ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 մարտի 2025թ. ք. Երևան |
N 34-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ |
Վ. Հովակիմյան |
Հավելված Հայաստանի Հանրապետությանկենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թ. մարտի 28-ի N 34-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Գ Լ ՈՒ Խ 1
Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ:
2. Հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով` օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա: Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և նրա գործունեությանը որևէ միջամտություն արգելվում է:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով (այսուհետ` Ընտրական օրենսգիրք), այլ սահմանադրական օրենքներով և օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնակարգով:
4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև անհատական և լոկալ իրավական ակտեր:
5. Հանձնաժողովի անունից պաշտոնական տեղեկատվություն, մամուլի հաղորդագրություն տալիս են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի մամուլի քարտուղարը կամ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` Հանձնաժողովի անդամը:
6. Հանձնաժողովի կրճատ անվանումն է` ՀՀ ԿԸՀ:
7. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, Հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:
8. Հանձնաժողովի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան-0009, Գ. Քոչարի 21ա:
Գ Լ ՈՒ Խ 2
Հանձնաժողովի կազմավորումը և աշխատանքների կազմակերպումը
9. Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:
Հանձնաժողովի նախագահը և անդամները ընտրվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
10. Հանձնաժողովի նախագահի տեղակալի և Հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Հանձնաժողովի անդամներին:
Հանձնաժողովի նախագահի տեղակալի և Հանձնաժողովի քարտուղարի ընտրություններն անցկացվում են նաև նրանց պաշտոնները թափուր մնալու դեպքում:
Հանձնաժողովի անդամը կարող է յուրաքանչյուր պաշտոնի համար առաջարկել միայն մեկ թեկնածու:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը և Հանձնաժողովի քարտուղարն ընտրվում են բաց քվեարկությամբ:
Եթե Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն: Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկելիս Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է քվեարկել միայն մեկ թեկնածուի օգտին։ Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:
Վիճակահանությունը կազմակերպելու և ընտրված թեկնածուին որոշելու համար, առավել կողմ ձայներ ստացած թեկնածուների թվին համապատասխան, պատրաստվում են իրարից չտարբերվող թերթիկներ, որոնցից մեկի վրա նշվում է «Ընտրվել է» բառերը, բոլոր թերթիկները ծալվում են այնպես, որ միմյանցից չտարբերվեն, և տեղավորվում վիճակահանության արկղի մեջ: Թեկնածուներն ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում` ըստ անունների (հայրանունների) այբբենական հերթականության, վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ:
Ընտրված է համարվում այն թեկնածուն, որին վիճակահանությամբ բաժին է ընկել «Ընտրվել է» բառերը պարունակող թերթիկը:
11. Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները` պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու կամ պաշտոնանկ արվելու հիմքով վաղաժամկետ դադարելու դեպքում` եռօրյա ժամկետում, հրավիրվում է Հանձնաժողովի նիստ` Հանձնաժողովի նախագահի տեղակալ, Հանձնաժողովի քարտուղար ընտրելու համար: Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:
12. Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները, որպես Հանձնաժողովի անդամի, վաղաժամկետ դադարելու կամ դադարեցվելու դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի նոր ընտրությունը կատարվում է Հանձնաժողովի նոր անդամի նշանակումից հետո` եռօրյա ժամկետում, Ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:
13. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Գ Լ ՈՒ Խ 3
Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի նախագահի տեղակալի, Հանձնաժողովի քարտուղարի և Հանձնաժողովի անդամի իրավունքներն ու պարտականությունները
14. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի`
1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,
2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում,
3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ հարցով անցկացվի քվեարկություն,
4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ,
5) Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա գտնվել քվեարկության սենյակում,
6) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին,
7) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը,
8) աշխատակազմից ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն,
9) կատարել գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանք, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից կազմակերպված և անցկացվող դասընթացների ժամանակ, ու ստանալ վարձատրություն:
15. Հանձնաժողովի անդամը պարտավոր է`
1) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները,
2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները,
3) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը,
4) ուսումնասիրել իրեն հասցեագրված դիմումը և դիմումի վերաբերյալ ներկայացնել որոշման նախագիծ,
5) իր կողմից կազմված որոշման նախագիծը, առկայության դեպքում նաև` իրավաբանական վարչության եզրակացությունը ներկայացնել Հանձնաժողովի նախագահին և անդամներին` Հանձնաժողովի նիստից առնվազն 2 ժամ առաջ: Որոշման նախագծի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված լրացուցիչ նյութերը կարող են ներկայացվել նաև Հանձնաժողովի նիստում,
6) իր կողմից նիստի օրակարգում լրացուցիչ հարց ներկայացնելու դեպքում` մինչև օրակարգի հաստատումը, որոշման նախագիծը տրամադրել Հանձնաժողովի նախագահին և անդամներին,
7) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա գտնվել քվեարկության սենյակում:
16. Հանձնաժողովի նախագահը`
1) ներկայացնում է Հանձնաժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը,
2) իրականացնում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կառավարումը,
3) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները, իրականացնում է Հանձնաժողովի ընթացիկ գործունեության վերահսկողությունը,
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական ակտեր,
5) սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը,
6) վարում է Հանձնաժողովի նիստերը,
7) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ,
8) անցկացնում է խորհրդակցություններ,
9) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը,
10) տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին,
11) հաստատում է Հանձնաժողովի կողմից կազմակերպվող դասընթացների, վերապատրաստումների և ատեստավորման անցկացման ժամանակացույցը,
12) ընդունում է պատվիրակություններ և հյուրեր, կազմում պատվիրակություններ,
13 ) հաստատում է Հանձնաժողովի հաստիքացուցակը,
14) նշանակում և ազատում է գլխավոր քարտուղարին, գլխավոր քարտուղարի տեղակալին, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին, ներքին աուդիտորներին, Հանձնաժողովի նախագահի օգնականին, Հանձնաժողովի մամուլի քարտուղարին, Հանձնաժողովի նախագահի խորհրդականին, Հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնականին, Հանձնաժողովի քարտուղարի օգնականին, Հանձնաժողովի անդամի օգնականին,
15) սահմանում է կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները,
16) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
17. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում,
2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ,
3) կազմակերպում է Հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը:
18. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
19. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը,
2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը,
3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին,
4) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը,
5) Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ,
6) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,
7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների առաքումն ըստ պատկանելիության,
8) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և Ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները։
20. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի քարտուղարն իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:
21. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում Հանձնաժողովի նախագահի կողմից նրա լիազորությունները կարող են դրվել Հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
Գ Լ ՈՒ Խ 4
Հանձնաժողովի նիստերի հրավիրման և անցկացման կարգը
22. Հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով` օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:
23. Արտահերթ նիստ հրավիրվում է`
1) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ,
2) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում:
24. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց:
25. Նիստերն անցկացվում են Հանձնաժողովի վարչական շենքում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգել, Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ` այլ վայրում:
26. Նիստի օրակարգը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը` Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և համաձայնությամբ:
27. Նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների պահանջով:
28. Նիստի օրակարգում, Հանձնաժողովի անդամներից բացի, հարցեր կարող են ներկայացնել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը` ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում և գլխավոր քարտուղարը` ֆինանսատնտեսական հարցերի վերաբերյալ:
29. Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական:
Նիստին ներկա գտնվող անձինք նիստի ընթացքում պարտավոր են պահպանել պատշաճ կարգ ու կանոն:
Նիստին ներկա գտնվող անձինք մինչև նիստի մեկնարկը պետք է գրանցվեն նիստերի գրանցամատյանում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և ներկա գտնվելու իրավունքը հավաստող համապատասխան վկայական։
30. Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանցից բացի կարող են հրավիրվել`
1) կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակիցները.
2) այլ անձինք:
31. Նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:
32. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը Հանձնաժողովի անդամները ստանում են նիստը սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ:
33. Որոշման նախագծերը նիստի օրակարգ ընդգրկելուց առաջ ներկայացվում են իրավաբանական վարչություն` եզրակացության: Որոշման նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ լինելու դեպքում իրավաբանական վարչությունը նախագծին կցում է իր եզրակացությունը` հիմնավորումներով և առաջարկություններով:
34. Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց տրվում է նիստի օրակարգը:
Գ Լ ՈՒ Խ 5
Հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման և որոշումների ընդունման կարգը
35. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` Հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ Հանձնաժողովի քարտուղարը կամ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ Հանձնաժողովի որևէ անդամ:
36. Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու, ինչպես նաև օրակարգի հարցերի վերաբերյալ առարկություն կամ առաջարկություն լինելու դեպքում անցկացվում է քվեարկություն:
37. Նիստը վարողը, ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ, աշխատանքի արդյունավետությունից ելնելով` փոխում օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը:
38. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`
1) որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցում,
2) հարցեր զեկուցողին,
3) առաջարկություններ,
4) ելույթներ` մինչև 5 րոպե, իսկ նիստը վարողը` մինչև 7 րոպե,
5) քվեարկություն:
39. Նիստը վարողը`
1) ելույթների համար, ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին,
2) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները,
3) ձայն է տալիս հրավիրված անձանց,
4) նախազգուշացնում է նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց Հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ սույն կանոնակարգը խախտելու, ինչպես նաև Հանձնաժողովի կամ նիստում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերում,
5) կարող է հեռացնել վստահված անձին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչին, դիտորդին նիստերի դահլիճից Ընտրական օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է Հանձնաժողովի բնականոն աշխատանքը:
40. Նախազգուշացումը և նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նիստում կայացվող արձանագրային որոշմամբ:
Դիտորդին, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին, վստահված անձին Հանձնաժողովի նիստից հեռացնելու արձանագրային որոշումն ընդունվում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով:
41. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից հետո:
42. Նիստը վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:
Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները:
43. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, և նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:
44. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստը վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը` ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:
45. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:
46. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:
Հանձնաժողովի անդամների 2/3-ի համաձայնությամբ Հանձնաժողովը կարող է ընդունել հարցումով որոշումներ, որոնք ստորագրում են որոշման նախագծին կողմ Հանձնաժողովի անդամները:
47. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա Հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ՝ Ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերի:
48. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշումն ընդունվելու կամ չընդունվելու մասին:
49. Նիստը համառոտ արձանագրվում է:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2025 թվական:
