«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2007 թվականի N 198-Ն
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.01.19 N 10-Ն)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել անտառների մոնիթորինգի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել անտառների մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ձևերը:
(2-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
(վերնագիրը փոփ. 17.01.19 N 10-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Անտառների մոնիթորինգն անտառների և անտառային հողերի վիճակի կանխատեսման համար իրականացվող դիտարկումների, հետազոտությունների և գնահատման գործընթաց է, որի նպատակն անտառների և անտառային հողերի վրա անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և անտառօգտագործման բնագավառում մարդածին և բնական տարբեր տեսակի ներգործությունների և դրանց հետևանքների բացահայտումն է, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների կանխարգելումն է, այդ բնագավառում իրականացվող աշխատանքների թափանցիկության ապահովումն է` բնակչությանն իրազեկելու միջոցով:
(1-ին կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
2. Անտառների մոնիթորինգը նպատակաուղղված է անտառային պետական քաղաքականության և ռազմավարության, դրանց կենսագործման պետական ծրագրերի մշակման, իրականացման, անտառների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման ապահովմանը:
(2-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
3. Անտառների մոնիթորինգի իրականացման փուլերն են՝ տվյալների հավաքագրումը, գրանցումը, վերլուծությունը, ամփոփումը, բացասական երևույթների կանխատեսումը, դասակարգումը, տվյալների բազայի վարումը և հաշվետվությունների տրամադրումը:
(3-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
II. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 17.01.19 N 10-Ն)
4. Անտառների մոնիթորինգն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը:
(4-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
5. Անտառների մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից:
(5-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն, 10.10.19 N 1442-Ն)
6. Անտառների մոնիթորինգը ներառում է`
ա) անտառների և անտառային հողերի վիճակի, դրանց վրա տարբեր տեսակի ներգործությունների ու դրանց հետևանքների, ապօրինի հատումների, բնափայտի անօրինական տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների կանխարգելման նպատակով պարբերական դիտարկումներ ու գնահատումներ, կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումներ,
բ) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի և անտառային ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համաձայն իրականացվող անտառների պահպանության, պաշտպանության, անտառօգտագործման ու վերականգնման, դրանց հետևանքների, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների վերաբերյալ տվյալների հավաքագրում, կենտրոնացված հաշվառում, մշակում, վերլուծություն, բացասական երևույթների կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսում,
գ) անտառային օրենսդրության խախտումների, բնափայտի անօրինական տեղափոխումների, իրացման և բացասական այլ գործողությունների դեմ տարվող պայքարի աշխատանքների վերլուծում ու գնահատում, այդ բնագավառում տիրող իրավիճակի և տարվող աշխատանքների թափանցիկության ապահովում,
դ) անտառածածկ տարածքների, բնափայտի պաշարների, անտառների և անտառային հողերի քանակական ու որակական փոփոխությունների, անտառվերականգնման, անտառային հրդեհների, հիվանդությունների և վնասատուների տարածվածության վերաբերյալ տվյալների հավաքագրում, կենտրոնացված հաշվառում, մշակում ու բացասական երևույթների կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսում,
ե) անտառների և անտառային հողերի վրա մարդածին ու բնական գործոնների հետևանքների դիտարկում, հաշվառում, վերլուծում և գնահատում,
զ) հանրապետությունում փայտանյութի սպառման շուկայի վերլուծություն և գնահատում,
է) դիտարկման ցանցի (այդ թվում` հեռակառավարման դիտարկման) կետերի (տեղամասերի) ներդրում,
ը) անտառային տնտեսության վարման և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ու նախագծերի ուսումնասիրում և գնահատում:
(6-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
7. Անտառների մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
(7-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
8. Անտառների մոնիթորինգի իրականացման ընթացքում ստեղծվում են մշտական (ժամանակավոր) հենակետեր և դիտարկման ցանց (դիտացանց)՝ դիտարկումների, ստուգայցերի, հետազոտությունների և ուսումնասիրությունների անցկացման համար:
9. Մոնիթորինգի իրականացման նպատակով հենակետերը և դիտացանցը նախագծվում են հաշվարկային հատատեղային ֆոնդի, նախատեսվող հատման եղանակների, անտառաճման պայմանների, անտառների գործառնական և հիմնական նպատակային նշանակության առանձնահատկությունների, ինչպես նաև ապօրինի հատումների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա:
10. Հենակետերի և դիտացանցի տեղաբաշխման սխեմայի նախագիծն ընդգրկվում է մոնիթորինգի իրականացման տարեկան ծրագրերում և հաստատվում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից:
11. Անտառների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական միջոցներով ստեղծված մշտական (ժամանակավոր) հենակետերը հանդիսանում են պետական սեփականություն:
12. Հենակետերն ապահովվում են մշտական (ժամանակավոր) անձնակազմով և տվյալների հավաքագրման անհրաժեշտ սարքավորումներով:
13. Մոնիթորինգի իրականացման ընթացքում հենակետերի կամ դիտացանցի վերաբերյալ ձեռք բերված նյութերը լրացվում և ներկայացվում են լիազոր մարմնի կողմից հաստատված ձևատեսքերով:
14. Հենակետերի կամ դիտացանցի ուսումնասիրությունների վերաբերյալ տվյալների, ինչպես նաև տարեկան կամ ընթացիկ հաշվետվությունների ներկայացման ձևաթղթերը մշակվում և հաստատվում են նախարարության կողմից:
15. Բնափայտի ապօրինի տեղափոխման և իրացման վերաբերյալ տվյալների հավաքագրումը հենակետերում և փայտանյութի իրացման տարերային կամ մշտական շուկաներում իրականացվում է համաձայն ապօրինի հատումների և անտառանյութի` անտառից դուրսբերման մոնիթորինգի չափորոշիչների:
16. Անտառների մոնիթորինգի իրականացման նպատակով նախարարությունն ստանում է համապատասխան պետական մարմինների աջակցությունը:
(16-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
III. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ, ՎԵՐԼՈՒԾՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 17.01.19 N 10-Ն)
17. Անտառների մոնիթորինգի իրականացման նպատակով նախարարությունն օգտվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, անհրաժեշտության դեպքում նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների տվյալներից, եթե դրանց տրամադրումը չի հակասում օրենսդրությանը:
(17-րդ կետը լրաց., փոփ. 17.07.14 N 711-Ն, խմբ. 17.01.19 N 10-Ն)
18. Անտառների մոնիթորինգի տվյալները հավաքագրվում, վերլուծվում, գնահատվում և տրամադրվում են նախարարության կողմից:
(18-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
19. Նախարարությունը հավաքագրված տվյալները պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված հաշվառման գրանցամատյանում գրառելուց հետո մուտքագրում է համակարգչային տվյալների շտեմարան` կանոնակարգված հաշվառում իրականացնելու համար:
20. Մուտքագրված տվյալները վերլուծվում և գնահատվում են մուտքագրման օրվանից մինչև 30 օրվա ընթացքում:
21. Մուտքագրված տվյալները վերլուծելուց, գնահատելուց հետո, մինչև 15 օրվա ընթացքում, տրամադրվում են իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:
22. Անտառների և անտառային հողերի վիճակի գնահատումը կատարվում է անընդհատ կամ պարբերական ընթացակարգով իրականացված դիտարկումների, անտառների օգտագործման, պահպանության, պաշտպանության և վերականգնման բնագավառում ձեռնարկված միջոցառումների ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության հիման վրա:
23. Մոնիթորինգի տվյալները ներկայացվում են պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին` իրավիճակային (օպերատիվ), եռամսյակային և տարեկան հաշվետվությունների, աղյուսակների, առաջարկների, կանխատեսումների, քարտեզների ձևով` տպագիր և էլեկտրոնային տարբերակներով:
24. Մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը պարտադիր ընդգրկում է`
ա) օբյեկտի և (կամ) երևույթի տեղադիրքի նկարագրությունը (աշխարհագրական կոորդինատներ, համայնք, անտառտնտեսություն, տեղանուն, մայրուղի, փայտանյութի շուկա, արտադրամաս և այլն),
բ) հայտնաբերված խախտման տեսակը (ապօրինի հատում, հատման եղանակների խախտում, մատղաշի ոչնչացում, ապրանքայնության կորուստ, թերվճարում, փաստաթղթերի բացակայություն, կեղծում կամ անճշտություն և այլն),
գ) քանակական բնութագրերը՝ մակերեսը (հեկտար), ծավալները (խոր. մետր) և այլն,
դ) որակական բնութագրերը՝ շինափայտ, վառելափայտ, սղոցանյութ, ծառատեսակ և այլն,
ե) ուսումնասիրության օրը, ամիսը, տարեթիվը, իրականացնողը (կազմակերպությունը, անունը, ազգանունը, այլ տվյալներ),
զ) հայտնաբերված խախտումների արդյունքում հասցված վնասի տնտեսական գնահատումը (արժեքը, երկարաժամկետ վնասները և այլն),
է) կրկնվող և համադրված երևույթների պատճառների ուսումնասիրությունները, կանխատեսումները, առաջարկները և վիճակագրական վերլուծությունները,
ը) տվյալ հաշվետվությանը կից քարտեզագրական նյութերը,
թ) հենակետերի և դիտացանցի դիտարկումների ամփոփ վերլուծությունը:
25. Նախարարությունը համակարգչային կայքի, ինչպես նաև տեղեկատվական այլ միջոցներով ապահովում է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված դրույթների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
26. Մոնիթորինգ իրականացնող աշխատողներն ապահովում են անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և օգտագործման գործընթացներին մարդածին ներգործությունների, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրած աղբյուրի գաղտնիությունը:
IV. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 17.01.19 N 10-Ն)
27. Անտառների մոնիթորինգի իրականացման համար օգտագործվում են`
ա) անտառների պետական հաշվառման և անտառշինական (անտառկառավարման պլաներ) տվյալները,
բ) հաշվարկային հատատեղից բնափայտի մթերման տարեկան չափաքանակի վերաբերյալ տվյալները,
գ) անտառների պահպանության, պաշտպանության, վերականգնման և օգտագործման լիազորություններով օժտված պետական մարմիններից, կազմակերպություններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, իրավապահ և մաքսային մարմիններից անտառների պահպանության, պաշտպանության, օգտագործման, վերականգնման, անտառային օրենսդրության խախտումների, բնափայտի տեղափոխման և իրացման բնագավառում ձեռնարկված և իրականացված միջոցառումների վերաբերյալ ստացված տվյալները,
դ) դիտացանցի (այդ թվում` հեռակառավարման) տվյալները,
ե) անտառների օգտագործման, պահպանության և պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական ակտերը,
զ) բնապահպանական, հասարակական այլ կազմակերպությունների դիտարկումների և ուսումնասիրությունների տվյալները, ստացված ահազանգերը,
է) փաստացի իրականացված դիտարկումների, հետազոտությունների և ուսումնասիրությունների արդյունքները:
(27-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
V. ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 17.01.19 N 10-Ն)
28. Անտառային մոնիթորինգի տվյալներն օգտագործվում են՝
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության և պետական կառավարման մարմինների կողմից` պետական քաղաքականության և ռազմավարության, դրանց կենսագործման պետական ծրագրերի մշակման և իրականացման համար,
բ) անտառների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում համապատասխան լիազորություններով օժտված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից անտառների կայուն կառավարման նպատակով,
գ) տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան ոլորտում գործունեություն ծավալելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպությունների կողմից:
(28-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
VI. ԱՆՏԱՌԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 17.01.19 N 10-Ն)
29. Մոնիթորինգ իրականացնող անձինք իրավունք ունեն`
ա) անտառների և անտառային հողերի վիճակի գնահատման նպատակով անարգել մուտք գործելու հանրապետության բոլոր անտառային տարածքները` անկախ անտառների սեփականության ձևից և նպատակային նշանակությունից,
բ) ուսումնասիրելու անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման բնագավառում իրականացված և իրականացվող միջոցառումների հետևանքները,
գ) ուսումնասիրելու անտառների և անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառների պահպանության և պաշտպանության ընթացակարգը (ռեժիմը),
դ) ուսումնասիրելու անտառների և անտառային հողերի վրա անտառային տնտեսության վարման ու անտառօգտագործման հետ չկապված շինարարական և պայթեցման աշխատանքների, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի ու այլ հաղորդակցուղիների անցկացման հետևանքները,
ե) համապատասխան պետական մարմիններից ստանալու տեղեկատվություն անտառակառավարման, ինչպես նաև անտառային տնտեսության վարմանը վերաբերող իրավական և գերատեսչական նորմատիվ ակտերի վերաբերյալ,
զ) իրավապահ, մաքսային և պետական այլ մարմիններից ու կազմակերպություններից ստանալու տեղեկատվություն անտառային օրենսդրության խախտումների, փայտանյութի անօրինական տեղափոխումների և իրացման, հանրապետությունից արտահանվող և հանրապետություն ներկրվող փայտանյութի շարժի վերաբերյալ:
30. Մոնիթորինգ իրականացնող անձինք պարտավոր են`
ա) անտառներում անտառների և անտառային հողերի վիճակի գնահատման նպատակով իրականացվող դիտարկումների և ուսումնասիրությունների մասին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, տեղեկացնել անտառային տնտեսություն վարող կամ անտառօգտագործում իրականացնող սուբյեկտներին կամ անտառի սեփականատիրոջը,
բ) անտառային տնտեսություն վարող կամ անտառօգտագործում իրականացնող սուբյեկտին, անտառի սեփականատիրոջը (նրա ներկայացուցչին) ներկայացնել ծառայողական վկայականը,
գ) կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին տեղեկացնել անտառի սեփականատիրոջը, անտառային տնտեսություն վարող կամ անտառօգտագործում իրականացնող սուբյեկտին,
դ) կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին առնվազն 3 ամիսը մեկ անգամ տեղեկատվություն ներկայացնել ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների մոնիթորինգի խորհրդին և անտառների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնին,
ե) չմիջամտել և չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն գործունեությանը,
զ) ապահովել անտառների և անտառային հողերի վրա ներգործությունների, դրանց հետևանքների, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ գործողությունների վերաբերյալ տվյալների հավաքագրումը, կենտրոնացված հաշվառումը, մշակումը և պահպանումը,
է) ապահովել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի համաձայն իրականացվող անտառների պահպանության, պաշտպանության, անտառօգտագործման և վերականգնման, դրանց հետևանքների, ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և բացասական այլ երևույթների դեմ պայքարի միջոցառումների թափանցիկությունը:
(30-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 17.07.14 N 711-Ն, փոփ., խմբ. 17.01.19 N 10-Ն, փոփ. 10.10.19 N 1442-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |