ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԼԴ/0140/06/17 |
Գործ թիվ ԼԴ/0140/06/17 |
|
Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ` դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ` |
Մ. Ավագյանի |
2018 թվականի սեպտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնփակ դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի որոշման դեմ մեղադրյալ Աշոտ Սասունի Մակիչյանի պաշտպան Արտակ Նավասարդյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2017 թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 55102617 քրեական գործը:
1.1 2017 թվականի դեկտեմբերի 13-ին Աշոտ Սասունի Մակիչյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին:
Նախաքննական մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Ա.Մակիչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով:
1.2 Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ Ա.Մակիչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով, իսկ պաշտպանի միջնորդությունը` կալանավորումը գրավով փոխարինելու մասին, մերժվել է:
2. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ Ա.Մակիչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամիս ժամկետով:
3. Պաշտպան Ա.Նավասարդյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի մարտի 7-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 5-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի` վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ա.Նավասարդյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
5. Նախաքննական մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ Ա.Մակիչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան, համաձայն որի՝ «(…) [Ա]ռկա են ու չեն վերացվել մեղադրյալ Աշոտ Մակիչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու պայմաններն ու հիմքերը, այն է` նա մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, ինչպես նաև ազատության մեջ մնալով` կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով, կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք (...)»1:
6. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 5-ի որոշման համաձայն՝ «(…) Հաշվի առնելով [Աշոտ Սասունի Մակիչյանին մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը], մեղադրյալի անձը, ենթադրյալ հանցավոր արարքի կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, Դատարանը հիմնավոր է համարում քննիչի՝ գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում բարձր է հավանականությունը, որ մեղադրյալը պատժի սպառնալիքով կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից և խուսափել քրեական պատասխանատվությունից, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտել գործի քննությանը: (…) [Մ]եղադրյալը տևական ժամանակով թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, ինչը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրել, որ նա ազատ մնալու դեպքում կրկին կթաքնվի (…)»2:
7. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 7-ի որոշման համաձայն` «[Առաջին ատյանի] դատարանի (…) հիմնավորումներով գնահատելով մեղադրյալ Ա.Մակիչյանի կալանքի ժամկետի տևողությունը երկարացնելու գործընթացը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն համապատասխանում է անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքին վերաբերող ինչպես երկրի ներքին օրենսդրության, այնպես էլ Կոնվենցիայի հիմնարար պահանջներին և գտնում, որ Դատարանը, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, հանգել է ճիշտ հետևության, քանի որ ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մինչդատական վարույթի ներկա փուլում մեղադրյալ Ա.Մակիչյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված (…) վերոնշյալ գործողությունները (…)»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
8. Բողոքի հեղինակի կարծիքով ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 27-րդ, 63-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 11-րդ, 17-րդ, 23-րդ, 135-րդ, 288-րդ հոդվածների պահանջները։
8.1 Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ մի դեպքում հաստատել է նախաքննական մարմնի միջնորդության մեջ չնշված կալանավորման հիմքեր, մյուս դեպքում առհասարակ չի անդրադարձել միջնորդության մեջ նշված մյուս հիմքերին, իսկ Վերաքննիչ դատարանն էլ նման պայմաններում անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը:
Արդյունքում, ըստ բողոքի հեղինակի՝ ստորադաս դատարանների կողմից չեն պահպանվել կողմերի միջև հավասարության և մրցակցության սկզբունքները, մեղադրանքի և պաշտպանության գործառույթների տարանջատման պահանջը, քանի որ վերջիններս, իրենց նախաձեռնությամբ հաստատված համարելով նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդության մեջ չնշված կալանավորման հիմքերի առկայությունը, հանդես են եկել մեղադրանքի կողմում: Վերոնշյալի արդյունքում խախտվել է նաև որպես անկախ և անկողմնակալ դատարան հանդես գալու սահմանադրական և կոնվենցիոն պահանջը:
8.2 Բողոքաբերը նաև փաստել է, որ 2017 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունները բավարար չեն եղել ստորադաս դատարանների կողմից «պատշաճ ջանասիրության» պահանջը պահպանված համարելու համար:
9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և Ա.Մակիչյանին կալանքից ազատել:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածով նախատեսված՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
11. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Ա.Մակիչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը։
12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը, դատախազը, քննիչը կամ հետաքննության մարմինը խափանման միջոց կարող են կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է`
1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից.
2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով.
3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք.
4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց.
5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն՝
«1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը:
(…)
4. Միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ:
5. Քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին: (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից»:
13. Մեջբերված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի կալանավորման անհրաժեշտության մասին վկայող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կալանավորման հիմքեր և գործի փաստական տվյալներից բխող հստակ հիմնավորումներ։
Ընդ որում, կալանավորման կամ կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդության մեջ նշվող հիմքերով կանխորոշվում են դատարանի կողմից գործի քննության սահմանները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս դատարանը կաշկանդված է դրանում նշված հիմքերով, որոնց առկայությունը և հիմնավորվածությունը միջնորդության մեջ նշված և դրան կից ներկայացված նյութերում առկա փաստական տվյալներով հաստատվում կամ հերքվում է գործի քննության արդյունքում կայացվող որոշմամբ։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ նախաքննական մարմնի՝ 2018 թվականի փետրվարի 1-ի՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշման մեջ որպես կալանավորման հիմքեր նշվել են, որ Ա.Մակիչյանը կարող է՝
–թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից,
–խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով,
–կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք4։
Առաջին ատյանի դատարանը, քննարկելով Ա.Մակիչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը, հիմնավոր է համարել դրանում վկայակոչած հիմքն առ այն, որ ազատության մեջ գտնվելու պայմաններում բարձր է հավանականությունը, որ մեղադրյալ Ա.Մակիչյանը պատժի սպառնալիքով կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից և խուսափել քրեական պատասխանատվությունից, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտել գործի քննությանը5։
Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի որոշումը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, հանգել է ճիշտ հետևության, քանի որ ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ մեղադրյալ Ա.Մակիչյանը, մնալով ազատության մեջ, կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված և Առաջին ատյանի դատարանի կողմից նշված գործողությունները6։
15. Նախորդ կետում վերլուծված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Ա.Մակիչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշմամբ հաստատել է քրեական պատասխանատվությունից խուսափելու հիմքն այն դեպքում, երբ նշված հիմքը վկայակոչված չի եղել նախաքննական մարմնի միջնորդության մեջ։ Այսինքն` Առաջին ատյանի դատարանը, դուրս գալով նախաքննական մարմնի միջնորդության սահմաններից, մատնանշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կալանավորման նոր հիմք՝ քրեական պատասխանատվությունից խուսափելը։
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը, քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի շրջանակներում թեև քննարկել և հաստատված է համարել քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով քննությանը խոչընդոտելու հավանականությունը, սակայն իր հետևությունը չի պատճառաբանել գործի նյութերից բխող փաստական տվյալներով։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, ընդգծում է, որ խափանման միջոցի կիրառման հիմքերը չեն կարող այնպես մեկնաբանվել և կիրառվել, որ կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատական ակտը պատճառաբանելու համար ընդամենը բավարար լինի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված իրավական ձևակերպումների վկայակոչումը կամ վերարտադրումը։ Նշված հոդվածում թվարկված մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները պետք է հիմնված լինեն գործի նյութերից բխող ողջամիտ կասկածների կամ ենթադրությունների վրա: Այլ կերպ` կալանավորման կիրառման հիմքում բոլոր դեպքերում պետք է դրվեն որոշ փաստական տվյալներ։ Հակառակ պարագայում անձի ազատության սահմանադրական իրավունքի սահմանափակման իրավաչափության դատական երաշխիքը կլինի պատրանքային, իսկ ազատության իրավունքը փաստացի կբովանդակազրկվի7:
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ հաստատել է նաև նախաքննական մարմնի միջնորդության մեջ նշված՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վտանգի առկայությունը, սակայն չի պատճառաբանել այն գործի փաստական տվյալներով, գնահատման չի ենթարկել մեղադրյալ Ա.Մակիչյանի` քրեական գործ հարուցելուց երկու ամիս անց ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժին կամավոր ներկայանալու հանգամանքը8։
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ անդրադարձ չի կատարել նախաքննական մարմնի միջնորդության մեջ նշված` կալանավորման մյուս՝ քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հիմքին, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու եղանակներով քննությանը խոչընդոտելու հնարավորությանը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ուշադրության չարժանացնելով վերոնշյալ հանգամանքները, օրինական ուժի մեջ է թողել Ա.Մակիչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը և իր համաձայնությունը հայտնել ստորադաս դատարանի կողմից հաստատված կալանավորման հիմքերի առկայությանը։
Վերոնշյալի պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Ա.Մակիչյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ։
16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ, 285-րդ և 288-րդ հոդվածների պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ մեղադրյալ Ա.Մակիչյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մայիսի 22-ի որոշմամբ ազատ է արձակվել, ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ եղել է ժամանակավոր, կորցրել է իր իրավական նշանակությունը և դադարել իրավաբանորեն գոյություն ունենալուց: Հետևաբար մեղադրյալ Ա.Մակիչյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ստորադաս դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ինչ վերաբերում է «պատշաճ ջանասիրության» պահանջը պահպանված չլինելու վերաբերյալ բողոքաբերի՝ սույն որոշման 8.2-րդ կետում նշված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-163-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Աշոտ Սասունի Մակիչյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի մարտի 7-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 4:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 101:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 65:
4 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Ճուղուրյանի գործով 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը, Ասլան Ավետիսյանի գործով 2008 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԱՎԴ/0022/06/08 որոշման 18-20-րդ կետերը։
8 Տե՛ս սույն որոշման 1.1-րդ կետը։
Նախագահող` |
Լ. Թադևոսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
ե. դԱՆԻԵԼՅԱՆ | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական: