ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2024 թվականի N 523-Ն
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիապրիլի 18-ի N 523-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են էկոպարեկային ծառայության (այսուհետ` ծառայություն) ծառայողի (այսուհետ` ծառայող) հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու հետ կապված հարաբերությունները:
2. Ծառայողին պահելու և կրելու իրավունքով հատկացվում են ծառայության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ:
3. Ծառայողին պահելու և կրելու իրավունքով հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ հատկացվում են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հատուկ ուսուցումն անցնելուց հետո:
2. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
4. Ծառայողին արգելվում է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները փոխանցել այլ անձանց կամ թողնել առանց հսկողության:
5. Ծառայողի` հատուկ միջոցներով և անձնական պաշտպանության միջոցներով ծառայողական գործուղման մեկնելու դեպքում գործուղման վկայականում նշվում են դրանց տեսակը, համարը, արտադրության տարեթիվը և հաստատվում ծառայության կնիքով:
6. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում ժամանման վայրում հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցներն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը դրանք ի պահ է հանձնում մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:
7. Ծառայողին հատկացված հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների, դրանց տեխնիկական վիճակի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է`
1) ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` ծառայողի ծառայության մեջ գտնվելու ժամանակ.
2) տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.
3) տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու անձի (այսուհետ՝ հերթափոխի տեսուչ) կողմից` տարեկան մեկ անգամ։
8. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում ծառայողը պարտավոր է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները հանձնել հերթափոխի տեսուչին։
9. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակահատվածից դուրս հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները ծառայողն ի պահ է հանձնում հերթափոխի տեսուչին։
10. Ծառայողը, ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ, պարտավոր է հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները հանձնել, եթե`
1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու պայմանները.
2) ծառայողը ժամանակավորապես մեկուսացվել է ծառայողական պարտականությունների կատարումից.
3) ծառայողն ազատվել է ծառայությունում ծառայությունից։
11. Հերթափոխի տեսուչին հանձնած հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հատուկ միջոցների և անձնական պաշտպանության միջոցների հանձնման և ընդունման մատյանում:
12. Հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները կորցնելու կամ փչացնելու դեպքերում ծառայողը գրավոր զեկուցում է վերադասության կարգով:
13․ Հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները գործադրելու և օգտագործելու դեպքերում ծառայողն անմիջապես բանավոր զեկուցում է վերադասության կարգով, իսկ ստորաբաժանում ներկայանալուն պես՝ նաև գրավոր։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.04.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2024 թվական: