ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0980/06/20 |
Գործ թիվ ԵԴ/0980/06/20 |
Նախագահող դատավոր՝ | Ս. Մարաբյան |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Ավետիսյանի | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի |
2021 թվականի ապրիլի 2-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ժիրիկ Կարենի Սիրեկանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի, 301-րդ հոդվածի և 301.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 58231520 քրեական գործը: Նույն օրը նախաքննության մարմինը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի և 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է թիվ 58231620 քրեական գործը, որը միացվել է թիվ 58231520 քրեական գործին:
2020 թվականի նոյեմբերի 10-ին Ժիրիկ Կարենի Սիրեկանյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ Ժ.Սիրեկանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1-րդ հոդվածի 1-ին մասով:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է և մեղադրյալ Ժ.Սիրեկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով՝ կալանավորման սկիզբը հաշվելով 2020 թվականի նոյեմբերի 10-ից:
3. Պաշտպան Լ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը բեկանել և փոփոխել է, նախաքննության մարմնի միջնորդությունը մերժել է, Ժ.Սիրեկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացրել և նրան անհապաղ ազատել է արգելանքից:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի մարտի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի մարտի 22-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ժիրիկ Սիրեկանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում այլ անձանց հետ մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչպես նաև բռնություն գործադրելու միջոցով պարտադրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:
Այսպես.
Ժիրիկ Սիրեկանյանը, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո՝ համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, դրանց մասնակցելու նպատակով իր համագյուղացիներ Գևորգ Իսրայելյանի և այլ անձանց հետ ավտոմեքենայով եկել է Երևան քաղաք և չունենալով ՀՀ ԱԺ վարչական շենք մուտք գործելու իրավունք, անտեսելով հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը, բազմաթիվ այլ անձանց հետ մուտք է գործել Ազգային ժողովի շենք և մասնակցել այնտեղ կատարվող՝ ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին, ինչի արդյունքում ջարդվել են ԱԺ պատգամավորների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել կամ ոչնչացվել է ՀՀ օրենսդիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը, որպիսի գործողությունների հետևանքով խաթարվել է ՀՀ ԱԺ գործունեությունը, վտանգվել է հասարակական անվտանգությունը:
Այնուհետև, նույն օրը՝ զանգվածային անկարգությունների ժամանակ, ՀՀ Ազգային ժողովին ու կառավարությանն իրենց լիազորություններից բխող գործողություն կատարելու՝ վերը նշված հայտարարությունը չկատարելուն պարտադրելու ուղղակի դիտավորությամբ Ժիրիկ Սիրեկանյանը Գևորգ Իսրայելյանի և մի խումբ անձանց հետ Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում բռնություն են գործադրել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ, որի ընթացքում Ժիրիկ Սիրեկանյանը ոտքերով հարվածներ է հասցրել Արարատ Միրզոյանի գլխին և մարմնի տարբեր մասերին՝ դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքների և այլ վնասվածքների ձևով պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն (...)»1:
6. Լազերային սկավառակի զննություն կատարելու մասին արձանագրության համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անգիտակից վիճակում ընկած է ասֆալտապատ հարթակի վրա: Ա.Միրզոյանը գոտկատեղից վեր գտնվում է մերկ վիճակում, իսկ նրա աջ ձեռքի հատվածում նկատվում է արյան նմանվող նյութով պատված վերնաշապիկի պատռված թևքի հատվածը: Ա.Միրզոյանի կողքին նկատվում է անձանց բազմություն, տեսանելի են այդ անձանց ոտքերը և սև գույնի կոշիկները, լսվում են մի քանի անձանց բղավոցների ձայներ2:
6.1. Հրանտ Նշանի Գևորգյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքների վերաբերյալ լազերային սկավառակը զննելու մասին արձանագրության համաձայն՝ 096-15-15-15 հեռախոսահամարից զանգ է կատարվել 077-42-54-04 հեռախոսահամարին և տեղի է ունեցել հետևյալ խոսակցությունը. «Մի տղամարդ(տղ) զանգում է, խոսում մի այլ տղամարդու(տղ1) հետ:
Տղ1- Որտե՞ղ ես:
Տղ- Հրապարակ: Դուք ու՞ր եք:
Տղ1- Արա տեսա՞ր Արարատ Միրզոյանին ինչ իրին:
Տղ- Չէ:
Տղ1- (հայհոյանք) արինք ընենց տփինք: Ժիրոն քացով էնքան տվեց բերնին:
Տղ- Որտե՞ղ:
Տղ1- Վայ արա փախնում էր ժողովուրդը փակեց դեմը: Հեսա զապիսները ղրկեմ նայի: (հայհոյանք) արա, մեռավ: (…)»3:
6.2. Վկա Հրանտ Նշանի Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ օգտագործում է 096-15-15-15 բջջային հեռախոսահամարը: Լսելով վերոնշյալ խոսակցությունը՝ վկան հիշել է, որ զրուցել է Գևորգ Իսրայելյանի հետ և վերջինն իր հետ խոսել է Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ, այն որ նրան ծեծի են ենթարկել, այդ թվում նաև՝ Ժիրիկը, սակայն դա խոսակցության մակարդակով է եղել, իրեն պատմել է, բայց նրանց գործողություններն ինքը չի կարող պնդել, որևէ տեսագրություն իրեն ցույց չեն տվել: Հայտնել է նաև, որ Ժիրիկը Գևորգ Իսրայելյանի համագյուղացի տղա է, իրար հետ մտերիմներ են: Ինքը Ժիրիկի հետ որևէ շփում չունի, նրա վերաբերյալ այլ տեղեկություններ չգիտի4:
6.3. Ժիրիկ Սիրեկանյանը որպես կասկածյալ ցուցմունք է տվել այն մասին, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 00:00-ի սահմաններում համացանցով տեսել է, որ Երևանում ցույցեր են: Այնուհետև զանգահարել է իր ընկերներ Ալիկին, Գևորգին և զրույցի ընթացքում որոշել են գալ Երևան: Գևորգին և Ալիկին հանդիպել է Արմավիրի մարզում և Ալիկին պատկանող ավտոմեքենայով ժամանել են Երևան: Սկզբում գնացել են Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ, իջնելով ավտոմեքենայից, մտել է ներս, գնացել նիստերի դահլիճ, այնուհետև վերադարձել: Նստելով ավտոմեքենան՝ իրենք գնացել են Լենինգրադյան փողոց, որտեղից հետ են գնացել տուն: Տեղյակ է, որ Ազգային ժողովի նախագահ Ա.Միրզոյանին գիշերը քաղաքացիները ծեծի են ենթարկել, ինքն այդ ամենը տեսել է տեսանյութով, բայց նույնիսկ տեղյակ չէ, թե կոնկրետ որ հատվածում են նրան ծեծի ենթարկել: Ինքն Ա.Միրզոյանին ծեծի ենթարկելու հետ որևէ առնչություն չունի, չի մասնակցել այդ դեպքին, չի եղել նաև դեպքի վայրում5:
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ «(...) [Ի]րեն վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը մեղադրյալ Ժ.Սիրեկանյանի առնչվելու վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, որը հաստատվում է միջնորդությանը կից դատարանին ներկայացված փաստաթղթերով, այդ թվում՝ լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, Հրանտ Նշանի Գևորգյանի նկատմամբ իրականացված՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքներն ամրագրող լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, համաձայն որի՝ վերջինս զրուցել է Գևորգ Իսրայելյանի հետ, [ով] պատմել [է], թե ինչպես են ծեծի ենթարկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ինչպես է Ժիրոն ոտքերով հարվածել նրա դեմքին, Հրանտ Գևորգյանի հարցաքննության արձանագրությամբ, համաձայն որի՝ վերջինս հայտնել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, հեռախոսազրույց է ունեցել Ժիրիկ Սիրեկանյանի ընկերոջ՝ Գևորգ Իսրայելյանի հետ և նա իրեն պատմել է, որ Արարատ Միրզոյանին ծեծի են ենթարկել, այդ թվում՝ Ժիրիկ Սիրեկանյանը:
Միաժամանակ, դատարանը հանգում է հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է մեղադրյալ Ժ.Սիրեկանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:
Դատարանի վերջին դիրքորոշումը պայմանավորված է նաև ներքոհիշյալ պատճառաբանությամբ. (...)
[Դ]ատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես հիմնավոր կասկածի առկայությունը վկայող փաստական տվյալներ վկայակոչված՝ լազերային սկավառակների և դեպքի վայրի զննության արձանագրությունները, չեն կարող բավարար լինել հիմնավոր կասկածի ապացուցման շեմը հաղթահարված համարելու համար, դրանցով չեն հաստատվում նաև, որ ենթադրյալ զանգվածային անկարգությունների ժամանակ այդտեղ գտնվող Ժ.Սիրեկանյանն անձամբ մասնակցել է անկարգություններին, ինչպես նաև գույք է ոչնչացրել կամ վնասել:
Ինչ վերաբերում է վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես հիմնավոր կասկածի առկայությունը հիմնավորող փաստական տվյալներ վկայակոչված՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի գրությանը, հարկ է նախ փաստել, որ հիշյալ օպերատիվ տեղեկությունների արդյունքն ամրագրված է միայն փաստաթղթային ձևով, աղբյուրը բացահայտված չէ, իսկ դատարանին չեն ներկայացվել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված փաստական տվյալներ, որոնց հետ համակցությամբ դատարանը հնարավորություն կունենա գնահատել այդ տեղեկությունների արժանահավատությունը: Ավելին՝ օպերատիվ տեղեկությունների հիման վրա անձի հիմնարար իրավունքը սահմանափակելը նույնպես անթույլատրելի է: (...)
Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ժ.Սիրեկանյանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, որպիսի ենթադրությունը հիմնված է այն փաստական տվյալների վրա, որ նախաքննությունը գտնվում է սկզբնական և ապացույցների հավաքման ակտիվ փուլում, մեծ է հավանականությունը, որ մեղադրյալ Ժ.Սիրեկանյանը կարող է անօրինական ազդեցություն գործադրել հարցաքննվող անձանց նկատմամբ՝ ուղղորդելով վարույթն իրականացնող մարմնին տալ իր համար նախընտրելի բովանդակությամբ ցուցմունքներ:
Ավելին՝ դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ժ.Սիրեկանյանը, հայտնվելով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, որպիսի հավանական վարքագծի մասին հիմք է տալիս ենթադրելու վերջինիս վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանը, մինչև տասը տարի ժամկետով դատապարտվելու մտավախությունը, ինչը մեղադրյալ Ժ.Սիրեկանյանի դեպի արտերկիր բեռնափոխադրումների կազմակերպմամբ զբաղվելու և ըստ դրա՝ արտերկրում կայուն կապեր ունենալու և երկիրը լքելու հնարավորության հետ միասին հիմք են տալիս հիմնավորված ենթադրություններ անել վերջինիս ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու հիմքերի առկայության մասին:
Այսպիսով, դատարանի գնահատմամբ նախորդ պարբերությունում վկայակոչված փաստարկները ծանրակշիռ են, բխում են գործի նյութերից և դատարանի համար բավարար են՝ մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերոգրյալ գործողությունները կատարելու հավանականության վերաբերյալ արժանահավատ հետևության հանգելու համար և բացառում են այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալ Ժ.Սիրեկանյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը:
(...) [Դ]ատարանը գտնում է, որ մեղադրյալի՝ ազատության մեջ հայտնվելու դեպքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այդ թվում՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը բարձր է: (...)
Անդրադառնալով գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականության վերաբերյալ քննիչի պատճառաբանությանը՝ հարկ է նշել, որ կալանավորման հիշյալ հիմքի առկայության վերաբերյալ քննիչի պատճառաբանությունները բավարար չափով փաստարկված չեն, իսկ քրեական պատասխանատվության և պատժի վերաբերյալ հարցերը դուրս են մինչդատական վարույթում լուծման ենթակա հարցերի շրջանակից, ուստի քննության ներկա փուլում քրեական պատասխանատվությունից խուսափելու բարձր հավանականության կանխորոշմանը միտված քննիչի պատճառաբանությունն առարկայազուրկ է (...)»6։
8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է, որ «(...) Առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ եզրահանգման, երբ հաստատել է Ժ.Սիրեկանյանի առնչությունը քննության առարկա դեպքին, քանի որ այդ հետևությունը հիմնավորելու համար քննիչի ներկայացրած նյութերը բավարար չեն հիմնավոր հետևություն անելու այդ հանգամանքի մասին:
Ինչպես երևում է քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված նյութերից՝ միակ փաստական տվյալը, որի վրա հիմնվել են քննիչն ու դատարանը՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ընթացքում Գ.Իսրայելյանի կողմից հայտնած այն տեղեկությունն է, որ «Ժիրիկը ոտքով հարվածել է Արարատ Միրզոյանին», դրանից զատ այլ տեղեկություն գործի նյութերում առկա չէ:
Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այդ տեղեկությունը կարող էր բավարար լինել քննության առարկա դեպքին մեղադրյալի առնչությունը հիմնավորելու համար, եթե չլինեին այդ հանգամանքը բացառող ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր, որոնք իրենց օբյեկտիվ բնույթով պայմանավորված առավել բարձր արժանահավատությամբ են օժտված, քան երկու անձի հեռախոսային խոսակցության ժամանակ երրորդ անձի վերաբերյալ հայտնած տեղեկությունը:
Բանն այն է, որ Ժ.Սիրեկանյանին առաջադրված մեղադրանքում նշված չէ այն ժամը, երբ տեղի է ունեցել Ա.Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը, իսկ ըստ Ա.Միրզոյանի անվտանգության ղեկավար Արմեն Կարապետի Վարդանյանի 10.11.2020 թվականի ցուցմունքի՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 0300-ի սահմաններում (գիշերը ժամը 02.00-ի սահմաններում իրենք գնացել են ԱԺ, որտեղ մնացել են մոտ 40-50 րոպե, որից հետո դուրս են եկել և փողոցում, արդեն ժամը 0300-ի սահմաններում տեղի է ունեցել դեպքը (...), մինչդեռ ըստ մեղադրյալի հեռախոսահամարից կայացած ՀԽ ելքային զանգերի և հեռախոսահամարը սպասարկող ալեհավաք կայանների հասցեները պարունակող վերծանումների7՝ մեղադրյալի հեռախոսը քաղաք Երևանում սպասարկվել է 10.11.2020 թվականի ժամը 03:32 րոպեից սկսած, մասնավորապես՝ ժամը 03:37-ից մինչև ժամը 03:47-ը վերջինիս հեռախոսը սպասարկվել է Երևան քաղաքի Արամի փողոցի 1 հասցեն սպասարկող ալեհավաք կայանի կողմից, իսկ քաղաք Երևանի Բաղրամյան փողոցի 19 հասցեում՝ ԱԺ-ի մոտ, ժամը 04:08 րոպեից սկսած, այսինքն՝ այն ժամանակ, երբ ըստ Ա.Միրզոյանի անվտանգության ծառայության ղեկավարի ցուցմունքի՝ դեպքը կատարված է եղել: Այդ դեպքում, հիմք ընդունելով նաև մեղադրյալի ցուցմունքն առ այն, որ ինքը որևէ առնչություն չունի դեպքի հետ, իսկ նախաքննության մարմինը դատարանին չի ներկայացրել Գ.Իսրայելյանի ցուցմունքը8, որը միակ ուղղակի ապացույցն է մեղադրյալի կողմից Ա.Միրզոյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի մասին (մնացածն ածանցյալ և անուղղակի ապացույցներ են, որոնք ոչ միայն բավարար չեն մեղադրյալի առնչությունը դեպքին հաստատելու համար, այլև ըստ էության հերքվում են գործում առկա այլ փաստական տվյալներով), ուստի Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հիմնավորված չեն նախաքննության մարմնի և Առաջին ատյանի դատարանի հետևությունները ենթադրյալ հանցագործության դեպքին Ժ.Սիրեկանյանի առնչության վերաբերյալ (...)»9:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, սխալ գնահատելով գործով ձեռք բերված և Ժ.Սիրեկանյանի կողմից հանցանք կատարելու հիմնավոր կասկածի հիմքում դրված փաստական տվյալները, դրանք գնահատելով մեղադրանքի հիմնավորվածության՝ անձի դատապարտման համար անհրաժեշտ չափանիշով, թույլ է տվել դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությունը:
Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, դատարան ներկայացված փաստերի ոչ պատշաճ գնահատման արդյունքում հանգել է սխալ հետևության՝ հիմնավոր կասկածի բացակայության մասին։ Ըստ բողոքաբերի՝ դատարան ներկայացված նյութերը վկայում են, որ մեղադրյալ Ժ.Սիրեկանյանն ուղղակիորեն առնչվում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագին։ Հետևաբար՝ քրեական գործով ձեռք բերված և դատարան ներկայացված փաստական տվյալներն իրենց համակցության մեջ վկայում են, որ առկա է հիմնավոր կասկած, որ Ժ.Սիրեկանյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը։
9.1. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ ներկայացված նյութերը, տեղեկությունը կարող էր բավարար լինել քննության առարկա դեպքին մեղադրյալի առնչությունը հիմնավորելու համար, եթե չլինեին այդ հանգամանքը բացառող ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր, որոնք իրենց օբյեկտիվ բնույթով պայմանավորված՝ առավել բարձր արժանահավատությամբ են օժտված, քան երկու անձի հեռախոսային խոսակցության ժամանակ երրորդ անձի վերաբերյալ հայտնած տեղեկությունը, բողոքաբերը նշել է, որ Ա.Միրզոյանի անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Վարդանյանի ցուցմունքում նշված չէ, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 03:00-ի սահմաններում, ուստի այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է: Վկա Ա.Վարդանյանը նշել է, որ Ազգային ժողովից դուրս գալուց հետո՝ մոտավորապես ժամը 03-ի սահմաններում, Ազգային ժողովի նախագահին սպասարկող ավտոմեքենան շրջափակած ամբոխից ինչ-որ մեկը գոռացել է, որ դա Ա.Միրզոյանի ավտոմեքենան է՝ հրահանգելով բոլոր կողմերից փակել ավտոմեքենան: Դրանից հետո վկան նկարագրել է դեպքի վայրում տեղի ունեցած այլ իրադարաձություններ և նոր միայն դրանից հետո տեղի ունեցած՝ Ա.Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագը: Վերոգրյալից ակնհայտ է, որ վկա Ա.Վարդանյանը դեպքի ժամը մոտավորապես է նշել, իսկ Վերաքննիչ դատարանը դրա հիման վրա անհիմն եզրահանգում է կատարել դեպքի կոնկրետ ժամանակի կապակցությամբ:
Ըստ բողոքաբերի՝ Ժ.Սիրեկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ արարքի կատարման հստակ ժամը չի նշվել, քանի որ դեպքի կատարման ստույգ ժամանակի ճշտման ուղղությամբ կատարվում են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ:
10. Անդրադառնալով կալանավորման հիմքերին՝ բողոքաբերը նշել է, որ Ժ.Սիրեկանյանին մեղսագրվում է ծանր հանցագործություն, որը կատարվել է ռազմական դրության պայմաններում և իր բնույթով ուղղակիորեն կապված է ռազմական դրության իրավական ռեժիմի հիմք հանդիսացած հանգամանքների հետ։ Մեղսագրվող հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը բնութագրող այս հանգամանքներն էական նշանակություն ունեն որպես կալանավորման հիմքեր՝ թաքնվելու և քննությանը խոչընդոտելու ռիսկերը գնահատելիս։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև ռազմական դրության պայմաններում Ժ.Սիրեկանյանի կողմից հատկապես սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ոտնձգություն կատարելու փաստը, որն էականորեն բարձրացնում է Ժ.Սիրեկանյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը:
Բացի այդ, Ժ.Սիրեկանյանը դեպքի օրը Երևան է ժամանել իր համագյուղացիների, այդ թվում՝ Գ.Իսրայելյանի հետ, ունի որոշակի ազդեցություն իրեն վերագրվող հանցագործությանն առնչվող և դրա վերաբերյալ տվյալներ ունեցող անձանց նկատմամբ։ Նման ազդեցության շնորհիվ ողջամիտ է վարույթն իրականացնող մարմնի և Առաջին ատյանի դատարանի այն մտավախությունը, որ վերջինս, հայտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով:
11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ժիրիկ Սիրեկանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար։
13․ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
(…)»։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.
(…)
գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար. (…)»։
13.1. Կալանավորման պայմաններից մեկի՝ «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ դիրքորոշումները՝
- հանցանք կատարած լինելու կասկածի՝ ողջամտորեն հիմնավորված լինելու պահանջը կամայական ձերբակալման և կալանավորման դեմ երաշխիքի կարևոր մասն է կազմում10,
- «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որոնք հնարավորություն կտան անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը։ Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ` քրեական գործի քննության փուլում11,
- կալանքի հիմնավորվածության կարևոր տարրերից են կասկածի արժանահավատությունն ու բարեխղճությունը12։ Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը փաստել է, որ միայն բարեխղճության վրա հիմնված կասկածը չի կարող բավարար համարվել13:
13.2. Հիմք ընդունելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած վերոգրյալ առանձին դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» կապակցությամբ Վահրամ Գևորգյանի գործով փաստել է. «(…) Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը (…)։
(…) [Յ]ուրաքանչյուր դեպքում [հանցանք կատարած լինելու կասկածը] պետք է լինի ողջամիտ։
(…) «[Հ]անցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած» ձևակերպումը չի ենթադրում, որ մեղադրյալի մեղավորությունը հաստատված համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է։ (…) [Կ]ասկածը հիմնավոր կհամարվի նաև ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում` անհրաժեշտ է ունենալ նաև բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է։ Այլ կերպ` կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը` քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործության) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին։
(…) [Այսպիսով,] Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ։ Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, (…)։ Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված»14։
Զարգացնելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Հարություն Խաչատրյանի գործով որոշման շրջանակներում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Հ]իմնավոր կասկածը պետք է ապահովվի անձի ազատության և անձեռնմխելիության իրավունքի հիմնավորված և օրինաչափ սահմանափակումը, իսկ դատական վերահսկողությունը լինի երաշխիք այդ իրավունքի անհիմն սահմանափակումները կանխելու համար։
Այսինքն՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ։ Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն՝ հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր։ Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի։ Այլ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան։
(…) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտավորությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապված հարցեր։ Առաջին` առկա՞ են արդյոք կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, երկրորդ` դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ համընկնում է քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցակազմի հատկանիշներին»15։
Վերահաստատելով և զարգացնելով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատվի անձի ազատության իրավունքի սահմանափակման աներկբա անհրաժեշտությունը՝ ավելի բարձր նշանակության բարիքի, այն է՝ հանրային շահի պաշտպանության տեսանկյունից՝ ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը, անձի ազատության սահմանափակման հիմնավորվածությունը։ Մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար հիմնավոր կասկածի առկայությունն ունի հիմնարար նշանակություն, քանզի դրա բացակայության պայմաններում անձի ազատության ցանկացած սահմանափակում կհամարվի ի սկզբանե ապօրինի։ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ16։
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝
- հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,
- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից17, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը։ Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ՝ արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել18, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն)19։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Նախաքննության մարմնի կողմից Ժիրիկ Սիրեկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և 301.1-րդ հոդվածի 1-ին մասով20,
- Առաջին ատյանի դատարանը, գտնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը բացակայում է, արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը մեղադրյալ Ժ.Սիրեկանյանի առնչվելու վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, որը հաստատվում է միջնորդությանը կից դատարան ներկայացված փաստաթղթերով, այդ թվում՝ լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, Հ.Գևորգյանի նկատմամբ իրականացված՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքներն ամրագրող լազերային սկավառակի զննության արձանագրությամբ, Հ.Գևորգյանի հարցաքննության արձանագրությամբ:
Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը գտել է, որ մեղադրյալի՝ ազատության մեջ հայտնվելու դեպքում ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այդ թվում՝ քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը բարձր է21,
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է սխալ եզրահանգման, երբ հաստատել է Ժ.Սիրեկանյանի առնչությունը քննության առարկա դեպքին, քանի որ այդ հետևությունը հիմնավորելու համար քննիչի ներկայացրած նյութերը բավարար չեն հիմնավոր հետևություն անելու այդ հանգամանքի մասին: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հիմնավորված չեն նախաքննության մարմնի և Առաջին ատյանի դատարանի հետևությունները ենթադրյալ հանցագործության դեպքին Ժ.Սիրեկանյանի առնչության վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Ժ.Սիրեկանյանին առաջադրված մեղադրանքում նշված չէ այն ժամը, երբ տեղի է ունեցել Ա.Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը, իսկ ըստ Ա.Միրզոյանի անվտանգության ղեկավար Արմեն Վարդանյանի ցուցմունքի՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում (գիշերը, ժամը 02։00-ի սահմաններում իրենք գնացել են Ազգային ժողով, որտեղ մնացել են մոտ 40-50 րոպե, որից հետո դուրս են եկել և փողոցում, արդեն ժամը 03։00-ի սահմաններում տեղի է ունեցել դեպքը, մինչդեռ ըստ մեղադրյալի հեռախոսահամարից կայացած ելքային զանգերի վերծանումների՝ մեղադրյալի հեռախոսը Երևան քաղաքում սպասարկվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ժամը 03:32 րոպեից սկսած, մասնավորապես՝ ժամը 03:37-ից մինչև ժամը 03:47-ը վերջինիս հեռախոսը սպասարկվել է Երևան քաղաքի Արամի փողոցի 1 հասցեն սպասարկող ալեհավաք կայանի կողմից, իսկ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցի 19 հասցեում՝ Ազգային ժողովի մոտ, ժամը 04:08 րոպեից սկսած, այսինքն՝ այն ժամանակ, երբ ըստ Ա.Միրզոյանի անվտանգության ծառայության ղեկավարի ցուցմունքի՝ դեպքը կատարված է եղել22:
15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-13.2-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ստուգման ենթարկելով Ժ.Սիրեկանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 301․1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դիրքորոշումների իրավաչափությունը, պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել մի շարք առանցքային հանգամանքներ։
Մասնավորապես, հիմք ընդունելով նյութերում առկա փաստական տվյալները, այդ թվում նաև՝ լազերային սկավառակի զննության արձանագրությունը, Հ.Գևորգյանի նկատմամբ իրականացված՝ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու արդյունքներն ամրագրող լազերային սկավառակի զննության արձանագրությունը, որի համաձայն Գևորգ Իսրայելյանը պատմում է Հրանտ Գևորգյանին, թե ինչպես են ծեծի ենթարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին և ինչպես է «Ժիրոն ոտքերով հարվածել նրա դեմքին», Հ.Գևորգյանի հարցաքննության արձանագրությունը, որի համաձայն՝ Հրանտ Գևոգյանը հեռախոսազրույց է ունեցել Ժիրիկ Սիրեկանյանի ընկերոջ՝ Գևորգ Իսրայելյանի հետ և նա իրեն պատմել է, որ Արարատ Միրզոյանին ծեծի են ենթարկել, այդ թվում՝ Ժիրիկ Սիրեկանյանը, ինչպես նաև Ազգային ժողովի շենքում և դրա հարակից տարածքում լինելու մասին Ժիրիկ Սիրեկանյանի ցուցմունքը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է հիմնավոր հետևության առ այն, որ դրանք բավարար են դատավարության տվյալ փուլում ողջամիտ ենթադրություն անելու, որ առկա է մեղադրյալ Ժ.Սիրեկանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը:
15.1. Միևնույն ժամանակ, անդրադառնալով առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների, մասնավորապես՝ Ժ.Սիրեկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ արարքի կատարման հստակ ժամը չնշելու վերաբերյալ ստորադաս դատարանի դատողություններին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը նախևառաջ հաշվի չի առել, որ ստուգման է ենթարկել մեղադրյալ Ժ․Սիրեկանյանի նկատմամբ առաջին անգամ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափությունը։ Ուստի, քրեական գործը գտնվել է քննության սկզբնական փուլում, դեպքի կատարման ստույգ ժամանակի ճշտման ուղղությամբ դեռ կատարվել են համապատասխան քննչական և այլ դատավարական գործողություններ23: Ավելին, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել Ա․Վարդանյանի ցուցմունքն այն առումով, որ Ազգային ժողովից դուրս գալուց հետո՝ մոտավորապես ժամը 03-ի սահմաններում, տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որից հետո է Ա.Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրվել: Բացի այդ, դեպքի ժամանակահատվածը գնահատելիս, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև Ա․Վարդանյանի ցուցմունքում նշված այն հանգամանքը, որ Ա.Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելուց որոշ ժամանակ անց, Ա.Միրզոյանն Օպերայի մոտից հիվանդանոց է տարվել ժամը 05:00-ի սահմաններում24: Ընդ որում, դեպքի կատարման ժամի վերաբերյալ քննիչի միջնորդությանը կից ներկայացված նյութերում առկա են նաև այլ փաստական տվյալներ25:
Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ մեղադրյալ Ժ.Սիրեկանյանի հեռախոսը ալեհավաք կայանի կողմից սպասարկվել է Երևանի Բաղրամյան փողոցի 19 հասցեով՝ Ազգային ժողովի մոտ, ժամը 04:08 րոպեից սկսած, հաշվի չի առել, որ մեղադրյալ Ժ.Սիրեկանյանի հեռախոսը մինչ այդ՝ ժամը 04:00-ին ալեհավաք կայանի կողմից սպասարկվել է նաև դեպքի վայրին հարակից՝ Բաղրամյան պողոտա 40 հասցեով26:
Բացի այդ, հարկ է նկատել, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստելով, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքում ստացված «տեղեկությունը կարող էր բավարար լինել քննության առարկա դեպքին մեղադրյալի առնչությունը հիմնավորելու համար, եթե չլինեին այդ հանգամանքը բացառող ապացուցողական նշանակություն ունեցող այլ նյութեր, որոնք իրենց օբյեկտիվ բնույթով պայմանավորված առավել բարձր արժանահավատությամբ են օժտված, քան երկու անձի հեռախոսային խոսակցության ժամանակ երրորդ անձի վերաբերյալ հայտնած տեղեկությունը», իր եզրահանգումը հիմնավորել է վկայի՝ դեպքի ժամի վերաբերյալ հայտնած մոտավոր տեղեկությամբ, դրան համադրելով մեղադրյալի հեռախոսահամարից կայացած ելքային զանգերի վերծանումներով ֆիքսված ժամերը: Մինչդեռ, դեպքի հավանական ժամի վերաբերյալ վկայի ցուցմունքը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման արդյունքում ստացված տվյալների համեմատ չէր կարող օժտված լինել Վերաքննիչ դատարանի կողմից նշված՝ առավել բարձր արժանահավատությամբ։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա նյութերը բավարար են Ժ.Սիրեկանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում, դատարան ներկայացված նյութերում առկա փաստական տվյալները վերլուծելու և միմյանց հետ համադրելու արդյունքում այն աստիճանի ապացուցողական քննություն է կատարել, որ ըստ էության հաստատել է գործի հետագա քննության ընթացքում ապացուցման ենթակա փաստական հանգամանք։ Այսինքն՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ խորը վերլուծության արդյունք է, ինչի հետևանքով ըստ էության խախտվել է քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը պարունակել է քրեական գործի ըստ էության քննությանը բնորոշ՝ արդարադատության իրականացման գործընթացի տարրեր։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար չեն Ժիրիկ Սիրեկանյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, հիմնավոր չէ։
16. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ և 135-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը բեկանելու համար։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ժ.Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելիս և նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ երկու ամիս ժամկետով կալանավորում կիրառելիս, հիմնավորված հետևության հանգելով կալանավորման պայմանների և հիմքերի առկայության մասին, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Հետևաբար, արդարադատության արդյունավետության շահերից ելնելով, պետք է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմանը27՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին պետք է հաշվակցել Ժ.Սիրեկանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից` 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև ազատ արձակվելը՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ը, նրա` անազատության մեջ գտնվելու ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո
Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Ժիրիկ Կարենի Սիրեկանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին հաշվակցել Ժիրիկ Կարենի Սիրեկանյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից` 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև ազատ արձակվելը՝ 2020 թվականի դեկտեմբերի 17-ը, նրա` անազատության մեջ գտնվելու ժամկետը:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
___________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 161-162:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 128-134:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 145-146:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 147-151:
5 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 163-167:
6 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 180-188:
7 Վերծանումները Վերաքննիչ դատարանին է ներկայացվել քննիչի կողմից՝ դատարանի պահանջով՝ նկատի ունենալով, որ պաշտպանը հայտնում էր, որ մեղադրյալը դեպքի ժամին ԱԺ-ի մոտ չի գտնվել և որևէ առնչություն չունի դեպքին, իսկ հեռախոսային խոսակցության ժամանակ հայտնած տեղեկությունը հավաստի չէ:
8 Նախաքննության մարմինն այդ ցուցմունքը չցանկացավ ներկայացնել նաև Վերաքննիչ դատարանին, ինչը նշանակում է, որ դրա չներկայացնելու հետևանքների ռիսկը կրում է նախաքննության մարմինը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ և 285-րդ հոդվածների ուժով միջնորդություն հարուցող մարմինը կամ պաշտոնատար անձն է կրում կալանավորման կիրառման հիմքերի և պայմանների առկայությունը հիմնավորելու (ապացուցելու) պարտականությունը:
9 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 52-59:
10 Տե՛ս Gusinskiy v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53։
11 Տե՛ս K. F. v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1997 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 144/1996/765/962, կետ 57։
12 Տե՛ս Murray v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1994 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 61։
13 Տե՛ս Gusinskiy v. Russia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53։
14 Տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 19-23։
15 Տե՛ս Հարություն Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15:
16 Տե՛ս Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
17 Տե՛ս, mutatis mutandis, Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
18 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06։
19 Տե՛ս Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
20 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
21 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
22 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
23 Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը:
24 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 114-121:
25 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 108-113, 122-127:
26 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 42-45:
27 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի վերաբերյալ գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` Դատավորներ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական: