Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 137-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 137.9-րդ հոդվածով.
«Հոդված 137.9. | Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը կամ փոխադրավարձը չվճարելը |
1. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից առանց սահմանված տեղական վճարը կամ միասնական ծառայության տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու կամ տրանսպորտային միջոցում առանց տեղական վճարի վճարման կրիչը վավերացում կատարելու օգտվելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայություններից օգտվելու տեղական վճարի կամ միասնական ծառայության տեղական վճարի արտոնության կիրառմամբ այլ անձի կողմից նշված ծառայություններից օգտվելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:
3. Ներհամայնքային կանոնավոր փոխադրում իրականացնող ավտոբուսների, տրոլեյբուսների կամ մետրոպոլիտենի ծառայությունների համար նախատեսված միասնական ծառայության տեղական վճարը որոշակի ժամանակահատվածում անսահմանափակ ուղևորությունների համար վճարված լինելու կամ տեղական վճարի զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն ստացած լինելու դեպքում ծառայությունից նույն ժամանակահատվածում տրանսպորտային միջոցում առանց վավերացում կատարելու օգտվելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 3-րդ մասը «114-րդ,» բառից հետո լրացնել «137.9-րդ,» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասը «սույն օրենսգրքի» բառերից հետո լրացնել «137.9-րդ,» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 259-րդ հոդվածի 1-ին մասում «անձը պարզելու,» բառերը փոխարինել «անձը պարզելու կամ» բառերով, իսկ «թույլատրվում են» բառերը՝ «թույլատրվում է կատարել անձի նույնականացում կամ» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 277-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«Սույն օրենսգրքի 137.9-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են, և որոշում է ընդունվում իրավախախտման հայտնաբերման պահին՝ առանց լսումներ հրավիրելու:»:
Հոդված 7. Օրենսգրքի 278-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«Սույն օրենսգրքի 137.9-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունն իրականացվում է խախտման հայտնաբերման վայրում անմիջապես՝ սահմանափակվելով որոշման ընդունմամբ:»:
Հոդված 8. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 137.9-րդ հոդվածով, ինչպես նաև 224-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:»:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-202-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական:
