ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/5366/05/14 |
Վարչական գործ թիվ ՎԴ/5366/05/14 |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան |
Դատավորներ՝ |
Ք. Մկոյան |
Ա. Առաքելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարդան Սարգսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` Ծառայության 04.08.2014 թվականի թիվ 1401954532 որոշումը, որպես ոչ իրավաչափ վարչական ակտ, մասնակիորեն` 8.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Վարդան Սարգսյանը պահանջել է մասնակիորեն` 8.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասով անվավեր ճանաչել Ծառայության 04.08.2014 թվականի թիվ 1401954532 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Սարգսյան) (այսուհետ` Դատարան) 03.12.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2015 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.12.2014 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչաիրավական հարաբերություններում անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին տրվում է հետադարձ ուժ միայն փոփոխություն նախատեսող իրավական ակտում հետադարձ ուժի հանգամանքը սահմանելու արդյունքում: Հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածը կարող է կիրառելի դառնալ միայն այդ պարագայում, մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքով տվյալ հարաբերությունների համար հետադարձ ուժ չի նախատեսվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշումը և «կայացնել նոր որոշում»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Ծառայության 04.08.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401954532 որոշման համաձայն՝ Վարդան Սարգսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և տուգանվել 10.000 ՀՀ դրամով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի կատարման համար, քանի որ վերջինս երթևեկելիս 21.06.2014 թվականին գերազանցել է սահմանված արագությունը 2 կմ/ժ-ով (հատոր 1-ին, գ.թ. 8):
2. Ծառայության պետի 05.09.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին 04.08.2014 թվականի թիվ 1401954532 որոշումը անփոփոխ, իսկ վարչական բողոքն առանց բավարարման թողնելու մասին» թիվ 17-4-14558 որոշման համաձայն՝ Վարդան Սարգսյանը դիմումով խնդրել է վերանայել «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401954532 որոշումը, որի վերանայման արդյունքում Ծառայության պետը որոշել է նշված որոշումը թողնել անփոփոխ, իսկ վարչական բողոքը՝ առանց բավարարման, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը հետադարձ ուժ չի նախատեսել, հետևաբար չի տարածվում այդ ակտի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա (հատոր 1-ին, գ.թ. 9):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերի՝ հետադարձ ուժով գործողության մասին, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
- արդյո՞ք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտն ունի հետադարձ ուժ այն պայմաններում, երբ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքը չի նախատեսում այդ ակտին հետադարձ ուժ հաղորդելու վերաբերյալ որևէ դրույթ, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված է, որ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում ունեն հետադարձ ուժ:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում (...):
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների (...) գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե նույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ սահմանադրական դատարանը, 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-1000 որոշմամբ անդրադառնալով իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից»:
ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչված որոշմամբ ընդգծել է նաև, որ 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված նորմը սահմանադրական մակարդակով կարգավորում է ինչպես անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող օրենքների, այնպես էլ այլ իրավական ակտերի` ժամանակի մեջ գործողությունը, և, ըստ այդմ` այդ դրույթը հասցեագրված է ինչպես օրենսդրին, այնպես էլ՝ այլ իրավաստեղծ մարմիններին: Այդ նորմի իրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այն իրավական ակտն ընդունող մարմնի հայեցողությանն է թողնում անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելը: Միաժամանակ այս նորմը սահմանում է այդ հայեցողությունն իրացնելու ընթացակարգը, այն է` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում իրավական ակտն ընդունող մարմինը, իրացնելով իրեն Սահմանադրությամբ տրված հայեցողական լիազորությունը, տվյալ իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու նպատակահարմարության դեպքում տվյալ ակտում ամրագրում է այդ ակտին հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթ: Նշված հայեցողությունն իրացնելու այս ընթացակարգն ինքնանպատակ չէ և տրամաբանորեն բխում է Սահմանադրությամբ` իրավական ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնակարգման ընդհանուր տրամաբանությունից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաև այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար անձի պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող իրավական ակտերի հետադարձ ուժի խնդրին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է թիվ ՎԴ/8645/05/11 վարչական գործով 04.07.2013 թվականի որոշման շրջանակներում: Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես արձանագրել է հետևյալը.
- «(...) եթե վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքը նախատեսում էր ավելի խիստ պատասխանատվություն, քան նախատեսված է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքով (պատասխանատվությունը մեղմացնող օրենք), ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքին համապատասխան, եթե պատասխանատվությունը մեղմացնող օրենքով վերջինիս հետադարձ ուժ տրված չէ,
- եթե վարչական իրավախախտումը կատարելու ժամանակ գործած օրենքը նախատեսում էր ավելի խիստ պատասխանատվություն, քան նախատեսված է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքով (պատասխանատվությունը մեղմացնող օրենք), ապա վարչական տույժը նշանակվում է իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացնելու պահին գործող օրենքին համապատասխան, եթե այդ օրենքով վերջինիս տրված է հետադարձ ուժ (...)» (տե՛ս «Արմենիա հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Աբրահամյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության թիվ ՎԴ/8645/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ իրավական ակտը պատասխանատվությունը մեղմացնող է, եթե սանկցիայում նախատեսված պատասխանատվության տեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատասխանատվության տեսակով: Ընդ որում, տուգանքների դեպքում պատասխանատվությունը մեղմացնող է դիտվում այն դրույթը, որով նախկինում գործող տուգանքը փոխարինվել է նվազ չափի տուգանքով (տե՛ս ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Վալերի Ցականյանի թիվ ՎԴ/3135/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով վկայակոչված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անձի իրավական վիճակը բարելավող, տվյալ դեպքում՝ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերն ունեն հետադարձ ուժ, եթե օրենսդիրը նախատեսել է այն: Ընդ որում, օրենքին հետադարձ ուժ հաղորդելու օրենսդրի կամքը պետք է հստակ ամրագրում ստացած լինի:
Անձի իրավական վիճակը բարելավող օրենքին հետադարձ ուժ տալու օրենսդրի հայեցողական լիազորության իրացումը պետք է հետևի այնպիսի սկզբունքային դրույթների, ինչպիսիք են իրավական որոշակիության սկզբունքը, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների պահպանման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման և մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը սահմանել է, որ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում ունեն հետադարձ ուժ, այսինքն` վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում տարածվում են նաև այդ ակտերի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա: Այլ կերպ ասած՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից ուղղակիորեն հետևում է, որ նշված օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն՝ անկախ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերում դրանց հետադարձ ուժ տվող հատուկ դրույթի առկայության կամ բացակայության հանգամանքից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանելով վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերի բոլոր դեպքերում հետադարձ ուժ ունենալու կանոն` օրենսդիրն իրացրել է անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու իր հայեցողական լիազորությունը՝ հաշվի առնելով հանրային շահը, իրավական որոշակիության սկզբունքը, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների պահպանման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման և մարդու իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը:
Փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրը հստակորեն արտահայտել է իր կամքը՝ նշված օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքների՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության վերաբերյալ` ամրագրելով, որ նույն օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում տարածվում են նաև այդ ակտերի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա՝ անկախ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող կոնկրետ օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի բացակայությունից:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կամ լրացում նախատեսող բոլոր այն ակտերը, որոնք մեղմացնում կամ վերացնում են վարչական իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվությունը, ունեն հետադարձ ուժ՝ անկախ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող կոնկրետ օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի առկայության կամ բացակայության հանգամանքից, քանի որ այդ ակտերում դրանց հետադարձ ուժ տալու մասին դրույթ ներառելու անհրաժեշտությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորման պարագայում բացակայում է: Ընդ որում, պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքում դրան հետադարձ ուժով գործողության վերաբերյալ դրույթի բացակայությունը չի կարող դիտարկվել որպես այդ ակտի՝ հետադարձ ուժի գործողության արգելք, քանի որ դա կհակասի իրավական որոշակիության և օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների պահպանման անհրաժեշտության սկզբունքներին:
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող օրենքի՝ ժամանակի մեջ գործողության հետևյալ կանոններով.
- ընդհանուր կանոնի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ գործող օրենքով,
- եթե մինչև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշման ընդունումն ուժի մեջ է մտել տվյալ իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենք, ապա վարչական իրավախախտում կատարած անձին պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող օրենքով՝ անկախ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող կոնկրետ օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի առկայության կամ բացակայության հանգամանքից:
Վերոգրյալ իրավանորմերի համադրված վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի ժամանակի մեջ գործողության կանոնակարգմանը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մինչև 21.06.2014 թվականը գործող խմբագրությամբ 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է եղել, որ երթևեկության սահմանված արագությունը 1-10կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
21.06.2014 թվականին ընդունված և 26.07.2014 թվականից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ թիվ ՀՕ-78-Ն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով»: Ընդ որում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքն այդ ակտի հետադարձ ուժով գործողության մասին որևէ դրույթ չի պարունակում:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման համար վարչական պատասխանատվությունը մեղմացնող ակտ, քանի որ այդ ակտով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով 124.4-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայում նախատեսված պատասխանատվության միջոցի՝ տուգանքի չափը նվազել է. եթե մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելու համար նախատեսված էր տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ապա նշված օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այդ նույն արարքի համար նախատեսված է տուգանք՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով:
Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը՝ որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման համար վարչական պատասխանատվությունը մեղմացնող ակտ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, ունի հետադարձ ուժ և տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա՝ անկախ նշված օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի բացակայության հանգամանքից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Վարդան Սարգսյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է մասնակիորեն` 8.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասով, անվավեր ճանաչել Ծառայության 04.08.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401954532 որոշումը: Նշված որոշմամբ Վարդան Սարգսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության և տուգանվել 10.000 ՀՀ դրամով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի կատարման համար, քանի որ վերջինս երթևեկելիս 21.06.2014 թվականին գերազանցել է սահմանված արագությունը 2 կմ/ժ-ով:
Ծառայությանը ներկայացրած դիմումով Վարդան Սարգսյանը խնդրել է վերանայել «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401954532 որոշումը, քանի որ սահմանված տուգանքի չափը պետք է հաշվարկվեր նոր օրենքի համաձայն:
Ծառայության պետ Ա. Գալստյանը 05.09.2014 թվականի որոշմամբ Ծառայության «Վարչական տույժ նշանակելու մասին» 04.08.2014 թվականի թիվ 1401954532 որոշումը թողել է անփոփոխ, իսկ վարչական բողոքը` առանց բավարարման՝ պատճառաբանելով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը հետադարձ ուժ չի նախատեսել, հետևաբար չի տարածվում այդ ակտի ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա:
Սույն գործով Դատարանը, հայցը բավարարելով, վճռի հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Ծառայությունը Վարդան Սարգսյանին վարչական պատասխանատվության ենթարկելիս պարտավոր էր առաջնորդվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոչ թե մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող, այլ նույն հոդվածի՝ վիճարկվող վարչական ակտի ընդունման օրվա (04.08.2014 թվականի) դրությամբ գործող խմբագրությամբ: Ըստ Դատարանի՝ Ծառայության 04.08.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401954532 որոշման ընդունման օրվա դրությամբ գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի կիրառման դեպքում Վարդան Սարգսյանի նկատմամբ նշանակված տուգանքի չափը կկազմեր ոչ թե 10.000 ՀՀ դրամ, այլ` 2.000 ՀՀ դրամ, ուստի վիճարկվող վարչական ակտը՝ 8.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասով, ենթակա է անվավեր ճանաչման:
Վերաքննիչ դատարանը, Ծառայության վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի վճիռը թողելով անփոփոխ, վերահաստատել է Դատարանի վերոգրյալ եզրահանգումները: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «(...) «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-78-Ն ՀՀ օրենքով մեղմացվել է սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելու համար նախատեսված պատասխանատվությունը, ինչը (...) պետք է գնահատվի որպես պատասխանատվությունը մեղմացնող և հետադարձ ուժ ունեցող իրավական ակտ (...)»։
Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ օրենսդիրը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանելով, որ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը բոլոր դեպքերում ունեն հետադարձ ուժ, իրացրել է անձի իրավական վիճակը բարելավող կամ պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու իր հայեցողական լիազորությունը: Հետևաբար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կամ լրացում նախատեսող բոլոր այն ակտերը, որոնք մեղմացնում կամ վերացնում են վարչական իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվությունը, ունեն հետադարձ ուժ՝ անկախ պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող կոնկրետ օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի առկայության կամ բացակայության հանգամանքից, քանի որ այդ ակտերում դրանց հետադարձ ուժ տալու մասին դրույթ ներառելու անհրաժեշտությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրավակարգավորման պարագայում բացակայում է: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտման համար վարչական պատասխանատվությունը մեղմացնող ակտ է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը, որն ունի հետադարձ ուժ և տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց առաջ կատարված իրավախախտումների վրա՝ անկախ նշված օրենքում դրան հետադարձ ուժ տալու վերաբերյալ դրույթի բացակայության հանգամանքից:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքը տարածվում է նաև դրա ուժի մեջ մտնելուց առաջ կատարված վարչական իրավախախտումների վրա: Հետևաբար Վարդան Սարգսյանի կողմից 21.06.2014 թվականին կատարված վարչական իրավախախտման՝ սահմանված արագությունը 2 կմ/ժ-ով գերազանցելու համար վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելիս Ծառայությունը պետք է առաջնորդվեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի՝ ոչ թե մինչև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող, այլ նույն հոդվածի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքով փոփոխված խմբագրությամբ:
Փաստորեն, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքին՝ որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման համար նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող ակտի, պետք է տրվեր հետադարձ ուժ: Այլ կերպ ասած՝ Ծառայությունը, 04.08.2014 թվականին կայացնելով «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401954532 որոշումը, պետք է Վարդան Սարգսյանի նկատմամբ նշանակվող տուգանքի չափի հաշվարկման համար հիմք ընդուներ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 21.06.2014 թվականի թիվ ՀՕ-78-Ն օրենքի 3-րդ հոդվածով փոփոխված տարբերակը, որպիսի պայմաններում նշանակվող տուգանքի չափը կկազմեր ոչ թե 10.000 ՀՀ դրամ, այլ` 2.000 ՀՀ դրամ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը՝ Ծառայության 04.08.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401954532 որոշումը, ընդունվել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ և ենթակա էր անվավեր ճանաչման: Հետևաբար ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերով իրավացիորեն են եզրահանգել, որ Ծառայության 04.08.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401954532 որոշումը մասնակիորեն` Վարդան Սարգսյանի նկատմամբ 8.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ոչ իրավաչափ վարչական ակտ է և այդ մասով պետք է ճանաչվի անվավեր:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը, մասնակիորեն անվավեր ճանաչելով Ծառայության 04.08.2014 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1401954532 որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի նշված վճիռը, կայացրել են գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Ծառայության կողմից վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.05.2015 թվականի որոշումը թողնել անփոփոխ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Ե. Սողոմոնյան | |
Ն. Տավարացյան |