ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԷԴ/0004/06/09 |
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ | ||
Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ | ||
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ | ||
Ս. ՕՀԱՆՅԱՆԻ | ||
քարտուղարությամբ |
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ պաշտպան |
Ա. ԱՎԱԳՅԱՆԻ |
2010 թվականի մայիսի 4-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Հրանտ Հրաչիկի Գյուրջյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ Հ.Գյուրջյանի պաշտպան Ա.Ավագյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2008 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է թիվ 12132908 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության մարմնի 2009 թվականի հունվարի 16-ի որոշմամբ Հ.Գյուրջյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ: Նույն օրը Հ.Գյուրջյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 16-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Գյուրջյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով:
Նախաքննության մարմնի 2009 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ Հ.Գյուրջյանի մեղադրանքի ծավալը փոփոխվել ու լրացվել է, և նա ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
2. 2009 թվականի դեկտեմբերի 26-ին Հ.Գյուրջյանը հայտնաբերվել և արգելանքի է վերցվել:
Նախաքննության մարմինը 2010 թվականի հունվարի 14-ին միջնորդություն է հարուցել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Հ.Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին:
3. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 25-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է, կալանքի սկիզբը հաշվվել է 2009 թվականի դեկտեմբերի 26-ից: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալ Հ.Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպան Ա.Ավագյանի միջնորդությունը:
4. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի փետրվարի 11-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 25-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելու մասին:
5. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Հ.Գյուրջյանի պաշտպան Ա.Ավագյանը:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշումներին»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները
6. Հ.Գյուրջյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետով ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու նպատակով 2008 թվականի մարտի 10-ին, չարաշահելով Լուսյա Աբգարյանի վստահությունը, շահագործելու և ամսական 150.000 ՀՀ դրամ վարձավճար վճարելու պատրվակով, խաբեությամբ հափշտակել է վերջինիս պատկանող` 3.332.000 ՀՀ դրամ արժողության Վազ-21101 մակնիշի ավտոմեքենան և այն 2008 թվականի օգոստոսի 19-ին 5.000 ԱՄՆ դոլարով վաճառել է Անդրանիկ Բաբասյանին` Լ.Աբգարյանին պատճառելով խոշոր չափի` 2.945.000 ՀՀ դրամի վնաս:
Բացի այդ, Հ.Գյուրջյանը, կրկին խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու նպատակով, 2008 թվականի դեկտեմբերի 13-ին, չարաշահելով Հովսեփ Մարգարյանի վստահությունը, շահագործելու և ամսական 160.000 ՀՀ դրամ վարձավճար վճարելու պատրվակով, խաբեությամբ ստացել և հափշտակել է վերջինիս պատկանող` 2.800.000 ՀՀ դրամ արժողության Վազ-21074 մակնիշի ավտոմեքենան, որը հաջորդ օրը Երևանի «Էրեբունի» ավտոշուկայում վաճառել է Սարգիս Ավագյանին` Հ.Մարգարյանին պատճառելով խոշոր չափի` 2.820.000 ՀՀ դրամի վնաս (տե՛ս նյութեր, էջ 16):
7. Մեղադրյալ Հ.Գյուրջյանը հայտնաբերվել և կալանքի է վերցվել 2009 թվականի դեկտեմբերի 26-ին (տե՛ս նյութեր, 21-22 էջեր): Հ.Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն նախաքննության մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացվել է 2010 թվականի հունվարի 14-ին (տե՛ս նյութեր, էջ 13):
8. Առաջին ատյանի դատարանը Հ.Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը քննության է նշանակել 2010 թվականի հունվարի 19-ին (տե՛ս նյութեր, էջ 24): Գործով հանրային պաշտպան ներգրավելու համար դատական նիստը հետաձգվել է և նշանակվել 2010 թվականի հունվարի 25-ին (տե՛ս նյութեր, էջ 27):
9. Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Հ.Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին որոշման մեջ նշել է. «Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմինը, խախտելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, մեղադրյալ Հ.Գյուրջյանին չի ներկայացրել դատարան ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում, ինչով խախտվել է մեղադրյալի իրավունքները, սակայն գործող օրենսդրության համաձայն այն հիմք չէ կալանավորումը վերահաստատելու միջնորդությունը մերժելու համար» (տե՛ս նյութեր, էջ 38):
10. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է. «Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով մեղադրյալ Հ.Գյուրջյանի պաշտպան Ա.Ավագյանի վերաքննիչ բողոքում նշված այն փաստարկին, որ Հրանտ Գյուրջյանը չի տարվել դատավորի մոտ, նշում է, որ այն չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու համար, քանի որ ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առել նաև այդ հանգամանքը և նշել է, որ (…), և ըստ էության հիմք ընդունելով այն հանգամանքը, որ չեն վերացել և շարունակում են առկա լինել մեղադրյալին կալանավորելու հիմքերը, բավարարել է քննիչի միջնորդությունը (…):
Վերաքննիչ դատարանը վերոշարադրյալ հիմքերով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի հունվարի 25-ի վերոհիշյալ որոշումը համարում է ճիշտ, իսկ վերաքննիչ բողոքում բերված եզրահանգումները` անհիմն, և որ չեն խախտվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի, (…) պահանջները» (տե՛ս նյութեր, 57-58 էջեր):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 11-րդ, 135-րդ, 136-րդ, 143-րդ հոդվածների պահանջները, բացի այդ, Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է Տ.Վահրադյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմանը:
12. Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկների` բողոքի հեղինակը նշել է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալ Հ.Գյուրջյանին արգելանքի վերցնելու պահից 72 ժամվա ընթացքում նրան չի ներկայացրել դատարան, իսկ ստորադաս դատարանները, արձանագրելով վերոգրյալ խախտումը, ոչ միայն միջոցներ չեն ձեռնարկել այն հարթելու համար, այլ խախտումը դարձրել են շարունակական:
Ըստ բողոքաբերի` մեղադրյալին արգելանքի վերցնելուց հետո 72 ժամից ավելի ուշ դատարան ներկայացնելու դեպքում համապատասխան դատարանը պարտավոր է մերժել ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու մասին միջնորդությունը և անձին ազատ արձակել կալանքից:
13. Բացի այդ, բողոք բերած անձը, շարադրելով Հ.Գյուրջյանի անձը բնութագրող տվյալները և նշելով, որ վերջինս ամբողջությամբ վերականգնել է տուժողներին պատճառված վնասը, փաստարկել է, որ առկա են մեղադրյալ Հ.Գյուրջյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու համար անհրաժեշտ, քրեադատավարական օրենքով նախատեսված հիմքերը, մինչդեռ ստորադաս դատարաններն անտեսել են վերոգրյալը և նրա նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի:
14. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի փետրվարի 11-ի որոշումը և մեղադրյալ Հ.Գյուրջյանին ազատ արձակել կալանքից կամ նրա նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
I. Հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց և արգելանքի վերցնելուց հետո անհապաղ դատավորի մոտ տանելու իրավական պահանջը
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանը, նախ, քննության է առնում հետևյալ իրավական հարցը. մեղադրյալ Հ.Գյուրջյանի նկատմամբ պահպանվե՞լ է արդյոք հայտնաբերվելուց հետո անհապաղ դատավորի մոտ տարվելու իրավական պահանջը:
16. Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին հայտնաբերելուց հետո ընտրված խափանման միջոց կալանավորման հարցը վերստին քննության առնելու նպատակով վերջինիս անհապաղ դատարան ներկայացնելու պարտադիրության վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Տ.Վահրադյանի վերաբերյալ գործով որոշման մեջ: Համաձայն այդ որոշման`
«Հիմք ընդունելով ՀՀ իրավական համակարգում Կոնվենցիայի բարձրագույն իրավաբանական ուժը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց անհապաղ դատարանի առջև ներկայացնելու՝ Կոնվենցիայով հստակ ամրագրված և Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում բազմիցս վերահաստատված պահանջի ներպետական երաշխավորման պահանջը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ ներպետական օրենսդրության մակարդակում ազատության իրավունքի ապահովման անհրաժեշտ երաշխիք պետք է լինի հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո, արդեն նրա ներկայությամբ, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցի կրկնակի քննարկումը նախաքննության կատարման վայրի դատարանում: (...)
Հետևաբար` հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նա պետք է անհապաղ (72 ժամվա ընթացքում) տարվի դատավորի մոտ» (տե՛ս Տ.Վահրադյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08 որոշման 33-րդ, 34-րդ կետերը):
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրյալ Հ.Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը դատարան է ներկայացվել նրան ձերբակալելու պահից 19 օր հետո (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
18. Սույն որոշման 17-րդ կետում շարադրված փաստական հանգամանքի նկատմամբ կիրառելով սույն որոշման 16-րդ կետում և, համապատասխանաբար, Տ.Վահրադյանի վերաբերյալ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ են ստորադաս դատարանների դատողություններն այն մասին, որ մեղադրյալ Հ.Գյուրջյանը հայտնաբերվելուց հետո անհապաղ դատավորի մոտ չի տարվել (տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը):
II. Սույն գործով ստորադաս դատարաններում խափանման միջոց կալանավորման հարցի քննության և լուծման իրավաչափությունը
19. Ստորադաս դատարաններում Հ.Գյուրջյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորման հարցի վերստին քննության և լուծման իրավաչափության կապակցությամբ Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին հարցը հետևյալն է. ստորադաս դատարանները ձեռնարկե՞լ են արդյոք անհրաժեշտ միջոցներ Հ.Գյուրջյանին դատարան ներկայացնելու ժամկետի խախտումը հարթելու համար:
20. Այս հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Գ.Միքայելյանի վերաբերյալ գործով որոշման մեջ.
«(…) [Կ]ալանավորման միջնորդությունը քննելիս ձերբակալման ընթացակարգի խախտման փաստ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ: Ձերբակալման առավելագույն ժամկետի խախտման պարագայում այդ միջոցները պետք է հանգեն հետևյալին.
ա) 72-ժամյա ժամկետի խախտման փաստի արձանագրում,
բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360.1 հոդվածի հիման վրա լրացուցիչ որոշման կայացում, կամ, խախտումն ակնհայտ և կոպիտ լինելու դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմում,
գ) անօրինական ձերբակալման համար փոխհատուցում ստանալու պահանջով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելու ընթացակարգի պարզաբանում:
(…) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ձերբակալման ընթացակարգի խախտման հիմքով հայցի քննությունը պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի հիման վրա: Այլ կերպ` անօրինական ձերբակալման զոհը պետք է օժտված լինի փոխհատուցում ստանալու իրավունքով` անկախ համապատասխան հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից: (…)» (տե՛ս Գ.Միքայելյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 34-րդ, 36-րդ կետերը):
21. Սույն գործի և Գ.Միքայելյանի վերաբերյալ գործի տարբերությունն այն է, որ սույն գործը վերաբերում է կալանավորվածի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցի վերստին քննությանը, իսկ Գ.Միքայելյանի վերաբերյալ գործը` ձերբակալվածի կալանավորմանը: Սակայն Գ.Միքայելյանի վերաբերյալ որոշման 34-րդ և 36-րդ կետերում ամրագրված իրավական դիրքորոշման կիրառելիության համար նշված տարբերությունն էական չէ, այլ էական է երկու գործերի նմանությունը: Մասնավորապես` երկու գործերով էլ առկա էր ազատությունից զրկված անձին 72 ժամվա ընթացքում դատարան ներկայացնելու իրավական պահանջ:
Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը և Գ.Միքայելյանի վերաբերյալ գործը ունեն նույնանման փաստական հանգամանքներ, և Գ.Միքայելյանի վերաբերյալ որոշման 34-րդ և 36-րդ կետերում ամրագրված իրավական դիրքորոշումը սույն գործով ենթակա է կիրառման:
22. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները բավարարվել են միայն Հ.Գյուրջյանին դատարան ներկայացնելու ժամկետի խախտման փաստի արձանագրմամբ, և համապատասխան լրացուցիչ որոշում չեն կայացրել, քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին չեն դիմել, փոխհատուցում ստանալու պահանջով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելու ընթացակարգը Հ.Գյուրջյանին չեն պարզաբանել:
Հետևաբար սույն գործով ստորադաս դատարանները չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հ.Գյուրջյանին դատարան ներկայացնելու ժամկետի խախտումը հարթելու համար:
23. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. Հ.Գյուրջյանին արգելանքի վերցնելուց հետո 72 ժամի խախտմամբ նրան դատարան ներկայացնելու պայմաններում դատարանն իրավասո՞ւ էր արդյոք բավարարել ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու մասին միջնորդությունը:
24. Վերոնշյալ հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում հայտնել է Գ.Միքայելյանի վերաբերյալ որոշման մեջ: Նշված որոշման համաձայն` «(…) անձին կալանավորելու միջնորդությունը կարող է բավարարվել այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրած քրեական հետապնդման մարմնին հաջողվի դատարանի համար համոզիչ հիմնավորել.
ա) անձին մեղսագրվող հանցագործությանը նրա առնչությունը (տվյալ հանցագործության կատարման մեջ հիմնավոր կասկածը) և
բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի առկայությունը:
Այսպիսով, կալանավորման միջնորդությանը նախորդած ձերբակալման ընթացակարգի (ներառյալ` ժամկետի վերաբերյալ պահանջի) խախտումը կալանավորման միջնորդությունը մերժելու հիմք չէ, եթե հանցագործությանը մեղադրյալի առնչությունը և կալանավորման հիմքերի առկայությունը դատարանը համարում է հիմնավորված» (տե՛ս Գ.Միքայելյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 32-րդ կետը):
25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ստորադաս դատարանները Հ.Գյուրջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել են` ելնելով այն հանգամանքից, որ չեն վերացել և շարունակում են առկա լինել մեղադրյալին կալանավորելու հիմքերը (տե՛ս սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերը):
26. Սույն որոշման 25-րդ կետում շարադրված փաստական հանգամանքի նկատմամբ կիրառելով սույն որոշման 24-րդ կետում մեջբերված իրավական հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն իրավասու էին Հ.Գյուրջյանին արգելանքի վերցնելուց 72 ժամ հետո նրան դատարան ներկայացնելու դեպքում բավարարել ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու մասին միջնորդությունը:
27. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հաջորդ իրավական հարցը հետևյալն է. Հ.Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերահաստատման մասին նախաքննության մարմնի միջնորդությունն արդյո՞ք Առաջին ատյանի դատարանի կողմից քննվել է անհապաղ:
28. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «(…) ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնել դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակելու իրավունք (…)»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի հիման վրա՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը ներառում է նաև դատարանի մոտ բերված անձի ազատության հարցի անհապաղ քննության պահանջը: Մասնավորապես, այն ամրագրված է Եվրոպական դատարանի հետևյալ վճիռներում. Աքվիլինան ընդդեմ Մալթայի (Aquilina v. Malta), գանգատ թիվ 25642/94, Մեծ Պալատի 1999թ. ապրիլի 29-ի վճիռ, կետ 48, Մքքեյն ընդդեմ Միացյալ Թագավորության (McKay v. Tհe United Kingdom), գանգատ թիվ 543/03, Մեծ Պալատի 2006թ. հոկտեմբերի 10-ի վճիռ, 30 և 33 կետեր, Լադենտն ընդդեմ Լեհաստանի (Ladent v. Poland), գանգատ թիվ 11036/03, Պալատի 2008թ. հունիսի 18-ի վճիռ, 72-73 կետեր, Մեդվեդևը և ուրիշներն ընդդեմ Ֆրանսիայի (Medvedyev and Others v. France), գանգատ թիվ 3394/03, Մեծ Պալատի 2010թ. մարտի 29-ի վճիռ, 117 և 121 կետեր:
29. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Հ.Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը դատարանը քննության է նշանակել հինգ օր հետո (տե՛ս սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերը):
30. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորումը վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը ստացվելուց հինգ օր հետո դատական քննության նշանակելն ակնհայտորեն չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով երաշխավորված անհապաղության չափանիշներին:
31. Սույն որոշման 29-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքի նկատմամբ կիրառելով սույն որոշման 28-րդ կետում շարադրված իրավական հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Հ.Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերահաստատման մասին նախաքննության մարմնի միջնորդությունն անհապաղ քննության չի առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից, իսկ Վերաքննիչ դատարանը, իր հերթին, պատշաճորեն չի արձագանքել Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված այս խախտմանը:
III. Սույն որոշման իրավական արժեքը.
32. Սույն որոշման 15-31-րդ կետերից երևում է, որ բողոքում նշված հիմնավորումները բավարար են բողոքարկված դատական ակտը բեկանելու համար:
Սակայն բողոքարկված դատական ակտերը եղել են ժամանակավոր և սույն որոշումը կայացնելու պահին դրանք իրավաբանորեն դադարել են գոյություն ունենալուց:
33. Բացի այդ, Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2010 թվականի մարտի 3-ին կայացվել է դատավճիռ, որով Հ.Գյուրջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով: Ընդ որում, պատիժը կիրառելու հարցը լուծելիս դատարանը հաշվի է առել Հ.Գյուրջյանին անազատության մեջ պահելու ողջ ժամանակահատվածը:
Վերաքննիչ դատարանի 2010 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի մարտի 3-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
34. Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկված դատական ակտերը չեն կարող բեկանվել, քանի որ դրանք իրավաբանորեն այլևս գոյություն չունեն, ինչպես նաև Հ.Գյուրջյանի նկատմամբ քրեական վարույթի ողջ ընթացքը հաշվի առնելով` չեն հանգեցրել նրան անազատության մեջ ավելի երկար պահելուն, քան դատարանի դատավճռով սահմանված ժամկետն է:
35. Բողոքարկված դատական ակտերը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Այդ առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մեղադրյալ Հրանտ Հրաչիկի Գյուրջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հունվարի 25-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ Հ.Գյուրջյանի պաշտպան Ա.Ավագյանի վճռաբեկ բողոքը մերժել` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ Դատավորներ` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ Ա. ՊՈՂՈՍՅԱՆ Ս. ՕՀԱՆՅԱՆ