Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.08.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.26/63(937) Հոդ.1256.8
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.08.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.08.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.08.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ/0171/01/11

Գործ թիվ ԼԴ/0171/01/11

Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան

Դատավորներ` Ա. Պետրոսյան

                    Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Օհանյանի

 

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

2012 թվականի օգոստոսի 24-ին

 Երևան քաղաքում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Ազատ Նորայրի Մաղաքյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ Ա.Մաղաքյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2011 թվականի հունիսի 28-ին ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Գ.Աղասյանի կողմից հարուցվել է թիվ 90451811 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2011 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ Ազատ Նորայրի Մաղաքյանը ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

2011 թվականի օգոստոսի 20-ին Ա.Մաղաքյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 19-ի դատավճռով Ա.Մաղաքյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել կարգապահական գումարտակում պահելու ձևով՝ 6 (վեց) ամիս ժամկետով:

2012 թվականի փետրվարի 7-ին Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել նույն դատարանի 2012 թվականի հունվարի 19-ի դատավճռի անհստակությունը լուծելու մասին. ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով, Ազատ Նորայրի Մաղաքյանի նկատմամբ կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժի ժամկետին հաշվակցվել է Ա.Մաղաքյանի կրած կարգապահական տույժի ժամկետը՝ 15 օրը, և նրան թողնվել է կրելու պատիժ՝ կարգապահական գումարտակում պահելու ձևով՝ 5 (հինգ) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող Ա.Կիրակոսյանը և ամբաստանյալ Ա.Մաղաքյանի պաշտպան Գ.Հարությունյանը:

Գործի՝ վերաքննության կարգով քննությանը ՀՀ զինվորական դատախազ Գ.Կոստանյանի կողմից լիազորվել է մասնակցելու ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Անահիտ Եղիազարյանը, որը Վերաքննիչ դատարանում ներկայացրել է մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն:

Վերաքննիչ դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշմամբ մեղադրող Ա.Կիրակոսյանի և պաշտպան Գ.Հարությունյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 19-ի դատավճիռը՝ բեկանվել, քրեական գործի վարույթը կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել է` մեղադրողի կողմից ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշման դեմ Ա.Մաղաքյանի պաշտպան Գ.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Գործի փաստերը և քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

5. Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 19-ի դատավճռով հաստատված է համարվել, որ Ազատ Մաղաքյանը Գյումրու զինկոմիսարիատի կողմից 2009 թվականի նոյեմբերի 16-ին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության և նշանակվել է ծառայության ՀՀ ՊՆ թիվ 70839 զորամասում: Ծառայության ընթացքում զորամասն ինքնակամ լքելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, Ա.Մաղաքյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի մարտի 9-ի դատավճռով դատապարտվել է կալանքի 2 ամիս ժամկետով: Պատիժը կրելուց հետո 2011 թվականի մայիսի 18-ին հետագա ծառայության է նշանակվել ՀՀ ՊՆ 63853 զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի 3-րդ ջոկում` որպես հրաձիգ, կոչումով շարքային:

2011 թվականի մայիսի 18-ին` ժամը 22.30-ի սահմաններում Ա.Մաղաքյանն ինքնակամ թողել է զորամասը և 2011 թվականի մայիսի 20-ին` ժամը 09:00-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել Շիրակի կայազորի ՌՈ բաժին ու նույն օրը տեղափոխվել է զորամաս: Նույն օրը, մի քանի ժամ անց` ժամը 19:30-ի սահմաններում, Ա.Մաղաքյանը նորից ինքնակամ թողել է զորամասը և 2011 թվականի մայիսի 21-ին` ժամը 10:00-ի սահմաններում ներկայացել է Լոռու կայազորի Վանաձորի ՌՈ բաժին: Այնուհետև 2011 թվականի հունիսի 15-ին` ժամը 00:15-ի սահմաններում նա կրկին ինքնակամ թողել է զորամասը և նույն օրը ժամը 12:00-ին ինքնակամ ներկայացել է Լոռու կայազորի Վանաձորի ՌՈ բաժին: Մի քանի օր անց` 2011 թվականի հունիսի 27-ին` ժամը 22:30-ի սահմաններում Ա.Մաղաքյանը կրկին ինքնակամ թողել է զորամասը և 2011 թվականի հունիսի 28-ին` ժամը 07:30-ի սահմաններում ինքնակամ ներկայացել զորամաս:

Առաջին ատյանի դատարանը 2012 թվականի հունվարի 19-ի դատավճռում արձանագրել է, որ Ա.Մաղաքյանը երեք ամսվա ընթացքում 4 անգամ, մինչև 3 օր տևողությամբ, առանց հարգելի պատճառների, բացակայել է ծառայության վայրից (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 147-149):

6. Գործի՝ վերաքննության կարգով քննության ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Ա.Եղիազարյանի կողմից ներկայացված՝ մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ միջնորդության համաձայն՝ «Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մաղաքյանը 3 ամսվա ընթացքում 4 անգամ զորամասը ինքնակամ լքել է մինչև 3 օր տևողությամբ: Դրանցից երկու անգամվա համար, մասնավորապես 20.05.2012թ. և 15.06.2012թ. Վանաձորի ՌՈ բաժնի պետի և գնդի հրամանատարի հրամաններով ենթարկվել է կարգապահական տույժի՝ «կարգապահական մեկուսացման» ձևով: Առաջին անգամ 5 օր ժամկետով, երկրորդ անգամ՝ 10 օր ժամկետով:

Նշված երկու դեպքերը ներառվել են Ա.Մաղաքյանի մեղադրանքի ծավալում և մյուս օրերի հանրագումարի արդյունքում անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է: Ըստ նշված կետի` «Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավասության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան»:

Ըստ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների` «Պետությունը ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների, ազատությունների պաշտպանությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան»:

Մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներից է Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված դրույթը, համաձայն որի` ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար, և որն իր Սահմանադրաիրավական բովանդակությամբ ենթակա չէ սահմանափակման (անգամ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում):

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված վերոհիշյալ նորմը իր արտացոլումն է գտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածում, որի առաջին մասը սահմանում է. «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածը սահմանում է (…) 3 ամսվա ընթացքում 3 և ավելի անգամ մինչև 3 օր տևողությամբ զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելը: Տվյալ գործով Ա.Մաղաքյանը զորամասը թեպետ լքել է 4 անգամ, սակայն դրանցից 2-ի համար նա արդեն ենթարկվել է կարգապահական մեկուսացման՝ կալանքի ձևով, իսկ մյուս 2-ը ինքնին հանցակազմ չեն պարունակում, ուստի նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ և ենթակա է կարճման» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 228-230):

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը, հանգում է այն հետևության, որ դրանք բավարարելու հիմքեր չկան, սակայն քրեական գործի վարույթը անհրաժեշտ է կարճել և Ա.Մաղաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` մեղադրողի կողմից վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու պատճառաբանությամբ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա»:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` «Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մասը»:

Նկատի ունենալով, որ գործով մեղադրողը Վերաքննիչ դատարանում հայտնաբերելով ամբաստանյալ Ա.Մաղաքյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, միջնորդություն ներկայացրեց վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին, ուստի առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռն անհրաժեշտ է բեկանել և վերոնշյալ հիմքով Ա.Մաղաքյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել` նրա նկատմամբ դադարեցնելով քրեական հետապնդումը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 243-249):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակի պնդմամբ Վերաքննիչ դատարանի դատական ակտը կայացվել է ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի խախտումներով:

9. Ի հիմնավորումն իր պնդման՝ բողոք բերած անձը նշել է, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել զորամասը 4 անգամ՝ 2011 թվականի մայիսի 18-ին, 2011 թվականի մայիսի 20-ին, 2011 թվականի հունիսի 15-ին, 2011 թվականի հունիսի 27-ին, ինքնակամ թողնելու համար: Մինչդեռ, նրա մեղադրանքի ծավալում ընդգրկված երկու, այն է՝ 2011 թվականի մայիսի 18-ին և 20-ին զորամասն ինքնակամ թողնելու էպիզոդով 2011 թվականի մայիս ամսին Լոռու կայազորի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստվել են նյութեր, և հետաքննության մարմինը, հաստատված համարելով, որ Ա.Մաղաքյանը զորամասն ինքնակամ թողել է 2 անգամ, այսինքն՝ նրա կատարած արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները, 2011 թվականի մայիսի 28-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Ա.Մաղաքյանի կողմից երրորդ անգամ զորամասն ինքնակամ թողնելուց հետո, 2011 թվականի հունիսի 24-ին նախապատրաստված նյութերը հետաքննության մարմնի կողմից ուղարկվել են Լոռու կայազորի զինվորական դատախազին: 2011 թվականի հունիսի 27-ին դատախազությունը, առանց վերացնելու հետաքննության մարմնի կողմից 2011 թվականի մայիսի 28-ին կայացված որոշումը, նյութերն ուղարկել է ՀՀ ՊՆ ՔԾ 7-րդ կայազորային քննչական բաժին: Այս ընթացքում Ա.Մաղաքյանը մեկ անգամ էլ է ինքնակամ թողել զորամասը, և քննիչը քրեական գործ հարուցելուց հետո՝ 2011 թվականի հուլիսի 21-ին որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

10. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության հիման վրա բողոքի հեղինակը եզրակացություն է արել այն մասին, որ Ա.Մաղաքյանի կողմից 2011 թվականի մայիսի 18-ին և 20-ին զորամասն ինքնակամ թողնելու փաստի առթիվ առկա է հետաքննության մարմնի` քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին որոշում, որն օրենքով սահմանված ժամկետում չի վերացվել հսկող դատախազի կամ գլխավոր դատախազի կողմից, ուստի դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիման վրա, պետք է մեղադրանքի այս մասով քրեական հետապնդումը դադարեցներ:

Ինչ վերաբերում է մեղադրանքի ծավալում ընդգրկված` Ա.Մաղաքյանի կողմից 2011 թվականի հունիսի 15-ին և 27-ին զորամասն ինքնակամ թողնելու հանգամանքին, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում միայն երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մինչև երեք օր տևողությամբ զորամասն ինքնակամ թողնելու համար, իսկ Ա.Մաղաքյանն ինքնակամ զորամասը թողել է երկու անգամ՝ մինչև երեք օր տևողությամբ, այսինքն՝ նրա կատարած արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, որը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա, քրեական հետապնդումը բացառող հանգամանք է:

11. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը նշել է, որ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ, 366-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 8-րդ կետերով, պարտավոր էր Ա.Մաղաքյանի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ: Դրա փոխարեն, սակայն, կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու որոշում՝ մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով:

12. Բողոք բերած անձը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ օրենքի կոնկրետ նորմը վկայակոչված չլինելու պատճառով հիշյալ որոշումից հնարավոր չէ հասկանալ, թե քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող, թե` ոչ արդարացնող հիմքով, մինչդեռ դա պարտադիր է ամբաստանյալի իրավունքների վերականգման առումով: Բացի այդ, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, քանի որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերանայել է վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններից դուրս:

13. Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 19-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշումը, կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով Ա.Մաղաքյանի անմեղությունը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով Ա.Մաղաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:

15. Բարձրացված հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Գ.Ղազարյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) մեղադրողը (…) մեղադրանքից հրաժարվելու իրավասությամբ օժտված է բացառապես առաջին ատյանի դատարանում: Առաջին ատյանի դատարանի դատական ակտի՝ դատավճռի կայացմամբ ավարտվում է մեղադրանքի հիմնավորվածության և օրինականության ստուգումը և, հետևաբար, սահմանափակվում է նաև մեղադրողի` մեղադրանքից հրաժարվելու իրավասությունը:

(…)

(…) վերաքննիչ դատարանում մեղադրանքի պաշտպանություն չի իրականացվում, հետևաբար նաև՝ մեղադրողն օժտված չէ մեղադրանքից հրաժարվելու լիազորությամբ: Այլ կերպ՝ եթե մեղադրողը մեղադրանքից հրաժարվելու իր լիազորությունը չի իրացնում առաջին ատյանի դատարանում, որտեղ իրականացվում է գործի՝ ամբողջ ծավալով քննություն, ապա քրեական գործի հետագա քննությունների ընթացքում, այսինքն` վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, որտեղ ստուգվում են ստորադաս դատարանների կողմից կայացված ակտերի օրինականությունն ու հիմնավորվածությունը, զրկվում է նման նախաձեռնությամբ հանդես գալու հնարավորությունից» (տե՛ս Գեղամ Միսակի Ղազարյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի մարտի 30-ի թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշման 26-28-րդ կետերը):

16. Վերահաստատելով սույն որոշման նախորդ կետում մեջբերված, և համապատասխանաբար, Գ.Ղազարյանի գործով կայացված որոշման մեջ ձևավորված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ իրենց վարույթում գտնվող գործի քննության ժամանակ վերադաս դատարանները պարզում են, որ առկա են քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր, ապա պարտավոր են քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնել՝ հիմնվելով ոչ թե մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ մեղադրողի միջնորդության, այլ այդ միջնորդության հիմքում դրված փաստական հանգամանքների վրա:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրողն Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ մեղադրանքից չի հրաժարվել, ավելին՝ վերաքննության կարգով բողոքարկել է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը (տե՛ս սույն որոշման 2-3-րդ և 5-րդ կետերը):

Գործի՝ վերաքննության կարգով քննությանը ՀՀ զինվորական դատախազ Գ.Կոստանյանի կողմից լիազորվել է մասնակցելու ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազ Ա.Եղիազարյանը, որը Վերաքննիչ դատարանում ներկայացրել է մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն (տե՛ս սույն որոշման 3-րդ և 6-րդ կետերը):

Վերանայման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը` Վերաքննիչ դատարանը մերժել է մեղադրողի և պաշտպանի վերաքննիչ բողոքները, իսկ Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունվարի 19-ի դատավճիռը՝ բեկանել, քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցրել է՝ մեղադրողի կողմից ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

18. Սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո մեկնաբանելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու հիմքով Ա.Մաղաքյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ եզրակացությունը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել` մեղադրողի կողմից ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու պատճառաբանությամբ, քանի որ վերաքննիչ դատարանում մեղադրողն օժտված չէ մեղադրանքից հրաժարվելու լիազորությամբ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, ստանալով դատախազի՝ մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ միջնորդությունը և պարզելով, որ առկա են քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր, պետք է որոշում կայացներ՝ հիմնվելով ոչ թե մեղադրանքից հրաժարվելու վերաբերյալ մեղադրողի միջնորդության, այլ այդ միջնորդության հիմքում դրված փաստական հանգամանքների վրա:

 19. Հիմք ընդունելով սույն որոշման 14-18-րդ կետերում շարադրված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

20. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից բարձրացված մյուս հարցերին (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց հնարավոր կլինի անդրադառնալ միայն սույն որոշման նախորդ կետերում արձանագրված խախտումը վերացնելուց հետո:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ազատ Նորայրի Մաղաքյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի ապրիլի 20-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

 

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան