108.0094.13.04.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
13.04.1998 թ. |
N 94-ԳՄ |
ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հունվարի 16-ի N 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների» 5 կետը,
Հրամայում եմ`
1. Հաստատել «Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորությունների միացման տեխնիկական պայմաններ տալու կարգ»-ը (կցվում է):
2. Կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Նախարար |
Գ. Մարտիրոսյան |
Համաձայնեցված է |
Հաստատված է |
ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆՈՐ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՏԱԼՈՒ
կ Ա Ր Գ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը մշակված է համաձայն ՀՀ կառավարության 16.01.98 թ. N 14 որոշմամբ հաստատված «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոնների» 5-րդ կետի:
2. Սույն կարգով սահմանվում է Էլեկտրաէներգիա բաշխող պետական փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետև` էլեկտրամատակարարող ՊՓԲԸ) կողմից էներգահամակարգին նոր էլեկտրական հզորություններ միացնելու, բաժանորդների էլեկտրակայանքներում հզորությունների ավելացման, հուսալիության դասի փոփոխության կամ էլեկտրակայանքների վերակառուցման տեխնիկական պայմաններ տալու գործընթացը:
II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
3. Էներգահամակարգին նոր էլեկտրական հզորության միացման տեխնիկական պայմանները մշակվում և առաջադրվում են էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-երի կողմից` առաջնորդվելով հետևյալ տեխնիկա-տնտեսական չափանիշներով:
3.1. Էլեկտրասնման հուսալիությունը և տարրերի պահուստային մակարդակը պետք է համապատասխանեն դիմողի ներկայացրած հայտի պահանջներին և Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական նորմերին:
3.2. Առաջադրվող տեխնիկական պայմանները դիմողի և էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-ի համար պետք է ապահովեն անհրաժեշտ բերված ծախսերի նվազագույն մակարդակը:
3.3. Նոր հզորությունների միացման հետ կապված էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-երի գործող ցանցերի թողունակության մեծացումը, որպես կարգ, պետք է իրականացվի իրենց կողմից` նոր հզորությունների միացման և էլեկտրաէներգիայի գնման մասին դիմողի որոշակի երաշխիքով: Երաշխիքը հաստատագրվում է նախնական պայմանագրով` որպես դիմողի կողմից նյութական պատասխանատվություն, էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-ի հնարավոր վնասների փոխհատուցման կարգի և չափի սահմանումով:
4. Եթե դիմողի նոր էլեկտրական հզորությունների էլեկտրասնումը տնտեսապես նպատակահարմար է իրականացնել արտադրող, հաղորդող ՊՓԲԸ-երից (220/110/35 կՎ լարման ենթակայանների կառուցում կամ վերակառուցում, ինչպես նաև 110-220 կՎ ենթակայաններից անմիջապես սպառողներին ուղիղ բջիջների հատկացում և այլն) կամ առկա բաժանորդների գործող էլեկտրական ցանցերից, ապա նրանց գրավոր համաձայնությունը ստանալու նպատակով բանակցությունները վարում է էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-ն` անհրաժեշտության դեպքում դիմողի ներգրավումով: Արտադրող և հաղորդող ՊՓԲԸ-երի էլեկտրատնտեսության վերակառուցումը` կապված նոր հզորությունների միացման հետ, կատարվում է դրանց սեփականատիրոջ կողմից` սույն կարգի 3.2 և 3.3 կետերի պահանջներին համապատասխան:
III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5. Տեխնիկական պայման ստանալու նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձինք դիմում են ներկայացնում իրենց էլեկտրակայանքների տարածքի էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-ի մասնաճյուղին, որը կատարում է դիմումի գրանցումը:
Իրավաբանական անձինք և անհատական գործունեությամբ զբաղվող անձինք դիմումին կից ներկայացնում են նաև պետական ռեգիստրի գրանցման վկայականի և գործունեության լիցենզիայի (եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գործունեության լիցենզիա պահանջվում է) պատճենները:
6. Տեխնիկական պայմանների մշակումը և փոխհամաձայնեցումը բոլոր մասնակից կողմերի և դիմողի հետ իրականացնում է էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-ն, իր կողմից սահմանված կարգով` մեկամսյա ժամկետում:
7. Դիմողի հետ փոխհամաձայնեցված տեխնիկական պայմանների վերջնական ձևակերպումը իրականացվում է էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-ում և հաստատվում նրա գլխավոր ճարտարագետի կողմից:
8. Տեխնիկական պայմանները պատրաստվում են 3 օրինակից, որոնցից մեկը տրվում է դիմողին, երկրորդը ուղարկվում է էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-ի արխիվ, իսկ երրորդը` մասնաճյուղի տեխնիկական բաժին: Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում տեխնիկական պայմանների մեկական պատճեններ տրվում են արտադրող կամ հաղորդող ՊՓԲԸ-ի արխիվ և տեխնիկական բաժին, իսկ առկա բաժանորդի էլեկտրական ցանցից էլեկտրասնման տարբերակի դեպքում` նաև տվյալ բաժանորդին:
9. Էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-երի կողմից տրված տեխնիկական պայմանների մասին ներկայացվում է.
9.1. Եռամսյակային ամփոփ տեղեկանք Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն,
9.2. 250 կՎԱ և բարձր էլեկտրական հզորությունների դեպքում օպերատիվ տեղեկանք «Հայէներգո» ՊՓԲԸ-ին:
10. Էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-ի և դիմողի միջև փոխհամաձայնեցված տեխնիկական պայմանների կատարումը պարտադիր է կողմերի համար:
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
11. Տեխնիկական պայմանները պետք է պարունակեն հետևյալ տվյալները`
ա) միացման կետերը (էլեկտրահաղորդման գիծ, ենթակայան կամ էլեկտրակայան), էլեկտրասնման օդային կամ մալուխային գծերի լարումը, սպառողի էլեկտրակայանքների մուտքում սպասվող լարման մակարդակը, անհրաժեշտության դեպքում 220/110/35 կՎ և դրանից ցածր լարման ենթակայանների կառուցման կամ վերակառուցման, ինչպես նաև 110-220 կՎ ենթակայաններից բջիջների հատկացման պայմանները.
բ) նոր սպառողի միացման պայմանները բավարարող գործող էլեկտրական ցանցի ուժեղացման հիմնավորված միջոցառումները (լարերի հատույթի մակերեսի ավելացում, ուժային տրանսֆորմատորների փոխարինում, լրացուցիչ բջիջների տեղակայում և այլն).
գ) նոր սպառողի էլեկտրատեղակայանքներին և էլեկտրասնման գծերին առաջադրվող տեխնիկական պահանջները, ելնելով ՀՀ գործող տեխնիկական նորմերից և ստանդարտներից, ինչպես նաև անվտանգության տեխնիկայի, աշխատանքի պաշտպանության, շրջակա միջավայրի պաշտպանության նորմերից.
դ) էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-ի և նոր սպառողի էլեկտրական ցանցերի սահմանազատման կետում կարճ միացման հոսանքների հաշվարկային արժեքները, ռելեային պաշտպանությանը, ավտոմատիկային, կապի միջոցներին, մեկուսիչներին և գերլարումներից պաշտպանվելուն ներկայացվող պահանջները, անվտանգության տեխնիկայի պահանջները (հողանցիչներ և այլն).
ե) ռեակտիվ հզորության փոխհատուցմանը ներկայացվող պահանջները.
զ) էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի կազմակերպմանը ներկայացվող պահանջները.
է) անհրաժեշտության դեպքում սպառողի էլեկտրակայանքների մոտ դրվելիք լարման կայունացուցիչ սարքերի և էլեկտրաէներգիայի որակի հսկման սարքավորումների տեղադրման մասին հատուկ պահանջները.
ը) սպառողի բեռնվածքի օրական գրաֆիկի կարգավորմանը ներկայացվող պահանջները.
թ) սպառողի էլեկտրակայանքների առանձնահատկություններից բխող հատուկ պահանջները (պահուստային սնման անհրաժեշտություն, սնող գծերի վրա ավտոմատիկայի տեղադրում, սնող գծերի զուգահեռ աշխատանքի հնարավորություն, պատասխանատու սպառիչների համար պահուստային սնման գծերի նախատեսում և այլն).
ժ) կառուցվելիք օբյեկտի էլեկտրակայանքների շահագործման կազմակերպման նախագծային լուծումների վերաբերյալ պահանջներ:
12. Տեխնիկական պայմաններում պետք է ամրագրվեն`
12.1. Շինմոնտաժային աշխատանքների վերահսկողության իրականացման կարգը և աշխատանքների ավարտից հետո շահագործման թույլտվություն տվող իրավասու մարմինը:
12.2. Նոր միացվող էլեկտրակայանքները սպասարկող կողմը և սպասարկման կարգը:
12.3. Սույն կարգի 3.2 և 3.3 կետերի դրույթների համաձայն որոշված 11 կետի ա) և բ) կետերում առաջադրված պայմաններն իրականացնող (ֆինանսավորող) կողմը:
13. Տեխնիկական պայմաններում նշվում է դրանց ուժի մեջ գտնվելու ժամկետը: Այն սահմանվում է մինչև 2 տարի, եթե սպառողի էլեկտրակայանքների հզորությունից և առանձնահատկությունից բխող այլ ժամկետ չի պահանջվում: