Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-374-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (09.12.2019-01.01.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.10/24(199) Հոդ.582
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.06.2002
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2002 թվականի հունիսի 4-ին

ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.

Օրենքի խնդիրները

Սույն օրենքի խնդիրը ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեության հիմունքները, դրանց ստեղծման ու գործունեության դադարման հիմքերը, ինչպես նաև պետական և այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները սահմանելն է` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետությունը:

Հոդված 2.

Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին օրենսդրությունը

Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով, իրավական այլ ակտերով, ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների կանոնադրություններով:

Հոդված 3.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

ջրօգտագործողների ընկերություն (այսուհետ`  Ընկերություն)`  սույն օրենքի համաձայն` ջրօգտագործողների կողմից ստեղծվող կազմակերպություն.

ջրօգտագործողների միություն (այսուհետ` Միություն)`  սույն օրենքի համաձայն` ջրօգտագործողների ընկերությունների կողմից ստեղծվող կազմակերպություն.

ոռոգման համակարգեր`  ոռոգման և ցամաքուրդային ջրանցքներ, խողովակաշարեր, հիդրոտեխնիկական կառուցվածքներ, հորեր, պոմպակայաններ, ջրամբարներ, լճակներ` ճանապարհներով, շենքերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ ենթակառուցվածքներով, այդ թվում` ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներ.

սպասարկման տարածք`  Միության կամ Ընկերության կողմից սպասարկվող աշխարհագրական տարածք, որը գտնվում է նրանց կողմից շահագործվող ոռոգման համակարգի սպասարկման տակ.

սպասարկման ենթատարածք`  Ընկերության սպասարկման տարածքի որոշակի մաս, որը ներառում է ոռոգման մեկ ներտնտեսային ցանց.

հիդրոմիավոր` սպասարկման տարածքի որոշակի մաս, որը ոռոգման ջուր է ստանում մեկ ջրաղբյուրից, գլխամասային կառուցվածքից կամ ջրթողից.

ներկայացուցչական գոտի`  Ընկերության սպասարկման տարածքի մաս, որի ջրօգտագործողներն իրենց կազմից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ են ընտրում Ընկերության ներկայացուցիչների ժողովին մասնակցելու համար.

ոռոգման ոլորտում ջրօգտագործող` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը ոռոգում իրականացնելու նպատակով իր սպասարկման տարածքի ջրամատակարարի հետ սահմանված կարգով կնքել է ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ` ջրօգտագործողներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին այնպիսի ծառայությունների տրամադրում, ինչպիսիք են վարկավորումը, գյուղատնտեսական ներդրանքները, գյուղատնտեսության և ոռոգման ընդլայնումը, ուսուցումը, իրավական, հաշվապահական, անկախ աուդիտ ապահովելը և տեխնիկական հարցերով խորհրդատվությունը, սարքավորումների և համակարգչային ծրագրերի տրամադրումը և այլն:

(3-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 4.

Ընկերության և Միության իրավական կարգավիճակը, նպատակն ու խնդիրները

Ընկերությունը և Միությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություններ են, որոնք, առաջնորդվելով հանրային շահերով, իրականացնում են ոռոգման համակարգի շահագործումն ու պահպանումը: Ընկերությունը և Միությունը հիմնադրվում են ջրօգտագործողներին ոռոգման ջրով ապահովելու նպատակով` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

Ընկերությունը ոռոգման ջուր է մատակարարում իր սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործողներին, իսկ Միությունը ջրավազանային կառավարման պլանների համաձայն` իր սպասարկման տարածքի Ընկերություններին:

Ընկերության և Միության խնդիրներն են`

ա) ոռոգման համակարգը շահագործելը, պահպանելը և ջուր բաշխելն իրենց անդամներին` ըստ ջրօգտագործման տարեկան պլանի` պայմանագրային հիմունքով.

բ) ջուր մատակարարելն սպասարկման տարածքում գտնվող Ընկերության և Միության անդամ և ոչ անդամ ջրօգտագործողներին.

գ) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը և ջրային աղբյուրները վերականգնելը և շինարարական աշխատանքներ իրականացնելը.

դ) ջրամատակարարից ոռոգման ջուր ձեռք բերելը կամ բնական ջրային օբյեկտներից ջրառը` համապատասխան թույլտվության առկայության դեպքում.

ե) իրականացված ծառայությունների դիմաց Ընկերության և Միության անդամներից և ոչ անդամներից գումարներ գանձելը (ներառյալ` ջրավազանի, ջրատարի շահագործման և վերանորոգման ծախսերը).

զ) Ընկերության և Միության անդամների շահերը ներկայացնելը և պաշտպանելը.

է) Ընկերության և Միության անդամներին ոռոգման առաջավոր ձևեր ուսուցանելն ու ոռոգման նոր մեթոդների և տեխնոլոգիաների ներդրումն ապահովելը.

ը) հիդրոտեխնիկական սարքավորումներ ձեռք բերելը, փոխարինելը, շահագործելը և պահպանելը.

թ) ջրամատակարարումը կառավարելը, ինչպես նաև ջրերը նպատակային ու արդյունավետ օգտագործելը, ջրային օբյեկտներն աղտոտելը և սպառումը կանխելը.

ժ) հողերի բարելավման նպատակով անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելը, ցամաքուրդի համակարգն սպասարկելը.

ժա) բնապահպանական անվտանգությունն ապահովելը, հողատարման երևույթների և հողերի աղակալումն ու գերխոնավացումը կանխելը, ինչպես նաև ոռոգման համակարգի, ջրհավաք կառույցների պաշտպանությունն ապահովելը.

ժբ) ոռոգման համակարգի կառավարմանը մասնակցելը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Պետության կողմից ոռոգման համակարգի շահագործմանը և պահպանմանն ուղղված օգնությունները, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության մյուս օգնությունները կարող են տրամադրվել Ընկերությունների և Միությունների միջոցով:

(4-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 5.

Ընկերության և Միության գործունեության սկզբունքները

Ընկերությունը և Միությունը, սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, իրականացնում են միայն ոռոգման համակարգի շահագործման և պահպանման գործառույթներ:

Ընկերությունը և Միությունն իրենց գործունեությունը կազմակերպելիս առաջնորդվում են հետևյալ սկզբունքներով.

ա) Ընկերություն և Միություն հիմնադրելիս բոլոր հավանական անդամների մասնակցության իրավունքի ապահովման.

բ) Ընկերությունում և Միությունում արդար ու օրինական որոշումների ընդունման.

գ) Ընկերության և Միության գործունեության վերաբերյալ Ընկերության և Միության անդամների ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքի.

դ) ջրի արդարացի բաշխում Ընկերության և Միության անդամներին և ոչ անդամներին` հաշվի առնելով ջրի քանակը և Ընկերության և Միության յուրաքանչյուր անդամի և ոչ անդամի ոռոգման ենթակա հողատարածքը և մշակաբույսերը.

ե) ջրային պաշարների արդյունավետ և խնայողաբար օգտագործման, ոչ արտադրական կորուստների կրճատման.

զ) ջրօգտագործողների իրավունքների և օրինական շահերի ապահովման.

է) ջրամատակարարման, շահագործման և վերանորոգման աշխատանքների համար սահմանված համապատասխան ծախսերի հավաքման ուղղությամբ բոլոր իրավական միջոցների ապահովման:

 

 Հոդված 5.1. Ջրօգտագործողի իրավունքները և պարտականությունները

 

Ջրօգտագործողն իրավունք ունի`

ա) օրենքով և պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով ստանալու ոռոգման ջուր.

բ) օրենքով սահմանված կարգով հիմնադրելու Ընկերություն.

գ) անդամակցելու Ընկերությանը.

դ) ծանոթանալու Ընկերության կանոնադրությանը, ներքին կանոնակարգին, վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգին, վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության կանոնակարգին.

ե) մասնակցելու Ընկերության վեճեր լուծող հանձնաժողովի նիստերին:

Ջրօգտագործողը պարտավոր է`

ա) ոռոգման ջուր ստանալու համար Ընկերության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

բ) յուրաքանչյուր ամսվա ընթացքում մատակարարված ոռոգման ջրի դիմաց վճարը կատարել մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

(5.1-ին հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

(5.1-ին հոդվածը 10.09.19 ՀՕ-150-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020 թվականին:)

 

Հոդված 5.2. Ընկերության կամ Միության իրավունքներն ու պարտականությունները

 

Ընկերությունը կամ Միությունը իր կանոնադրության նպատակներին համապատասխան և կանոնադրությամբ սահմանված կարգով իրավունք ունի`

ա) Ընկերության կամ Միության նպատակը և խնդիրներն իրագործելու համար կատարելու անհրաժեշտ աշխատանքներ.

բ) անարգել տարածելու տեղեկատվություններ իր գործունեության վերաբերյալ.

գ) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

դ) դիմելու կանոնակարգող խորհուրդ կամ Ջրային համակարգերի կառավարման մարմին` ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ ստանալու նպատակով.

ե) անարգել տնօրինելու, տիրապետելու, օգտագործելու իր գույքը` կանոնադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով.

զ) ոռոգման համակարգը բարեփոխելու նպատակով վերցնելու վարկեր, մասնակցելու պետական և ոչ պետական դրամաշնորհային և այլ զարգացման ծրագրերի.

է) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

Ընկերությունը կամ Միությունը պարտավոր է`

ա) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, սույն օրենքի, իրենց կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան.

բ) գործել ի նպաստ Ընկերության և Միության նպատակի և խնդիրների իրականացմանը.

գ) ոռոգման ջուր մատակարարելու համար ջրօգտագործողի հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

դ) օրենքով սահմանված կարգով իրականացնել գործավարություն և հաշվապահություն.

ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով տեղեկատվություններ ներկայացնել իրենց գործունեությունը համակարգող պետական մարմնին.

զ) օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվություն ներկայացնել համապատասխան պետական մարմիններին.

է) ապահովել իր անդամների իրավունքների ի կատար ածումը.

ը) իրականացնել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

(5.2-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Գ Լ ՈՒ Խ  2.

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6.

Ընկերության հիմնադրումը

Ընկերությունը հիմնադրվում է կամավորության սկզբունքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Ընկերություն հիմնադրելու նպատակով սեփականության կամ օգտագործման իրավունքով տվյալ ոռոգման համակարգում հողատարածք ունեցող ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք կազմավորում են նախաձեռնող խումբ: Նախաձեռնող խումբը հստակեցնում է հիմնադրվող Ընկերության սպասարկման ենթակա տարածքը` ղեկավարվելով Ընկերության մեջ տեխնիկատնտեսական նպատակահարմար առավելագույն տարածք ընդգրկելու սկզբունքով, ստեղծում է հիմնադիր կոմիտե: Հիմնադիր կոմիտեն կազմավորվում է ապագա Ընկերության ոչ ավելի, քան ինն անդամից:

Հիմնադիր կոմիտեն իր անդամներից ընտրում է նախագահ և ընդունում իր գործունեության կանոնակարգը:

Հիմնադիր կոմիտեն մշակում է Ընկերության կանոնադրությունը, կազմում է Ընկերության ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների` նշելով այդ տարածքների չափերը և տեղադրությունը, ինչպես նաև կազմում է Ընկերության հավանական անդամների ցուցակը` ըստ սպասարկման ենթատարածքների, նախապատրաստում է Ընկերության բյուջեի նախագիծը և Ընկերության աշխատանքային պլանը:

Ընկերության սպասարկման տարածքում կարող են ամբողջությամբ ընդգրկվել մեկից ավելի հիդրոմիավորներ` պահպանելով հիդրոմիավորների անբաժանելիության սկզբունքը:

Ընկերության պետական գրանցման համար հիմնադիր կոմիտեն ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների, ուղարկում է սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կանոնակարգող խորհուրդ` սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին գրավոր եզրակացություն ստանալու համար:

Կանոնակարգող խորհուրդը կարող է տրամադրել դրական կամ բացասական եզրակացություն: Բացասական եզրակացությունը տրամադրվում է այն դեպքերում, երբ`

ա) պահպանված չէ հիդրոմիավորի անբաժանելիության սկզբունքը.

բ) սպասարկման տարածքում գտնվող ոռոգման համակարգը հնարավորություն չունի ջուր ստանալու անմիջականորեն ջրամատակարարից կամ այլ ջրաղբյուրից:

Հիմնադիր կոմիտեն կանոնակարգող խորհրդի կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին դրական եզրակացությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, միջոցներ է ձեռնարկում Ընկերության հավանական անդամներին Ընկերության կանոնադրության նախագծի հետ ծանոթացնելու ուղղությամբ և հրավիրում է հիմնադիր ժողով` ապահովելով Ընկերության բոլոր հավանական անդամների հրավերը:

Հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե մասնակցում է ըստ սպասարկման ենթատարածքների` ցուցակներում ընդգրկված հավանական անդամների կեսից ավելին:

Հիմնադիր կոմիտեի նախագահը ղեկավարում է հիմնադիր ժողովի աշխատանքները:

Հիմնադիր ժողովը հաստատում է Ընկերության կանոնադրությունը, եթե հիմնադիր ժողովին մասնակցող հավանական անդամների կեսից ավելին կողմ է քվեարկում: Եթե Ընկերության հավանական անդամների թիվը մեծ է, նպատակահարմարությունից ելնելով, կարող են անցկացվել հիմնադիր ժողովներ` ըստ ենթատարածքների:

Եթե հիմնադիր ժողովին կամ ըստ ենթատարածքների` հիմնադիր ժողովներին չեն մասնակցում Ընկերության անհրաժեշտ թվով անդամներ, ապա հիմնադիր ժողովի կամ ըստ ենթատարածքների` հիմնադիր ժողովների անցկացումը կարող է հետաձգվել, որից հետո Ընկերության անհրաժեշտ թվով անդամների կրկին չհավաքվելու դեպքում հիմնադիր կոմիտեի գործունեությունը դադարեցվում է, և ստեղծվում է նոր հիմնադիր կոմիտե:

Հիմնադիր ժողովն ընտրում է Ընկերության վարչական խորհուրդ (ենթատարածքներում` վարչական խորհրդի անդամներ), նշանակում է Ընկերության գործադիր տնօրեն կամ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, վերստուգող հանձնաժողով (ենթատարածքներում` վերստուգող հանձնաժողովի անդամներ), վեճեր լուծող հանձնաժողով (ենթատարածքներում` վեճեր լուծող հանձնաժողովի անդամներ), լսում է հիմնադիր կոմիտեի հաշվետվությունը:

Հիմնադիր ժողովը նշանակում է Ընկերության առաջին ժողովի գումարման ժամկետը:

Ընկերության գրանցումից հետո հիմնադիր կոմիտեի անդամներն իրավունք ունեն Ընկերության հիմնադրման գործընթացի ժամանակ իրենց կատարած ծախսերի համար Ընկերության ժողովի որոշմամբ ստանալ փոխհատուցում:

(6-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-165-Ն, խմբ., լրաց., փոփ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 7.

Ընկերության կանոնադրությունը

Ընկերության կանոնադրությունն Ընկերության հիմնադիր փաստաթուղթն է:

Ընկերության կանոնադրությունը հաստատում է հիմնադիր ժողովը: Ընկերության կանոնադրության անբաժանելի մասն են Ընկերության կողմից սպասարկվող տարածքի նկարագրությունը, այդ տարածքի ոռոգման համակարգի գծագրերը և հատակագիծը:

Ընկերության կանոնադրությունը պետք է բովանդակի`

ա) Ընկերության անվանումը.

բ) Ընկերության գտնվելու վայրը.

գ) Ընկերության գործունեության նպատակը և խնդիրները.

դ) Ընկերությանն անդամակցելու հիմքերն ու կարգը, անդամությունից դուրս գալու և անդամությունից հեռացնելու կարգը.

դ.1) ձայների այն քանակը, որը կարող է ունենալ Ընկերության անդամն ընդհանուր ժողովում, իսկ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված դեպքում` նաև ձայների հաշվարկման կարգը. 

ե) Ընկերության անդամների իրավունքները և պարտականությունները.

զ) Ընկերության ժողովի նախապատրաստման և անցկացման կարգը, հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն Ընկերության անդամների ձայների երկու երրորդով.

է) անդամավճարների տեսակները, չափերը, գանձման կարգը և ժամկետները.

ը) Ընկերության կազմակերպական կառուցվածքը, կառավարման մարմինների կազմավորման կարգն ու ժամկետները, իրավասությունները և նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

թ) վերստուգող մարմին կազմավորելու կարգը, նրա հաշվետվություններ ներկայացնելու ժամկետները և կարգը.

ժ) կանոնադրությամբ նախատեսված վեճեր լուծող մարմնի իրավասությունները, կազմավորման և գործունեության կարգը.

ժա) գույքի կազմավորման կարգը.

ժբ) Ընկերության կողմից իր անդամներին հասցված վնասները փոխհատուցելու կարգը.

ժգ) Միությանն անդամակցելու կարգը.

ժդ) Ընկերության վերակազմակերպման կարգը.

ժե) Ընկերության լուծարման կարգը:

Կանոնադրությունը կարող է բովանդակել նաև սույն օրենքով նախատեսված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար պետք է նախապես ստանալ կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը:

(7-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 8.

Ընկերության պետական գրանցումը

Ընկերության պետական գրանցումը կատարվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: Ընկերությունն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում պետական գրանցման պահից:

Ընկերության պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել Ընկերություն հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունը, Ընկերության կանոնադրությունը, Կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փաստաթղթերը:

Ընկերություն հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի արձանագրությունն ստորագրում են ժողովի նախագահը և քարտուղարը, իսկ Ընկերության անդամ իրավաբանական անձանց առկայության դեպքում արձանագրությանը կցվում է դրանց կառավարման համապատասխան լիազորություններ ունեցող մարմնի որոշումը:

Պետական գրանցումն իրականացնող մարմինը կարող է մերժել Ընկերության գրանցումը, եթե ներկայացվող հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

Պետական գրանցումը մերժելը կամ գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9.

Ընկերության անդամակցությունը

Ընկերության անդամներ կարող են լինել այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր Ընկերության սպասարկման տարածքում ունեն հողատարածք` սեփականության կամ երեք տարուց ավելի ժամկետով օգտագործման իրավունքով:

Հողի վարձակալության պայմանագիր ունեցող անձինք կարող են Ընկերության անդամ դառնալ վարձատուի գրավոր համաձայնության կամ պայմանագրում համապատասխան դրույթի առկայության դեպքում:

Ընկերության նոր անդամներն ընդունվում են վարչական խորհրդի որոշմամբ:

Վարչական խորհուրդը թեկնածուին տեղեկացնում է նրան Ընկերության անդամ ընդունելու իրենց որոշման մասին, և նրա անդամությունը գրանցում է Ընկերության գրանցամատյանում: Ընկերության նոր անդամից գանձվում է մուտքի վճար, որի չափը սահմանում է Ընկերության ընդհանուր ժողովը:

Ընկերության անդամ դառնալ ցանկացող անձանց դիմումը մերժվում է, եթե`

ա) Ընկերության կանոնադրությամբ նախատեսված է, որ նոր անդամներ կարող են ընդունվել ոռոգման շրջանի վերջում: Այդ դեպքում անդամության թեկնածուին տեղեկացնում են Ընկերության անդամ ընդունելու ժամկետի մասին.

բ) թեկնածուի անդամության իրավունքն առաջացել է հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու հետևանքով, սակայն նախորդ սեփականատերն Ընկերությանն ունեցած պարտքերը չի մարել, իսկ նոր սեփականատերն էլ հրաժարվում է վճարել.

գ) թեկնածուն նախկինում հեռացվել է Ընկերությունից, սակայն նրան հեռացնելուց հետո դեռևս չի անցել երեք տարի:

Ֆիզիկական անձի մահվան դեպքում Ընկերության հանդեպ ունեցած նրա պարտավորությունները փոխանցվում են իրավահաջորդին:

Հոդված 10.

Ընկերության անդամների իրավունքները և պարտականությունները

Ընկերության անդամներն իրավունք ունեն`

ա) ստանալ Ընկերության կողմից համամասնության և արդարացիության սկզբունքներով բաշխվող ոռոգման ջուր` կնքված պայմանագրերին համապատասխան.

բ) մասնակցել Ընկերության կողմից որոշումների ընդունման աշխատանքներին.

գ) քվեարկել Ընկերության ժողովներում.

դ) քննարկման համար հարցեր մտցնել Ընկերության ընդհանուր ժողովի օրակարգ.

ե) Ընկերության կառավարման մարմիններում ընտրվելու համար թեկնածուներ առաջադրել և ընտրվել այդ մարմիններում.

զ) օգտվել Ընկերության մատուցած ծառայություններից.

է) ստանալ Ընկերության կողմից իրեն հասցված վնասի փոխհատուցում.

ը) ծանոթանալ Ընկերության հաշվապահական փաստաթղթերին.

թ) Ընկերության անդամների միջև, ինչպես նաև վերջիններիս և Ընկերության վարչական խորհրդի և(կամ) տնօրինության միջև Ընկերության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը լուծելու նպատակով դիմել վեճեր լուծող հանձնաժողով.

ժ) մասնակցել վեճեր լուծող հանձնաժողովի նիստերին.

ժա) ցանկացած պահի ծանոթանալ Ընկերության կանոնադրությանը, ներքին կանոնակարգին, վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգին, վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության կանոնակարգին.

 ժբ) ջրի արդարացի բաշխման նպատակով դիմել և ստանալ իր ներկայացուցչական գոտուց ընտրված ներկայացուցչից իր հողատարածքն ընդգրկող հիդրոմիավորի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ կազմված պլան ժամանակացույցը և ջրօգտագործողների փաստացի ներկայացված ջրման հայտերի հիման վրա տրամադրված ջրաքանակները.

ժգ) ոռոգման ջրի պաշարների դեֆիցիտի պայմաններում մասնակցել ջրօգտագործման պլանների, պլան ժամանակացույցի, ջրօգտագործողների անհատական պայմանագրի համապատասխան հավելվածների վերանայմանը.

ժդ) իրենց խախտված իրավունքը վերականգնելու նպատակով դիմել վեճեր լուծող հանձնաժողովին, ներկայացնել փաստարկներ և կարծիքը հիմնավորող ապացույցներ, ինչպես նաև մասնակցել դրանց հետազոտմանը:

Ընկերության անդամը պարտավոր է`

ա) կատարել կանոնադրության և Ընկերության ընդհանուր ժողովի ընդունած այլ փաստաթղթերի պահանջները.

բ) կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում մուծել Ընկերության սահմանած անդամավճարը.

բ.1) մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ն իրականացնել յուրաքանչյուր տարվա համար` սույն օրենքով սահմանված անդամավճարների վճարումը.

գ) Ընկերության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

դ) ժամանակին վճարել մատակարարված ջրի վճարները.

ե) պահպանել ոռոգման ժամանակացույցը.

զ) հոգատար վերաբերմունք ցուցաբերել Ընկերությանը պատկանող և Ընկերության կողմից օգտագործվող գույքի նկատմամբ.

է) փոխհատուցել իր մեղքով Ընկերության վնասված սարքավորումների վերանորոգման և (կամ) պահեստամասերի փոխարինման ծախսերը.

ը) (կետն ուժը կորցրել է 24.10.11 ՀՕ-272-Ն)

թ) Ընկերությանը տեղեկատվություն տալ իր մշակած հողատարածքի և ջրի օգտագործման վերաբերյալ.

ժ) ոռոգման համակարգի կայուն աշխատանքի ապահովման նպատակով Ընկերությանը թույլատրել օրենքով սահմանված կարգով օգտագործելու իր հողատարածքում գտնվող ջրատարները և հիդրոտեխնիկական մյուս սարքավորումները.

ժա) Ընկերության աշխատողներին թույլատրել իրենց հողատարածքում կատարելու ոռոգման համակարգի շահագործման և պահպանման համար անհրաժեշտ աշխատանքները.

ժբ) պահպանել ոռոգման համակարգի շահագործման կանոնների պահանջները.

ժգ) ընդհանուր ժողովի որոշմամբ կատարել այլ տեսակի վճարներ.

ժդ) մասնակցել վեճեր լուծող հանձնաժողովի նիստին այն դեպքում, եթե հանդիսանում է վեճի կողմ և տեղեկացվել է նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին վեճեր լուծող հանձնաժողովի նախագահի կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 

Ընկերության անդամներն ունեն նաև Ընկերության կանոնադրությամբ ամրագրված այլ իրավունքներ և պարտականություններ:

Ընկերության կանոնադրության և (կամ) ներքին կանոնների պահանջները խախտելու դեպքում Ընկերության անդամները տուգանվում են, կամ դադարեցվում է նրանց ջրի մատակարարումը, եթե այլ բան նախատեսված չէ ջրի մատակարարման պայմանագրով:

(10-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.10.11 ՀՕ-272-Ն, լրաց. 13.11.19 ՀՕ-208-Ն)

Հոդված 11.

Ընկերությունից անդամների դուրս գալը և անդամության դադարման հիմքերը

Ընկերության անդամները կանոնադրությամբ նախատեսված կարգով իրավունք ունեն դադարեցնել իրենց անդամությունը: Կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ Ընկերությունից դուրս գալ ցանկացող անդամն այդ իրավունքից օգտվում է միայն ոռոգման շրջանի վերջում: Եթե Ընկերությունն այդ անդամի համար կատարել է ծախսեր` նախագծման, շինարարության կամ ոռոգման համակարգի շահագործման նպատակով, ապա նա կարող է Ընկերությունից դուրս գալ միայն այդ ծախսերի` իր մասի համարժեք գումարը հատուցելուց հետո:

Ընկերությունում անդամությունը դադարում է, եթե Ընկերության անդամը կորցրել է Ընկերության անդամ լինելու համար օրենքով սահմանված իրավական հիմքերը: Ընկերության անդամը դուրս է գալիս Ընկերությունից, եթե վաճառել է Ընկերության սպասարկման տարածքում գտնվող հողատարածքը: Այդ դեպքում վաճառողը և գնորդը պետք է գրավոր հայտնեն վարչական խորհուրդ, թե նրանցից ով է վճարելու Ընկերությանն ունեցած պարտքը: Գնորդը կարող է անդամ դառնալ Ընկերությանն ունեցած պարտքը մարելուց հետո:

Ընկերության անդամը կարող է վարչական խորհրդի որոշմամբ հեռացվել Ընկերությունից, եթե մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ`

ա) խախտել է Ընկերության կանոնադրության և (կամ) ոռոգման համակարգի կառավարման և ջրօգտագործման ներքին կանոնների պահանջները.

բ) չի կատարել մատակարարված ոռոգման ջրի վճարը պատշաճ ձևով կամ ջրի մատակարարման պայմանագրով սահմանված ժամկետում.

գ) Ընկերության կողմից գանձվող այլ վճարները կատարելուց հրաժարվել է կամ ուշացրել է դրա կատարումը.

դ) հրաժարվել է վերականգնել Ընկերությանն իր մեղքով հասցված վնասները:

Ընկերության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անդամությունից հեռացման այլ հիմքեր:

(11-րդ հոդվածը խմբ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 12.

Ընկերության կազմակերպական կառուցվածքը

Ընկերության կառավարման մարմիններն են`

ա) Ընկերության ընդհանուր ժողովը կամ ներկայացուցիչների ժողովը.

բ) Ընկերության վարչական խորհուրդը:

Ընկերության գործադիր մարմինը տնօրինությունն է, որի անդամները վարձու աշխատողներ են:

Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու նպատակով ընդհանուր ժողովն ընտրում է վերստուգիչ հանձնաժողով:

Ընկերության ժողովն ընտրում է առնվազն 3 անդամից կազմված վեճեր լուծող հանձնաժողով:

Ընկերության կազմակերպական կառուցվածքը և մարմինների լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ, ինչպես նաև իրենց գործունեությունը կարգավորող կանոնակարգերով:

Վարչական խորհրդի անդամները և նախագահը, վերստուգող հանձնաժողովի անդամները և նախագահը, վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն ու նախագահը Ընկերության վճարովի աշխատողներ չեն:

(12-րդ հոդվածը լրաց., խմբ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 13.

Ընկերության ընդհանուր ժողովը

Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը Ընկերության անդամների ընդհանուր ժողովն է, որն իր գործունեությունն իրականացնում է ժողովների միջոցով:

Ընկերության ընդհանուր ժողովը գումարվում է սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով, վարչական խորհրդի որոշմամբ, ըստ անհրաժեշտության, առնվազն տարին մեկ անգամ:

Ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում գումարվող ընդհանուր ժողովից բացի, հրավիրվող ընդհանուր ժողովները համարվում են արտահերթ:

Արտահերթ ընդհանուր ժողովներ գումարվում են Միության, Ընկերության վարչական խորհրդի որոշմամբ, ընկերության անդամների մեկ երրորդի, վերստուգողի, ինչպես նաև կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբ:

Վարչական խորհուրդը պարտավոր է ընդհանուր ժողով գումարելուց ոչ ուշ, քան 30 օր առաջ այդ մասին գրավոր, ինչպես նաև կապի այլ միջոցներով ծանուցել Ընկերության անդամներին: Ծանուցագրում պետք է նշվեն ընդհանուր ժողովի անցկացման ամսաթիվը, ժամը, տեղը, օրակարգում քննարկման համար նախատեսված հարցերը և քվեարկության կարգը:

Վարչական խորհուրդն ընդհանուր ժողով անցկացնելուց 20 օր առաջ պարտավոր է Ընկերության անդամներին մատչելի ձևով հնարավորություն ընձեռել նախօրոք ծանոթանալու Ընկերության բոլոր նյութերին:

Ընկերության անդամներն իրավունք ունեն ոչ ուշ, քան ընդհանուր ժողովի գումարման օրվանից 10 օր առաջ Ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու վարչական խորհուրդ` ընդհանուր ժողովի օրակարգում մտցնելու համար:

Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե նրա աշխատանքներին մասնակցում է Ընկերության անդամների հիսուն տոկոսից ավելին:

Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`

ա) Ընկերության կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը.

բ) վարչական խորհրդի կանոնակարգը հաստատելը.

գ) վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին կանոնակարգը հաստատելը.

դ) վերստուգող հանձնաժողովի ստուգման արդյունքների վերաբերյալ եզրակացությունը քննարկելը.

ե) վարչական խորհրդի անդամներին ընտրելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.

զ) վերստուգող հանձնաժողովի անդամներին ընտրելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.

է) Ընկերության գործունեությունն ստուգելու նպատակով առնվազն տարին մեկ անգամ անկախ աուդիտ հրավիրելը.

ը) վեճեր լուծող հանձնաժողովի անդամներին ընտրելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.

թ) վեճեր լուծող հանձնաժողովի անդամների կատարած ծախսերը հատուցելը.

ժ) վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը հաստատելը.

ժա) Ընկերության ջրօգտագործող անդամներից ու ոչ անդամներից կատարվող գանձումների տեսակները և չափերը որոշելը.

ժբ) Ընկերության տարեկան հաշվետվություններն ու հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը.

ժգ) ջրի օգտագործման տարեկան պլանը և ջրի բաշխման ժամանակացույցը հաստատելը.

ժդ) Ընկերության ամենամյա բյուջեն հաստատելը.

ժե) Ընկերության ներքին կանոնակարգը հաստատելը.

ժզ) Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունները կատարելուց խուսափելու դեպքում Ընկերության անդամին ընդհանուր ժողովում քվեարկության ձայնի իրավունքից զրկելը.

ժէ) Կանոնակարգող խորհրդի համաձայնությամբ Ընկերությունը վերակազմակերպելու, Միության մեջ ընդգրկվելու և լուծարման մասին որոշումներ ընդունելը, լուծարման հանձնաժողով ընտրելն ու լուծարման հաշվեկշիռները հաստատելը.

ժը) ոռոգման համակարգերի վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքների պլանները հաստատելը.

ժթ) ոռոգման համակարգի և ջրօգտագործման կառավարման ներքին կանոնները հաստատելը.

ի) վարչական խորհրդի առաջարկությամբ Ընկերության գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի և վարձու աշխատողների վճարման կարգը, աշխատավարձը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը հաստատելը.

իա) Ընկերության անդամների համար արտոնություններ սահմանելը.

իբ) Ընկերության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերի վերանորոգման, վերականգնման և զարգացման աշխատանքների կատարման, ինչպես նաև հրատապ ծախսեր կատարելու համար հատուկ կամ պահուստային ֆոնդ ունենալու և առանձին բանկային հաշիվներ բացելու մասին որոշումներ հաստատելը.

իգ) Ընկերության անդամի ձայների քանակը որոշելը, որն անդամը կարող է ունենալ ընդհանուր ժողովում, իսկ 14-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված դեպքերում դրանց հաշվարկման կարգը հաստատելը.

իդ) Ընկերության գույքն օտարելը, վարձակալության հանձնելը, վարկի դիմաց գրավ դնելը.

իե) կանոնակարգող խորհրդի տված` սպասարկվող տարածքի տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին դրական եզրակացության առկայության դեպքում Միության մեջ ընդգրկվելու մասին որոշում ընդունելը:

Ընկերությունը վերակազմակերպելու, Միության մեջ ընդգրկելու, լուծարելու, կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Ընկերության սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման, վարձակալության հանձնելու, վարկի դիմաց գրավ դնելու մասին որոշումներն ընդունվում են Ընկերության անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով: Մնացած հարցերի վերաբերյալ որոշումներն ընդհանուր ժողովն ընդունում է Ընկերության` ժողովին մասնակից անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ Ընկերության կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Ընկերության ընդհանուր ժողովում կարող է քննարկվել Ընկերության գործունեությանը վերաբերող ցանկացած այլ հարց:

Ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությունները չեն կարող վերապահվել Ընկերության այլ մարմնի:

Ընդհանուր ժողովի նիստերն արձանագրում է ընդհանուր ժողովի քարտուղարը, որն ընտրվում է Ընկերության ընդհանուր ժողովին մասնակից անդամների կազմից ձայների պարզ մեծամասնությամբ: Ընդհանուր ժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են վարչական խորհրդի նախագահը և քարտուղարը: Դրանք մշտապես պահվում են Ընկերությունում: Ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունները փոստով կամ առձեռն տրամադրվում են Ընկերության բոլոր անդամ ջրօգտագործողներին` այդ մասին նշում կատարելով համապատասխան գրանցամատյանում:

Ընդհանուր ժողովի նիստերը վարում է վարչական խորհրդի նախագահը, նրա բացակայության դեպքում` վարչական խորհրդի նախագահի տեղակալը:

Առանձին հարցերի վերաբերյալ որոշում ընդունելիս Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել գաղտնի քվեարկություն:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 13.04.11 ՀՕ-105-Ն, խմբ. 24.10.11 ՀՕ-272-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-58-Ն)

Հոդված 14.

Ընկերության անդամի ձայնի իրավունքը

Ընկերության կանոնադրությամբ սահմանվում է ձայների այն քանակը, որը կարող է ունենալ Ընկերության անդամն ընդհանուր ժողովում: Ընկերության անդամների ձայների քանակը սահմանվում է հետևյալ սկզբունքներից մեկով.

ա) Ընկերության անդամն ունի մեկ ձայն.

բ) Ընկերության անդամի ձայների քանակը որոշվում է Ընկերության սպասարկման տարածքում նրա ունեցած հողատարածքի չափից: Այս դեպքում ձայների հաշվարկման կարգը սահմանվում է Ընկերության կանոնադրությամբ:

Ընկերության յուրաքանչյուր անդամ պետք է ունենա առնվազն մեկ ձայն, սակայն նրա ունեցած ձայների քանակը չի կարող գերազանցել Ընկերության անդամների ընդհանուր ձայների մեկ քառորդը:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ընդհանուր ժողովում Ընկերության անդամի ձայնի իրավունքը կախված է Ընկերության հանդեպ նրա ունեցած պարտավորությունների կատարումից:

(14-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 15.

Ներկայացուցիչների ժողովը

Ընկերությունում մեծ թվով անդամների առկայության դեպքում, եթե դժվար է ընդհանուր ժողով գումարելը, Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել Ընկերության անդամների ներկայացուցիչների ժողով:

Ներկայացուցիչների ժողովն ունի սույն օրենքով նախատեսված ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները:

Ներկայացուցիչների ժողով հրավիրելու նպատակով, Ընկերության կանոնադրությամբ, Ընկերության սպասարկման տարածքը բաժանվում է ներկայացուցչական գոտիների, որոնք պետք է հստակ նշված լինեն Ընկերության սպասարկման տարածքի շահագործման պլանում: Ընկերության անդամները ներկայացուցչական գոտիներից մեկ կամ մի քանի ներկայացուցիչ են ընտրում ներկայացուցիչների ժողովին մասնակցելու համար:

Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են ըստ գոտիների ներկայացուցիչների թիվը, ընտրությունների անցկացման ժամկետները և կարգը, իրավասությունները, ժողովում նրանց ունեցած ձայների քանակը:

Ընկերության ընդհանուր ժողովի համար սահմանված` Ընկերության հիմնադրման և կառավարման սկզբունքները գործում են նաև ներկայացուցիչների ժողովի համար:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ ներկայացուցչի ընտրության ժամանակ Ընկերության անդամի ձայնի իրավունքը կախված է Ընկերությանը նրա կատարած վճարումներից:

Ներկայացուցչի լիազորություն չունեցող Ընկերության անդամներն իրավունք ունեն ներկա գտնվել ներկայացուցիչների ժողովի նիստերում` խորհրդակցական ձայնի իրավունքով:

Հոդված 16.

Ընկերության վարչական խորհուրդը

Ընկերության վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության ընդհանուր ղեկավարումը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են որպես Ընկերության ընդհանուր ժողովի և ներկայացուցիչների ժողովի (այսուհետ` Ժողով) բացառիկ իրավասություն:

Ժողովն Ընկերության անդամների թվից ընտրում է 5 անդամից ոչ պակաս վարչական խորհուրդ` 3 տարի ժամկետով: Վարչական խորհրդի անդամների թիվը և նրանց ընտրության կարգը սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Ընկերությանը մատակարարված ոռոգման ջրի վճարի, անդամավճարի կամ այլ վճարի պարտք ունեցող Ընկերության ջրօգտագործող անդամները, Ընկերության սպասարկման տարածքի համայնքների ղեկավարները, ինչպես նաև համայնքի ղեկավարի աշխատակազմի այլ աշխատակիցները չեն կարող ընտրվել վարչական խորհրդի կազմում:

Վարչական խորհուրդը հաշվետու է Ընկերության Ժողովին:

Վարչական խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ:

Վարչական խորհուրդն իրականացնում է Ընկերության Ժողովի հրավիրման և նրա օրակարգի հաստատման հետ կապված կազմակերպական աշխատանքները:

Վարչական խորհուրդը Ժողովի հաստատմանը ներկայացնելու համար նախապատրաստում է`

ա) Ընկերության բյուջեի նախագիծը.

բ) Ընկերության տարեկան հաշվետվությունը և հաշվեկշիռը.

գ) ջրի ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլան և ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցը:

Վարչական խորհրդի բացառիկ իրավասություններն են`

ա) Ընկերության անդամներ ընդունելը և անդամությունը դադարեցնելը.

բ) տնօրինությանը համաձայնություն տալ երրորդ անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելու վերաբերյալ.

գ) Ընկերության ժողովի որոշումների կատարումն ապահովելը.

դ) Ընկերության ֆինանսական միջոցները կառավարելու կանոնակարգը հաստատելը.

ե) Ընկերության գործադիր տնօրենին ու գլխավոր հաշվապահին աշխատանքի ընդունելը մրցութային կարգով և աշխատանքից ազատելը.

զ) Ընկերության գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ աշխատանքային պայմանագրեր կնքելը.

է) Ընկերության ժողովին առաջարկություն ներկայացնելը Ընկերության գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի և վարձու աշխատողների վճարման կարգի և աշխատավարձի վերաբերյալ.

ը) սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում Ընկերության անդամներին Ընկերությունից հեռացնելը.

թ) կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

Վարչական խորհուրդն իրականացնում է`

ա) Ընկերության ընդհանուր կառավարումը.

բ) Ընկերության գործադիր մարմնի գործունեության վերահսկումը.

գ) կանոնադրությամբ սահմանված` Ընկերության գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերի, այդ թվում` ներքին կանոնակարգի, ոռոգման համակարգի կառավարման և ջրօգտագործման ներքին կանոնների պահպանումը.

դ) սույն օրենքով, Ընկերության կանոնադրությամբ և ժողովի որոշումներով նախատեսված այլ խնդիրներ:

Վարչական խորհուրդն իր կազմից երեք տարի ժամկետով ընտրում է վարչական խորհրդի նախագահ և նախագահի տեղակալ, որոնց լիազորությունները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ: Վարչական խորհրդի նախագահի, նրա տեղակալի համար Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ավելի կարճ ժամկետներ:

Վարչական խորհրդի նախագահը վարում է ժողովի և վարչական խորհրդի նիստերը, ստորագրում է ժողովի և նիստերի արձանագրությունները, ղեկավարում է վարչական խորհրդի գործունեությունը և ներկայացնում է Ընկերությունն այլ կազմակերպություններում: Վարչական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, ստուգումների, ջրօգտագործող անդամներին և ոչ անդամներին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներ այցելությունների միջոցով, որոնք պարտադիր պետք է արձանագրվեն: Վարչական խորհուրդն իր կազմից երեք տարի ժամկետով ընտրում է քարտուղար, որն արձանագրում է վարչական խորհրդի նիստերը, ստուգումները, այցելությունները, նախապատրաստում է որոշումների նախագծերը:

Վարչական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

Վարչական խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են վարչական խորհրդի նախագահի կամ վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Վարչական խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է անդամների ոչ պակաս, քան երեք քառորդը: Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ:

Ընկերության կանոնադրությամբ կարող է նախատեսվել վարչական խորհրդի նախագահի քվեարկելը ձայների հավասարության դեպքում:

Վարչական խորհրդի անդամները կամ վարչական խորհրդի նախագահը կարող են հեռացվել Ժողովի որոշմամբ, եթե վերացել են նրանց` որպես վարչական խորհրդի անդամներ լինելու իրավական հիմքերը, կամ նրանք խախտել են սույն օրենքի կամ Ընկերության կանոնադրության որևէ դրույթ:

Նույն Ժողովում կազմակերպվում են վարչական խորհրդի անդամների նոր ընտրություններ:

(16-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-20-Ն, 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 17.

Ընկերության գործադիր մարմինը

Ընկերության գործադիր մարմինն Ընկերության տնօրինությունն է, որի ղեկավարն Ընկերության գործադիր տնօրենն է:

Ընկերության կանոնադրությամբ կարող է Ընկերության տնօրինությանը վերապահվել`

ա) Ընկերության բյուջեի նախագծի, Ընկերության տարեկան հաշվետվության և հաշվեկշռի, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանի և ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցի նախապատրաստման, ինչպես նաև այլ աշխատանքներում վարչական խորհրդին աջակցելը.

բ) Ընկերության սպասարկման տարածքում գտնվող ջրօգտագործող անդամների և ոչ անդամների գրանցման, նրանց հողատարածքների չափերի և տեղադրման նկարագրության, Ընկերության ստացած ոռոգման ջրի, Ընկերության անդամների և ոչ անդամների տված` ոռոգման ջրի ստացման հայտերը և ջրաբաշխման մատյանները վարելը.

գ) ջրօգտագործողներին մատակարարված ոռոգման ջրի վճարները, ինչպես նաև Ընկերության ջրօգտագործող անդամներից գանձվող այլ տեսակի վճարները հաշվարկելը, համապատասխան կարգով գրանցելը և ջրօգտագործողներին ներկայացնելը.

դ) ոռոգման համակարգերի շահագործումը և պահպանումն ապահովելը.

ե) հաստատված բյուջեի և ոռոգման համակարգերի շահագործման ու պահպանման աշխատանքային պլանի հիման վրա Ընկերության վարչական խորհրդի հաստատմանը ներկայացվող պայմանագրեր նախապատրաստելը.

զ) ոռոգման ջրի մատակարարման նկատմամբ ջրամատակարարի կողմից կատարվող հսկողությունն ու ջուր ստանալը և բաշխելն Ընկերության անդամներին.

է) Ընկերության վարչական խորհրդի հաստատած կանոնակարգի համաձայն` Ընկերության ֆինանսական միջոցները կառավարելը.

ը) վարձատրվող աշխատողների համար պարտադիր կատարման ենթակա հրամաններ և հրահանգներ հրապարակելը.

թ) վարչական խորհրդի խնդիրների անխափան իրականացումն ապահովելը.

ժ) սույն օրենքով և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

Ընկերության գործադիր տնօրենի իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:

Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ընտրությունը կատարվում է մրցութային կարգով:

Վարչական խորհուրդն Ընկերության գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ կնքում է աշխատանքային պայմանագրեր, որտեղ որոշվում են նրանց իրավասությունների ժամկետները: Գործադիր տնօրենը ներկայացնում է Ընկերությունը երրորդ անձանց առջև, կնքում և ստորագրում է Ընկերության աշխատանքային պայմանագրերը, վարչական խորհրդի հաստատած քաղաքացիաիրավական պայմանագրերը, ընդունում և ազատում է աշխատանքից Ընկերության տնօրինության աշխատակազմի անդամներին, ինչպես նաև արձակում է աշխատողների համար պարտադիր կատարման ենթակա հրամաններ և հրահանգներ:

Ընկերության գործադիր տնօրենի, հաշվապահի և աշխատողների վճարման կարգն ու աշխատավարձի չափը որոշում է Ընկերության Ժողովը` Ընկերության վարչական խորհրդի առաջարկությամբ:

Ընկերության աշխատողները իրավունք չունեն ընտրվելու Ընկերության վարչական խորհրդում, վերստուգող հանձնաժողովում կամ վեճեր լուծող հանձնաժողովում:

(17-րդ հոդվածը խմբ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 18.

Վերստուգող հանձնաժողովը

Վերստուգող հանձնաժողովը հսկողություն է իրականացնում Ընկերության վարչական խորհրդի, նրա գործադիր մարմնի կողմից իրականացվող ֆինանսական և տնտեսական գործունեության նկատմամբ:

Վերստուգող հանձնաժողովը ընտրվում է Ընկերության Ժողովի կողմից իր անդամների կազմից ուղղակի քվեարկությամբ, երեք տարի ժամկետով, երեք անդամից ոչ պակաս կազմով: Ընկերությանը պարտք ունեցող անդամները չեն կարող ընտրվել վերստուգող հանձնաժողովի կազմում:

Վարչական խորհրդի անդամը, տնօրինության աշխատակիցները, վեճեր լուծող հանձնաժողովի անդամը միաժամանակ չեն կարող լինել նաև վերստուգող հանձնաժողովի կազմում:

Վերստուգող հանձնաժողովը գործում է Ընկերության ժողովի հաստատած` վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին կանոնակարգի համաձայն:

Վերստուգող հանձնաժողովն Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում իրականացնում է տարեկան առնվազն մեկ անգամ: Վերստուգող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ, Ժողովի որոշմամբ կամ վարչական խորհրդի անդամների ընդհանուր քանակի երկու երրորդի որոշմամբ ցանկացած ժամանակ կարող է իրականացնել Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում: Վերստուգող հանձնաժողովն իր իրականացրած ստուգման արդյունքներն ամփոփում է գրավոր եզրակացության մեջ, որն ստորագրելուց հետո քննարկվելու նպատակով ներկայացվում է Ընկերության ժողով:

Վերստուգող հանձնաժողովի պահանջով Ընկերության վարչական խորհուրդը և Ընկերության տնօրինությունը պարտավոր են տրամադրել Ընկերության ֆինանսատնտեսական փաստաթղթերը:

Վերստուգող հանձնաժողովը հաշվետու է Ընկերության Ժողովին:

Վերստուգող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Ընկերության Ժողովի որոշմամբ վերստուգող հանձնաժողովի լիազորությունների և գործունեության մասին կանոնակարգով սահմանված դեպքերում: Նույն Ժողովում ընտրվում է վերստուգող հանձնաժողովի նոր կազմ:

(18-րդ հոդվածը խմբ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 19.

Վեճեր լուծող հանձնաժողովը

Ընկերության ժողովն իր անդամների կազմից ստեղծում է վեճեր լուծող հանձնաժողով, որը քննարկում ու լուծում է Ընկերության անդամների միջև, Ընկերության անդամների և Ընկերության վարչական խորհրդի և(կամ) տնօրինության միջև Ընկերության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը:

Հանձնաժողովի անդամների կազմը, որը պետք է բաղկացած լինի առնվազն երեք անդամից, նրանց լիազորությունների սահմանները, գործունեության ժամկետները սահմանվում են Ընկերության կանոնադրությամբ, իսկ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Ընդհանուր ժողովի կողմից հաստատվող վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգով: Ընկերությանը մատակարարված ոռոգման ջրի վճարի, անդամավճարի կամ այլ վճարի պարտք ունեցող անդամները չեն կարող ընտրվել վեճեր լուծող հանձնաժողովի կազմում: Վեճեր լուծող հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` Ընկերության անդամ(ներ)ի դիմումով կամ Ընկերության վարչական խորհրդի և (կամ) տնօրինության նախաձեռնությամբ:

Վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են քարտուղար, որն արձանագրում է հանձնաժողովի նիստերը, նախապատրաստում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, և նախագահ, որը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, նախագահում է նիստերում, ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները և որոշումները: Վեճեր լուծող հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր ջրօգտագործողի պարտավոր է ներկայացնել վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգը, եթե վերջինս նման ցանկություն է հայտնել:

Իրենց խախտված իրավունքը վերականգնելու մասին դիմումներն Ընկերության անդամները գրավոր հանձնում են հանձնաժողովի նախագահին, որը դիմումի քննարկման նպատակով տասնօրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիստ: Կողմերը տեղեկացվում են նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին և պարտավոր են մասնակցել նիստի աշխատանքներին, իսկ եթե հնարավորություն չունեն անձամբ մասնակցելու, ապա նրանց շահերը կարող են ներկայացնել այլ անձինք համապատասխան լիազորագրի առկայության դեպքում: Այն դեպքում, երբ լսվում է վեճեր լուծող հանձնաժողովի անդամին վերաբերող վեճը, վերջինս, որպես հանձնաժողովի անդամ, չի մասնակցում նիստին և որոշման կայացմանը:

Դիմումի քննարկումը կազմակերպվում է դռնբաց, որի ժամանակ կարող են մասնակցել Ընկերության յուրաքանչյուր ջրօգտագործող անդամ, տնօրինության աշխատակից կամ որևէ այլ անձ: Վեճեր լուծող հանձնաժողովի նիստի ընթացքում լսվում են վեճի կողմերի փաստարկները, որոնք կարող են ներկայացվել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Վեճի կողմերը վեճեր լուծող հանձնաժողովին կարող են ներկայացնել իրենց կարծիքը հիմնավորող ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը:

Վեճեր լուծող հանձնաժողովը գործը քննարկում է մեկ նիստով: Անհրաժեշտության դեպքում այն կարող է քննարկել մի քանի նիստով, սակայն ոչ ավել, քան քննարկումը սկսելուց հետո` տասնօրյա ժամկետում, որից հետո հանձնաժողովը կայացնում է որոշում:

Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կիրառել Ընկերության կանոնադրությամբ, ինչպես նաև ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ կամ հաստատել համապատասխան պայմանների հիման վրա վեճի կողմերի հաշտությունը: Վեճեր լուծող հանձնաժողովը որոշում է կայացնում` հիմք ընդունելով վեճի կողմերի կարծիքները և հիմնավորումները: Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.

ա) վերացնել, փոփոխել կամ թողնել առանց փոփոխության վարչական խորհրդի և (կամ) տնօրինության կողմից Ընկերության անդամի նկատմամբ կայացված որոշումը.

բ) վերականգնել Ընկերության անդամի խախտված իրավունքը, այդ թվում` պարտավորեցնել այդ իրավունքը խախտողին կատարել համապատասխան գործողություններ:

Վեճեր լուծող հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով:

Վարչական խորհրդի, վերստուգող հանձնաժողովի անդամը, տնօրինության աշխատակիցները միաժամանակ չեն կարող լինել նաև վեճեր լուծող հանձնաժողովի անդամ:

Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունն ընդհանուր կարգով դադարեցվում է, երբ լրանում է դրա գործունեության ժամկետը: Ընկերության ժողովի որոշմամբ վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել հետևյալ դեպքերում.

ա) վեճեր լուծող հանձնաժողովի անդամ(ներ)ը կորցրել է (են) հանձնաժողովի անդամ(ներ) լինելու համար օրենքով, Ընկերության կանոնադրությամբ և վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգով նախատեսված իրավական հիմքերը.

բ) վեճեր լուծող հանձնաժողովն իր գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի, Ընկերության կանոնադրության և վեճեր լուծող հանձնաժողովի կանոնակարգի խախտում.

գ) առկա է վեճեր լուծող հանձնաժողովի անդամի դիմումը հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին:

Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության դադարեցման դեպքում Ընկերության ընդհանուր ժողովը ընտրում է հանձնաժողովի նոր կազմ:

(19-րդ հոդվածը խմբ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 20.

Ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը

Ընկերության սպասարկման տարածքում ոռոգելի հող ունեցող Ընկերության անդամ և ոչ անդամ ջրօգտագործողները ոռոգման ջուր ստանալու համար Ընկերության հետ կնքում են ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր` ոչ պակաս, քան երեք տարի ժամկետով:

Ջրօգտագործողի` ոռոգման ջուր այլ աղբյուրից ձեռք բերելու ապացույցներ ներկայացնելու դեպքում Ընկերության վարչական խորհուրդը կարող է ջրօգտագործողի հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր չկնքել:

Ընկերության ոչ անդամներին ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրային հիմունքով. դրանով մատակարարվող ջրի գինը չի կարող գերազանցել Ընկերության անդամների համար ջրի ինքնարժեքի 150 տոկոսը:

Ընկերության և ջրօգտագործողների միջև ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել պարտավորության կատարման ապահովման միջոց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Ստացած ոռոգման ջրի համար ջրօգտագործողի չվճարելու դեպքում Ընկերության հետ ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել հողամասն Ընկերությանն օգտագործման իրավունքով փոխանցելու պարտավորություն` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով:

(20-րդ հոդվածը փոփ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 21.

Ընկերության անդամներից գանձվող վճարների տեսակները

Ընկերության կանոնադրությամբ սահմանվում են անդամներից գանձվող վճարների հետևյալ տեսակները.

ա) մատակարարված ոռոգման ջրի վճարը.

բ) Ընկերության կողմից շահագործվող ոռոգման համակարգի շահագործման, վերանորոգման և պահպանման ծախսերը.

գ) անդամավճարները:

Ընկերության Ժողովի որոշմամբ կարող են սահմանվել Ընկերության կողմից գանձվող վճարների այլ տեսակներ: Այլ նպատակներով իրականացվող գանձումներ կարող են նախատեսվել նաև Ընկերության կանոնադրությամբ:

(21-րդ հոդվածը փոփ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 22.

Ընկերության գույքը

Ընկերության գույքը կազմավորվում է անդամավճարներից, մուտքի վճարներից, մատակարարված ջրի դիմաց ստացված վճարներից, այլ վճարներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Կանոնակարգող խորհրդի եզրակացության հիման վրա համայնքային և պետական սեփականություն համարվող ոռոգման համակարգերը, համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ, ըստ սպասարկման տարածքների, օգտագործման իրավունքով հանձնվում են Ընկերությանը: Ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը փոխանցելու վերաբերյալ կնքվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ոչ պակաս, քան քսանհինգ տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ընկերությունների գույքը կարող է օտարվել, վարձակալության հանձնվել, գրավ դրվել վարկի դիմաց Ընկերության Ժողովի որոշմամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Ընկերության անդամն Ընկերության հանդեպ ունեցած պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

Ընկերության անդամ ջրօգտագործողն Ընկերության գույքի նկատմամբ բաժնի իրավունք չունի:

(22-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Գ Լ ՈՒ Խ  3.

ՄԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 23.

Միությունը

Միությունը ոռոգման համակարգը շահագործելու նպատակով Ընկերությունների կամավոր միավորում է, որը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է և գործում է Ընկերությունների կողմից իրեն տրված լիազորությունների սահմաններում:

Միության անդամ Ընկերությունը պահպանում է իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:

Միությունը պատասխանատու չէ իր անդամների պարտավորությունների համար:

Միության անդամները Միության պարտավորությունների համար կրում են սուբսիդիար պատասխանատվություն` Միության հանդեպ ունեցած իրենց պարտավորությունների չափով:

Հոդված 24.

Միության հիմնադրումը

Հիմնական ջրատարի կամ նույն ջրավազանի ոռոգման տարածքում գտնվող բոլոր Ընկերություններն իրավունք ունեն դառնալ Միության անդամ:

Միությունը հիմնադրվում է կամավորության սկզբունքով, եթե նախաձեռնող Ընկերությունների կողմից սպասարկվող տարածքի չափը գերազանցում է ապագա Միության սպասարկման տարածքի երկու երրորդը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով և հիմնադիր փաստաթղթով սահմանված կարգով: Միությունը հիմնադրելու նպատակով Ընկերություններն ստեղծում են հիմնադիր վարչական խորհուրդ, որի նիստին մասնակցելու համար յուրաքանչյուր Ընկերություն լիազորում է երկու ներկայացուցիչ` մեկական ձայնի իրավունքով:

Հիմնադիր վարչական խորհուրդն առաջին նիստում ընտրում է հիմնադիր վարչական խորհրդի նախագահ և կազմում է աշխատանքային կանոնակարգ: Հիմնադիր վարչական խորհուրդը կազմում է Միության կանոնադրության նախագիծը, ինչպես նաև կանոնադրության անբաժանելի մասը կազմող հավելվածները` Միության ոռոգման համակարգի հատակագիծը` ըստ սպասարկման ենթատարածքների, սպասարկման տարածքի չափերի և տեղադրության նկարագրությունը:

Հիմնադիր վարչական խորհուրդը Միության կանոնադրության նախագիծը` հավելվածներով, ներկայացնում է Կանոնակարգող խորհուրդ սպասարկվող տարածքի տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին գրավոր` եզրակացություն ստանալու նպատակով:

Միության պետական գրանցման համար անհրաժեշտ է Կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը:

(24-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 25.

Միության կանոնադրությունը

Միության կանոնադրությունը նրա հիմնադիր փաստաթուղթն է:

Հիմնադիր վարչական խորհուրդը հաստատում է Միության կանոնադրությունը, որն ստորագրում է նախագահը:

Միության կանոնադրությունը պետք է բովանդակի`

ա) Միության անվանումը.

բ) գտնվելու վայրը.

գ) Միության գործունեության նպատակը և խնդիրները.

դ) Միությանն անդամակցելու հիմքերն ու կարգը, անդամությունից դուրս գալու և անդամությունից հեռացնելու կարգը.

ե) Միության անդամների իրավունքները և պարտականությունները.

զ) Միության կողմից սպասարկվող տարածքի նկարագրությունը, այդ տարածքի ոռոգման համակարգի գծագրերը և հատակագիծը.

է) կառավարման մարմինների կազմակերպական կառուցվածքը, իրավասությունները և դրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը.

ը) վերստուգող մարմինների և դրանց հաշվետվությունների ներկայացման ժամկետները և կարգը, դրանց գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելու կարգը, վեճեր լուծող մարմնի իրավասությունները, կազմավորման և գործունեության կարգը.

թ) գույքի կազմավորման կարգը.

ժ) Միության կողմից իր անդամներին հասցված վնասները փոխհատուցելու կարգը.

ժա) Միության լուծարման կարգը:

Կանոնադրությունը կարող է բովանդակել սույն օրենքով նախատեսված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ:

Միության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությունների վերաբերյալ պետք է նախապես ստանալ կանոնակարգող խորհրդի դրական եզրակացությունը:

(25-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 26.

Միության կազմակերպական կառուցվածքը

Միության կառավարման բարձրագույն մարմինը վարչական խորհուրդն է: Վարչական խորհուրդն իր անդամներից ոչ ավել, քան երեք տարի ժամկետով ընտրում է վարչական խորհրդի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար: Վարչական խորհրդի նախագահը, նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը նախագահում են խորհրդի նիստերում: Նրանց իրավասությունները և դրանց ժամկետները սահմանվում են Միության կանոնադրությամբ:

Միության ֆինանսատնտեսական գործունեության ստուգումն իրականացնելու նպատակով վարչական խորհուրդն ընտրում է վերստուգող հանձնաժողով, որի անդամները հանդիսանում են Միության անդամ Ընկերությունների լիազորված ներկայացուցիչները: Վերստուգող հանձնաժողովի անդամները միաժամանակ չեն կարող լինել նաև վարչական խորհրդի, վեճեր լուծող հանձնաժողովի անդամներ կամ տնօրինության աշխատակիցներ: Վերստուգող հանձնաժողովը Միության ֆինանսատնտեսական գործունեությունն ստուգում է առնվազն տարեկան մեկ անգամ: Վերստուգող հանձնաժողովն իր և (կամ) վարչական խորհրդի անդամների երկու երրորդի որոշմամբ ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ֆինանսատնտեսական գործունեության ստուգում: Վերստուգող հանձնաժողովի պահանջով Միության տնօրինությունը պարտավոր է տրամադրել Միության ֆինանսատնտեսական փաստաթղթերը: Վերստուգող հանձնաժողովն իր իրականացրած ստուգման արդյունքներն ամփոփում է գրավոր եզրակացության մեջ, որը ստորագրում են վերստուգող հանձնաժողովի բոլոր անդամները: Վերստուգող հանձնաժողովի անդամների մեծամասնության հետ ընդհանուր համաձայնության չեկած անդամները կարող են եզրակացությանը կցել իրենց առանձին գրավոր կարծիքը: Վերստուգող հանձնաժողովը հաշվետու է Միության վարչական խորհրդին, որին ներկայացվում է եզրակացությունը: Վերստուգող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Միության վարչական խորհրդի որոշմամբ Միության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում: Նույն նիստում վարչական խորհուրդն ընտրում է նոր կազմով վերստուգող հանձնաժողով:

Միության կանոնադրությամբ կարող է ստեղծվել վեճեր լուծող հանձնաժողով, որի անդամները համարվում են Միության անդամ Ընկերությունների լիազորված ներկայացուցիչները: Վեճեր լուծող հանձնաժողովի անդամները միաժամանակ չեն կարող լինել նաև վարչական խորհրդի, վերստուգող հանձնաժողովի անդամներ կամ տնօրինության աշխատակիցներ: Վեճեր լուծող հանձնաժողովի կազմը պետք է բաղկացած լինի առնվազն հինգ անդամից: Վեճեր լուծող հանձնաժողովի անդամներն իրենց կազմից ընտրում են քարտուղար, որն արձանագրում է հանձնաժողովի նիստերը, նախապատրաստում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, և նախագահ, որը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները, նախագահում է նիստերում, ստորագրում է հանձնաժողովի արձանագրությունները և որոշումները: Վեճեր լուծող հանձնաժողովը քննարկում և լուծում է Միության անդամ Ընկերությունների միջև, Միության անդամ Ընկերությունների և Միության տնօրինության միջև Միության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը: Վեճեր լուծող հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության` Միության անդամ Ընկերության(ների) դիմումով կամ Միության վարչական խորհրդի և(կամ) տնօրինության նախաձեռնությամբ: Իրենց խախտված իրավունքը վերականգնելու մասին դիմումը Միության անդամ Ընկերությունը հանձնում է վեճեր լուծող հանձնաժողովի նախագահին, որը տասնօրյա ժամկետում հրավիրում է հանձնաժողովի նիստ, տեղեկացնում է վեճի կողմերին նիստի անցկացման նպատակի, տեղի, ժամանակի մասին: Նիստին պարտավոր են մասնակցել վեճի կողմերի` Միության անդամ Ընկերությունների լիազորված ներկայացուցիչները: Դիմումի քննարկումը կազմակերպվում է դռնբաց, որի ժամանակ հանձնաժողովը լսում է կողմերի ներկայացուցիչներին: Վերջիններս կարող են ներկայացնել գրավոր կամ այլ ապացույցներ իրենց փաստերը հիմնավորելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում վեճեր լուծող հանձնաժողովը դիմումը կարող է քննարկել մի քանի նիստով, սակայն ոչ ավել, քան քսանօրյա ժամկետում, որից հետո հանձնաժողովը կայացնում է որոշում: Վեճեր լուծող հանձնաժողովը որոշում է կայացնում` հիմք ընդունելով վեճի երկու կողմերի կարծիքները և հիմնավորումները: Այն դեպքում, երբ լսվում է վեճեր լուծող հանձնաժողովի անդամ Ընկերությանը վերաբերող վեճը, վերջինիս լիազորված ներկայացուցիչը չի մասնակցում նիստին և որոշման կայացմանը: Վեճեր լուծող հանձնաժողովը կարող է կիրառել սույն օրենքով, Միության կանոնադրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ: Վեճեր լուծող հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել դատական կարգով: Վեճեր լուծող հանձնաժողովի գործունեությունը վաղաժամկետ դադարեցվում է Միության վարչական խորհրդի որոշմամբ Միության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում: Նույն նիստում վարչական խորհուրդն ընտրում է նոր կազմով վեճեր լուծող հանձնաժողով:

Միության գործադիր մարմինը տնօրինությունն է, որի աշխատակազմը վարձու աշխատողներ են:

Վարչական խորհրդի անդամների, նախագահի, նրա տեղակալի, վերստուգող հանձնաժողովի և վեճեր լուծող հանձնաժողովի անդամների քանակը, լիազորությունների ժամկետները, գործունեության և ընտրության կարգը սահմանվում են Միության կանոնադրությամբ:

Վարչական խորհրդի անդամները և նախագահը, նրա տեղակալը, քարտուղարը, վերստուգող հանձնաժողովի անդամները և նախագահը, վեճեր լուծող հանձնաժողովի անդամները և նախագահը Միության վճարովի աշխատողներ չեն:

(26-րդ հոդվածը խմբ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 27.

Վարչական խորհուրդը

Միության վարչական խորհրդում յուրաքանչյուր անդամ Ընկերությունն ունի Միության կանոնադրությամբ նախատեսված քանակով ներկայացուցիչ` մեկական ձայնի իրավունքով: Վարչական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, ստուգումների, անդամ Ընկերություններին և ոչ անդամ Ընկերություններին սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ոռոգման համակարգեր այցելությունների միջոցով, որոնք պարտադիր պետք է արձանագրվեն: Վարչական խորհրդի քարտուղարն արձանագրում է վարչական խորհրդի նիստերը, ստուգումները, այցելությունները, նախապատրաստում որոշումների նախագծերը:

Կանոնադրությամբ նախատեսված վարչական խորհրդի առաջին նիստը գումարվում է Միության պետական գրանցումից հետո` մեկամսյա ժամկետում:

Վարչական խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` առնվազն ամիսը մեկ անգամ` վարչական խորհրդի նախագահի, վարչական խորհրդի անդամների մեկ երրորդի, վերստուգող հանձնաժողովի, կանոնակարգող խորհրդի նախաձեռնությամբ կամ կանոնադրությամբ նախատեսված այլ հիմքերով:

Միության վարչական խորհրդի բացառիկ իրավասությունները սահմանվում են սույն օրենքով և Միության կանոնադրությամբ:

Միության վարչական խորհրդի բացառիկ իրավասություններն են`

ա) Միության կանոնադրությունը հաստատելը.

բ) ֆինանսական հաշիվները և տարեկան հաշվետվությունները հաստատելը.

գ) Միության բյուջեն, աշխատանքային, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանները հաստատելը.

դ) ջրաբաշխման տարեկան պլան ժամանակացույցը հաստատելը.

ե) Միության կողմից գանձվող վճարները սահմանելը.

զ) կանոնադրությունից բխող ներքին կանոնները և աշխատանքային կանոնակարգը հաստատելը.

է) Միության սպասարկման տարածքում գտնվող անդամ և ոչ անդամ Ընկերությունների հետ ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը կնքելու համար համաձայնություն տալը.

ը) շահագործման և վերանորոգման կամ այլ նպատակներով պայմանագրեր կնքելու համար համաձայնություն տալը.

թ) Միության ֆինանսական և հաշվապահական գործունեությունը վերահսկելը.

ժ) առնվազն տարին մեկ անգամ Միության գործունեությունն ստուգելու նպատակով անկախ աուդիտ հրավիրելը.

ժա) վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողով ընտրելը, դրանց գործունեությունը վաղաժամկետ դադարեցնելը, վերստուգող հանձնաժողովի հաշվետվությունները քննարկելը և հաստատելը.

ժբ) Միության գործադիր մարմնի կառուցվածքը, վճարովի աշխատողների հաստիքացուցակը, աշխատավարձերի չափերը, վարձատրության կարգը սահմանելը և որոշելը.

ժգ) գործադիր տնօրենին և գլխավոր հաշվապահին մրցութային կարգով աշխատանքի ընդունելը և ազատելը.

ժդ) Միության անդամների նկատմամբ պատասխանատվության միջոցներ սահմանելը.

ժե) շահագործման և վերանորոգման պլաններին համապատասխան` իր որոշմամբ այդ ուղղությամբ կնքվող պայմանագրերին հավանություն տալը.

ժզ) ներքին կանոններին և աշխատանքային կանոնակարգի կատարմանը հետևելը.

ժէ) Միության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերի վերանորոգման կամ վերականգնման և զարգացման աշխատանքների կատարման, ինչպես նաև հրատապ ծախսեր կատարելու համար հատուկ կամ պահուստային ֆոնդ ունենալու և առանձին բանկային հաշիվներ բացելու մասին որոշումներ հաստատելը.

ժը) վերստուգող հանձնաժողովի և վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելը.

ժթ) Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքն օտարելը, վարձակալության հանձնելը, վարկի դիմաց գրավ դնելը.

ի) Միության անդամ ընդունելը, անդամությունը դադարեցնելը.

իա) Միության անդամ Ընկերություններից անդամավճարների չափերը հաստատելը:

Միության վարչական խորհուրդն իրականացնում է կանոնադրությամբ սահմանված այլ խնդիրներ: Միության նոր անդամ ընտրվում է Ընկերության դիմումով՝ վարչական խորհրդի որոշմամբ: Վարչական խորհրդի քարտուղարը տեղեկացնում է Ընկերությանը նրան Միության անդամ ընդունելու մասին և տեղեկացնում է տնօրինությանը անդամությունը գրանցամատյանում գրանցելու համար: Ընկերության դիմումը Միության անդամ դառնալու մասին մերժվում է, եթե`

ա) Միության կանոնադրությամբ սահմանված է, որ նոր անդամներ կարող են ընդունվել ոռոգման սեզոնի վերջում: Այդ դեպքում անդամության թեկնածուին տեղեկացնում են Միության անդամ ընդունելու ժամկետի մասին.

բ) թեկնածու Ընկերությունն ունի Միության հանդեպ մատակարարված ոռոգման ջրի պարտքեր.

գ) թեկնածու Ընկերությունը նախկինում հեռացվել է Միությունից, և դրանից հետո դեռ չի անցել մեկ տարի.

դ) թեկնածու Ընկերությունը լուծարման գործընթացում է:

Վարչական խորհրդի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր ձայների պարզ մեծամասնությամբ: Վարչական խորհուրդը կանոնադրության և բյուջեի հաստատման, դրանց մեջ լրացումների և փոփոխությունների կատարման վերաբերյալ որոշումներն ընդունում է վարչական խորհրդի անդամների ընդհանուր ձայների երեք քառորդով: Վարչական խորհրդի անդամների ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է: Վարչական խորհուրդն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է անդամների առնվազն երկու երրորդը:

Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման, վարձակալության հանձնելու, վարկի դիմաց գրավ դնելու վերաբերյալ որոշումները վարչական խորհուրդն ընդունում է, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:

Վարչական խորհրդի լիազորությունները չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

(27-րդ հոդվածը խմբ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 28.

Միության գործադիր մարմինը

(վերնագիրը խմբ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

 

Միության գործադիր մարմինը Միության տնօրինությունն է, որի ղեկավարը Միության գործադիր տնօրենն է: Միության աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների հաստիքացուցակը, նրանց աշխատավարձերի չափերը, նրանց պաշտոնավարման ժամկետները սահմանվում են Միության վարչական խորհրդի որոշմամբ: Միության աշխատակազմը վճարովի աշխատողներ են:

Վճարովի աշխատողներն աշխատանքի ընդունվում և աշխատանքից ազատվում են գործադիր տնօրենի հրամանով` վարչական խորհրդի հաստատած հաստիքացուցակի համաձայն: Գործադիր տնօրենը ներկայացնում է Միությունը երրորդ անձանց առջև, կնքում և ստորագրում է աշխատանքային պայմանագրերը, Միության վարչական խորհրդի հաստատած քաղաքացիաիրավական պայմանագրերը, արձակում և հրապարակում է աշխատակազմի համար պարտադիր կատարման ենթակա հրամանները և հրահանգները: Միության գործադիր տնօրենը և գլխավոր հաշվապահն աշխատանքի են ընդունվում մրցութային կարգով:

Վճարովի աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:

Միության վճարովի աշխատողներն իրավունք չունեն ընտրվելու Միության վարչական խորհրդում, վերստուգող հանձնաժողովում կամ վեճեր լուծող հանձնաժողովում:

Միության տնօրինությունը`

ա) ապահովում է Միության վարչական խորհրդի որոշումների անխափան իրականացումը.

բ) աջակցում է վարչական խորհրդին Միության բյուջեի նախագծի, տարեկան հաշվետվության և հաշվեկշռի, ոռոգման համակարգերի պահպանման տարեկան պլանի և ջրօգտագործման տարեկան պլան ժամանակացույցի, ինչպես նաև վարչական խորհրդին ներկայացվող այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներում.

գ) գրանցում է Միության սպասարկման տարածքում Միության անդամ և ոչ անդամ Ընկերություններին, վարում է ջրամատակարարման մատյանները.

դ) հաշվարկում և համապատասխան կարգով գրանցում է Ընկերություններին մատակարարված ոռոգման ջրի վճարները, ինչպես նաև Միության անդամ Ընկերություններից գանձվող այլ տեսակի վճարները և ներկայացնում է Ընկերություններին.

ե) ապահովում է Միության սպասարկման տարածքի` Միությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող ոռոգման համակարգերի շահագործումը և պահպանումը.

զ) Միության վարչական խորհրդի հաստատմանն է ներկայացնում քաղաքացիաիրավական պայմանագրերը.

է) Միության վարչական խորհրդի հաստատած կարգով կառավարում է Միության ֆինանսական միջոցները.

ը) իրականացնում է սույն օրենքով և Միության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(28-րդ հոդվածը խմբ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 29.

Միության անդամներից գանձվող վճարների տեսակները և վճարման ժամկետները

Միության կանոնադրությամբ սահմանվում են Միության անդամներից գանձվող վճարների հետևյալ տեսակները.

ա) մատակարարված ոռոգման ջրի վճարը.

բ) Միության կողմից շահագործվող ոռոգման համակարգի շահագործման, վերանորոգման և պահպանման ծախսերը.

գ) անդամավճարները:

Միության վարչական խորհրդի որոշմամբ կարող են սահմանվել Միության կողմից գանձվող այլ վճարների տեսակներ: Այլ նպատակներով իրականացվող գանձումներ կարող են նախատեսվել նաև Միության կանոնադրությամբ:

Միության և Ընկերության միջև ոռոգման ջրի մատակարարման պայմանագրով կարող է նախատեսվել պարտավորության կատարման ապահովման միջոց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Միության ոչ անդամ Ընկերություններին ոռոգման ջուրը մատակարարվում է պայմանագրային հիմունքով. դրանով մատակարարվող ջրի գինը չի կարող գերազանցել Միության անդամ Ընկերությունների համար ջրի ինքնարժեքի 150 տոկոսը:

(29-րդ հոդվածը փոփ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 30.

Միության գույքը

Միության գույքը կազմավորվում է անդամավճարներից, մուտքի վճարներից, Ընկերություններին մատակարարված ջրի դիմաց ստացված վճարներից, սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված օգնություններից, այլ վճարներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Միության անդամ Ընկերությունը Միության գույքի նկատմամբ բաժնի իրավունք չունի:

Կանոնակարգող խորհրդի եզրակացության հիման վրա համապատասխան լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ Միության կանոնադրությամբ նախատեսված սպասարկման տարածքում գտնվող մայրուղային և միջհամայնքային (միջտնտեսային) ոռոգման համակարգերը օգտագործման իրավունքով կարող են հանձնվել Միությանը:

Ոռոգման համակարգերի օգտագործման իրավունքը փոխանցելու վերաբերյալ կնքվում է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր ոչ պակաս, քան հիսուն տարի ժամկետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Միությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է օտարվել, վարձակալության հանձնվել, գրավ դրվել վարկի դիմաց Միության վարչական խորհրդի որոշմամբ, եթե այդ որոշման օգտին քվեարկել է անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երկու երրորդը:

(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

 

Հոդված 30.1. Միության անդամ Ընկերությունների իրավունքները և պարտականությունները

 

Միության անդամ Ընկերություններն իրավունք ունեն`

ա) ցանկացած պահի ծանոթանալու Միության կանոնադրությանը, ներքին կանոններին, վերստուգիչ հանձնաժողովի և վեճեր լուծող հանձնաժողովի գործունեության կարգին.

բ) ելնելով ոռոգման ջրի արդարացի բաշխման սկզբունքից և համաձայն ջրի մատակարարման պայմանագրի պայմանների` Միությունից ստանալու ոռոգման ջուր.

գ) օրենքով սահմանված կարգով քվեարկության ձայնի իրավունքով ունենալու լիազորված ներկայացուցիչ Միության վարչական խորհրդում, վերստուգող և վեճեր լուծող հանձնաժողովներում.

դ) քննարկման հարցեր ներկայացնելու Միության վարչական խորհրդի նիստի օրակարգ.

ե) Միության կառուցվածքային մարմիններում ընտրվելու համար թեկնածուներ առաջադրելու.

զ) ստանալու Միության կողմից իրենց հասցված վնասի փոխհատուցում.

է) Միության անդամ Ընկերությունների միջև, Միության անդամ Ընկերությունների և Միության վարչական խորհրդի ու տնօրինության միջև Միության գործունեության առարկայի վերաբերյալ ծագած վեճերը լուծելու նպատակով դիմելու վեճեր լուծող հանձնաժողովին.

ը) Միության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Միության անդամ Ընկերությունները պարտավոր են`

ա) կատարել Միության կանոնադրության և վարչական խորհրդի ընդունած որոշումների պահանջները.

բ) կանոնադրությամբ սահմանված ժամկետում մուծել անդամավճարները.

գ) Միության հետ կնքել ոռոգման ջրի մատակարարման պայմանագիր.

դ) պատշաճ ձևով և ժամանակին վճարել ոռոգման ջրի վճարը.

ե) պահպանել ոռոգման ջրի բաշխման ժամանակացույցը.

զ) պահպանել Միությանը պատկանող և իրենց կողմից օգտագործվող ոռոգման համակարգը` ոռոգման համակարգի շահագործման կանոնների պահանջներին համապատասխան.

է) փոխհատուցել իրենց մեղքով Միությանը հասցված վնասը.

ը) Միությանը տեղեկատվություն տրամադրել իրենց սպասարկման տարածքի ոռոգման համակարգերի վերաբերյալ.

թ) ոռոգման կայուն աշխատանքի ապահովման նպատակով Միությանը օրենքով սահմանված կարգով թույլատրել օգտագործել իրենց սպասարկման տարածքում գտնվող ջրատարները, հիդրոտեխնիկական կառուցվածքները.

ժ) Միության աշխատողներին թույլատրել իրենց սպասարկման տարածքում կատարել ոռոգման համակարգի շահագործման և պահպանման համար անհրաժեշտ աշխատանքները.

ժա) կատարել վարչական խորհրդի որոշմամբ սահմանված այլ տեսակի վճարներ.

ժբ) մասնակցել վեճեր լուծող հանձնաժողովի նիստին այն դեպքում, երբ համարվում են վեճի կողմ և տեղեկացվել են նիստի անցկացման նպատակի, տեղի ու ժամանակի մասին վեճեր լուծող հանձնաժողովի քարտուղարի կողմից.

ժգ) կատարել Միության կանոնադրությամբ նախատեսված այլ պարտավորություններ:

(30.1-ին հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 31.

Միությունից անդամների դուրս գալը և անդամներին հեռացնելու հիմքերը

Միության անդամներն իրավունք ունեն դուրս գալ Միությունից: Կանոնադրությամբ կարող է նախատեսվել, որ Միությունից դուրս գալ ցանկացող անդամներն այդ իրավունքից կարող են օգտվել միայն ոռոգման շրջանի վերջում: Եթե Միությունն այդ անդամի համար կատարել է ծախսեր ոռոգման համակարգի նախագծման, շինարարության կամ շահագործման նպատակով, ապա այդ անդամը կարող է Միությունից դուրս գալ միայն այդ ծախսերի` իր մասի համարժեք գումարը հատուցելուց հետո:

Միության անդամ Ընկերությունը կարող է վարչական խորհրդի որոշմամբ հեռացվել Միությունից, եթե մեկ տարվա մեջ երկու և ավելի անգամ`

ա) խախտել է Միության կանոնադրության, ներքին կանոնների կամ ոռոգման ջրի մատակարարման պայմանագրի պահանջները.

բ) չի կատարել մատակարարված ոռոգման ջրի վճարը պատշաճ ձևով կամ ջրի մատակարարման պայմանագրով սահմանված ժամկետում.

գ) Միության կողմից գանձվող այլ վճարները կատարելուց հրաժարվել է կամ ուշացրել է դրանց կատարումը.

դ) հրաժարվել է վերականգնել Միությանն իր մեղքով հասցված վնասները:

Միությունից հեռացվող Ընկերությունը պարտավոր է վճարել Միությանն ունեցած իր պարտքերը: Այդպիսի Ընկերությանը ջրի մատակարարումը կարող է մերժվել մինչև բոլոր վարձերի վճարումը:

Միությունում անդամությունը դադարում է, եթե Միության անդամ Ընկերությունը կորցրել է Միության անդամ լինելու համար օրենքով նախատեսված իրավական հիմքերը: Միության կանոնադրությամբ կարող են նախատեսվել անդամությունից հեռացման այլ հիմքեր:

(31-րդ հոդվածը խմբ., լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Գ Լ ՈՒ Խ  4.

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

(վերնագիրը փոփ. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 32.

Կանոնակարգող խորհուրդը

Ընկերության և Միության գործունեությունը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստեղծում է կանոնակարգող խորհուրդ:

Կանոնակարգող խորհրդի կազմը որոշում և կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կանոնակարգող խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է գործադիր մարմնի միջոցով, որի կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կանոնակարգող խորհրդի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կանոնակարգող խորհուրդն իր խնդիրներն իրականացնելու համար`

ա) Ընկերության և Միության կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության վերաբերյալ տալիս է գրավոր եզրակացություն.

բ) Ընկերությանը և Միությանը տրամադրում է ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ.

գ) ըստ հաստատված ձևերի վարում է Ընկերության և Միության գործունեության վերաբերյալ գրանցամատյանները.

դ) Ընկերության և Միության անդամների գրավոր դիմումի հիման վրա իրականացնում է ստուգումներ` իր աշխատակիցների կամ անկախ աուդիտորների միջոցով.

դ.1) ուսումնասիրում է Ընկերության և Միության գործունեության մասին տարեկան հաշվետվությունները, ներառյալ` իրենց վարած գրանցամատյանները, և անհրաժեշտության դեպքում տալիս է գրավոր եզրակացություն Ընկերության և Միության` տվյալ տարվա ընթացքում կատարած աշխատանքի մասին, որը կրում է ուղեցուցային բնույթ.

դ.2) Ընկերությանը և Միությանը համաձայնություն է տալիս կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, վերակազմակերպվելու կամ լուծարվելու համար. 

ե) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

Ընկերության և Միության ղեկավար անձինք պատասխանատու են Կանոնակարգող խորհրդին տված տեղեկությունների ճշտության և դրանք սահմանված ժամկետներում ներկայացնելու համար:

(32-րդ հոդվածը խմբ., լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

 

Հոդված 32.1. Ջրային համակարգերի կառավարման մարմինը

 

Ընկերության և Միության գործունեությունը համակարգող պետական մարմինն է Ջրային համակարգերի կառավարման մարմինը, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա:

Ջրային համակարգերի կառավարման մարմինը`

ա) Ընկերությանը և Միությանը տրամադրում է ոռոգմանն ու գյուղատնտեսությանն աջակցող ծառայություններ.

բ) մասնակցում է օգտագործելի ոռոգման ջրային ռեսուրսների պահանջարկի ամենամյա հաշվարկման և հեռանկարային աշխատանքներին.

գ) ապահովում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակումը և իրականացումը, կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննություն.

դ) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն, ներկայացնում է առաջարկություններ.

ե) վերահսկում է ոռոգման համակարգերի օգտագործման, պահպանման, վերանորոգման աշխատանքները.

զ) վերահսկում է ոռոգման ջրերի մատակարարման և ջրօգտագործման պահանջների կատարման նկատմամբ ՀՏԿ-ների օգտագործման անվտանգությունը.

է) ապահովում է պետության սեփականություն համարվող ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը և վերահսկումը.

ը) մասնակցում է ջրամատակարարման և ջրահեռացման, ջրային համակարգերի ջրային կորուստների նորմատիվների մշակմանը.

թ) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

(32.1-ին հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 33.

Ընկերության և Միության գործավարական փաստաթղթերը

Ընկերությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է ունենա հետևյալ գործավարական փաստաթղթերը.

ա) Ընկերության անդամների գրանցամատյան, որը պետք է պարունակի Ընկերության յուրաքանչյուր անդամի հողատարածքի չափը և տեղադրությունը.

բ) Ընկերության կողմից ջուր ստացող Ընկերության ոչ անդամ ջրօգտագործողների գրանցամատյան, որը պետք է պարունակի յուրաքանչյուր ոչ անդամի հողատարածքի չափը և տեղադրությունը.

գ) ոռոգման տարածքի պլանը.

դ) Ընկերության կողմից ստացված ջրի ծավալի տվյալների գրանցամատյանը.

ե) Ընկերության անդամներին և ոչ անդամներին տրված ջրումների քանակի գրանցամատյանը.

զ) գանձված գումարների և պարտքերի գրանցամատյանը.

է) Ժողովի և վարչական խորհրդի արձանագրությունների որոշումների գրանցամատյանները.

ը) գործարքների և պայմանագրերի գրանցամատյանը.

թ) Ընկերությանը փոխանցված մայր և (կամ) միջտնտեսային ջրանցքի և (կամ) ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի ստուգումների և զննումների գրանցամատյանը:

(մասն ուժը կորցրել է 24.10.11 ՀՕ-272-Ն)

Միությունն իր գործունեությունն իրականացնելիս պետք է ունենա հետևյալ գործավարական փաստաթղթերը.

ա) Միության անդամների գրանցամատյանը, որը պետք է պարունակի Միության անդամ Ընկերության հողատարածքների չափերը և տեղադրությունը.

բ) Միության անդամ չհամարվող, բայց Միության սպասարկման տարածքում ջրային աղբյուրներ շահագործող Ընկերությունների ցուցակը, որը պետք է պարունակի յուրաքանչյուր ոչ անդամ Ընկերության հողատարածքի չափը և տեղադրությունը.

գ) Միության կողմից շահագործվող ու պահպանվող մայր և (կամ) միջտնտեսային ջրանցքի, ջրամբարի և այլ ջրային աղբյուրների պլանը.

դ) Միությունից ջուր ստացող ոչ անդամ Ընկերությունների ցուցակը.

ե) Միության անդամ Ընկերություններին և ոչ անդամ Ընկերություններին տրված ջրի և ոռոգումների քանակի գրանցամատյանը.

զ) գանձված վճարների գրանցամատյանը.

է) վարչական խորհրդի արձանագրությունների որոշումների գրանցամատյանը.

ը) գործարքների և պայմանագրերի գրանցամատյանը.

թ) Միությանը փոխանցված մայր և (կամ) միջտնտեսային ջրանցքի և (կամ) ոռոգման համակարգի տեխնիկական վիճակի ստուգումների և զննումների գրանցամատյանը:

Միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով վարում է հաշվապահական (հաշվառային) փաստաթղթերը և կազմում է այլ հաշվետվություններ:

(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 34.

Ընկերության և Միության հաշիվների ստուգումը (աուդիտը) և տարեկան հաշվետվությունները

1. Ընկերությունը կամ Միությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում և ներկայացնում է տարեկան հաշվապահական հաշվեկշիռ և հաշվետվություններ:

2. Տարեկան հաշվապահական հաշվեկշիռը պետք է հաստատի`

ա) Ընկերության դեպքում` Ժողովը.

բ) Միության դեպքում` վարչական խորհուրդը:

3. Ընկերությունը և Միությունը պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` երեք ամսվա ընթացքում, ըստ Կանոնակարգող խորհրդի սահմանած ձևի կազմել իրենց գործունեության մասին տարեկան հաշվետվություն:

4. Կանոնակարգող խորհուրդը կարող է ուսումնասիրել Ընկերության հաշվապահական փաստաթղթերը (ներառյալ` տարեկան հաշվապահական հաշվեկշիռը, եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունները):

(34-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Հոդված 35.

Ընկերության և Միության վերահսկողությունը

1. Կանոնակարգող խորհուրդը կարող է Ընկերությունից կամ Միությունից պահանջել սույն օրենքով նախատեսված հաշվապահական փաստաթղթերի ու գրանցամատյանների պատճենները:

2. Կանոնակարգող խորհրդի լիազորած աշխատակիցը կարող է ստուգել Ընկերության և Միության հաշվապահական փաստաթղթերը կամ գրանցամատյանները, եթե`

ա) Ընկերության կամ Միության անդամների մեկ երրորդը գրավոր պահանջում է.

բ) Ընկերության կամ Միության հաշիվները կամ տարեկան հաշվետվությունն ուսումնասիրելիս Կանոնակարգող խորհուրդը հայտնաբերում է ֆինանսական ոչ ճիշտ կամ անկանոն գործընթացի ապացույցներ:

3. Եթե Կանոնակարգող խորհուրդը, աուդիտի և ստուգումների արդյունքում, հայտնաբերում է Ընկերության ֆինանսական գործունեության անճշտություններ, ապա վարչական խորհրդից կարող է պահանջել հրավիրել Ընկերության Ժողով, որտեղ Կանոնակարգող խորհուրդը Ժողովի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները: Եթե վարչական խորհուրդը 30 օրվա ընթացքում չի հրավիրում Ընկերության Ժողով, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել վարչական խորհրդի լիազորությունները և ինքը հրավիրել Ընկերության ժողով:

4. Եթե դադարեցված են վարչական խորհրդի լիազորությունները, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել Ընկերության տնօրենի լիազորությունները և նշանակել ժամանակավոր տնօրեն, քանի դեռ Ընկերության Ժողովը նոր վարչական խորհուրդ չի ընտրել:

5. Եթե Կանոնակարգող խորհուրդը, համաձայն կայացրած աուդիտի (ստուգումների), գտնում է Միության ֆինանսական գործունեության մեջ անճշտություններ, ապա վարչական խորհրդից պահանջում է գումարել նիստ, որտեղ Կանոնակարգող խորհուրդը վարչական խորհրդի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները և առաջարկում է մշակել միջոցառումների ծրագիր ու անճշտությունները վերացնել իր սահմանած ժամկետում: Եթե վարչական խորհուրդը միջոցառումների ծրագրին համապատասխան անճշտությունները չի վերացնում, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է կասեցնել վարչական խորհրդի լիազորությունները:

6. Եթե վարչական խորհրդի լիազորությունները կասեցված են, ապա Կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել Միության տնօրենի լիազորությունները և նշանակել Միության ժամանակավոր տնօրեն, որն իրականացնում է Կանոնակարգող խորհրդի մշակած միջոցառումների ծրագիրը:

Հոդված 36.

Սերվիտուտները

1. Ընկերությունը կամ Միությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են օգտվել սերվիտուտի իրավունքից:

2. Ընկերության կամ Միության լիազորած անձը կարող է, Ընկերության կամ Միության օգտագործման ներքո գտնվող ոռոգման համակարգը զննելու կամ աշխատանքներ կատարելու նպատակով, մուտք գործել ցանկացած հողատարածք:

Հոդված 37.

Ընկերության և Միության հատուկ ու պահուստային ֆոնդերը

Ընկերությունը կամ Միությունը կարող է ունենալ հատուկ կամ պահուստային ֆոնդ և բացել առանձին բանկային հաշիվներ հետևյալ նպատակներով.

ա) Ընկերության կամ Միության սպասարկման տարածքում ոռոգման համակարգերի վերանորոգման, վերականգնման և զարգացման աշխատանքների կատարման համար.

բ) հրատապ ծախսեր կատարելու համար:

Պահուստային ֆոնդի կազմավորման կարգը սահմանվում է Ընկերության կամ Միության կանոնադրությամբ:

Հոդված 38.

Ընկերության և Միության վերակազմակերպումը

Ընկերությունները և Միությունները կարող են վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` կանոնակարգող խորհրդի համաձայնությամբ:

Վերակազմակերպումը կատարվում է Ընկերության և Միության հիմնադրման համար սույն օրենքով սահմանված դրույթներին համապատասխան:

Հոդված 39.

Ընկերության և Միության լուծարումը

Ընկերությունը կամ Միությունը կարող է լուծարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով և կարգով, կանոնակարգող խորհրդի գրավոր համաձայնությամբ:

Ընկերության կամ Միության լուծարման դեպքում պարտքերը մարելուց հետո մնացած գույքը լուծարային հանձնաժողովի որոշմամբ բաշխվում է Ընկերության կամ Միության անդամների միջև, բացառությամբ անհատույց օգտագործման իրավունքով Ընկերությանը կամ Միությանը փոխանցված համայնքային կամ պետական սեփականություն համարվող ոռոգման ցանցերի և կառույցների:

(39-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-272-Ն)

Գ Լ ՈՒ Խ  5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 40.

Սույն օրենքը գործողության մեջ դնելու կարգը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքը կիրառվում է օրենքը գործողության մեջ դնելուց հետո ծագած` Ընկերությունների և Միությունների ստեղծման և գործունեության հետ կապված հարաբերությունների նկատմամբ:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոռոգման համակարգի շահագործումն ու պահպանումն իրականացնող կազմակերպությունների գործունեությունը կարգավորող նախկինում հրապարակված օրենքները և նորմատիվ իրավական մյուս ակտերը կիրառվում են սույն օրենքին չհակասող մասով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում`

ա) հաստատում է ոռոգման համակարգերն Ընկերություններին և Միություններին հանձնելու և սեփականատերերի կողմից այդ համակարգերի հսկողությունը (վերահսկողությունը) ապահովելու կարգը.

բ) հաստատում է ոռոգման համակարգերը Ընկերություններին և Միություններին փոխանցելու մասին պայմանագրի տիպային ձևը:

5. Սույն օրենքը հրապարակվելուց հետո` եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Կանոնակարգող խորհրդի կազմն ու Կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի կառուցվածքը, գործունեության կարգը և ֆինանսավորման աղբյուրները:

6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստեղծված ջուր սպառողների (ջրօգտագործողների) կոոպերատիվները և ընկերությունները (ՋՍԿ, ՋՍԸ) պարտավոր են մինչև 2003 թվականի դեկտեմբերի 31-ը վերակազմակերպվել սույն օրենքով սահմանված ջրօգտագործողների ընկերությունների: Նշված ժամկետում չվերակազմակերպված կոոպերատիվները և ընկերությունները լուծարվում են օրենքով սահմանված կարգով:


 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2002 թ. հուլիսի 1
Երևան
ՀՕ-374-Ն

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան