստանալուց հետո, իսկ ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված նշանակված լինելու դեպքում պատժի կատարումն ավարտվելուց կամ անձի՝ պատժից ազատվելուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է անձի գտնվելու վայրը, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայություն ներկայանալու վերաբերյալ և կազմում է անձնական գործ։
3. Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, նրա համար կազմվում է վերահսկողության պլան, և լրացվում է հաշվառման քարտը։ Ստորագրությամբ անձին պարզաբանվում են որոշակի վայրեր այցելելու արգելքը, նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:
4. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո այդ մասին եռօրյա ժամկետում հայտնում է դատական ակտը կայացրած դատարանին։
5. Ծանուցվելուց հետո Պրոբացիայի ծառայություն չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որոնց մասին կազմում է արձանագրություն։
6. Դատապարտյալին նրա բնակության կամ աշխատանքի վայրում չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում դատապարտյալին հայտնաբերելու ուղղությամբ։
Հոդված 145. | Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու ընդհանուր կարգը և պայմանները |
1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը։
2. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականության մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտն ստանալուց հետո, իսկ ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված նշանակված լինելու դեպքում պատժի կատարումն ավարտվելուց կամ անձի՝ պատժից ազատվելուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում պարզում է անձի գտնվելու վայրը, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայություն ներկայանալու վերաբերյալ և կազմում է անձնական գործ։
3. Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, նրա համար կազմվում է վերահսկողության պլան, և լրացվում է հաշվառման քարտը։ Ստորագրությամբ անձին պարզաբանվում են հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը, նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը:
4. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալին հաշվառման վերցնելուց հետո այդ մասին եռօրյա ժամկետում հայտնում է դատական ակտը կայացրած դատարանին։
5. Ծանուցվելուց հետո Պրոբացիայի ծառայություն չներկայանալու դեպքում պրոբացիայի ծառայողը պարտավոր է այցելել նրա բնակության կամ աշխատանքի վայր՝ պարզելու չներկայանալու պատճառները, որոնց մասին կազմում է արձանագրություն։ Դատապարտյալի կողմից անհարգելի պատճառով չներկայանալն առաջացնում է օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:
6. Դատապարտյալին նրա բնակության կամ աշխատանքի վայրում չհայտնաբերելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, որն իր իրավասության շրջանակներում միջոցներ է ձեռնարկում դատապարտյալին հայտնաբերելու ուղղությամբ։
Հոդված 146. | Պատասխանատվությունը որոշակի վայրեր այցելելու արգելքը չկատարելու համար |
1. Դատարանի սահմանած՝ որոշակի վայրեր այցելելու արգելքի պահանջները կատարելուց խուսափելու համար անձը ենթակա է պատասխանատվության:
2. Եթե անձի գտնվելու վայրը մինչև 15 օրվա ընթացքում չի բացահայտվում, ապա Պրոբացիայի ծառայությունն այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
3. Եթե անձը երկու և ավելի անգամ խախտել է դատարանի սահմանած արգելքը, ապա Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ անվտանգության միջոցը կարճաժամկետ ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ:
Հոդված 147. | Պատասխանատվությունը հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը չկատարելու կամ կատարելուց հրաժարվելու համար |
1. Դատարանի սահմանած՝ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության պահանջները կատարելուց խուսափելու կամ հրաժարվելու համար անձը ենթակա է պատասխանատվության:
2. Եթե անձի գտնվելու վայրը մինչև 15 օրվա ընթացքում չի բացահայտվում, ապա Պրոբացիայի ծառայությունն այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:
3. Եթե անձը հրաժարվում է սահմանված ժամկետում ներկայանալ Պրոբացիայի ծառայություն կամ եթե երկու և ավելի անգամ չի կատարում դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունը կամ հրաժարվում է կատարել այդ պարտականությունը, ապա Պրոբացիայի ծառայությունն այդ մասին կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ անվտանգության միջոցը կարճաժամկետ ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ:
Հոդված 148. | Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու կարգի առանձնահատկությունները |
1. Որոշակի վայրեր այցելելու արգելքն ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ զուգակցված նշանակված լինելու դեպքում պատժի կատարումն ավարտվելու կամ անձին պատժից ազատելու դեպքում պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում Պրոբացիայի ծառայություն է ուղարկում դատական ակտի պատճենը և հնգօրյա ժամկետում Պրոբացիայի ծառայություն ներկայանալու մասին անձի ծանուցված լինելը հավաստող փաստաթուղթը:
2. Որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու ժամանակ անձի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու դեպքում որոշակի վայրեր այցելելու արգելքի ժամկետը շարունակում է ընթանալ, իսկ եթե արգելքի կիրառման ժամկետն ավարտվում է մինչև համապատասխան խափանման միջոցի ժամկետի ավարտը կամ այն փոփոխելը կամ վերացնելը կամ համապատասխան պատիժը կրելը, ապա անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է։
3. Որոշակի վայրեր այցելելու արգելքն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ:
4. Որոշակի վայրեր այցելելու արգելքի ժամկետի սկիզբը հաշվվում է անձին հաշվառման վերցնելու պահից: Որոշակի վայրեր այցելելու արգելքի ժամկետի ավարտից հետո անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է, անձը հանվում է հաշվառումից, իսկ անձնական գործն արխիվացվում է։ Վերահսկողության ավարտի մասին Պրոբացիայի ծառայությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին։
Հոդված 149. | Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու կարգի առանձնահատկությունները |
1. Հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կիրառելու ժամկետի սկիզբը հաշվվում է անձի՝ հոգեբանին այցելելու պահից:
2. Եթե հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառելու ժամանակ անձը կալանավորվում է կամ դատապարտվում է կարճաժամկետ ազատազրկման կամ ազատազրկման, ապա հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող անձի անձնական գործը փոխանցվում է կալանավորվածներին պահելու վայր կամ քրեակատարողական հիմնարկ՝ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության հետագա ընթացքն ապահովելու նպատակով։ Եթե անձն ազատվում է կալանքից կամ պատժից մինչև հոգեբանական օգնություն ստանալու պարտականության կիրառելու ժամկետի ավարտը, ապա կալանավորվածներին պահելու վայրը կամ քրեակատարողական հիմնարկն անձնական գործն ուղարկում է Պրոբացիայի ծառայություն՝ հոգեբանական օգնություն ստանալու պարտականության հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
3. Դատարանը Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդության հիման վրա կարող է կրճատել կամ երկարաձգել հոգեբանական օգնություն ստանալու պարտականության տևողությունը կամ դադարեցնել այն՝ հիմք ընդունելով հոգեբան-փորձագետի եզրակացությունը։
4. Հոգեբանական օգնություն ստանալու ժամկետի ավարտից հետո անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է, անձը հանվում է հաշվառումից, իսկ անձնական գործն արխիվացվում է: Վերահսկողության ավարտի մասին Պրոբացիայի ծառայությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է դատական ակտը կայացրած դատարանին։
Գ Լ ՈՒ Խ 28
ՀԱՆՑԱՎՈՐ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՏԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՍԱԿԻ ՕԳՈՒՏԻ, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ, ՄԻՋՈՑԻ, ԱՌԱՐԿԱՅԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 150. | Հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի, առարկայի բռնագրավման կիրառումը |
1. Դատավճիռը կատարման հանձնելու հետ միաժամանակ դատարանը հանցավոր ծագում ունեցող գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի, հանցագործության գործիքի, միջոցի, առարկայի բռնագրավման վերաբերյալ կատարողական թերթն ուղարկում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որը տրամադրում է տեղեկություն այն կատարելու կամ դրա անհնարինության մասին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գույքի, եկամտի և այլ տեսակի օգուտի բռնագրավումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:
ԲԱԺԻՆ 7
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 29
ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ
Հոդված 151. | Դատական ակտերի կատարման փուլում դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը |
1. Դատական ակտի կատարման փուլում ապահովվում է դատապարտյալի իրավունքների դատական պաշտպանությունը:
2. Դատապարտյալն իրավունք ունի դիմելու դատական ակտ կայացրած դատարան` դատական ակտի կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետևանքով պատժից ազատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարցերի մասին միջնորդություններով:
3. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս դատապարտյալն իրավունք ունի մասնակցելու դատական նիստին, տալու բացատրություններ, ներկայացնելու ապացույցներ, հարուցելու միջնորդություններ, հայտնելու բացարկներ, ծանոթանալու գործի նյութերին, բողոքարկելու դատարանի գործողությունները և որոշումները:
4. Եթե դատապարտյալն օտարերկրյա այնպիսի պետության քաղաքացի է, որն ունի Հայաստանի Հանրապետության հետ դատապարտյալների փոխանցման մասին միջազգային պայմանագիր, կամ փոխանցման հնարավորությունը նախատեսված է փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա նա իրավունք ունի դիմելու որոշում կայացրած դատարան՝ որոշումն իր քաղաքացիության պետության տարածքում ի կատար ածելու հարցումով։
5. Դատապարտյալն իր իրավունքները կարող է իրականացնել անձամբ կամ փաստաբանի միջոցով: Անչափահաս, անգործունակ կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող դատապարտյալի նկատմամբ դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը դատարանի կողմից քննելիս պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
Հոդված 152. | Դատական վարույթի ընդհանուր պայմանները |
1. Սույն գլխով նախատեսված դատավարական կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 17-19-րդ, 33-36-րդ գլուխների և 11-րդ բաժնի կարգավորումները:
Հոդված 153. | Դատական ակտի կատարման հետաձգումը |
1. Դատապարտյալի նկատմամբ դատական ակտի կատարումը կարող է հետաձգել դատական ակտը կայացրած դատարանը, եթե առկա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հիմքերը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
2. Դատական ակտի կատարման հետաձգման հարցը դատարանը քննում է դատապարտյալի, նրա օրինական ներկայացուցչի, փաստաբանի կամ դատախազի միջնորդությամբ, ինչպես նաև դատական ակտը կայացրած դատարանի նախաձեռնությամբ:
Հոդված 154. | Դատապարտյալի հետախուզումը |
1. Դատարանն իրավունք ունի հայտարարելու պատժի կատարումից կամ վերահսկողությունից խուսափող դատապարտյալի հետախուզում` սեփական նախաձեռնությամբ կամ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ համապատասխան դատախազի միջնորդությամբ:
2. Ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց հետո իրավասու մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում հայտնաբերված հետախուզվողին ներկայացնում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին, իսկ հսկող դատախազի միջնորդությամբ հետախուզում հայտարարված լինելու դեպքում՝ նաև վերջինիս:
3. Դատարանի նախաձեռնությամբ հետախուզում հայտարարելու դեպքում հայտնաբերված հետախուզվողը ներկայացվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին, եթե այլ բան նախատեսված չէ հետախուզում հայտարարելու մասին դատարանի որոշմամբ:
Հոդված 155. | Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը լուծող դատարանները |
1. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված հարցերը լուծում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարանը:
2. Եթե դատական ակտն ի կատար է ածվում ակտը կայացրած դատարանի դատական տարածքից դուրս, ապա այդ հարցը լուծում է դատական ակտի կատարման վայրի դատական տարածքի միևնույն ատյանի դատարանը: Տվյալ դեպքում կարգադրության պատճենն ուղարկվում է դատական ակտը կայացրած դատարան:
3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու և դատապարտյալին դատավճռով նշանակված պատիժը կրելու ուղարկելու, դատապարտյալին, որի վերաբերյալ դատավճռի կատարումը հետաձգվել է, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներից ազատելու, ինչպես նաև դատավճռի կատարման հետաձգումը վերացնելու և դատապարտյալին պատժի կրման ուղարկելու վերաբերյալ հարցերը լուծում է դատապարտյալի բնակության վայրի առաջին ատյանի դատարանը:
4. Ազատությունից զրկելու հետ կապված պատիժներից ազատելու վերաբերյալ հարցերը լուծում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը:
5. Պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող և սույն հոդվածի 1-4-րդ մասերով չնախատեսված հարցերը լուծում է պատժի կրման վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը:
Հոդված 156. | Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի լուծման կարգը |
1. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը դատարանը քննում է դատական նիստում` դատապարտյալի, իսկ այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրել է պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը, ապա նաև վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պարտադիր է նաև փաստաբանի և դատախազի մասնակցությունը:
2. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի քննարկումը դատարանում սկսվում է նախագահողի կողմից միջնորդագիրը հրապարակվելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները և լսում է դատական նիստին ներկայացած անձանց կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա փաստաբանը: Այնուհետև դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու համար:
3. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի քննարկման արդյունքում դատարանը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերաբերելի դրույթների կիրառմամբ կայացնում է համապատասխան որոշում, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ որոշումներ:
4. Հիվանդության հետևանքով դատապարտյալին պատժից ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը կամ առողջական վիճակի փոփոխությամբ պայմանավորված պատիժը կրելու ուղարկելու հարցը դատարանի կողմից լուծվելիս պարտադիր է եզրակացություն տված համապատասխան բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:
5. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարանը միանձնյա կարգով քննում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի միջնորդագիրը կամ սույն օրենսգրքի 133-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքն ստանալու պահից 10 օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններին, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի հրամանատարությանը:
6. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`
1) դատախազը.
2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.
3) Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչները, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի ներկայացուցիչը:
7. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի լիազոր ներկայացուցիչը, տուժողի օրինական ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար: Դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կայացված որոշմամբ դատական նիստին կարող է հրավիրվել պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը:
8. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունն սկսվում է համապատասխանաբար Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կամ կարգապահական գումարտակի ներկայացուցիչների կողմից զեկույցները հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի, դատապարտյալի և նրա փաստաբանի դիրքորոշումները, եթե դատապարտյալը փաստաբան ունի, իսկ տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) ներկա լինելու դեպքում՝ նաև նրա դիրքորոշումը:
9. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում`
1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին կամ
2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին:
10. Դատարանի որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ:
11. Կարգապահական գումարտակում պատիժ կրող դատապարտյալների նկատմամբ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժը կամ դրա չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարցը դատարանում քննելիս հրավիրվում է կարգապահական գումարտակի ներկայացուցիչը, որը դատարան է ներկայացնում կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից դատապարտյալի մասին տրված գրավոր բնութագիրը:
Հոդված 157. | Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը |
1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանը կայացնում է առանձին որոշում, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու ժամանակը, վայրը, արտագնա դատական նիստ անցկացնելու պատճառները, ինչպես նաև արտագնա դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ դատարանի դիրքորոշումը:
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված նպատակով դատարանը կարող է որոշում կայացնել արտագնա դատական նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին:
3. Քրեակատարողական հիմնարկում դատական նիստն անցկացվում է այն նշանակելու մասին որոշում կայացնելուց ոչ շուտ, քան յոթ օր հետո:
Հոդված 158. | Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը |
1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին մասնակցել ցանկացող անձինք մինչև նիստի անցկացմանը նախորդող երրորդ օրը դատական նիստին մասնակցելու համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով գրավոր դիմում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով իրենց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահամարը, ինչպես նաև առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումն ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում է կայացնում քրեակատարողական հիմնարկ անձի մուտքը թույլատրելու կամ արգելելու մասին, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմում ներկայացրած անձի հասցեով, իսկ դիմումում էլեկտրոնային փոստի հասցե կամ հեռախոսահամար նշված լինելու դեպքում նաև ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ ծանուցվում հեռախոսահամարով: Դիմում ներկայացրած անձը չի կարող մասնակցել քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին, եթե նա չի ստացել քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը կարող է մերժվել, եթե դիմում ներկայացնող անձի մասնակցությունը կարող է վտանգել քրեակատարողական հիմնարկի անվտանգությունը:
Հոդված 159. | Դատական ակտով նախատեսված քրեաիրավական ներգործության միջոցից իրավաբանական անձի խուսափելու դեպքում քրեաիրավական ներգործության միջոցի փոխարինման կարգը |
1. Դատական ակտով նախատեսված քրեաիրավական միջոցից իրավաբանական անձի խուսափելու դեպքում սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված միջնորդությունները ներկայացվում են իրավաբանական անձի հաշվառման կամ գործունեության վայրի առաջին ատյանի դատարան:
2. Միջնորդության քննությունն իրականացվում է դատախազի, իրավաբանական անձի օրինական կամ լիազոր ներկայացուցչի, Պրոբացիայի ծառայության ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:
Հոդված 160. | Պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը դատարանում |
1. Պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքներն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դռնբաց դատական նիստում՝ բողոքը բերող անձի կամ նրա փաստաբանի մասնակցությամբ:
2. Պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքները քննելիս հրավիրվում է նաև այն պաշտոնատար անձը, որի գործողության, անգործության կամ ընդունած որոշման դեմ ներկայացվել է բողոքը։
3. Դատարանը բողոքը քննում և որոշում է կայացնում այն ստանալու պահից 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: Այն դեպքում, երբ ներկայացված բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը որոշում է կայացնում այն վերադարձնելու մասին՝ տրամադրելով եռօրյա ժամկետ բողոքի թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար: Թերությունները շտկված բողոքը ներկայացված է համարվում դրա սկզբնական ներկայացման օրը: Այն դեպքում, երբ բողոքը ներկայացվել է սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգի խախտմամբ, ապա դատարանը որոշում է կայացնում այն մերժելու մասին:
4. Եթե ներկայացված բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է նրա կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման, վատ վերաբերմունքի այլ դրսևորման, ապա դատարանը բողոքը քննում և որոշում է կայացնում այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում:
5. Բողոք բերող անձը և այն պաշտոնատար անձը, որի գործողության, անգործության կամ ընդունած որոշման դեմ ներկայացվել է բողոքը, պարտավոր են դատարան ներկայացնել իրենց տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն ապացույցները, որոնցով նրանք հիմնավորում են իրենց պահանջները կամ առարկությունները:
6. Ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար։
7. Բողոքի քննարկումն սկսվում է նախագահողի կողմից բողոքը հրապարակվելով, որից հետո դատարանը հետազոտում է ապացույցները և լսում է դատական նիստին ներկայացած անձանց կարծիքները: Այնուհետև՝ դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու համար:
8. Քննարկելով ներկայացված բողոքը՝ դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու մասին.
2) բողոքը մերժելու մասին։
9. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումը կայացնելիս դատարանը հաստատում է դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտման փաստը և
1) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց կամ
2) իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել դատապարտյալի իրավունքների խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ:
10. Բողոքի քննության արդյունքում կայացված որոշման պատճենն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող որոշումը կայացրած կամ վիճարկվող գործողությունն (անգործությունը) իրականացրած պաշտոնատար անձին և նրա վերադաս մարմնին:
11. Սույն հոդվածով դատարանի կայացրած որոշումների դեմ բողոք բերած անձը, նրա փաստաբանը կամ օրինական ներկայացուցիչը կամ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը կարող են բողոքարկել վերադաս դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:
12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում բողոքարկված ակտը կայացրած որոշումը կամ վիճարկվող գործողությունն իրականացրած կամ անգործությունը թույլ տված պաշտոնատար անձն անհապաղ միջոցներ է ձեռնարկում դատարանի հաստատած՝ դատապարտյալի իրավունքների և օրինական շահերի խախտումը վերացնելու ուղղությամբ և եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում որոշումը կայացրած դատարանին:
Հոդված 161. | Պատժից ազատելը հիվանդության պատճառով |
1. Հիվանդության պատճառով պատժից ազատելու կամ պատիժը հետաձգելու մասին միջնորդությունը քննում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի գտնվելու վայրի դատարանը՝ դատախազի, պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի կամ դատապարտյալի միջնորդությամբ ու պարտադիր մասնակցությամբ: Դատապարտյալը մասնակցում է միջնորդության քննությանը, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:
Հոդված 162. | Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելը կամ փոփոխելը |
1. Եթե անձի առողջական վիճակի բարելավումից կամ լրիվ առողջանալուց հետո վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը, կամ անձի առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված անհրաժեշտ է կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի այլ միջոց, ապա դատարանը, բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, տվյալ անձի, նրա ներկայացուցչի, մերձավոր ազգականի, պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությամբ քննում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու կամ այլ միջոցով փոխարինելու հարցը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցը քննում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման վայրի դատարանը` դատախազի և այն անձի պարտադիր մասնակցությամբ, որի միջնորդությամբ որոշվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու հարցը: Անձը մասնակցում է միջնորդության քննությանը, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:
3. Դատարանի կողմից բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը վերացվելու կամ փոխվելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում այն կրկին կարող է ներկայացվել, եթե ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բժշկական հանձնաժողով ստեղծելու կարգը և բժշկական հանձնաժողովի եզրակացությանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 163. | Անչափահասի նկատմամբ նշանակված հարկադրանքի միջոցը վերացնելը |
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը քննում է՝
1) անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վերացնելու և նրա նկատմամբ անվտանգության միջոց նշանակելու հարցը՝ անչափահասի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությամբ.
2) անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վաղաժամկետ դադարեցնելու կամ այն վերացնելու և նշանակված պատժի կատարման հարցը՝ անչափահասի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ անչափահասի օրինական ներկայացուցչի միջնորդությամբ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերը քննում է հարկադրանքի միջոցի կիրառման վայրի դատարանը` դատախազի, անչափահասի և այն անձի պարտադիր մասնակցությամբ, որի միջնորդությամբ որոշվում է անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վերացնելու կամ վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
3. Դատարանի կողմից անչափահասի նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը վերացնելու կամ վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում այն կրկին կարող է ներկայացվել, եթե ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ:
Հոդված 164. |
Դատական ակտի կատարումը հետաձգված լինելու դեպքում դատապարտյալին պատժից ազատելը և դատական ակտի կատարման հետաձգումը վերացնելը |
1. Դատապարտյալը, որի նկատմամբ դատական ակտի կատարումը հետաձգված է, փորձաշրջանն ավարտվելուց հետո ազատվում է պատժից՝ Պրոբացիայի ծառայության որոշմամբ:
2. Դատարանն ազատազրկման կամ ավելի մեղմ պատիժների կատարման հետաձգումը վերացնում և դատապարտյալին ազատազրկման կատարման է ուղարկում պատիժ կատարող մարմնի միջնորդությամբ: Դատարանը միջնորդությունը քննում է դատապարտյալի կամ նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի մասնակցությամբ:
Հոդված 165. | Դատական ակտերի բողոքարկումը |
1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:
2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատախազը, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը:
3. Բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:
4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը:
5. Սույն գլխում նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 46-47-րդ գլուխները:
Գ Լ ՈՒ Խ 30
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔՆԵՐԻ ԵՎ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ
Հոդված 166. | Հանցանքների և նշանակված պատիժների համապատասխանեցման հիմքը |
1. Կատարված հանցանքները և դրանց համար նշանակված պատիժները նոր օրենքին համապատասխանեցվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում:
2. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռով հաստատված հանցանքների համապատասխանեցման հիմքը դատարանի կողմից օրենքով սահմանված կարգով օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների ճանաչումն է Հայաստանի Հանրապետության տարածքում:
3. Դատարանն օտարերկրյա պետության դատավճիռը ճանաչելու և դրանով հաստատված հանցանքները Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու հարցերը լուծում է նույն դատական նիստում:
Հոդված 167. | Միջնորդություն ներկայացնելը և դրա քննությունը |
1. Կատարված հանցանքները և դրանց համար նշանակված պատիժները նոր օրենքին համապատասխանեցնելու համար միջնորդությունը ներկայացվում է դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:
2. Միջնորդություն ներկայացնելու իրավունք ունեն դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը, փաստաբանը՝ համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
3. Միջնորդությունը ներկայացնում է դատախազը, եթե համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք միջնորդություն չեն ներկայացրել: Դատախազը միջնորդությունը ներկայացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված եռամսյա ժամկետը լրանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
4. Միջնորդության քննությունն իրականացվում է դատախազի, դատապարտյալի, նրա օրինական ներկայացուցչի և առկայության դեպքում՝ փաստաբանի մասնակցությամբ:
5. Միջնորդության քննությունն սկսվում է միջնորդություն ներկայացրած անձի կողմից այն ներկայացնելով, որից հետո դատարանը լսում է դատավարության մյուս մասնակիցների կարծիքները: Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է հարցեր ուղղել միջնորդություն ներկայացրած անձին և մյուս մասնակիցներին:
6. Միջնորդության քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում դատապարտյալին վերագրվող հանցավոր արարքները և նշանակված պատիժները նոր օրենքին համապատասխանեցնելու կամ միջնորդությունը մերժելու մասին:
7. Որոշման մեջ նշվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որին համապատասխանում է դատապարտյալի արարքը, ինչպես նաև այն պատիժը և պատժաչափը, որին համապատասխանում է դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը և պատժաչափը:
Հոդված 168. | Օտարերկրյա պետության դատարանի դատավճռով հաստատված հանցանքների համապատասխանեցման մասին միջնորդության քննությունը |
1. Դատարանը, որոշում կայացնելով օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը ճանաչելու մասին, նույն որոշմամբ լուծում է նաև դատապարտյալին վերագրվող հանցանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանեցնելու հարցը:
2. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են՝
1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.
2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության իրավասու վերաքննիչ դատարանը.
3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության առաջին ատյանի դատարանը։
3. Որոշման մեջ նշվում է՝
1) դատավճիռը կայացրած դատարանի անվանումը, դատավճռի կայացման վայրը և ժամանակը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքում դատապարտյալի բնակության վերջին վայրը.
3) դատապարտյալին վերագրվող արարքների նկարագրությունը, օտարերկրյա պետության իրավական այն նորմերը, որոնց համապատասխանում են նկարագրված արարքները.
4) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց համապատասխանում են նկարագրված արարքները.
5) նշանակված պատիժը (հիմնական և լրացուցիչ) և պատժաչափը, պատժի չկրած մասը, որը դատապարտյալը պետք է կրի Հայաստանի Հանրապետությունում, պատժի կատարման սկիզբը և ավարտը:
4. Եթե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով տվյալ հանցանքի համար ազատազրկում պատժատեսակի առավելագույն ժամկետը նվազ է օտարերկրյա պետության դատարանի դատավճռով ազատազրկման նշանակված պատժաչափից՝ դատապարտյալի նկատմամբ որպես պատիժ է նշանակվում համապատասխանեցման արդյունքում կիրառված հոդվածի սանկցիայով ազատազրկման համար նախատեսվող առավելագույն ժամկետը:
5. Եթե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով տվյալ հանցանքի համար ազատազրկում պատժատեսակի նվազագույն ժամկետն ավելի է օտարերկրյա պետության դատարանի դատավճռով ազատազրկման նշանակված պատժաչափից՝ դատապարտյալի նկատմամբ որպես պատիժ է նշանակվում օտարերկրյա պետության դատարանի դատավճռով ազատազրկման նշանակված պատժաչափը:
6. Եթե Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով տվյալ հանցանքի համար ազատազրկում պատժատեսակ սահմանված չէ՝ դատապարտյալի նկատմամբ նշանակվում է համապատասխանեցման արդյունքում կիրառված հոդվածի սանկցիայով նախատեսված այն պատիժը և այն չափով, որի նկատմամբ հնարավոր է առավելապես հասնել պատժի նպատակների իրացմանը:
ԲԱԺԻՆ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 31
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 169. | Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
2. Սույն օրենսգրքով նախատեսված՝ իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենսգրքով նախատեսված՝ ազատության սահմանափակման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
4. Սույն օրենսգրքով նախատեսված՝ կարգապահական գումարտակում պահելու վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան կարգապահական գումարտակ ստեղծելուց և շահագործման հանձնելուց հետո:
5. Սույն օրենսգրքով նախատեսված՝ Վերասոցիալականացման հանձնաժողովին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։
6. Սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 6-րդ մասով և 81-րդ հոդվածի 1-ին մասով հանձնուքների և ծանրոցների համար նախատեսված սահմանաչափերը գործում են 2023 թվականի հունվարի 1-ից։
7. Սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ է մտնում օրենսդրությամբ սահմանված չափանիշներին համապատասխան, անվտանգային յուրաքանչյուր գոտու պայմաններն ապահովող բժշկական ստորաբաժանումներ ստեղծելուց և շահագործման հանձնելուց հետո, սակայն ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը։
Հոդված 170. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 2004 թվականի դեկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը:
2. Սույն օրենսգրքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն իրավասու մարմիններն ընդունում են սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում: Մինչև սույն օրենսգրքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերի ընդունումը mutatis mutandis գործելու են կարգավորման նույն առարկան ունեցող ենթաօրենսդրական ակտերն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ չեն հակասում սույն օրենսգրքին:
3. Անվտանգային գոտու տեսակները համապատասխանեցվում են հետևյալ կերպ.
1) բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների պատժի կատարման պայմանները համապատասխանեցվում են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմանների համար նախատեսված պայմաններին.
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների պատժի կատարման պայմանները համապատասխանեցվում են միջին անվտանգային գոտու մեղմ պայմանների համար նախատեսված պայմաններին.
3) կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների պատժի կատարման պայմանները համապատասխանեցվում են միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններին.
4) փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների պատժի կատարման պայմանները համապատասխանեցվում են բարձր անվտանգային գոտու մեղմ պայմանների համար նախատեսված պայմաններին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով ուղղիչ հիմնարկների տեսակների համապատասխանեցումն անվտանգային գոտիներին իրականացնում է Տեղաբաշխման հանձնաժողովը սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված համապատասխանեցումները վերանայվում են անվտանգային գոտում պատժի կատարումից հետո՝ վեցամսյա ժամկետում, քրեակատարողական հիմնարկի պետի կողմից՝ Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի եզրակացության հիման վրա անվտանգային գոտու խիստ և մեղմ պայմանները որոշելիս:
6. Մինչ սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելը, բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները Տեղաբաշխման հանձնաժողովի որոշման հիման վրա տեղաբաշխվում են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ հնարավորինս ապահովելով անվտանգային յուրաքանչյուր գոտու համար սույն օրենսգրքով նախատեսված պայմանները:
7. Սույն օրենսգրքի 168-րդ հոդվածը կիրառվում է 1998 թվականի հուլիսի 1-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումների հետ միասին, տարբերվող կարգավորումների պարագայում կիրառվում են սույն օրենսգրքի 168-րդ հոդվածով սահմանված կարգավորումները:
8. Սույն օրենսգրքի 23-րդ գլխով նախատեսված՝ պատիժ կատարող հիմնարկների կամ մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության կամ ընդունած որոշումների բողոքարկման կարգը տարածվում է սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ներկայացվող բողոքների վրա: Մինչ այդ ներկայացված բողոքները քննվում են մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 28 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2022 թվական: