ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0583/02/11 |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0583/02/11 |
Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան |
Դատավորներ՝ |
Ս. Միքայելյան |
Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի ապրիլի 05-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սուսաննա Պապոյանի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ Արևիկ Պապոյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Բաբայանի հայցի ընդդեմ Սուսաննա Պապոյանի, Վանաձորի նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանի և երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արևիկ Պապոյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Բաբայանը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի Շիրվանզադե փողոցի թիվ 1 հասցեում գտնվող տնատիրության նկատմամբ Սուսաննա Պապոյանին 22.07.2011 թվականին տրված թիվ 3193 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա 26.07.2011 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Արևիկ Պապոյանին ճանաչել Վանաձորի Շիրվանզադե փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ամբողջ տնատիրության նկատմամբ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Բ.Գրիգորյան) (այսուհետ՝ Դատարան) 06.06.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.10.2012 թվականի որոշմամբ Սուսաննա Պապոյանի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 06.06.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուսաննա Պապոյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արևիկ Պապոյանի օրինական ներկայացուցիչ Լուսինե Բաբայանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 8-րդ, 19-րդ, 25-րդ, 31-րդ, 34-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 305-րդ, 1216-րդ, 1221-րդ հոդվածները, 1225-րդ հոդվածի 5-րդ կետը, 1226-րդ, 1227-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ, 52-րդ, 53-րդ, 78-րդ, 112-րդ, 130-132-րդ, 145-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը 27.04.2012 թվականի գործի վարույթը վերսկսելու և 29.05.2012 թվականի ժամը 10:00-ին քննության նշանակելու մասին որոշումը պատշաճ ձևով օրենքով սահմանված կարգով չի ուղարկել Սուսաննա Պապոյանին, վերջինս պատշաճ ձևով չի տեղեկացվել 29.05.2012 թվականի ժամը 10:00-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ:
Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել և չի անդրադարձել Սուսաննա Պապոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում արծարծված վերը նշված փաստերին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 16.12.2011 թվականի լիազորագրով Սուսաննա Պապոյանը երեք տարի ժամկետով լիազորել է փաստաբան Վարդան Զուռնաչյանին դատարանում իր անունից կատարելու դատավարական գործողություններ (հատոր 2-րդ, գ.թ.2)։
2. Դատարանի 16.02.2012 թվականի որոշմամբ կասեցվել է քաղաքացիական գործի վարույթը (հատոր 2-րդ, գ.թ.27)։
3. Դատարանի 27.04.2012 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է քննության 29.05.2012 թվականի ժամը 10:00-ին (հատոր 2-րդ, գ.թ.36)։
4. 29.05.2012 թվականին նշանակված դատաքննությունն ավարտվել է, և 06.06.2012 թվականի ժամը 17:00-ին նշանակվել է վճռի հրապարակում (հատոր 2-րդ, գ.թ.36)։
5. 29.05.2012 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Սուսաննա Պապոյանի (կամ նրա ներկայացուցչի) պատշաճ ձևով տեղեկացված լինելու մասին քաղաքացիական գործում որևէ ապացույց առկա չէ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով։
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։
Վճռաբեկ դատարանը նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տես՝ Վերգուշ Վարդանյանի հայցն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում։
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 27.04.2012 թվականի քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու և 29.05.2012 թվականի ժամը 10:00-ին քննության նշանակելու մասին որոշումը օրենքով սահմանված կարգով գործին մասնակցող անձ Սուսաննա Պապոյանին կամ վերջինիս ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանին պատշաճ ձևով չի ուղարկվել, ինչպես նաև 29.05.2012 թվականի ժամը 10:00-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Սուսաննա Պապոյանի կամ վերջինիս ներկայացուցչի պատշաճ ձևով տեղեկացված լինելու մասին քաղաքացիական գործում որևէ ապացույց առկա չէ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ և 145-րդ հոդվածների պահանջներին համապատասխան 27.04.2012 թվականի քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով գործին մասնակցող անձ Սուսաննա Պապոյանին կամ վերջինիս ներկայացուցչին պատշաճ ձևով չի ուղարկել, ինչպես նաև Սուսաննա Պապոյանին կամ վերջինիս ներկայացուցչին պատշաճ ձևով չի տեղեկացրել 29.05.2012 թվականի ժամը 10:00-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեին Դատարանի կողմից ակտիվ գործողություններ ձեռնարկելու և բողոք բերած անձին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կերպով ծանուցելու փաստերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
Վերոնշյալ իրավանորմից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում (տես՝ Մարիամ Մանուկյանի հայցն ընդդեմ Արմեն Առաքելյանի և մյուսների թիվ 3-207(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 25.12.2009 թվականի որոշումը)։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս դատական ակտը չի վերանայել բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում` մասնավորապես չանդրադառնալով վերաքննիչ բողոքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման մասին հիմքին:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.01.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին, անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
Է. Հայրիյան |
Վ. ԱԲԵԼՅԱՆ | |
Ս. Անտոնյան | |
Վ. Ավանեսյան | |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Ե. Սողոմոնյան |