ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2019 թվականի N 992-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասն ու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքում՝
1) վերահսկիչ վարչությունն անվանափոխվում է ներքին քննությունների վարչություն.
2) կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչությունն անվանափոխվում է կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչություն.
4) ստեղծվում են հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումները՝
ա. ռազմական վերահսկողական ծառայություն,
բ. մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոն,
գ. կենտրոնական արխիվ.
5) կատարվում են հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
ա. պաշտպանական քաղաքականության վարչությունը վերակազմավորվում է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության,
բ. տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը վերակազմավորվում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության,
գ. զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվում է զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության,
դ. նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը բաժանվում է՝ ստեղծելով նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչություն և գնումների կազմակերպման վարչություն,
ե. ռազմարդյունաբերության պետական կոմիտեի արտադրության և վերանորոգման կազմակերպման բաժինը, զինվորական ներկայացուցչության բաժինը և ֆինանսատնտեսագիտական բաժինը միացվում են նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությանը,
ե. ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչությունը վերակազմավորվում է ֆինանսական գլխավոր վարչության,
զ. կադրերի և ռազմական կրթության վարչությունը վերակազմավորվում է կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության,
է. կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը վերակազմավորվում է կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի,
ը. վարչատնտեսական վարչությունը, տեղեկատու վերլուծական բաժինը, կոլեգիայի աշխատանքների կազմակերպման բաժինը և զինանշանագրային բաժինը միաձուլվում են՝ ստեղծելով գործերի կառավարչություն,
թ. ներքին անվտանգության բաժինը դադարեցնում է գործունեությունը:
ժ. (պարբերությունն ուժը կորցրել է 10.09.19 N 1282-Լ)
(2-րդ կետը փոփ. 10.09.19 N 1282-Լ)
3. Սահմանել, որ գործերի կառավարչությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառուցվածքում գործում է գլխավոր վարչության, իսկ կենտրոնական արխիվը՝ բաժնի կարգավիճակով:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների և կառուցվածքների, կառուցվածքային փոփոխություններին համապատասխան հաստիքացուցակի հաստատման գործընթացը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հուլիսի 25 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հուլիսի 25-ի N 992-Լ որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Նախարարությունը գործում է Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Նախարարության անվանումն է`
1) հայերեն` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն.
2) ռուսերեն` Министерство обороны Республики Армения.
3) անգլերեն` Ministry of Defence of the Republic of Armenia.
4) ֆրանսերեն` Ministere de la Defensi de la Republique d'Armenie:
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր, ինչպես նաև կարող է ունենալ այլ լեզուներով կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի (այսուհետ` նախարար), նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:
7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8. Նախարարության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բագրևանդի 5:
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Նախարարության նպատակներն են`
1) Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում մշակել և իրականացնել պաշտպանության, Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության ու անվտանգության պաշտպանության ապահովման, օրենքով սահմանված կարգով ռազմաքաղաքական իրադրության, տարածաշրջանային իրավիճակի, Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ռազմական շահերին առնչվող հիմնախնդիրների ու գործընթացների, ռազմական սպառնալիքների և վտանգների, պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրման, գնահատման ու անհրաժեշտ միջոցառումների իրականացման ապահովման ոլորտներում քաղաքականությունը.
2) միջազգային ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական հարաբերությունների իրականացման ու հավաքական պաշտպանության մեխանիզմների զարգացման, զինված ուժերի միջազգային ներգրավման, զինված ուժերի համակողմանի ապահովման, զինվորական անձնակազմի պատրաստության, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովման, Հայաստանի Հանրապետության և նրա պաշտպանական համակարգի դեմ ուղղված տեղեկատվական քարոզչության կանխարգելման ու հակաքարոզչական միջոցառումների իրականացման ապահովման ոլորտներում քաղաքականությունը:
10. Նախարարության խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության, պետական սահմանի անձեռնմխելիության ու անվտանգության պաշտպանության ապահովումը.
2) անհրաժեշտ կառուցվածքով և թվաքանակով, ժամանակակից սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով հագեցած զինված ուժերի զարգացման և բարձր մարտունակության ապահովումը.
3) պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունների իրականացման ապահովումը.
4) օրենքով սահմանված կարգով ռազմաքաղաքական իրադրության, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրման ու գնահատման ապահովումը.
5) նախարարության համակարգի տեղեկատվական անվտանգության, ռազմաքաղաքական և պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության ապահովումը.
6) զինված ուժերում օրինականության և պետական գույքի պահպանության ապահովումը.
7) ռազմական ուսուցման և ռազմական գիտության զարգացման ապահովումը.
8) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության ապահովումը.
9) նախարարության համակարգում կադրային քաղաքականության իրականացման ապահովումը.
10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման ապահովումը:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) իր լիազորությունների սահմաններում ռազմաքաղաքական իրադրության, ռազմական սպառնալիքների և Հայաստանի Հանրապետության պաշտպանվածության աստիճանի ուսումնասիրման և գնահատման արդյունքում անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրերում պաշտպանության ծախսերի, նախարարությանը հատկացված միջոցների ծախսման կարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը.
3) նախարարության համակարգի տեղեկատվական անվտանգության, ռազմաքաղաքական և պաշտպանական ոլորտներում հետախուզական գործունեության կազմակերպումը.
4) զինված ուժերի և այլ զորքերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային պատրաստականության, զորահավաքային ռեսուրսների հաշվառման ու հավաքագրման գործընթացի վերահսկման իրականացումը.
5) զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների և ստորաբաժանումների` սպառազինության ու ռազմական տեխնիկայի պաշարների կուտակմանն ու բաշխմանն ուղղված գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
6) պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների, զորահավաքային զորակոչի, զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրման իրականացումը.
7) զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի վարումը.
8) իր լիազորությունների սահմաններում պաշտպանական ոլորտի կազմակերպություններում գյուտարարական և նորարարական աշխատանքների ղեկավարման իրականացումը.
10) զինված ուժերի համար սպառազինության ու ռազմական տեխնիկայի, պարենային, իրային և այլ ունեցվածքի պատվիրումը և ֆինանսավորումը, նյութական պաշարների արտադրության ու գնումների իրականացումը, զորքերի բնակավորման ապահովումը.
11) զինված ուժերի և նախարարության համակարգի այլ մարմինների ու կառույցների կողմից ֆինանսական միջոցների ծախսման և նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի օգտագործման նկատմամբ հսկողության իրականացումը.
12) օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում օպերատիվ հետախուզական գործունեության և հետաքննության իրականացման կազմակերպումը.
13) զինված ուժերի անձնակազմի ծառայողական առաջխաղացումն ապահովող կադրային քաղաքականության իրականացումը.
14) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
15) պաշտպանության ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման և ընդունման գործընթացի իրականացումը.
16) իր լիազորությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև ռազմական, ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բնագավառներում համագործակցության իրականացումը.
17) ռազմական ուսուցման կազմակերպման և ռազմական գիտության զարգացման միջոցառումների իրականացումը.
18) պաշտպանության ոլորտում հանրային իրազեկման իրականացումը.
19) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների՝ ներառյալ ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի մշակման և վերանայման գործընթացին մասնակցությունը.
20) պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու պլանի, կարգի և պայմանների, նյութական պահուստում անհրաժեշտ ապրանքների չնվազեցվող պաշարների ստեղծման, դրանց կուտակման, ապաամրագրման, թարմացման և փոխարինման ծրագրերի մշակմանը մասնակցությունը.
21) հանրային տեղեկատվության ոլորտում և կրթության զարգացման պետական ծրագրերում ընդգրկելու համար բնակչության հայրենասիրական դաստիարակության չափորոշիչների մշակմանը մասնակցությունը.
22) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`
1) աջակցում է նախարարության խնդիրների նպատակների առավել արդյունավետ իրականացմանը` ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները` նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
12. Նախարարության նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացման նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է նախարարին կից կոլեգիա (այսուհետ` կոլեգիա) և հաստատվում կոլեգիայի կազմը և աշխատակարգը: Կոլեգիան խորհրդակցական մարմին է, որը`
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, ոլորտային քաղաքականության իրականացման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) աջակցում է նախարարության ռազմավարական ծրագրերի իրականացման և գնահատման գործընթացներին.
3) մշակում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
13. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը (այսուհետ` վարչապետ) և նախարարը:
14. Վարչապետը`
1) հաստատում է նախարարության կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը, և կատարում կանոնադրության փոփոխություններ.
2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.
3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:
15. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:
16. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և վարչապետին:
17. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, ենթակա մարմնի, պետական հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները, նախարարի խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
18. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալները:
19. Նախարարը`
1) պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակներում ինքնուրույն իրականացնում է նախարարության և զինված ուժերի ղեկավարումը, ապահովում է նախարարության միջոցով զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը.
2) կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի, նախարարությանը ենթակա մարմնի, պետական հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը.
3) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.
4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.
5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
6) կազմակերպում և վերահսկում է նախարարության, զինված ուժերի, նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում` ֆինանսական միջոցների ծախսումն և նյութատեխնիկական միջոցների ու ունեցվածքի օգտագործումը.
7) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.
9) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները` հաստատելով դրանց կանոնադրությունները.
10) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
11) սահմանում է նախարարի յուրաքանչյուր տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.
12) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
13) օրենքով նախատեսված դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է զինծառայողների և այլ ծառայողների, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
14) հաստատում է նախարարության և ենթակա մարմնի, պետական հիմնարկների հաստիքացուցակը.
15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.
16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.
17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.
18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, պետական հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.
19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ռազմական վերահսկողական ծառայության, ենթակա մարմնի, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր.
21) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
20. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում` նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:
21. Նախարարի տեղակալը`
1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմնին, պետական հիմնարկներին և կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները
22. Նախարարի տեղակալն ունի օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:
23. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:
24. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
25. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:
26. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:
27. Գլխավոր քարտուղարը`
1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր իրավասությանը վերապահված հարցերով կնքում է գործարքներ և տալիս է լիազորագրեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, ֆինանսական միջոցները.
3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.
5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.
6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով` իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հաշվետվություն.
7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, ենթակա մարմնին, պետական հիմնարկներին և կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.
9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:
28. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է վարչապետը:
30. Նախարարի խորհրդականը`
1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագիրը.
2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկույցներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրենց հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երեւույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
4) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
6) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իր հանձնարարված հարցերի քննարկումներ.
7) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
30. Նախարարի մամուլի քարտուղարը`
1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.
4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.
5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
31. Նախարարի օգնականը`
1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին
2) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.
3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:
32. Նախարարի տեղակալի օգնականը`
1) նախարարի տեղակալի սահմանված պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն է ներկայացնում նախարարի տեղակալին հանձնարարված ոլորտում առկա իրավիճակի, արդի հիմնահարցերի վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում լուծման վերաբերյալ.
2) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարի տեղակալին.
3) համաձայնեցնելով նախարարի տեղակալի հետ` կազմակերպում է նախարարի տեղակալի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարի տեղակալին.
4) կազմակերպում է նախարարի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.
5) նախարարի տեղակալի հանձնարարությամբ` համագործակցելով նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.
6) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված այլ հանձնարարականներ:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
33. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչությունը.
2) ռազմական վերահսկողական ծառայությունը.
3) նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչությունը.
4) ֆինանսական գլխավոր վարչությունը.
5) կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչությունը.
6) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունը.
7) կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչությունը.
8) զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունը.
9) ռազմական ոստիկանությունը.
10) իրավաբանական վարչությունը.
11) զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչությունը.
12) ներքին աուդիտի վարչությունը,
13) ներքին քննությունների վարչությունը:
34. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) գնումների կազմակերպման վարչությունը.
2) կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնը.
3) գործերի կառավարչությունը.
4) մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնը,
5) քարտուղարությունը,
6) կենտրոնական արխիվ:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆԸ
35. Նախարարությանը ենթակա մարմինն է`
1) Զինված ուժերի գլխավոր շտաբը:
VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
36. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
37. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
38. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
39. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են և գնումների գործընթացի համակարգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
40. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:
41. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման` օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
42. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով` «Գանձապետական համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |