17.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 նոյեմբերի 2020 թվականի N 1800-Ա
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես ժամանած քաղաքացիներին Արցախ հետ ուղարկելու համար Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ պատվիրատուներ) կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա մեկ անձից գնման ձևով իրականացվող ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերման դեպքերում չեն կիրառվում ինչպես նույն պարբերությամբ սահմանված՝ գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակման (երեսուն օրացուցային օր), այնպես էլ 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված գործարքները կարող են կատարվել առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով նաև հաշիվ-ապրանքագրի կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի հիման վրա: Սույն կետով նախատեսված գործարքների դիմաց վճարումները կարող են կատարվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետով նախատեսված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափաքանակների հիման վրա բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցներից վճարումներ կատարելու ձևով, եթե պատվիրատուները տվյալ գործարքը հնարավորություն չեն ունեցել կատարելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:
2. Պատվիրատուներին` սույն որոշման 1-ին կետում նշված միջոցառումներն իրականացնելիս երկշաբաթյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել իրականացված փաստացի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև յուրաքանչյուր օր մինչև ժամը 17։00-ն ներկայացնել տեղափոխված անձանց քանակի, տեղափոխումն իրականացրած տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարի և տեղափոխման վերջնակետի վերաբերյալ գրավոր տեղեկատվություն:
(2-րդ կետը փոփ. 08.12.20 N 1990-Ա)
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված պարբերականությամբ ներկայացված հաշվետվություններն ստանալուց, ամփոփելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից վերաբաշխում կատարելու և սույն որոշման 1-ին կետում նշված մարմիններին գումար հատկացնելու մասին:
(3-րդ կետը լրաց. 08.12.20 N 1990-Ա)
4. Սահմանել, որ սույն որոշման պահանջները տարածվում են 2020 թվականի նոյեմբերի 17-ից ծագած հարաբերությունների (կնքված գործարքների) վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |