ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի մարտի 24-ին
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի և կոլեկտիվ պայմանագրերի նորմատիվ դրույթների կատարման պահանջների նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության, աշխատանքի պետական տեսուչի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները:
Հոդված 2. | Սույն օրենքի գործողության ոլորտը |
Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հիմնարկների, կազմակերպությունների (այդ թվում` օտարերկրյա)` անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ` կազմակերպություններ), անհատ ձեռնարկատերերի և աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձանց վրա:
Հոդված 3. | Աշխատանքի պետական տեսչության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
Աշխատանքի պետական տեսչության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման ու անցկացման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
(3-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-30-Ն)
Հոդված 4. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) տեխնիկական միջոցների անվտանգ շահագործում` աշխատանքի վայրում աշխատանքի միջոցների անվտանգ շահագործում, որի դեպքում բացառվում են աշխատողի վրա արտադրական վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցությունները, վնաս հասցնելու թաքնված, բայց կանխատեսելի ռիսկի հավանականությունը.
2) աշխատանքի առողջ և անվտանգ պայմաններ` աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողի կյանքի և առողջության պահպանման` օրենսդրությամբ նախատեսված չափորոշիչների և չափանմուշների իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական, տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժկանխարգելիչ, հոգեբանական, վերականգնողական և այլ միջոցառումների ամբողջություն:
Հոդված 5. | Աշխատանքի պետական տեսչության գործունեության հիմնական սկզբունքները |
Աշխատանքի պետական տեսչության գործունեության հիմնական սկզբունքներն են`
1) սոցիալական գործընկերությունը աշխատանքի պաշտպանության ոլորտում.
2) գործունեության անկախությունը օրենքի պահանջը կատարելիս:
Հոդված 6. | Աշխատանքի պետական տեսչության համագործակցությունը այլ մարմինների հետ |
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացման ընթացքում աշխատանքի պետական տեսչությունը համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու հասարակական միավորումների հետ` փոխանակելով համապատասխան տեղեկատվություն:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 7. | Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները |
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են`
1) միասնական քաղաքականության իրականացման ապահովումը.
2) պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների և աշխատողների կոլեկտիվի ներկայացուցիչների հետ համագործակցության ապահովումը.
3) աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության նորմատիվների սահմանումը.
4) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված իրավասություններ:
Հոդված 8. | Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները |
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) լիազորություններն են`
1) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման միասնական քաղաքականության մշակումը.
2) աշխատանքի անվտանգության ապահովմանն ուղղված տեխնիկական կանոնակարգերի մշակումը.
3) գործատուների, արհեստակցական միությունների հետ գործատուի աշխատանքի անվտանգության գծով մասնագետների պատրաստման, ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպմանն աջակցելը.
4) պետական կառավարման և հսկողություն իրականացնող այլ մարմինների, գործատուների, դրանց միությունների, արհեստակցական միությունների և աշխատողների կոլեկտիվի ներկայացուցիչների հետ համագործակցությունը.
5) պետական հսկողության և վերահսկողության ապահովումը.
6) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման փորձի ընդհանրացումը.
7) աշխատանքի պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը, կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների վերլուծությունը և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
8) աշխատանքի պետական տեսչության մասնագետների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը.
9) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների պահպանման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հասարակության իրազեկումը, սեմինարների և խորհրդակցությունների կազմակերպումը.
10) աշխատանքի պետական տեսչության իրականացրած ստուգումների ընթացքում օգտագործվող ակտերի, արձանագրության ձևերի, ձևաթղթերի, ինչպես նաև տեսուչի վկայականի և կնիքի ձևերի մշակումն ու հաստատումը.
101) յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 20-ը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կողմից իրականացվող ծրագրային ստուգումների ժամանակացույցի հաստատումը.
11) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
(8-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-30-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. | Աշխատանքի պետական տեսչության խնդիրները |
Աշխատանքի պետական տեսչության խնդիրներն են`
1) գործատուներին, արհեստակցական միություններին և աշխատողներին աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման առավել արդյունավետ միջոցների և մեթոդների կիրառման մասին տեղեկատվություն ստանալուն աջակցելը.
2) աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանման և պաշտպանության ապահովումը.
3) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների կանխարգելումը.
4) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության իրականացումը:
(9-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-30-Ն)
Հոդված 10. | Աշխատանքի պետական տեսչության լիազորությունները |
Աշխատանքի պետական տեսչությունն ունի հետևյալ լիազորությունները.
1) գործատուների, դրանց միությունների, աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչների համար կազմակերպում է աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ սեմինարներ.
2) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների, արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում կազմակերպում է մեթոդական օգնություն` տալով համապատասխան տեղեկատվություն և խորհրդատվություն.
3) լիազորված մարմին առաջարկություն է ներկայացնում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման կատարելագործման վերաբերյալ.
4) վերլուծում է աշխատանքային օրենսդրության խախտումների պատճառները և գործատուին առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ.
5) ուսումնասիրում և վերլուծում է արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառները և գործատուին ներկայացնում դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդություններ
6) ուսումնասիրում է աշխատատեղում աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման վիճակը.
7) իր գործունեության ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնից ստանում է տեղեկատվություն` աշխատողների թվի, աշխատավարձի, դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին.
8) աշխատանքի առողջ և անվտանգ նորմատիվների պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում սահմանում է խախտումների վերացման ժամկետները` ըստ հաստատված նորմատիվների. սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ժամանակավորապես դադարեցնում է կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները մինչև խախտումների վերացումը.
9) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ.
10) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման և ազատման մասին իրավական ակտերի ընդունման և պահպանման, աշխատանքային գրքույկների վարման ու պահպանման, անօրինական աշխատանքների հայտնաբերման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման նկատմամբ.
10.1) (կետն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-119-Ն)
11) օրենսդրությամբ սահմանված կարգով հսկում և վերահսկում է կոլեկտիվ պայմանագրերով (համաձայնագրերով) նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ աշխատողների խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ.
12) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատատեղում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության՝ օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ.
13) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում արտադրությունում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարման նկատմամբ.
14) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողներին` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ.
15) ուսումնասիրում է սեռային հատկանիշով պայմանավորված աշխատանքի ընդունման խտրականության դեպքերը և միջոցներ ձեռնարկում աշխատողների խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ.
16) հսկողություն և վերահսկողություն է իրականացնում աշխատատեղում աշխատողների ինքնությունը հավաստող անվանաքարտերի տրամադրման և օգտագործման կարգի պահպանման նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
17) գործատուներից պահանջում է ձեռնարկել համապատասխան միջոցներ` վերացնելու ուսումնասիրության և (կամ) ստուգումների ժամանակ աշխատանքի կազմակերպման ընթացքում հայտնաբերված այն խախտումները և թերությունները, որոնք կարող են վտանգ սպառնալ աշխատողի կյանքին կամ առողջությանը.
18) ստուգումների հետևանքով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների մասին նյութեր է ներկայացնում իրավապահ մարմիններ.
19) օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով հայցով դիմում է դատարան.
20) կազմում է տարեկան հաշվետվություններ տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին.
21) կատարում է քաղաքացիների ընդունելություն, քննարկում է քաղաքացիների աշխատանքի իրավունքի խախտման մասին դիմումները, բողոքները և առաջարկները:
(10-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-30-Ն, 24.06.10 ՀՕ-119-Ն)
Հոդված 11. | Աշխատանքի պայմանների փորձաքննությունը |
1. Աշխատանքի պետական տեսչությունը գործատուի աշխատատեղում սահմանված կարգով հաստատված աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների նորմատիվների կիրառման անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում իր լիազորությունների սահմաններում միջնորդություն է ներկայացնում փորձաքննություն իրականացնելու իրավունք ունեցող համապատասխան մարմին` աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու համար:
2. Փորձաքննությունն իրականացվում է պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցներով` օրենքով սահմանված կարգով:
(11-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-30-Ն)
Հոդված 12. | Աշխատանքի պետական տեսչության գործունեության մասին հաշվետվությունը |
Աշխատանքի պետական տեսչությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո իր տարեկան գործունեության մասին երեք ամսվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում լիազորված մարմին: Լիազորված մարմինը դա հրապարակում է մամուլում:
Գործունեության ամենամյա հաշվետվությունը ներառում է տեղեկատվություն աշխատանքի պետական տեսչության գործունեության մասին, այդ թվում`
1) տեսչական ստուգումների, վերստուգումների և գործատուներին ներկայացված միջնորդագրերի մասին.
2) թույլ տրված խախտումների և կիրառված վարչական տույժերի մասին.
3) արտադրությունում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների թվաքանակի և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 13.
Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կառուցվածքը
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը լիազորված մարմնի առանձնացված ստորաբաժանումն է: Աշխատանքի պետական տեսուչները քաղաքացիական ծառայողներ են:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը կազմված է աշխատանքի գլխավոր պետական տեսուչից` աշխատանքի պետական տեսչության պետ, աշխատանքի պետական տեսչության պետի տեղակալներից, աշխատանքի պետական տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից:
Հոդված 14. | Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի գլխավոր պետական տեսուչը`
1) կազմակերպում և ղեկավարում է աշխատանքի պետական տեսչության աշխատանքները և պատասխանատվություն է կրում դրա գործունեության համար.
2) գործում է աշխատանքի պետական տեսչության անունից և ներկայացնում այն.
3) ապահովում և խրախուսում է աշխատանքի պետական տեսչության ծառայողների և գործատուների ու աշխատողների կամ նրանց կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցությունը.
4) փորձաքննություն իրականացնող համապատասխան մարմին է ներկայացնում միջնորդություն գործատուի աշխատատեղում աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների վերաբերյալ փորձաքննություն իրականացնելու համար.
5) արտադրությունում աշխատողի կյանքին և առողջությանը անմիջական վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում` համապատասխան փորձաքննական եզրակացության կամ ստուգման ակտի առկայության պայմաններում, սահմանում է խախտումների վերացման կատարման ժամկետներ` ըստ հաստատված նորմատիվների. սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում ժամանակավորապես դադարեցնում է կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները մինչև խախտումների վերացումը.
6) ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքի անվտանգության սահմանված կարգով հաստատված կանոններով և հրահանգներով նախատեսված վերապատրաստում չանցած աշխատողների աշխատանքային գործունեությունը մինչև նրանց սահմանված կարգով վերապատրաստումը և հրահանգավորումը.
7) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների արձանագրման դեպքում նշանակում է վարչական տույժեր՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան.
8) կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման գործունեության ժամանակավոր դադարեցման մասին որոշումը ուժը կորցրած է ճանաչում օրենսդրությամբ սահմանված կարգով, աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշմամբ կամ դատական ակտով.
9) իր իրավասության սահմաններում ընդունում է գործատուի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.
9.1) իր իրավասությունների շրջանակում օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց է ներկայացնում դատարան.
10) իրականացնում է սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
(14-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-30-Ն)
Հոդված 15. | Աշխատանքի պետական տեսուչի իրավունքները |
1. Աշխատանքի պետական տեսուչն իրավունք ունի`
1) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու նպատակով, սահմանված նմուշի վկայականի և ստուգման հանձնարարագրի (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) ներկայացմամբ, օրվա ցանկացած աշխատանքային ժամի գործատուի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ անարգել մուտք գործելու գործատուի գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային և այլ ստորաբաժանումներ` այդ մասին կազմելով համապատասխան արձանագրություն.
2) ստուգման անցկացման համար իր իրավասության շրջանակներում գործատուից կամ նրա ներկայացուցչից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջելու և ստանալու անհրաժեշտ փաստաթղթեր, բացատրություններ, տեղեկանքներ, այլ տեղեկություններ և վերցնելու փաստաթղթերի կրկնօրինակներ և այլ անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև փորձաքննության համար դուրս բերելու օգտագործվող կամ մշակվող նյութերի նմուշներ` կազմելով համապատասխան արձանագրություն.
3) առանձին կամ վկաների ներկայությամբ գործատուներին կամ կազմակերպության անձնակազմին հարցեր տալու աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կիրարկման վերաբերյալ.
4) անհրաժեշտության դեպքում հսկողական և վերահսկողական աշխատանքներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավելու անկախ փորձագետների, մասնագետների և թարգմանիչների, արհեստակցական միությունների ներկայացուցիչների.
5) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու աշխատանքի առողջ և անվտանգ պայմանների համապատասխանությունը հաստատված նորմատիվների պահանջներին.
6) կազմակերպելու աշխատանքի կատարման առողջ և անվտանգ պայմանների փորձաքննություն և արդյունքների մասին գրավոր տեղեկացնելու գործատուներին.
7) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների վերացման, աշխատողների խախտված իրավունքների վերականգնման նպատակով գործատուներին (նրանց ներկայացուցիչներին) ներկայացնելու պարտադիր քննարկման ենթակա միջնորդագրեր.
8) գործատուի և աշխատողների ներկայացուցիչների հրավերով մասնակցելու կոլեկտիվ պայմանագրերի կնքման նպատակով տարվող բանակցություններին, ինչպես նաև կոլեկտիվ աշխատանքային վեճերի քննարկմանը.
9) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի բացահայտված խախտումները և թերությունները վերացնելու նպատակով պարտադիր կատարման ենթակա գրավոր հանձնարարականներ տալու և հետևելու դրանց կատարմանը.
10) միջնորդելու աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնելու առանձին կազմակերպությունների, ստորաբաժանումների աշխատանքները աշխատողի կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող խախտումների հայտնաբերման դեպքում մինչև դրանց վերացումը.
11) միջնորդելու աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` ժամանակավորապես դադարեցնելու աշխատանքի անվտանգության կանոններով և հրահանգներով նախատեսված վերապատրաստում չանցած աշխատողների աշխատանքային գործունեությունը մինչև նրանց համապատասխան վերապատրաստում անցնելը.
12) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի խախտումների արձանագրման դեպքում միջնորդելու վարչական տույժեր նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան, վարչական տույժեր նշանակելու համար.
13) իր իրավասությունների շրջանակներում ընդունելու որոշումներ:
2. Աշխատանքի պետական տեսուչն ունի միասնական նմուշի վկայական, ինչպես նաև կնիք` իր համապատասխան համարի նշումով և աշխատանքի պետական տեսչության համապատասխան տարածքային մարմնի անվանումով:
(15-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-30-Ն)
Հոդված 16. | Աշխատանքի պետական տեսուչի պարտականությունները |
1. Աշխատանքի պետական տեսուչն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է`
1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
2) պահպանել գործատուի, աշխատողների` օրենքով սահմանված իրավունքները.
3) աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրական խախտումների մասին ահազանգողների վերաբերյալ չհրապարակել տեղեկություններ և չհայտարարել, որ ստուգումը կատարվում է ահազանգի հիման վրա.
4) պաշտոնավարման ընթացքում և պաշտոնաթողությունից հետո` հինգ տարվա ընթացքում, պահպանել պաշտոնեական պարտականությունները կատարելու ընթացքում իրեն հայտնի դարձած` օրենքով պահպանվող պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքները.
5) չխոչընդոտել կազմակերպության և նրա աշխատողների բնականոն աշխատանքին.
6) իրականացնել անկողմնակալ հսկողություն և վերահսկողություն աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ.
7) ստուգումների ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի` հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների մասին նյութերը ներկայացնել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսուչները Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով ու դեպքերում ունեն նաև այլ պարտականություններ:
(16-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-30-Ն)
Հոդված 17. | Աշխատանքի պետական տեսուչի անկախությունը |
Աշխատանքի պետական տեսուչը հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս հանդես է գալիս պետության անունից, գտնվում է պետության պաշտպանության ներքո, անկախ է պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից և ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
Հոդված 18. | Աշխատանքի պետական տեսուչի պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը |
1. Աշխատանքի պետական տեսուչը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում իր անօրինաչափ գործողության կամ անգործության համար:
2. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` վեց ամսվա ընթացքում:
Աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշումները կարող են բողոքարկվել լիազորած պետական մարմին` վեց ամսվա ընթացքում:
3. Աշխատանքի պետական տեսուչի գործողությունները կամ անգործությունը և գլխավոր պետական տեսուչի որոշումները դատական կարգով կարող են բողոքարկվել դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` վեց ամսվա ընթացքում:
(18-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-30-Ն)
Գ Լ ՈՒ Խ 5
ԳՈՐԾԱՏՈՒԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Հոդված 19.
Գործատուի պարտականությունները և պատասխանատվությունը
1. Գործատուն պատասխանատվություն է կրում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ապահովման համար:
2. (մասն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-119-Ն)
(19-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-30-Ն, 24.06.10 ՀՕ-119-Ն)
Հոդված 20. | Աշխատանքի պետական տեսուչի անօրինաչափ գործողության հետևանքով պատճառած վնասի հատուցումը |
Աշխատանքի պետական տեսուչի անօրինաչափ գործողության հետևանքով գործատուին և աշխատողին պատճառած վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 21.
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ձևերը
1. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողությունը և վերահսկողությունն իրականացվում են ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով:
Աշխատանքի առողջ և անվտանգ պայմանները սահմանող նորմատիվների կիրառման նկատմամբ ստուգումներ իրականացվում են այդ նորմատիվները սահմանված կարգով հաստատելուց հետո:
2. Ստուգումները լինում են ծրագրային (թեմատիկ) և ըստ անհրաժեշտության ստուգումներ:
3. Նոր ստեղծվող կազմակերպություններում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ ծրագրային ստուգումներն իրականացվում են կազմակերպության գործունեությունն սկսելուց վեց ամիս հետո:
4. Պետական և ծառայողական գաղտնիքի հետ առնչվող ստուգումներ կատարելու իրավասություն ունեն միայն լիազորված մարմնի ղեկավարի կողմից համապատասխան թույլտվություն ունեցող աշխատանքի պետական տեսուչները` օրենքով սահմանված կարգով:
Հոդված 22. | Ծրագրային ստուգումների իրականացման հիմքերը |
Ծրագրային ստուգումներն իրականացվում են տեսչության աշխատանքային ծրագրի հիման վրա` լիազորված մարմնի հաստատած ստուգումների ժամանակացույցով:
(22-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-30-Ն)
Հոդված 23. | Ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման հիմքերը |
Ըստ անհրաժեշտության ստուգումների համար հիմք են ծառայում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների, արհեստակցական միությունների, տվյալ կազմակերպության աշխատողների կողմից ստացված ահազանգ-դիմումները` կապված աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների ակնհայտ խախտումների կամ անօրինական աշխատանքի կատարման, ինչպես նաև արտադրական այնպիսի իրադրությունների ստեղծման հետ, որոնք կարող են առաջացնել արտադրության տարածքում գտնվող անձանց կյանքի և առողջության համար ծանր կամ վտանգավոր հետևանքներ:
Հոդված 24. | Ուսումնասիրությունների միջոցով աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պետական հսկողության և վերահսկողության իրականացման կարգը |
1. Ուսումնասիրության ընթացքում աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում աշխատանքի պետական տեսուչը խախտման մասին ուսումնասիրությունն ավարտելուց հետո` եռօրյա ժամկետում գրավոր նախազգուշացնում է համապատասխան գործատուին` նշելով խախտման հետևանքները վերացնելու միջոցառումները և կատարման ժամկետները` ըստ հաստատված նորմատիվների:
2. Գրավոր նախազգուշացումն ստանալուց հետո սահմանված ժամկետում գործատուի կողմից խախտման հետևանքները չվերացնելը կամ դրա վերաբերյալ աշխատանքի պետական տեսուչին չտեղեկացնելը հիմք է ըստ անհրաժեշտության ստուգում իրականացնելու համար:
(24-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-30-Ն)
Հոդված 25. | Աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի պահանջների խախտում թույլ տված գործատուի աշխատանքների ժամանակավորապես դադարեցման կարգը |
1. Ստուգվող գործատուի կամ նրա առանձին ստորաբաժանման աշխատանքների ժամանակավորապես դադարեցման վերաբերյալ աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշման մեկ օրինակը երկօրյա ժամկետում հանձնվում է գործատուին կամ նրա ներկայացուցչին, որը ստանալու մասին որոշման երկրորդ օրինակի վրա կատարում է համապատասխան նշագրում: Որոշումը ենթակա է անհապաղ կատարման:
2. Որոշումը ստանալուց հետո գործատուն կամ նրա ներկայացուցիչը, եթե այդ որոշումը դատական կարգով չի բողոքարկում, որոշման կատարման վերաբերյալ գրավոր տեղեկացնում է աշխատանքի գլխավոր պետական տեսուչին` նշելով արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջները չկատարելու դեպքում ժամանակավորապես դադարեցման մասին որոշման պահանջի կատարումն իրականացվում է աշխատանքի պետական տեսչության համապատասխան տարածքային մարմնի պետի մասնակցությամբ:
4. Գործատուի աշխատանքների ժամանակավորապես դադարեցման մասին որոշումը ուժը կորցրած է ճանաչվում աշխատանքի գլխավոր պետական տեսուչի որոշմամբ կամ դատական կարգով:
5. (մասն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-30-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 22.12.06 ՀՕ-30-Ն)
(25-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-30-Ն)
Հոդված 26. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|