ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4362-Ա |
«11» նոյեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 24.09.2024 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԱՊՁԲ-24/40 ծածկագրով մետաղական ճաղավանդակների ձեռքբերման և տեղադրման ընթացակարգին հայտ ներկայացրած «Ռենեսանս Գրուպ» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Ընկերության տնօրեն Խաչատուր Թովմասյանը հանդիսանում է նաև «ՌԵՆԵՍԱՆՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերության («Գագարին Շին» ՍՊ ընկերությունը 15.05.2024 թվականին վերանվանվել է «ՌԵՆԵՍԱՆՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերություն) հարյուր տոկոս բաժնեմասի սեփականատեր և տնօրեն, որը 2024 թվականի օգոստոսի 9-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 9-ը ներառված է գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Այսպիսով, «Ռենեսանս Գրուպ» ՍՊ ընկերության և «ՌԵՆԵՍԱՆՍ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերության միջև առկա է փոխկապակցվածություն՝ համաձայն ՀՀ Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 119-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի:
«Գնումների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված ընթացակարգով գնում կատարելու դեպքերի, գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: ...:»
Համաձայն Կարգի 121-րդ կետի պահանջների՝ «Մասնակցի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման»:
Գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով վերը նշված իրավական նորմերը, Ընկերության կողմից ներկայացված գնման հայտը գնահատել է անբավարար և մերժել:
Կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը 06.11.2024 թվականին հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «Ռենեսանս Գրուպ» ՍՊ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |