ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1788/02/12 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1788/02/12 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
ռ. Հակոբյանի | ||
տ. պետրոսյանի |
2016 թվականի դեկտեմբերի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Տիգրան Մարտիրոսյանի ընդդեմ Սեդա Վարդանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Սեդա Վարդանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տիգրան Մարտիրոսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ստորաբաժանման, «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` Սեդա Վարդանյանի և Տիգրան Մարտիրոսյանի միջև կնքված փոխառության պայմանագիրը չկնքված ճանաչելու և դրա հիման վրա կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տիգրան Մարտիրոսյանը պահանջել է Սեդա Վարդանյանից բռնագանձել 5.900.000 ՀՀ դրամ, նախապես վճարված 118.000 ՀՀ դրամ պետական տուրքը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հաշվարկվելիք բանկային տոկոսների գումարը` սկսած 01.04.2010 թվականից մինչև պարտավորությունների դադարման օրը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սեդա Վարդանյանը պահանջել է իր և Տիգրան Մարտիրոսյանի միջև 30.12.2009 թվականին կնքված փոխառության պայմանագիրը ճանաչել չկնքված, 30.12.2009 թվականի թիվ 9178 անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը ճանաչել անվավեր և վերացնել դրա հիման վրա կատարված գրավի իրավունքի պետական գրանցումը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ. Հակոբյան, Ն. Տավարացյան, Տ. Նազարյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.10.2014 թվականի որոշմամբ Սեդա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.06.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի որոշմամբ Սեդա Վարդանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեդա Վարդանյանի իրավահաջորդ Լուսինե Հակոբյանի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 21.05.2015 թվականի թիվ ԵԿԴ/0067/01/13 դատավճռով հաստատված է համարվել, որ Տիգրան Մարտիրոսյանը 30.12.2009 թվականին Աղասի Վարդանյանին ամսական 5 տոկոս տոկոսադրույքով տվել է 3.856.700 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար և մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ստացել ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ` 2.700.390 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլարի չափով:
Այսինքն` նշված դատավճռով ապացուցվում է, որ Տիգրան Մարտիրոսյանը ոչ թե Սեդա Վարդանյանին, այլ Աղասի Վարդանյանին է տվել փոխառության գումարը, ընդ որում՝ ոչ թե ստացականում նշված 5.900.000 ՀՀ դրամ, այլ 3.856.700 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար, որից 7.000 ԱՄՆ դոլարն էլ վերադարձվել է Տիգրան Մարտիրոսյանին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել վերանայման վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի 10.10.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Սեդա Վարդանյանի կողմից 30.12.2009 թվականին տրված ստացականի համաձայն` Սեդա Վարդանյանը Տիգրան Մարտիրոսյանից պարտքով ստացել է 5.900.000 ՀՀ դրամ, որը պարտավորվել է վերադարձնել երեք ամսվա ընթացքում (հատոր 1-ին, գ.թ. 9):
2) Տիգրան Մարտիրոսյանի և Սեդա Վարդանյանի միջև 30.12.2009 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագրի համաձայն` ի ապահովումն 30.12.2012 թվականին Սեդա Վարդանյանի ստանձնած պարտավորությանը` Սեդա Վարդանյանը գրավ է դրել սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևանի Նորքի Գայի պողոտա թիվ 21/22 շենքի 46-րդ բնակարանը (հատոր 1-ին, գ.թ. 8):
3) Դատարանի 05.06.2014 թվականի թիվ ԵԱՆԴ/1788/02/12 վճռով հաստատված է համարվել, որ Տիգրան Մարտիրոսյանը Սեդա Վարդանյանին փոխառությամբ 5.900.000 ՀՀ դրամ է տվել, որը Սեդա Վարդանյանը պարտավորվել է վերադարձնել երեք ամսվա ընթացքում: Միաժամանակ Դատարանն արձանագրել է, որ 30.12.2009 թվականին տրված ստացականը չկնքված ճանաչելու որևէ հիմք առկա չէ (հատոր 3-րդ, գ.թ. 154-157):
4) Վերաքննիչ դատարանի 10.10.2014 թվականի թիվ ԵԱՆԴ/1788/02/12 որոշմամբ Սեդա Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.06.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ` հաստատված համարելով, որ սույն քաղաքացիական գործով վճիռ կայացնելիս դատարանը բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ ու պատշաճ գնահատմամբ կայացրել է օրինական և հիմնավորված վճիռ (հատոր 4-րդ, գ.թ. 54-58):
5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի որոշմամբ Սեդա Վարդանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և Վերաքննիչ դատարանի 10.10.2014 թվականի թիվ ԵԱՆԴ/1788/02/12 որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 4-րդ, գ.թ. 101-104):
6) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 21.05.2015 թվականի թիվ ԵԿԴ/0067/01/13 դատավճռով ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Դատավճռով արձանագրվել է, որ Տիգրան Մարտիրոսյանը 30.12.2009 թվականին Սեդա Վարդանյանի եղբորը` Աղասի Վարդանյանին, ամսական 5 տոկոս տոկոսադրույքով տվել է 3.856.700 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար և մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ` 2.700.390 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլարի չափով (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր երևան եկած հանգամանք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե`
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն` արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ (տե՛ս, ըստ Մարինե Մանուկյանի դիմումի` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/2392/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը, բավարարելով Տիգրան Մարտիրոսյանի հայցը և մերժելով Սեդա Վարդանյանի հակընդդեմ հայցը, 05.06.2014 թվականի վճռի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Սեդա Վարդանյանը Տիգրան Մարտիրոսյանից 30.12.2009 թվականին փոխառությամբ վերցրել է 5.900.000 ՀՀ դրամ և պարտավորվել է վերադարձնել այն երեք ամսվա ընթացքում, և ի ապահովումն նշված պարտավորության կատարման` Տիգրան Մարտիրոսյանի և Սեդա Վարդանյանի միջև 30.12.2009 կնքվել է անշարժ գույքի հիփոթեքի պայմանագիրը, որի համաձայն` գրավ է դրվել Սեդա Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը: Սեդա Վարդանյանը չի կատարել վերոնշյալ պարտավորությունը:
Վերաքննիչ դատարանը, մերժելով Սեդա Վարդանյանի վերաքննիչ բողոքը, 10.10.2014 թվականի որոշմամբ Դատարանի 05.06.2014 թվականի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի որոշմամբ Սեդա Վարդանյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն վճռաբեկ բողոքին կից Սեդա Վարդանյանի իրավահաջորդի ներկայացուցիչը ներկայացրել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 21.05.2015 թվականի թիվ ԵԿԴ/0067/01/13 դատավճիռը, որով ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Դատավճռով արձանագրվել է, որ Տիգրան Մարտիրոսյանը 30.12.2009 թվականին Սեդա Վարդանյանի եղբորը` Աղասի Վարդանյանին, ամսական 5 տոկոս տոկոսադրույքով տվել է 3.856.700 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար և մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ` 2.700.390 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլարի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 21.05.2015 թվականի թիվ ԵԿԴ/0067/01/13 դատավճռով արձանագրված վերը նշված հանգամանքը սույն գործով նոր երևան եկած հանգամանք է և էական նշանակություն ունի գործի լուծման համար: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ստորադաս դատարանների կողմից դատական ակտերի հիմքում որպես Տիգրան Մարտիրոսյանի` Սեդա Վարդանյանից գումար բռնագանձելու մասին հայցապահանջի բավարարման հիմք դրվել է Սեդա Վարդանյանի կողմից 30.12.2009 թվականին տրված ստացականը, մինչդեռ վերոնշյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռով Տիգրան Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտվել այն բանի համար, որ նա 30.12.2009 թվականին 3.856.700 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար է տվել Սեդա Վարդանյանի եղբորը՝ Աղասի Վարդանյանին, ամսական 5 տոկոս տոկոսադրույքով և մինչև 2011 թվականի նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում ստացել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ` 2.700.390 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլարի չափով տոկոսներ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի և 204.32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 10.10.2014 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.12.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ե. Սողոմոնյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|