ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Քրեական գործ թիվ ԵԱԴԴ/0002/01/15 |
ԵԱԴԴ/0002/01/15 |
Նախագահող դատավոր՝ Ա. Խաչատրյան |
Դատավորներ՝ |
Լ. Թադևոսյան |
Ա. Դանիելյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ս. Ավետիսյանի | ||
Ե. դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. ԱՎԱԳՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատախազ |
Հ. ՉԱԽՈՅԱՆԻ |
2016 թվականի հունիսի 24-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Մհեր Ազատի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
1. 2014 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 10146214 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ Մհեր Ազատի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ու 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: 2015 թվականի հունվարի 26-ի որոշումներով Մհեր Ազատի Հարությունյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, նա ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:
2015 թվականի փետրվարի 6-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի հունիսի 15-ի դատավճռով Մ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է, նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի հիման վրա Մ.Հարությունյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է 2014 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2015 թվականի փետրվարի 13-ն անազատության մեջ գտնվելու չորս ամիսը, և վերջնական պատիժ նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 8 (ութ) ամիս ժամկետով:
Վճռվել է նաև Մ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել, և նրան կալանքի վերցնել դատական նիստերի դահլիճից:
3. Մեղադրող Հ. Չախոյանի, ամբաստանյալ Մ.Հարությունյանի պաշտպան Մ.Թորոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը և ամբաստանյալ Մ.Հարությունյանի պաշտպան Մ.Թորոսյանը:
Վճռաբեկ դատարանը 2016 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ ամբաստանյալ Մ.Հարությունյանի պաշտպան Մ.Թորոսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, իսկ նույն օրվա մեկ այլ որոշմամբ վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Մ.Հարությունյանի պաշտպան Մ.Թորոսյանը` խնդրելով մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. Ամբաստանյալ Մ.Հարությունյանին նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հունվարի 26-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Նա 2014 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 23:30-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 11-րդ շենքի բակում Վահագն Իսրայելյանի և նրա անչափահաս որդու՝ 08.02.1997թ. ծնված Արեգ Իսրայելյանի հետ չնչին առիթից` վերջիններիս բարեկամին՝ Անի Արտակի Մելիքսեթյանին փողոցում անհանգստացնելու հետ կապված խոսակցության ընթացքում, սանձարձակ և անպարկեշտ արտահայտություններ է հասցրել Վահագն Իսրայելյանի հասցեին, Արեգ Իսրայելյանի ներկայությամբ՝ հրահրելով քաշքշուկ և վիճաբանություն, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված խուլիգանական դրդումներով, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարձակվել է Արեգ Իսրայելյանի վրա, որի ընթացքում իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, ձախ գոտկային շրջանին և դիտավորությամբ պատճառել կյանքի համար վտանգավոր առողջությանը ծանր վնաս (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 263):
5.1. Մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասի համաձայն՝ «(...) Մհեր Ազատի Հարությունյանը 2014 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 21:00-ի սահմաններում իրենց շենքի բակում հանդիպել է ընկերոջը, (...) [ընկերոջ մեքենայով] երթևեկելու ընթացքում հանդիպել են (...) Մարգարիտ Վահագի Իսրայելյանին և վերջինիս մորեղբոր աղջկան` Անի Արտակի Մելիքսեթյանին (...): Հասնելով աղջիկներին, Մհեր Հարությունյանը (...) սկսել է անպարկեշտ արտահայտություններ արտահայտել ուղղված Անի Մելիքսեթյանին և առաջարկել նստել մեքենան և միասին գնալ գարեջուր խմելու: Վերջինից մերժում ստանալով` իջել է ավտոմեքենայից, մոտեցել է Ա.Մելիքսեթյանին և ցանկություն հայտնել ծանոթանալ նրա հետ, որից հետո պահանջել է նստել ավտոմեքենան իրենց հետ գնալու համար, ինչին ի պատասխան կրկին մերժում է ստացել, որից հետո դանակի գործադրմամբ պահանջել է նստել ավտոմեքենան, նման պարագայում ևս մերժում է ստացել, իսկ Մհեր Հարությունյանը այլևս իր հետ գալու կամ ավտոմեքենան նստելու պահանջ չի ներկայացրել (...): Մարգարիտ Իսրայելյանը այդ ամենը տեսնելով զանգահարել է իր հորը` Վահագն Իսրայելյանին և տեղյակ պահել կատարվածի մասին: Վերջինս էլ որդու` անչափահաս Արեգ Իսրայելյանի հետ տանից իջել է բակ և կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար քայլելով տղայի հետ մոտեցել է (...) Մհեր Հարությունյանին (...): Վահագն Իսրայելյանի այն հարցին, թե ինչու են անհանգստացրել աղջիկներին Մհեր Հարությունյանը հեգնական տոնայնությամբ առանց որևէ հաշիվ տալու, որ խոսում է իրենից տարեց անձնավորության հետ ընդգծելով իր կարծեցյալ առավելությունները անձնական վիրավորանքներ հասցնելով պատասխանել է «լավ եմ արել աղջիկ եմ խոսեցրել, բա աղջիկը խոսեցնելու համար է»: Նման արտահայտությունները Մհեր Հարությունյանի կողմից ուղղված Վահագն Իսրայելյանին դուր չի եկել Արեգ Իսրայելյանին, ով էլ այդ խոսակցության վրա մեկ անգամ ձեռքով հարվածել է Մհեր Հարությունյանի դեմքին, վերջինս էլ իր իսկ հրահրած քաշքշուկի ընթացքում անպարկեշտ արտահայտություններով սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված` խուլիգանական դրդումներով մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ հարձակվել է Արեգ Իսրայելյանի վրա, որի ընթացքում իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, ձախ գոտկային շրջանին և դիտավորությամբ պատճառել կյանքի համար վտանգավոր առողջությանը ծանր վնաս (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 292-293):
6. Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Մ.Հարությունյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետից վերաորակելով նույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և այդ հոդվածով նրան մեղավոր ճանաչելով, արձանագրել է. «(...) [Վ]իճաբանության առիթը և պատճառը եղել է տուժող Արեգ Իսրայելյանի, տուժողի հոր՝ Վահագն Իսրայելյանի և ամբաստանյալ Մհեր Հարությունյանի այդ պահին լարված հարաբերություններն ու դրանց պարզաբանումը, ինչը նախաքննական մարմինը նույնպես հիմնավորված է համարել, քանի որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքում նշել է, որ «վերջիններիս /Վահագն Իսրայելյանի և Արեգ Իսրայելյանի/ բարեկամին՝ Անի Արտակի Մելիքսեթյանին փողոցում անհանգստացնելու հետ կապված խոսակցության ընթացքում», սակայն դա դիտելով որպես «չնչին առիթ» արարքին տվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական: Դատաքննությամբ հաստատվեց, որ արարքն սկսվել է տուժող Արեգ Իսրայելյանի հարվածից հետո, ի պատասխան որի` ամբաստանյալ Մհեր Հարությունյանը իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է նրան, այսինքն տուժողի գործողությունների արդյունքում ձևավորված վիրավորանքի դիմաց է ամբաստանյալը, վրեժ լուծելով, ցանկացել բավարարում ստանալ: (…)
Դատաքննությամբ հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ ամբաստանյալ Մհեր Հարությունյանը տուժող Արեգ Իսրայելյանի նկատմամբ հանցավոր ոտնձգությունը կատարելիս «սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքից մղված» չի գործել, այլ իր վարքագիծը պայմանավորված է եղել տուժողի գործողություններով: Դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ հանցավորի վարքագիծն ուղղված է կոնկրետ անձի դեմ, պայմանավորված է նրա հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով և հանդիսանում է հանցավորի հուզական վիճակի արտահայտություն, խուլիգանության հանցակազմն այս դեպքում բացակայում է լիովին: Նման պայմաններում խոսք լինել չի կարող վնասվածքը խուլիգանական դրդումներով պատճառելու մասին։ Ամբաստանյալ Մհեր Հարությունյանի կատարած գործողությունները չի կարող որակվել անշարժառիթ, քանի որ տուժող Արեգ Իսրայելյանը հարվածել է ամբաստանյալին, ով զրուցել է նրա հոր Վահագն Իսրայելյանի հետ, որից հետո ամբաստանյալ Հարությունյանը դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել ու մարմնական ծանր վնասվածք է պատճառել Արեգ Իսրայելյանին:
Վերոգրյալը հաստատվում է ամբաստանյալի, տուժողի, վկաների թե նախաքննական, թե դատաքննական ցուցմունքներով:
(...)
Նման պայմաններում նախաքննական մարմինը ճիշտ չի գնահատել վիճաբանության առիթը, հանցագործության կատարման շարժառիթը և իրական դրդապատճառները` արարքի իրավական որակման հարցում հանգելով ակնհայտ սխալ եզրակացության (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 455-456):
6.1. Գործով վկա Մ.Իսրայելյանի՝ դատարանում հրապարակված նախաքննական ցուցմունքների համաձայն` «(...) [Ի]նքը և (...) Անի Մելիքսեթյանը դուրս են եկել զբոսնելու: (...) Քայլելու ընթացքում իրենց է հավասարվել սպիտակ գույնի իրեն անհայտ մակնիշի ավտոմեքենա և վարորդի կողքին նստած անձնավորությունը, որը իրեն անծանոթ է եղել, ցինիկ տոնայնությամբ առաջարկել է նստել ավտոմեքենան և գնալ միասին գարեջուր խմելու: Իրենք ոչ մի ուշադրություն չդարձնելով շարունակել են ճանապարհը, որից հետո ավտոմեքենան կանգնեցրել են և ղեկի կողմից իջել է իրեն ծանոթ Արմեն Սարգսյանը, որին ճանաչել է թաղամասից, վերջինս իրեն բարևել է և ասել, որ ամեն ինչ լավ է անհանգստանալու կարիք չկա, իսկ ինքը Արմեն Սարգսյանին տեսնելով փոքր ինչ հանգստացել է: Իսկ իրեն անծանոթ տղան զրուցել է Անի Մելիքսեթյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մերժել է նրա առաջարկները: Հետո իրենք արագ քայլելով գնացել են տան ուղղությամբ և գրեթե հասել շենքի բակ, իսկ ավտոմեքենան իրենց հետևից: Հասնելով իրենց կանգնեցրել են ավտոմեքենան և իջել: Արմեն Սարգսյանը եկել է իր ուղղությամբ, իսկ մյուս տղան՝ Անի Մելիքսեթյանի: Արմեն Սարգսյանը իրեն ասել է, որ այդ աղջիկը ընկերոջ դուրը եկել է և նա ցանկանում է խոսել նրա հետ, իսկ ինքը պատասխանել է, որ եթե Անի Մելիքսեթյանը չի ցանկանում, պետք չէ ստիպել և գնացել է վերջինիս կողմը: Հետո, երբ նկատելով, որ իրեն անծանոթ տղան Անի Մելիքսեթյանի որովայնի հատվածին դանակ է պահել և պահանջել է նստել ավտոմեքենան և իր հետ գնալ, իսկ Անին համարձակորեն ասել է, որ կարող է խփի, միևնույն է նրա մեքենան չի նստելու: Տեսնելով, որ այդ անծանոթ տղայի ուշադրությունը Անիի կողմն է, անմիջապես վազել է իրենց շենքի ուղղությամբ և մուտքից զանգահարել է հորը՝ Վահագն Իսրայելյանին և շտապ կանչել շենքի բակ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 453):
6.2. Վկա Ա.Մելիքսեթյանը նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ «(...) 2014 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում ինքը և հորաքրոջ աղջիկը՝ Մարգարիտ Իսրայելյանը դուրս են եկել զբոսնելու: (...) Քայլելու ընթացքում իրենց է հավասարվել սպիտակ գույնի իրեն անհայտ մակնիշի ավտոմեքենա և վարորդի կողքին նստած անձնավորությունը, որը իրեն անծանոթ է եղել առաջարկել է ծանոթանալ, նստել ավտոմեքենան և գնալ միասին գարեջուր խմելու: Իրենք ոչ մի ուշադրություն չդարձնելով շարունակել են ճանապարհը, ինչից հետո ավտոմեքենան կանգնեցրել և իջել են երկու անձնավորություն, վարորդը Մարգարիտ Իսրայելյանին ծանոթ է եղել Արմեն անունով և ասել է, որ ընկերը ցանկանում է ծանոթանալ իր հետ, իսկ այդ ընթացքում մյուս տղան գարեջրի շիշը ձեռքին մոտեցել է, ձեռքով բռնել իր ձեռքից, ներկայացել, որ իր անունը Մհեր է, հետո հայտնել է, որ շատ է հավանել և առաջարկել է նստել մեքենան միասին գնալ: Նրա բոլոր առաջարկներին ինքը մերժել է, հետո վերջինս դանակի գործադրմամբ պահանջել է նստել ավտոմեքենան, նման պարագայում ևս ինքը մերժել է, որից հետո Մհերը տոնայնությունը փոխել է և դանակը պահել գրպանում, ասելով որ ինքը աղջիկներին դանակով չի հարվածում: Այդ ամենը տեսնելով Մարգարիտ Իսրայելյանը վազել է տան ուղղությամբ, ինքը նույնպես ցանկացել է գնալ, սակայն այդ անձնավորությունը, որը Մհեր է ներկայացել ամեն կերպ փորձել է իրեն պահել, հեռախոսահամարը իմանալու համար: Հետո, երբ շենքի մոտից Մարգարիտ Իսրայելյանը բղավել է, որ հայրը գալիս է Մհերը իր ձեռքը բաց է թողել, ինչից հետո ինքը գնացել է Մարգարիտ Իսրայելյանի մոտ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 454):
6.3. Գործով տուժող Ա.Իսրայելյանի դատաքննական ցուցմունքների համաձայն` «(...) Երբ մոտեցել է [Մ.Հարությունյանին և Ա.Սարգսյանին] հայրը (Վ.Իսրայելյանը) սկսել է խոսել Մհերի հետ, փորձել է նրան հանգստացնել, նրան ասել է, որ գնա տուն «տաքացած ես» այն ժամանակ ինքը նույնպես փորձել է նրան հանգստացնել, որ տուն գնա, սակայն Մհերը իրեն ասել է «դու ինչի ես եկել», հետո էլ հորը ասել է «ինչի ես գրիզիտ լինում», այսինքն Մհերը հոր տարիքը չհարգելով ճիշտ չի արտահայտվել, որի ժամանակ ինքը աջ ձեռքով խփել է նրան, որից մի քանի վայրկյան հետո էլ նա է իրեն երկու անգամ դանակով խփել (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 452):
6.4. Դատաքննության ժամանակ հրապարակված և հետազոտված վկա Վ.Իսրայելյանի նախաքննական ցուցմունքների համաձայն. «(...) [Մ.Հարությունյանը] ագրեսիվ հեգնական տոնայնությամբ միջամտել է խոսակցությանը, հաշվի չառնելով տարիքային տարբերությունը շատ վատ արտահայտություններ է արել, և տպավորություն է ստեղծել, որ ինքը ամենակարող է և ում հետ ինչպես ցանկանա, այնպես էլ կխոսի, ապա ասել է` «լավ եմ արել աղջիկ եմ խոսեցրել, բա աղջիկը խոսեցնելու համար է»: Այդ վիրավորական խոսքերի ընթացքում իր որդին` Ա.Իսրայելյանը, մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքին, ինչից հետո վերջինս շատ արագ հարձակվել է որդու վրա (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 453):
7. Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով նախաքննական մարմնի կողմից Մ.Հարությունյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպմանը և այդ համատեքստում մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Ա.Պապյանի գործով թիվ ՏԴ/0115/01/09 որոշմամբ արտահայտված առանձին իրավական դիրքորոշումները, արդյունքում փաստել է. «(…) [Թ]եև քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ, այդ թվում տուժող Ա.Իսրայելյանի ցուցմունքներով հիմնավորվել է, որ ամբաստանյալը տուժող Արեգ Իսրայելյանին իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարված է հասցրել` նրան պատճառելով կյանքի համար վտանգավոր առողջությանը ծանր վնաս, միայն այն բանից հետո, երբ տուժող Ա.Իսրայելյանն իրենց բարեկամուհի Անի Մելիքսեթյանին փողոցում անհանգստացնելու հետ կապված, խոսակցության ընթացքում աջ ձեռքով հարվածել է Մհեր Հարությունյանի դեմքին, ինչից էլ վրդովված, վերջինս երկու անգամ հարվածել ու ծանր վնաս է պատճառել տուժողի առողջությանը, սակայն նշված էական հանգամանքը ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ նախաքննական մարմնի կողմից չի ներառվել, ինչն էլ հանգեցրել է նրա արարքի սխալ քրեաիրավական գնահատման, իսկ արդյունքում նաև` դատական սխալի:
Վերոշարադրյալը հիմք է տալիս Վերաքննիչ դատարանին եզրակացնելու, որ հիմնավոր պետք է համարել [Առաջին ատյանի] Դատարանի` վիճարկվող դատական ակտում տեղ գտած հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Մհեր Հարությունյանի գործողությունները` տուժող Ա.Իսրայելյանին երկու անգամ հարվածելը, եղել է ոչ թե «չնչին առիթով, խուլիգանական դրդումներով» և «սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված խուլիգանական դրդումներով», ինչպես գնահատել է նախաքննական մարմինը, այլ պայմանավորված է եղել տուժողի գործողություններով, հետևաբար տուժողի կողմից ամբաստանյալ Մ.Հարությունյանին հասցված հարվածին հաջորդող վերջինիս գործողությունները չեն կարող գնահատվել իբրև ակնհայտ անհամապատասխան, ոչ ադեկվատ ու ոչ համարժեք ռեակցիա (արձագանք) տուժողի գործողություններին և հիմք հանդիսանալ ամբաստանյալի արարքը իբրև խուլիգանական դրդումներով կատարված որակելու համար» (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 115-118):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև չեն կիրառել Վճռաբեկ դատարանի՝ Ալիկ Մաթևոսյանի, Գարուշ Մադաթյանի և մի շարք այլ նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկների՝ բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանների այն հետևությունը, որ ամբաստանյալն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ` երկու անգամ հարվածել է տուժողին` վերջինիս գործողությունների արդյունքում ձևավորված վիրավորանքի դիմաց, վրեժ լուծելով` ցանկացել է բավարարում ստանալ, անհիմն են, չեն բխում գործով ձեռք բերված փաստական տվյալներից: Մասնավորապես՝ բողոքի հեղինակը նշել է, որ դատաքննությամբ հիմնավորվել է, որ հակաօրինական, հակահասարակական, բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին հակադրվելու վարքագիծն ի սկզբանե դրսևորվել է ամբաստանյալի կողմից թե՛ հանցագործությանը նախորդող, թե՛ բուն կատարման ընթացքում: Ամբաստանյալը տուժողի հոր այն հարցին, թե ինչու են անհանգստացրել աղջիկներին, հեգնանքով, առանց որևէ հաշիվ տալու, որ խոսում է իրենից տարիքով ավագ անձնավորության հետ, իր անձի «առավելությունները» ընդգծելու, ինքնահաստատման, սանձարձակության մոլուցքով տարված, դրսևորելով անպարկեշտ և ցինիկ վարքագիծ, պատասխանել է. «լավ եմ արել, աղջիկ եմ խոսեցրել, բա աղջիկը խոսեցնելու համար է»: Այդ արտահայտություններն` ուղղված Վ.Իսրայելյանին, բնականաբար, բարկացրել են Ա.Իսրայելյանին, ով նրա վարքագիծը կանխելու, նույն խուլիգանական արարքի դրսևորումները դադարեցնելու նպատակով ձեռքով մեկ անգամ հարվածել է Մ.Հարությունյանի դեմքին: Մ.Հարությունյանի սանձարձակ վարքագիծը կանխելուն ուղղված Ա.Իսրայելյանի նշյալ արարքը դատարանները գնահատել են որպես ամբաստանյալին ուղղված վիրավորանք, ինչի դիմաց ամբաստանյալը կատարել է հանցանքը: Մինչդեռ Ա.Իսրայելյանի այդ արարքը ոչ թե հանդիսացել է ծանր հանցագործության կատարման գերակա և գլխավոր շարժառիթ, այլ միայն նպաստել է դրա կատարմանը: Բողոքաբերի կարծիքով՝ դատարանները, փաստորեն, իրավաչափ են համարել ամբաստանյալի` մինչև տուժողի առողջությանը վնաս պատճառելը դրսևորած հակաբարոյական և հակահասարակական նշված վարքագիծը, որն անմիջական պատճառահետևանքային կապի մեջ է գտնվել տուժողի, ապա նաև ամբաստանյալի հետագա գործողությունների հետ:
9. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ամբաստանյալ Մ.Հարությունյանի նկատմամբ չորս տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ դատարանների հետևությունները հիմնավորված չեն: Ըստ բողոքի հեղինակի` ստորադաս դատարաններն օբյեկտիվ ստուգման ու գնահատման չեն ենթարկել ամբաստանյալի կողմից կատարված հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, հաշվի չեն առել օրենքով պաշտպանվող հարաբերությունների սոցիալական նշանակությունը` այն, որ ամբաստանյալը հանցագործությունը կատարել է սուր կտրող-ծակող գործիքի գործադրմամբ` երկու անգամ հարվածելով տուժողի կենսական կարևոր օրգանների ուղղությամբ: Բողոքաբերի կարծիքով` պատշաճ գնահատականի չի արժանացել նաև արարքը կատարելուց հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը, մասնավորապես` տուժողին օգնություն ցույց տալու փոխարեն փախուստի դիմելը:
10. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունիսի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետ) հանցակազմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ամբաստանյալ Մ.Հարությունյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի ոչ թե 2-րդ մասի 9-րդ կետով, այլ 1-ին մասով նախատեսված արարք կատարված լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունն արդյոք հիմնավոր է:
13. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը սահմանում է. «1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը (…)
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
(…)
9) խուլիգանական դրդումներով
(…)
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»:
Խուլիգանական դրդումներով կատարված սպանության՝ որպես որակյալ հանցակազմի էությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ալիկ Մաթևոսյանի վերաբերյալ որոշմամբ` ձևավորելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «Խուլիգանական դրդումներով սպանությունը կատարվում է հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի հողի վրա, երբ հանցավորի վարքագիծը բացահայտ մարտահրավեր է հասարակական կարգին և պայմանավորված է իրեն շրջապատին հակադրելու, նրա նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցադրելու ցանկությամբ:
Իրենց բովանդակությամբ խուլիգանական դրդումները ներկայացնում են բարդ շարժառիթ, որի մեջ միահյուսվում են անսահման եսամալությունը, խեղաթյուրված պատկերացումներն անձնական ազատությունների սահմանների մասին, բիրտ ուժի պաշտամունքը, իր անձի «առավելությունները» ընդգծելու մոլուցքը, «ինքնահաստատման» պահանջը, սանձարձակությունը, անպարկեշտ վարքագիծը, ցինիզմը, դաժանությունը, հանդգնությունը, ակնհայտ աննշան վիրավորանքի, չնչին առիթով ճիշտ արված դիտողության համար վրեժ լուծելը և այլն: Նշված շարժառիթների ամբողջությունը բնորոշ է յուրաքանչյուր խուլիգանության, սակայն խուլիգանական դրդումներով սպանություն կատարելիս դրանց միանում է նաև մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքն ընդհանրապես՝ անկախ տուժողի անձից:
Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելիս հանցավորը գործում է ոչ այնքան տուժողի հետ ունեցած անձնական փոխհարաբերություններից ելնելով, որքան հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու ձգտումից:
Սպանության այս տեսակին բնորոշ են ոչ թե անձնական, այլ խուլիգանական շարժառիթները, այսինքն՝ դրդումներ, մղումներ, որոնք ցույց են տալիս բացահայտ անհարգալից վերաբերմունք համակեցության կանոնների և բարոյականության տարրական նորմերի նկատմամբ:
Փաստորեն խուլիգանական դրդումներով սպանությանը հատուկ է բազմաթիվ, այդ թվում նաև մրցակցային շարժառիթների առկայությունը, որի պայմաններում կարևոր է այն հիմնական, առաջատար, գլխավոր շարժառիթը, որով ղեկավարվել է հանցավորը սպանություն կատարելիս:
Բոլոր դեպքերում, երբ սպանության հիմնական շարժառիթը խուլիգանական է, հանցավորի արարքը պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով» (տե՛ս Ալիկ Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 17-րդ կետը):
13.1. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Մաթևոսյանի վերաբերյալ որոշմամբ վերն արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ հիշյալ նախադեպային որոշմամբ վերլուծված՝ խուլիգանական դրդումներով կատարված սպանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշ հանդիսացող խուլիգանական դրդումների` որպես հանցագործության կատարման շարժառիթի էությունը վերաբերելի մասով կիրառելի է նաև խուլիգանական դրդումներով առողջությանը ծանր վնաս պատճառելուն: Մասնավորապես՝ խուլիգանական դրդումներով անձի առողջությանը ծանր վնաս պատճառելու հանցավորի կամքի ձևավորման հիմքում ընկած է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին նետված բացահայտ մարտահրավերը, իրեն հասարակությանը և շրջապատին հակադրելու ու հակազդելու ցանկությունը, իր անձի «առավելությունները» ընդգծելու մոլուցքը, ցինիզմը, սանձարձակությունը, «ինքնահաստատման» պահանջը, եսամոլությունը, անպարկեշտ վարքագիծը և այլն:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «խուլիգանական դրդումները»՝ որպես դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու հանցակազմը որակյալ դարձնող հանգամանք, արտացոլված են կատարված հանցագործության սուբյեկտիվ կողմի հատկանիշներում, ուստի դրա լիարժեք բացահայտումը հնարավոր է միայն գործի բոլոր հանգամանքներն իրենց ամբողջության մեջ գնահատելու դեպքում: Այլ կերպ՝ խուլիգանական դրդումները` որպես հանցագործության կատարման շարժառիթ, հանցավորի մոտ կարող են դրսևորվել ոչ միայն բուն հանցավոր արարքը կատարելիս, այլև մինչ այդ կամ դրանից հետո: Հետևաբար, արարքին քրեաիրավական գնահատական տալիս անհրաժեշտ է համակողմանի վերլուծության ենթարկել հանցանք կատարած անձի՝ թե՛ նախքան հանցանքի կատարումը, թե՛ դրա կատարման բուն ընթացքում և թե՛ հանցանքի կատարումից հետո դրսևորած վարքագիծը, այդ թվում՝ հանցավորի և տուժողի գործողությունների բնույթը, նրանց փոխհարաբերությունները և այլն: Այդ առումով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հանցագործության հանգամանքներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելը, դրանք իրարից անջատ գնահատելը կարող է հանգեցնել կատարված արարքին սխալ քրեաիրավական որակում տալուն:
13.2. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ հանցագործության հանգամանքների ոչ լրիվ, տարանջատված գնահատման արդյունքում հնարավոր է առանձին դեպքերում հիմնավորվի հանցանք կատարելու այս կամ այն շարժառիթի առկայությունը, սակայն դրանց ամբողջական վերլուծությունը, հանցավորի և տուժողի գործողությունների հաջորդականության հանգամանալի հետազոտությունը հանգեցնի այդ շարժառիթի ընդհանրապես բացառմանը կամ դրա չնչին, երկրորդական նշանակություն ունենալուն և մեկ այլ՝ հանցագործությունը կատարելու գերակա, առաջնային շարժառիթի բացահայտմանը: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է գործի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության, հետազոտված ապացույցների պատշաճ գնահատման արդյունքում պարզել այն հիմնական մղումը, որն ընկած է եղել օրենքով արգելված արարքի կատարման հիմքում:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե հանցավորի և տուժողի գործողությունների, գործի այլ հանգամանքների ամբողջական վերլուծության արդյունքում պարզվում է, որ տուժողի գործողությունը ոչ թե պատճառ, այլ միայն «առիթ» է հանդիսացել, նպաստել է, որպեսզի հանցավորն իր ի սկզբանե դրսևորած հակաօրինական կամ հակաբարոյական վարքագիծն արդեն հանցանքի կատարմամբ ավարտին հասցնի, ապա արարքը, որպես կանոն, ենթակա է որակման որպես խուլիգանական դրդումներով կատարված: Այլ կերպ՝ այն դեպքում, երբ տուժողի գործողությունը հանցավորի սանձարձակ, անպարկեշտ, ցինիկ վարքագծի արդյունք է, ապա այն, նույնիսկ եթե դրսևորված է լինում ֆիզիկական ուժի գործադրմամբ, ինքնին չի կարող բացառել հանցավորի արարքում խուլիգանական դրդումների առկայությունը:
14. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իր բնույթով բարդ շարժառիթ համարվող խուլիգանական դրդումների բացահայտումը և, ըստ այդմ, կատարված հանրորեն վտանգավոր արարքի ճիշտ որակումը հնարավոր է միայն գործի հանգամանքների ամբողջական վերլուծության, այդ թվում՝ հանցագործությանը նախորդող հանգամանքների մանրամասն ուսումնասիրության պարագայում:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից ամբաստանյալ Մ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Ա.Մելիքսեթյանին փողոցում անհանգստացնելու հետ կապված խոսակցության ընթացքում սանձարձակ և անպարկեշտ արտահայտություններ է հասցրել Վ.Իսրայելյանի հասցեին, Ա.Իսրայելյանի ներկայությամբ հրահրելով քաշքշուկ և վիճաբանություն՝ սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված խուլիգանական դրդումներով, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ հարձակվել է Ա.Իսրայելյանի վրա, որի ընթացքում իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, ձախ գոտկային շրջանին և դիտավորությամբ պատճառել կյանքի համար վտանգավոր առողջությանը ծանր վնաս (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):
Սույն գործով կազմված մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասի համաձայն՝
ա. Մ.Հարությունյանը սկսել է անպարկեշտ արտահայտություններ անել՝ ուղղված Ա.Մելիքսեթյանին, և առաջարկել նստել մեքենան ու միասին գնալ գարեջուր խմելու: Վերջինից մերժում ստանալով` իջել է ավտոմեքենայից, մոտեցել Ա.Մելիքսեթյանին և ցանկություն հայտնել ծանոթանալու նրա հետ, որից հետո պահանջել է նստել ավտոմեքենան՝ իրենց հետ գնալու համար, ինչին ի պատասխան կրկին մերժում է ստացել, որից հետո դանակի գործադրմամբ պահանջել է նստել ավտոմեքենան:
բ. Մ.Հարությունյանը Վ.Իսրայելյանի այն հարցին, թե ինչու են անհանգստացրել աղջիկներին, հեգնական տոնայնությամբ, առանց որևէ հաշիվ տալու, որ խոսում է իրենից տարեց անձնավորության հետ, ընդգծելով իր կարծեցյալ առավելությունները, անձնական վիրավորանքներ հասցնելով, պատասխանել է. «լավ եմ արել, աղջիկ եմ խոսեցրել, բա աղջիկը խոսեցնելու համար է»,
գ. Մ.Հարությունյանի կողմից Վ.Իսրայելյանին ուղղված արտահայտությունը դուր չի եկել Ա.Իսրայելյանին, ով էլ այդ խոսակցության վրա մեկ անգամ ձեռքով հարվածել է Մհեր Հարությունյանի դեմքին, վերջինս էլ իր իսկ հրահրած քաշքշուկի ընթացքում անպարկեշտ արտահայտություններով, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված խուլիգանական դրդումներով մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ հարձակվել է Ա.Իսրայելյանի վրա, որի ընթացքում իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, ձախ գոտկային շրջանին և դիտավորությամբ պատճառել կյանքի համար վտանգավոր առողջությանը ծանր վնաս (տե՛ս սույն որոշման 5.1.-րդ կետը):
Առաջին ատյանի դատարանը Մ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով առաջադրված մեղադրանքը վերաորակել է 112-րդ հոդվածի 1-ին մասով և Մ.Հարությունյանի արարքում խուլիգանական դրդումների բացակայությունը հիմնավորել նրանով, որ արարքը սկսվել է տուժող Ա.Իսրայելյանի հարվածից հետո, ի պատասխան որի` ամբաստանյալ Մ.Հարությունյանն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է նրան, այսինքն՝ տուժողի գործողությունների արդյունքում ձևավորված վիրավորանքի դիմաց է ամբաստանյալը, վրեժ լուծելով, ցանկացել բավարարում ստանալ: Արդյունքում դատարանը եզրահանգել է, որ նախաքննական մարմինը ճիշտ չի գնահատել վիճաբանության առիթը, հանցագործության կատարման շարժառիթը և իրական դրդապատճառները` արարքի իրավական որակման հարցում հանգելով ակնհայտ սխալ եզրակացության (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
Վկա Մ.Իսրայելյանն իր ցուցմունքներում նշել է, որ իրեն և Ա.Մելիքսեթյանին մոտեցել է ավտոմեքենա, և վարորդի` Ա.Սարգսյանի կողքին նստած տղան ցինիկ տոնայնությամբ առաջարկել է նստել ավտոմեքենան և գնալ միասին գարեջուր խմելու, իսկ մերժում ստանալուց հետո հետապնդել է նրանց, և Ա.Մելիքսեթյանի որովայնի հատվածին դանակ պահելով՝ պահանջել է, որ վերջինս նստի ավտոմեքենան և նրա հետ գնա (տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը):
Վկա Ա.Մելիքսեթյանի ցուցմունքների համաձայն` իրեն անծանոթ անձնավորությունն առաջարկել է ծանոթանալ, նստել ավտոմեքենան և գնալ միասին գարեջուր խմելու: Մերժում ստանալուց հետո վերջինս դանակի գործադրմամբ պահանջել է նստել մեքենան (տե՛ս սույն որոշման 6.2-րդ կետը):
Տուժող Ա.Իսրայելյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ իր հայրը՝ Վ.Իսրայելյանը, մոտենալով և խոսելով ամբաստանյալի հետ, փորձել է նրան հանգստացնել, այդ ժամանակ ինքը նույնպես փորձել է նրան հանգստացնել, սակայն ամբաստանյալն իրեն ասել է՝ «դու ինչի ես եկել», հետո էլ հորը ասել է. «ինչի ես գրիզիտ լինում», այսինքն՝ ամբաստանյալը, հոր տարիքը չհարգելով, ճիշտ չի արտահայտվել, որի ժամանակ ինքն աջ ձեռքով խփել է նրան, որից մի քանի վայրկյան հետո էլ նա է իրեն երկու անգամ դանակով խփել (տե՛ս սույն որոշման 6.3.-րդ կետը):
Դատաքննության ժամանակ հրապարակված և հետազոտված վկա Վ.Իսրայելյանի նախաքննական ցուցմունքների համաձայն՝ Մ.Հարությունյանն ագրեսիվ, հեգնական տոնայնությամբ միջամտել է իր խոսակցությանը, հաշվի չառնելով տարիքային տարբերությունը, շատ վատ արտահայտություններ է արել, և տպավորություն է ստեղծել, որ ինքն ամենակարող է և ում հետ ինչպես ցանկանա, այնպես էլ կխոսի, ապա ասել է. «լավ եմ արել աղջիկ եմ խոսեցրել, բա աղջիկը խոսեցնելու համար է» (տե՛ս սույն որոշման 6.4.-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով նախաքննական մարմնի կողմից Մ.Հարությունյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպմանը և այդ համատեքստում մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Ա.Պապյանի գործով թիվ ՏԴ/0115/01/09 որոշմամբ արտահայտված առանձին իրավական դիրքորոշումները, փաստել է, որ թեև քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ամբաստանյալը տուժող Ա.Իսրայելյանին դանակով հարվածել է միայն այն բանից հետո, երբ վերջինս ձեռքով հարվածել է Մ.Հարությունյանի դեմքին, ինչից էլ վրդովված՝ ամբաստանյալը ծանր վնաս է պատճառել տուժողի առողջությանը, սակայն նշված էական հանգամանքն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ նախաքննական մարմնի կողմից չի ներառվել, ինչն էլ հանգեցրել է նրա արարքի սխալ քրեաիրավական գնահատման, իսկ արդյունքում նաև` դատական սխալի:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ հիմնավոր է Առաջին ատյանի դատարանի այն հետևությունը, որ ամբաստանյալի գործողությունները` տուժող Ա.Իսրայելյանին երկու անգամ հարվածելը, եղել է ոչ թե «չնչին առիթով, խուլիգանական դրդումներով» և «սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված խուլիգանական դրդումներով», ինչպես գնահատել է նախաքննական մարմինը, այլ պայմանավորված է եղել տուժողի գործողություններով, հետևաբար տուժողի կողմից ամբաստանյալ Մ.Հարությունյանին հասցված հարվածին հաջորդող վերջինիս գործողությունները չեն կարող գնահատվել իբրև ակնհայտ անհամապատասխան, ոչ ադեկվատ ու ոչ համարժեք ռեակցիա (արձագանք) տուժողի գործողություններին և հիմք հանդիսանալ ամբաստանյալի արարքն՝ իբրև խուլիգանական դրդումներով կատարված որակելու համար (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չի կարող համարվել ստորադաս դատարանների այն հետևությունը, որ արարքն սկսվել է տուժող Ա.Իսրայելյանի հարվածից հետո, ի պատասխան որի` ամբաստանյալ Մ.Հարությունյանը իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել է նրան, այսինքն՝ տուժողի գործողությունների արդյունքում ձևավորված վիրավորանքի դիմաց է ամբաստանյալը, վրեժ լուծելով, ցանկացել բավարարում ստանալ (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների նշյալ դիրքորոշումը վերջիններիս կողմից գործի հանգամանքներն իրենց ամբողջության մեջ չվերլուծելու, դրանք իրարից անջատ գնահատելու արդյունք է: Այլ կերպ՝ ստորադաս դատարանները չեն անդրադարձել, պատշաճ գնահատականի չեն արժանացրել հանցավորի՝ նախքան հանցանքի կատարումը դրսևորած վարքագիծը, հանցավորի և տուժողի գործողությունների հաջորդականությունը, ինչի արդյունքում հանգել են սխալ եզրակացության արարքի որակման հարցում:
16.1. Այսպես` ստորադաս դատարանները վերլուծության չեն ենթարկել այն փաստական տվյալները, որ Մ.Հարությունյանն ի սկզբանե, մինչ բուն հանցավոր արարքի կատարումը բացահայտ մարտահրավեր է նետել հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին, փորձել է իրեն հակադրել շրջապատին և հասարակությանը, դրսևորել է ցինիկ, սանձարձակ ու անպարկեշտ վարքագիծ: Նշյալը դրսևորվել է նրանում, որ ամբաստանյալը նախ՝ առանց որևէ առիթի սկսել է անպարկեշտ արտահայտություններ անել՝ ուղղված Ա.Մելիքսեթյանին, և առաջարկել նստել մեքենան ու միասին գնալ գարեջուր խմելու, իսկ վերջինից մերժում ստանալով` իջել է ավտոմեքենայից, մոտեցել Ա.Մելիքսեթյանին և ցանկություն հայտնել ծանոթանալու նրա հետ, որից հետո պահանջել է նստել ավտոմեքենան՝ իրենց հետ գնալու համար, ինչին ի պատասխան կրկին մերժում է ստացել, որից հետո դանակի գործադրմամբ պահանջել է նստել ավտոմեքենան: Այնուհետև՝ մինչ Վ.Իսրայելյանի որդու՝ Ա.Իսրայելյանի կողմից Մ.Հարությունյանին ձեռքով մեկ անգամ հարվածելը, կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Վ.Իսրայելյանի այն հարցին, թե ինչու են անհանգստացրել աղջիկներին, Մ.Հարությունյանը պատասխանել է «լավ եմ արել, աղջիկ եմ խոսեցրել, բա աղջիկը խոսեցնելու համար է»՝ խոսակցության ընթացքում իրեն թույլ տալով նաև այլ անպարկեշտ արտահայտություններ՝ «ինչի ես գրիզիտ լինում» (տե՛ս սույն որոշման 5.1.-րդ, 6.1.-6.4.-րդ կետերը):
Սույն փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուժողի գործողությունը՝ ամբաստանյալին մեկ անգամ ձեռքով հարվածելու փաստը, եղել է ոչ թե վերջինիս կողմից Ա.Իսրայելյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու պատճառ, այլ «առիթ» է հանդիսացել, նպաստել է, որպեսզի ամբաստանյալն իր ի սկզբանե դրսևորած հակաօրինական և հակաբարոյական վարքագիծն արդեն հանցանքի կատարմամբ ավարտին հասցնի: Ա.Իսրայելյանի կողմից Մ.Հարությունյանին ձեռքով մեկ անգամ հարվածելը եղել է հենց վերջինիս դրսևորած սանձարձակ, անպարկեշտ և ցինիկ վարքագծի արդյունք: Հետևաբար, Մ.Հարությունյանի կողմից Ա.Իսրայելյանին սուր կտրող-ծակող գործիքով երկու անգամ հարվածելու և վերջինիս առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հիմնական, գերակա շաժառիթը եղել է ոչ թե վրեժը, այլ խուլիգանական դրդումը:
17. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով նախաքննական մարմնի կողմից Մ.Հարությունյանին առաջադրված մեղադրանքի ձևակերպմանը և այդ համատեքստում մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Ա.Պապյանի գործով թիվ ՏԴ/0115/01/09 որոշմամբ արտահայտված առանձին իրավական դիրքորոշումները, փաստել է, որ թեև քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ ամբաստանյալը տուժող Ա.Իսրայելյանին դանակով հարվածել է միայն այն բանից հետո, երբ վերջինս ձեռքով հարվածել է Մ.Հարությունյանի դեմքին, ինչից էլ վրդովված՝ ամբաստանյալը ծանր վնաս է պատճառել տուժողի առողջությանը, սակայն նշված էական հանգամանքն ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ձևակերպման մեջ նախաքննական մարմնի կողմից չի ներառվել, ինչն էլ հանգեցրել է նրա արարքի սխալ քրեաիրավական գնահատման, իսկ արդյունքում նաև` դատական սխալի (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ չնայած նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հունվարի 26-ի որոշմամբ առաջադրված մեղադրանքում չի ներառվել այն փաստը, որ ամբաստանյալը տուժող Ա.Իսրայելյանին դանակով հարվածել է այն բանից հետո, երբ վերջինս ձեռքով հարվածել է Մ.Հարությունյանի դեմքին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը), սակայն այդ հանգամանքը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների պայմաններում չէր կարող որևէ կերպ ազդել արարքի քրեաիրավական որակման վրա, ավելին՝ նշյալ փաստական հանգամանքն իր արտացոլումն էր ստացել մեղադրական եզրակացության նկարագրական-պատճառաբանական մասում (տե՛ս սույն որոշման 5.1.-րդ կետը): Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով և Ա.Պապյանի գործով փաստական հանգամանքները նույնական չեն, հետևաբար Ա.Պապյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի չեն:
18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, չիրականացնելով գործի հանգամանքների ամբողջական վերլուծություն, իրենց եզրահանգումները կառուցել են՝ ելնելով Ա.Իսրայելյանի կողմից Մ.Հարությունյանին մեկ անգամ ձեռքով հարվածելու փաստից՝ առանց պատշաճ գնահատականի արժանեցնելու Մ.Հարությունյանի՝ մինչ բուն հանցավոր արարքի կատարումը դրսևորած վարքագիծը: Արդյունքում Մ.Հարությունյանի հանցավոր արարքի հիմքում ընկած հիմնական շարժառիթը մնացել է չբացահայտված և չգնահատված:
19. Վերոգրյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մ.Հարությունյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի ոչ թե 2-րդ մասի 9-րդ կետով, այլ 1-ին մասով նախատեսված արարք կատարված լինելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ:
20. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով Մ.Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով մեղսագրված արարքը նույն հոդվածի 1-ին մասով վերաորակելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը և վերջինիս կողմից կայացված դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և նույն հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն՝ թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված նյութական իրավունքի խախտում, ինչը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի հիման վրա բեկանելու Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկելու նույն դատարան՝ նոր քննության:
21. Ինչ վերաբերում է ամբաստանյալ Մ.Հարությունյանի նկատմամբ մեղմ պատիժ նշանակված լինելու վերաբերյալ բողոքաբերի բարձրացրած փաստարկներին (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումը վերացնելուց հետո:
Անդրադառնալով ամբաստանյալ Մ.Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 420-րդ, 422-423-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Մհեր Ազատի Հարությունյանի վերաբերյալ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունիսի 15-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2015 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Ամբաստանյալ Մհեր Ազատի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ս. Ավետիսյան | ||
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |