Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի, 2020 թվական N 63
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`
1. Սահմանել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն հավելված N 1-ի:
2. Սահմանել սույն որոշման հավելված N 1-ի Աղյուսակ 1-ում չներառված (ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով զբաղվելու կանոնները հետևյալ կերպ՝
1) Հավելված N 2. Պետական կառավարման համակարգում աշխատանքի կազմակերպման կանոններ.
2) Հավելված N 3. Անվտանգության կանոններ փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
3) Հավելված N 4. Անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում տնտեսական գործունեության ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
4) Հավելված N 5. Անվտանգության կանոններ շինարարական հրապարակներում աշխատանքների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
5) Հավելված N 6. Անվտանգության կանոններ մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
6) Հավելված N 7. Անվտանգության կանոններ հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
7) Հավելված N 8. Անվտանգության կանոններ հիվանդանոցային, առաջնային բժշկական օգնության և սպասարկման և շտապ բժշկական օգնության ծառայություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
8) Հավելված N 9. Անվտանգության կանոններ սպորտային օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
9) Հավելված N 10. Անվտանգության կանոններ վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների կազմակերպման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման.
10) Հավելված N 11. Անվտանգության ընդհանուր կանոններ hավելված N 2-9-ով չկարգավորվող՝ տնտեսական գործունեության մնացած տեսակների մասով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման:
3. Հաստատել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնների իրազեկման թերթիկը՝ համաձայն Հավելված N 12-ի:
4. Սահմանել, որ սույն որոշման հավելված N 1-ի Աղյուսակ 1-ում չներառված (ժամանակավորապես չսահմանափակված) գործունեության տեսակներով զբաղվելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտի կողմից սույն որոշման 2-րդ կետով սահմանված կանոնները չպահպանելու դեպքում կիրառվում են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
5. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ եռօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10-2020 ցուցման համապատասխան Պարետին տրամադրել ընթացիկ տեղեկատվություն տնտեսվարող սուբյեկտների գործունեության վերաբերյալ:
6. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման Հավելված N 1-ի հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։
7. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին և ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին՝ ապահովել սույն որոշման կետ 2-ի համապատասխանաբար 1-5-րդ ու 8-11-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված կանոնների պահպանման նկատմամբ մշտադիտարկումը և վերահսկողությունը։
8. ՀՀ պետական մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը:
9. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 23:59-ին:
Հավելված N 1 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
1. Սույն հավելվածի Աղյուսակ 1-ով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես սահմանափակված տնտեսական գործունեության տեսակները և դրանցից բացառությունները:
Աղյուսակ 1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումներ
(Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի)
Կոդը |
ՏԳՏ սահմանափակում |
Սահմանափակումից բացառություններ |
(G) |
Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլերի նորոգում | |
47.8 |
Մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում |
47.81 - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում |
(H) Փոխադրումներ, պահեստային տնտեսություն | ||
49.31. |
Ցամաքային քաղաքային և մերձքաղաքային մարդատար տրանսպորտի գործունեություն |
Չկան |
(I) Կացություն, հանրային սնունդ | ||
55.1. |
Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ, եթե չի վարվում հյուրերի հաշվառման ռեգիստր |
Չկան |
56.1. |
Ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ |
56.10.1 - Ռեստորանների ծառայություններ՝ բացառապես բացօթյա |
56.3 |
Բարերի և խմիչքների մատուցման համանման կետերի ծառայություններ |
56.30.1 - Բարերի, սրճարանների գործունեություն՝ բացառապես բացօթյա |
(N) Վարչարարական և օժանդակ գործունեություն | ||
82.3 |
Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում |
82.30.2 - Առևտրի իրականացման վայրի կազմակերպում՝ բացառապես սննդամթերք վաճառող առևտրի օբյեկտների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների մասով |
(P) Կրթություն | ||
Ամբողջությամբ |
Բացառապես առցանց կամ հեռավար եղանակով | |
(R) Մշակույթ, զվարճություններ, հանգիստ | ||
90.0 |
Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն |
Չկան |
91.0 |
Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն |
91.04 - Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեություն |
92.0 |
Շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեություն |
92.00.5 - Վիրտուալ մոլեխաղերի հետ կապված գործունեություն |
93.1 |
Սպորտի բնագավառում գործունեություն |
93.11 - Սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար |
93.2 |
Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն |
Չկան |
(S) Սպասարկման այլ ծառայություններ | ||
94.9 |
Անդամության վրա հիմնված այլ կազմակերպությունների գործունեություն |
94.91.2 - Կրոնական ծեսերի (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ |
96.04 |
Ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն |
Չկան |
Ծանոթագրություն. Աղյուսակի 3-րդ սյունակում սահմանված բացառությունները ցույց են տալիս, թե սահմանափակված տնտեսական գործունեության տեսակի որ հատվածը և ինչ կանոնով է թույլատրված:
Հավելված N 2 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
1. ՀՀ հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:
2. Հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե վերջինների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը:
3. Մարմնի ղեկավարները մուտքի թույլտվություն ունեցող բոլոր աշխատակիցներին մարմինների վարչական շենքերում գտնվելու ընթացքում ապահովում են բժշկական պաշտպանիչ դիմակներով և ախտահանիչ նյութերով, իսկ քաղաքացիների սպասարկում իրականացնող անձնակազմի դեպքում՝ նաև պաշտպանիչ ձեռնոցներով:
4. Հանրային իշխանության մարմինների ղեկավարներն ապահովում են աշխատողների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 12-ով սահմանված իրազեկման թերթիկի:
5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակները գործում են անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ անձնակազմի նվազագույն ներգրավվածությամբ։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում դրանք հնարավորինս մատուցվում են էլեկտրոնային եղանակով:
6. Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվում են մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ:
7. Հանրային իշխանության մարմիններն իրենց գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման առաջնորդվում են սույն որոշման Հավելված N 11-ով սահմանված կանոններով:
Հավելված N 3 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՓԱԿ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեության իրականացման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով միջոցառումներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում, փակ արտադրական տարածքում տնտեսական գործունեություն ծավալելիս, պահպանվում են ստորև ներկայացված կանոնները:
1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում.
1) Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց են կացվում առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
2) Անհրաժեշտ է հնարավորինս բացառել ներգնա և արտագնա գործուղումները, հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ առավելագույնս սահմանափակվում են գործուղման ընթացքում հանդիպումներն ու շփումների շրջանակը:
3) Ընկերությունն ապահովում է աշխատողների անվտանգ տեղափոխումն աշխատավայր և հետադարձ՝ ամեն օր ախտահանելով տրանսպորտային միջոցը:
4) Ապահովվում է հերթափոխային աշխատանք այն բոլոր դեպքերում, երբ արտադրական գործընթացը և աշխատանքների բնույթը նման հնարավորություն են տալիս:
5) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. 65 և բարձր տարիքի անձինք,
բ. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
6) Նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուի (այսուհետ՝ Պատասխանատու):
7) Պատասխանատուն ապահովում է արտադրական տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:
8) Պատասխանատուն ապահովում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը:
9) Պատասխանատուն ապահովում է անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ աշխատողներին պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 12-ով սահմանված իրազեկման թերթիկի:
2. Փակ արտադրական տարածքի կազմակերպում.
1) Ապահովել արտադրամասի ընդհանուր մուտքի, զուգարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին շենքերի մուտքերի մոտ ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:
2) Ապահովել փակ արտադրամասի տարածքում ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով, ընդ որում՝ այնպես, որ բացառվեն աշխատողների կուտակումները:
3) Ապահովել աշխատատեղերի միջև առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Այն դեպքերում, երբ արտադրական գործընթացի և աշխատանքի բնույթից ելնելով՝ հնարավոր չէ պահպանել առնվազն 1.5 մետր հեռավորություն, աշխատողները կրում են դիմային վահանակներ:
4) Աշխատատեղերը կահավորել փակվող աղբամաններով՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար:
5) Յուրաքանչյուր երկու ժամը մեկ ապահովել արտադրական տարածքի բնական օդափոխությունը:
6) Օրական 2-4 ժամը մեկ ֆիքսված ժամերի ախտահանել տարածքի դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
7) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովել՝
ա. Շենքերի բոլոր տարածքների օդափոխությունը.
բ. Արտադրական տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:
8) Անձնական (դրսի) և աշխատանքային հագուստի պահպանման, արտահագուստի (սանիտարական հագուստի) համար ապահովել համապատասխան հանդերձապահարաններ:
3. Անձնակազմի համար կանոններ.
1) Ապահովել փակ արտադրական տարածքի աշխատողների «մուտքի ֆիլտր»՝ ջերմաչափում հեռահար ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:
2) Արգելվում է սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների՝ աշխատանքի վայր մուտքը:
3) Հերթափոխային աշխատանքի դեպքում բացառվում է տարբեր հերթափոխերի աշխատողների միջև շփումը:
4) Բացառվում է առանձին արտադրամասերի աշխատողների միջև շփումը:
5) Անհրաժեշտ է բացառել արտադրամասում մարդկային կուտակումները:
6) Աշխատողներին անհրաժեշտ է ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակների (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:
9) Աշխատողները 3-4 ժամը մեկ փոխում են դիմակները/դիմային վահանակները: Բացառվում են մեկանգամյա դիմակների և ձեռնոցների կրկնակի օգտագործումը, ինչպես նաև՝ խոնավացած դիմակների օգտագործումը:
10) Ապահովել վարչական անձնակազմին օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու հնարավորություն:
11) Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է աշխատողների ելքը արտադրական տարածքից: Անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ ընդմիջման և սննդի կազմակերպման հնարավորություն՝ ընդմիջման ընթացքում հնարավորինս բացառելով այլ աշխատողների հետ սերտ շփումը, այլ տարածքներ այցելությունը:
12) Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն պետք է ապահովել օդափոխվող տարածքում և սահմանել աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի բացակայության դեպքում բացառել արտադրական տարածքում սնվելը և ապահովել սննդի կազմակերպման համար առանձնացված՝ օդափոխվող, լվացարանի առկայությամբ և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ սենյակ կամ տարածք:
13) Անհրաժեշտ է նշանակել արտադրամասում լոգիստիկա ապահովող անձի/անձանց՝ տարբեր արտադրամասերի աշխատողների և օպերացիաների միջև կապն ապահովելու համար՝ նրանց ապահովելով արտահագուստով և անհատական պաշտպանության այլ միջոցներով:
4. Մատակարարների, առաքիչների, վերանորոգող բանվորների, ճարտարագետների և այլ այցելուների համար կանոններ.
1) Անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով և վարել գրանցամատյան:
2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը արտադրամասի տարածք և անհապաղ ահազանգել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:
3) Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
4) Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք:
Հավելված N 4 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է: Դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Գրասենյակային աշխատավայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում պետք է ապահովվեն գրասենյակային աշխատավայրում աշխատանքի կազմակերպման ստորև ներկայացված կանոնները:
1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում.
1) Աշխատանքն անհրաժեշտ է կազմակերպել առցանց/հեռավար եղանակով՝ դրա համար ներդնելով անհրաժեշտ մեխանիզմներ, ընդ որում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրություն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։ Աշխատանքն առցանց/հեռավար կազմակերպելու անհնարինության դեպքում գրասենյակում աշխատանքի ներգրավվում են օպտիմալ քանակի աշխատողներ և/կամ սահմանվում են հերթափոխային աշխատանք:
2) Պետք է բացառել մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումները, կենդանի ժողովները և հավաքները, իսկ դրանց անխուսափելիության դեպքում՝ դրանք անց կացնել առավելագույնը 10 հոգու մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
3) Պետք է հնարավորինս բացառել ներգնա և արտագնա գործուղումները, հատկապես բազմամարդ միջոցառումների նպատակով, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ առավելագույնս սահմանափակել գործուղման ընթացքում հանդիպումներն ու շփումների շրջանակը:
4) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատավայր կանչելուց, այդ թվում՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. 65 և բարձր տարիքի անձինք,
բ. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
5) Անհրաժեշտ է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատուի (այսուհետ՝ Պատասխանատու):
6) Պատասխանատուն ապահովում է գրասենյակի ողջ տարածքում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը:
7) Պատասխանատուն ապահովում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումների (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության) վարումը:
8) Ընկերությունն ապահովում է աշխատողների՝ անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 12-ով սահմանված իրազեկման թերթիկի:
2. Գրասենյակային տարածքի կազմակերպման կանոններ.
1) Գրասենյակի ընդհանուր մուտքի, ստորաբաժանումների, զուգարանների և խոհանոցային հատվածի (առկայության դեպքում) մուտքերի մոտ անհրաժեշտ է ապահովել ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:
2) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:
3) Նույն աշխատասենյակում աշխատասեղանների միջև ապահովվում է առնվազն 1.5 մետր հեռավորություն: Հնարավորության դեպքում՝ կիրառվում են աշխատատեղերը բաժանող միջնորմներ:
4) Աշխատատեղերը կահավորվում են փակվող աղբամաններով՝ առնվազն 2 աշխատողի հաշվով 1 աղբաման հաշվարկով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանիչ այլ պարագաները նետելու համար:
5) Ապահովվում է գրասենյակային տարածքի և/կամ առանձին սենյակների բնական օդափոխությունը 2 ժամը մեկ պարբերականությամբ:
6) Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, անհրաժեշտ է ախտահանել գրասենյակային տարածքի դռների բռնակները, բազրիքները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների բռնակներ, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերի կիրառմամբ՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
7) Հերթափոխային աշխատանքի դեպքում հերթափոխի ավարտին ապահովվում է՝
ա. Շենքերի օդափոխությունը.
բ. Գրասենյակի տարածքի, խոհանոցային հատվածի կամ սննդի ընդունման սենյակի, դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների, լվացարանների, սարքերի մաքրվող մակերեսների և մաքրման ենթակա այլ մակերեսների խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների կիրառմամբ:
3. Անձնակազմի համար կանոններ.
1) Անհրաժեշտ է ապահովել ընկերության աշխատողների ջերմաչափում՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:
2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը աշխատանքի վայր:
3) Այցելուներ ունենալու դեպքում աշխատողի և այցելուի միջև պահպանվում է առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն
4) Աշխատանքային ժամերին աշխատողը կրում է մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որը փոխում է 3-4 ժամը մեկ: Պետք է բացառել մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործումը, ինչպես նաև՝ խոնավացած դիմակների օգտագործում:
5) Պետք է ապահովել աշխատողներին մեկանգամյա օգտագործման դիմակների (դիմակները առնվազն 3-4 ժամը մեկ փոխելու հաշվարկով), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով:
6) Աշխատանքի և ընդմիջման ժամերին արգելվում է գրասենյակի տարածքից աշխատողների ելքը: Աշխատողների ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում, և սահմանվում է աշխատողների համար հստակ ժամանակացույց: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք: Խոհանոցային հատվածի օգտագործումն իրականացվում է սահմանված հերթով կամ առնվազն երկու մետր հեռավորության պահպանումով:
4. Այցելուների համար կանոններ.
1) Անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր այցելուի ջերմաչափումը հեռահար ջերմաչափով և վարել գրանցամատյան:
2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուների մուտքը արտադրամասի տարածք և անհապաղ ահազանգել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:
3) Այցելուների հետ աշխատելու ընթացքում պահպանվում է առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
4) Հնարավորության դեպքում այցելուների աշխատանքի համար ապահովվում է առանձին տարածք:
Հավելված N 5 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Շինարարական հրապարակներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում շինարարական հրապարակներում աշխատանքի կազմակերպման ժամանակ կիրառվում են ստորև ներկայացված կանոնները:
1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում.
1) Անհրաժեշտ է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու):
2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 և բարձր տարիքի անձինք,
գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
3) Շինարարական տարածքի մուտքի/ելքի մոտ պետք է բացառել անձանց կուտակումները:
4) Արգելվում է ոչ հիմնական աշխատակազմի և կողմնակի անձանց մուտքը շինարարական հրապարակ:
5) Աշխատանքի ժամանակացույցը պետք է կազմել այնպես, որ պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպման համար:
6) Հանդիպում-քննարկումները կազմակերպվում են բացօթյա՝ միայն առանցքային աշխատողների մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը (1.5 - 2 մետր):
7) Հնարավոր բոլոր դեպքերում պետք է սահմանել հերթափոխային աշխատանք:
8) Խմբային աշխատանք ենթադրվելու դեպքում՝ անհրաժեշտ է հնարավորինս կրճատել այդ աշխատանքների ժամանակահատվածը: Նման աշխատանք իրականացնողների խմբերը հաշվառվում և գրանցվում են:
9) Շինարարական հրապարակում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար:
10) Շինարարական հրապարակում տեղակայվում են միակողմանի աստիճանահարթակներ` նվազագույնի հասցնելով աշխատողների միջև շփումը:
11) Շինարարական հրապարակի տարածքում ապահովվում են ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:
12) Անհրաժեշտ է ապահովել ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:
13) Անհրաժեշտ է առանձնացնել առաքման գոտիները, որտեղ հանդիպում են միայն առաքիչները և ապրանք ստացողները: Հնարավորության սահմաններում սահմանափակվում են առաքիչի և ստացողի միջև փոխանցումները ( օրինակ՝ առաքման փաստաթղթեր, գրիչներ ստորագրությունների համար): Առաքման ընթացքում առաքիչները մնում են իրենց տրանսպորտային միջոցներում, ապրանքները բեռնաթափվում են անհատական պաշտպանիչ միջոցներ կրող աշխատողների կողմից:
2. Աշխատողների համար կանոններ.
1) Ապահովվում է աշխատողների ջերմաչափում՝ հեռահար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում:
2) Պետք է բացառել սուր շնչառական վարակների ախտանշաններով (ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն) աշխատողների մուտքը շինարարական հրապարակ:
3) Շինարարական հրապարակում աշխատողները պարտադիր կրում են պաշտպանիչ դիմակներ:
4) Սնվելու համար անհրաժեշտ է առանձնացնել տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք, որտեղ ևս պահպանվում է սոցիալական հեռավորությունը:
5) Ընդմիջումներին սնվելու համար պետք է օգտագործել բացօթյա տարածքներ, և ընդմիջումների ժամանակացույցը կազմել այնպես, որ միաժամանակ քիչ թվով աշխատողներ գտնվեն նույն վայրում:
6) Անհրաժեշտ է սահմանափակել այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները և այլն, կամ ապահովել ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար:
7) Շինարարական հրապարակի տարբեր գոտիներում, սնվելու վայրերում, սանհանգույցներում սահմանվում են աշխատողների նվազագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև ֆիզիկական հեռավորության պահպանման նպատակով:
8) Աշխատանքի ավարտից հետո արգելվում է աշխատողների խմբային հավաքը:
3. Բնակեցված վայրերում շինարարական աշխատանքների անվտանգությունը
1) Անհրաժեշտ է առավելագույնս նվազեցնել շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների շփումը բնակիչների հետ:
2) Պետք է բացառել ոչ անհետաձգելի շինարարական աշխատանքների իրականացումը, եթե տվյալ բնակելի տարածքում գրանցվել է կորոնավիրուսային վարակ կամ կան մեկուսացման ռեժիմում գտնվող բնակիչներ: Անհետաձգելի շինարարական աշխատանքների դեպքում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողներն աշխատում են ձեռնոցներով, պաշտպանիչ արտահագուստով և դիմակներով:
3) Շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատողների ձեռքերն ու գործիքներն ախտահանվում են նախքան աշխատանքային տարածք մուտք գործելը և այնտեղից դուրս գալուց, աշխատանքային տարածքի ցանկացած մակերես կամ սարքավորում ախտահանվում է նախքան աշխատանքի մեկնարկը:
Հավելված N 6 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
Մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների տարածքում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է ընկերությունը՝ պահպանելով սույն հավելվածով սահմանված կանոնները:
1. Մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների ախտահանումը.
1) Անհրաժեշտ է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 և բարձր տարիքի անձինք,
գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
2) Բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ: Ախտահանիչ միջոցներ օգտագործելիս անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանով:
3) Դռները, բռնակները, վերելակների սեղմակները, շարժասանդուղքների բազրիքներն ախտահանվում են 2 ժամը մեկ պարբերականությամբ:
4) Տարածքը պարտադիր օդափոխվում Է: Ցանկալի է իրականացնել տարածքի բնական օդափոխություն՝ հաճախակի բացելով դռներն ու պատուհանները, դրա անհնարինության դեպքում՝ օդափոխություն իրականացնել օդորակիչների միջոցով:
5) Տարածքն ապահովվում է փակվող աղբարկղերով: Պետք է բացառել աղբի կուտակումները. աղբը հաճախակի հեռացվում է:
6) Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների և այլն) պարտադիր մշակում (60-80 %-ոց սպիրտային հիմքով) ախտահանիչ նյութերի կիրառմամբ:
2. Անձնակազմի համար կանոններ.
1) Անհրաժեշտ է ապահովել աշխատողներին և այցելուներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 11-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:
2) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
3) Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:
4) Անձնակազմի անդամները պետք է հաճախակի լվան ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։
3. Հաճախորդների սպասարկման կանոններ.
1) Արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների:
2) Առևտրի օբյեկտներում աշխատող անձնակազմի այն անդամները, ովքեր ուղղակի շփում ունեն հաճախորդների հետ, պարտադիր կրում են դիմակ և ձեռնոց: Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:
3) Բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը.
4) 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն.
5) Վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:
6) Յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը սպասարկվում են միայն կենսաթոշակային տարիքի անձինք՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը:
Հավելված N 7 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ կանխարգելման աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում հանրային սննդի կազմակերպությունները/ օբյեկտները շահագործելիս անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները:
1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.
1) Հանրային սննդի օբյեկտներում նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):
2) Պատասխանատուի կողմից իրականացվում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն:
3) Պատասխանատուն ապահովում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման համար անհրաժեշտ պարագաները, նյութերն ու հարմարությունները:
4) Հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 և բարձր տարիքի անձինք,
գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
5) Ընկերությունն ապահովում է աշխատողներին և հաճախորդներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության պահանջների վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 12-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:
2. Հանրային սննդի վայրի մասով կանոններ.
1) Հանրային սննդի օբյեկտն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:
2) Հանրային սննդի օբյեկտի ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ տեղադրվում են ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակ աղբարկղեր:
3) Աշխատողներն ապահովվում են մեկանգամյա օգտագործման դիմակների և ձեռնոցների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով:
4) Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ:
3. Աշխատանքային տարածքի ախտահանումը.
1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով ախտահանիչ միջոցներ՝ 60-80%-ոց սպիրտային հիմքով: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։
2) Իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ:
3) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:
4) Անհրաժեշտ է խուսափել կտորից կարված աթոռների ծածկերից. աթոռների թիկնակները պետք է լինեն ախտահանման ենթակա:
5) Անհրաժեշտ է յուրաքանչյուր սեղանի մոտ ապահովել ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (60-80%-ոց սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:
6) Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ իրականացվում է՝
- բոլոր փակ տարածքների օդափոխություն:
- դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների (բազկաթոռների արմնկակալների), լվացարանների, ինքնասպասարկման ցուցափեղկերի խոնավ մաքրում ախտահանիչ միջոցներով:
- զուգարանների մաքրում և ախտահանում:
7) Ախտահանման համար կիրառվում են սահմանված կարգով գրանցված և հանրային սննդի կազմակերպություններում կիրառվելու համար թույլատրվող ախտահանիչ միջոցներ, որոնց կիրառման հրահանգներում նշված են վիրուսային վարակների ժամանակ շրջակա միջավայրի առարկաների ախտահանման ռեժիմները:
8) Ախտահանիչ միջոցները պահվում են արտադրողի փաթեթավորմամբ, սերտ փակ վիճակում, հատուկ հատկացված չոր, սառը, մութ, երեխաների համար անհասանելի տեղերում: Նախազգուշական միջոցառումները ախտահանում իրականացնելու ժամանակ և առաջին օգնության միջոցառումները պատահական թունավորումների ժամանակ շարադրված են յուրաքանչյուր կոնկրետ ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգում:
9) Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի, կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն հանրային սննդի կազմակերպման վայրում:
4. Սպասքի և խոհանոցային պարագաների ախտահանումը.
1) Նպատակահարմար է ընդհանուր առմամբ մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով:
2) Միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, խփված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:
3) Նպատակահարմար է, որ հանրային սննդի օբյեկտները հագեցվեն ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներով՝ մեքենայացված եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի մեքենայացված լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ իրականացվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան, որի ժամանակ կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:
4) Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի և սեղանի պարագաների համար:
5) Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով.
- սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,
- լվացում՝ ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,
- լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C-ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,
- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C-ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,
- ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով՝ դրանց կիրառման հրահանգին համապատասխան,
- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,
- սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:
6) Սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման և ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է:
7) Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր:
5. Անձնակազմի համար կանոններ.
1) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
2) Աշխատողները մշտապես կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ: Ձեռնոցների և մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:
3) Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:
6. Հաճախորդների սպասարկման կանոններ.
1) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում:
2) Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:
3) Հաճախորդների սպասարկման սեղանների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն:
4) Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավել անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը:
Հավելված N 8 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ, ԱՌԱՋՆԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
1. Հիվանդանոցային օգնության և սպասարկման բնագավառում.
1) Հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն անհրաժեշտ է ապահովել սանհանգույց ունեցող հիվանդասենյակներով, որոնք ունեն մշտական հոսող տաք և սառը ջրամատակարարում:
2) Պացիենտն ապահովվում է անձնական հիգիենայի պարագաներով (օճառ, լոգանքի գել, շամպուն և այլն):
3) Անհրաժեշտ է ապահովել պացիենտի, ինչպես նաև խնամակալի (կազմակերպությունում գտնվելու դեպքում) ջերմաչափումն օրական առնվազն երկու անգամ և կատարել նշումներ ջերմային թերթիկում:
4) Բուժանձնակազմի ջերմությունը չափվում է օրական առնվազն 2 անգամ՝ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
5) Բուժանձնակազմն ապահովվում է նախատեսված տարածքում մշտական կեցության համապատասխան սենյակներով՝ բացառելով վերջիններիս բացակայությունը կազմակերպությունից, իսկ առանձնացված մեկուսացման վայրի տրամադրման դեպքում՝ այդ տարածքից:
6) Աշխատողը վերջին պացիենտի հետ շփվելուց հետո ենթարկվում է մեկուսացման հատուկ նախանշված մեկուսացման վայրում 14 օր ժամկետով։
7) Բուժանձնակազմն ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ն հրամանի:
8) Աշխատողի մոտ կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս կազմակերպվում է մեկուսացում և ախտորոշման ճշտում:
9) Կազմակերպությունում խնամակալություն իրականացնող անձին անհրաժեշտ է ապահովել անհատական պաշտպանության և ախնատահանիչ միջոցներով։
10) Անհրաժեշտ է ապահովել թափոնների անվտանգ գործածությունը՝ համաձայն առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի:
11) Անհրաժեշտ է ապահովել բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծման մշակմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի:
12) Անհրաժեշտ է ապահովել առողջապահության նախարարի 31.01.2020թ. N 336-Ա հրամանով սահմանված պահանջների պահպանումը:
2. Հիվանդանոցային օգնության և սպասարկման բնագավառում.
1) ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ինքնամեկուսացման մասին համապատասխան գրություններն ստանալուց անմիջապես հետո անձին անհրաժեշտ է վերցնել հաշվառման 14 օրյա հսկողություն սահմանելու նպատակով:
2) Ամենօրյա հեռախոսազանգերի, տնային այցերի (1-ին, 7-րդ, 14-րդ օր) միջոցով պետք է գնահատել անձի առողջական վիճակը: Տնային այցերի ժամանակ կիրառվում են անհատական պաշտպանության միջոցներ։
3) Կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս անմիջապես կազմակերպվում է հոսպիտալացում:
4) Աշխատակիցներին անհրաժեշտ է ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ն հրամանի։
5) Անհրաժեշտ է ապահովել անհատական պաշտպանության միջոցների պարտադիր կրումը և դրանց ժամանակին փոխումը՝ դիմակները 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության, ձեռնոցները՝ յուրաքանչյուր պացիենտից հետո, արտահագուստը՝ ամեն օր:
6) Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում):
7) Աշխատակցի մոտ կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս կազմակերպվում է հոսպիտալացում՝ հետագա ախտորոշումը ճշտելու և պացիենտի հետագա վարման համար:
8) Անհրաժեշտ է ապահովել թափոնների անվտանգ գործածությունը՝ համաձայն առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի N 03-Ն հրամանի:
9) Անհրաժեշտ է ապահովել բժշկական նշանակության արտադրատեսակների մաքրմանը, ախտահանմանը, նախամանրէազերծման մշակմանը և մանրէազերծմանը ներկայացվող պահանջները՝ համաձայն առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 48-Ն հրամանի:
10) Անհրաժեշտ է ապահովել սենքերի մակերեսների մաքրումը և ախտահանումը՝ լվացող միջոցների և ախտահանիչ նյութերի կիրառմամբ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի 31.01.2020թ. N 336-Ա հրամանը:
11) Խուսափել կուտակումներից, յուրաքանչյուր պացիենտից հետո կատարել ախտահանում և օդափոխություն:
3. Շտապ բժշկական օգնության ծառայությունների ոլորտում.
1) Աշխատակիցներին անհրաժեշտ է ապահովել անհատական պաշտպանության միջոցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ն հրամանի։
2) Կասկածելի պացիենտի տեղափոխումից հետո պետք է ապահովել շտապ օգնության մեքենայի ախտահանումը։
Հավելված N 9 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Սպորտային օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում սպորտային օբյեկտներում գործում են աշխատանքի կազմակերպման ստորև ներկայացված կանոնները:
1) Ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):
2) Աշխատանքի ժամանակացույցը պետք է կազմել այնպես, որ սպորտային օբյեկտում պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպմանը,
3) Սպորտային օբյեկտի ընդհանուր մուտքի, զուգարանի, լողարանի, հանդերձարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին սրահների մուտքերի մոտ ապահովվում է ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողությունների, անձեռոցիկների և աղբարկղի տեղադրում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական պաստառի տեղադրում՝ համաձայն սույն որոշման հավելված N 11-ով սահմանված :
4) Յուրաքանչյուր օր ֆիքսված ժամերի տարածքի, մարզասարքերի մակերեսների, դռների բռնակների, սեղանների, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում:
5) Ամեն օր մարզումների ավարտից հետո իրականացվում է սպորտային օբյեկտի ամբողջ տարածքի մանրակրկիտ մաքրում և ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառվում են քլորի հիմքով կամ 70-80 % սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
6) Մարզասրահներն օդափոխվում են յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ:
7) Յուրաքանչյուր մարզիկի մարզումից հետո շփման բոլոր շփման մակերեսները պետք է մշակել 60-80 %-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով:
8) Ահրաժեշտ է ապահովել պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար՝ ներառյալ ջրի, օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, անհատական պաշտպանության միջոցների` եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
9) Մարզահագուստի պահպանման համար անհրաժեշտ է տրամադրել հանդերձապահարաններ, որոնք յուրաքանչյուր օգտագործումից հետո անհրաժեշտ է մաքրել ախտահանիչ նյութերով: Այդուհանդերձ, ցանկալի է, որ մարզիկները ներկայանան մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղ ընդունեն տանը:
10) Մարզիկների ջրի շշերը և սրբիչները պետք է լինեն անհատական:
11) Անհրաժեշտ է հետևել, որ մարզումների ընթացքում սպորտային օբյեկտում մարզիկների կուտակումներ չլինեն: Հնարավորության դեպքում՝ ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, անհրաժեշտ է սահմանել մարզումների հերթափոխային գրաֆիկ:
12) Սպորտային օբյեկտում առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին մարզիկների համար:
13) Մարզիկների և աշխատակիցների սնվելու համար առանձնացվում է տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք: Անհրաժեշտ է սահմանափակել այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են՝ սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները և այլն, կամ ապահովել ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար: Միաժամանակ՝ ընդմիջումների ժամանակացույցը անհրաժեշտ է կազմել այնպես, որ միաժամանակ քիչ թվով մարզիկներ օգտվեն ընդմիջումից` հավաքները կանխելու նպատակով
14) Աշխատանքի և մարզումների ներկայանալիս անհրաժեշտ է կատարել աշխատակիցների/մարզիկների ջերմաչափում՝ բացառելով ախտանիշներ ունեցող անձանց մուտքը սպորտային օբյեկտ:
15) Չի թույլատրվում կողմնակի անձանց (դիտորդների) մուտքը սպորտային օբյեկտներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի (օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով):
16) Անհրաժեշտ է որքան հնարավոր է սահմանափակել մարզումների տևողությունը և սերտ շփումները: Նպատակահարմար է, որ մարզիկները որոշ հանձնարարություններ կատարեն տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվեն հեռավար եղանակով:
17) Մարզումների ավարտից հետո արգելվում է մարզիկների խմբով հավաքվելը:
Հավելված N 10 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀՆԵՐԻ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
Վարսավիրանոցներում և գեղեցկության սրահներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում վարսավիրանոցներում և գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում գործում են ստորև ներկայացված կանոնները:
1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպումը.
1) Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների այլ ծառայությունների մատուցման վայրերում ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):
2) Անհրաժեշտ է անձնակազմին ապահովել մեկանգամյա օգտագործման դիմակների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով ապահովում:
3) Ապահովվում են պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:
4) Սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ:
2. Աշխատանքային տարածքի ախտահանումը
1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով 60-80 %-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցներ: Մանրակրկիտ ախտահանվում են հատկապես շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող այլ պարագաները։
2) Անհրաժեշտ է ապահովել աշխատավայրի մուտքի մոտ ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (60-80 %-ոց սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:
3) Սրահում իրականացվում է օդափոխություն յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ յուրաքանչյուր այցելուից հետո:
4) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:
5) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է օգտագործված գործիքների ախտահանում՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչներով:
6) Խորհուրդ է տրվում վարակազերծել օդը՝ կիրառելով մարդկանց ներկայությամբ օգտագործման թույլատրելի մանրէասպան լամպեր՝ համապատասխան անձնագրով (ռեցիրկուլյատորներ):
7) Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն վարսավիրանոցում կամ գեղեցկության սրահում:
3. Անձնակազմի համար կանոններ.
1) Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
2) Աշխատակիցների աշխատատեղերի միջև պահպանվում է սոցիալական հեռավորություն՝ առնվազն մեկուկես մետր:
3) Անձնակազմի անդամները պետք է հաճախակի լվան ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան տևողությամբ, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրեն ալկոհոլային հիմքով ախտահանիչներով։
4) Աշխատակիցները հնարավորինս խուսափում են միմյանց և այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքսեղմումներից, գրկախառնություններից, շփումների ժամանակ պահպանում են առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։
5) Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:
4. Հաճախորդների սպասարկման կանոններ.
1) Սպասարկումն իրականացվում է բացառապես նախապես հեռախոսով կամ առցանց հերթագրման դեպքում: Միաժամանակ անհրաժեշտ է պահպանել հաճախորդների սպասարկման միջև առնվազն 20 րոպեանոց ընդմիջումներ:
2) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում: Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 համարով:
3) Արգելվում է սպասարկող անձնակազմից և հաճախորդից բացի այլ անձանց մուտքը վարսավիրանոցների և գեղեցկության սրահների տարածք:
4) Անհրաժեշտ է բացառել սրահում մարդկանց կուտակումները և հերթերը:
5) Աշխատանքի ժամանակ անձնակազմը կրում է պաշտպանիչ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որը փոխվում է 3-4 ժամը մեկ: Մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:
6) Սպասարկման ժամանակ հաճախորդների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն:
Հավելված N 11 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2-10-ՈՎ ՉԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունները առաջնորդվում են ստորև ներկայացված հիմնական կանոններով:
1) Անհրաժեշտ է ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում ապահովվում է ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
2) Ապահովվում է դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ: Դիմակները փոխել 3-4 ժամը մեկ:
3) Ապահովվում է յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ջրի ծորակի առկայություն:
4) Ապահովվում են փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:
5) Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
6) ՀՀ առողջապահության նախարարի՝ 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ա հրամանի համաձայն՝ անհրաժեշտ է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:
7) Ախտահանման համար կիրառվում են քլորի հիմքով կամ 60-80 % սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
8) Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի՝ միմյանցից նվազագույնը 1.5 մետր հեռավորությունը (ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների): Այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքային տարածքը հնարավորություն չի տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը, արտակարգ դրության ժամանակահատվածում, պետք է սահմանվի հերթափոխային աշխատանք ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան: Յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխից հետո աշխատանքային տարածքում պետք է իրականացվեն ախտահանիչ միջոցառումներ:
9) Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար պետք է ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ:
10) Անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։
11) Հարգելի են համարվում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում, պետք է անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատողի մեկուսացումը։
12) Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։
13) Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում պետք է զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։
14) Անհրաժեշտության դեպքում պետք է ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:
15) Աշխատակիցներին անհրաժեշտ է իրազեկել անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն որոշման հավելված N 12-ով սահմանված իրազեկման թերթիկի:
Հավելված N 12 ՀՀ պարետի 2020 թվականի Մայիսի 3-ի N 63 որոշման |
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ի՞նչ է վիրուսը:
Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:
- Որո՞նք են ախտանշանները:
Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն:
Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:
- Ինչպե՞ս է տարածվում վիրուսը
Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝
1) Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:
2) Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:
- Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար
Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:
- Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում
Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.
1) 65 և բարձր տարիքի անձինք,
2) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
3) Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
4) Շաքարային դիաբետ ունեցող անձինք,
5) Մանկահասակ երեխաներ և նորածիններ
Կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ կանոններին.
1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,
2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ դաստակով),
3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,
4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,
5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),
6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,
7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 2 մետր հեռավորություն,
8) Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։
Աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսային վարակի ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝
1) Աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատացման դեպքում ապահովել վերջիններիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը,
2) Անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 համարով,
3) Ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի անհապաղ ախտահանումը:
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 23:59-ին: