ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մարտի 2016 թվականի N 242-Ն
ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օդանավի անձնակազմի անդամների համազգեստի նկարագիրը և կրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. մարտի 15 Երևան |
Հավելված |
ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են օդանավի անձնակազմի անդամների համազգեստի նկարագիրը և այն կրելու հետ կապված հարաբերությունները:
2. Օդանավի անձնակազմի անդամները համազգեստը կրում են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:
3. Համազգեստը պետք է համապատասխանի սույն կարգի պահանջներին և լինի անթերի վիճակում:
4. Ընդհանուր համազգեստի գունային և ոճային չափորոշիչները որոշվում են ավիաընկերության կողմից:
5. Օդանավի անձնակազմը բաղկացած է թռիչքային անձնակազմի անդամներից՝ օդանավի հրամանատար (օդաչու), շտուրման, բորտինժեներ, բորտռադիստ (այսուհետ՝ թռիչքային անձնակազմի անդամներ), և սրահի անձնակազմի անդամներից՝ բորտօպերատոր, բորտուղեկցորդ (այսուհետ՝ սրահի անձնակազմի անդամներ):
II. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՍՐԱՀԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
6. Թռիչքային անձնակազմի անդամների և սրահի անձնակազմի անդամների համազգեստները պետք է նախագծվեն համապատասխան ավիաընկերության կողմից:
7. Համազգեստի գործվածքը և կառուցվածքը պետք է լինեն հարմարավետ ու չպետք է խոչընդոտեն անձնակազմի անդամների ծառայողական պարտականությունների կատարմանը:
8. Ավիաընկերությունների կողմից պետք է հաշվի առնվեն տեղական և նշանակման վայրերի կլիմայական ու եղանակային պայմանները` կլիմայական փոփոխությունների դեպքում համազգեստի դյուրին համապատասխանեցման նպատակով:
9. Հրամանատարի, 2-րդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների և բորտռադիստի պիջակի թևքերի և վերնաշապիկի ուսադիրների վրա տարբերանշանների առկայության դեպքում դրանք պետք է արտացոլեն կոչումները. հրամանատարի համար՝ չորս ոսկեգույն գծերով, իսկ 2-րդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների և բորտռադիստի համար՝ երեք ոսկեգույն գծերով:
10. Կոշիկները պետք է լինեն հարմարավետ:
11. Մետաղյա կրծքանշանների և այլ պարագաների նախատեսման դեպքում պետք է հաշվի առնվեն անվտանգության նկատառումները:
12. Համազգեստը պետք է լինի քաղաքացիական հագուստից տարբերվող և արտակարգ իրավիճակներում հեշտ ճանաչելի:
13. Սրահի անձնակազմի անդամների համազգեստը կարող է ունենալ ազգային հագուստի առանձին տարրեր:
III. ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ՍՐԱՀԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
14. Համազգեստը պետք է կրել մաքուր, հարդարված և արդուկված վիճակում:
15. Ամառային և ձմեռային համազգեստի անցնելը հայտարարվում է ավիաընկերության կողմից:
IV. ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ
16. Սույն բաժնում ներկայացվում են օդանավի անձնակազմի անդամների համազգեստների տարրերի նկարները՝
1) հրամանատարի համար նախատեսված թևքերի վրայի տարբերանշաններ՝ չորս ոսկեգույն գծերով.
2) 2-րդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների և բորտռադիստի համար նախատեսված թևքերի վրայի տարբերանշաններ՝ երեք ոսկեգույն գծերով.
3) հրամանատարի համար նախատեսված ուսադիրներ՝ չորս ոսկեգույն գծերով.
4) 2-րդ օդաչուի, շտուրմանի, բորտինժեների և բորտռադիստի համար նախատեսված ուսադիրներ՝ երեք ոսկեգույն գծերով.
: |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |