Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
24 դեկտեմբերի 2015 թվականի N 56
13. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ երիտասարդական աշխատողի ինստիտուտի կանոնակարգին՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի նիստի N 56 |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
I. Ներածություն
1. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի երիտասարդական աշխատողի պատրաստման համակարգ, ինչը բացասաբար է անդրադառնում երիտասարդական պետական քաղաքականության, երիտասարդական պետական ծրագրերի իրականացման գործընթացի արդյունավետության վրա: Հայաստանում երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է կանոնակարգել երիտասարդական աշխատողի ինստիտուտի նպատակն ու խնդիրները, երիտասարդական աշխատողի գործունեության ոլորտը, ինչպես նաև երիտասարդական աշխատողի պատրաստման և վերապատրաստման մեթոդներն ու գործիքները:
2. Վերջին երեք տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր երկրներում հասարակական և համայնքային կյանքի բարելավման հարցերում կարևոր գործոն է երիտասարդական աշխատանքը: Հայաստանի անկախացումից հետո երիտասարդական հասարակական մի շարք կազմակերպություններ սկսել են իրականացնել երիտասարդական աշխատանք:
3. Երիտասարդական աշխատանքի զարգացման վերաբերյալ պետական ծրագրի առկայությունը կմիավորի երիտասարդներին աջակցելու պետության և առանձին կազմակերպությունների ջանքերը, կխթանի երիտասարդների ակտիվ մասնակցությունը համայնքային հարցերում, նրանց անհատական զարգացումը, կնպաստի երիտասարդական աշխատանքի ճանաչելիությանը:
II. Ընդհանուր դրույթներ
4. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում երիտասարդական աշխատողի ինստիտուտի նպատակն ու խնդիրները, երիտասարդական աշխատողի գործունեության ոլորտը, երիտասարդական աշխատողի պատրաստման և վերապատրաստման համակարգը:
5. Երիտասարդական աշխատանքը երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորման գործիք է: Այն ներառում Է երիտասարդների հետ, երիտասարդների համար և երիտասարդների կողմից իրականացվող սոցիալական, մշակութային, կրթական, քաղաքացիական և քաղաքական բնույթի միջոցառումներ: Սրանք հիմնականում կրթական համակարգից դուրս իրականացվող միջոցառումներ են, որոնք կրում են հաճախ ոչ ֆորմալ բնույթ:
6.Երիտասարդական աշխատանքի հիմնական խնդիրներից մեկն է երիտասարդների համար իրենց ապագան կերտելու հնարավորությունների ստեղծմանն աջակցելը:
7. Երիտասարդական աշխատանքը տարբեր ձևաչափեր ու բովանդակություն կարող է ունենալ՝ սկսած երիտասարդական կենտրոններից, մարզական միջոցառումներից մինչև սոցիալական ձեռներեցություն, քաղաքացիական ակտիվիզմ, ժամանցի կազմակերպում և այլն:
III. Հիմնական հասկացություններ
8.Սույն կանոնակարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) երիտասարդ՝ Հայաստանի Հանրապետության 16-30 տարեկան (ներառյալ) քաղաքացի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակվող և բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող 16-30 տարեկան (ներառյալ) օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում.
2) երիտասարդական հասարակական կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական այն կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրության համաձայն զբաղվում են երիտասարդության հարցերով և/կամ իրականացնում են երիտասարդական աշխատանք.
3) երիտասարդական աշխատանք՝ երիտասարդների, երիտասարդական խմբերի հետ տարվող աշխատանք կամ աշխատանք, որն ուղղված է երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը.
4) երիտասարդական աշխատող՝ անձ, որն իրականացնում է երիտասարդական աշխատանք՝ նպաստելու երիտասարդների անհատական, սոցիալական և կրթական աճին, զարգացնելու նրանց ներուժը և օգնելու երիտասարդներին լիարժեք հաստատվելու հասարակության մեջ:
IV. Նպատակը և խնդիրը
9. Կանոնակարգի նպատակն է՝
1) խթանել Հայաստանում երիտասարդական աշխատանքի ինստիտուցիոնալ զարգացումը այս ոլորտում առկա գիտելիքների և կուտակված հմտությունների հիման վրա՝ հաշվի առնելով միջազգային փորձը.
2) կայացնել երիտասարդական աշխատողի ինստիտուտը:
10. Կանոնակարգի խնդիրն է՝
1) երիտասարդական աշխատանքի ճանաչելիության ապահովումը բոլոր մակարդակներում.
2) երիտասարդական աշխատողի հմտությունների և կարողությունների կատարելագործման շարունակական ապահովումը.
3) երիտասարդական աշխատանքի արդյունավետության բարձրացման ապահովումը:
V. Երիտասարդական աշխատողի գործունեությունը
11. Երիտասարդական աշխատողը իրազեկ է երիտասարդության իրական կյանքին, նրա տեղական պայմաններին, կարող է գնահատել իրավիճակը և երիտասարդ մարդկանց կարիքները, ընտրել և կիրառել աշխատանքի համապատասխան մեթոդներ, իրականացնել կատարվող աշխատանքի ազդեցության վերլուծություն:
12. Երիտասարդական աշխատողն աշխատում է երիտասարդների և երիտասարդական խմբերի հետ, մշակում, իրականացնում և գնահատում է երիտասարդական ծրագրեր ու նախագծեր, համագործակցում է տարբեր ոլորտների շահագրգիռ անձանց, խմբերի և կազմակերպությունների հետ:
13. Երիտասարդական աշխատողն ակտիվորեն մասնակցում է հասարակական գործընթացներին, օժանդակում է հասարակական գործընթացներին երիտասարդության ներգրավվածության մակարդակի բարձրացմանը և մասնակցության խթանմանը։
VI. Երիտասարդական աշխատողի պատրաստումն ու վերապատրաստումը
14. Երիտասարդական աշխատողի պատրաստումը և վերապատրաստումը կարող են կազմակերպվել երեք կրթական մեթոդների՝ ֆորմալ կրթական մոդուլների, ոչ ֆորմալ կրթության և էլեկտրոնային ուսուցման համադրությամբ:
15. Քանի որ երիտասարդական աշխատանքը հիմնականում կիրառում է ոչ ֆորմալ կրթության գործիքարանը, այս ոլորտի մասնագետների պատրաստումը ևս պետք է հիմնականում հիմնված լինի ոչ ֆորմալ կրթության սկզբունքների և մեթոդական մոտեցումների կիրառման վրա:
16. Արդի հասարակության մեջ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (այսուհետ՝ ՏՀՏ) դարձել են կարևոր գործոն, ինչպես նաև երիտասարդական աշխատանքը նույնպես ներգրավում է ավելի ու ավելի մեծ ծավալների ՏՀՏ գործիքներ (գործընթացների կազմակերպման և վերահսկման առցանց (օնլայն) հարթակներ (պլատֆորմ), էլեկտրոնային կառավարում, էլեկտրոնային մասնակցություն, բազմազան սոցիալական ցանցեր, առցանց գործիքներ և այլն): Համապատասխանաբար կարևորվում է նաև երիտասարդական աշխատանքի մասնագետների պատրաստման և վերապատրաստման գործընթացները նույնպես էլեկտրոնային ուսուցման տարրերով համալրումը, ինչպես նաև ՏՀՏ արդի գործիքարանին ծանոթացման և դրա կիրառման մոդուլների ներառումը:
17. Առանձնահատուկ կարևորություն պետք է տրվի նաև ուսուցողական և գործնական աշխատանքների համադրմանը, քանի որ ստացված գիտելիքները և մեթոդները հնարավոր է լիովին յուրացնել միայն երիտասարդության ոլորտում երիտասարդների տարբեր համայնքների հետ գործնական աշխատանքների իրականացման պարագայում:
18. Երիտասարդական աշխատանքի մասնագետների պատրաստումը կարող է ներառել բազային կուրս, որը կկազմակերպվի երկարաժամկետ բազմափուլ ուսուցման ֆորմատով: Ծրագիրը բաղկացած կլինի մի քանի առկա դասընթացներից, որոնց միջև ընկած ժամանակահատվածում մասնակիցները կաշխատեն իրենց գործնական առաջադրանքների վրա, ինչպես նաև կանցնեն էլեկտրոնային հեռավար ուսուցում ծրագրի համար նախագծված և կառուցված համապատասխան էլեկտրոնային ուսուցման հարթակում:
19. Բազային կուրսից բացի՝ կարող են նախագծվել նաև թեմատիկ դասընթացներ երիտասարդական աշխատանքի տարբեր մասնագիտական ոլորտների, ինչպես նաև որոշակի հատուկ թիրախ խմբերի (օրինակ՝ գյուղական երիտասարդություն, հաշմանդամություն ունեցող անձինք, փախստականներ) և համայնքների հետ աշխատանքի ոլորտներում: Այս թեմատիկ դասընթացները կարող են կիրառվել ոչ միայն երիտասարդական աշխատանքի մասնագետների պատրաստման, այնպես էլ վերապատրաստման նպատակներով:
20. Երիտասարդական աշխատողի պատրաստման և վերապատրաստման գործընթացը կազմակերպում և համակարգում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն):
21. Երիտասարդական աշխատողի պատրաստման և վերապատրաստման կարգը, ծրագիրն ու ուսումնական ուղեցույցը մշակում է Նախարարությունը:
22. Երիտասարդական աշխատողի պատրաստման և վերապատրաստման ծրագիրն ու ուղեցույցը կազմվում են երիտասարդական աշխատողի և աշխատանքի մասին հետազոտության և միջազգային փորձի ուսումնասիրության համադրմամբ:
23. Երիտասարդական աշխատողի պատրաստման և վերապատրաստման մասին Նախարարությունը պաշտոնական գրությամբ տեղեկացնում է համապատասխան շահագրգիռ մարմիններին, ինչպես նաև իր պաշտոնական կայքում տեղադրում է հայտարարություն՝ նշելով դիմումների ընդունման վերջնաժամկետի, վերապատրաստման օրերի, վայրի մասին:
24. Երիտասարդական աշխատողը պատրաստմանը և վերապատրաստմանը մասնակցելու համար պետք է Նախարարություն ներկայացնի համապատասխան դիմում: Դիմումին կից ներկայացվում է ինքնակենսագրություն:
25. Երիտասարդական աշխատողի հերթական վերապատրաստումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
26. Պատրաստման և վերապատրաստման արդյունքում երիտասարդական աշխատողին տրվում է վկայական, որի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի անհատական հրամանով:
27. Պատրաստման և վերապատրաստման արդյունքում երիտասարդական աշխատողին տրվող վկայականների հաշվառման մատյանը վարում է Նախարարությունը:
