«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15 փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2003 թվականի N 113-Ն
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի երկրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ոստիկանության բժշկական հաստատության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` մինչև 2003 թվականի հունվարի 30-ը համատեղ հրամանով հաստատել ոստիկանության բժշկական հաստատություն պետական կառավարման այլ մարմինների ծառայողների ուղեգրման կարգը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2003 թվականի փետրվարի 10-ը հաստատել ոստիկանությունում ծառայությանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի մարտի 16-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը:
2. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունը կարգավորվում է «Ոստիկանության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով ու Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող համապատասխան իրավական ակտերով:
3. Ոստիկանության բժշկական հաստատության, վերջինիս կազմում գործող բուժկանխարգելիչ հիմնարկների կառուցվածքն ու հաստիքացուցակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական կառավարման մարմնի (այսուհետ` ոստիկանության պետական կառավարման մարմին) ղեկավարը:
4. Ոստիկանության բժշկական հաստատության և վերջինիս կազմում գործող հիմնարկների քաղաքացիական ծառայողներին պաշտոնների նշանակում և պաշտոններից ազատում է ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարը` քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենքներին համապատասխան:
5. Ոստիկանության բժշկական հաստատության գործունեության հիմնական ուղղություններն են`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 113-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում ընդգրկված ոստիկանության բժշկական հաստատության բուժսպասարկման ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող մարմինների (ծառայողների) ամբուլատոր-պոլիկլինիկական և հոսպիտալային բուժապահովումը.
բ) ոստիկանության ծառայողների ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների, այդ թվում` նաև բուժկանխարգելիչ միջոցառումների ծրագրավորումը և իրականացումը.
գ) ոստիկանությունում ծառայության ընդունվողների և ոստիկանության ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն ու ոստիկանության ծառայողների առողջական վիճակին ներկայացվող պահանջներից ելնելով` վերջիններիս ծառայողական պիտանիության որոշումը.
դ) ոստիկանության ծառայողների ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը.
ե) ոստիկանության ստորաբաժանումներում, ոստիկանության զորքերի զորամասերում հիգիենիկ հսկողության ապահովումը, հակահամաճարակային միջոցառումների ծրագրավորումը և իրականացումը.
զ) քաղաքացիական բժշկական հիմնարկների հետ մշտական կապի և համագործակցության ապահովումը, առանձին դեպքերում հետազոտության և բուժման նպատակով ոստիկանության ծառայողներին նշված հիմնարկներ ուղեգրման կազմակերպումը.
է) ոստիկանության բուժկանխարգելիչ հիմնարկների ընդհանուր ղեկավարումը և ենթակա ստորաբաժանումների միջև սերտ համագործակցության ապահովումը.
ը) ոստիկանության ծառայողների հիվանդացության ցուցանիշների, ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունների արդյունքների ընդհանրացումը, ոստիկանության համակարգի բուժապահովման հիմնական խնդիրների ծրագրավորումը և համապատասխան աշխատանքների կազմակերպումը.
թ) քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցումը:
Ծառայությունների վճարովի մատուցման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
(5-րդ կետը լրաց. 05.04.07 N 482-Ն)
6. Ոստիկանության բժշկական հաստատության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են ոստիկանության պետական կառավարման մարմնի կողմից:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 113-Ն որոշման N 2 հավելվածի երրորդ կետում նշված մարմինների ծառայողների և կենսաթոշակառուների բուժման ու հետազոտման ծախսերը ոստիկանության պետական կառավարման մարմնին հատուցվում են հետևյալ կարգով`
ա) ոստիկանության պետական կառավարման մարմինը յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում վճարման պահանջագիր ոստիկանության բժշկական հաստատությունների կողմից այլ մարմինների ծառայողներին մատուցված բժշկական ծառայությունների մասին` ըստ ծառայության տեսակների (առաջնային (ամբուլատոր) պոլիկլինիկական, հոսպիտալային, ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից հետազոտություն և այլն): Վճարման պահանջագրին կցվում է ոստիկանության բժշկական հաստատության և բժշկական ծառայությունից օգտվող համապատասխան կառավարման մարմնի լիազորած անձանց կողմից կնքված` փաստացի մատուցված ծառայության մասին ակտը:
Վճարման պահանջագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` ոստիկանության պետական կառավարման մարմնի և ոստիկանության բժշկական ծառայությունից օգտվող մարմինների համատեղ գերատեսչական ակտով հաստատված ծառայողների ուղեգրման կարգի համաձայն.
բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը ֆինանսավորում է ոստիկանության պետական կառավարման մարմնին` նրա կողմից ներկայացված` այլ մարմինների ծառայողների հետազոտման և բուժման ծախսերի վճարման պահանջագրերի հիման վրա, տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» խմբի համապատասխան ծրագրերի միջոցների հաշվին` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների համար սահմանված գներով.
գ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ոստիկանության պետական կառավարման մարմինը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը համատեղ կազմում են ծախսերի ֆինանսավորման մասին արձանագրություն.
դ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացվող վճարման պահանջագրի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
7. Ոստիկանության բժշկական վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք ու անկյունային դրոշմակնիք:
(հավելվածը լրաց. 05.04.07 N 482-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ց Ա Ն Կ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ)
1. Սույն ցանկով սահմանվում է ոստիկանության բժշկական վարչության բուժկանխարգելիչ հիմնարկներում բժշկական սպասարկման իրավունքից օգտվող մարմինների (ծառայողների) ցանկը:
2. Ոստիկանության բժշկական վարչության բուժկանխարգելիչ հիմնարկներում անվճար բուժսպասարկման իրավունքից օգտվում են`
ա) ոստիկանության ծառայողները, այդ թվում` կադրերի ռեզերվում գտնվողները,
բ) ոստիկանության զորքերի ծառայողները, այդ թվում` կադրերի ռեզերվում գտնվողները,
գ) ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայողները,
դ) ոստիկանության ուսումնական հաստատությունների ունկնդիրները, այդ թվում` նաև ոստիկանությունում ծառայության ընդունվելու կապակցությամբ սահմանված կարգով եռամսյա փորձաշրջան կամ վերապատրաստում անցնողները,
ե) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ` սահմանված կարգով ոստիկանությունից պահեստ արձակված անձինք.
զ) ոստիկանության համակարգի քաղաքացիական ծառայողները` անկախ զբաղեցրած պաշտոնից,
է) սույն ցանկի «ա», «բ» և «ե» ենթակետերում նշված անձանց ընտանիքների անդամները: Ընտանիքների անդամներից բժշկական սպասարկման ենթակա են ծառայողի կինը (ամուսինը), երեխաները` մինչև 18 տարին լրանալը, մինչև 23 տարեկան ուսանող երեխաները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ճանաչված երեխաները` անկախ տարիքից, ծնողները, որոնք գտնվում են ոստիկանության ծառայողի խնամքի տակ և բնակվում են նույն հասցեում.
ը) հայրենիքի պաշտպանության և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած), կերակրողին կորցնելու կապակցությամբ նպաստ ստացող ոստիկանության ծառայողների ընտանիքների անդամները:
(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 68-Ն, 08.06.18 N 646-Ն)
3. Ոստիկանության բժշկական հաստատության ծառայությունից օգտվում են նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ծառայողներն ու կենսաթոշակառուները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև դատախազները:
(3-րդ կետը խմբ. 25.12.08 N 1566-Ն, փոփ. 08.07.15 N 794-Ն, փոփ., լրաց. 08.06.18 N 646-Ն)
(հավելվածը խմբ. 25.12.08 N 1566-Ն, փոփ. 22.01.09 N 68-Ն, 08.07.15 N 794-Ն, փոփ., լրաց. 08.06.18 N 646-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |