ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 165․9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, բացառությամբ սույն հոդվածի 1.2-րդ մասով նախատեսված դեպքերի, յուրաքանչյուր խախտման համար՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հինգհազարապատիկի չափով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իրավաբանական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատության ղեկավարի կամ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, բուքմեյքերային գործունեության միջոցով կազմակերպվող խաղերի կազմակերպիչների պատասխանատու անձի, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված պարտականություններ ունեցող պետական մարմնի պաշտոնատար անձի կողմից, յուրաքանչյուր խախտման համար՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
1.2. Ֆիզիկական անձ հանդիսացող ոչ ֆինանսական հաստատությունների և անձանց կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը յուրաքանչյուր խախտման համար՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով:
1.3. Տրաստի ֆիզիկական անձ հանդիսացող կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձի կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:».
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նշանակված նախազգուշացմամբ կարող են տրվել նաև խախտումները վերացնելու, շտկելու կամ հետագայում բացառելու հանձնարարականներ` սահմանելով խախտումները վերացնելու կամ շտկելու հանձնարարականների կատարման ժամկետներ կամ միջոցառումներ:»։
Հոդված 2. Օրենսգրքի 244․12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջների խախտման գործերը քննում է համապատասխան վերահսկողական իրավասություններ ունեցող մարմինը, որի անունից վարչական տույժեր նշանակում է տվյալ մարմնի ղեկավարը, իսկ այդպիսի մարմին առկա չլինելու դեպքում՝ Կենտրոնական բանկը, որի անունից վարչական տույժեր նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը:»։
Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող՝ Օրենսգրքի 165․9-րդ հոդվածի 1.3-րդ մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 28 Երևան ՀՕ-262-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական:
