ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Տ․ Ոսկանյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ՇԴ/0001/01/19 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ավետիսյանի Լ. Թադևոսյանի | |
Դ. խաչատուրյանի Ա. պ ողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
23 փետրվարի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի ապրիլի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է թիվ 68109417 քրեական գործը:
2018 թվականի հունվարի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է թիվ 68100718 քրեական գործը:
2018 թվականի հունվարի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, հարուցվել է թիվ 68101118 քրեական գործը:
2018 թվականի փետրվարի 20-ին թիվ 68100718 և 68109417 քրեական գործերը միացվել են թիվ 68101118 քրեական գործին:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Էդգար Կամոյի Կաժոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Էդգար Կաժոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մայիսի 8-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է` մեղադրյալ Է.Կաժոյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:
2018 թվականի հոկտեմբերի 5-ին Է.Կաժոյանը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, և քրեական գործի վարույթը վերսկսվել է:
2019 թվականի հունվարի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
2. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2019 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ Է.Կաժոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացրել է՝ ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը` ապացույցների անբավարարության հիմքով: Է.Կաժոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացվել է։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի մարտի 13-ի որոշմամբ դատախազ Վ.Միրզոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2019 թվականի հուլիսի 23-ի դատավճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Է.Կաժոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ ամբաստանյալ Է.Կաժոյանի պաշտպան Ա.Մովսիսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
3. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ Է.Կաժոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և գործի վարույթը կասեցվել է՝ վերջինիս՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքով։
2021 թվականի սեպտեմբերի 27-ին Է.Կաժոյանը հայտնաբերվել է, և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է։
4. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճռով Էդգար Կաժոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և նույն օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով, իսկ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ամբաստանյալ Էդգար Կաժոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կանոններով՝ Է.Կաժոյանի նկատմամբ նշանակված պատժին հաշվակցվել է նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
5. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ դատախազ Ս.Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը՝ բեկանվել, Է.Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը Է.Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս, հաշվի չի առել Է.Կաժոյանի՝ հետախուզման մեջ գտնվելու ժամկետը։ Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ, ստորադաս դատարանը վաղեմության ժամկետի հաշվարկն իրականացնելիս չի հաշվակցել Է.Կաժոյանի՝ քննությունից թաքնվելու հիմքով վարույթի՝ կասեցված լինելու ժամկետները։ Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու օրվա՝ 2023 թվականի ապրիլի 26-ի դրությամբ, Է.Կաժոյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները լրացած չեն եղել։
8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի դատավճիռը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումը և գործը փոխանցել ստորադաս դատարան՝ նոր քննության, կամ կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Էդգար Կամոյի Կաժոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և նույն օրվա մեկ այլ որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ քննությունից թաքնվելու և գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով1:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ Էդգար Կաժոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ ի թիվս այլնի հաշվի առնելով նաև քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հանգամանքը2:
10. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ Է.Կաժոյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և գործի վարույթը կասեցվել է՝ վերջինիս՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքով3։
11. Առաջին ատյանի դատարանի դատավճռով Էդգար Կաժոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` այն բանի համար, որ նա «(…) Անգին Մարտունիկի Գասպարյանին պատկանող Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի 206/2-րդ հասցեում գտնվող «Անգին» գեղեցկության սրահից խոշոր չափերով գույք գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հանցանքի կատարմանը ներգրավելով արարքը կատարելու պահին ՀՀ քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին չհասած 19.11.2004թ. ծնված` Կառլեն Կամոյի Հովհաննիսյանին, 2017թ. նոյեմբեր ամսին, չպարզված օրը, ժամը` 21:15-ի սահմաններում, օգտվելով հիշյալ սրահում մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է վերը նշված գեղեցկության սրահի հետնամասի պատուհանի փեղկը և իր կողմից հափշտակությունն ավարտին հասցնելու նկատառումներից ելնելով, կանգնել է նշված սրահի մոտակայքում, իսկ Կառլեն Հովհաննիսյանն էլ իր ցուցումով ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել է խոշոր չափերով, ընդհանուրը` 845.000 ՀՀ դրամ արժողության կեղծամներ, բնական մազեր, մազահեռացման և եղունգների մշակման սարքեր և հանձնել իրեն:
Վերոգրյալից բացի Էդգար Կամոյի Կաժոյանը Անգին Մարտունիկի Գասպարյանին պատկանող Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի 206/2-րդ հասցեում գտնվող «Անգին» գեղեցկության սրահից զգալի չափերով գույք գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, հանցանքի կատարմանը ներգրավելով արարքը կատարելու պահին ՀՀ քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված տարիքին չհասած 19.11.2004թ. ծնված` Կառլեն Կամոյի Հովհաննիսյանին, 2018թ. հունվար ամսին, չպարզված օրը, ժամը` 21:30-ի սահմաններում, տեխնիկական միջոցի գործադրմամբ, հիշյալ գեղեցկության սրահի հետնամասում գտնվող պատուհանի ճաղավանդակը ամրացման տեղից տեղահան անելու, այնուհետև պատուհանը բացելու եղանակով, իր կողմից հափշտակությունն ավարտին հասցնելու նկատառումներից ելնելով, կանգնել է նշված սրահի մոտակայքում, իսկ Կառլեն Հովհաննիսյանն էլ իր ցուցումով ապօրինի մուտք է գործել այնտեղ և գաղտնի հափշտակել զգալի չափերով, ընդհանուրը` 500.000 ՀՀ դրամ արժողության երկու հատ մազ հարդարելու արդուկներ, երկու հատ ֆեն, երեք հատ մազ հարդարելու գործիք, երկու հատ հականեխման սարքեր իրենց գործիքներով, եղունգ լցնելու և չորացնելու սարք, եղունգ հարդարելու և լցնելու էլեկտրական սարք, խարտելու սարք իր գործիքներով և ձեռքի օգտագործման կարի մեքենա և հանձնել իրեն (…)»4:
12. Վերաքննիչ դատարանը Էդգար Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցրել և քրեական գործի վարույթը կարճել է՝ նշելով հետևյալը. «(…) 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան պատիժ է նախատեսում տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝` երկուսից հինգ տարի ժամկետով, այսինքն` վերոգրյալ եզրահանգումների պայմաններում Էդգար Լվովին (Կաժոյանին) մեղսագրվող արարքները (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով 2 դրվագ) միջին ծանրության հանցագործություններ են: Ըստ առաջադրված մեղադրանքի` Էդգար Լվովին (Կաժոյանին) մեղսագրվող արարքները (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 2 դրվագ) ավարտվել են համապատասխանաբար 2017 թվականի նոյեմբերին և 2018 թվականի հունվարին:
Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, նկատի ունենալով, որ Էդգար Լվովին (Կաժոյանին) մեղսագրվող հանցագործությունների (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 2 դրվագ) ավարտված համարելու օրվանից անցել է ավելի քան 5 տարի և Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ առկա չէ փաստական որևէ տվյալ այն մասին, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքն ընդհատվել է նրա կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանքների կատարմամբ, գտնում է, որ Էդգար Լվովին (Կաժոյանին) պետք է ազատել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ (2 դրվագ) նախատեսված քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով (…)»5:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
13. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։
Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Է.Կաժոյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք):
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Է.Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
15. ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(...)
6) անցել են վաղեմության ժամկետները (...)»:
Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն6` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…)։
4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից (…)»։
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները։ Ընդ որում, այն դեպքերում, երբ անձը խուսափում է քննությունից կամ դատից, վաղեմության ժամկետի ընթացքը ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով կասեցվում է և վերսկսվում՝ անձին հայտնաբերելու պահից։
16. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
Նույն օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Գողությունը, որը կատարվել է՝ (...)
2) խոշոր չափերով,
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`
(...)
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, քանի որ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում հինգ տարին: Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի և եթե վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված չի եղել:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Է.Կաժոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրվող հանցանքներն ավարտվել են համապատասխանաբար՝ 2017 թվականի նոյեմբերին և 2018 թվականի հունվարին7:
Միաժամանակ, գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2018 թվականի ապրիլի 12-ին Է.Կաժոյանը ներգրավվել է որպես մեղադրյալ8, և նրա նկատմամբ՝ քննությունից թաքնվելու և գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով, նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայտարարվել է հետախուզում9, քրեական գործով վարույթը կասեցվել է, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 5-ին Է.Կաժոյանը հայտնաբերվել է, և քրեական գործով վարույթը վերսկսվել է10:
Այնուհետև, գործի դատական քննության ընթացքում՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, Է.Կաժոյանի նկատմամբ կրկին հայտարարվել է հետախուզում, և գործի վարույթը կասեցվել է՝ վերջինիս՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքով11։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ին Է․Կաժոյանը հայտնաբերվել է, և նույն թվականի սեպտեմբերի 28-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է12։
17.1. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալներից հետևում է, որ ամբաստանյալ Է.Կաժոյանը նախաքննության ընթացքում քննությունից թաքնվել է, ընդհանուր առմամբ՝ 5 ամիս 23 օր13, իսկ դատական քննության ընթացքում՝ ընդհանուրը՝ 9 ամիս 17 օր։ Այլ կերպ՝ Է.Կաժոյանը սույն գործով վարույթի ընթացքում քննությունից, ընդհանուր առմամբ, խուսափել է 1 տարի 3 ամիս 10 օր։
Հետևաբար, Է.Կաժոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքների՝ 2018 թվականի հունվարից հաշվարկվող վաղեմության հնգամյա ժամկետի ընթացքը կասեցված է եղել ընդհանուրը՝ 1 տարի 3 ամիս 10 օր ժամկետով, որպիսի պայմաններում, Է.Կաժոյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 2024 թվականի ապրիլին:
18. Սույն որոշման 15-15.1-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-14-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Է.Կաժոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրված արարքների վաղեմության հնգամյա ժամկետը Վերաքննիչ դատարանի որոշումը կայացնելու պահի դրությամբ լրացած չի եղել։
Հետևաբար, Է.Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։
19. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Է.Կաժոյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնելով և քրեական գործի վարույթը կարճելով, թույլ է տվել դատական սխալ, մասնավորապես՝ սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածը և ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որն իր բնույթով էական է և ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 386-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումն ամբողջությամբ բեկանելու և վարույթը նույն դատարան նոր քննության փոխանցելու համար։ Վարույթի նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է ըստ էության քննության առնի դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը և դրա վերաբերյալ հանգի համապատասխան հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ամբաստանյալ Էդգար Կամոյի Կաժոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 26-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________________________________________
1 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 29-31:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 49-51:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 46-49:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 162-190:
5 Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 114-115:
6 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Է.Կաժոյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
8 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 26-27:
9 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 29-31:
10 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 121-123:
11 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 46-49:
12 Տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 84-87:
13 Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 29-31, 49-51, 156-162, 255-263:
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. խաչատուրյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: