ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2016 թվականի N 649-Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին համապատասխան մարմիններին լիազոր մարմնի կողմից տեղեկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. հունիսի 28 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 649-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են բնապահպանական, հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց մասին համապատասխան մարմիններին լիազոր մարմնի կողմից տեղեկացնելու ընթացակարգի հետ կապված հարաբերությունները:
2. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածի 2-րդ մասի ծանուցման ենթակա գործունեության տեսակների աղյուսակով նախատեսված գործունեության տեսակների համար լիազոր մարմինները սույն կարգով նախատեսված տեղեկատվություն են ներկայացնում`
1) բնապահպանական նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը.
2) հիգիենիկ և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը.
3) հակահրդեհային նորմերի և կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
3. Լիազոր մարմինները ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց օրենքով սահմանված կարգով հաշվառում իրականացնելուց հետո մինչև հաջորդ ամսվա 15-ը, սույն կարգի 2-րդ կետով նախատեսված մարմիններին (այսուհետ՝ նախարարություններ) տեղեկատվություն են ներկայացնում էլեկտրոնային եղանակով հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
4. Հաղորդագրությունը ներկայացվում է նախարարությունների աշխատակազմերին «Mulberry» համակարգի միջոցով, որտեղ նշվում են՝
1) իրավաբանական անձանց դեպքում՝
ա. կազմակերպության անվանումը,
բ. պետական գրանցման համարը,
գ. գտնվելու վայրը,
դ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը.
2) ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) անունը, ազգանունը,
բ. բնակության կամ հաշվառման վայրը,
գ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
դ. պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը:
5. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց վերակազմակերպման, անվանման (անվան) կամ գտնվելու վայրի (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) փոփոխման դեպքում, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի դադարեցման դեպքում հաշվառման մեջ առկա տեղեկատվության փոփոխություն կատարելուց հետո լիազոր մարմինները մինչև հաջորդ ամսվա 15-ը դրա մասին հաղորդագրություն են ներկայացնում նախարարություններին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |