ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
20 նոյեմբերի 2019 թվականի |
N 429-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 434-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ՝
ա) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն), համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ դեզ Օ» ընկերության միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի ընդհանուր պայմանների 9-րդ հոդվածի 9.1 կետի 1-ին ենթակետի, և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2016 թվականի դեկտեմբերի 9-ի N 397-Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ Ընկերության խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) մատուցման ԼՋN0001 լիցենզիայի (այսուհետ՝ Լիցենզիա) պայմանների N 3 հավելվածի 19-րդ կետի՝ 2019 թվականի օգոստոսի 7-ին Հանձնաժողով է ներկայացրել Ծառայությունների մատուցման 2020 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ՝ առաջարկելով բաժանորդներին մատուցվող Ծառայությունների սակագների գումարային մեծությունը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 181,807 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
բ) Հանձնաժողովը Ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով ջրային կոմիտեի, Ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել է մոնիթորինգ,
գ) Ծառայությունների մատուցման 2020 թվականի սակագների ճշգրտման գործոնների, այդ թվում նաև՝ մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգի արդյունքներով Հանձնաժողովի կատարած հաշվարկների համաձայն՝ բաժանորդներին մատուցվող Ծառայությունների (այսուհետ՝ Մանրածախ ծառայություններ) սակագների գումարային մեծությունը յուրաքանչյուր խորանարդ մետրի համար կազմում է 180,174 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը),
դ) Լիցենզիայի պայմանների N 3 հավելվածի 13-րդ կետի համաձայն, եթե որևէ տարվա համար հաշվարկված Մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի և բաժանորդների համար փաստացի գործող գումարային գնի տարբերությունը չի գերազանցում 0.5%-ը, ապա տվյալ տարվա համար հաստատվում են Ծառայությունների մատուցման՝ բաժանորդների համար փաստացի գործող գներին հավասար սակագներ,
և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 79.1-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 2-ի N 296-Ն որոշումը՝ Հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Ընկերության կողմից`
1) բաժանորդներին խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 127,5 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 153,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) բաժանորդներին ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 22,5 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 27,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող այլ անձանց, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող համայնքներին, համայնքային բյուջետային հիմնարկներին և ոչ առևտրային կազմակերպություններին`
ա. խմելու ջրի մատակարարման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 30,0 դրամ` մատակարարված յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 36,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. ջրահեռացման մեծածախ ծառայության մատուցման սակագինը` 15,0 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 18,0 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը` 9,1925 դրամ` հեռացված յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի դիմաց` առանց ավելացված արժեքի հարկի և 11,031 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Ընկերությանը` Ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման առնչությամբ ջրային կոմիտեի, Ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2019 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 1-ը իրականացված մոնիթորինգի արդյունքում արձանագրված թերությունների վերացման նպատակով՝
1) ոչ բազմաբնակարան շենքերի և տեխնիկական հնարավորության դեպքում նաև բազմաբնակարան շենքերի ոչ բնակիչ-բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը դուրս բերել սահմանազատման կետեր,
2) բոլոր ոչ բնակիչ-բաժանորդների առևտրային հաշվառքի սարքերը մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը կնքել հոլոգրաֆիկ կնիքներով,
3) բոլոր ոչ բնակիչ բաժանորդների հաշվառման հանգույցներում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը ուղղել հակառակ տեղադրված ֆիլտրները,
4) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը եռակցել կամ անհնարինության դեպքում կնքել ջրամատակարարման ցանցում ոչ պատշաճ ձևով խցափակված գծերը։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի նոյեմբերի 28-ի «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 22-ի N 499-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 434-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ |
Գ. Բաղրամյան |