ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 531-Ա |
«20» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՅՈՒՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԻՆԵՍՍԱ ԵՎ ԺԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Յուրա Սարգսյանի, Ինեսսա և Ժաննա Նազարյանների լ/ա Վանիկ Մեհրաբյանի դիմումը՝ Հ.Քոչարի փողոցի հ.7/3 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Յուրա Սարգսյանին, Ինեսսա և Ժաննա Նազարյաններին պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.06102023-01-0022 վկայական) գույքին կից, վերելակի տեղադրման նպատակով, կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին:
Հ.Քոչարի փողոցի հ.7/3 հասցեին կից, կառուցապատման իրավունքով, վերելակի տեղադրման համար հողամասի մակերեսը կազմում է 4.2քմ(2.1x2.0), որը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշանների համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման տարածքում:
Քննարկվող հողամասն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 3-րդ գոտում: Հողամասի ծածկագիրն է 01-003-0108-0001 /Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մայիսի 3-ի հ. 446-Ն որոշում, տող՝ 17916/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշման 46.2 կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշումներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.259-Ն որոշման հավելվածով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.09.2024թ. հ.Դ-120467 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Հ.Քոչարի փողոցի հ.7/3 հասցեին կից գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 4.2քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Հ.Քոչարի փողոցի հ.7/3 հասցեին կից գտնվող՝ 4.2քմ մակերեսով հողամասին տրամադրել «Հրաչյա Քոչարի փողոց, հ.7/4» հասցեն:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Յուրա Սարգսյանի, Ինեսսա և Ժաննա Նազարյանների հետ կնքել՝ 4.2քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը ժամկետով՝ կառուցապատման վճարը սահմանելով հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 2%-ի չափով (կիրառելով համապատասխան գործակից)` պայմանագրում ներառելով նաև կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«4.1.4 Կառուցապատված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում սեփականատերն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով կառուցապատման իրավունք ունեցող անձին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:».
«4.1.5 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված սեփականատերն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված (դադարած)՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից ստանալու պահից 3 ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի գ) ենթակետի համաձայն:».
«4.1.6 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 4.1.5-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին սեփականատիրոջ գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Սեփականատիրոջ գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է կառուցապատման իրավունք ունեցողի էլեկտրոնային հասցեին (փոստին)՝ առկայության դեպքում,
գ) Սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
«4.1.7 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 4.1.6-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից կառուցապատման իրավունք ունեցողը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Կառուցապատողն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:».
1) պայմանագրի 5-րդ կետը լրացնել նոր՝ 5.3 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.
«5.3 Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով հողամասի կառուցապատման վճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում սեփականատերը պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել կառուցապատողին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) կառուցապատման վճարի աճի դեպքում հաշվարկված կառուցապատման վճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Կառուցապատման վճարը չի փոփոխվում, եթե կառուցապատողը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սեփականատիրոջը ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման պայմանագրից.հրաժարվելու).մասին:»:
4. Ընդունել ի գիտություն, որ.
ա) սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում` համաձայն կից ներկայացվող նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանքի/.
բ) սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների` պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են Յուրա Սարգսյանի, Ինեսսա և Ժաննա Նազարյանների միջոցների հաշվին:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
