ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԿԴ/0203/01/16 |
ԵԿԴ/0203/01/16 |
Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան |
դատավորներ՝ |
Ս. Չիչոյան |
Մ. Արղամանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
| ||
քարտուղարությամբ` | Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ` | ||
դատախազ | Ս. Յուզբաշյանի | |
ամբաստանյալ | Մ. Մելիքյանի | |
պաշտպան | Վ. Գևորգյանի |
2019 թվականի ապրիլի 11-ին
ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 2015 թվականի փետրվարի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 90272015 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ Միքայել Արմենի Մելիքյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի նույն օրվա մեկ այլ որոշմամբ Մ.Մելիքյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի սեպտեմբերի 22-ի և 2016 թվականի մարտի 18-ի որոշումներով Մ.Մելիքյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի հուլիսի 25-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 28-ի դատավճռով Մ.Մելիքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 2 (երկու) տարի ժամկետով:
3. Ամբաստանյալ Մ.Մելիքյանի և վերջինիս պաշտպան Վ.Գևորգյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2018 թվականի ապրիլի 17-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 28-ի դատավճիռը բեկանել է և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Մ.Մելիքյանն արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը՝ կարճվել։
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
5. Ամբաստանյալ Մ.Մելիքյանի պաշտպան Վ.Գևորգյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան՝ խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել վիճարկվող դատական ակտը, քանի որ այն օրինական է և հիմնավորված:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Նախաքննության մարմնի կողմից Մ.Մելիքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ. «(…) նա 2012 թվականի փետրվարի 14-ին կցագրվել է Կենտրոնական զինկոմիսարիատում և ենթակա է եղել զորակոչման 2014 թվականի ձմեռային զորակոչին, սակայն չի ներկայացել զինկոմիսարիատ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2014 թվականի ձմեռային և 2015 թվականի ամառային և ձմեռային զորակոչերից»1:
7. Առաջադրված մեղադրանքում Մ.Մելիքյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նախաքննական և դատաքննական ըստ էության նույնաբովանդակ ցուցմունքներով հայտնել է, որ ինքը չի խուսափել ժամկետային զինվորական ծառայությունից, քանի որ հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Նշել է, որ ծնվել ու հիմնականում բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, ունեցել է անչափահասի ՀՀ քաղաքացու անձնագիր, իսկ 16 տարին լրանալիս կցագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական զինկոմիսարիատում: Անչափահասի ՀՀ քաղաքացու անձնագիր ստացել է 2009 թվականին, քանի որ անհրաժեշտ է եղել երկրից դուրս գալու համար: Հայտնել է, որ իր կարծիքով չի հանդիսանում ՀՀ զինապարտ, ցանկանում է ծառայել ըստ քաղաքացիության վայրի, ուստի 2016 թվականի հունվարի 26-ին ներկայանալով ՀՀ ՊՆ Կենտրոնական զինկոմիսարիատ` հրաժարվել է ստանալ մեկնման ծանուցագիր2:
7.1 Վկա, ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետի ժամանակավոր պաշտոնակատար Պարսամ Պետրոսյանն իր նախաքննական ցուցմունքում ըստ էության հայտնել է, որ Մ.Մելիքյանը 2012 թվականի փետրվարի 14-ին կցագրվել է Կենտրոնական զինկոմիսարիատում, անցել է բժշկական հանձնաժողով և ճանաչվել է պիտանի զինծառայության համար: Վերջինս ենթակա է եղել ՀՀ զինված ուժերում զորակոչվելու 2014 թվականի ձմեռային զորակոչին, սակայն կցագրվելուց հետո 2014 թվականի ձմեռային զորակոչին իր հոր ուղեկցությամբ ներկայացել է զինկոմիսարիատ և հայտնել, որ համարվում է ՌԴ քաղաքացի և իրեն չեն կարող զորակոչել բանակ: Իրենց կողմից Մ.Մելիքյանի քաղաքացիության վերաբերյալ հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն, որին ի պատասխան հայտնել են, որ Մ.Մելիքյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Այդ մասին իրենք տեղեկացրել են վերջինիս և հրավիրել զինկոմիսարիատ զորակոչման հարցը լուծելու նպատակով, սակայն Մ.Մելիքյանը չի ներկայացել: Այնուհետև այցելել են նրանց բնակարան, որտեղ վերջինիս պապը հայտարարել է, որ թոռը ՌԴ քաղաքացի է և չպետք է ծառայի ՀՀ զինված ուժերում3:
7.2 Պ.Պետրոսյանն իր դատաքննական ցուցմունքում, ի հավելումն նախաքննական ցուցմունքի, ըստ էության նշել է նաև, որ հեռախոսային զանգերի միջոցով նույնպես միջոցներ է ձեռնարկել Մ.Մելիքյանին 2014 թվականի ձմեռային զորակոչի ծանուցագիրն ստանալու կապակցությամբ զինկոմիսարիատ ներկայանալու պարտականության մասին տեղեկացնելու վերաբերյալ, բացի այդ այցելել է Արամի նրբանցք 5ա հասցե՝ ծանուցագիրը Մ.Մելիքյանին փոխանցելու համար, սակայն վերջինիս պապն ասել է, որ թոռը Մոսկվայում է, որպիսի պայմաններում, այցելության մասին ինքը կազմել է համապատասխան զեկուցագիր4:
7.3 Որպես այլ փաստաթուղթ ապացույց է ճանաչվել 2016 թվականի հունվարի 26-ի արձանագրությունը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժանմունքի պետ Ա.Մելյանը 2015 թվականի ձմեռային զորակոչին հրավիրել է զորակոչիկ Մ.Մելիքյանին` ՀՀ զինված ուժեր մեկնման ծանուցագիր հանձնելու նպատակով: Վերջինս զինկոմիսարիատ է ներկայացել 2016 թվականի հունվարի 26-ին և հրաժարվել է ստանալ մեկնման ծանուցագիրը, պատճառաբանելով, որ հանդիսանում է ՌԴ քաղաքացի և բացի այդ նշել է, որ իր վերաբերյալ գործ է քննվում և մինչև դատաքննական գործերի ավարտը չի ստանալու ծանուցագիրը, որի համար նաև դիմում է ներկայացրել Կենտրոնական զինվորական կոմիսարիատ: Նշված օրը Մ.Մելիքյանին ներկայացվել է նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պարզաբանումը նրա` ՀՀ քաղաքացիության և ՀՀ զինապարտ լինելու վերաբերյալ, որին Մ.Մելիքյանը ծանոթացել է: Բացի այդ, Կենտրոնական զինվորական կոմիսարիատի հանձնաժողովի կողմից Մ.Մելիքյանը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ 2015 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում5։
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) [Ք]րեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Միքայել Մելիքյանի նկատմամբ 2015 թվականի փետրվար ամսից ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով իրականացվել է նախաքննություն, հետևաբար 2015 թվականի ամառային և ձմեռային զորակոչերին Միքայել Մելիքյանը, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա չի եղել, այսինքն` Միքայել Մելիքյանը չի ներկայացել ժամկետային զինվորական ծառայության 2015 թվականի ամառային և ձմեռային զորակոչերին իր նկատմամբ կատարվող նախաքննության պայմաններում, ինչից հետևում է, որ նա ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության սուբյեկտ չի հանդիսացել, ինչպես նաև նրա գործողություններում բացակայել է նշված հանցագործության օբյեկտիվ կողմը:
Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Միքայել Մելիքյանի[ն] (…) առաջադրված մեղադրանքի ծավալից պետք է հանել 2015 թվականի ամառային և ձմեռային զորակոչերից խուսափելը:
(…) [Թ]ույլատրելի և արժանահավատ ապացույցների համադրման և գնահատման արդյունքում Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ամբաստանյալ Միքայել Արմենի Մելիքյանը 2012 թվականի փետրվարի 14-ին կցագրվել է Կենտրոնական զինկոմիսարիատում և ենթակա եղել զորակոչման 2014 թվականի ձմեռային զորակոչին, սակայն 2013 թվականի նոյեմբերի 11-ին ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, որից հետո չի ներկայացել զինկոմիսարիատ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2014 թվականի ձմեռային զորակոչից:
Ապացուցված է Միքայել Արմենի Մելիքյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ (…)»6:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) [Ա]մբաստանյալի մեղավորության մասին չփարատված կասկածները մեկնաբանելով նրա օգտին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ձեռք չի բերվել փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հիմք կտար, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, անվերապահ հետևություն անելու առ այն, որ ամբաստանյալ Մ.Մելիքյանը դեռևս 2012 թվականի փետրվարի 14-ին ստացած ծանուցագրի հիման վրա 2014 թվականի սեպտեմբերի 5-ին պարտաճանաչ կերպով ներկայանալով ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կոմիսարիատ, դրանից հետո ընդհանրապես ծանուցվել է 2014 թվականի ձմեռային զորակոչին ներկայանալու մասին, կամ որ ամբաստանյալի՝ ՀՀ զինապարտ լինելու հարցի առնչությամբ պարզաբանում ստանալուց հետո, զինվորական կոմիսարիատի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել նրան՝ 2014 թվականի ձմեռային զորակոչին ներկայանալու մասին ծանուցելու ուղղությամբ, սակայն վերջինս ժամկետային զինվորական ծառայության տվյալ զորակոչից խուսափելու ուղղակի դիտավորությամբ հրաժարվել կամ որևէ կերպ խուսափել է այն ստանալուց: Այլ կերպ՝ գործով ձեռք բերված և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատաքննությամբ հետազոտված վերաբերելի և թույլատրելի ապացույցների բավարար ամբողջությամբ չի հիմնավորվել ամբաստանյալ Մ.Մելիքյանի արարքում ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2014 թվականի ձմեռային զորակոչից խուսափելու հանցակազմի առկայությունը: (…)»7:
10. Մ.Մելիքյանը 2017 թվականի օգոստոսի 1-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության` խնդրելով ճանաչել հայցվորի և Հայաստանի Հանրապետության միջև պետության և ՀՀ քաղաքացի իրավահարաբերությունների բացակայությունը, և որպես հետևանք` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից Մ.Մելիքյանի անունով ՀՀ քաղաքացու անձնագրերի տրամադրումը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից 2014 թվականի հոկտեմբերի 8-ի գրությամբ ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կոմիսարին Մ.Մելիքյանի` ՀՀ քաղաքացի հանդիսանալու մասին թիվ 1 ձևի տեղեկանքի տրամադրումը ճանաչել ոչ իրավաչափ։ ՀՀ վարչական դատարանի` 2019 թվականի մարտի 14-ի վճռով նշված պահանջները մերժվել են8։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սույն քրեական գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ, այն է՝ ապացույցները գնահատելիս՝ վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից՝ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածը:
12. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանի կողմից չեն հերքվել այն հանգամանքները, որ Մ.Մելիքյանը կցագրումից հետո, հայտնելով իր բնակության հասցեն, ստանալով ՌԴ քաղաքացու անձնագիր, նախքան զորակոչը փոխելով բնակության վայրն ուղղակի դիտավորությամբ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2014 թվականի ձմեռային զորակոչից:
Ընդ որում, հանցանքի կատարման պահին գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զինապարտները բնակության վայրի փոփոխության մասին պարտավոր են յոթնօրյա ժամկետում հայտնել բնակության վայրի զինվորական կոմիսարիատ, ինչը տվյալ դեպքում Մ.Մելիքյանը չի կատարել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ զինվորական կոմիսարիատի պաշտոնատար անձանց կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել նրան ծանուցելու ուղղությամբ՝ չի բխում քրեական գործով ձեռք բերված և հետազոտված տվյալներից, հաշվի առնելով, որ աշխատակիցների կողմից հստակ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիության և զինապարտ լինելու հարցի վերաբերյալ ստացված պատասխաններն ու ծանուցագիրը զորակոչիկին հանձնելու ուղղությամբ:
13. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 17-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 28-ի դատավճռին:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյո՞ք ամբաստանյալ Մ.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները։
15. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով` 46-րդ հոդվածի, 2015 թվականի փոփոխություններով` 14-րդ հոդվածի 3-րդ մասի) համաձայն՝ «Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:
Իրավահարաբերության ծագման պահին գործող Զինապարտության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Զինապարտությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու` քաղաքացիների սահմանադրական պարտականությունն է: (…)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1.Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (…)»:
Վերոնշյալ հանցակազմը Վճռաբեկ դատարանն իրավական վերլուծության է ենթարկել Սերգեյ Մխիթարյանի վերաբերյալ գործով և դիրքորոշում արտահայտել այն մասին, որ քննարկվող հանցակազմը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես հանցավոր արարք, որը ոտնձգում է ՀՀ զինված ուժերի, զինվորական ծառայության շահերի և պետության պաշտպանունակության դեմ: Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու օբյեկտ են հանդիսանում ՀՀ զինված ուժերի համալրման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները:
ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է, ի թիվս այլնի, ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու ձևով՝ այդ ծառայությունից ազատվելու օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում: Քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը կատարվում է անգործությամբ (ծանրացնող հանգամանքներում հանցանքը կարող է կատարվել նաև ակտիվ գործողություններով): Մասնավորապես ժամկետային զինվորական ծառայության ենթակա անձն այդ ծառայությանը զորակոչվելուց խուսափելու նպատակով, առանց հարգելի պատճառների չի ներկայանում իր հաշվառման (փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ: Հանցանքն ավարտված է համարվում օրենքով սահմանված կարգով հայտարարված հերթական զորակոչի ժամկետն անցնելու պահին: Քննարկվող հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, հանցավորը գիտակցում է, որ իր գործողություններով (անգործությամբ) խուսափում է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից և ցանկանում է դա:
Հանցագործության սուբյեկտ կարող է լինել բացառապես ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձը9:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1.Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։
2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»։
17. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով ընդգծել է, որ ապացույցի արժանահավատությունը վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա10։
18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի մարտի 28-ի դատավճռով Մ.Մելիքյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով, այն պատճառաբանությամբ, որ թույլատրելի և արժանահավատ ապացույցների համադրման և գնահատման արդյունքում պարզ է դարձել, որ ամբաստանյալ Մ.Մելիքյանը 2012 թվականի փետրվարի 14-ին կցագրվել է Կենտրոնական զինկոմիսարիատում և ենթակա է եղել զորակոչման 2014 թվականի ձմեռային զորակոչին, սակայն 2013 թվականի նոյեմբերի 11-ին ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, որից հետո չի ներկայացել զինկոմիսարիատ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2014 թվականի ձմեռային զորակոչից11:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի հետ, Մ.Մելիքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացրել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է և քրեական գործի վարույթը կարճել՝ գտնելով, որ ձեռք չի բերվել փոխկապակցված ապացույցների բավարար համակցություն, որ Մ.Մելիքյանը դեռևս 2012 թվականի փետրվարի 14-ին ստացած ծանուցագրի հիման վրա 2014 թվականի սեպտեմբերի 5-ին պարտաճանաչ կերպով ներկայանալով ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կոմիսարիատ, դրանից հետո առհասարակ ծանուցվել է 2014 թվականի ձմեռային զորակոչին ներկայանալու մասին, կամ որ ամբաստանյալի՝ ՀՀ զինապարտ լինելու հարցի առնչությամբ պարզաբանում ստանալուց հետո, զինվորական կոմիսարիատի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել նրան՝ 2014 թվականի ձմեռային զորակոչին ներկայանալու մասին ծանուցելու ուղղությամբ, սակայն վերջինս ժամկետային զինվորական ծառայության տվյալ զորակոչից խուսափելու ուղղակի դիտավորությամբ հրաժարվել կամ որևէ կերպ խուսափել է այն ստանալուց12։
19. Սույն որոշման նախորդ, ինչպես նաև 6-7.3-րդ կետերում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել քրեական գործում առկա ապացույցների համակցությունը՝ ամբաստանյալ Մ.Մելիքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն ուշադրության չի արժանացրել ինչպես վկա Պ.Պետրոսյանի նախաքննական և դատաքննական ցուցմունքներն այն մասին, որ միջոցներ են ձեռնարկվել ամբաստանյալ Մ.Մելիքյանին ծանուցագիր հանձնելու, զորակոչին ներկայանալու պարտականության մասին հայտնելու ուղղությամբ, այնպես էլ ամբաստանյալի հետհանցավոր վարքագիծը, մասնավորապես՝ քրեական գործում առկա ամբաստանյալ Մ.Մելիքյանի՝ 2016 թվականի հունվարի 26-ի՝ Կենտրոնական զինվորական կոմիսարիատ ներկայացված դիմումն այն մասին, որ նա հանդիսանում է ՌԴ քաղաքացի և չի ցանկանում ստանալ զորակոչվելու ծանուցագիր13։
Վերոգրյալի հետ մեկտեղ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ամբաստանյալ Մ.Մելիքյանը դեռևս կցագրման ժամանակ զինկոմիսարիատում որպես իր բնակության հասցե հայտնել է՝ Երևան քաղաք, Արամի 5ա շենք, 36 բնակարանը, նշվածը որպես իր բնակության հասցե Մ.Մելիքյանը նշել է նաև նախաքննության ընթացքում՝ որպես մեղադրյալ տված ցուցմունքներով: Բացի այդ, նախաքննության ընթացքում Մ.Մելիքյանին որպես մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելու մասին որոշումներում նույնպես որպես Մ.Մելիքյանի բնակության հասցե է նշվել Երևան քաղաք, Արամի 5ա շենք, 36 բնակարանը14: Ավելին, նախաքննության ընթացքում մեղադրյալ Մ.Մելիքյանը ներկայացրել է իր վերաբերյալ Արամի 5ա շենքի համատիրության լիազորի կողմից կազմված բնութագիրը, որի համաձայն ևս` «Միքայել Արմենի Մելիքյանը, ծնված 1996թ. հոկտեմբերի 8-ին, բնակվում է Երևան քաղաքում, Արամի նրբանցք, 5ա շենք, 36-բնակարանում»15:
Այսպիսով, գործի դատաքննության ընթացքում հետազոտված փաստական տվյալներով հաստատվել է, որ Մ.Մելիքյանը 2012 թվականի փետրվարի 14-ին կցագրվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական զինկոմիսարիատում, անցել է բժշկական հանձնաժողով և ճանաչվել է պիտանի զինծառայության համար: 2014 թվականի ձմեռային զորակոչին ներկայանալու մասին տեղյակ լինելով, Մ.Մելիքյանը հոր` Ա.Մելիքյանի հետ ներկայացել են Կենտրոնական զինվորական կոմիսարիատ, հայտնել ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու և, ըստ իրենց` ՀՀ-ում զորակոչի ենթակա չլինելու մասին: Կենտրոնական զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության ու ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության միջոցով Մ.Մելիքյանի` ՀՀ քաղաքացի, հետևաբար և ՀՀ-ում զինապարտ լինելը հաստատվելուց հետո, անհրաժեշտ և բավարար միջոցներ են ձեռնարկվել այդ մասին Մ.Մելիքյանին տեղեկացնելու համար: Մասնավորապես, գործում առկա ապացույցներով16, այդ թվում` վկա Պ.Պետրոսյանի ցուցմունքով պարզվել է, որ զինկոմիսարիատի աշխատակիցները զորակոչին ներկայանալու պարտականության մասին փորձել են տեղեկացնել ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ Մ.Մելիքյանի նշած հասցեով` ծանուցագիր տանելու միջոցով: Ընդ որում, նշված հասցեից այլ տեղ բնակվելու պարագայում, Մ.Մելիքյանը, «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգի համաձայն` իր բնակության վայրի փոփոխության մասին պարտավոր էր տեղյակ պահել զինվորական կոմիսարիատ, ինչը չի արել: Այդ հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից համակողմանի գնահատման չեն ենթարկվել և հաշվի չի առնվել, որ նման պայմաններում ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կոմիսարիատի աշխատակիցների կողմից դրսևորվել է պատշաճ ջանասիրություն` զորակոչին ներկայանալու անհրաժեշտության մասին Մ.Մելիքյանին ծանուցելու վերաբերյալ։
Ավելին, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ փաստական հանգամանքների համակցության մեջ ուշադրության չի արժանացրել նաև այն հանգամանքը, որ հերթական զորակոչին ներկայանալու անհրաժեշտության մասին տեղեկանալուց հետո ներկայանալով ՀՀ ՊՆ Կենտրոնական զինկոմիսարիատ` Մ.Մելիքյանը հրաժարվել է ստանալ ժամկետային զինվորական ծառայության մեկնման ծանուցագիր17։
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ Մ.Մելիքյանը կցագրումից հետո ուղղակի դիտավորությամբ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2014 թվական ձմեռային զորակոչից:
Այսպիսով, ամփոփելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ամբաստանյալ Մ.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
20. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 17-ի որոշումը բեկանելու հիմք է։
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված դատական ակտն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մարտի 28-ի դատավճռին։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Միքայել Արմենի Մելիքյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 17-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մարտի 28-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 173-175:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 92-93, 118, հատոր 2-րդ, թերթեր 37-40:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 42-45:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 93-96, 100-103:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 126:
6 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 118-127:
7 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 112-133:
8 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգը՝ հետևյալ հղմամբ` http://datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38562071809909310
9 Տե՛ս Սերգեյ Մխիթարյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ/0051/01/11 որոշման 14-15-րդ կետերը:
10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.3-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 7.3-րդ կետը:
14 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 54:
15 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 171:
16 Տե՛ս սույն որոշման 7-7.3-րդ կետերը:
17 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 116:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան