ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2021 թվականի N 1044-Ն
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 46-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության սկզբունքները, համակարգումը, մակարդակները և վերահսկողության կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատարին՝ որոշման ընդունումից հետո երեք ամսվա ընթացքում՝
1) կազմել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունվարի 31-ի N 43-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին վարչապետի որոշման նախագիծ՝ համապատասխան փոփոխություններ նախատեսելով համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհրդի և ռեժիմային (կենսանվտանգության) հանձնաժողովի կազմում.
2) մշակել և հաստատել սույն որոշմամբ սահմանված համընդհանուր լաբորատոր ցանցին լաբորատորիաների անդամակցության համաձայնագրի օրինակելի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի օգոստոսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1044-Ն որոշման |
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծումն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում հիվանդությունների արդյունավետ վերահսկմանն ու կանխարգելմանը, հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հայտնաբերմանն ու արագ արձագանքմանը, դրանց կանխարգելմանը, խորհրդատվությունների, տեղեկատվական հաղորդակցման, կադրերի ուսուցման, մեթոդագործնական աջակցման, փորձի փոխանակման, ինչպես նաև որակի, կենսանվտանգության և կենսապահովության կառավարման համակարգերի ներդրման միջոցով լաբորատոր համակարգի կարողությունների շարունակական զարգացմանը, բարձրորակ, ճշգրիտ, անժամանակավրեպ և անվտանգ գործելակարգի ամրապնդմանը, հիվանդությունների կանխարգելման գործընթացների զարգացմանն ու հետևելիությանը:
2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԸ
2. Կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններ՝ կենսաբանական, քիմիական և ճառագայթման աղբյուրից ծագած ազդակներ, որոնք ունեն մարդու, շրջակա միջավայրի վրա ազդելու ներուժ և բացասական ազդեցություն:
3. Կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետ աշխատող լաբորատորիաներ՝ լաբորատորիաներ, որտեղ իրականացվում են կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետազոտական, փորձարկման աշխատանքներ:
4. Ուղղորդում (մենթորինգ)՝ մասնագիտական խորհրդատվությամբ գործնական ուղղորդում:
5. Ոլորտային լաբորատոր ցանց՝ կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետազոտական, փորձարկման աշխատանքների ուղղություններով տարբեր ոլորտներում գործող լաբորատոր ցանցեր:
6. Տարածքային մակարդակի լաբորատորիաներ՝ համայնքային մակարդակում կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետազոտական, փորձարկման աշխատանքներ իրականացնող լաբորատորիաներ:
7. Ազգային մակարդակի լաբորատորիաներ՝ ազգային մակարդակում կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետազոտական, փորձարկման աշխատանքներ իրականացնող ռեֆերենս և ազգային նշանակության լաբորատորիաներ, ինչպես նաև ոլորտային լաբորատոր ցանցեր:
3. ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
8. Համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության սկզբունքներն են՝
1) լաբորատոր կարողությունների շարունակական զարգացումը.
2) միջգերատեսչական համակարգումը, համագործակցությունը.
3) միջազգային համագործակցությանը միտված գործունեությունը.
4) համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված լաբորատորիաներում որակի, կենսանվտանգության և կենսապահովության ապահովումը:
9. Համընդհանուր լաբորատոր ցանցի համակարգումն իրականացվում է՝
1) Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի N 22-Ա որոշմամբ ստեղծված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունվարի 31-ի N 43-Ա որոշմամբ ստեղծված համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհրդի և ռեժիմային (կենսանվտանգության) հանձնաժողովի կողմից՝ համատեղ նիստերի ժամանակ լսելով համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեությանն առնչվող հարցերը, առաջարկությունները և կայացնելով համապատասխան որոշումներ և դրանք առաջարկությունների ձևով ներկայացնելով համապատասխան իրավասու մարմիններին.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի, ինչպես նաև տվյալ ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինների կողմից՝ իրենց լիազորությունների շրջանակում:
10. Համընդհանուր լաբորատոր ցանցը երկմակարդակ է՝
1) ազգային մակարդակ՝ ներառում է բոլոր ռեֆերենս և ազգային լաբորատորիաները, ինչպես նաև ոլորտային լաբորատոր ցանցերը.
2) տարածքային մակարդակ՝ ներառում է համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված տարածքային նշանակության լաբորատորիաները:
11. Համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված՝ ազգային մակարդակում գործող լաբորատորիաների գործառույթներն են՝
1) որակի կառավարման, կենսանվտանգության և կենսապահովության համակարգի ներդրմանն աջակցություն՝ խորհրդատվությունների, մենթորինգի և գնահատման միջոցով.
2) լաբորատոր ցանցի բոլոր մակարդակներից՝ ստացված տվյալների հավաքագրում, ամփոփում և վերլուծում, արդյունքների հաղորդում համագործակից կողմերին, միջազգային կառույցներին, ինչպես նաև հետադարձ կապի ապահովում.
3) տեղեկատվության հրապարակում (հաշվետվություններ, տեղեկատուներ, հոդվածներ, վերլուծություններ և այլն).
4) հիվանդությունների (ախտահարումների) վերահսկման, կանխարգելման նպատակով լաբորատոր հետազոտությունների գործընթացի համակարգում.
5) լաբորատոր ոլորտում գիտական գործընթացի համակարգում՝ ինտեգրելով շահագրգիռ կառույցների գիտական ներուժը.
6) կիրառական հարցերով գիտաժողովների իրականացում.
7) մասնակցություն կադրերի պատրաստման գործընթացին.
8) խորհրդատվությունների իրականացում՝ լաբորատորիաների նախագծման վերաբերյալ.
9) աջակցություն առանձին լաբորատորիաների համար համապատասխան սարք-սարքավորումների, ռեագենտների ընտրությանը, որակի կառավարման և կենսանվտանգության համակարգերի ներդրմանը.
10) լաբորատոր համակարգի և առանձին լաբորատորիաների գնահատում.
11) մասնակցություն ոլորտային օրենսդրության մշակմանը.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լաբորատոր որակի կառավարման ոլորտում՝ լաբորատոր հետազոտությունների ստանդարտ մեթոդների մշակում և տեղայնացում, արտասովոր, հազվադեպ հանդիպող ախտածինների հետազոտության ապահովում, անհրաժեշտության դեպքում՝ աջակցություն նմուշների տեղափոխմանը միջազգային ռեֆերենս լաբորատորիաներ, նոր լաբորատոր թեստերի փորձարկում, հետազոտվող ախտածինների ցանկի ընդլայնում, նոր մեթոդների ներդրում և ուսուցանում, ցանցում ներառված լաբորատորիաների հետազոտությունների արդյունքների վերահաստատում, միջլաբորատոր հետազոտությունների կազմակերպում և գործընթացի համակարգում.
13) լաբորատոր ռեագենտների, թեստերի կառավարում՝ լաբորատոր ռեագենտների պատրաստում, անհրաժեշտության դեպքում համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված լաբորատորիաներին ստանդարտ թեստերով ապահովում, լաբորատոր նյութերի որակի երաշխավորման փորձաքննություններ և եզրակացության տրամադրում.
14) աջակցություն համընդհանուր լաբորատոր ցանցի անդամ լաբորատորիաներին սարք-սարքավորումների ձեռքբերման, դրանց հետ աշխատելու համար մասնագետների՝ ռեֆերենս լաբորատորիաներում, ոլորտային պետական կառավարման լիազոր մարմինների ենթակայությամբ գործող լաբորատորիաներում, աշխատանքի տեղում պատրաստման, համակարգչային ուսուցման, կենսանվտանգության 1 և 2 մակարդակի (ԿԱՄ-1 և ԿԱՄ-2) լաբորատորիաներում աշխատանքի հետազոտական մեթոդների ուսուցման, կենսանվտանգության, կենսապահովության, քիմիական և ճառագայթային անվտանգության ապահովման հարցերով ուսուցման, ստանդարտ մեթոդների ուսուցման, որակի կառավարման հարցերով ուսուցման, ներառյալ՝ հետազոտությունների տվյալների վիճակագրական վերլուծությունը և մեկնաբանումը.
15) «Ուսուցանողների ուսուցանում»՝ ուսուցանողների պատրաստում, հաջորդիվ այլ լաբորատորիաներում ուսուցանելու համար.
16) համագործակցություն միջազգային կառույցների, լաբորատոր ցանցերի և մասնագիտական ասոցիացիաների հետ.
17) լաբորատոր ցանցի տեղեկատվական համակարգի կառավարում, ցանցում ընդգրկված լաբորատորիաների հետ տեղեկատվության փոխանակում.
18) մասնակցություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ազգային ստանդարտների մշակման գործընթացին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
19) մեթոդագործնական օգնություն համընդհանուր լաբորատոր ցանցի լաբորատորիաներին.
20) ինժեներա-տեխնիկական գործառույթների իրականացում համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված լաբորատորիաների շրջանում.
21) օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:
12. Համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված՝ տարածքային մակարդակում գործող լաբորատորիաների գործառույթներն են՝
1) համընդհանուր լաբորատոր ցանցի շրջանակում լաբորատոր հետազոտությունների արդյունքների վերաբերյալ տվյալների հաղորդում՝ հաշվետվությունների ներկայացում.
2) որակի կառավարման, կենսանվտանգության և կենսապահովության համակարգի գործունեության ապահովում.
3) լաբորատոր հետազոտությունների ստանդարտ մեթոդների կիրառում.
4) լաբորատոր նոր թեստերի ներդրում.
5) հետազոտվող ախտածինների ցանկի ընդլայնում, նոր մեթոդների ներդրում.
6) համընդհանուր լաբորատոր ցանցում ներառված լաբորատորիաների հետազոտությունների արդյունքների վերահաստատում ռեֆերենս լաբորատորիայի կողմից:
13. Ըստ մակարդակների գործառույթների բաժանումն իրականացվում է համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված լաբորատորիաների գործունեության յուրաքանչյուր ոլորտի համար առանձին:
14. Համընդհանուր լաբորատոր ցանցում վերահսկողության գործընթացը.
1) համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված լաբորատորիաների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերահսկողությունն իրականացվում է սույն կարգի կետերի համաձայն գնահատումների և ուղղորդումների միջոցով.
2) համընդհանուր լաբորատոր ցանցին անդամակցող լաբորատորիաների դիմումի կամ համակարգող կառույցների առաջարկով՝ օգտագործելով համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհրդի, ռեժիմային հանձնաժողովի, ռեֆերենս լաբորատորիաների և ոլորտային լաբորատոր ցանցերի ներուժը, Ազգային համակարգող մարմնի կողմից ձևավորվում է գնահատող աշխատանքային հանձնաժողով, որը կարող է իրականացնել գնահատում և հաջորդիվ՝ ուղղորդում (մենթորինգ)՝ գործունեության իրավիճակը գնահատելու և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու համար.
3) համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված լաբորատորիաների գնահատումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված գործիքների կիրառմամբ:
4. ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄԸ
15. Համընդհանուր լաբորատոր ցանցին անդամակցումը կամավոր գործընթաց է, որը ներառում է հետևյալ քայլերը՝
1) առանձին լաբորատորիայի ղեկավարի կամ այն կազմակերպության ղեկավարի կողմից, որի կազմում լաբորատորիան ներառված է, դիմում Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնին, համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկվելու համար.
2) Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի կողմից հանձնաժողովի ձևավորում, ուր ընդգրկվում են տվյալ ոլորտի կամ ուղղվածության լաբորատոր մասնագետներ և հանձնաժողովի կողմից դիմող լաբորատորիայի կարողությունների գնահատում և բացերի վերլուծության իրականացում.
3) բացերի շտկման համար տվյալ լաբորատորիայի ղեկավարության կողմից ճանապարհային քարտեզի և համապատասխան ժամանակացույցի մշակում և համաձայնեցում գնահատող հանձնաժողովի հետ և ներդրում.
4) գնահատող հանձնաժողովի կողմից բացերի շտկման ուղղությամբ խորհրդատվություն, մեթոդագործնական օգնություն, համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության ընթացակարգերին դիմողին ծանոթացում.
5) Ազգային համակարգող մարմնի և համընդհանուր լաբորատոր ցանցին անդամակցելու դիմում ներկայացրած լաբորատորիայի միջև անդամակցության համաձայնագրի կնքում և անդամակցության հավաստագրի շնորհում:
16. Համընդհանուր լաբորատոր ցանցում կարող են ընդգրկվել բոլոր լաբորատորիաները, որոնք ներդրել են որակի կառավարման համակարգ՝ անկախ միջազգային հավատարմագրումից (ակրեդիտացիա), Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հավատարմագրված և չհավատարմագրված լինելու հանգամանքից:
17. Համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկվելու համար լաբորատորիաներն ունենում են համապատասխան գործունեություն իրականացնելու իրավունք (բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի պահանջի առկայության դեպքում՝ համապատասխան լիցենզիա) և համապատասխանում են Հայաստանի Հանրապետությունում լաբորատոր ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
18. Համընդհանուր լաբորատոր ցանցն ամբողջությամբ կամ ցանցի առանձին լաբորատորիաներ կարող են անդամակցել տարածաշրջանային և միջազգային ոլորտային լաբորատոր այլ ցանցերին:
19. Համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված լաբորատորիաներն աշխատում են միջազգային և (կամ) ազգային ստանդարտներին համապատասխանեցման սկզբունքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներով և մեթոդներով:
20. Համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեությունն ապահովելու համար, համընդհանուր լաբորատոր ցանցում ընդգրկված առանձին պետական կառավարման մարմինների ենթակայությամբ գործող լաբորատորիաների՝ համընդհանուր լաբորատոր ցանցի շրջանակներում իրականացվող գործառույթները, գործելու մակարդակը (ազգային կամ տարածքային), որոշվում են տվյալ լաբորատորիայի և սույն կարգի 9-րդ կետի 1-ին ենթակետում ամրագրված համակարգող կառույցների համագործակցությամբ: Դրանք հաստատվում են Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և տվյալ ոլորտում պետական լիազոր մարմնի համատեղ հրամանով: Մասնավոր լաբորատորիաների դեպքում գործառույթները որոշվում են նույն ընթացակարգով և ամրագրվում են կնքվող անդամակցության համաձայնագրերում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
24.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2021 թվական: