ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2024 թվականի ք. Երևան |
թիվ 74-Ն |
ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՍԱՓ ՈՒ ԱԿՆՀԱՅՏ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖԻԼՄԵՐԻ, ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ՔԱՐՈԶ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖԻԼՄԵՐԻ ՈՒ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 32-րդ հոդվածի 7-րդ մասերով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները՝ համաձայն Հավելված N 1-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար |
Գ. Մամիկոնյան |
2024 թ. հունիսի 28 ք. Երևան |
Հավելված N 1 Սահմանված է Հեռուստատեսության և ռադիոյի |
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ԷՐՈՏԻԿ ԲՆՈՒՅԹԻ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՍԱՓ ՈՒ ԱԿՆՀԱՅՏ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖԻԼՄԵՐԻ, ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ՔԱՐՈԶ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՖԻԼՄԵՐԻ ՈՒ ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
1․ Սույն կարգով սահմանվում են էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումների և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների որոշման չափորոշիչները:
2. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումներում չեն ցուցադրվում`
1) սեռական հարաբերությունների տեսարաններ (այդ թվում, անիմացիոն եղանակով), որոնք կոպտորեն խախտում են սեռական վարմունքի սոցիալապես ընդունված կանոնները, այն է. ցուցադրվում են խմբակային սեռական հարաբերությունների պատկերներ, սեռական հարաբերությունների սադոմազոխիստական եղանակներ և այլն․
2) սեռական բնույթի պատկերներ, որոնք նկարահանված են միայն սեռական գործողությունը ցուցադրելու համար, և բացակայում է սեռական հարաբերությունների գեղարվեստական (էսթետիկական) բաղադրիչը․
3) սեռական հարաբերություններ, որոնք խոսքի կամ ձայնի ուղեկցությամբ պարունակում են սեռական գործողության մանրամասներ կամ ուղեկցվում են կոպիտ, գռեհիկ արտահայտություններով։
3. Սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող են համարվում այն ֆիլմերը, որոնք ցուցադրում են՝
1) վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարաններ կամ ձայնաշար․
2) մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարաններ․
3) ողջունվում է բռնությունը կամ ցանկալի են դարձնում բռնության գործադրումը․
4) ֆիլմի սյուժեն հիմնված է միայն բռնության տեսարանների վրա և ֆիլմը սպառողի մոտ առաջացնում է մղձավանջային, բացասական հույզեր, զզվանք անհատի նկատմամբ։
4․ Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող են համարվում այն ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները, որոնք ցուցադրում են`
1) այնպիսի տեսարաններ, որոնք հրապուրում կամ դրականորեն են ներկայացնում հանցավոր գործունեությունը կամ հանցավոր ենթամշակույթը, փառաբանում են հանցագործների կյանքը կամ ներկայացնում նրանց որպես հերոսների, խրախուսում են հանցավոր գաղափարներ կամ վարքագիծ, ինչը կարող է խթանել երիտասարդության հիացմունքն ու ընդօրինակումը․
2) հանցավոր գործողությունների խրախուսման տեսարաններ՝ դրանք ներկայացնելով որպես ընդունելի կամ նույնիսկ ցանկալի ուղիներ՝ հակասությունները, վեճերը լուծելու կամ նպատակներին հասնելու համար․
3) արհամարհանք օրենքների, կարգերի և հասարակական բարեկեցության կանոնների հանդեպ՝ դրանք համարելով ոչ անհրաժեշտ կամ անարդար,
4) հանցավոր գործունեությունը՝ որպես նորմալ կամ նույնիսկ ցանկալի վարքի դրսևորման ցուցադրում, որը խրախուսում է գողությունը, թմրամոլությունը, խարդախությունը և այլ անօրինական գործողություններ:
5. Էրոտիկ բնույթի տեսալսողական հաղորդումները և սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները կարող են եթեր հեռարձակվել ժամը 24։00-6։00-ն ընկած ժամանակահատվածում։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2024 թվական: