Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-161-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (15.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.11.15/67(1342) Հոդ.1106
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
25.10.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
09.11.2017
Дата вступления в силу
15.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Լիցենզիաների գրանցամատյանի վարումը

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմին) վարում է լիցենզիաների էլեկտրոնային միասնական գրանցամատյան (այսուհետ՝ էլեկտրոնային գրանցամատյան), որը բաղկացած է լիցենզավորող մարմինների կողմից վարվող էլեկտրոնային գրանցամատյաններից:

2. Էլեկտրոնային գրանցամատյաններում նշվում են`

1) լիցենզավորված իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը, բնակության վայրը և հաշվառման հասցեն.

2) լիցենզիայի սերիան և համարը.

3) լիցենզիա տալու ամսաթիվը և գրանցման համարը.

4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիա.

5) գործունեության իրականացման վայրերը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում).

6) գործողության ժամկետը.

7) գործողության ժամկետների երկարաձգումները.

8) տեղեկություններ էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, գործողության կասեցման, գործողության դադարեցման մասին.

9) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ:

3. Էլեկտրոնային գրանցամատյանում լիցենզիաների տրամադրման մասին որոշումների գրանցման, ինքնաշխատ կերպով լիցենզիայի սերիայի և համարի տրամադրման, հրապարակման, լիցենզիաների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, վավերականության ստուգման կարգը և էլեկտրոնային գրանցամատյանից անվճար օգտվող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը՝

ա. «այլ անձանց վերաբերյալ» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարի դիմաց այլ անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկությունները ֆիզիկական և իրավաբանական անձանց կարող են տրամադրվել առցանց: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարը չի կարող գերազանցել բազային տուրքի չափը:».

2) 2-րդ մասի երրորդ պարբերությունը՝

ա. «իրենց վերաբերյալ» բառերից հետո լրացնել «թղթային տարբերակով» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններում պահվող տեղեկություններն անվճար նրանց կարող են տրամադրվել առցանց:».

3) 4-րդ մասը «հրապարակող մարմին» բառերից հետո լրացնել «և համապատասխան գրառում կատարում էլեկտրոնային գրանցամատյանում» բառերով.

4) ամբողջ տեքստը «լիցենզիաների» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածը «Լիցենզիաների» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու մասին որոշումն ընդունելուց և պետական տուրքի վճարման մասին հավաստիանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, լիցենզիայի մասին որոշումը գրանցում է էլեկտրոնային գրանցամատյանում, որից հետո էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ կերպով տրամադրվում է լիցենզիայի սերիան և հերթական համարը՝ էլեկտրոնային գրանցամատյանում հրապարակելով լիցենզիա տրամադրելու մասին որոշումը:»:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունը «լիցենզավորող մարմինը լիցենզիայի» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, լիցենզիայի վերաձևակերպման մասին որոշումները, գրանցված փոփոխություններն ուժի մեջ են մտնում լիցենզավորված անձին էլեկտրոնային փոստի միջոցով դրա վերաբերյալ ծանուցելուց և միաժամանակ դրանք էլեկտրոնային գրանցամատյանում հրապարակելուց մեկ օր հետո, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Լիցենզիաները, լիցենզիաների գործողության ժամկետի երկարաձգման որոշումները, գրանցված փոփոխությունները հրապարակելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են լիցենզավորված անձին:»:

 

Հոդված 7. Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, լիցենզավորող մարմինները պարտավորվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ընդունված լիցենզիաների տրամադրման մասին որոշումները, որոնց գործողության ժամկետը չի ավարտվել, գրանցել էլեկտրոնային գրանցամատյանում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. նոյեմբերի 9
Երևան
ՀՕ-161-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան