ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հուլիսի 3-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 128-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «քսանհինգապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ուժը կորցրած կամ չգործող վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը, ինչպես նաև օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:».
3) 7-րդ մասի 2-րդ կետը «կարգի» բառից հետո լրացնել «(ենթակարգի)» բառով.
4) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Սույն օրենսգրքի իմաստով՝ անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական (ժամանակավոր վարորդական վկայական) կամ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածով սահմանված կարգով տրված տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ժամանակավոր թույլտվություն, և իրավախախտումը հայտնաբերած պաշտոնատար անձը տեխնիկական պատճառներով հնարավորություն չունի էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգելու գործող վարորդական վկայականի առկայությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասում «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.1-ին մասով․
«17.1․ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18․1-ին մասով․
«18․1․ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 191.1-ին հոդվածով.
«Հոդված 191.1. |
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը |
1. Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով՝ արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաները, սարքերը կամ գործիքները վերցնելով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 258-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածով նախատեսված հոդվածներով սահմանված իրավախախտումներ կատարելու դեպքում խախտողը դրա համար լիազորված անձի կողմից կարող է բերվել ոստիկանություն, եթե նա չունի ինքնությունը հաստատող փաստաթղթեր, ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձը հրաժարվում է շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով անցնել նույնականացում, կամ նշված միջոցներով նույնականացում իրականացնել հնարավոր չէ:»:
Հոդված 6. Օրենսգրքի 264-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «123-րդ, 123.1-ին, 123.3-րդ հոդվածներով, 123.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 123.5-րդ, 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.5-րդ, 124.6-րդ, 125-րդ, 126-րդ և 129.2-րդ» բառերը փոխարինել «224-րդ հոդվածով նախատեսված՝ ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումների համար պատասխանատվություն սահմանող» բառերով.
2) 4-րդ մասը «191,» թվից հետո լրացնել «191.1,» թվով, իսկ նույն մասի «զենքը, ինչպես նաև» բառերը փոխարինել «արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաները, սարքերը կամ գործիքները, ինչպես նաև զենքը,» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հուլիսի 22 Երևան ՀՕ-252-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2025 թվական:
