Գլխավոր տեղեկություն
Номер
N 264-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.03.2014-04.11.2014)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.02.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.03.2014
Дата вступления в силу
19.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 փետրվարի 2014 թվականի N 264-Ա

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտի կառավարումն արդյունավետ իրականացնելու և համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ:

2. Հաստատել`

1) ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի նախագահին` յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի աշխատանքների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի առաջին նիստը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2014 թ. մարտի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 13-ի N 264-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

 Գ. Բեգլարյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, խորհրդի նախագահ
 Վ. Տերտերյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
 Պ. Սաֆարյան -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
 Գ. Բադալյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 Խ. Հակոբյան -ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
 Ա. Այվազյան ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
 Ե. Կիրակոսյան

-ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 Դ. Կարապետյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
 Ս. Հովհաննիսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

փետրվարի 13-ի N 264-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈԼՈՐՏԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 1. Սույն աշխատակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոլորտը համակարգող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Խորհուրդը միջգերատեսչական խորհրդակցական մարմին է, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոլորտում իրականացվող միջոցառումների համակարգումը (այդ թվում՝ տեղեկատվության փոխանակումը), մշտադիտարկման իրականացման ամփոփումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումն է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

3. Խորհրդի գործառույթներն են`

1) ընդհանուր օգտագործման բոլոր ճանապարհների (ներառյալ համայնքային ենթակայության) նկատմամբ սահմանված ստանդարտների միասնական իրականացման, ինչպես նաև ճանապարհային ոլորտի քաղաքականության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

2) ճանապարհների կառուցման, շահագործման և պահպանման տարեկան ծրագրերի կազմման աշխատանքների համակարգումը.

3) ճանապարհային ոլորտի միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը.

4) ճանապարհային ակտիվների կառավարման համակարգի ներդրման համակարգումը.

5) ճանապարհների պահպանման պլանավորման գործընթացի մշտադիտարկումը.

6) ճանապարհների կառուցման, շահագործման և պահպանման տարեկան ծրագրերի իրականացման մշտադիտարկումը.

7) ճանապարհային ոլորտի բնագավառում միջոցառումների իրականացման գործընթացում պետական և մասնավոր, ինչպես նաև միջազգային համագործակցության համակարգումը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 5-րդ կետին համապատասխան:

5. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է հրատապ հարցերի ու խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը:

7. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նիստի նախագահողի ձայնը վճռորոշ է:

8. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է որոշմանը:

9. Խորհրդի անդամներն օրակարգի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են խորհրդի քարտուղարություն նիստից առնվազն 7 աշխատանքային օր առաջ: Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և սույն աշխատակարգի 11-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

10. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է խորհրդի քարտուղարը:

11. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են հրավիրվել պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև շահառու խմբերի ներկայացուցիչներ:

12. Խորհրդի նիստերին կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

13. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման մասին քարտուղարի զեկուցմամբ:

14. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է խորհրդի քարտուղարը:

15. Հարցի քննարկման ընթացքում խորհրդի անդամների կողմից նոր առաջարկներ ներկայացնելու կամ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է հաջորդ նիստ: Քարտուղարությունը պարտավոր է ապահովել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև ներկայացված առաջարկությունների վերլուծությունը:

16. Խորհրդի նիստերն արձանագրվում են քարտուղարության կողմից:

17. Խորհրդի նիստերի արձանագրություններն ստորագրում է խորհրդի նիստը նախագահողը և քարտուղարը:

18. Խորհրդի արձանագրությունը և որոշումները նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարությունը տրամադրում է խորհրդի անդամներին:

19. Խորհուրդը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

20. Խորհրդի նախագահը`

1) հրավիրում է խորհրդի նիստերը.

2) վարում է խորհրդի նիստերը.

3) ստորագրում է խորհրդի որոշումները.

4) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.

5) հանձնարարականներ է տալիս քարտուղարությանը.

6) բաշխում է պարտականությունները խորհրդի անդամների միջև.

7) ներկայացնում է խորհուրդն այլ կազմակերպություններում կամ հանձնարարում է խորհրդի անդամներին խնդիրները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ միջազգային կազմակերպությունների հետ իրականացնել քննարկումներ:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

21. Խորհրդի գործունեության կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը, որը գլխավորում է խորհրդի քարտուղարը: Խորհրդի քարտուղարի պարտականությունները խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարը կամ նրա տեղակալը: Խորհրդի քարտուղարությունը «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է:

22. Խորհրդի քարտուղարությունը`

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի մշակումը.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած առաջարկությունները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին:

7) իրականացնում է սույն որոշմամբ սահմանված այլ լիազորություններ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան