ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17804/02/18 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17804/02/18 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի ապրիլի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Պարգև Առաքելյանի հայցի ընդդեմ Հռիփսիմե Առաքելյանի` ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքով ընդունած ժառանգ ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ու ըստ Հռիփսիմե Առաքելյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Պարգև Առաքելյանի, երրորդ անձինք Երևան քաղաքի նոտարական տարածքի նոտար Հայկուհի Հարությունյանի և Կադաստրի կոմիտեի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու ու ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի որոշման դեմ Պարգև Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Պարգև Առաքելյանը պահանջել է ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքով իրեն ճանաչել իր մոր՝ Լիան Մանուկյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 11.04.2016 թվականին Հռիփսիմե Առաքելյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ու դրա հիման վրա Հռիփսիմե Առաքելյանի անվամբ 20.04.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հռիփսիմե Առաքելյանը պահանջել է իրեն ճանաչել Երևանի Բաշինջաղյան փողոցի 163-րդ շենքի թիվ 14 բնակարանում Լիան Մանուկյանի 4/15 բաժնի 1/2 բաժնի, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական գյուղում թիվ 07-015-0128-0022 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի և ՎԱԶ-210130 մակնիշի շարժական գույքի 4/6 բաժնի 1/2 բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ու որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 11.04.2016 թվականին Հռիփսիմե Առաքելյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.09.2020 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ պահանջից հրաժարվելու հիմքով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.04.2021 թվականի որոշմամբ Պարգև Առաքելյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.08.2021 թվականի որոշմամբ Պարգև Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.10.2023 թվականի որոշմամբ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Պարգև Առաքելյանի բողոքը բավարարվել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.08.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշման դեմ Պարգև Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պարգև Առաքելյանը (ներկայացուցիչ Գագիկ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասը, 61-րդ հոդվածի 1-ին մասը և 63-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին կետը, 1225-րդ հոդվածի 5-րդ կետը, 1226-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը ու 1227-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում թե՛ ըստ օրենքի, թե՛ ըստ կտակի ժառանգության ընդունման եղանակները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածով: Հիշյալ հոդվածը թե՛ ըստ օրենքի, թե՛ ըստ կտակի ժառանգության ընդունման եղանակներ է նախատեսում ժառանգության բացման վայրի նոտարին դիմում հանձնելը կամ ժառանգական գույքը փաստացի տիրապետելը և կառավարելը: Ժառանգության ընդունման նշված եղանակները վերաբերում են թե՛ ըստ օրենքի, թե՛ ըստ կտակի ժառանգության ընդունմանը: Ժառանգության իրավունքին վերաբերող օրենսդրությամբ հիշյալ կարգավորումից որևէ բացառություն նախատեսված չէ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ըստ կտակի ժառանգության դեպքում նույնպես ժառանգի կողմից ժառանգության ընդունմանն ուղղված վերոհիշյալ վարքագծի դրսևորումը բնականորեն օրինաչափ է, ինչից հետևում է, որ այս եղանակի կիրառման սահմանափակումը կհանգեցնի ժառանգական հարաբերությունների հիմքում ընկած հասարակական առումով բնական օրինաչափությունների գործողության խաթարման, որն անընդունելի է և չի կարող նպաստել այս հարաբերությունների արդյունավետ կարգավորմանն ու ժառանգման հիմնական իրավունքի լիարժեք կենսագործմանը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ժառանգությունը բացվելուց հետո վեց ամսվա ընթացքում ինքը կատարել է ժառանգական գույքի փաստացի տիրապետման և կառավարման այնպիսի գործողություններ, որոնք ապացուցում են, որ իր կամքն ուղղված է եղել ըստ կտակի ժառանգությունն ընդունելուն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշումը և սկզբնական հայցի մասով գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 08.07.2008 թվականին կտակ է կազմվել այն մասին, որ Լիան Մանուկյանը նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 163-րդ շենքի թիվ 14 բնակարանի՝ իրեն պատկանող մասը կտակում է Պարգև Առաքելյանին։ Նշված կտակն ստորագրել է կտակարար Լիան Մանուկյանը, և վավերացրել է «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Ռ․ Առաքելյանը (հատոր 1-ին, գ.թ. 63).
2) Լիան Մանուկյանը մահացել է 12.09.2015 թվականին, որի վերաբերյալ նույն օրը կատարվել է գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 64).
3) «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Հ. Հարությունյանի կողմից 11.04.2016 թվականին Լիան Մանուկյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել Հռիփսիմե Առաքելյանին: Ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 163-րդ շենքի թիվ 14 հասցեում գտնվող բնակարանի 1/6-րդ բաժնեմասից (հատոր 1-ին, գ.թ. 59).
4) Պարգև Առաքելյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Հռիփսիմե Առաքելյանի՝ պահանջելով ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքով իրեն ճանաչել իր մոր՝ Լիան Մանուկյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 11.04.2016 թվականին Հռիփսիմե Առաքելյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն ու դրա հիման վրա Հռիփսիմե Առաքելյանի անվամբ 20.04.2016 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 48-50, 192-196).
5) Դատարանը նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետը մեկնաբանելու արդյունքում 11.09.2020 թվականին վճիռ է կայացրել սկզբնական հայցը մերժելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ «Լիան Մանուկյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգ Պարգև Առաքելյանի կողմից իրականացված տիրապետման և կառավարման գործողությունները չեն կարող համարվել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու կամքի դրսևորում, հետևաբար՝ Պարգև Առաքելյանի հայցը՝ ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետման հիմքով ընդունած ճանաչելու պահանջի մասով անհիմն է և ենթակա է մերժման» (հատոր 1-ին, գ.թ. 192-196).
6) Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշմամբ Պարգև Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «Սույն գործով Դատարանը հաստատված է համարել այն չվիճարկված փաստերը, որ հայցվորը հանդիսացել է միաժամանակ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգ ու ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին չի ներկայացրել ըստ կտակի ժառանգության ընդունման մասին դիմում: Նույնանման փաստեր են առկա եղել նաև թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով հաստատված փաստերի կազմում, և այդ հիմքով Դատարանը միանգամայն իրավաչափ կերպով հղում է կատարել թիվ ԵԱՔԴ/1018/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011թ. որոշմամբ այն իրավական նորմերի վերաբերյալ կատարված մեկնաբանություններին, որոնք կարգավորում են ժառանգության ընդունման հետ կապված հարաբերությունները և հանգում են նրան, որ ըստ կտակի ժառանգություն կարող է ընդունվել բացառապես ժառանգության բացման վայրի նոտարին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով: Դատարանի կատարած հղումը վկայում է այն մասին, որ Դատարանը լիովին կիսել է ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումն ու վերջինիս մեկնաբանություններից շեղվելու համար բավարար և ծանրակշիռ հիմնավորումներ չի ունեցել: Նույնաբովանդակ է նաև խնդրո առարկա իրավական հարցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, և այն կրկնելու անհրաժեշտությունը բացակայում է» (հատոր 2-րդ, գ.թ. 74-77).
7) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.08.2021 թվականի որոշմամբ Պարգև Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է նաև այն պատճառաբանությամբ, որ «Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար»։ Ընդ որում, վճռաբեկ բողոք բերած անձ Պարգև Առաքելյանը վճռաբեկ բողոքում որպես դրա հիմք նշել էր նաև այն, որ «Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը» (հատոր 2-րդ, գ.թ. 132-139, 145-149).
8) Սահմանադրական դատարանը Պարգև Առաքելյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 12.07.2022 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1660 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ փաստացի տիրապետման կամ կառավարման, այդ թվում՝ իր հաշվին գույքը պահպանելու ծախսեր կատարելու միջոցով, ժառանգության ընդունման եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության դեպքում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը դիմողի նկատմամբ կիրառվել է նույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշումները, արձանագրել է, որ՝
- «Նման դիրքորոշումների պարագայում ըստ կտակի ժառանգների համար փաստացի գործողությունները փաստորեն վերածվում են իրավաբանական գործողությունների, այն է՝ նոտարին դիմելու միջոցով ժառանգության ընդունմանը: Մինչդեռ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակը ժառանգության ընդունման ինքնուրույն եղանակ է, որի իմաստն ու նշանակությունն այն է, որ նշված դեպքերում անհրաժեշտություն չկա ժառանգության ընդունման համար դիմել նոտարին»,
- «հաշվի առնելով Սահմանադրությունից բխող ըստ կտակի ժառանգման առաջնահերթությունը՝ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման պարագայում մնացած այլ պայմանների հավասարության դեպքում պետք է կիրառվի ժառանգությունն ըստ կտակի ընդունման կանխավարկածը»,
- «փաստացի տիրապետման կամ կառավարման միջոցով ժառանգությունն ընդունելու եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքերի համար: Ընդ որում՝ եթե ժառանգը միաժամանակ և՛ ըստ կտակի, և՛ ըստ օրենքի ժառանգ է, ապա փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով, մասնավորապես՝ գույքի պահպանման ծախսերն իր հաշվին կատարելու միջոցով ժառանգության ընդունման դեպքում սահմանադրաիրավական պահանջներին համահունչ պետք է գործի այն կանխավարկածը, որ ժառանգությունն ընդունվել է ըստ կտակի»,
- «Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ինչպես վիճարկվող, այնպես էլ Օրենսգրքի որևէ դրույթով չի սահմանափակվում ըստ կտակի ժառանգի իրավունքը՝ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ընդունելու ժառանգությունը, Օրենսգրքի տրամաբանությանը համապատասխան ժառանգության ընդունման եղանակներն ընդհանուր են ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության ընդունման համար, իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը, միջամտելով ըստ կտակի ժառանգների իրավունքներին, չի հետապնդել սեփականության իրավունքի սահմանափակման համար Սահմանադրությամբ նախատեսված որևէ նպատակ, սահմանափակելով փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ըստ կտակի ժառանգների իրավունքները՝ ըստ էության սահմանափակվում են նաև կտակային հանձնարարություններից բխող շահառուների իրավունքները, քանի որ, ըստ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, սահմանված ժամկետում ըստ կտակի ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու հարցով նոտարին չդիմելու պարագայում չի իրագործվի կտակով նախատեսված պահանջները, այդ թվում՝ կտակային հանձնարարությունները, փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակը միայն ըստ օրենքի ժառանգների համար նախատեսելու պարագայում կարող է անտեսվել ժառանգատուի կամահայտնությունը, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ, օրինակ, կտակով ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգները, առավելություն ունենալով ըստ կտակի ժառանգների համեմատ, ժառանգատուի կամքին հակառակ դառնան վերջինիս գույքի սեփականատերեր» (հատոր 3-րդ, գ.թ. 13-38).
9) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.10.2023 թվականի որոշմամբ դատական ակտը վերը նշված նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Պարգև Առաքելյանի բողոքը բավարարվել է՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.08.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայվել է, ու թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշման դեմ Պարգև Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը՝ արդյո՞ք ըստ կտակի ժառանգությունը կարող է ընդունվել նաև ժառանգված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ժառանգությունը կարգավորվում է նույն օրենսգրքով, իսկ դրանով նախատեսված դեպքերում` նաև այլ օրենքներով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձևով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին նույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը։
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կտակի ազատությունը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ըստ օրենքի ժառանգները ժառանգման են հրավիրվում նույն օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականությամբ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն՝ առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները: (…):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ժառանգի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով օրենսդիրը ժառանգի համար չի նախատեսել այդ կարգավիճակի ձեռք բերման որևէ գործընթաց: Անձը ժառանգ է դառնում անկախ որևէ գործողություն կատարելու հանգամանքից, օրենքի հիման վրա, ժառանգության բացման փաստի ուժով, երբ ժառանգատուն իր գույքը կամ դրա մի մասը, կտակի միակողմանի գործարքի ուժով, ժառանգում է վերջինիս, իսկ դրա բացակայության դեպքում, ժառանգի կարգավիճակ են ձեռք բերում ժառանգատուի ազգականները` ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-1219 հոդվածներով սահմանված հերթականության: Փաստորեն, ըստ օրենքի ժառանգման դեպքում օրենսդիրը ժառանգատու-ժառանգ հարաբերության հիմքում դրել է նրանց միջև գոյություն ունեցող ազգակցական կապը: Դրան համապատասխան, ըստ օրենքի ժառանգման հրավիրված անձի համար, ժառանգության բացված լինելու փաստին տեղյակ լինելու դեպքում, օբյեկտիվ հնարավորություն է ստեղծվում իրազեկվել ժառանգի կարգավիճակ ձեռք բերած լինելու մասին և դրան համապատասխան իրացնելու ժառանգի համար օրենքով նախատեսված իր սուբյեկտիվ իրավունքներն ու պարտականությունները, այլ կերպ ասած՝ ներառվելու ժառանգության ընդունման կամ ժառանգությունից հրաժարվելու գործընթացներին:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավիճակն այլ է ըստ կտակի ժառանգման դեպքում, երբ ժառանգի կարգավիճակի ձեռք բերման համար ազգակցական կապը որոշիչ նշանակություն չի ստանում: Նման պայմաններում, մինչև ժառանգության ընդունման գործընթացին ներգրավվելը, անձը պետք է իրազեկված լինի կտակի ուժով ժառանգության հրավիրված ժառանգի կարգավիճակ ձեռք բերած լինելու մասին: Տվյալ դեպքում իր կարգավիճակի մասին տեղյակ չլինելու պայմաններում անձն օբյեկտիվորեն դուրս է մնում ժառանգական իրավահարաբերության մեջ ներառվելու հնարավորությունից: Այդ խոչընդոտը կվերանա այն պահից, երբ նա կիրազեկվի իր վերաբերյալ ժառանգատուի կողմից թողած կտակի գոյության մասին: Այսինքն` ժառանգի կարգավիճակի ձեռք բերումը կտակի դեպքում ոչ միայն պայմանավորված է ժառանգության բացման և կտակի գոյության փաստով, այլև կտակի գոյության մասին իրազեկված լինելու հանգամանքով (տե՛ս Մանուշ Մկրտչյանն ընդդեմ Տիգրան Խառատյանի և մյուսների թիվ ԼԴ/0462/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.01.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը։ Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը)։
Սահմանադրական դատարանը սույն գործով հայցվոր Պարգև Առաքելյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 12.07.2022 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1660 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ փաստացի տիրապետման կամ կառավարման, այդ թվում՝ իր հաշվին գույքը պահպանելու ծախսեր կատարելու միջոցով, ժառանգության ընդունման եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության դեպքում: Բացի այդ, Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ՝
- «Նման դիրքորոշումների պարագայում ըստ կտակի ժառանգների համար փաստացի գործողությունները փաստորեն վերածվում են իրավաբանական գործողությունների, այն է՝ նոտարին դիմելու միջոցով ժառանգության ընդունմանը: Մինչդեռ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակը ժառանգության ընդունման ինքնուրույն եղանակ է, որի իմաստն ու նշանակությունն այն է, որ նշված դեպքերում անհրաժեշտություն չկա ժառանգության ընդունման համար դիմել նոտարին»,
- «հաշվի առնելով Սահմանադրությունից բխող ըստ կտակի ժառանգման առաջնահերթությունը՝ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ժառանգության ընդունման պարագայում մնացած այլ պայմանների հավասարության դեպքում պետք է կիրառվի ժառանգությունն ըստ կտակի ընդունման կանխավարկածը»,
- «փաստացի տիրապետման կամ կառավարման միջոցով ժառանգությունն ընդունելու եղանակը կիրառելի է ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգության ընդունման դեպքերի համար: Ընդ որում՝ եթե ժառանգը միաժամանակ և՛ ըստ կտակի, և՛ ըստ օրենքի ժառանգ է, ապա փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով, մասնավորապես՝ գույքի պահպանման ծախսերն իր հաշվին կատարելու միջոցով ժառանգության ընդունման դեպքում սահմանադրաիրավական պահանջներին համահունչ պետք է գործի այն կանխավարկածը, որ ժառանգությունն ընդունվել է ըստ կտակի»,
- «Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ինչպես վիճարկվող, այնպես էլ Օրենսգրքի որևէ դրույթով չի սահմանափակվում ըստ կտակի ժառանգի իրավունքը՝ փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ընդունելու ժառանգությունը, Օրենսգրքի տրամաբանությանը համապատասխան ժառանգության ընդունման եղանակներն ընդհանուր են ինչպես ըստ կտակի, այնպես էլ ըստ օրենքի ժառանգության ընդունման համար, իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը, միջամտելով ըստ կտակի ժառանգների իրավունքներին, չի հետապնդել սեփականության իրավունքի սահմանափակման համար Սահմանադրությամբ նախատեսված որևէ նպատակ, սահմանափակելով փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակով ըստ կտակի ժառանգների իրավունքները՝ ըստ էության սահմանափակվում են նաև կտակային հանձնարարություններից բխող շահառուների իրավունքները, քանի որ, ըստ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, սահմանված ժամկետում ըստ կտակի ժառանգի կողմից ժառանգությունն ընդունելու հարցով նոտարին չդիմելու պարագայում չի իրագործվի կտակով նախատեսված պահանջները, այդ թվում՝ կտակային հանձնարարությունները, փաստացի տիրապետման կամ կառավարման եղանակը միայն ըստ օրենքի ժառանգների համար նախատեսելու պարագայում կարող է անտեսվել ժառանգատուի կամահայտնությունը, քանի որ կարող են լինել դեպքեր, երբ, օրինակ, կտակով ժառանգությունից զրկված ըստ օրենքի ժառանգները, առավելություն ունենալով ըստ կտակի ժառանգների համեմատ, ժառանգատուի կամքին հակառակ դառնան վերջինիս գույքի սեփականատերեր»։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը ցանկանում է արձանագրել հետևյալը.
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենսդրական ակտերը կարող են ունենալ ընդհանուր և հատուկ մասեր: Տվյալ դեպքում օրենսդրական ակտի ընդհանուր մասը կազմող նորմերը նախորդում են հատուկ մասը կազմող նորմերին: Ընդհանուր և հատուկ մասերում ընդգրկվում են օրենսդրական ակտի բովանդակությամբ համասեռ գլուխները, բաժինները: (…):
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում: (…)։
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ (…) Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը: (…):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Տվյալ դեպքում օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 71-րդ գլուխը վերնագրելով «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԿՏԱԿԻ», առանձին կարգավորել է ըստ կտակի ժառանգությունից բխող իրավահարաբերությունները, 72-րդ գլուխը վերնագրելով «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՕՐԵՆՔԻ», առանձին կարգավորել է ըստ օրենքի ժառանգությունից բխող իրավահարաբերությունները։ Ի տարբերություն նշված գլուխների վերնագրերում հատուկ նշման՝ նույն օրենսգրքի 73-րդ գլուխն իր վերնագրում հատուկ նշում չի պարունակում այն մասին, թե դրանով որ ժառանգությունն ընդունելու իրավահարաբերություններն են կարգավորվում՝ ըստ կտակի՞, թե՞ ըստ օրենքի։ Տվյալ դեպքում գլուխը վերնագրվել է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ»։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 41-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հոդվածում առկա իրավակարգավորումները, ներառված լինելով «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ» վերտառությամբ 73-րդ գլխում, հավասարապես վերաբերելի և կիրառելի են ինչպես ըստ օրենքի, այնպես էլ ըստ կտակի ժառանգություններից բխող իրավահարաբերությունների նկատմամբ։
Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի 12.07.2022 թվականի թիվ ՍԴՈ-1660 որոշումը, ինչպես նաև վերը նշված իրավական նորմերը և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ կտակի ժառանգությունը կարող է ընդունվել ինչպես ըստ կտակի ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով, այնպես էլ կտակում նշված գույքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով փաստացի տիրապետելու կամ կառավարելու միջոցով։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ 08.07.2008 թվականին կտակ է կազմվել այն մասին, որ Լիան Մանուկյանը նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 163-րդ շենքի թիվ 14 բնակարանի՝ իրեն պատկանող մասը կտակում է Պարգև Առաքելյանին։ Նշված կտակն ստորագրել է կտակարար Լիան Մանուկյանը, և վավերացրել է «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Ռ․ Առաքելյանը։
Լիան Մանուկյանը մահացել է 12.09.2015 թվականին, որի վերաբերյալ նույն օրը կատարվել է գրանցում։
«Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Հ. Հարությունյանի կողմից 11.04.2016 թվականին Լիան Մանուկյանի ժառանգական գույքի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել Հռիփսիմե Առաքելյանին: Ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 163-րդ շենքի թիվ 14 հասցեում գտնվող բնակարանի 1/6-րդ բաժնեմասից։
Պարգև Առաքելյանի հայցն ընդդեմ Հռիփսիմե Առաքելյանի՝ ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքով իրեն իր մոր ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, Դատարանի 11.09.2020 թվականի վճռով, ըստ էության, մերժվել է նաև այն պատճառաբանությամբ, որ Պարգև Առաքելյանն ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված ժամկետում ժառանգության բացման վայրի նոտարին դիմում չի հանձնել։
Վերաքննիչ դատարանը Պարգև Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժել է, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ համաձայնել է Դատարանի այն դիրքորոշմանը, որ ըստ կտակի ժառանգություն կարող է ընդունվել բացառապես ժառանգության բացման վայրի նոտարին համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:
Սահմանադրական դատարանի 12.07.2022 թվականի թիվ ՍԴՈ-1660 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների, վերը նշված իրավական նորմերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 30.10.2023 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.08.2021 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով արդեն իսկ վերանայվել է, ու թիվ ԵԴ/17804/02/18 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 09.04.2021 թվականի որոշման դեմ Պարգև Առաքելյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են և չեն բխում ինչպես Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ, այնպես էլ սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումների բովանդակությունից, քանի որ Լիան Մանուկյանը դեռևս 08.07.2008 թվականին, ի թիվս այլի, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 163-րդ շենքի թիվ 14 բնակարանի՝ իրեն պատկանող մասը կտակել է Պարգև Առաքելյանին, ով, հանդիսանալով ըստ կտակի ժառանգ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի իմաստով ուներ ժառանգությունն ընդունելու իրավական հնարավորություն ինչպես նոտարին դիմում ներկայացնելու, այնպես էլ այն փաստացի ընդունելու միջոցով:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը՝ սկզբնական հայցի մասով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ վերը նշված իրավական դիրքորոշումները հիմք ընդունելով ըստ կտակի ժառանգությունը փաստացի տիրապետելու հիմքերի առկայությունը պարզելու նպատակով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.04.2021 թվականի որոշումը և գործը՝ սկզբնական հայցի մասով, ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան |
|
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
Է. Սեդրակյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2024 թվական: