ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2019 թվականի N 486-Լ
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով՝
1. Ստեղծել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի, երկու տարի գործունեության ժամկետով:
2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը կազմված է ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր ազգային համայնքից երկուական անդամ։
3. Խորհրդի անդամ, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընտրվում են ազգային փոքրամասնության յուրաքանչյուր համայնքը ներկայացնող, առնվազն հինգ տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած (սկսած պետական գրանցման պահից) հասարակական կազմակերպությունները՝ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ընդհանուր ժողովում: Ընդհանուր ժողովը երկու տարին մեկ անգամ ընտրում է խորհրդի երկու նոր անդամների:
4. Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ:
5. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից հրավիրված այլ անձինք:
6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
7. Խորհրդում աշխատակարգային որոշումները կայացվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը:
9. Խորհրդի նախագահին` երկշաբաթյա ժամկետում հրավիրել խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով խորհրդի աշխատակարգի հաստատումը և ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականիմայիսի 3-ի N 486-Լ որոշման |
Կ Ա Զ Մ
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
Սրբուհի Ղազարյան |
ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի նախագահ) |
Վարդան Ասցատրյան |
ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ (խորհրդի նախագահի տեղակալ) |
Նարինե Գուլյան |
ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի մասնագետ (խորհրդի քարտուղար) |
Արսեն Միխայլով |
«Հայաստանի «Աթուռ» ասորիների ասոցիացիա» ՀԿ (համաձայնությամբ) |
Իրինա Գասպարյան |
«Խայադթա» ասորական կազմակերպությունների ֆեդերացիա» ՀԿ (համաձայնությամբ) |
Գալինա Գավրիլովիչ |
Հայաստանի «Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ (համաձայնությամբ) |
Վիկտոր Վուխրեր |
«Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ (համաձայնությամբ) |
Խդր Հաջոյան |
«Եզդիների ազգային միություն» ՀԿ (համաձայնությամբ) |
Սաշիկ Սուլթանյան |
«Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ) |
Լիանա Հարությունյան Ջուլիետա Դոմբայան |
Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ (համաձայնությամբ) |
Մարիա Լազարևա |
«Հայաստանի հունական համայնքների միություն» ՀԿ (համաձայնությամբ) |
Մարինա Գալստյան |
Երևանի «Պոնտի» հունական ՀԿ (համաձայնությամբ) |
Ռիմա Վարժապետյան |
«Հայաստանի հրեական համայնք» ՀԿ (համաձայնությամբ) |
Վիլլի Վայներ |
«Մենորա» հրեական մշակույթի կենտրոն» ՀԿ |
Յուրի Յակովենկո |
«Ռոսիա» ՀԿ (համաձայնությամբ) |
Աիդա Հարությունյան |
Ռուսական մշակույթի միջազգային կենտրոն «Հարմոնիա» ՀԿ (համաձայնությամբ) |
Սվետլանա Նամչևաձե |
«Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական ՀԿ (համաձայնությամբ) |
Աննա Հարությունյան |
«Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ (համաձայնությամբ) |
Կնյազ Հասանով |
«Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ |
Վաքիլ Ամիրյան |
«Քուրդիստան կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 30.10.19 N 1570-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |