ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում`
1) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8. Նոտարները և «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված և (կամ) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են ամսական 5 հազար դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), որը նրանց համար համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն, իսկ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի ցանկում ընդգրկված գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չի հաշվարկվում և չի վճարվում: Հաշվետու ժամանակաշրջանում միաժամանակ և (կամ) հաջորդաբար հարկման տարբեր համակարգերով գործունեություն իրականացնելու դեպքում`
1) հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների և (կամ) շրջանառության հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակներից ստացված (անհատ ձեռնարկատերերի համար` ստացման ենթակա) եկամուտները և այդ ժամանակահատվածին վերաբերող նվազեցումները, ինչպես նաև վճարված հաստատագրված վճարները, արտոնագրային վճարներն ու շրջանառության հարկը հաշվի չեն առնվում հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով հարկվող եկամուտը որոշելիս.
2) հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաև հաստատագրված վճարների և (կամ) արտոնագրային վճարների և (կամ) շրջանառության հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերը վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում (ըստ հարկման համակարգերի), իսկ ժամանակաշրջանի ծախսերը (որոնք ըստ հարկման համակարգերի հնարավոր չէ առանձնացնել) բաշխվում են` ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ հարկման տարբեր համակարգերում գտնվող գործունեության տեսակներից ստացված (ստացվող) եկամուտների տեսակարար կշիռներից (ըստ հարկման համակարգերի համախառն եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով):».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով`
«9. Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց հաշվետու տարվա ընթացքում վճարման ենթակա պասիվ եկամուտները (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ կամ գույքի ձեռքբերման դիմաց եկամուտ) հարկվող շահույթը (եկամուտը) որոշելիս համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարվելու դեպքում վճարման ենթակա այդ պասիվ եկամուտների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով և ներառվում 12-րդ ամսվա ամփոփ հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին և վարկային կազմակերպություններին` այլ անձանցից ներգրավված վարկերի, փոխառությունների և ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով, ինչպես նաև այլ կազմակերպություններին՝ վերջիններիս կողմից թողարկված և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող գումարների մասով:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից (բացառությամբ հաստատագրված վճարներով և (կամ) արտոնագրային վճարներով և (կամ) շրջանառության հարկով հարկվող գործունեության և նոտարական գործունեության) եկամուտներ ստացող հարկ վճարողը պարտավոր է կատարել եկամտային հարկի կանխավճարներ` սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված կարգով և ժամկետներում:».
2) 3-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Այն հարկատուն, որը հարկային մարմնին ներկայացրել է գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուց հետո եկամտային հարկի կանխավճարներ չկատարել:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-239-Ն |