Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-14-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (22.02.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.02.12/11(1566) Հոդ.64
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
21.01.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.02.2020
Дата вступления в силу
22.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունվարի 21-ին

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում քրեակատարողական ծառայության (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) մարմինների և հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ինչպես նաև քրեակատարողական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել, իսկ երկրորդ պարբերության «պետական» բառը փոխարինել «հանրային» բառով.

2) 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասից հանել «ծառայությունում» բառը.

4) 5-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) համապատասխան նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) անվտանգության ապահովման, պահպանության ապահովման, օպերատիվ, հատուկ նշանակության, ուղեկցումների, ներքին անվտանգության, հերթապահության ստորաբաժանումներում և շտաբում.»:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «սույն օրենքից,» բառերից հետո լրացնել «Հանրային ծառայության մասին» օրենքից, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքից,» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քրեակատարողական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

5. Քրեակատարողական ծառայողների բարեվարքության համակարգի և այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են քրեակատարողական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:

6. Սույն օրենքով քրեակատարողական ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները տարածվում են քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9.

Քրեակատարողական ծառայության պաշտոնները և քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից: Քրեակատարողական ծառայության պաշտոնները աստիճանական համակարգով` բարձրից ցածր, դասակարգվում են ըստ գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի: Յուրաքանչյուր խմբի պաշտոնները նույնպես դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում և (կամ) փոփոխում է քրեակատարողական ծառայության պետը և վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Քրեակատարողական ծառայության պետը և նրա տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում քրեակատարողական ծառայության պաշտոնների անվանացանկում:

3. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական և փրկարար ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «- արդարադատության գեներալ-լեյտենանտ» և «- արդարադատության գեներալ-մայոր» բառերը.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին շնորհվում են արդարադատության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները: Արդարադատության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը: Վարչապետը քրեակատարողական ծառայության պետի տեղակալին արդարադատության կոչումը շնորհում է համապատասխան նախարարի առաջարկությամբ:»:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «համապատասխան կոչում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքի» բառերով.

2) 3-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․

«3.1. Քրեակատարողական ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվում է քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչում: Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխան սկզբնական կոչումները սահմանում է Կառավարությունը։»․

4) 4-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 14.

Ծառայության անցնելուն ներկայացվող հիմնական պահանջները

 

1. Սույն օրենքով սահմանված կարգով քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), դիմելու պահին չի լրացել նրանց 30 տարին, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի: Քրեակատարողական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին օրենքով նախատեսված կարգով և հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

2. Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

3. Քրեակատարողական ծառայություն դիմած և քրեակատարողական ծառայության պաշտոնի անցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացներում` նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

4. Քրեակատարողական ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, և (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

 

«Հոդված 14.1.

Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

 

1. Բացառությամբ քրեակատարողական հիմնարկի պետերի պաշտոնների, քրեակատարողական ծառայության մյուս պաշտոններն զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 14-րդ, 17-րդ և 41-րդ հոդվածների պահանջները:

3. Քրեակատարողական ծառայողների առաջխաղացումը կատարվում է սույն օրենքով սահմանված մրցույթով:»:

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 17.

Քրեակատարողական ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քրեակատարողական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:».

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների պաշտոն, քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի կամ առնվազն երեք տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:».

5) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի, նրա տեղակալների պաշտոն, քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի միջին խմբի պաշտոն, բացառությամբ բժշկական սպասարկման ոլորտի պաշտոնների կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:».

6) 5-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը․

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Քրեակատարողական ծառայության միջին և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:».

8) 6-րդ մասի «ծառայության» բառից հետո հանել «բարձրագույն» բառը.

9) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․

10) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Քրեակատարողական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության այն ծառայողները (այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները), որոնք բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:»:

 

Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 18.

Փորձաշրջանի նշանակումը և անցկացումը

 

1. Քրեակատարողական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

 

Հոդված 13. Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ»:

 

Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.

Քրեակատարողական ծառայողի կատարողականի գնահատումը

 

1. Քրեակատարողական ծառայողի կատարողականի գնահատման և վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

 

Հոդված 15. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են վերապատրաստման «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:».

2) 2-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ՝ հատուկ ուսուցում անցնելուց հետո: Հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:

 

Հոդված 16. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Քրեակատարողական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության պետին և նրա տեղակալներին» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 23-րդ և 24-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 23.

Քրեակատարողական ծառայողի իրավունքները

 

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, քրեակատարողական ծառայողների հիմնական իրավունքներն են՝

1) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

2) կոչման` սահմանված կարգով բարձրացումը.

3) պաշտոնի նշանակման արդյունքները բողոքարկելը.

4) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:»:

 

Հոդված 24.

Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

 

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկությունները, դիմումները և բողոքները քննության առնելը և դրանց ընթացք տալը.

2) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.

3) կարգապահական կանոնակարգը պահպանելը:

2. Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատում է Կառավարությունը:»:

 

Հոդված 19. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին, 3-րդ և 4-րդ կետերից հանել «և քաղաքացիական հատուկ ծառայության» բառերը.

2) 5-7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 8-րդ կետից հանել «և քաղաքացիական ծառայողներին» բառերը.

4) 9-րդ կետից հանել «և քաղաքացիական ծառայողների» բառերը.

5) 10-րդ կետից հանել «և քաղաքացիական ծառայողների» բառերը.

6) 11-րդ կետից հանել «և անցկացնում» բառերը.

7) 12-րդ կետից հանել «, քաղաքացիական ծառայողներին և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարձու աշխատողներին» բառերը.

8) 13-րդ կետից հանել «կամ քաղաքացիական ծառայողի» բառերը:

 

Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով:

 

Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 32.

Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ քրեակատարողական ծառայողն իրավունք չունի՝

1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու և ի պաշտոնե գործելու դեպքերի.

2) լինելու որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ:»:

 

Հոդված 22. Օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 35.

Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Քրեակատարողական ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

2. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաև արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը քրեակատարողական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ: Արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար քրեակատարողական ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

4. Մեդալի և կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

 

Հոդված 36.

Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաև կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ մեկ անգամ, կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից:

3. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է քրեակատարողական ծառայության պետը: Քրեակատարողական ծառայության պետի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորությունը կարող է պատվիրակվել այլ պաշտոնատար անձանց:»:

 

Հոդված 23. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 37.

Ծառայողական պարտականությունների կասեցումը».

 

2) 1-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 24. Օրենքի 38-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 25. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը.

7) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.».

2) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.».

3) 1-ին մասի 13-րդ կետի «քաղաքական կամ հայեցողական» բառերը փոխարինել «հանրային» բառով.

4) 1-ին մասի 14-րդ կետից հանել «սույն» բառը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու քրեակատարողական ծառայողի լիազորությունները:»:

 

Հոդված 26. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 27. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «խմբի պաշտոններ զբաղեցնողների համար 50 տարեկանը» բառերը հանել, իսկ «բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնողների» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության պետի և նրա տեղակալների» բառերով:

 

Հոդված 28. Օրենքի 42-րդ հոդվածը «Պետական պաշտոններ» բառերից հետո լրացնել «և պետական ծառայության պաշտոններ» բառերով:

 

Հոդված 29. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Քրեակատարողական ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 30. Օրենքի 14.1-ին գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 31. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 55.1-55.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 55.1.

Քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագիրը

 

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնի համար սահմանվում է պաշտոնի անձնագիր: Պաշտոնի անձնագրի հաստատման և փոփոխման հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) քրեակատարողական ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից և խնդիրներից բխող քրեակատարողական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող և այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող և սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:

3. Քրեակատարողական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է քրեակատարողական ծառայության պետը:

 

Հոդված 55.2.

Քրեակատարողական ծառայողի անձնական գործը

 

1. Քրեակատարողական ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Քրեակատարողական ծառայողի անձնական գործը վարում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 55.3.

Քրեակատարողական ծառայողների էթիկայի հանձնաժողովը

 

1. Քրեակատարողական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության, քրեակատարողական ծառայողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

 

Հոդված 32.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված հոդվածների:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 11-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ կետերն ուժի մեջ են մտնում քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը: Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

3․ Սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածները, 11-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ և 10-րդ կետերն ուժի մեջ են մտնում քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը: Քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

5․ Քրեակատարողական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատվում են մինչև քրեակատարողական ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշման ընդունման օրը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2020 թ. փետրվարի 7

Երևան

ՀՕ-14-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան