ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի |
թիվ 138 |
քաղ. Մոսկվա |
ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵՏԱԳԾՎՈՂ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԵՎ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ յուրաքանչյուր հետագծվող փոխադրման նկատմամբ նավիգացիոն կնիքների կիրառմամբ մեկ և ավելի անդամ պետությունների տարածքներով հետագծման օբյեկտների փոխադրումների (այսուհետ՝ փոխադրումներ) հետագծման համար կիրառվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերում պարտադիր հաշվառման և պահպանման են ենթակա հետևյալ տեղեկությունները (ժամանակի մասին տեղեկությունները նշվում են մինչև 1 միլիվայրկյան ճշգրտությամբ, աշխարհագրական կոորդինատների մասին տեղեկությունները՝ մինչև 1 անկյունային վայրկյան ճշգրտությամբ).
ա) տեղեկություններ փոխադրման մասին.
փոխադրման եզակի համարը.
փոխադրման հետագծման մեկնարկի և ավարտի ամսաթիվն ու ժամը. նավիգացիոն կնիքի (առկայության դեպքում) կիրառման մասին որոշում ընդունած անդամ պետության վերահսկող մարմնի անվանումը.
նավիգացիոն կնիքի (առկայության դեպքում) ակտիվացման (ապաակտիվացման) թույլատրման մասին որոշում ընդունած անդամ պետության վերահսկող մարմնի անվանումը.
փոխադրման ժամանակ կիրառվող տրանսպորտային միջոցի մասին տեղեկությունները (գրանցման համարը, տիպը և գրանցման երկիրը (ավտոմոբիլային փոխադրումների համար)).
վարորդի կոնտակտային տվյալները (ավտոմոբիլային փոխադրումների համար), ինչպես նաև անձնական տվյալների մշակման մասով համաձայնության մասին տեղեկություններն այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կոնտակտային տվյալների հաշվառման և պահպանման համար պահանջվում է այդ համաձայնությունը.
փոխադրողի մասին տեղեկությունները (անվանումը, գրանցման երկիրը, անդամ պետության հարկային մարմնում հաշվառման վերցնելիս տրվող համարը (առկայության դեպքում), կոնտակտային տվյալները), ինչպես նաև անձնական տվյալների մշակման մասով համաձայնության մասին տեղեկություններն այն դեպքում, երբ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կոնտակտային տվյալների հաշվառման և պահպանման համար պահանջվում է այդ համաձայնությունը.
երթուղին (այն սահմանելու դեպքում).
բ) փոխադրման հետագծման ժամանակ կիրառվող յուրաքանչյուր նավիգացիոն կնիքի մասին տեղեկությունները.
նավիգացիոն կնիքի եզակի նույնականացման համարը.
անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում վերահսկման վերցնելու և վերահսկումից հանելու ամսաթիվն ու ժամը.
կնքման տարրի միացման և անջատման ամսաթիվն ու ժամը.
նավիգացիոն կնիքը հանելու ամսաթիվն ու ժամը՝ առանց հետագծման օբյեկտի հսկումը դադարեցնելու.
արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) նավիգացիոն կնիքի հետ չարտոնված գործողության իրականացման ամսաթիվն ու ժամը.
գ) «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ նավիգացիոն կնիքից տեղեկատվության ստացման ամսաթվի և ժամի մասին տեղեկությունները:
2. Սահմանել, որ.
ա) սույն որոշման 1-ին կետում նշված տեղեկությունները ենթակա են հաշվառման և պահպանման փոխադրման հետագծում իրականացնող անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում, ինչպես նաև փոխադրման հետագծում իրականացնող անդամ պետության ազգային օպերատորից փոխադրման մասին տեղեկություններ ստացած անդամ պետությունների ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերում.
բ) սույն որոշման 1-ին կետի «գ» ենթակետում նշված տեղեկությունները ենթակա են հաշվառման և պահպանման այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում, որտեղ գրանցված է նավիգացիոն կնիքը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: