ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
22 հոկտեմբերի 2019 թ. |
1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ՀԱԱԳԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՖՐԻԿՅԱՆ-ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻԳՐԱՑՎՈՂ ՋՐԱՅԻՆ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Գյուլումյանի (նախագահող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ի. Ղափլանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1995 թվականի հունիսի 16-ին Հաագայում ստորագրված «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2019 թվականի օգոստոսի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1.«Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» բազմակողմ համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 1995 թվականի հունիսի 16-ին Հաագայում, երբ այն առաջին անգամ ներկայացվել է պետությունների ստորագրմանը:
Համաձայնագրի կիրարկման նպատակն է համակարգված կամ համաձայնեցված գործողությունների միջոցով էականորեն նպաստել միգրացվող ջրային թռչունների և դրանց բնակավայրերի առավել արդյունավետ պահպանմանը և լրացուցիչ օգուտներ բերել բազմաթիվ այլ կենդանիների ու բույսերի տեսակներին:
Համաձայնագիրը բաղկացած է նախաբանից, 17 հոդվածից, Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող երեք հավելվածներից, Հավելված 3-ին կից 1-ին Աղյուսակից: Հավելված 1-ով սահմանվում է Համաձայնագրի գործողության տարածքը, Հավելված 2-ով՝ ջրային թռչունների տեսակները, որոնց նկատմամբ կիրառելի է Համաձայնագիրը, իսկ Հավելված 3-ով՝ գործողության ծրագիրը: 3-րդ Հավելվածի 1-ին Աղյուսակը նվիրված է միգրացվող ջրային թռչունների պոպուլյացիաների կարգավիճակին:
2019 թվականի հունիսի 12-ի դրությամբ Համաձայնագրին միացել է 79 պետություն:
2. Համաձայնագրի «Կիրարկումը և ֆինանսավորումը» վերտառությամբ V հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և Համաձայնագրի յուրաքանչյուր Կողմ ստանձնում է Միավորված ազգերի կազմակերպության գնահատման սանդղակին համապատասխան Համաձայնագրի բյուջե մուծումներ կատարելու ֆինանսական պարտավորություն: Նշված մուծումները յուրաքանչյուր Կողմի համար պետք է սահմանափակվեն ընդհանուր բյուջեի առավելագույնը 25 տոկոսով, և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ոչ մի կազմակերպությունից չպետք է պահանջվի վարչական ծախսերի 2,5 տոկոսից ավելի մուծում կատարել:
Ըստ Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված տեղեկանք-հիմնավորման՝ Համաձայնագրին անդամակցության վճարը Հայաստանի Հանրապետության համար կազմում է տարեկան 2000 եվրո:
Համաձայնագրով՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- Համաձայնագրի տարածքում վտանգված ջրային թռչունների միգրացվող տեսակներին ապահովել լիարժեք պահպանություն,
- ապահովել, որ միգրացվող ջրային թռչունների ցանկացած օգտագործում հիմնված լինի իրենց էկոլոգիայի գնահատման ամենաժամանակակից գիտելիքների վրա և հաստատուն լինի ինչպես այդ տեսակների, այնպես էլ դրանք պահպանող էկոլոգիական համակարգերի համար,
- որոշել ՀՀ տարածքում միգրացվող ջրային թռչունների տարածքները և բնակավայրերը և խրախուսել այդ վայրերի պահպանությունը, կառավարումը և վերականգնումը Համաձայնագրի IX հոդվածի «ա» և «բ» կետերում նշված՝ բնակավայրերի պահպանությամբ զբաղվող մարմինների հետ մեկտեղ,
- ուսումնասիրել այն խնդիրները, որոնք առաջացել են կամ կարող են առաջանալ մարդկային գործունեությունից, և ձգտել իրականացնել պաշտպանիչ միջոցներ՝ ներառյալ բնակավայրի վերականգնումը, և բնակավայրի կորստի դեպքում՝ փոխհատուցման միջոցները,
- համագործակցել միջազգային համաձայնեցված գործողություն պահանջող արտակարգ իրավիճակներում և պարզել ջրային թռչունների միգրացվող այն տեսակները, որոնք այդպիսի իրավիճակներում առավել խոցելի են, ինչպես նաև համագործակցել արագ արձագանքման համապատասխան մեխանիզմների մշակման ուղղությամբ,
- արգելել այլ տարածքներում բնակվող ջրային թռչունների տեսակների կանխամտածված ներմուծումը շրջակա միջավայր և այդ տեսակների ոչ միտումնավոր ազատ արձակումը կանխելու համար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, եթե այդ ներմուծումը կամ ազատ արձակումը կարող է վնաս հասցնել վայրի բուսական և կենդանական աշխարհի պահպանության կարգավիճակին, իսկ եթե այլ տարածքներում բնակվող ջրային թռչունները արդեն ներմուծվել են, ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար, որ այդ տեսակները վտանգեն բնիկ տեսակներին,
- նախաձեռնել միգրացվող ջրային թռչունների կենսաբանական և էկոլոգիական առանձնահատկությունների վերաբերյալ հետազոտություններ կամ աջակցել դրանց՝ ներառյալ հետազոտության և մոնիտորինգի մեթոդների ներդաշնակեցումը և, անհրաժեշտության դեպքում, համակցված կամ համատեղ ծրագրերի ստեղծումը,
- մշակել և շարունակել միգրացվող ջրային թռչունների պահպանության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացման և ընկալման ծրագրերն ընդհանրապես և, մասնավորապես, Համաձայնագրի որոշակի նպատակների և դրույթների համար,
- իրականացնել հետազոտությունների, մոնիտորինգի, պահպանության և կրթական ծրագրերի արդյունքների և տեղեկատվության փոխանակում,
- համագործակցել միմյանց հետ, մասնավորապես, հետազոտության և մոնիտորինգի ոլորտներում՝ Համաձայնագրի կիրարկմանն աջակցելու նպատակով:
Բացի դրանից, Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է նաև մի շարք այլ պարտավորություններ.
- Համաձայնագրի կիրարկման համար նշանակել մարմին կամ մարմիններ, որը (որոնք), ի թիվս այլ հարցերի, կիրականացնի (կիրականացնեն) բոլոր այն գործողությունների մոնիտորինգը, որոնք կարող են ազդեցություն ունենալ ջրային թռչունների այն միգրացվող տեսակների պահպանության կարգավիճակի վրա, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը ապրելավայրի պետություն է (Հոդված V, կետ 1, ենթակետ «ա»),
- նշանակել Համաձայնագրի մյուս կողմերի հետ կապն ապահովող մարմին և, առանց ուշացման, Համաձայնագրի քարտուղարությանը հաղորդել դրա անվանումը և հասցեն, Կողմերի ժողովի հերթական յուրաքանչյուր նիստի համար` սկսած երկրորդ նիստից, պատրաստել զեկույց Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի կիրարկման վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով պահպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցներին, յուրաքանչյուր զեկույց ներկայացնել Կողմերի քարտուղարություն ոչ ուշ, քան Կողմերի ժողովի այն հերթական նիստից հարյուր քսան օր առաջ, որի համար պատրաստվել է (Հոդված V, կետ 1, ենթակետեր «բ», «գ»),
- ապահովել, որ Համաձայնագրի Հավելված 3-ում շարադրված Գործողության ծրագիրը կիրառվի նույն հավելվածի Աղյուսակ 1-ում (այսուհետ` Աղյուսակ 1) թվարկված միգրացվող ջրային թռչունների պոպուլյացիաների նկատմամբ (Հավելված 3, կետ 1, ենթակետ 1.1),
- որպես Աղյուսակ 1-ի Ա սյունակում թվարկված պոպուլյացիաներ ունեցող պետություն, ապահովել այդ պոպուլյացիաների պահպանությունը՝ համաձայն Համաձայնագրի III հոդվածի 2(ա) կետի, մասնավորապես և պահպանելով Հավելված 3-ի 2.1.3 կետի դրույթները. ա) արգելել ՀՀ տարածքում հանդիպող այդ պոպուլյացիաների թռչունների և ձվերի հավաքը, բ) արգելել կանխամտածված անհանգստացումն այնքանով, որքանով անհանգստացումը էական կլինի տվյալ պոպուլյացիայի պահպանության համար, գ) արգելել այն պոպուլյացիաների թռչունների կամ ձվերի տնօրինումը, օգտագործումը և վաճառքը, որոնք հավաքվել են Համաձայնագրի Հավելված 3-ի 2-րդ կետի 2.1.1 ենթակետի (ա) պարբերությունում նշված արգելքների խախտմամբ, արգելել այդ թռչունների և ձվերի ճանաչելի մասերի կամ արգասիքների տնօրինումը կամ օգտագործումը և առևտուրը (Հավելված 3, կետ 2, ենթակետ 2.1.1),
- որպես Աղյուսակ 1-ի Ա սյունակում թվարկված պոպուլյացիաներ ունեցող պետություն, կանոնակարգել Բ սյունակում թվարկված թռչունների և ձվերի հավաքը, արգելել տվյալ պոպուլյացիաների թռչունների որսը բազմացման և աճեցման տարբեր փուլերում և բազմացման տարածքներ վերադառնալու շրջանում, եթե որսն ունի անբարենպաստ ազդեցություն տվյալ պոպուլյացիայի պահպանության վիճակի վրա, կարգավորել հավաքի ձևերը, անհրաժեշտության դեպքում սահմանափակել հավաքի չափաքանակները և ապահովել համապատասխան հսկողություն, որպեսզի երաշխավորվի, որ այդ սահմանափակումները կպահպանվեն, արգելել այն պոպուլյացիաների թռչունների և ձվերի տնօրինումը կամ օգտագործումն ու առևտուրը, որոնք հավաքվում են Համաձայնագրի Հավելված 3-ի 2-րդ կետի 2.1.2 ենթակետի (դ) պարբերությունում նշված արգելքների խախտմամբ, արգելել այդ թռչունների և ձվերի ճանաչելի մասերի կամ արգասիքների տնօրինումը կամ օգտագործումն ու առևտուրը (Հավելված 3, կետ 2, ենթակետ 2.1.2),
- համագործակցել Համաձայնագրի մյուս կողմերի հետ՝ նպատակ ունենալով մշակել և իրագործել Աղյուսակ 1-ի Ա սյունակի 1-ին կարգում թվարկված և Աղյուսակ 1-ի Ա սյունակում աստղանիշով նշված պոպուլյացիաների համար եզակի տեսակների մասով գործողության ծրագրեր (Հավելված 3, կետ 2.2, ենթակետ 2.2.1),
- նախապատրաստել և իրագործել Աղյուսակ 1-ի Ա սյունակի 1-ին կարգում թվարկված պոպուլյացիաների եզակի տեսակների մասով գործողության ծրագրեր՝ նպատակ ունենալով բարելավել նրանց ընդհանուր պահպանության կարգավիճակը (Հավելված 3, կետ 2.2, ենթակետ 2.2.2),
- հնարավորության և նպատակահարմարության դեպքերում Համաձայնագրի մյուս կողմերի հետ համագործակցելով մշակել և իրագործել արտակարգ միջոցառումներ Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար, երբ Համաձայնագրի տարածքի որևէ մասում առանձնահատուկ անբարենպաստ կամ վտանգող պայմաններ են դիտարկվում (Հավելված 3, կետ 2.3),
- մեծագույն զգոնություն ցուցաբերել Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաներն իրենց պատմական ապրելավայրերում, ուր դրանք արդեն չեն հանդիպում, վերականգնելու ժամանակ։ Համաձայնագրի քարտուղարությանը նախապես տեղեկացնել Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների վերականգնման բոլոր ծրագրերի մասին (Հավելված 3, կետ 2.4),
- անհրաժեշտության դեպքում արգելել այլ տարածքներում բնակվող բույսերի և կենդանիների այն տեսակների ներմուծումները, որոնք կարող են վնասակար լինել Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար, անհրաժեշտության դեպքում պահանջել համապատասխան նախազգուշական միջոցների կիրառում՝ խուսափելու համար այլ տարածքներում բնակվող տեսակներին պատկանող թռչունների պատահական ազատ արձակումից, իրագործելիության և նպատակահարմարության սահմաններում ձեռնարկել միջոցներ` ներառյալ հավաքը, որպեսզի ապահովեն, որ ՀՀ տարածքում արդեն իսկ ներմուծված` այլ տարածքներում բնակվող տեսակները կամ դրանց խառնածինները չհանդիսանան հավանական վնասի աղբյուր Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար (Հավելված 3, կետ 2.5),
- անհրաժեշտության դեպքում միջազգային կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել և հրապարակել ՀՀ տարածքում գտնվող՝ Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար կարևոր բնակավայրերի ազգային գույքագրումները, որպես առաջնահերթ խնդիր` ձգտել որոշել Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար միջազգային և ազգային կարևորություն ունեցող բոլոր բնակավայրերը (Հավելված 3, կետ 3.1),
- իրագործելիության և անհրաժեշտության սահմաններում ձգտել վերահաստատել և վերականգնել այն տարածքները, որոնք նախկինում կարևոր էին Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների համար (Հավելված 3, կետ 3.3),
- հնարավորինս աջակցել կառույցների նախագծման և շինարարության բարձր բնապահպանական ստանդարտներին՝ նվազագույնի հասցնելու համար դրանց ազդեցությունը Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների վրա, մշակել քայլեր՝ նվազագույնի հասցնելու արդեն իսկ գործող կառույցների ազդեցությունը, երբ ակնհայտ է դառնում, որ դրանք բացասական ազդեցություն են թողնում համապատասխան պոպուլյացիաների վրա (Հավելված 3, կետ 4.3, ենթակետ 4.3.5),
- ստեղծել և արդյունավետորեն իրականացնել շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի` օրենքով նախատեսված ստուգման մեխանիզմներ, մասնավորապես, նավթի արտահոսքին, պինդ թափոնների բեռնաթափմանն ու արտանետմանն առնչվող միջազգային նորմերին և իրավական համաձայնագրերին համապատասխան` նպատակ ունենալով նվազեցնել դրանց ազդեցությունը Աղյուսակ 1-ում թվարկված պոպուլյացիաների վրա (Հավելված 3, կետ 4.3, ենթակետ 4.3.9):
3. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 12-րդ հոդվածի պահանջներին և դրանց կատարումը կարող է նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1995 թվականի հունիսի 16-ին Հաագայում ստորագրված «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող` |
Ա. Գյուլումյան |
22 հոկտեմբերի 2019 թվականի ՍԴՈ-1482 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|