«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10305247
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 մայիսի 2005 թ. |
N 100-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետին և «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 30-րդ հոդվածներին համապատասխան
Հրամայում եմ`
1. Հաստատել Արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայարտոնագրի պետի 2000թ. օգոստոսի 31-ի «Արդյունաբերական նմուշների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները հաստատելու մասին» N 48 հրամանը:
Կ. Ճշմարիտյան
Հավելված | |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿեՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Կարգում օգտագործվող հասկացությունները
ՀՀ՝ Հայաստանի Հանրապետություն
Օրենք՝ «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, 08.12.2004, ՀՕ-175-Ն
Գործակալություն՝ Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալություն
Արդյունաբերական նմուշ՝ իրի արտաքին տեսքը բնորոշող գեղարվեստակառուցվածքային լուծում, որը նոր է, ինքնատիպ և արդյունաբերորեն կիրառելի
Հեղինակ՝ ֆիզիկական անձ, ում ստեղծագործական աշխատանքով ստեղծվել է արդյունաբերական նմուշը
Հայտ՝ արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու հայտ
Փարիզյան կոնվենցիա՝ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիա
ԱՆՄԴ՝ արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգում (ըստ Լոկարնոյի համաձայնագրի)
Հայտատու՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ում անունով խնդրարկվում է արդյունաբերական նմուշի արտոնագիրը
Արտոնագրատեր՝ անձ, ում անունով տրված է արդյունաբերական նմուշի արտոնագիրը
Ներկայացուցիչ՝ անձ, որը լիազորված է Գործակալությանը ներկայացնելու հայտատուին, արտոնագրատիրոջը կամ այլ անձի
Արտոնագրային հավատարմատար՝ ներկայացուցիչ, որը ֆիզիկական անձ է և Գործակալությունում գրանցված է որպես արտոնագրային հավատարմատար
Դիմում՝ արդյունաբերական նմուշի՝ ՀՀ արտոնագիր ստանալու մասին դիմում
Պատկեր՝ արդյունաբերական նմուշի տեսքը՝ արտապատկերված տարբեր եղանակներով։
Սույն Կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 30-րդ հոդվածների և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի (ա) ենթակետի պահանջների համաձայն արդյունաբերական նմուշների հայտերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև դրանց քննարկման և արտոնագիր տալու հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:
Բ Ա Ժ Ի Ն I
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Հայտ ներկայացնելու իրավունք ունեցող անձինք
1. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի և 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հայտը ներկայացնում է արտոնագիր ստանալու իրավունք ունեցող անձը, մասնավորապես՝ արդյունաբերական նմուշի հեղինակը (համահեղինակները), գործատուն կամ նրանց իրավահաջորդը (այսուհետ՝ հայտատու)։
Արտոնագիր ստանալու իրավունքը հավաստող որևէ փաստաթուղթ չի պահանջվում։
2. Հայտատուի կողմից Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն, արտոնագիր ստանալու իրավունքի զիջումը, որի մասին նշված է հայտում կամ մինչև արդյունաբերական նմուշի պետական գրանցումը Գործակալություն ուղղված դիմումում, համարվում է նաև հայտատուի իրավունքների զիջում։
3. Արդյունաբերական նմուշի հեղինակն իրավունք ունի հայտ ներկայացնել հետևյալ դեպքերում՝
եթե արդյունաբերական նմուշը ծառայողական չէ, այսինքն՝ դա կապված չէ հեղինակի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ.
եթե արդյունաբերական նմուշը ծառայողական է, բայց աշխատողի (հեղինակի) և գործատուի միջև այդ մասին պայմանագիր չկա, կամ կնքված պայմանագրով նախատեսված է, որ աշխատողի կողմից ստեղծված արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է հեղինակին, կամ եթե արդյունաբերական նմուշի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում վերջինս կամ նրա իրավահաջորդը հայտ չի ներկայացնում Գործակալություն կամ հայտ ներկայացնելու իրավունքը չի զիջում այլ անձի:
Հայտ ներկայացնելու ընթացակարգը
4. Հայտը կարող է ներկայացվել Գործակալություն անմիջականորեն կամ փոստային առաքմամբ:
5. Հայտը կարող է ներկայացվել Գործակալություն նաև ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով՝ ֆաքսիմիլային պատկերի տեսքով, հայտի բնօրինակի հետագա ներկայացմամբ։
6. Հայտը կարող է ներկայացնել հայտատուն՝ անձամբ կամ Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի կամ արտոնագրային հավատարմատար չհանդիսացող ներկայացուցչի միջոցով։
7. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, օտարերկրյա իրավաբանական անձինք կամ նրանց արտոնագրային հավատարմատարները և ՀՀ-ից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք Գործակալության հետ գործավարությունն իրականացնում են Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ դեպքեր նախատեսված չեն։
8. Եթե նշված անձանց հետ որպես հայտատու հանդես են գալիս ՀՀ-ում մշտապես բնակվող ֆիզիկական անձինք կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք, ապա հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու հետ կապված գործերը կարող են վարվել առանց արտոնագրային հավատարմատարի։ Այս դեպքում Գործակալությունը կարող է պահանջել, որ ՀՀ տարածքում նշվի հասցե՝ նամակագրություն իրականացնելու համար։
9. Ներկայացուցչի նշանակումն իրականացվում է հայտատուի, արտոնագրատիրոջ կամ այլ շահագրգիռ անձի կողմից տրված լիազորագրի միջոցով, պահպանելով սույն Կարգի 39-րդ կետի պահանջները։
10. Եթե ներկայացուցչին նշանակում են մի քանի անձինք, ապա լիազորագիրը ստորագրվում է այդ բոլոր անձանց կողմից։
11. Առանձին լիազորագիր չի պահանջվում, եթե ներկայացուցիչը նշված է հայտատուի կողմից ստորագրված արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու մասին դիմումի ձևում։ Այդ դեպքում ներկայացուցիչն ունի բոլոր լիազորությունները տվյալ հայտի նկատմամբ՝ ընդհուպ մինչև արտոնագիր ստանալը։
12. Գործակալություն ներկայացվում է ներկայացուցչին տրված լիազորագրի բնօրինակը։
13. Եթե մեկ հայտում նշված են մի քանի հայտատու կամ արտոնագիրը տրված է մի քանի արտոնագրատիրոջ անունով, ապա նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի գործերը վարել Գործակալությունում, սակայն նրանք կամ բոլորը միասին պետք է ստորագրեն հայտատուի կամ արտոնագրատիրոջ ստորագրությունը պահանջող յուրաքանչյուր փաստաթուղթ, կամ հայտատուների կամ արտոնագրատերերի կազմից պետք է նշանակեն ընդհանուր ներկայացուցիչ, կամ պետք է նշանակեն այլ ներկայացուցիչ։ Այս դրույթը տարածվում է նաև այլ շահագրգիռ անձանց վրա, որոնք վարում են գործերը Գործակալությունում։
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԸ
Արդյունաբերական նմուշի առարկան
14. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, արդյունաբերական նմուշ է համարվում իրի արտաքին տեսքը բնորոշող գեղարվեստակառուցվածքային այն լուծումը, որը նոր է, ինքնատիպ և արդյունաբերորեն կիրառելի։
15. Արդյունաբերական նմուշները կարող են լինել ծավալային կամ տարածական (իրը կամ դրա մանրակերտը), հարթ կամ մակերեսային (գծանկարը) կամ դրանց զուգակցությունը:
16. Ծավալային (տարածական) արդյունաբերական նմուշները զարգացած ծավալատարածական լուծում (եռաչափ կառուցվածք) ունեցող հորինվածքներ են (օրինակ՝ հաստոցը, կենցաղային իրերը և այլն):
17. Հարթ (մակերեսային) արդյունաբերական նմուշները չունեն ծավալ (երկչափ կառուցվածքներ են) և բնորոշվում են տարրերի գծայինգծանկարչական հարաբերակցությամբ (օրինակ՝ գորգերի, գործվածքների գեղարվեստակառուցվածքային լուծումը և այլն):
18. Մասնավորապես, արդյունաբերական նմուշի օբյեկտ կարող են հանդիսանալ պարզ և բարդ իրերը, դրանց բաղադրիչ մասերը, փաթեթվածքը, պիտակը, խորհրդանիշը, տառաշարերը և այլն։
19. Իրերի գեղարվեստակառուցվածքային լուծումները կարող են դառնալ արդյունաբերական նմուշի հայտի օբյեկտ դրանց նախագծման (էսքիզային, բանվորական), մանրակերտի (ստատիկ, գործող) ստեղծման, արտադրման (փորձնական նմուշ, սերիական նմուշ, զանգվածային արտադրության նմուշ և այլն) բոլոր փուլերում՝ պայմանով, որ այդ լուծումներն ինքնատիպ և ավարտուն լինեն:
20. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և սույն Կարգի 14-րդ կետի սահմանած բնորոշման համաձայն, արդյունաբերական նմուշի արտոնագրաունակության պայմաններն են` նորությունը, ինքնատիպությունը և արդյունաբերորեն կիրառելիությունը։
21. Արդյունաբերական նմուշը նոր է, եթե իրի գեղագիտական և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկությունները պայմանավորող էական հատկանիշների ամբողջությունը մինչև արդյունաբերական նմուշի առաջնության թվականը հայտնի չէ աշխարհում՝ հանրամատչելի բոլոր տեսակի տեղեկություններից:
22. Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած որևէ անձի կողմից արդյունաբերական նմուշի էության հրապարակային բացահայտումը, եթե այն կատարվել է արդյունաբերական նմուշի հայտը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում՝ այդ առաջնության թվականին նախորդող 6 ամսվա ընթացքում (այդ հանգամանքը պետք է
ապացուցի հայտատուն):
23. Արդյունաբերական նմուշը ճանաչվում է ինքնատիպ, եթե դրա էական հատկանիշները պայմանավորում են իրի գեղագիտական և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկությունների ստեղծագործական բնույթը։
24. Արդյունաբերական նմուշն արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է բազմակի վերարտադրվել համապատասխան իրը պատրաստելու միջոցով։
Առաջարկություններ, որոնք ենթակա չեն իրավական պահպանության
25. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, արտոնագրաունակ արդյունաբերական նմուշներ չեն՝
ա) այն լուծումները, որոնք բացառապես պայմանավորված են իրի տեխնիկական գործառույթներով.
բ) ճարտարապետության օբյեկտների (բացառությամբ ճարտարապետական փոքր ձևերի) արդյունաբերական, հիդրոտեխնիկական և ստացիոնար այլ կառույցների լուծումները.
գ) տպագրական արտադրանքի լուծումները՝ որպես այդպիսին.
դ) հեղուկ, գազանման, սորուն կամ համանման նյութերից պատրաստված, անկայուն ձև ունեցող առարկաների լուծումները:
26. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, իրավական պահպանության ենթակա չեն այն արդյունաբերական նմուշները, որոնց օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության
սկզբունքներին:
Արդյունաբերական նմուշի միասնության պահանջը
27. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, արդյունաբերական նմուշի հայտը պետք է վերաբերի մեկ արդյունաբերական նմուշի և կարող է ներառել այդ նմուշի տարբերակները (արդյունաբերական նմուշի միասնության պահանջ), եթե դրանք փոխկապակցված են ընդհանուր (միասնական) գեղարվեստակառուցվածքային լուծմամբ և ուղղված են նմանատիպ պահանջմունքների բավարարմանը:
28. Արդյունաբերական նմուշի օբյեկտ կարող է լինել ինչպես առանձին իրի, այնպես էլ իրի մասի, իրի տարբերակների և լրակազմի (հավաքակազմի) գեղարվեստակառուցվածքային լուծումը:
29. Իրի մասը կարող է լինել ինքնուրույն պահպանության օբյեկտ, եթե այն կարող է օգտագործվել այլ իրերի հետ և
ունենալ ինքնուրույն գործառույթ (օրինակ՝ դռան բռնակը, մեքենայի ցոլալապտերը և այլն) և ավարտուն հորինվածք:
30. Արդյունաբերական նմուշի տարբերակները մեկ ֆունկցիոնալ խմբի՝ ԱՆՄԴ միևնույն դասին պատկանող իրի այն գեղարվեստակառուցվածքային լուծումներն են, որոնք բնութագրվում են իրի հիմնական գեղագիտական և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկությունները բնորոշող հատկանիշներով և ունեն այդ հատկանիշները լրացնող` տեսողականորեն ընկալելի ստեղծագործական բնույթի ոչ մեծ տարբերություններ:
31. Իրերի լրակազմը (հավաքակազմը) մի միասնական խնդրի լուծմանը միտված և միասնական գեղարվեստակառուցվածքային լուծմամբ փոխկապակցված իրերի հավաքածուն է:
Հայտի կազմը
32. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի՝
ա) դիմում արդյունաբերական նմուշի՝ ՀՀ արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են արդյունաբերական նմուշի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.
բ) արդյունաբերական նմուշի նկարագրությունը, ներառյալ դրա էական հատկանիշների ամբողջությունը.
գ) իրի, դրա մանրակերտի կամ նկարի պատկերների լրակազմը, որը մանրամասն և ամբողջությամբ արտահայտում է իրի արտաքին տեսքը.
դ) էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը, ընդհանուր տեսքի գծագրերը, եթե դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էությունը հասկանալու համար:
Հայտին կցվող փաստաթղթերը
33. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, արդյունաբերական նմուշի հայտին կցվում է հայտը ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ բանկային հանձնարարագիրը (բնօրինակը)` պետական տուրքի տեսակի, վճարողի անվան, գումարի փոխանցման բանկային հաշվի համարի և վճարման ամսաթվի նշումով։
34. Եթե պետական տուրքը վճարված է զեղչով և եթե հայտատուն իրավաբանական անձ է կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ֆիզիկական անձ, ապա կցվում է նաև տեղեկանք՝ պետական տուրքի վճարման օրվա դրությամբ հայտատուի աշխատողների թվաքանակի մասին։ Տեղեկանքը տրվում է պետական տուրքը վճարած իրավաբանական անձի (ընկերության) տնօրենի ստորագրությամբ և վավերացվում է կնիքով։ Տեղեկանքում պարտադիր նշվում է հայտատուի հարկային կոդը։
35. Արդյունաբերական նմուշի նմանակի (նմանակների) և (կամ) ամենամոտ նմանակի (դրա (դրանց) առկայության դեպքում) հայտին կցվում է դրա (դրանց) պատկերը (պատկերները)։
36. Փարիզյան կոնվենցիայի 4-րդ հոդվածի և Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում հայտին կցվում է նաև Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացված առաջին հայտի (այսուհետ՝ առաջին հայտ) պատշաճ ձևով վավերացված պատճենը: Առաջին հայտի պատճենը պետք է Գործակալություն ներկայացվի կոնվենցիայով հայտը Գործակալություն ներկայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
37. Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու մասին հայտատուն կարող է նշել հայտը ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում:
38. Եթե առաջին և ներկայացված հայտերում նշված են տարբեր հայտատուներ, ապա պետք է ներկայացնել վերջինիս իրավասությունները հաստատող փաստաթուղթ:
39. Եթե արդյունաբերական նմուշի հայտը ներկայացվում է ներկայացուցչի կամ արտոնագրային հավատարմատարի միջոցով, հայտին կցվում է հայտատուի կողմից նրան տրված լիազորագիրը։
Սույն Կարգի 9-րդ կետի համաձայն, Գործակալություն ներկայացնելու համար ՀՀ-ում ձևակերպվող լիազորագիրը կարող է տրվել հասարակ գրավոր ձևով, առանց նոտարական վավերացման։
Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի լիազորագիրը, որը ներկայացնում է ՀՀ-ից դուրս մշտապես բնակվող անձանց շահերը, կարող է տրվել ինչպես այդ անձանց կողմից, այնպես էլ նրանց կողմից լիազորված արտոնագրային հավատարմատարի կողմից, եթե վերջիններս ունեն վերալիազորման իրավունք։ Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատվի նոտարի կողմից։
Լիազորագիրը պետք է բավարարի հետևյալ պայմաններին՝
ա) լիազորագիրը ստորագրվում է լիազորող անձի կողմից։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ ՔՕ) 321-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ՝ այդ կազմակերպության կնիքի դրոշմմամբ։ Եթե այն պետության իրավունքով, որտեղ տրվել է լիազորագիրը, նախատեսված է այլ բան, ապա կիրառվում են ՀՀ ՔՕ 1282-րդ հոդվածի դրույթները. եթե տվյալ կազմակերպությունը չունի կնիք, ապա լիազորագիրը վավերացվում է նոտարի
կողմից.
բ) լիազորագիրը տրվում է Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարին.
գ) լիազորագրում պետք է նշվեն արտոնագրային հավատարմատարի իրավասությունների շրջանակները.
դ) լիազորագրում պետք է նշվի դրա կատարման թվականը, առանց որի այն առոչինչ է։
Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող 3 տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է կատարման թվականից մեկ տարվա ընթացքում։
Արտասահմանում կատարված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող՝ նոտարի կողմից վավերացված լիազորագիրը պահպանում է ուժը մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը։
Եթե լիազորագիրը տրվում է հայտատուի կողմից լիազորված հավատարմատարի կողմից (վերալիազորում), ապա այն պետք է վավերացվի նոտարական կարգով: Այս դեպքում վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել այն լիազորագրի գործողության ժամկետը, որի հիման վրա դա տրված է:
Եթե լիազորագիրը տրված է մի քանի արտոնագրային հավատարմատարների անունով, ապա արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու հետ կապված գործերը կարող է վարել նրանցից յուրաքանչյուրը։
Արտոնագրային հավատարմատարի կողմից լիազորագրում նշված իրավասությունների շրջանակներում կատարված ցանկացած գործողություն գնահատվում է որպես հայտատուի կողմից կատարված գործողություն։
Լիազորագրի օրինակելի ձևը կցվում է (Ձև 1):
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
Հայտի լեզուն
40. Հայտի դիմումը ներկայացվում է հայերեն:
41. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, հայտի մյուս փաստաթղթերը ՀՀ հայտատուները պարտավոր են ներկայացնել հայերեն, իսկ օտարերկրյա հայտատուները կարող են ներկայացնել այլ լեզվով։ Այդ դեպքում նրանք պարտավոր են դրանց հայերեն թարգմանությունը Գործակալություն ներկայացնել հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Օրինակների քանակը
42. Սույն Կարգի 32-րդ կետում նշված հայտի փաստաթղթերը, որոնք կազմված են հայերենով, ներկայացվում են 3 օրինակով: Նույն փաստաթղթերը, եթե կազմված են այլ լեզվով, ներկայացվում են 1 օրինակով, իսկ դրանց հայերեն թարգմանությունը՝ 3 օրինակով։ Ընդհանուր տեսքի պատկերները ներկայացվում են վեց օրինակից, մյուս պատկերները՝ երեքական օրինակից: Նկարագրությունը և հայտի կազմում ներկայացվող այլ անհրաժեշտ նյութերը (էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը, ընդհանուր տեսքի և այլ գծագրեր) ևս ներկայացվում են երկուական օրինակից: Մնացած փաստաթղթերը ներկայացվում են մեկական օրինակից:
Ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի օգտագործումը
43. Հայտին վերաբերող ցանկացած փաստաթուղթ, որը մինչև սահմանված ժամկետի լրանալը առաքվել է ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով՝ ֆաքսիմիլային պատկերի տեսքով, համարվում է ժամանակին ներկայացված, եթե դրա բնօրինակը Գործակալություն է ներկայացվում սահմանված ժամկետը լրանալու թվականից մեկ ամսվա ընթացքում։
44. Եթե հայտատուն կամ այլ շահագրգիռ անձ իր նախաձեռնությամբ ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով որևէ ժամկետի հետ կապ չունեցող փաստաթուղթ է ներկայացնում, ապա այդ փաստաթղթի բնօրինակը պետք է ներկայացվի մեկ ամսվա ընթացքում։
45. Եթե ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով ստացված փաստաթուղթն ամբողջությամբ կամ մասամբ ընթեռնելի չէ, փաստաթուղթը համարվում է չտրված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։
46. Ավելի վաղ ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված փաստաթղթի բնօրինակը ներկայացնելիս անհրաժեշտ է ուղեկցող նամակում հավաստիացնել (եթե ֆիզիկական անձ է՝ ստորագրությամբ, եթե իրավաբանական անձ է՝ դրա ղեկավարի կամ այդպիսի իրավունք ունեցող այլ անձի (նշելով պաշտոնը) ստորագրությամբ՝ վավերացված կնիքով), որ ներկայացված փաստաթուղթը ավելի վաղ ուղարկված փաստաթղթի բնօրինակն է և որ այդ փաստաթղթերի տեքստերը նույնական են։
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Դիմում արտոնագիր ստանալու մասին
47. Արտոնագիր ստանալու մասին դիմումը ներկայացվում է սույն Կարգին կից տրված ձևով (Ձև 2):
48. Եթե որևէ տեղեկություն ամբողջությամբ չի տեղավորվում դիմումի համապատասխան սյունակում, ապա այդ տեղեկությունը նույն ձևով բերվում է լրացուցիչ թերթի վրա՝ դիմումի համապատասխան սյունակում նշելով՝ «տե՜ս լրացուցիչ թերթի վրա» կամ «տեղեկությունները բերված են լրացուցիչ թերթի վրա»:
49. Դիմումի 1-ին և 2-րդ սյունակները նախատեսված են Գործակալության կողմից լրացնելու համար և հայտատուի կողմից չեն լրացվում։
50. Դիմումի 1-ին սյունակը լրացվում է այն դեպքում, երբ դիմումը և դրան կից փաստաթղթերը ավելի վաղ ներկայացված են ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով, համաձայն սույն Կարգի 43-46-րդ կետերի։ Այդ դեպքում նշվում է ֆաքսիմիլային կապով ստացված փաստաթղթերի թվականը և երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի։
51. Դիմումի 2-րդ սյունակի՝ մտից N-ը, (21) ծածկագրով «Հայտի պետական գրանցման համարը» և (22) ծածկագրով «Հայտի ներկայացման թվականը» բաժինները լրացվում են Գործակալության կողմից:
52. Դիմումի 3-րդ սյունակի (54) ծածկագրով դաշտում բերվում է հայտարկվող արդյունաբերական նմուշի անվանումը և տարբերակների քանակը (փակագծերի մեջ), ինչը պետք է համապատասխանի նկարագրությանը։
53. Դիմումի 4-րդ սյունակի (71) ծածկագրով «Հայտատու(ներ)» դաշտում բերվում են տեղեկություններ հայտատուի մասին՝ ֆիզիկական անձի անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, մի քանի հայտատուների դեպքում՝ իրենց նշած հերթականությամբ, կամ իրավաբանական անձի պաշտոնական անվանումը, ինչպես նաև տեղեկություններ համապատասխանաբար դրանց բնակության կամ գտնվելու վայրի մասին, ներառյալ՝ երկրի պաշտոնական անվանումը, լրիվ փոստային հասցեն և երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի:
Եթե հայտատուները մի քանիսն են, նշված տեղեկությունները բերվում են նրանցից յուրաքանչյուրի համար։
Եթե հայտատուները նաև հեղինակներ են, ապա նրանց բնակության վայրի մասին տեղեկությունները տրվում են միայն (72) ծածկագրով՝ «Հեղինակներ» դաշտում։
54. Դիմումի 5-րդ սյունակի (72) ծածկագրով «Հեղինակ(ներ)» դաշտում բերվում են տեղեկություններ արդյունաբերական նմուշի հեղինակի (հեղինակների) մասին՝ անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, բնակության վայրի լրիվ փոստային հասցեն, որը ներառում է երկրի պաշտոնական անվանումը և դրա ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի։
55. (72) ծածկագրով դաշտի տակ տեղադրված սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ հեղինակը խնդրում է հայտի և(կամ) արտոնագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվել որպես հեղինակ: Այս դեպքում նշվում է այն հեղինակի անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, ով ցանկանում է հրապարակման ժամանակ չհիշատակվել որպես հեղինակ, և նրա ստորագրությունը։
56. Հաջորդ դաշտը լրացվում է միայն այն դեպքում, երբ հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը հայտատուին փոխանցվել է հեղինակի իրավահաջորդի կողմից: Այստեղ նշվում են տեղեկություններ իրավահաջորդի մասին՝ անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, բնակության հասցեն (ֆիզիկական անձի համար) կամ իրավաբանական անձի պաշտոնական անվանումը և գտնվելու վայրի հասցեն (այն դեպքում, երբ հեղինակի իրավահաջորդը իրավաբանական անձ է, դրվում է ղեկավարի ստորագրությունը՝ վավերացված կնիքով):
57. Դիմումի 6-րդ սյունակի համապատասխան վանդակներում «X» նշանը դրվում է այն դեպքում, երբ հայտատուն հրաժարվում է լրացուցիչ նյութեր ներկայացնելու իրավունքից կամ խնդրում է գաղտնագրել արդյունաբերական նմուշը, կամ էլ հայտնում է արդյունաբերական նմուշն օտարերկրյա պետություններում արտոնագրելու մտադրության մասին։
58. Դիմումի 7-րդ սյունակը նախատեսված է առաջնություն խնդրարկելու մասին նշում կատարելու համար և լրացվում է միայն այն դեպքում, երբ խնդրարկվում է ավելի վաղ առաջնություն, քան Գործակալություն հայտի ներկայացման թվականն է: Այս դեպքում համապատասխան վանդակում դնելով «X» նշանը, նշվում են առաջնության խնդրարկման հիմքերը և ավելի վաղ (առաջին, սկզբնական) ներկայացված հայտի համարը, որի կամ դրա լրացուցիչ նյութերի հիման վրա խնդրարկվում է առաջնությունը, և խնդրարկված առաջնության թվականը (ավելի վաղ ներկայացված հայտի կամ դրա լրացուցիչ նյութերի ստացման թվականը):
Եթե առաջնությունը խնդրարկվում է մի քանի հայտերի հիման վրա, ապա նշվում են բոլոր հայտերի համարները և
դրվում խնդրարկվող առաջնության թվականները:
Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում նշվում է նաև առաջին հայտի ստացման երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST.3 ստանդարտի:
59. Դիմումի 8-րդ՝ «Կցվող փաստաթղթերի ցանկը» սյունակի համապատասխան վանդակները լրացվում են «X» նշանով՝ նշելով ներկայացվող փաստաթղթերի օրինակների ու յուրաքանչյուր օրինակի թերթերի քանակը: Կից ներկայացվող այն փաստաթղթերի համար, որոնք նախատեսված չեն դիմումի ձևում («Այլ փաստաթղթեր»), նշվում է դրանց կոնկրետ նշանակությունը:
60. «Արտոնագիր ստանալու իրավունքի հիմքը» դաշտում «X» նշանով նշվում է արտոնագիր ստանալու համապատասխան հիմքը: Նշված սյունակը լրացվում է այն դեպքում, երբ (71) և (72) ծածկագրերով դաշտերում նշված են տարբեր անձինք։ Ընդ որում, նշված հիմքը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում:
61. Դիմումի 9-րդ սյունակում բերվում են տեղեկություններ այն անձի մասին, ով հայտատուի կողմից նշանակված է` իր անունից վարելու գործերը Գործակալության հետ՝ անունը, հայրանունը (եթե այն նշված է) և ազգանունը, բնակության վայրի հասցեն ՀՀ տարածքում, հեռախոսի, ֆաքսի և էլեկտրոնային փոստի համարները։
Այդ ներկայացուցիչը կարող է լինել հայտատուներից մեկը, արտոնագրային հավատարմատարը (նշվում է նրա գրանցման համարը Գործակալությունում) կամ այլ ներկայացուցիչ։
62. Դիմումի 10-րդ սյունակի (98) ծածկագրով «Նամակագրության հասցե» դաշտում բերվում են լրիվ փոստային հասցեն ՀՀ տարածքում և հասցեատիրոջ անունը, ազգանունը կամ անվանումը, որոնք պետք է բավարարեն փոստային արագ առաքման սովորական պահանջներին։
Որպես նամակագրության հասցե կարող են նշվել, մասնավորապես, հայտատուի՝ ՀՀ-ում բնակության վայրի (ֆիզիկական անձի համար) կամ գտնվելու վայրի (իրավաբանական անձի համար) հասցեն, կամ արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի հասցեն։
63. Եթե դիմումում բացակայում է նամակագրության հասցեն, ապա այդ հասցեն համարվում է արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի հասցեն, եթե այն նշված է, հակառակ դեպքում՝ նամակագրության հասցեատեր կարող է նշվել ՀՀ-ում բնակվելու կամ գտնվելու վայր ունեցող հայտատուն (եթե հայտատուները մի քանիսն են, նրանցից
առաջինի հասցեն)։
64. Դիմումի 11-րդ՝ «Ստորագրություններ» սյունակը լրացվում է՝ պարտադիր նշելով թվականը: Դիմումը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա դիմումը ստորագրում է դրա ղեկավարը կամ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթով լիազորված այլ անձ՝ նշելով պաշտոնը, որի ստորագրությունը վավերացվում է իրավաբանական անձի կնիքով:
Եթե հայտը ներկայացվում է հայտատուի ներկայացուցչի միջոցով, դիմումը կարող է ստորագրվել հայտատուի ներկայացուցչի կողմից։
Այն դեպքում, երբ հայտը ներկայացված է արտոնագրային հավատարմատարի կամ հայտատուի այլ ներկայացուցչի միջոցով, դիմումին կցվում է հայտատուի կողմից տրված լիազորագիրը։
65. Դիմումի բաժիններում ստորագրությունները վերծանվում են՝ ստորագրող անձանց անունների սկզբնատառերի և ազգանունների նշումով:
66. Եթե ստորագրություններ պահանջող այս կամ այն տեղեկությունը բերվում է լրացուցիչ թերթի վրա, այն ստորագրվում է նույն կարգով: Հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությունը պարտադիր է դիմումի յուրաքանչյուր լրացուցիչ թերթի վրա:
67. Դիմումի մեջ հայտատուի ներկայացրած ոչ հավաստի տվյալների կամ տեղեկությունների համար Գործակալությունը պատասխանատվություն չի կրում:
Իրի, դրա մանրակերտի, գծանկարի պատկերների (կամ այլ արտապատկերումների) լրակազմը
68. Պատկերը իրի արտաքին տեսքը էական հատկանիշների ամբողջությամբ արտահայտող այն հիմնական փաստաթուղթն է, որը պարունակում է դրա մասին պատկերային տեղեկություն և թույլ է տալիս որոշել դրա իրավական պահպանության ծավալը:
69. Պատկերները պետք է մանրամասն և լրիվ պատկերացում տան իրի արտաքին տեսքի մասին՝ բացահայտելով դրա բոլոր էական հատկանիշները:
70. Պատկերը պետք է լինի հստակ և պարզ: Արդյունաբերական նմուշի բոլոր մանրամասները պետք է լավ երևան:
71. Իրը (դրա մանրակերտը) պետք է նկարել չեզոք հիմնագույնի (ֆոնի) վրա, առանց օտար առարկաների:
72. Հայտը պետք է պարունակի արդյունաբերական նմուշի սև-սպիտակ (եթե գույնը էական հատկանիշ չէ) պատկերները դիմացից՝ 3/4 տեսանկյունով (ռակուրսով), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ տեսքը աջից, ձախից, առջևից, հետևից, վերևից, ներքևից և այլ գծագրեր:
73. Բարդ իրերի համար կարող են ներկայացվել լրացուցիչ ֆրագմենտների մեծացված պատկերները:
74. Բացվող, փակվող, ձևափոխվող իրերի համար պետք է ներկայացվեն դրանց պատկերները՝ բաց, փակ կամ ձևափոխված վիճակում։
75. Հարթ (մակերեսային) նմուշների համար ներկայացվում են դրանց (անհրաժեշտության դեպքում՝ գունավոր) պատկերները, որոնցում պետք է ընդգրկված լինի հարթ պատկերի կրկնանախշը (պլանում):
76. Իրերի լրակազմը (հավաքակազմը) ընդհանուր տեսքի պատկերների վրա ներկայացվում է ամբողջությամբ, այսինքն՝ դրա մեջ մտնող բոլոր իրերի ընդգրկմամբ:
77. Բացառիկ դեպքերում, եթե իրերը լրիվ կազմով չեն կարող ներկայացվել ընդհանուր տեսքի պատկերի վրա, թույլատրվում է լրակազմը ներկայացնել հատված առ հատված՝ առանձին պատկերների վրա: Լրակազմի մեջ մտնող յուրաքանչյուր իր լրացուցիչ ներկայացվում է առանձին պատկերի վրա:
78. Արդյունաբերական նմուշի յուրաքանչյուր տարբերակը ներկայացվում է պատկերների լրակազմով՝ բոլոր անհրաժեշտ տեսքերով (ոչ մեծ իրերը կարող են պատկերվել միասին՝ ընդհանուր տեսքի պատկերի վրա):
79. Այն դեպքում, երբ գունագծանկարչական լուծումը արդյունաբերական նմուշի էական հատկանիշներից մեկն է, կցվում է ընդհանուր տեսքի մեկ գունավոր պատկեր, սլայդ կամ գունային լուծման սխեման:
80. Փակվող, ծալվող, ձևափոխվող և այլ իրերի համար կցվում են նաև դրանց պատկերները բաց տեսքով (օրինակ՝ սառնարան, հեռախոսախցիկ) կամ հավաքված տեսքով (օրինակ՝ խոհանոցային կոմբայն, փոշեկուլ):
81. Պատկերներում տեսքերի քանակը պետք է որոշվի՝ ելնելով դրանցում արդյունաբերական նմուշի բոլոր էական հատկանիշների արտապատկերված լինելու պահանջից, ինչը սպառիչ պատկերացում կտա արդյունաբերական նմուշի գեղարվեստակառուցվածքային առանձնահատկությունների մասին։
82. Պատկերների չափերը կախված են իրի բարդությունից (սակայն փոքր կողմի չափը պետք է լինի 10սմ-ից ոչ պակաս) և պետք է ընտրվեն այնպես, որ տեսանելի լինեն և լավ զանազանվեն մանրամասները։ Պատկերների հակառակ երեսին հաջորդաբար, վերևից ներքև նշվում են պատկերի համարը, արդյունաբերական նմուշի անվանումը և պարզաբանումները հետևյալ հաջորդականությամբ՝ ընդհանուր տեսք, այլ տեսքեր, գունավոր պատկեր: Դրանց հետևում են նմանակի և ամենամոտ նմանակի պատկերները (ներկայացնելու դեպքում), որոնց հակառակ երեսին նշվում են նաև «նմանակ» կամ «ամենամոտ նմանակ» բառերը:
83. Իրի, դրա մանրակերտի կամ գծանկարի պատկերները կարելի է փոխարինել դրանց որակյալ այլ արտապատկերումներով (օրինակ՝ քսերոպատճենով):
Արդյունաբերական նմուշի նկարագրությունը
Արդյունաբերական նմուշի նկարագրության նշանակությունը
84. Արդյունաբերական նմուշի նկարագրությունը պետք է բացահայտի իրի՝ պատկերների վրա արտապատկերված արտաքին տեսքը:
Նկարագրության կառուցվածքը
85. Արդյունաբերական նմուշի նկարագրությունն սկսվում է արդյունաբերական նմուշի անվանման նշումով։ Եթե որոշված է արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման (ԱՆՄԴ) գործող խմբագրության խորագրերին համապատասխան որոշված դասը (դասերը), որին (որոնց) վերաբերում է հայտարկված արդյունաբերական նմուշը, ապա այն բերվում է անվանումից առաջ։
Նկարագրությունը պարունակում է հետևյալ բաժինները՝
ա) արդյունաբերական նմուշի նշանակությունը և օգտագործման բնագավառը.
բ) արդյունաբերական նմուշի նմանակը (նմանակները), այդ թվում՝ ամենամոտ նմանակը.
գ) արդյունաբերական նմուշի պատկերների և նմուշը պարզաբանող այլ նյութերի ցանկը (գծագիրը, էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ), եթե դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էությունը հասկանալու համար).
դ) արդյունաբերական նմուշի էության բացահայտումը.
ե) արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը.
զ) արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությունը (ցանկը):
86. Հայտի նյութերում ներկայացված նկարագրության բաժինները (արդյունաբերական նմուշի անվանումը և ԱՆՄԴ դասը նշելուց հետո) պետք է վերնագրվեն վերը նշված համապատասխան խորագրերով:
87. Չի թույլատրվում նկարագրության բաժինը փոխարինել համապատասխան անհրաժեշտ տեղեկություններ ներառող աղբյուրին (տեղեկատվական աղբյուրի մատենագիտական տվյալները, ավելի վաղ ներկայացված հայտի նկարագրությունը, պահպանական փաստաթղթին կից նկարագրությունը և այլն) հղում կատարելով:
88. Նկարագրությունը շարադրելու կարգը կարող է տարբերվել վերը նշվածից, եթե հաշվի առնելով արդյունաբերական նմուշի առանձնահատկությունները, այլ կարգը նպաստում է արդյունաբերական նմուշը ավելի լավ հասկանալուն և ավելի հակիրճ շարադրելուն։
Նկարագրության բաժինների բովանդակությունը
Արդյունաբերական նմուշի անվանումը
89. Արդյունաբերական նմուշի նկարագրությունն սկսվում է դրա անվանման նշումով և շարադրվում է եզակի թվով:
90. Արդյունաբերական նմուշի անվանումը պետք է բնութագրի դրա նշանակությունը և համապատասխանի ԱՆՄԴ որոշակի դասի:
91. Քիչ հայտնի կամ նոր նշանակության արդյունաբերական նմուշի անվանումը պետք է մատնանշի դրա օգտագործման բնագավառը (օրինակ՝ նոր սերնդի համակարգիչ):
92. Եթե արդյունաբերական նմուշն ունի կատարման տարբերակներ, ապա անվանումից հետո տրվում է տարբերակների քանակը, օրինակ՝ «շիշ» (3 տարբերակ):
93. Եթե իրը ներկայացվում է բաղադրամասերի հետ, դա պետք է արտահայտված լինի վերնագրում (օրինակ՝ դանակ պատյանի հետ):
94. Եթե ներկայացված արդյունաբերական նմուշը իրերի լրակազմ (հավաքակազմ) է, ապա դա պետք է արտացոլված լինի անվանման մեջ (օրինակ՝ գործիքների հավաքակազմ):
95. Արդյունաբերական նմուշի անվանման մեջ խորհուրդ չի տրվում օգտագործել այնպիսի բառեր, անվանումներ կամ արտահայտություններ, որոնք չեն նպաստում նմուշի անհատականացմանը (ինչպես, օրինակ՝ անձնանունները, մտերմիկ անվանումները, ապրանքային և սպասարկման նշանները, ապրանքների ծագման տեղանունները, աշխարհագրական նշումները, ֆիրմային և այլ հատուկ անվանումները և այլն)։
96. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, հեղինակն իրավունք ունի իր ստեղծած արդյունաբերական նմուշը անվանակոչելու իր անվամբ կամ հատուկ անվամբ, եթե դրանով չեն խախտվում երրորդ անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ պահպանվող իրավունքները: Անվանակոչումը (եթե այն չի պարունակում անթույլատրելի տարրեր) կատարվում է հեղինակի դիմումի հիման վրա:
ԱՆՄԴ դասերը
97. ԱՆՄԴ դասով (դասերով) որոշվում է հայտարկվող արդյունաբերական նմուշի՝ ԱՆՄԴ գործող խմբագրության որոշակի խորագրին (խորագրերին) պատկանելը:
98. Եթե հայտատուի կողմից որոշված է հայտարկվող արդյունաբերական նմուշի ինդեքսը, ապա այն նշվում է արդյունաբերական նմուշի անվանման կողքին (օրինակ՝ ԱՆՄԴ8 կամ ԱՆՄԴ8 09-01-ը նշանակում է, որ այն պատկանում է արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման 8-րդ խմբագրման 09-01 դասին):
99. Դասակարգման ցուցիչը (ցուցիչները) ինչպես հայտատուի, այնպես էլ փորձագետի առաջարկությամբ կարող է (կարող են) ճշգրտվել և փոփոխվել փորձաքննության ընթացքում:
Արդյունաբերական նմուշի նշանակությունը եվ օգտագործման բնագավառը
100. «Արդյունաբերական նմուշի նշանակությունը և օգտագործման բնագավառը» բաժինը հարկավոր է սկսել հետևյալ բառերով՝ «Ներկայացվում է արդյունաբերական նմուշի հայտ», որից հետո բերվում են հայտարկվող արդյունաբերական նմուշի անվանումը, տարբերակների քանակը, օգտագործման ենթադրվող բնագավառը և նշանակությունը, ինչպես նաև դրա կիրառման գերադասելի բնագավառը: Նշվում է նաև հայտարկվող արդյունաբերական նմուշի գործառնական և հասարակայնորեն օգտակար նշանակությունը:
Արդյունաբերական նմուշի նմանակը (նմանակները)
101. «Արդյունաբերական նմուշի նմանակը (նմանակները)» բաժնում նշվում են գոյություն ունեցողներից հայտատուին հայտնի նմանակները, դրանցից արդյունաբերական նմուշին ամենամոտը (ամենամոտ նմանակ), և տրվում են դրա (դրանց) բնութագիրը և համեմատական բնութագիրը:
102. Արդյունաբերական նմուշի նմանակները հայտի առաջնության թվականին նախորդող շրջանում հանրամատչելի տեղեկություններից հայտնի դարձած այն գեղարվեստակառուցվածքային լուծումներն են, որոնք վերաբերում են նույն գործառնական նշանակությունն ունեցող և իրենց էական հատկանիշներով հայտարկվող արդյունաբերական նմուշին նման իրերի արտաքին տեսքին:
103. Ամենամոտ նմանակը հայտարկվող արդյունաբերական նմուշին (կամ դրա տարբերակներին) էական հատկանիշների ամբողջությամբ ամենամոտ նմանակն է:
104. Այստեղ կարելի է տալ նաև հայտարկվող արդյունաբերական նմուշի և դրա նմանակների (հատկապես՝ ամենամոտ նմանակի) համեմատական բնութագիրը՝ նշելով դրանց տարբերությունները, հայտարկվող արդյունաբերական նմուշի առանձնահատկությունները և առավելությունները, հատկապես սպառողական հատկանիշների առումով՝ համեմատելով նմանակի (նմանակների) հետ: Նմանակը (նմանակները) բնութագրելիս պետք է վկայակոչել դրա (դրանց) պատկերը (պատկերները)։
105. Տվյալ բաժնում նշվում են նաև տվյալ նմանակները պարունակող տեղեկատվական աղբյուրների մատենագիտական տվյալները:
Տեղեկատվության աղբյուրների մատենագիտական տվյալները տրվում են այնպես, որ դրանցով հնարավոր լինի գտնել տեղեկատվության աղբյուրը, իսկ դրանում՝ կոնկրետ տեղեկությունը:
106. Եթե որոնման արդյունքում հայտարկվող արդյունաբերական նմուշի նմանակ (նմանակներ) կամ ամենամոտ նմանակ հայտնաբերված չէ, հարկավոր է նշել այդ հանգամանքը:
Սակայն եթե այդպիսիք հայտնի են փորձաքննությանը, հայտատուի համաձայնությամբ դրանք կարող են ներառվել սույն բաժնում և դիտարկվել:
107. Այս բաժնում տրվում են նաև հայտարկվող արդյունաբերական նմուշի նմանակների և նույն կամ նման նշանակության իրերի ձևակազմության առանձնահատկությունները և գեղարվեստական նախագծման այն բնագավառի զարգացման միտումները, որոնց պատկանում են դիտարկվող իրերը:
Արդյունաբերական նմուշի պատկերների ցանկը եվ ներկայացված այլ նյութեր
108. «Արդյունաբերական նմուշի պատկերների ցանկը և ներկայացված այլ նյութեր» բաժնում հերթով թվարկվում են ներկայացված պատկերները (այլ արտապատկերումները), ինչպես նաև գծագրերը, գծապատկերները, էրգոնոմիկական սխեման, կոնֆեկցիոն քարտը՝ նշված հերթականությամբ և համապատասխան համարակալմամբ:
Արդյունաբերական նմուշի էության բացահայտումը
109. «Արդյունաբերական նմուշի էության բացահայտումը» բաժնում մանրամասն բացահայտվում են արդյունաբերական նմուշի այն էական հատկանիշները, որոնք ձևավորում են իրի արտաքին տեսքը և որոշում արդյունաբերական նմուշի իրավական պահպանության ծավալը: Այստեղ նկարագրվում են դիտարկվող արդյունաբերական նմուշի էական հատկանիշները, որոնք պայմանավորում են իրի գեղագիտական և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկությունները (եթե դրանք արտահայտվում են արտաքին տեսքում), մասնավորապես՝ ձևը, տարրերի փոխդասավորությունը, գունային լուծումներն ու զարդանախշերը և այլն, որոշվում է էական հատկանիշների ազդեցությունը դրանց ձևավորման վրա:
110. Այս բաժնում կարող են բերվել հիմնավորումներ, թե իրի արտաքին տեսքի գեղագիտական և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկությունները ինչպիսի հատկանիշների շնորհիվ են ձեռք բերվել, ընդ որում, իրերի տարբեր խմբերի համար այդ հատկանիշների համակցությունը կարող է տարբեր լինել։
111. Տարբերակներ ունեցող արդյունաբերական նմուշի նկարագրության ժամանակ նախ ընդհանրացված ձևով տրվում են դրանք բացահայտող ընդհանուր հատկանիշները, ապա մի տարբերակը մյուսից զանազանող հատկանիշները:
112. Բարդ, ծավալային արդյունաբերական նմուշները նկարագրելիս անհրաժեշտ է հակիրճ բնութագրել դրանց աշխատանքը, հորինվածքային տարրերի, մասերի և մանրամասերի կազմը, փոխդասավորությունը և փոխազդեցությունը (անհրաժեշտության դեպքում վկայակոչելով պատկերները, գծագրերը և մյուս փաստաթղթերը): Ընդ որում, տեքստում մասերի դիտարկման հաջորդականությունը պետք է համընկնի գծագրերում դրանց համարակալմանը:
113. Բացվող, փակվող, ձևափոխվող իրերի համար պետք է ներկայացվեն դրանց արտաքին տեսքի հատկանիշները համապատասխան դիրքով (օրինակ՝ սառնարանի կամ բացվող տուփի համար պետք է տրվեն դրանց ինչպես բաց, այնպես էլ փակ վիճակը բնութագրող հատկանիշները)։
114. Հարթ (մակերեսային) նմուշները նկարագրելիս անհրաժեշտ է նշել դրանց գեղարվեստական գունաերանգավորման առանձնահատկությունները (նշելով ապրանքատեսակը)՝ պատկերների վկայակոչումով (ըստ դրանց համարների), և բացահայտել դրանց գեղարվեստակառուցվածքային առանձնահատկությունները (կառուցվածքը, հորինվածքը, կազմությունը, մշակվածքը, գեղազարդման և գծանկարչական առանձնահատկությունները և այլն):
115. Լրակազմը (հավաքակազմը) նկարագրելիս պետք է նշվեն դրա կազմի մեջ մտնող բոլոր իրերը, որոնք թեև կարող են իրականացնել միմյանցից տարբեր գործառույթներ կամ ունենալ տարբեր ձև ու եզրաչափքեր, բայց պետք է կատարված լինեն ձևակազմության (կերպարային, գեղակերպության և ոճային) միասնության սկզբունքի օգտագործմամբ (օրինակ՝ կահույքի լրակազմ, գործիքների հավաքակազմ և այլն):
116. Տպագրական արտադրանքի նմուշները նկարագրելիս առավել ուշադրություն պետք է դարձնել դրա հորինվածքին, գրաֆիկական տարրերի, զարդանախշերի գունագծանկարչական լուծմանը, տեղաբաշխմանը և այլն։
117. Եթե որպես արդյունաբերական նմուշ հայտարկվում է թեթև արդյունաբերության արտադրանք (հագուստ, կոշկեղեն), ապա առանձնակի ուշադրություն է դարձվում դրանց նախշերին (կրկնանախշի տեսքով), օգտագործվող նյութերին, հյուսվածքին, դրվագմանը, ֆուրնիտուրին, վերջիններիս համապատասխանությանը բերված տվյալներին ու բաղադրանմուշների լրակազմին։ Կարող են ներկայացվել նաև իրի ձևվածքի գծագիրը կամ պատրաստի կորագիծը։
118. Այս բաժնում տվյալներ են բերվում նաև իրը պատրաստելու համար օգտագործվող նյութերի ու ծածկույթների ֆունկցիոնալ, պլաստիկ, հիգիենիկ, անվտանգության, տեխնոլոգիամիտության և այլ հատկությունների մասին՝ շեշտելով նրանք, որոնք հատկապես կարևոր են տվյալ սպառողական հատկանիշներով իր արտադրելու և այդ իրի արտաքին տեսքը ձևավորելու համար։
119. Եթե իրավական պահպանություն է խնդրարկվում որևէ ճարտարապետական փոքր ծավալի (ինտերիերի կամ էքստերիերի) համար, ապա տրվում են դրանց տարրերի (օրինակ՝ կահույքի) ուրվագծերը, փոխդասավորությունը և առավել ուշադրությամբ դիտարկվում են էրգոնոմիկական հարցերը (նաև էրգոնոմիկական սխեմայի հիման վրա)։
Արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը
120. «Արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը» բաժնում պետք է բերվեն տվյալներ, որոնք հաստատում են առկա արդյունաբերական արտադրության պայմաններում տվյալ արդյունաբերական նմուշի պատրաստման հնարավորությունը՝ հաշվի առնելով դրա կառուցվածքային առանձնահատկությունները, դրա արտադրության համար օգտագործվող նյութերն ու ծածկույթները, գեղարվեստական մշակման ձևերը, ձեռքի աշխատանքի կիրառման ծավալը և այլն: Ընդ որում, պետք է բացառել եզակի նյութերի և միջոցների օգտագործումը:
Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությունը
121. «Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությունը» բաժնում բառերով ներկայացվում է պատկերների վրա արտապատկերված էական հատկանիշների նույնական մեկնաբանումը և սահմանվում է արդյունաբերական նմուշի իրավական պահպանության ծավալը:
122. Էական հատկանիշները իրի գեղարվեստակառուցվածքային լուծմանն օբյեկտիվորեն հատուկ այն հատկանիշներն են, որոնցից յուրաքանչյուրն առանձին վերցրած անհրաժեշտ է, իսկ բոլորը միասին՝ բավարար այդ իրի կոնկրետ տեսողական կերպարն ստեղծելու համար (ինչպիսիք են՝ հորինվածքային տարրերի քանակն ու կազմը, դրանց ձևը և տեղաբաշխումը, պլաստիկ բնութագրերը, կոլորիտը, գծանկարչական, գունային և գունագծանկարչական լուծումը, նյութերն ու ծածկույթները և այլն):
Էական հատկանիշների ցանկում ներառվում է նկարագրության մեջ բերված և արդյունաբերական նմուշի բացահայտման ժամանակ օգտագործված հասկացություններով տրված այն բոլոր հատկանիշների հակիրճ և ստույգ նկարագրությունը, որոնք բնութագրում են իրի արտաքին տեսքը և հանդիսանում են գեղարվեստակառուցվածքային լուծման արդյունք:
123. Այստեղ նշվում են հայտարկվող արդյունաբերական նմուշի արտաքին տեսքը բնորոշող՝ իրի գեղագիտական և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկությունները (եթե վերջիններս իրենց արտահայտությունն են գտել իրի արտաքին տեսքի մեջ) և բացահայտվում է էական հատկանիշների ազդեցությունը իրի արտաքին տեսքի ձևավորման վրա։ Նշված առանձնահատկություններից են, մասնավորապես՝
ա) գեղարվեստական և տեղեկատվական արտահայտչականությունը.
բ) ձևի նպատակահարմարությունը և հորինվածքի ամբողջականությունը.
գ) էրգոնոմիկական հիմնավորվածությունը։
124. Էական հատկանիշները պետք է համապատասխանեն պատկերների տեղեկատվական բովանդակությանը, բայց ոչ թե փոխարինվեն վերջիններով (չվկայակոչելով դրանք, եթե առանց դրա հնարավոր է բնութագրել արդյունաբերական նմուշը): Էական հատկանիշները բնութագրելիս հղում է կատարվում իրի պատկերի տարրերին (ինչպես նաև ընդհանուր տեսքի և այլ գծագրերին, էրգոնոմիկական սխեմային, կոնֆեկցիոն քարտին, եթե դրանք առկա են)։
125. Էական հատկանիշները շարադրվում են այնպես, որ նկարագրում են իրի ստատիկ վիճակը, իսկ ձևափոխվելու հնարավորությունը նշվում է առանձին:
126. Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ցանկը պետք է ունենա հիերարխիկ կառուցվածք՝ առավել կարևորից դեպի նվազ կարևորը:
127. Այդ հատկանիշների շարադրանքը պետք է ձևակերպվի այնպես, որ այն միանշանակ ընկալվի մասնագետի կողմից և ունենա միասնական տերմինաբանություն:
128. Էական հատկանիշների ամբողջության յուրաքանչյուր կետը պետք է պարունակի մեկ նախադասություն։
129. «Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությունը» բաժինը պետք է սկսվի արդյունաբերական նմուշի անվանման նշումով, շարունակվի «բնութագրվում է», «կազմված է», «պարունակում է» բառերով, որից հետո պետք է տրվի էական հատկանիշների շարադրանքը այնպիսի առանձին ընդհանրական կետերով, որոնցից յուրաքանչյուրի բացառումը կամ փոփոխումը կհանգեցնի իրի տեսողական ընկալման այնպիսի փոփոխության, որի դեպքում այն կարելի է ներկայացնել որպես նոր արդյունաբերական նմուշ։
130. Տարբերակներ պարունակող արդյունաբերական նմուշի հայտ ներկայացնելիս նախ պետք է նշել այն հատկանիշները, որոնք ընդհանուր են բոլոր տարբերակների համար։ Այնուհետև պետք է տրվեն մի տարբերակը մյուսից զանազանող հատկանիշները, որոնց շարադրանքը յուրաքանչյուր տարբերակի համար սկսվում է հետևյալ կերպ՝
Առաջին տարբերակը լրացուցիչ բնութագրվում է (թվարկվում են հատկանիշները)
________________________________________________
N-րդ տարբերակը լրացուցիչ բնութագրվում է (թվարկվում են հատկանիշները)
________________________________________________,
որտեղ N-ը տարբերակների քանակն է։
131. Եթե տարբերակներից մեկը բնութագրվում է միայն դրանց համար ընդհանուր հատկանիշներով, ապա այդ տարբերակը դիտվում է որպես առաջին տարբերակ և ընդհանուր հատկանիշները թվարկելուց հետո գրվում է նոր պարբերություն՝ «Առաջին տարբերակը բնութագրվում է վերը նշված հատկանիշներով (կամ՝ հատկանիշների ամբողջությամբ)»։ Հետագա շարադրանքը պետք է տալ վերը նշված ձևով։
132. Գեղարվեստակառուցվածքային լուծման տարբերակայնությունը որոշվում է ստեղծագործական բնույթ կրող հատկանիշներով:
133. Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջության յուրաքանչյուր հատկանիշ պետք է սկսել գծիկով, նոր պարբերությունից և ավարտել կետով, իսկ ընդհանուր մասը տարբերակներից և տարբերակները միմյանցից պետք է բաժանել վերջակետերով։
134. Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջության ցանկը պետք է սկսել նոր էջից։
135. Նկարագրության յուրաքանչյուր էջ պետք է ստորագրվի հայտատուի, արտոնագրային հավատարմատարի կամ ներկայացուցչի կողմից։
Գծագրեր, սխեմաներ
136. Ընդհանուր տեսքի և (կամ) եզրաչափքային և այլ գծագրերը, հարմարակազմության սկզբունքային սխեման ներկայացվում են այն դեպքերում, երբ դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էության բացահայտման համար:
137. Եթե ներկայացվող արդյունաբերական նմուշի հայտը վերաբերում է էրգոնոմիկական մշակում պահանջող իրին, ներկայացվում է նաև դրա էրգոնոմիկական սխեման:
38. Նկարագրության (այդ թվում՝ էական հատկանիշների ամբողջության) մեջ գծագրեր, սխեմաներ և պատկերներ չեն բերվում։
139. Գծագրերը և սխեմաները պետք է ճշգրիտ համապատասխանեն նկարագրության տեքստին:
140. Գծագրերի կամ սխեմաների վրա նշվում են իրի (դրա տարբերակների, լրակազմի կամ հավաքակազմի մաս կազմող իրերի) և իրի մասերի առարկայատարածական կազմակերպումը բնութագրող եզրաչափքերը (կառավարման և տեղեկատվության արտացոլման միջոցների, աշխատանքային մակերեսների բարձրությունը, լայնությունը, տեղաբաշխման խորությունը, կառուցվածքի՝ իրար մոտ տեղաբաշխված տարրերի միջև հեռավորությունը և այլն), որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մարդու աշխատանքային գործունեության գործառնական գոտում հիմնական տարրերի դասավորության և իրի շահագործման հարմարավետության մասին:
141. Հանգույցները, մանրամասերը (և այլն) գծագրերի և սխեմաների վրա նշվում են նույն արաբական թվանշաններով (վկայակոչման համարներ), ինչ նկարագրության մեջ: Միևնույն հանգույցը կամ մանրամասը տարբեր գծագրերում (սխեմաներում) նշվում են միևնույն թվանշանով: Վկայակոչման նշումները, որոնք նկարագրության մեջ հիշատակված չեն, չեն նշվում նաև գծագրերում (սխեմաներում) և հակառակը: Ընդ որում, ցանկալի է պահպանել հերթական համարակալման սկզբունքը:
142. Գծագրերի վրա դուրսբերման գծերը պետք է հստակ լինեն: Չի թույլատրվում թվային և տառային նիշերը դնել փակագծերի, շրջանակների և չակերտների մեջ:
143. Գծագրերը (սխեմաները) չպետք է պարունակեն որևէ մակագրություն, բացառությամբ՝ «բաց է», «փակ է», «կտրվածք ըստ …» կամ «հատվածք ըստ …» և նման այլ արտահայտությունների:
144. Որպես կանոն, գծագրերի վրա պատկերները ներկայացվում են ուղղանկյուն (օրթոգոնալ) պրոյեկցիաներով (տարբեր տեսքերով, կտրվածքներով և հատվածքներով): Ակներևության համար թույլատրվում է իրը լրացուցիչ ներկայացնել առանցքաչափական (աքսոնոմետրական) պրոյեկցիայով:
145. Գծագրերի վրա յուրաքանչյուր տարր պետք է համամասն լինի մյուս տարրերին, բացի այն դեպքերից, երբ որևէ տարրի հստակ պատկերման համար անհրաժեշտ է համամասնությունների խախտում:
146. Գծագրի թերթի կամ թերթերի վրա առանձին պատկերները ցանկալի է զետեղել առավելագույն հագեցվածությամբ (գծագրի մի թերթի վրա կարելի է զետեղել մի քանի պատկեր՝ դրանց հստակ սահմանազատմամբ), իսկ էրգոնոմիկական սխեմայի վրա տալ տվյալ իրի (մասի, հանգույցի) սխեմատիկ պատկերը:
Եթե երկու կամ ավելի թերթերի վրա զետեղված պատկերները կազմում են միասնական պատկեր, ապա դրանք պետք է դասավորել այնպես, որ իրի ամբողջական պատկերը հնարավոր լինի կազմել առանց որևէ մաս կամ տարր բաց թողնելու:
147. Յուրաքանչյուր գծագիր (սխեմա) համարակալվում է «պատկեր» անվանմամբ (օրինակ՝ պատկեր 1, պատկեր 2 և այլն), անկախ պատկերի ձևից, նկարագրության շարադրանքի հերթականությանը համապատասխան: Եթե ներկայացված արդյունաբերական նմուշը ներկայացված է մեկ պատկերով, ապա այն չի համարակալվում։
148. Գծագրի յուրաքանչյուր թերթի վերևի աջ անկյունում նշվում է հայտարկվող արդյունաբերական նմուշի անվանումը:
149. Գծագրերը կատարվում են տեխնիկական գծագրերի պատրաստման կանոններին համապատասխան:
Իրի բաղադրանմուշների լրակազմը եվ դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ)
150. Անհրաժեշտության դեպքում (փորձաքննության պահանջով) թեթև արդյունաբերության արտադրանքի համար հայտի նյութերի կազմում ներկայացվում են իրի արտադրության համար առաջարկվող կտորի, գործվածքի, կաշվի, օժանդակ նյութերի և պարագաների, զարդարանքների (և այլնի) նմուշների լրակազմը (կոնֆեկցիոն քարտի տեսքով):
151. Դեկորատիվ նյութերի, գորգերի, գործվածքների նմուշները ներկայացվում են գծանկարի կրկնանախշի տեսքով:
Գ Լ ՈՒ Խ 5
ՏԵՔՍՏԵՐԻ ՈՃԸ, ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ
(ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ)
152. Նկարագրության տեքստը պետք է լինի պարզ, հստակ, բայց ընդգրկուն, առանց ավելորդությունների և կրկնությունների: Ոճի ընտրությունը, նկարագրության խորությունն ու ճշգրտությունը մեծապես կախված են դիտարկվող իրի և դրա գեղարվեստակառուցվածքային լուծման բնույթից:
153. Նկարագրությունը և էական հատկանիշների ցանկը կազմելիս իրի արտաքին տեսքի նույնականացման համար պետք է օգտվել երկրաչափական պատկերների և տարածական մարմինների ընդունված անվանումներից, էրգոնոմիկայում, գեղագիտական նախագծման ոլորտում և գիտության ու տեխնիկայի բնագավառում ընդունված արտահայտություններից, ստանդարտացված և այլ տերմիններից ու կրճատումներից: Եթե դրանք դեռևս լայն կիրառում չեն գտել կամ մասնագիտական են, առաջին անգամ օգտագործվելիս պետք է լուսաբանվեն (բացատրվեն):
154. Տերմինների մի քանի տարբերակներից կամ թարգմանություններից պետք է ընտրել առավել գործածվողը և հասկանալին, հակառակ դեպքում կարելի է ընտրել միջազգային տերմինը, եթե դա հայերենում ևս ընդունված է (աշխատելով խուսափել օտար տերմինների օգտագործումից, եթե կան դրանց ընդունված և հասկանալի հայերեն համարժեքները): Պետք է պահպանել տերմինների միասնականությունը, այսինքն նույն հասկացությունների և հատկանիշների բնութագրման միատեսակությունը: Սա պետք է վերաբերի նաև ֆիզիկական, մաթեմատիկական կամ այլ տեխնիկական մեծությունների չափողականությանը և համապատասխանի միավորների միջազգային համակարգին:
155. Տեքստը կամ արդյունաբերական նմուշի անվանումը կարող է պարունակել լատինական այբուբենի նշաններ, պայմանական նշաններ և արաբական թվեր:
156. Իրերի կամ նյութերի մակնիշների, տեսակների, տիպարների և այլ պայմանական նշանները պետք է վերծանվեն:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՏԱՐՐԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ
157. Հայտի նյութերը չպետք է պարունակեն մարդասիրությանը և բարոյականությանը, հասարակության շահերին, ազգային և հոգևոր արժեքներին հակասող արտահայտություններ, գծագրեր, պատկերներ և այլ նյութեր, այլ անձանց արտադրանքի նկատմամբ արհամարհական և բարոյականությանը հակասող արտահայտություններ, հայտարկվող արդյունաբերական նմուշին չվերաբերող տեղեկություններ կամ արտահայտություններ:
158. Արդյունաբերական նմուշի նմանակների, թերությունների պարզ թվարկումը անթույլատրելի տարր չի համարվում։
Գ Լ ՈՒ Խ 7
ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
Պիտանիությունը վերարտադրման համար
159. Հայտի բոլոր փաստաթղթերը (դիմումը, արդյունաբերական նմուշի նկարագրությունը (այդ թվում՝ էական հատկանիշների ամբողջությունը, պատկերները, գծագիրը) ներկայացվում են այնպիսի տեսքով, որ հնարավոր լինի դրանց պատճենները վերարտադրել անսահմանափակ քանակով։
160. Թերթերը չպետք է լինեն ճմրթված կամ պատռված, չպետք է ունենան ծալատեղեր:
161. Յուրաքանչյուր թերթ օգտագործվում է միայն մեկ կողմից՝ տողերը զուգահեռ տեղադրելով թերթի փոքր եզրին։
162. Հայտի յուրաքանչյուր փաստաթուղթը ներկայացվում է առանձին թերթի վրա:
Օգտագործվող նյութը
163. Հայտի փաստաթղթերը պատրաստում են էլաստիկ, ամուր, սպիտակ, հարթ, ոչ փայլուն թղթի վրա։
Առանձին թերթեր, թերթերի չափը
164. Հայտի յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է սկսվի նոր թերթից։
165. Հայտի բոլոր փաստաթղթերը (բացի պատկերներից) ներկայացվում են տպագրված՝ 210x297մմ ձևաչափի (A 4)
որակյալ, սպիտակ թղթի վրա։
166. Նկարագրության (այդ թվում՝ էական հատկանիշների ամբողջության) թերթերի եզրային (ազատ) դաշտերը պետք է լինեն ոչ պակաս, քան՝
վերևինը |
20մմ |
ներքևինը |
20մմ |
աջը |
20մմ |
ձախը |
25մմ |
167. Գծագիր կամ նկարների արտապատկերներ պարունակող թերթերի օգտակար մակերեսը չպետք է գերազանցի 170 x 260 մմ-ը: Դրանց եզրային (ազատ) դաշտերը պետք է լինեն ոչ պակաս, քան ՝
վերևինը |
25մմ |
ներքևինը |
20մմ |
աջը |
15մմ |
ձախը |
25մմ։ |
Այդ թերթերի նշված դաշտերով շրջափակված օգտագործելի մակերևույթը չպետք է ներառվի շրջանակի մեջ:
168. Պատկերների ձևաչափն ընտրվում է այնպես, որ այն չգերազանցի հայտի փաստաթղթերի թերթերի սահմանված չափերը: Փոքր ձևաչափի պատկերները ներկայացվում են թղթի թերթերի վրա սոսնձված՝ պահպանելով թերթի ձևաչափի և որակի նկատմամբ սահմանված պահանջները։
Թերթերի համարակալումը
169. Թերթերի համարակալումը կատարում են հաջորդաբար, արաբական թվանշաններով՝ սկսած 1-ից՝ օգտագործելով համարակալման առանձին սերիաները։ Համարակալման առաջին սերիային վերաբերում է դիմումը, երկրորդ սերիային՝ պատկերները։ Նկարագրությունը (այդ թվում՝ էական հատկանիշների ամբողջությունը) վերաբերում է երրորդ սերիային։ Գծագրերը և այլ գրաֆիկական նյութերը (եթե դրանք առկա են) համարակալվում են առանձին սերիայի ձևով։
170. Թվանշանները դրվում են թերթի ստորին մասի կենտրոնում:
Տեքստի ձեվակերպումը
171. Փաստաթղթերը տպագրվում են սև գույնի տառաշարով՝ շահագրգիռ անձանց դրանց ծանոթանալու և անմիջական վերարտադրելու հնարավորության ապահովմամբ։ Դրանք պետք է լինեն տպագրված տողերի 1,5 միջակայքով, ընդ որում, տպագրման տառատեսակի մեծատառերի բարձրությունը պետք է լինի 2,1 մմ-ից ոչ պակաս։
172. Ներկայացված նյութերը պետք է զերծ լինեն ջնջումներից, ուղղումներից, ընդմիջարկություններից, սոսնձված պիտակներից և ձեռագիր մակագրություններից, որոնք կարող են բովանդակային առումով որևէ կասկած հարուցել: Տեքստի մեկ էջը կարող է ունենալ երեքից ոչ ավելի ուղղված վրիպումներ, եթե չեն խախտվում որակյալ վերարտադրման պահանջները:
173. Եթե հայտի փաստաթղթերը ներկայացման պահին տպագրված են ոչ համակարգչային եղանակով, նախնական փորձաքննության ընթացքում պետք է ներկայացվեն դրանց համակարգչային տպագրված տարբերակները։
174. Տառագրական խորհրդանիշները, լատինական և հունական տառերը կարող են ներգրվել ձեռքով, սև չջնջվող գծերով։
Գծագրերի կատարումը
175. Գծագրերը ևս կատարվում են սև չջնջվող գծերով և հստակ երևացող նրբագծերով՝ պահպանելով սույն Կարգի 136-150-րդ կետերում նշված պահանջները:
176. Գծային պատկերների չափագծերը և հստակությունն ընտրվում են այնպես, որ չափերի միջև, մինչև 2/3 գծային փոքրացմամբ բազմացնելու դեպքում, հնարավոր լինի տարբերել բոլոր մանրամասերը:
Բ Ա Ժ Ի Ն II
ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Գ Լ ՈՒ Խ 8
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
177. Հայտը ներկայացնելու, հայտով նամակագրություն վարելու և հայտի քննարկման ժամանակ այլ գործողություններ կատարելու համար հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ՝ տալով նրան լիազորագիր:
178. Օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, օտարերկրյա իրավաբանական անձինք և ՀՀ-ից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք Գործակալության հետ գործավարությունն իրականացնում են Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով՝ պահպանելով սույն Կարգի 39-րդ կետով սահմանված պահանջները, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։
179. Հայտատուն կամ նրա իրավահաջորդը ներկայացուցչի նշանակումը կարող է չեղյալ հայտարարել Գործակալություն ներկայացված գրավոր դիմումի միջոցով:
Գ Լ ՈՒ Խ 9
ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԵՏ
180. Նամակագրությունը վարում է հայտատուն կամ նրա կողմից լիազորված ներկայացուցիչը, յուրաքանչյուր հայտով առանձին:
181. Հայտի փաստաթղթերը ներկայացվում են Գործակալություն անմիջականորեն կամ փոստային առաքմամբ:
Հայտի փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով։ Այս դեպքում կիրառվում են սույն Կարգի 43-46-րդ կետերի դրույթները։
182. Հայտ ներկայացնելուց հետո դրան վերաբերող նյութերը ներկայացվում են հայտի համարի նշմամբ և հայտատուի կամ նրա ներկայացուցչի ստորագրությամբ: Եթե նյութերը ձևակերպված են սահմանված պահանջների խախտմամբ, հայտատուն ծանուցվում է այդ մասին և նրան առաջարկվում է ծանուցագիրն ստանալուց հետո երկամսյա ժամկետում վերացնել նշված թերությունները:
183. Եթե հայտատուն իրավաբանական անձ է, նրա անունից փաստաթղթերը ստորագրվում են սույն Կարգի 64-րդ կետով սահմանված կարգով: Եթե հարցմանը համապատասխան ներկայացված նյութերում հայտի համարը նշված չէ, ապա դրանք վերադարձվում են առանց քննարկման, այն դեպքում, երբ հայտի համարը հնարավոր չէ որոշել անուղղակի ճանապարհով:
184. Օրենքով սահմանված ժամկետները հաշվարկվում են հետևյալ կերպ`
ա) եթե ժամկետն արտահայտված է «…ժամանակամիջոցում», «...ոչ ուշ, մինչև… լրանալը», «..մինչև...թվականը» ձևով, ապա դրա հաշվարկն սկսվում է նշված թվականին հաջորդող օրվանից.
բ) եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի ավարտը համարվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը.
գ) եթե ժամկետն ավարտվում է այնպիսի ամսում, որը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետը համարվում է լրացված այդ ամսվա վերջին օրը:
185. Եթե Գործակալության հետ նամակագրությունն իրականացնում է հայտատուի ներկայացուցիչը, ապա նյութերի ներկայացման ժամկետը հաշվարկվում է նրա կողմից գրության ստացման թվականից:
186. Օրենքի 18-րդ հոդվածի 2-3-րդ և սույն Կարգի 40-41-րդ կետերի համաձայն Գործակալությունում գործավարությունը վարում են հայերենով:
Այլ լեզվով ներկայացված նյութերին պետք է կցվի դրանց հայերեն թարգմանությունը:
Այլ լեզվով ներկայացված նյութը համարվում է չներկայացված, եթե այն ներկայացվել է առանց թարգմանության:
187. Գործակալություն ներկայացված նյութերը, որոնք ձևակերպված են թերություններով և դժվար ընթեռնելի են, չեն քննարկվում, ինչի մասին ծանուցվում է այդ նյութերը ներկայացրած անձը:
Գ Լ ՈՒ Խ 10
ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԵՎ ՃՇԳՐՏՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
188. Օրենքի 30-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա մինչև արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու մասին որոշում ստանալը, կարող է լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը: Լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական նմուշի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են էական հատկանիշների ամբողջության մեջ մտցնելու ենթակա էական հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Այս դեպքում նախնական փորձաքննության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան մեկ ամսով։
189. Հայտի փաստաթղթերում ուղղումներ և ճշգրտումներ կատարվում են փոխարինող էջեր ներկայացնելու միջոցով: Փոխարինող էջերը ներկայացվում են համապատասխան փաստաթղթի յուրաքանչյուր օրինակի համար առանձին, հայերեն լեզվով կամ փաստաթղթի հայերեն թարգմանությամբ և պետք է բավարարեն սույն Կարգի 84-176-րդ կետերի պահանջներին: Եթե փոփոխություններ մտցնելուց հետո փոխարինող էջի տեքստը զբաղեցնում է էջը ոչ լրիվությամբ կամ տեքստը, որը նախկինում զբաղեցնում էր մեկ էջ, դուրս է գալիս դրա շրջանակներից, ապա անհրաժեշտ է փոխարինել նաև հաջորդող թերթերը։
190. Փոխարինող էջերին կցվող ուղեկցող նամակում բերվում են առաջարկվող փոփոխությունների համառոտ պարզաբանումները։ Եթե փոփոխությունները կատարվում են հայտատուի նախաձեռնությամբ, ապա պարզաբանումները բերվում են հայտատուի դիմումում, որին կցվում է սահմանված չափով համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։
191. Եթե ուղղումները վերաբերում են տպագրական սխալներին, մատենագիտական տվյալներում թույլ տրված անճշտություններին և այլն, և այդ ուղղումները չեն խանգարում տեքստի անմիջական վերարտադրմանը, ապա հայտատուն կարող է ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության մասին նշել դիմումում, առանց փոխարինող թերթեր ներկայացնելու:
192. Եթե փոփոխությունները վերաբերում են հայտատուի կամ հայտատուի ներկայացուցչի անվանմանը՝ պայմանով, որ այն մնում է նույն անձը, և (կամ) նրա հասցեին, և (կամ) նամակագրության հասցեին, դիմումը կարող է վերաբերել միևնույն հայտատուի մի քանի հայտերին։ Այս դեպքում դիմումի բնօրինակը ներկայացվում է հայտերից մեկով, իսկ մնացածներից յուրաքանչյուրով ներակայացվում է դրա պատճենը, որի վրա նշվում է այն հայտը, որում պահվում է դիմումի բնօրինակը։
193. Հայտի փաստաթղթերում կատարված փոփոխությունները և ճշգրտումները, որոնք ներկայացված չեն փոխարինված էջերի տեսքով, բացառությամբ սույն Կարգի 192-րդ կետում նշվածների, հայտի մասին տեղեկությունների հրապարակման ժամանակ հաշվի չեն առնվում։
194. Հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարվում են հայտատուի գրավոր դիմումի համաձայն, որին պետք է կցվի հայտի նյութերում փոփոխություններ կատարելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը: Եթե դիմումը ներկայացվել է առանց պետական տուրքի վճարման անդորրագրի, այն քննարկման չի ընդունվում, ինչի մասին Գործակալությունը ծանուցում է հայտատուին:
195. Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում՝ պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ: Նշված ժամկետում այդ գումարը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:
196. Դիմումը քննարկման ընդունելու դեպքում, առաջարկվող փոփոխությունները հաշվի են առնվում Գործակալության կողմից և տեղ գտնում նրա հետագա որոշումներում, եթե այդ փոփոխությունները համապատասխանում են Օրենքի 30-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին:
197. Հայտատուի անվանման փոփոխության դեպքում ներկայացվում է այդ փոփոխությունը հաստատող փաստաթուղթ:
198. Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում և հայտատուն այն կարող է ձևակերպել որպես առանձին հայտ:
Գ Լ ՈՒ Խ 11
ՀԱՅՏԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԶԻՋՈՒՄԸ
199. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն, հայտատուն իրավունք ունի մինչև արդյունաբերական նմուշի պետական գրանցումը հետ կանչել ներկայացված հայտը, հրաժարվել արտոնագրից և արտոնագիր ստանալու իրավունքը զիջել այլ անձի՝ այդ մասին դիմում ներկայացնելով Գործակալություն, որին պետք է կցվի համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ։
200. Հայտատուի՝ հայտի հետկանչման մասին ստացված դիմումի հիման վրա Գործակալությունը որոշում է կայացնում հայտի հետկանչման մասին, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։ Հայտատուին որոշումն ուղարկելուց հետո հայտի գործավարությունը դադարեցվում է։
201. Հետագայում հայտատուի իրավունքները չեն կարող հիմնվել այդ հայտի վրա (մասնավորապես՝ չի կարող խնդրարկվել առաջնություն այն դեպքերում, որոնք նախատեսված են Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերով)։
202. Հայտի հետկանչման մասին իր դիմումը չեղյալ համարելու վերաբերյալ հայտատուի խնդրանքը, որը ներկայացվել է դիմումից հետո, չի կարող բավարարվել։
203. Սույն Կարգի 200-րդ և 201-րդ կետերի դրույթները գործում են նաև այն հայտերի նկատմամբ, որոնցով, սույն Կարգով նախատեսված դեպքերում որոշում է կայացվել հայտը հետ կանչված ճանաչելու մասին։
204. Եթե հայտ ներկայացնելուց հետո տվյալ հայտով արտոնագիր ստանալու իր իրավունքը հայտատուն զիջում է այլ անձի, ապա Գործակալություն ներկայացված դիմումում նշվում է`
ա) հիշատակում այն մասին, որ խնդրարկվում է հայտատուի փոփոխություն.
բ) համապատասխան հայտի համարը.
գ) հայտատուի անունը, ազգանունը և հասցեն.
դ) նոր հայտատուի անունը, ազգանունը և հասցեն.
ե) հայտատուի փոփոխության թվականը.
զ) խնդրարկվող փոփոխության հիմքերը։
Դիմումն ստորագրում է արտոնագիր ստանալու իրավունքը զիջող հայտատուն և այդ իրավունքը ձեռք բերող անձը։
205. Եթե հայտատուի փոփոխությունը կատարվում է պայմանագրի կնքման արդյունքում, ապա պետք է Գործակալություն ներկայացվի՝
ա) նոտարի կողմից վավերացված պայմանագրի պատճենը, կամ
բ) հայտատուի փոփոխությանը վերաբերող քաղվածք պայմանագրից, ընդ որում, քաղվածքը պետք է վավերացված լինի նոտարի կողմից։
206. Եթե հայտատուի փոփոխությունը կատարվում է իրավաբանական անձի միաձուլման կամ վերակազմակերպման կամ բաժանման արդյունքում, ապա պետք է Գործակալություն ներկայացվի՝ իրավաբանական անձի միաձուլումը կամ վերակազմակերպումը կամ բաժանումն ապացուցող փաստաթուղթ, մասնավորապես՝ պետական ռեգիստրի վկայականից քաղվածք, ընդ որում, քաղվածքը պետք է վավերացված լինի նոտարի կողմից։
207. Եթե հայտատուի փոփոխությունը կատարվում է ոչ թե պայմանագրի կնքման արդյունքում կամ իրավաբանական անձի միաձուլման կամ վերակազմակերպման կամ բաժանման արդյունքում, այլ հիմնված է այլ պատճառների, օրինակ՝ դատարանի որոշման վրա, ապա պետք է Գործակալություն ներկայացվի փոփոխություններն ապացուցող` նոտարի կողմից վավերացված փաստաթղթի պատճենը։
208. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու հայտով արտոնագիր ստանալու իրավունքի զիջումը հայտի քննարկման ցանկացած փուլում, մինչև արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին որոշման ընդունումը, հայտատուի փոփոխությունը կատարվում է Գործակալություն ներկայացված դիմումի համաձայն, որին կցվում է սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:
209. Դիմումը պետք է նշում պարունակի արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու իրավունքն այլ անձի (իրավահաջորդին) զիջելու մասին, ինչպես նաև այդ անձի մասին սույն Կարգի 53-55-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում նաև՝ 177-179-րդ կետերով նախատեսված տեղեկությունները և լիազորագիրը:
210. Դիմումն ստորագրում է հայտատուն և նրա իրավահաջորդը սույն Կարգի 64-րդ կետով նախատեսված կարգով:
211. Դիմումը կարող է ստորագրել նաև միայն հայտատուն։ Այս դեպքում դիմումին կցվում է հայտատուի և նրա իրավահաջորդի կողմից ստորագրված՝ իրավունքի զիջումը հաստատող փաստաթուղթը:
212. Սահմանված պահանջների կատարման դեպքում հայտատուն և նրա իրավահաջորդը ծանուցվում են հայտի նյութերում հայտատուի փոփոխության վերաբերյալ գրառում կատարելու մասին: Հետագա գրագրությունը կատարվում է նոր հայտատուի հետ:
213. Հայտատուի փոփոխության թվականը համարվում է հայտի նյութերում հայտատուի փոփոխման վերաբերյալ գրառում կատարելու մասին հայտատուին և նրա իրավահաջորդին ուղղված ծանուցագրի ուղարկման թվականը:
214. Սահմանված պահանջները խախտելու դեպքում հայտատուն և նրա իրավահաջորդը ծանուցվում են ներկայացված փաստաթղթերը ճշգրտելու և (կամ) ուղղելու անհրաժեշտության կամ հայտի նյութերում հայտատուի փոփոխության մասին գրառում կատարելու անհնարինության մասին՝ բերելով համապատասխան հիմնավորումներ:
Գ Լ ՈՒ Խ 12
ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ
215. Հայտատուն (կամ նրա ներկայացուցիչը) կարող է Գործակալությունից պահանջել փորձաքննության հարցման կամ որոշման մեջ նշված նյութերի պատճենները: Նշված նյութերն ուղարկվում են հայտատուի դիմումի ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ համապատասխան պետական տուրք վճարելու պայմանով:
216. Եթե այդ նյութերը վերաբերում են չհրապարակված հայտին, ապա հայտատուն կարող է դրանց ծանոթանալ Գործակալությունում: Այդ նյութերի պատճենները հայտատուին չեն ուղարկվում:
Գ Լ ՈՒ Խ 13
ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՀԱՅՏԱՏՈՒԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
217. Հայտի հետ կապված հարցերի քննարկումը հայտատուի մասնակցությամբ անց է կացվում Գործակալության առաջարկությամբ կամ հայտատուի խնդրանքով՝ այդ հարցերին երկու կողմերի ծանոթանալուց հետո:
218. Փորձաքննության հարցերը կարող են շարադրվել այն հարցման մեջ, որում լրացուցիչ հայտնվում է հանդիպման նպատակահարմարության մասին, իսկ հայտատուի հարցերը՝ այդպիսի հանդիպման մասին դիմումի մեջ:
219. Հարցման դեպքում դրա պատասխանը հայտատուի կողմից ներկայացվում է Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում, անկախ նրանից, թե հայտատուն մտադրություն ունի մասնակցելու հայտի քննարկմանը, թե ոչ:
220. Հայտի քննարկման թվականը և ժամը հայտատուի հետ նախապես համաձայնեցվում են:
221. Հանգամանքների փոփոխման դեպքում այն կողմը, որը նշանակված ժամկետին հնարավորություն չունի մասնակցելու հայտի քննարկմանը, այդ մասին անհապաղ տեղեկացնում է մյուս կողմին:
222. Եթե Գործակալությունը կամ հայտատուն հայտի համատեղ քննարկումը համարում են անժամանակ կամ ոչ նպատակահարմար, Գործակալության առաջարկությունը կամ հայտատուի խնդրանքը կարող է մերժվել՝ բերելով համապատասխան փաստարկներ:
223. Առանց նախնական համաձայնության Գործակալություն ներկայացված հայտի համատեղ քննարկման հայտատուի խնդրանքը կարող է մերժվել:
224. Հայտի քննարկմանը կարող է մասնակցել հայտատուի ներկայացուցիչը՝ պայմանով, որ լիազորագրում նշված են նրա իրավասությունները։
225. Անձը, որը միակ հայտատուն չէ, մյուս հայտատուների բացակայության դեպքում կարող է մասնակցել հայտի
քննարկմանը միայն ներկայացուցչության լիազորագրի առկայության դեպքում:
226. Հայտի՝ հայտատուի մասնակցությամբ քննարկմանը նրա խնդրանքով, որպես խորհրդատու, կարող է մասնակցել նաև այլ անձ։ Այլ անձի մասնակցությունը հայտի քննարկմանը հնարավոր է նաև հայտատուի ներկայացուցչի խնդրանքով, եթե լիազորագրով նրան տրված է այդպիսի իրավասություն։
227. Հայտատուի մասնակցությամբ հայտի քննարկումն իրականացվում է բանակցությունների միջոցով կամ փորձաքննական խորհրդակցությունում:
228. Բանակցություններն անցկացվում են այն դեպքում, երբ հարցերը կարող են վճռվել անմիջականորեն փորձագետի և հայտատուի կողմից, իսկ փորձաքննական խորհրդակցությունը՝ եթե հարցի լուծման համար պահանջվում է փորձաքննության կողմից մի շարք մասնագետների մասնակցություն:
229. Բանակցությունների կամ փորձաքննական խորհրդակցության արդյունքում սահմանված ձևով կազմվում է արձանագրություն՝ երկու օրինակից, որում նշվում են տեղեկություններ մասնակիցների մասին, կողմերի ներկայացրած փաստարկները և առաջարկությունները, ինչպես նաև հետագա գործավարության մասին եզրակացությունները:
230. Արձանագրության մեջ կարող են բերվել հայտատուի (նրա ներկայացուցչի) կողմից առաջարկված էական հատկանիշների ամբողջության նոր խմբագրությունը, հայտը հետ կանչելու մասին դիմումը, գրավոր բացատրություն պահանջող փորձաքննության հարցերը և այլն:
231. Արձանագրությունը ստորագրվում է բանակցությունների և փորձաքննական խորհրդակցության բոլոր մասնակիցների կողմից, որի մեկ օրինակը կցվում է հայտի նյութերին, մյուսը հանձնվում է հայտատուին:
232. Քննարկվող հարցերի վերաբերյալ անհամաձայնության դեպքում արձանագրության մեջ կարող է տեղ գտնել խորհրդակցության մասնակիցների հատուկ կարծիքը: Արձանագրության օրինակը, որն ընդգրկում է համապատասխան եզրակացություններ, կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը, ինչը ձևակերպվում է համապատասխան գրառմամբ:
233. Արձանագրությունը կարող է փոխարինել փորձաքննության հարցմանը տրված հայտատուի պատասխանին (եթե չեն խախտվում պատասխանի ներկայացման սահմանված ժամկետները): Այս դեպքում արձանագրության մեջ կատարվում է համապատասխան գրառում:
Գ Լ ՈՒ Խ 14
ՀԱՐՑՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ
234. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Օրենքով սահմանված (Օրենքի 30-րդ հոդվածի 4-6-րդ մասեր) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետները Գործակալությունը կարող է երկարաձգել մեկ անգամ երկու ամսով։
235. Երկարաձգման մասին դիմումը պետք է ներկայացվի մինչև սահմանված ժամկետների ավարտը՝ դրան կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
236. Եթե սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը չի ներկայացված, ապա ժամկետի երկարաձգման մասին դիմումը չի բավարարվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։
237. Պահանջվող նյութերի ներկայացման ժամկետը չի երկարաձգվում, եթե դիմումն ստացվել է սահմանված ժամկետի խախտմամբ, կամ չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Եթե վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափին, հայտատուին ուղարկվում է ծանուցագիր՝ պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ: Այդ ժամկետում նշված գումարը չվճարելու դեպքում, պահանջված նյութերի ներկայացման ժամկետը չի երկարաձգվում:
Գ Լ ՈՒ Խ 15
ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
238. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Օրենքով սահմանված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետները կարող է վերականգնել Գործակալությունը, բացառությամբ դատարան դիմելու համար՝ Օրենքի 30-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված ժամկետների։
239. Օրենքի 30-րդ հոդվածի համաձայն կարող են վերականգնվել հետևյալ ժամկետները՝
ա) ուղղված կամ բացակայող փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ փորձաքննության հարցման (Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասը).
բ) միասնության պահանջի խախտմամբ ներկայացված հայտի փաստաթղթերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ փորձաքննության հարցման (Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը).
գ) լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը ներկայացնելու առաջարկությամբ փորձաքննության հարցման (Օրենքի 30-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը).
դ) կրկնական փորձաքննության խնդրանքով դիմելու (Օրենքի 30-րդ հոդվածի 10-րդ մասը).
ե) Գործակալության բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու (Օրենքի 30-րդ հոդվածի 13-րդ մասը)։
240. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, բաց թողնված ժամկետների վերականգնման մասին դիմումը կարող է ներկայացվել սահմանված ժամկետն ավարտվելու օրվանից վեցամսյա ժամկետում՝ դրան կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:
241. Սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը պետք է ներկայացվի դիմումի հետ միաժամանակ։
242. Բաց թողնված ժամկետի վերականգնման մասին հայտատուն ծանուցվում է։
243. Եթե որոշվի, որ սույն Կարգի 240-րդ և 241-րդ կետերում նշված պահանջները չեն պահպանված, ապա դիմումը քննարկման չի ընդունվում, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
Բ Ա Ժ Ի Ն III
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 16
ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հայտի ներկայացված նյութերի գրանցումը
244. Գործակալություն ներկայացված նյութերը որպես հայտ գրանցվում են՝ նշելով դրա ստացման թվականը, եթե այն պարունակում է առնվազն՝
ա) հիշատակում այն մասին, որ հայտով խնդրարկվում է արդյունաբերական նմուշի արտոնագիր.
բ) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.
գ) տարր, որն արտաքնապես հիշեցնում է արդյունաբերական նմուշի նկարագրությունը։
245. Եթե ներկայացված նյութերը համապատասխանում են սույն Կարգի 244-րդ կետում նշված պահանջներին, հայտին տրվում է Գործակալության ութանիշ գրանցման համար, որտեղ ավագ կարգերի չորս թվանշանները նշում են հայտի ներկայացման տարեթիվը, մնացած չորսը՝ հայտի տվյալ տարվա հերթական համարը, սկսելով 0001-ից:
246. Եթե ներկայացված նյութերը չեն համապատասխանում սույն Կարգի 244-րդ կետում նշված պահանջին, Գործակալությունը հայտի նյութերն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում ստուգում է դրանց համապատասխանությունը նշված պահանջին և այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին և առաջարկում նշված ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել բացակայող փաստաթղթերը (տեղեկությունները)։ Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, ապա հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է։ Եթե նշված փաստաթղթերը Գործակալություն ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով և հայտին տրվում է Գործակալության ութանիշ գրանցման համար սույն Կարգի 245-րդ կետի համաձայն։
247. Եթե հայտի փաստաթղթերը ստացվում են ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով, գրանցման համարը տրվում է արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու մասին դիմումի բնօրինակն ստանալու դեպքում։
248. Ներկայացված հայտի նյութերի յուրաքանչյուր թերթի հակառակ երեսին Գործակալությունը նշում է ստացման թվականը: Այդ ձևով թվագրվում է նաև այդ հայտով հետագա ողջ նամակագրությունը:
249. Գրանցված հայտը հետ չի վերադարձվում:
250. Հայտի մասին տեղեկությունները Գործակալություն ներկայացնելու պահից մինչև դրանց պաշտոնական հրապարակումը ենթակա չեն բացահայտման։
Գ Լ ՈՒ Խ 17
ՀԱՅՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայտի նախնական փորձաքննության անցկացման պայմանները
251. Ներկայացված նյութերը որպես հայտ գրանցելու դեպքում, դրա ներկայացման թվականի, ինչպես նաև հայտի նախնական փորձաքննությունը սկսելու մասին Գործակալությունն անհապաղ ծանուցում է հայտատուին:
252. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, արդյունաբերական նմուշի հայտի նախնական փորձաքննությունը Գործակալությունն իրականացնում է հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո երկամսյա ժամկետում։
Հայտի ներկայացման թվականի սահմանումը
253. Արդյունաբերական նմուշի հայտի ներկայացման թվականը սահմանում է Գործակալությունը՝ հայտի ստացման թվականով, եթե այն համապատասխանում է Օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով և սույն Կարգի 244-րդ կետով սահմանված պահանջներին։
254. Եթե նշված փաստաթղթերը Գործակալություն ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով, ինչի մասին հայտատուն ծանուցվում է։
255. Հայտի ներկայացման թվականի սահմանման նպատակով, որպես արտոնագիր տալու մասին դիմում կարող է համարվել փաստաթուղթ կամ մի քանի փաստաթղթեր, որոնք ներկայացված են հայերենով և ներառում են բացահայտ կամ ենթադրվող նշում, որ այդ և դրանց հետ ներկայացված այլ փաստաթղթերի համախմբությունը (առաջնային փաստաթղթեր) պետք է դիտել որպես արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու հայտ, ինչպես նաև նշումներ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ։
256. Եթե առաջնային փաստաթղթերի ստացման դրությամբ հայտատուն Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն խնդրարկում է կոնվենցիայով առաջնություն, ապա որպես հայտի ներկայացման թվական Գործակալությունը սահմանում է նկարագրության բացակայող բաժնի, պատկերների կամ գծանկարների ստացման թվականը՝ պայմանով, որ հայտատուն ներկայացնում է նշված թվականի այդպիսի սահմանման մասին դիմում, որում նշված է, որ նկարագրության բացակայող բաժինը, պատկերները կամ գծագրերը առկա են առաջին հայտում, որը տրված է արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում, կցելով առաջին հայտի վավերացված պատճենը կամ ներկայացնել դա` հայտը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:
257. Եթե առաջնային փաստաթղթերի ստացման դրությամբ հայտատուն Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերի համաձայն խնդրարկում է առաջնություն, ապա Գործակալությունը որպես հայտի ներկայացման թվական սահմանում է նկարագրության բացակայող բաժնի, պատկերների կամ գծանկարների ստացման թվականը՝ պայմանով, որ հայտատուն ներկայացնում է նշված թվականի այդպիսի սահմանման մասին դիմում, որում նշված է, որ նկարագրության բացակայող բաժինը, պատկերները կամ գծագրերը առկա են համապատասխանաբար, սկզբնական հայտին վերաբերող լրացուցիչ նյութերում, ավելի վաղ ներկայացված հայտում կամ սկզբնական հայտում, որոնք հիմք են հանդիսանում առաջնություն խնդրարկելու համար։
258. Նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում՝ երկամսյա ժամկետում այն ներկայացնելու կամ վճարված գումարին համապատասխան իր հավակնությունների ծավալի սահմանափակման առաջարկությամբ (եթե դա հնարավոր է):
259. Երկու ամսվա ընթացքում նշված տեղեկանքը չներկայացնելու դեպքում հայտատուն ծանուցվում է այն մասին, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի նրա կողմից ճշգրտված տարբերակներին (ծավալին) համապատասխան, այդպիսի ճշգրտման բացակայության դեպքում՝ հայտի սկզբնական նյութերում առաջինը նշված տարբերակին համապատասխան, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հայտը կհամարվի հետ կանչված:
Բ Ա Ժ Ի Ն IV
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Գ Լ ՈՒ Խ 18
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ
260. Փորձաքննության խնդիրը հայտի նյութերի համապատասխանության ստուգումն է Օրենքով և սույն Կարգով սահմանված պահանջներին, առանց հայտի էությունը քննարկելու:
Գ Լ ՈՒ Խ 19
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
261. Արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննությունը Գործակալությունն իրականացնում է հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո երկամսյա ժամկետում՝ Օրենքի 30-րդ հոդվածի և սույն Կարգի համաձայն:
262. Հարցում, ծանուցագիր (և այլն) ուղարկելու դեպքում այս ժամկետի հաշվարկը դադարեցվում է մինչև վերջիններիս պատասխանի ստացումը:
263. Սույն ժամկետն ավարտվելուց հետո Բաժինը պարտավոր է հայտի վերաբերյալ որոշում կայացնել:
Գ Լ ՈՒ Խ 20
ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
264. Հայտի փորձաքննության ընթացքում ստուգվում են՝
ա) հայտարկված լուծման համապատասխանությունը արդյունաբերական նմուշի իրավական պահպանության (արտոնագրաունակության) պահանջներին (համաձայն Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ, 7-րդ հոդվածի 6-րդ մասերի և սույն Կարգի 24-րդ և 25-րդ կետերի).
բ) հայտարկված լուծման համապատասխանությունը արդյունաբերական նմուշի միասնության պահանջին (համաձայն Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի և սույն Կարգի 27-րդ կետի).
գ) արդյունաբերական նմուշի դասակարգման ճշգրտումը կամ դրա դասակարգումը, եթե դա հայտատուի կողմից արված չէ (համաձայն ԱՆՄԴ գործող դասակարգչի).
դ) սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված հայտի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը (համաձայն Օրենքի 21-րդ հոդվածի, սույն Կարգի 32-39-րդ կետերի պահանջների).
դ) հայտի ներկայացման կարգի պահպանումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ներկայացուցչության լիազորագրի առկայությունը և դրա համապատասխանությունը սահմանված պահանջներին (համաձայն Օրենքի 18-րդ հոդվածի 4-6-րդ մասերի և սույն Կարգի 40-46 կետերի).
ե) վճարված պետական տուրքերի համապատասխանությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերին.
զ) փորձաքննության ընթացքում հայտատուի նախաձեռնությամբ կամ փորձաքննության հարցման հիման վրա ներկայացված լրացուցիչ նյութերի ներկայացման կարգի պահպանումը և հայտարկված արդյունաբերական նմուշի էության վրա (այն փոփոխելու իմաստով) դրա ազդեցությունը (համաձայն Օրենքի 30-րդ հոդվածի 7-րդ մասի և սույն Կարգի 188-198-րդ կետերի պահանջների).
է) արդյունաբերական նմուշի՝ բառերով արտահայտված (ձևակերպված) և պատկերների վրա արտապատկերված էական հատկանիշների համապատասխանության ստուգումը նկարագրության տեղեկատվական բովանդակությանը։
265. Հայտի փորձաքննության ընթացքում որոշվում է նաև արդյունաբերական նմուշի առաջնությունը, եթե այն խնդրարկվում է Օրենքի 22-րդ հոդվածի 2–7-րդ կետերի համաձայն:
Հայտարկվող արդյունաբերական նմուշի դասակարգումը
266. Փորձաքննության ընթացքում հայտարկվող արդյունաբերական նմուշը դասակարգվում է արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգմանը (ԱՆՄԴ) համապատասխան։ Դասակարգման համար հիմք է ծառայում իրի պատկերը (ները)։ Առավել ճշգրիտ դասակարգման համար կարող են դիտարկվել նաև նկարագրությունը (այդ թվում՝ նաև էական հատկանիշների ամբողջությունը), ինչպես նաև գծագրերը, էրգոնոմիկական սխեման, կոնֆեկցիոն քարտը (եթե դրանք առկա են հայտի նյութերում)։ Եթե հայտը ներառում է մի քանի առարկա, որոնք վերաբերում են ԱՆՄԴ տարբեր դասերին, ապա սահմանվում են դասակարգման բոլոր համապատասխան ցուցիչները:
Պետական տուրքի վճարման ստուգումը
267. Ներկայացված փաստաթղթերում ստուգվում է հայտ ներկայացնելու համար (տարբերակների առկայության դեպքում՝ նաև դրանց համար) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
268. Անդորրագրի բացակայության դեպքում հայտը քննարկման չի ընդունվում:
269. Եթե անդորրագիրը ներկայացվել է, սակայն վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում՝ պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ:
270. Երկու ամսվա ընթացքում նշված գումարի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
271. Եթե ներկայացված անդորրագրով հաստատվում է հայտ ներկայացնելու և մեկից ավելի տարբերակների համար սահմանված չափով պետական տուրքի վճարումը, սակայն դա չի համապատասխանում ներկայացված տարբերակների քանակին, որոնցով խնդրարկվում է արդյունաբերական նմուշի արտոնագիր, ապա հայտատուին առաջարկվում է համապատասխան հարցումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում ներկայացնել տարբերակների քանակին համապատասխան լրացուցիչ վճարված պետական տուրքի անդորրագիրը կամ ճշգրտել տարբերակների քանակը, որոնցով պետք է կատարվի արդյունաբերական նմուշի գրանցումը:
272. Երկու ամսվա ընթացքում նշված պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում հայտատուն ծանուցվում է այն մասին, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի նրա կողմից ճշգրտված տարբերակներին համապատասխան, իսկ այդպիսի ճշգրտման բացակայության դեպքում՝ հայտի սկզբնական նյութերում առաջինը նշված տարբերակներին համապատասխան:
273. Եթե պետական տուրքը վճարվել է զեղչով, ապա ստուգվում է նաև աշխատողների թվաքանակի մասին սույն Կարգի 34-րդ կետով նախատեսված տեղեկանքի առկայությունը:
Հայտի պակաս կամ ճշգրտված փաստաթղթերի հարցումը
274. Եթե հայտի փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը ձևակերպված է դրա փաստաթղթերի նկատմամբ սահմանված պահանջների խախտումով, ապա Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հայտատուին հարցում է ուղարկվում հայտի պակաս կամ ճշգրտված փաստաթղթերը հարցումը ստանալու թվականից երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկով՝ բերելով իրավական բնույթի անհրաժեշտ փաստարկներ:
275. Հարցման համար հիմք կարող են ծառայել՝
ա) հայտի կազմի մեջ մտնող կամ դրան կցվող, սույն Կարգի 32-39-րդ կետերով նախատեսված փաստաթղթերից թեկուզ մեկի բացակայությունը.
բ) տուրքերի վճարումների ճշտության հետ կապված հարցերի պարզաբանումը.
գ) արդյունաբերական նմուշի սխալ անվանումը կամ դասակարգումը (ըստ ԱՆՄԴ գործող խմբագրության).
դ) հայտի ներկայացման կարգի խախտումը.
ե) ներկայացված փաստաթղթերի սխալ ձևակերպումը և վավերացումը.
զ) հայտի փաստաթղթերի սահմանված քանակից պակաս ներկայացումը.
է) հայտի փաստաթղթերում սույն Կարգով նախատեսված տեղեկությունների, տվյալների, ստորագրությունների, կնիքների և այլնի բացակայությունը.
ը) ներկայացված փաստաթղթերի (պատկերներ, նկարարագրություն, գծագրեր և այլն) ձևակերպման թերությունների հայտնաբերումը, ինչը կարող է խոչընդոտել դրանց անմիջական և որակյալ պատճենահանմանը, արտոնագիր տալու հետ կապված հրապարակմանը, պահպանմանը և այլն.
թ) նկարագրության մեջ սույն Կարգով նախատեսված բաժինների (թեկուզ մեկի) բացակայությունը, ինչպես նաև արդյունաբերական նմուշի նկարագրության կամ էական հատկանիշների ամբողջության մեջ առկա հատկանիշի բնութագրման փոխարինումը տեղեկատվության այն աղբյուրի վկայակոչումով, որում բացահայտված է այդ հատկանիշը.
ժ) հայտի փաստաթղթերի միմյանց անհամապատասխանությունը (օրինակ՝ հայտի դիմումում բերված արդյունաբերական նմուշի անվանումը չի համապատասխանում նկարագրության մեջ բերված անվանմանը. նկարագրության «արդյունաբերական նմուշի էության բացահայտումը» բաժնում բացակայում են պատկերներում արտապատկերված և էական հատկանիշների ցանկում ներառված հատկանիշներ. պատկերները կամ գծագրերը չեն համապատասխանում արդյունաբերական նմուշի նկարագրությանը և այլն).
ժա) էական հատկանիշների ցանկում այդ հատկանիշների (պատկերներում արտապատկերված) բառային նկարագրության փոխարինումը դրանցով պայմանավորված գեղագիտական և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկություններով.
ժբ) հայտի փաստաթղթերի նկատմամբ Օրենքի և սույն Կարգի պահանջների խախտման այլ դեպքեր, որոնք բացահայտվում են փորձաքննության ընթացքում, առանց հայտարկված արդյունաբերական նմուշի էության վերլուծության:
276. Պակաս կամ ճշգրտված փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ հայտատուին կարող են ուղարկվել մի շարք հարցումներ, մինչև թերությունների իսպառ վերացումը: Սահմանված ժամկետներում հայտատուն իր նախաձեռնությամբ կարող է լրացումներ, ուղղումներ և ճշտումներ մտցնել հայտի նյութերում:
277. Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում խնդրարկվող փաստաթղթերը, չի պատասխանում հարցմանը կամ չի ներկայացնում փորձաքննության հարցման ներկայացման պատասխանի ժամկետի երկարաձգման մասին դիմում (դրա համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրով), ապա հայտը համարվում է հետ կանչված և դրա վերաբերյալ գրագրությունը դադարեցված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
Գ Լ ՈՒ Խ 21
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Առաջնության սահմանումը հայտի ներկայացման թվականով
278. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, արդյունաբերական նմուշի առաջնությունը որոշվում է հայտը Գործակալություն ներկայացնելու թվականով։
Առաջնության սահմանումը ավելի վաղ թվականով
279. Եթե հայտատուն խնդրարկում է արդյունաբերական նմուշի առաջնության ավելի վաղ թվական, քան հայտը Գործակալություն ներկայացնելու թվականն է, ապա ստուգվում է հայտատուի կողմից Օրենքի 22-րդ հոդվածի 2-6-րդ մասերով սահմանված պայմանների պահպանումը։
Կոնվենցիայով առաջնության որոշումը
280. Արդյունաբերական նմուշի առաջնությունը կարող է սահմանվել առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով։ Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում են Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանումը, այն է՝
ա) արդյունաբերական նմուշի հայտը պետք է Գործակալություն ներկայացվի առաջին հայտը Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականից 6 ամսվա ընթացքում.
բ) կոնվենցիայով առաջնության իրավունքից օգտվելու ցանկության մասին հայտատուն պարտավոր է նշել հայտը ներկայացնելիս կամ հայտը ներկայացնելու օրվանից 2 ամսվա ընթացքում` կցելով Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացված առաջին հայտի վավերացված պատճենը, կամ այդ պատճենը ներկայացնել Գործակալություն հայտը ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում։
Եթե առաջնային հայտերը մի քանիսն են, ապա նշված պայմանները պետք է պահպանվեն յուրաքանչյուր առաջին հայտի նկատմամբ.
գ) առաջին հայտում ընդգրկված նմուշի էական հատկանիշների և տարբերակների համապատասխանությունը հայտարկված նմուշի հայտի էական հատկանիշներին և տարբերակներին: Այս դեպքում էական հատկանիշների և տարբերակների ցանկում, որի համար ներկայացված է արդյունաբերական նմուշը, կարող են բացակայել առաջին հայտի մեջ նշված որոշ էական հատկանիշներ և տարբերակներ.
դ) առաջին հայտի նյութերում հայտի էության բացահայտված լինելը: Հակառակ դեպքում, փորձաքննությունը կարող է հայտի էությունը բացահայտող լրացուցիչ նյութեր պահանջել՝ պահպանելով Օրենքով և սույն Կարգով սահմանված կարգը և ժամկետները:
Մի քանի առաջնությունների որոշումը
281. Եթե արդյունաբերական նմուշի տարբերակների համար գոյություն ունեն տարբեր ներկայացման թվականներ ունեցող մի քանի առաջին հայտեր, որոնց հիման վրա կոնվենցիայով խնդրարկվում են տարբեր առաջնություններ, ապա ստուգվում է այդ առաջին հայտերի վավերացված պատճենների առկայությունը, դրանց ներկայացման 6-ամսյա ժամկետի պահպանումը և դրանցից յուրաքանչյուրի մեջ համապատասխան տարբերակի էության բացահայտումը: Եթե այդ հայտերում նշված չէ յուրաքանչյուր տարբերակի համար խնդրարկվող առաջնության թվականը, ապա որոշվում է, թե որ առաջին հայտում որ տարբերակն է բացահայտված:
Առաջնության որոշումը ավելի վաղ ներկայացված հայտով լրացուցիչ նյութերի ստացման թվականով
282. Եթե առաջնությունը որոշվում է (խնդրարկվում է) սկզբնական հայտի լրացուցիչ նյութերն ստանալու թվականով, ապա համաձայն Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի, փորձաքննության ընթացքում ստուգվում է հետևյալ պայմանների պահպանումը՝
ա) հայտը, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, պետք է Գործակալություն ներկայացվի 3 ամսվա ընթացքում, սկսած հայտատուի կողմից այն ծանուցագրի ստացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը հաշվի չեն առնվելու.
բ) հայտարկվող արդյունաբերական նմուշի էությունը պետք է բացահայտված լինի հայտի լրացուցիչ նյութերում, որոնցով խնդրարկվում է այդպիսի առաջնություն:
Եթե հայտում բացահայտված չէ արդյունաբերական նմուշի էությունը, ապա դրա առաջնության թվականը կհամընկնի այն լրացուցիչ նյութերի ստացման թվականի հետ, որոնցում այդ էությունը բացահայտվում է, ինչի մասին ծանուցվում է հայտատուն.
գ) նոր հայտի ներկայացման թվականի դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չի ճանաչվել։
Առաջնության որոշումը ավելի վաղ ներկայացված հայտի ստացման թվականով
283. Եթե առաջնությունը որոշվում է (խնդրարկվում է) ավելի վաղ ներկայացրած նույն հայտի ներկայացման թվականով, ապա համաձայն Օրենքի 22-րդ հոդվածի 4-6-րդ մասերի, փորձաքննության ընթացքում ստուգվում է հետևյալ պայմանների պահպանումը՝
ա) հայտը, որով պահանջվում է այդպիսի առաջնություն, պետք է Գործակալություն ներկայացված լինի ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման օրվանից 12 ամսվա ընթացքում.
բ) հայտը պետք է ներկայացված լինի նույն հայտատուի կողմից.
գ) ավելի վաղ ներկայացված արդյունաբերական նմուշի հայտում պետք է բացահայտված լինի հայտարկվող արդյունաբերական նմուշը.
դ) ավելի վաղ ներկայացված հայտը չպետք է հետ կանչված լինի այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն:
284. Արդյունաբերական նմուշի առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի հայտերի հիման վրա, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է պահպանվեն սույն Կարգի 283-րդ կետում նշված բոլոր պահանջները:
285. Հայտի առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն պահանջվել է ավելի վաղ առաջնություն:
286. Ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականով առաջնություն խնդրարկելու դեպքում ավելի վաղ ներկայացված հայտը (կամ հայտերը) ճանաչվում է (են) հետ կանչված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:
Զատված հայտերով արդյունաբերական նմուշի առաջնության որոշումը
287. Զատված (սկզբնական հայտից առանձնացված) արդյունաբերական նմուշի առաջնությունը սկզբնական հայտի ստացման թվականով որոշելիս (խնդրարկելիս), համաձայն Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասի, փորձաքննության ընթացքում ստուգվում է հետևյալ պայմանների պահպանումը՝
ա) զատված հայտը պետք է ներկայացվի Գործակալություն մինչև սկզբնական հայտով արտոնագիր չտալու մասին որոշման ընդունումը (երբ դրա բողոքարկման հնարավորությունը սպառվել է), իսկ արտոնագիր տալու մասին որոշման դեպքում՝ ոչ ուշ, քան արդյունաբերական նմուշի պետական գրանցումը.
բ) զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը չպետք է հետ կանչված կամ հետ կանչված ճանաչված լինի.
գ) զատված հայտում նկարագրված արդյունաբերական նմուշի էությունը պետք է բացահայտված լինի սկզբնական հայտի նյութերում, իսկ եթե հայտը զատվել է կոնվենցիայով հայտից և առաջնություն է խնդրարկվում կոնվենցիայով հայտի առաջնության թվականով՝ առաջին հայտի նյութերում:
Գ Լ ՈՒ Խ 22
ՆՈՒՅՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
288. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական արդյունաբերական նմուշներն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա համաձայն Օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասի, արտոնագիրը կարող է տրվել այն հայտով, որն ունի Գործակալություն ավելի վաղ առաքման թվականի ապացույց: Այդ թվականները համընկնելու դեպքում, հայտատուների համաձայնությամբ, նրանց տրվում է մեկ արտոնագիր: Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:
Գ Լ ՈՒ Խ 23
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԹՎԱԿԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
289. Ավելի վաղ ներկայացվող հայտով, դրա լրացուցիչ նյութերով կամ զատված հայտերով, համաձայն Օրենքի 22-րդ հոդվածի 3-7-րդ կետերի և սույն Կարգի 282-287-րդ կետերի, առաջնության թվականի որոշումից առաջ պետք է համոզվել, որ հայտը, որի հիման վրա խնդրարկվում է առաջնություն, հետ կանչված չէ (կամ այդպիսին ճանաչված չէ):
290. Ավելի վաղ ներկայացված հայտում (հայտերում), որով (որոնցով) առաջնություն է խնդրարկվում, հայտարկվող արդյունաբերական նմուշի էության բացահայտված լինելը պարզելու համար ստուգվում է՝
ա) քննարկվող հայտով ներկայացված, արդյունաբերական նմուշի պատկերներում արտապատկերված և էական հատկանիշների ցանկի մեջ մտնող բոլոր հատկանիշների առկայությունը ավելի վաղ ներկայացված հայտի կամ դրա լրացուցիչ նյութերի կազմում ներկայացված պատկերների մեջ.
բ) արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը արտադրվող իրի մեջ՝ խնդրարկվող առաջնության թվականին՝ հաշվի առնելով ավելի վաղ ներկայացված հայտի կամ դրա լրացուցիչ նյութերում առկա նկարագրության բովանդակությունը:
284. Եթե արդյունաբերական նմուշի առաջնությունը խնդրարկվում է այնպիսի հայտից զատված հայտով, որով պահանջվել է կոնվենցիայով առաջնություն, ապա վերը նշված պայմանների պահպանման դեպքում հայտի առաջնությունը որոշվում է կոնվենցիայով առաջնության թվականով (այլ ոչ թե հայտը Գործակալություն ներկայացնելու թվականով):
285. Հայտատուի կողմից սույն Կարգի 280-287-րդ կետերով սահմանված թեկուզ մի պահանջի խախտման դեպքում արդյունաբերական նմուշի առաջնությունը սահմանվում է հայտը Գործակալություն ներկայացնելու թվականով:
286. Եթե առաջնության թվականի սահմանումից հետո հայտատուն ներկայացնում է արդյունաբերական նմուշի էական հատկանիշների փոփոխված ցանկ, ապա կատարվում է խնդրարկվող առաջնության թվականի կրկնական ստուգում և հիմքերի առկայության դեպքում այդ թվականը կարող է փոխվել:
Գ Լ ՈՒ Խ 24
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԷԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ
287. Արդյունաբերական նմուշի էական հատկանիշները այն հատկանիշներն են, որոնցից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ բոլորը միասին՝ բավարար՝ իրի կոնկրետ տեսողական կերպարը ստեղծելու համար։
288. Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությունը ստուգելիս փորձաքննությունը պետք է նախ և առաջ պարզի, թե պահպանված են արդյոք այդ ցանկում ներառված և պատկերներում արտապատկերված հատկանիշների նույնական մեկնաբանումը (արտահայտված արդի տերմինաբանությամբ և հասկացություններով) և դրանց էության միանշանակ ընկալումը մասնագետի կողմից (համաձայն սույն Կարգի 121-132-րդ կետերի պահանջների)։ Եթե այս պահանջները խախտված են, ապա փորձաքննությունը կարող է լրացուցիչ պարզաբանումներ պահանջել կամ առաջարկել կատարել ամբողջ տեքստի կամ մասնակի (մեկ կամ մի քանի առանձին հատկանիշների բնութագրման) վերախմբագրում։
289. Եթե փորձաքննությունը գտնում է, որ էական հատկանիշների ցանկում բացակայում են նմուշը բնորոշող հատկանիշներ, որոնք արտապատկերված են իրի պատկերներում և առկա են նկարագրության «Արդյունաբերական նմուշի էության բացահայտումը» բաժնում, ապա հայտատուին առաջարկվում է դրանք ներառել էական հատկանիշների ցանկի մեջ, եթե ապացուցվում է, որ առանց այդ հատկանիշների չեն ամբողջանում իրի արտաքին տեսքի գեղագիտական և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկությունները։ Իսկ եթե փորձաքննությունը գտնում է, որ էական հատկանիշների ցանկում առկա են ոչ էական կամ անհիմն մասնատված հատկանիշներ, ապա հայտատուին առաջարկվում է հանել դրանք կամ միավորել այլ հատկանիշների հետ։
Եթե հայտատուն հիմնավոր պատճառաբանություններով մերժում է նման առաջարկները, ցանկի մեջ նման փոփոխություն չի կատարվում։
290. Էական հատկանիշների ցանկի ստուգումը ներառում է նաև այնպիսի հատկանիշների հայտնաբերումը, որոնք չեն վերաբերում իրի գեղարվեստակառուցվածքային լուծմանը և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկություններին, այլ կրում են, ասենք, սպառողական, տեղեկատվական, գովազդային բնույթ և այլն և չունեն գծանկարչական, գունային լուծման հետ կապված կամ այլ ստեղծագործական առանձնահատկություններ, ապա հայտատուին առաջարկվում է այս հատկանիշները ևս հանել էական հատկանիշների ցանկից։
291. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ էական հատկանիշների ցանկում առկա են պատկերների վրա արտապատկերված հատկանիշներ, որոնց մասին «Արդյունաբերական նմուշի էության բացահայտումը» բաժնում չի հիշատակված, ապա հայտատուին առաջարկվում է դրանց նկարագրությունը տալ այդ բաժնում։ Իսկ եթե այդ հատկանիշներն արտապատկերված չեն նաև պատկերների վրա, ապա պետք է կամ ամբողջացնել պատկերների լրակազմը (հնարավորության դեպքում պահանջելով այնպիսի պատկերներ, որոնցում այդ հատկանիշներն արտապատկերված են), իսկ հակառակ դեպքում հաշվի չառնել դրանք, համապատասխան մասով վերախմբագրելով տեքստը։
292. Փորձաքննության ընթացքում ստուգվում է նաև տարբերակների՝ մի միասնական գեղարվեստակառուցվածքային կամ ոճական լուծմամբ (առնվազն հիմնական հորինվածքային տարրերի իմաստով) միավորված լինելը, տարբերակների պատկերների և դրանց նկարագրության համապատասխանությունը (մի տարբերակը մյուսից զանազանող հատկանիշների ճշգրիտ նկարագրությունը) և այլն։ Եթե անհամապատասխանության դեպքերում հայտատուն չպատճառաբանված ձևով հրաժարվում է կատարել համապատասխան փոփոխություններ կամ վերախմբագրումներ, ապա փորձաքննությունը ինքն է որոշում էական հատկանիշների ամբողջության վերջնական տեսքը։
Գ Լ ՈՒ Խ 25
ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀԱՅՏԻ ԵՎ (ԿԱՄ) ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
293. Եթե հայտի քննարկման արդյունքում (առանց հայտարկված արդյունաբերական նմուշի էության վերլուծության) պարզվի, որ հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի և սույն Կարգի 27-րդ կետի համաձայն, հայտատուին այդ մասին ծանուցագիր է ուղարկվում և առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե արդյունաբերական նմուշներից, որը պետք է քննարկվի և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում:
294. Հայտարկված արդյունաբերական նմուշի համապատասխանությունը միասնության պահանջին ստուգվում է պատկերներում արտապատկերված և հայտի սկզբնական նյութերում բերված էական հատկանիշների ցանկի նկատմամբ: Եթե էական հատկանիշների ցանկը փոփոխվել է, ապա ստուգումը կատարվում է հայտատուի կողմից սահմանված կարգով ներկայացված՝ էական հատկանիշների ցանկի վերջին խմբագրության նկատմամբ:
295. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված երկամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում, Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն քննարկվում է այն արդյունաբերական նմուշը, որը նկարագրության մեջ բերված է առաջինը: Այս դեպքում հայտատուին հարցում է ուղարկվում հայտի նյութերում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ:
296. Եթե լրացուցիչ նյութերը լրիվ կամ մասնակիորեն փոփոխում են հայտարկված արդյունաբերական նմուշի էությունը և (կամ) ներկայացվել են սույն կարգի 194-195-րդ կետերով նախատեսված դրույթների խախտմամբ, ապա հայտատուն ծանուցվում է այն մասին, որ լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն դա կարող է ձևակերպել որպես առանձին հայտ:
Գ Լ ՈՒ Խ 26
ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
297. Եթե արդյունաբերական նմուշի արտոնագիր խնդրարկելու հայտը պարունակում է սույն Կարգով սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և առաջարկությունը վերաբերում է արտոնագրաունակ արդյունաբերական նմուշներին, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալու մասին՝ հայտում բերված էական հատկանիշների ցանկով:
298. Տարբերակներ պարունակող արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին որոշումը կայացվում է միայն այն դեպքում, եթե բոլոր հայտարկված տարբերակները համապատասխանում են սույն Կարգով սահմանված պահանջներին:
299. Արտոնագիր տալու մասին որոշում է կայացվում նաև այն դեպքում, երբ արտոնագիր չտալու մասին փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, հայտատուի խնդրանքով անցկացված կրկնական փորձաքննության կամ Գործակալության բողոքարկման խորհրդում կամ էլ դատական գործընթացի ընթացքում հայտատուի ներկայացրած հիմնավորումներով հերքվում են փորձաքննության արդյունքները։
300. Արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին որոշումն ստանալուց հետո հայտատուի կողմից արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու համար պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը սահմանված ժամկետում Գործակալություն ներկայացնելը գնահատվում է որպես հայտում բերված էական հատկանիշների ցանկով որոշման հետ համաձայնության հաստատում։
301. Արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ՝ առանց դրա իսկության երաշխիքի:
302. Արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործում է հայտը ներկայացնելու օրվանից մինչև 15 տարին լրանալը։
Գ Լ ՈՒ Խ 27
ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ
303. Եթե հայտի փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված արդյունաբերական նմուշը պահպանունակ կամ արտոնագրաունակ չէ (համաձայն Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ, 7-րդ հոդվածի 6-րդ մասերի), ապա Օրենքի 30-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին, բերելով այն փաստարկները, որոնք հիմք են ծառայել նշված որոշումն ընդունելու համար:
304. Արտոնագիր չտալու մասին որոշումը մնում է ուժի մեջ, եթե փորձաքննության այդ որոշմանը չհամաձայնելու դեպքում, հայտատուի խնդրանքով անցկացված կրկնական փորձաքննության կամ Գործակալության բողոքարկման խորհրդում քննարկման կամ դատական գործընթացի ընթացքում, հայտատուի ներկայացրած հիմնավորումներով չեն հերքվում փորձաքննության արդյունքները։
Գ Լ ՈՒ Խ 28
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
305. Օրենքի 30-րդ կետի 10-րդ մասի համաձայն, արտոնագիր տալը մերժելու մասին փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմելու Գործակալություն։ Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում։
306. Օրենքի 30-րդ կետի 13-րդ մասի համաձայն, կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնելու Գործակալության բողոքարկման խորհուրդ, որն այն քննարկում է բողոքը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում։
307. Օրենքի 30-րդ կետի 14-րդ մասի համաձայն, փորձաքննության ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան:
Գ Լ ՈՒ Խ 29
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄՆՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
308. Համաձայն Օրենքի 40-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական նմուշը կարող է արտոնագրվել օտարերկրյա պետություններում:
309. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական նմուշի հայտը օտարերկրյա պետություն ներկայացնելը, այդ թվում՝ ՀՀ միջազգային պայմանագրերի շրջանակներում, հայտատուն պարտավոր է այն ներկայացնել Գործակալություն՝ տեղեկացնելով նաև օտարերկրյա պետություններում այն արտոնագրելու մտադրության մասին (նշում կատարելով դիմումի ձևաթղթի համապատասխան կետում):
310. Եթե արդյունաբերական նմուշն օտարերկրյա պետությունում արտոնագրելու մտադրության մասին հաղորդումն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում, ելնելով ազգային անվտանգության պահանջներից, Օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով, արտոնագրումն օտարերկրյա պետություններում չի արգելվում, ապա հայտատուն կարող է գործել իր հայեցողությամբ։
311. Գործակալությունում գրանցված արդյունաբերական նմուշն օտարերկրյա պետությունում գրանցելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում հայտատուի (նրա ներկայացուցչի) դիմում-խնդրագրի հիման վրա Գործակալությունը կազմում և վերջիններիս է հանձնում (համապատասխան տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո) արդյունաբերական նմուշի հայտի (առաջին հայտի) նյութերի վավերացված պատճենը
Գ Լ ՈՒ Խ 30
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
312. Մինչև սույն Կարգի ուժի մեջ մտնելն ստացված հայտերով փորձաքննությունն անցկացվում է նախորդ կանոններով։ Արդյունաբերական նմուշի փորձաքննությունն անցկացվում է նախորդ կանոններով, եթե սույն Կարգն ուժի մեջ մտնելու պահին նախնական փորձաքննությունն ավարտված է։
313. Սույն Կարգով նախատեսված գործողությունները Գործակալությունում իրականացնում է ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժինը։
ԼԻԱԶՈՐԱԳԻՐ |
POWER OF ATTORNEY | |
Սույն լիազորագիրը տրված է ________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ (հասցեն _____________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________) ի դեմս գրանցված արտոնագրային հավատարմատար(ներ)ի ___________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ առ այն, որ նա (նրանք) լիազորված է (են) ներկայացնել ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ |
The power is granted to ___________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ (address _____________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________) in the name of the registered patent attorney(ies) __________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ that is hereby empowered to represent the interests օf ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ ___________________________________ | |
շահերը Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների ձեռքբերման, պահպանության, գործողության մեջ պահելու հետ կապված բոլոր հարցերով: | in all matters related to application for acquisition and protection of industrial property, rights in respect of rights օf objects within the territory օf the Republic of Armenia. | |
|
|
Կատարված է __________________________________________________ (տեղը) Done in (place) | |
Թվականը ________________________________________________________ Date | |
Լիազորող Issuer Անուն, հայրանուն, ազգանուն ____________________________________________ Name | |
Պաշտոնը _________________________________________________________ Position |
Ստորագրություն Signature |
Առանց ձեռնարկության կնիքի վավեր չէ: The power is not valid without corporate seal or stamp. |
ԴԻՄՈՒՄ արդյունաբերական նմուշի ՀՀ արտոնագիր ստանալու մասին |
ՀՀ մտավոր սեփականության Երևան 10, Գլխավոր պող. Կառավարական տուն 3 |
|
|