«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2002 թվականի N 1624-Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հարկային ծառայողի վարքագծի կանոնները՝ համաձայն հավելվածի:
2. Հարկային ծառայության մարմինը պարտավոր է սույն որոշմամբ հաստատված հարկային ծառայողի վարքագծի կանոնների, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունների մասին անհատապես տեղեկացնել հարկային ծառայողներին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի նոյեմբերի 12-ից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ
1. Սույն կանոններով սահմանվում են հարկային ծառայողի վարքագծի կանոնները ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:
2. Հարկային ծառայողի վարքագծի կանոնները (այսուհետ՝ վարքագծի կանոններ) բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված՝ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության մարմնի (այսուհետ՝ հարկային ծառայության մարմին) ընթացակարգերին համապատասխան հարկային ծառայողի վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են:
3. Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել հարկային ծառայողին իր վարվելակերպում, ինչպես նաև տեղեկացնել քաղաքացիներին՝ ինչպիսի պահվածք պետք է ակնկալել հարկային ծառայողից:
4. Հարկային ծառայողը պարտավոր է՝
ա) ցուցաբերել անմնացորդ հավատարմություն և նվիրվածություն Հայաստանի Հանրապետությանը, հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշը (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն.
բ) հարկային գործառույթներ իրականացնելիս՝ ղեկավարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն վարքագծի կանոններով։ Ստացված հանձնարարականի օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում՝ դրա մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին կամ նրա անմիջական ղեկավարին կամ նրան փոխարինող անձանց.
գ) հրապարակայնորեն չընդդիմանալ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից վարվող քաղաքականությանը.
դ) զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել պետական մարմնի աշխատանքները կամ վարկաբեկել և հեղինակազրկել վերջինիս կամ հարկային ծառայության վարկանիշը, հարկային ծառայողի կոչումն ու համբավը.
ե) ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով.
զ) հարգել մարդու արժանապատվությունը՝ անկախ նրա ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, պաշտոնական դիրքից, գույքային կամ այլ դրությունից.
է) լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ և օրինակելի.
ը) անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը.
թ) ստեղծված ոչ ստանդարտ կամ արտակարգ իրավիճակներում չցուցաբերել երկչոտություն կամ անհարկի զգացմունքայնություն, լինել հավասարակշռված.
ժ) լինել կարգապահ, ճշտախոս, հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից, անմնացորդ կերպով նվիրվել աշխատանքին.
ժա) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանն ու պահպանմանը, որ հարկային ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության ու արդյունավետության գաղափարի վրա.
ժբ) լինել քաղաքավարի հարկատուների, գործընկերների, ենթակա անձանց և ղեկավարության հետ.
ժգ) խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, միջնորդությունից, աջակցությունից, խորհրդատվությունից, որոնց արդյունքում կարող է խոչընդոտվել հարկային օրենսդրության պահանջների կատարումը, ծառայության ընթացքում օգտագործել միայն բարոյական միջոցներ՝ նպատակին հասնելու համար.
ժդ) իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից.
ժե) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքն ու կարևորությունը, տրված խոստման հնարավոր բացասական հետևանքները.
ժզ) ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.
ժէ) իր իրավասության սահմաններում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակին ու պատշաճ կարգով անկողմնակալորեն քննության առնել հարկատուների (քաղաքացիների) առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.
ժը) իր իրավասությունների սահմաններում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն և տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ, տալ ցուցումներ ու պարզաբանումներ.
ժթ) պահպանել բարոյական նորմերով սահմանված էթիկայի այլ կանոններ՝ ղեկավարվելով պատվի, խղճի և արժանապատվության զգացումներով.
ի) չհրապարակել կամ այլ կերպ չտարածել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերի), ինչպես նաև չօգտագործել նման տեղեկությունները շահադիտական կամ ցանկացած ոչ ծառայողական նպատակներով.
իա) իր ծառայողական պարտականությունների կատարման համար չստանալ նվերներ, գումարներ, իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից.
իբ) իր ծառայողական պարտականություններն իրականացնել այնպես, որպեսզի հնարավորինս բացառվեն շահերի բախման իրավիճակները, իսկ անձնական և պետական շահերի միջև շահերի բախման խնդիր առաջանալու դեպքում՝ դրա մասին անմիջապես տեղյակ պահել վերադասին.
իգ) հարկային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ընթացքում առևտրային կազմակերպություն հիմնադրելու և դրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում՝ այդ բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման.
իդ) ցուցաբերել պատշաճ և բարեխիղճ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, իսկ դրանց կատարման ժամանակ լինել հաշվետվողական անմիջական ղեկավարին.
իե) ճիշտ պլանավորել ժամանակը, կատարել աշխատանքի համաչափ բաշխում, արդյունավետորեն օգտագործել իրեն վստահված ռեսուրսները, ինչպես նաև միատեսակ մոտեցում դրսևորել բոլոր հարկ վճարողների նկատմամբ.
իզ) ամենօրյա գործառույթներում և շփումներում լինել քաղաքականապես չեզոք, խուսափել այնպիսի գործողություններից և շփումներից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն.
իէ) հարգել հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը և լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ և տարածել տեղեկատվություն:
(4-րդ կետը խմբ., լրաց. 25.07.19 N 944-Ն)
5. Սույն վարքագծի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
6. Եթե հարկային ծառայողը չի կողմնորոշվում՝ ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին: Հարկային ծառայողի անմիջական ղեկավարը հնարավորության սահմաններում միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակա աշխատողների համար դյուրին լինի սույն վարքագծի կանոնների պահպանումը:
7. Սույն կանոնների խախտումը կարող է հանգեցնել «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության:
(7-րդ կետը լրաց. 25.07.19 N 944-Ն)
(հավելվածը խմբ., լրաց. 25.07.19 N 944-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |