ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«12» մայիսի 2025 թ. |
N 41-Ն |
ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ՄՈԴՈՒԼՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՌՆՎԱԶՆ 30 ԿՐԵԴԻՏ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26. 24-րդ կետով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար՝
5/12/2025 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մայիսի 12-ի N 41-Ն hրամանի |
ԿԱՐԳ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ՄՈԴՈՒԼՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՌՆՎԱԶՆ 30 ԿՐԵԴԻՏ ՇՆՈՐՀԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) և կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով երաշխավորված մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող դասընթացի (այսուհետ՝ դասընթաց) միջոցով առնվազն 30 կրեդիտի շնորհման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Դասընթացին սույն կարգի 7-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված հավակնորդների մասնակցության մասին որոշում կայացնելու նպատակով նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
3. Հանձնաժողովը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, հանրակրթության վարչության, դասընթաց իրականացնող հաստատության կամ կազմակերպության՝ համապատասխան գործընթացը համակարգող մեկական ներկայացուցչի ընդգրկմամբ: Հանձնաժողովը նախագահում է նախարարի՝ տվյալ ոլորտը համակարգող տեղակալը: Հանձնաժողովն ունի քարտուղար՝ առանց քվեարկության իրավունքի: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
4. Հանձնաժողովի կողմից որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ ձայների հավասար լինելու դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը:
5. Հանձնաժողովի նիստերը գումարվում են առնվազն 10 դիմումի առկայության դեպքում, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է անդամների 2/3-ը։ Առկա ձևաչափով կազմակերպելու անհնարինության դեպքում նիստը կարող է կազմակերպվել նաև առցանց՝ հանձնաժողովի նախագահի որոշմամբ:
6. Հանձնաժողովը նիստի արդյունքում ընդունում է որոշում հավակնորդին՝ սույն կարգի 7-րդ կետի 1-3-րդ ենթակետերից որևէ մեկին համապատասխանելու կամ չհամապատասխանելու մասին տեղեկանք տրամադրելու վերաբերյալ, որը հիմք է հանդիսանում հաստատության կամ կազմակերպության համար վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:
7. Դասընթացին կարող է մասնակցել այն անձը, որն ունի՝
1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն,
2) բարձրագույն կրթություն և տվյալ առարկայի ոլորտի 80 և ավելի կրեդիտ,
3) բարձրագույն կրթություն, տվյալ առարկայի ոլորտում 40-79 կրեդիտ և հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից հետո կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով մասնակցելու պարտավորություն, որին չմասնակցելը կամ կարգով սահմանված դրական արդյունք չապահովելը հիմք է վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու համար: Հավակնորդի հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, որում որպես պարտադիր դրույթ տնօրենի կողմից սահմանվում է սույն կետի պահանջի կատարումը:
8. Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով դասընթաց իրականացնող հաստատությունները երաշխավորված դասընթացի մոդուլները կարող են բաշխել բակալավրիատի ուսումնառության տարբեր կիսամյակներում:
9. Դասընթացները կազմակերպվում են վճարովի կամ անվճար՝ հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված հիմունքներով: Վճարման չափը և կարգը սահմանվում է հաստատության կամ կազմակերպության և հավակնորդի միջև կնքվող պայմանագրով:
10. Դասընթացին մասնակցելու համար հաստատության համապատասխան ստորաբաժանումը կամ կազմակերպությունը հավակնորդների ընդունելության համար իր պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն՝ նշելով դիմումների ընդունման ժամկետը, դիմումները թղթային եղանակով ներկայացնելու դեպքում՝ հաստատության կամ կազմակերպության գտնվելու վայրը, էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, պահանջվող փաստաթղթերի ցանկը, դասընթացի արժեքը, դասընթացի իրականացման վայրը, դասընթացի ուղղությունը՝ ըստ առարկաների, տեղերի թիվը, ըստ անհրաժեշտության՝ այլ տեղեկություն:
11. Ընդունելության գործընթացի և փաստաթղթերի համապատասխանության դիտարկման համար տվյալ հաստատության ռեկտորի հրամանով կամ կազմակերպության ղեկավարի հաստատմամբ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է հանձնաժողով, որն ունի քարտուղար: Ստացված դիմումներն ամփոփվում և հանձնաժողովի նիստից 15 աշխատանքային օր առաջ աշխատանքային կարգով տրամադրվում են հանձնաժողովի բոլոր անդամներին։
12. Դասընթացի տևողությունը, կրեդիտների բաշխվածությունն ըստ մոդուլների, պրակտիկայի և հետազոտական աշխատանքի ուղղությունը սահմանվում է հաստատության կամ կազմակերպության կողմից ներկայացված և նախարարի հրամանով երաշխավորված ծրագրում:
13. Կրեդիտային և մոդուլային ուսուցման համակարգով ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքում կիրառվում են հավակնորդների գիտելիքների գնահատման հետևյալ ձևերը՝ ըստ դասընթացի վերջնարդյունքի.
1) հայտորոշիչ գնահատում,
2) միջանկյալ գնահատում,
3) ամփոփիչ գնահատում։
14. Դասընթացի ավարտին հավակնորդը պաշտպանում է հետազոտական ավարտական աշխատանք, որի արդյունքով նրան տրվում է հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված ձևի վկայական և ներդիր:
15. Վկայականում պարտադիր պետք է լինի նշում ծրագրի՝ նախարարի հրամանով երաշխավորված լինելու, հաստատության կամ կազմակերպության, «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջին համապատասխանելու, ինչպես նաև առարկայի (առարկաների) վերաբերյալ, որոնք կարող է դասավանդել։
16. Ավարտական աշխատանքի իրականացման և պաշտպանության ընթացակարգը սահմանվում է տվյալ հաստատության կամ կազմակերպության կողմից։
2․ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
17. Դասընթացին մասնակցելու նպատակով հավակնորդը դիմում է ներկայացնում տվյալ հաստատության ռեկտորի կամ կազմակերպության ղեկավարի անունով, որին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
1) անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և լուսապատճենը,
2) բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի և նրա հավելվածի բնօրինակները և լուսապատճենները,
3) 2 լուսանկար՝ 3x4 սմ չափսի:
18․ Հաստատությունը կամ կազմակերպությունը սույն կարգի 3-րդ կետով ստեղծվող հանձնաժողովի նիստից հետո՝ առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, հավակնորդին տրամադրում է դասընթացին մասնակցության վերաբերյալ տեղեկանքը:
19. Դասընթացների կազմակերպման ժամանակացույցի և ձևաչափի մասին տեղեկությունը ընդունվում է տվյալ հաստատության կամ կազմակերպության կողմից և հրապարակվում պաշտոնական կայքում։
20․ Դասընթացների նկարագրիչները, ուսումնամեթոդական նյութերն ու անհրաժեշտ տեղեկությունը պարտադիր տեղադրվում են տվյալ հաստատության ուսուցման կառավարման համակարգում կամ կազմակերպության պաշտոնական կայքում կամ մասնակցին հասանելի այլ հարթակում:
21․ Հավակնորդը կարող է մասնակցել դասընթացի ամփոփիչ գնահատմանը՝ յուրաքանչյուր դասընթացի համար սահմանված ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցած լինելու դեպքում:
22․ Դասընթացի մասնակցի կողմից կրթական ծրագրի ելքային կրթական արդյունքներին համապատասխան մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձեռքբերումը հաստատվում է ծրագրի ավարտից հետո կազմակերպվող ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանությամբ: Հետազոտական աշխատանքի կառուցվածքը և ծավալը որոշվում է տվյալ հաստատության կամ կազմակերպության կողմից։
23. Ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանության անցկացման համար հաստատությունում կամ կազմակերպությունում ռեկտորի հրամանով կամ կազմակերպության ղեկավարի հաստատմամբ ստեղծվում են քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով)՝ բաղկացած առնվազն 5 անդամից: Քննական հանձնաժողովի ձևավորումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ հանձնաժողովի կողմից սահմանվում է նաև քննական հանձնաժողովի աշխատակարգը: Դասընթացների կազմակերպման յուրաքանչյուր փուլում գործընթացի ավարտից հետո հանձնաժողովի նախագահը կազմում ու ռեկտորին (կազմակերպության ղեկավարին) է ներկայացնում հաշվետվություն դասընթացների մասնակիցների թվի և 30 կրեդիտ ստացողների վերաբերյալ:
24․ Ավարտական հետազոտական աշխատանքն անցկացվում է դասավանդվելիք առարկայի առանձնահատկություններին և ծրագրերի պահանջներին համապատասխան և գնահատվում հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված գնահատման չափանիշներով:
25. Ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանության ընթացքը տեսաձայնագրվում է և պահպանվում է արդյունքները հրապարակելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում, իսկ բողոքարկման ժամանակ՝ մինչև գործընթացի ավարտը։
26. Ավարտական հետազոտական աշխատանքի պաշտպանության գնահատականները հավակնորդին հայտնվում են նույն օրը՝ բանավոր եղանակով։
27․ Գնահատականի հետ անհամաձայնության դեպքում հավակնորդը նույն օրը գրավոր դիմում է հանձնաժողովի նախագահին։
28. Դիմումը ներկայացնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատությունում կամ կազմակերպությունում ռեկտորի հրամանով կամ կազմակերպության ղեկավարի հաստատմամբ ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով, որը քննարկում է դիմումը և ըստ անհրաժեշտության՝ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի հետ քննարկում է վերանայման ենթակա աշխատանքը։
29․ Քննարկման արդյունքում բողոքարկված աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել կամ թողնվել անփոփոխ՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
30․ Բողոքարկման հանձնաժողովը արդյունքի մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է տեղեկանք։ Արդյունքների հետ անհամաձայնության դեպքում բողոքարկումը կարող է իրականացվել նաև դատական կարգով:
31. Ամփոփիչ ատեստավորումից անբավարար գնահատական ստացած հավակնորդները կարող են ըստ հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված ընթացակարգի վճարովի կամ անվճար հիմունքներով կրկնել ամբողջ դասընթացը կամ ուղղակիորեն վերահանձնել քննությունը:
32. Ամփոփիչ ատեստավորման ընթացքում հիվանդության կամ այլ պատճառով բացակայած կամ քննությունն ընդհատած հավակնորդի վերաբերյալ կազմվում է արձանագրություն՝ հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ։ Քննական հանձնաժողովի նախագահն արձանագրությունը ներկայացնում է ռեկտորին (կազմակերպության ղեկավարին), և քննության ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է ընդունում քննությունն ընդհատած հավակնորդին լրացուցիչ քննության թույլատրելու և օրը նշանակելու մասին:
33. Դասընթացի՝ հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված գնահատման համակարգով ընթացիկ գնահատման արդյունքում նվազագույն դրական միավորի շեմը չապահոված մասնակցին չի թույլատրվում մասնակցել ամփոփիչ քննությանը կամ վերահանձնել այն:
34․ Բաց թողնված կրեդիտները հավակնորդը կարող է լրացնել կազմակերպվող դասընթացների հաջորդ փուլերի ընթացքում՝ իր կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ ըստ հաստատության կամ կազմակերպության կողմից սահմանված ընթացակարգի վճարովի կամ անվճար հիմունքներով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական:
